ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2014 թվականի հունիսի 21-ին
«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ` Օրենք) 44-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 44. |
Համայնքի ղեկավարի գործունեությունը գյուղատնտեսության բնագավառում |
1. Համայնքի ղեկավարը գյուղատնտեսության բնագավառում իրականացնում է հետևյալ պարտադիր լիազորությունները.
1) կատարում է համայնքային սեփականություն համարվող ոռոգման ցանցերի շահագործումը, դրանց շինարարությունը և վերանորոգումը.
2) համաքաղաքային կանոններին համապատասխան` տալիս է Երևան քաղաքի և քաղաքային համայնքների տարածքում ընտանի կենդանիներ պահելու թույլտվություն և կատարում է դրանց ամենամյա հաշվառում:
2. Համայնքի ղեկավարը սույն բնագավառում իրականացնում է հետևյալ կամավոր լիազորությունները`
1) աջակցում է գյուղատնտեսական աշխատանքների իրականացմանը.
2) աջակցում է տոհմային և սերմնաբուծական աշխատանքներին.
3) կազմակերպում է ագրարային կանոնների պահպանման աշխատանքները:»:
Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 44.1-ին հոդվածով.
«Հոդված 44.1. |
Համայնքի ղեկավարի գործունեությունը անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառներում |
1. Համայնքի ղեկավարը, անասնաբուժության բնագավառում որպես պարտադիր լիազորություն, կատարված անասնահակահամաճարակային միջոցառումների, հայտնաբերված վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների վերաբերյալ տեղեկատվություն է տրամադրում լիազոր մարմնին:
2. Համայնքի ղեկավարը անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառներում իրականացնում է պետության պատվիրակած հետևյալ լիազորությունները`
1) աջակցում է անասնահակահամաճարակային տարեկան միջոցառումների պետական ծրագրի իրականացման աշխատանքներին.
2) անասնահամաճարակային իրավիճակից ելնելով` ըստ վարակման ռիսկի, սահմանազատում է արոտավայրերը և ջրելատեղերը` անհրաժեշտության դեպքում սահմանափակելով կամ արգելելով դրանց օգտագործումը.
3) աջակցում է անասնաբուժական ծառայության աշխատանքներին, կենդանիների հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման, բուժման և վերացման միջոցառումներին, կենդանիների դիակների, խոտանման ենթակա կենդանական ծագման մթերքի և հումքի մեկուսացման, վնասազերծման և ոչնչացման, տարածքների ախտահանման, օրգանական ծագման կենդանական թափոնների տեղադրման, պահման և այդ տարածքներ կենդանիների մուտքի արգելման, անասնաբուժական հսկողությամբ կենդանիների կենտրոնացված սպանդի, կենդանական ծագման հումքի և մթերքի հավաքման, պահեստավորման աշխատանքներին.
4) աջակցում է համայնքի տարածքում գյուղատնտեսական մշակաբույսերի հիվանդությունների, վնասատուների և մոլախոտերի դեմ պայքարի աշխատանքներին.
5) աջակցում է գյուղատնտեսական կենդանիների համարակալման, հաշվառման և գրանցման, ինչպես նաև սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված` կենդանիների անձնագրերի, կենդանիների հաշվառման և անասնաբուժական միջոցառումների գրանցամատյանների վարման աշխատանքներին:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2014 թ. հուլիսի 22 Երևան ՀՕ-138-Ն |