ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2014 թվականի հունիսի 21-ին
«ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-62-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 20-րդ և 21-րդ կետերով.
«20) ինտերնատուրա` բարձրագույն մասնագիտական կրթության (մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի) հենքի վրա ինտերնի ծրագրով ընդհանուր պրակտիկ բժշկական գործունեություն իրականացնող մասնագետների պատրաստում.
21) օրդինատուրա` բարձրագույն մասնագիտական կրթության (մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի) հենքի վրա կլինիկական օրդինատորի ծրագրով բարձր որակավորմամբ մասնագետների պատրաստում:»:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Արգելվում է բարձրագույն ուսումնական հաստատությունների վճարովի համակարգում սովորող, ուսումնառող՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Վրաստանի Սամցխե-Ջավախք ու Քվեմո-Քարթլի նահանգներում գրանցված և բնակվող հայազգի, Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված և ապաստան ստացած ծագումով հայ քաղաքացիների, ինչպես նաև ծագումով հայ այն օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ, որոնց մշտական բնակության օտարերկրյա պետությունում ստեղծվել է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը սպառնացող արտակարգ իրավիճակ, կիրառել ուսման վարձավճարի ավելի բարձր չափ, քան սահմանված է տվյալ ուսումնական հաստատության համանման պայմաններում սովորող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ:»։
Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետից հանել «(կլինիկական օրդինատորի)» բառերը, և 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
«- կլինիկական օրդինատորի.»:
Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասում`
1) 3-րդ կետից հանել «, բժշկական մասնագիտությունների համար` մինչև 4 տարվա» բառերը.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ և 6-րդ կետերով.
«5) բժշկական մասնագիտությունների համար կրթության տևողություն սահմանել առնվազն 5 տարի` անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով, որի արդյունքում շնորհված կրթական աստիճանը հավասարեցվում է մագիստրոսի կրթական աստիճանին.
6) Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա այլ պետությունների ռազմաբժշկական բարձրագույն ուսումնական հաստատությունների կամ ստորաբաժանումների շրջանավարտների համար սահմանել մեկ տարի տևողությամբ հետբուհական ուսուցում՝ «ինտերնատուրա:»:
Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
«- օրդինատորի դիպլոմ:»:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2014 թ. հուլիսի 14 Երևան ՀՕ-82-Ն |