Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-157-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (25.06.2011-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.06.15/35(838) Հոդ.823
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
11.05.2011
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
05.06.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.06.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2011 թվականի մայիսի 11-ին

 

«ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-46-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում փոստային կապի բնագավառում գործունեության իրականացման իրավական հիմքերը, փոստային կապի գործունեության կարգավորմանն ուղղված պետական կառավարման մարմինների լիազորությունները, ինչպես նաև փոստային կապի գործունեությանը մասնակցող կամ փոստային կապի և սուրհանդակային կապի ծառայություններից օգտվող ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքներն ու պարտականությունները:

Պետական սուրհանդակային կապի բնագավառի հարաբերությունները սույն օրենքով չեն կարգավորվում:»:

 

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 3.  Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝

փոստային կապ` փոստային առաքանու ընդունումը, մշակումը, փոխադրումը և հանձնումն ապահովող կապի տեսակ, որը տեխնիկական և տրանսպորտային միջոցների միասնական արտադրատեխնոլոգիական համալիր է.

փոստային առաքանի` հասցեագրված նամակագրական թղթակցություն, փոստային ծանրոցներ ու փոստային բեռնարկղեր, համապատասխան փաթեթավորումով տպագիր հրատարակություններ.

փոստային առաքում` փոստային առաքանու ընդունում, մշակում, փոխադրում և հանձնում հասցեատիրոջը.

միջազգային փոստային կապ` տարբեր պետությունների իրավասության ներքո գտնվող փոստային կապի օպերատորների միջև փոստային առաքանու փոխանակում.

նամակագրական թղթակցություն` հասարակ և գրանցվող նամակներ, փոստային բացիկներ, սեկոգրամներ, փաթեթներ և փոքր փաթեթներ.

գնահատված փոստային առաքանի` փոստային առաքանի, որն ընդունվում է ուղարկողի կողմից ներդրվածքի արժեքի գնահատմամբ, ուղարկողին անդորրագրի հանձնումով, և հասցեատիրոջը հանձնվում է ստորագրությամբ: Գնահատված արժեքի գումարի առավելագույն չափը սահմանում է փոստային կապի օպերատորը.

սեկոգրամ` բացառապես կույրերի համար նախատեսված փոստային առաքանի, որը հանձնվում է բաց տեսքով, սեկոգրաֆիայի եղանակով գրված նամակագրական հաղորդակցություններով և հրատարակություններով, սեկոգրաֆիայի նշաններով` կլիշեներով, ձայնագրություններով, տիֆլոտեխնիկական միջոցներով.

դրամական միջոցների փոստային փոխադրություններ` «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն դրամական (փողային) փոխանցումներ.

փոստային կապի ծառայություններ` գործողություն կամ գործունեություն փոստային առաքանու ընդունման, մշակման, փոխադրման և հանձնման գծով.

փոստային կապի ունիվերսալ ծառայություններ` Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում փոստային կապի ծառայություններ` նամակագրական թղթակցության, մինչև 20 կիլոգրամ քաշով ծանրոցների և գյուղական բնակավայրերում պաշտոնական պարբերականների առաքման գծով, ինչպես նաև «Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված փաստաթղթերի հատուկ առաքում.

սուրհանդակային կապի ծառայություն` փոստային կապի գործունեության տեսակ, որի դեպքում փոստային առաքանին առաքման ամբողջ ժամանակահատվածում` ուղարկողից մինչև հասցեատեր, ուղեկցվում է միևնույն իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից.

հատուկ կապի ծառայություն` սուրհանդակային կապի ծառայության տեսակ, որի դեպքում իրականացվում է հատուկ առաքանիների ընդունումը, մշակումը, փոխադրումը և հանձնումը.

հատուկ առաքանի` փոստային առաքանի, որը պարունակում է միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով պահպանվող գաղտնի տեղեկություններ և առարկաներ, թանկարժեք մետաղներ և թանկարժեք քարեր, ինչպես նաև դրանցից պատրաստված զարդեր, որոնք ուղարկվում կամ ստացվում են իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կողմից.

փոստային կապի ծառայություններից օգտվող` ֆիզիկական կամ իրավաբանական անձինք, տեղական ինքնակառավարման կամ պետական կառավարման մարմիններ, որոնք օգտվում են փոստային կապի ծառայություններից կամ փոստային կապի օպերատորի կողմից մատուցվող դրամական փոստային փոխադրությունների ծառայություններից.

սուրհանդակային կապի ծառայություններից օգտվող` ֆիզիկական կամ իրավաբանական անձինք, տեղական ինքնակառավարման կամ պետական կառավարման մարմիններ, որոնք օգտվում են սուրհանդակային կապի ծառայություններից.

փոստային կապի ծառայությունների մատուցման ժամկետ` փոստային կապի որոշակի ծառայությունների մատուցման ժամկետներից և նորմատիվներից բաղկացած ամբողջություն՝ փոստային կապի օպերատորի սահմանած առանձին տեխնոլոգիական գործողությունների կատարման համար.

սուրհանդակային կապի ծառայությունների մատուցման ժամկետ` սուրհանդակային կապի որոշակի ծառայությունների մատուցման ժամկետներից և նորմատիվներից բաղկացած ամբողջություն՝ սուրհանդակային կապի օպերատորի սահմանած առանձին տեխնոլոգիական գործողությունների կատարման համար.

հսկիչ ժամկետներ` փոստային առաքանու և դրամական միջոցների փոստային փոխադրությունների` փոստային կապի ընդունման վայրից մինչև փոստային կապի օբյեկտի հանձնման վայրն առաքման, ինչպես նաև փոստային կապի օբյեկտներում դրանց վերամշակման առանձին գործառնությունների համար սահմանված ժամանակ.

փոստային կապի ծառայությունների մատուցման սակագին` փոստային կապի ծառայությունների մատուցման վճարման համար սահմանված չափ.

սուրհանդակային կապի ծառայությունների մատուցման սակագին` սուրհանդակային կապի ծառայությունների մատուցման վճարման համար սահմանված չափ.

փոստային կապի օպերատոր` փոստային կապի ծառայություններ մատուցելու իրավունք ունեցող իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որն իր գործունեությունն իրականացնում է փոստային կապի գործունեության լիցենզիայի համաձայն` պահպանելով սույն օրենքով սահմանված փոստային կապի օպերատորի կանոնակարգով սահմանված պայմանները և պահանջները.

սուրհանդակային կապի օպերատոր` սուրհանդակային կապի ծառայություններ մատուցելու իրավունք ունեցող իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որն իր գործունեությունն իրականացնում է փոստային կապի գործունեության լիցենզիայի համաձայն` պահպանելով սույն օրենքով սահմանված սուրհանդակային կապի օպերատորի կանոնակարգով սահմանված պայմանները և պահանջները.

կանոնակարգ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած փոստային կապի գործունեության լիցենզիայի շրջանակներում փոստային կապի օպերատորի կամ սուրհանդակային կապի օպերատորի գործունեություն իրականացնող անձանց` տվյալ գործունեությանը վերաբերող տարածքային, տրանսպորտային միջոցների, տեխնիկական և տեխնոլոգիական նվազագույն չափանիշներ, ինչպես նաև սույն օրենքից և այլ իրավական ակտերից բխող պարտադիր պայմաններ և պահանջներ սահմանող իրավական ակտ.

փոստային կապի ազգային օպերատոր` փոստային կապի օպերատոր, որը մատուցում է փոստային կապի ունիվերսալ ծառայություններ և կրում է Հայաստանի Հանրապետության փոստի խորհրդանիշը.

փոստային կապի օբյեկտներ` փոստային կապի օպերատորի առանձնացված ստորաբաժանումներ` փոստի տեսակավորման և փոխադրման կենտրոն, օդանավակայաններին կամ երկաթուղային կայարաններին կից փոստի փոխադրման բաժանմունքներ, փոստափոխանակման կետեր, փոստային բաժանմունքներ, փոստային շարժական կետեր և այլն.

փոստային կապի երթուղի` փոստային կապի օբյեկտների միջև փոստային տրանսպորտի երթուղի.

փոստային կապի ցանց` փոստային կապի օբյեկտների և փոստային երթուղիների ամբողջություն.

փոստային կապի միջոցներ` փոստային կապի ծառայություններ մատուցելու համար օգտագործվող շենքեր, շինություններ, ոչ բնակելի տարածքներ, սարքավորումներ և փոստային տրանսպորտ, փոստային ծրարներ, բացիկներ և փոստային տարա.

սուրհանդակային կապի միջոցներ` սուրհանդակային կապի ծառայություններ մատուցելու համար օգտագործվող շենքեր, շինություններ, ոչ բնակելի տարածքներ, սարքավորումներ և տրանսպորտ.

փոստային վճարման պետական նշաններ (նիշեր)` փոստային նամականիշեր, ֆրանկոմեքենաների և նիշավորող մեքենաների դրոշմներ կամ այլ նիշեր, որոնք գործողության մեջ են դրվում փոստային կապի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի կողմից և հաստատում են փոստային կապի ծառայությունների մատուցման վճարումը.

ֆրանկոմեքենա և նիշավորող մեքենա` նամակագրական թղթակցության վրա փոստային կապի ծառայությունների մատուցման վճարումը, տվյալ թղթակցության ընդունման ամսաթվերը և այլ տեղեկատվություն հաստատող փոստային վճարման պետական նշաններ դրոշմելու համար նախատեսված մեքենաներ.

փոստային դասիչ` փոստային կապի օբյեկտին տրվող փոստային հասցեի պայմանական թվային նիշավորում, որը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում և պարտադիր է փոստային կապի օպերատորների համար.

անվանական իր` սարք (դրոշմ), որը նախատեսված է փաստաթղթերի և փոստային առաքանիների դրոշմվածքների համար` նշելով փոստային կապի օբյեկտի անվանումը, փոստային առաքանու ընդունման և հանձնման ամսաթիվը և այլ տեղեկատվություն.

փոստարկղ` հասարակ նամակների և փոստային բացիկների հավաքման համար նախատեսված հատուկ փակվող արկղ.

հասցեատեր (ստացող)` փոստային կապի կամ սուրհանդակային կապի ծառայություններից օգտվող, որին հասցեագրված են փոստային առաքանի, դրամական միջոցների փոստային փոխադրություններ, հեռագրային կամ այլ հաղորդագրություններ.

փոստային բաժանորդային արկղ` հասցեատերերի կողմից փոստային առաքանի ստանալու համար նախատեսված հատուկ փակվող արկղ.

փոստային բաժանորդային պահարան` հասցեատերերի կողմից փոստային առաքանի ստանալու համար բնակելի շենքերում, ինչպես նաև հանձնման տեղամասերում տեղադրվող փակվող խցիկներով հատուկ պահարան.

փոստային անվանական պահարան` հասցեատերերի կողմից փոստային առաքանի ստանալու համար որոշակի ժամկետով տրամադրվող` փոստային կապի օբյեկտներում տեղադրվող փակվող խցիկներով հատուկ պահարան.

հենակետային փոստարկղ` փոստային առաքանին ժամանակավորապես պահելու կամ հասցեատերերի կողմից փոստային առաքանի ստանալու համար հանձնման կետերում նախատեսվող հատուկ փակվող պահարան:

Սույն օրենքով սահմանված դրամական փոստային փոխադրություններին վերաբերող դրույթները չեն տարածվում սուրհանդակային կապի օպերատորի վրա:»:

 

Հոդված 3. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին հոդվածով.

 

«Հոդված 3.1.  Փոստային կապի գործունեության տեսակները

 

Փոստային կապի գործունեության տեսակներն են փոստային կապի, պետական սուրհանդակային կապի և սուրհանդակային կապի ծառայությունները:»:

 

Հոդված 4. Օրենքի 4-րդ հոդվածում`

 

1) «ա» կետի «փոստային կապի» բառերը փոխարինել «փոստային կապի կամ սուրհանդակային կապի» բառերով.

2) «բ» կետից հանել «ֆիզիկական և իրավաբանական անձանց համար» բառերը.

3) «դ» կետի «փոստային կապի» բառերը փոխարինել «փոստային կապի կամ սուրհանդակային կապի» բառերով:

 

Հոդված 5. Օրենքի 5-րդ հոդվածում`

 

1) վերնագրի «Փոստային կապի» բառերը փոխարինել «Փոստային կապի կամ սուրհանդակային կապի» բառերով.

2) 1-ին, 2-րդ և 4-րդ մասերի «փոստային կապի» բառերը փոխարինել «փոստային կապի կամ սուրհանդակային կապի» բառերով:

 

Հոդված 6. Օրենքի 6-րդ հոդվածում`

 

1) վերնագրի և 1-ին մասի «Փոստային կապի օպերատոր» բառերն իրենց հոլովաձևերով փոխարինել «Փոստային կապի և (կամ) սուրհանդակային կապի օպերատոր» բառերով` համապատասխան հոլովաձևերով.

2) «ա», «գ», «դ», «ե» և «է» կետերում «փոստային կապի» բառերը փոխարինել «փոստային կապի կամ սուրհանդակային կապի» բառերով:

 

Հոդված 7. Օրենքի 6.1-ին հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 8. Օրենքի 7-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Փոստային կապի և (կամ) սուրհանդակային կապի օպերատորների միջև փոստային առաքանիների և դրամական միջոցների ընդունումը և հանձնումն իրականացվում են պայմանագրային հիմունքներով` ապահովելով հանձնվող և ընդունվող փոստային առաքանիների և դրամական միջոցների ճշգրիտ հաշիվը:».

2) 2-րդ և 5-րդ մասերի «Փոստային կապի» բառերը փոխարինել «Փոստային կապի և (կամ) սուրհանդակային կապի» բառերով:

 

Հոդված 9. Օրենքի 10-րդ հոդվածում`

 

1) «բ» կետի «փոստային կապի ծառայությունների» բառերը փոխարինել «փոստային կապի գործունեության» բառերով.

2) «ժ» կետի «փոստային կապի» բառերը փոխարինել «փոստային կապի և (կամ) սուրհանդակային կապի» բառերով.

3) «ը» կետը «իրականացնում է գործող լիցենզիաների պահանջների» բառերից հետո լրացնել «և փոստային կապի ծառայությունների մատուցման կանոնների կիրառման» բառերով.

4) հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժբ» և «ժգ» կետերով.

«ժբ) հաստատում է փոստային կապի օպերատորների փոստային կապի երթուղիները և չվացուցակները.

ժգ) մշակում և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում փոստային կապի օպերատորի գործունեության և սուրհանդակային կապի օպերատորի գործունեության կանոնակարգերը:»:

 

Հոդված 10. Օրենքի 11-րդ հոդվածում`

 

1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Փոստային կապի բնագավառում գործունեությունը և դրա լիցենզավորումը».

2) 1-ին մասի «փոստային կապի ծառայությունները ենթակա են» բառերը փոխարինել «փոստային կապի գործունեությունը ենթակա է» բառերով.

3) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Փոստային կապի գործունեության լիցենզիայի շրջանակներում լիցենզավորվում է ինչպես փոստային կապի ծառայությունների գործունեությունը, այնպես էլ սուրհանդակային կապի ծառայությունների գործունեությունը: Փոստային կապի գործունեության լիցենզիա ունեցող անձը կարող է այդ լիցենզիայի շրջանակներում զբաղվել փոստային կապի ծառայությունների և սուրհանդակային կապի ծառայությունