031.0127.31.08.98
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1998 թվականի օգոստոսի 5-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության և կազմակերպման կառուցվածքի մասին» ՆՀ-97 հրամանագիրը և հաշվի առնելով արդարադատության խորհրդի եզրակացությունը` որոշում եմ.
1. Հաստատել արդարադատության խորհրդի աշխատակազմի կանոնադրությունը (կցվում է):
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 1995 թվականի նոյեմբերի 21-ի «Արդարադատության խորհրդի աշխատակազմի մասին» ՆԿ-191 կարգադրությունը:
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
Հաստատված է Հայաստանի Հանրապետության Նախագահի 1998 թվականի օգոստոսի 31-ի ՆԿ-127 կարգադրությամբ |
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Արդարադատության խորհրդի աշխատակազմը ապահովում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով արդարադատության խորհրդի վերապահման լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը:
2. Արդարադատության խորհրդի աշխատակազմը իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, «Արդարադատության խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այլ օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով և կարգադրություններով, ինչպես նաև սույն կանոնադրությամբ:
3. Արդարադատության խորհրդի աշխատակազմի կանոնադրությունը արդարադատության խորհրդի եզրակացության հիման վրա հաստատում և փոփոխում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:
4. Արդարադատության խորհրդի աշխատակազմը մտնում է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կազմակերպման կառուցվածքի մեջ:
5. Արդարադատության խորհրդի աշխատակազմը աշխատանքներն իրականացնում է իր աշխատանքային ծրագրին համապատասխան, որն արդարադատության խորհրդի եզրակացության հիման վրա հաստատում և փոփոխում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:
6. Արդարադատության խորհրդի աշխատակազմը գլխավորում է արդարադատության խորհրդի աշխատակազմի ղեկավարը, որը պաշտոնի է նշանակվում և պաշտոնից ազատվում Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից:
7. Արդարադատության խորհրդի աշխատակազմի աշխատողները պաշտոնի են նշանակվում և պաշտոնից ազատվում Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի կողմից` արդարադատության խորհրդի աշխատակազմի ղեկավարի ներկայացմամբ:
8. Արդարադատության խորհրդի աշխատակազմի հաստիքացուցակը հաստատում և փոփոխում է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարը` արդարադատության խորհրդի աշխատակազմի ղեկավարի ներկայացմամբ:
9. Արդարադատության խորհրդի աշխատակազմն ունի իր անվանմամբ ձևաթուղթ:
10. Արդարադատության խորհրդի աշխատակազմի գտնվելու վայրն է` քաղաք Երևան, Մարշալ Բաղրամյան պողոտա, թիվ 26:
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ
11. Արդարադատության խորհրդի աշխատակազմը`
- աջակցում է արդարադատության խորհրդի աշխատանքների իրականացմանը.
- նախապատրաստում և կազմակերպում է արդարադատության խորհրդի նիստերը.
- արդարադատության խորհրդի նախագահի կամ արդարադատության խորհրդի հանձնարարությամբ կամ իր աշխատանքային ծրագրին համապատասխան տեղերում ուսումնասիրում է Հայաստանի Հանրապետության դատական և դատախազական մարմիններում աշխատանքի կազմակերպումը, ամփոփում է ուսումնասիրության արդյունքներն ու դրանց համապատասխանաբար ներկայացնում արդարադատության խորհրդի նախագահին կամ արդարադատության խորհրդին:
Ուսումնասիրություններին կարող է մասնակցել արդարադատության խորհրդի յուրաքանչյուր անդամ.
- արդարադատության խորհրդի նախագահի կամ արդարադատության խորհրդի հանձնարարությամբ համապատասխան տեղեկանք է նախապատրաստում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի և Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի կողմից դատավորների և դատախազների պաշտոնեական պիտանիության ամենամյա ցուցակներում ընդգրկելու համար առաջարկված թեկնածուների վերաբերյալ.
- արդարադատության խորհրդի նախագահի կամ արդարադատության խորհրդի հանձնարարությամբ համապատասխան տեղեկանք է նախապատրաստում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի և Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի կողմից դատավորների և դատախազների ծառայողական առաջխաղացման ամենամյա ցուցակներում ընդգրկելու համար առաջարկված թեկնածուների վերաբերյալ.
- արդարադատության խորհրդի նախագահի կամ արդարադատության խորհրդի հանձնարարությամբ համապատասխան տեղեկանք է նախապատրաստում արդարադատության խորհրդի անդամների կողմից առաջարկված վճռաբեկ դատարանի, նրա պալատների նախագահների և դատավորների, վերաքննիչ, առաջին ատյանի և այլ դատարանների նախագահների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի ներկայացրած մյուս դատավորների թեկնածությունների վերաբերյալ.
- արդարադատության խորհրդի նախագահի կամ արդարադատության խորհրդի հանձնարարությամբ համապատասխան տեղեկանք է նախապատրաստում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի կողմից ներկայացված գլխավոր դատախազի տեղակալների և դատախազության կառուցվածքային ստորաբաժանումները գլխավորող դատախազների թեկնածուների վերաբերյալ.
- արդարադատության խորհրդին է ներկայացնում օրենքով սահմանված կարգով մինչև խորհրդի նիստը բերված միջնորդությունները դատավորներին և դատախազներին որակավորման դասեր շնորհելու, դատավորի լիազորությունները դադարեցնելու և դատավորին կալանավորելու, դատական կարգով վարչական կամ քրեական պատասխանատվության համաձայնություն տալու, դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Նախագահի հարցումները ներման հարցերի վերաբերյալ.
- արդարադատության խորհրդի հանձնարարությամբ նախապատրաստում և խորհրդին է տրամադրում անհրաժեշտ նյութեր և տեղեկություն.
- արդարադատության խորհրդի լիազորությունների իրականացման համար արդարադատության խորհրդի նախագահի կամ արդարադատության խորհրդի հանձնարարությամբ կարող է պետական մարմիններից, այդ թվում` դատական, դատախազական և քննչական մարմիններից պահանջել և ստանալ անհրաժեշտ տեղեկություններ, նյութեր, վարչական, քրեական, քաղաքացիական, տնտեսական գործեր, տեղեկանքներ և այլ փաստաթղթեր.
- Հայաստանի Հանրապետության դատական և դատախազական մարմինների աշխատանքների վերաբերյալ քաղաքացիներից ստացված առաջարկություններում, դիմում-գանգատներում բարձրացված հարցերի վերաբերյալ եռամսյակը մեկ անգամ ամփոփ զեկուցագիր է ներկայացնում արդարադատության խորհրդին.
- նախապատրաստում է արդարադատության խորհրդի որոշումների և եզրակացությունների նախագծերը.
- արդարադատության խորհրդի իրավասության հարցերով նախապատրաստում է Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի և կարգադրությունների նախագծերը.
- ապահովում է արդարադատության խորհրդի նիստերի արձանագրությունների վարումը, կատարում է կազմակերպական աշխատանքներ:
Արդարադատության խորհրդի նիստի արձանագրությունը ստորագրում են նիստը նախագահողը և արդարադատության խորհրդի աշխատակազմի ղեկավարը.
- կատարում է արդարադատության խորհրդի նախագահի կամ արդարադատության խորհրդի առանձին հանձնարարությունները:
12. Արդարադատության խորհրդին հասցեագրված նյութերը խորհրդին են ներկայացնում արդարադատության խորհրդի աշխատակազմի միջոցով:
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԸ
13. Արդարադատության խորհրդի աշխատակազմի ղեկավարը անմիջականորեն ենթարկվում է Հայաստանի Հանրապետության Նախագահին:
14. Արդարադատության խորհրդի աշխատակազմի ղեկավարը`
- իրականացնում է արդարադատության խորհրդի աշխատակազմի ղեկավարումը.
- մասնակցում է արդարադատության խորհրդի նիստերին` խորհրդակցական ձայնի իրավունքով.
- իր իրավասության շրջանակներում ստորագրում է ծառայողական փաստաթղթերը.
- սահմանում է արդարադատության խորհրդի աշխատակազմի յուրաքանչյուր աշխատողի ծառայողական պարտականությունները.
- կազմակերպում է քաղաքացիների ընդունելություն.
- իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
15. Արդարադատության խորհրդի աշխատակազմի ղեկավարը պատասխանատու է ստացած հանձնարարությունների պատշաճ և ժամանակին կատարելու համար: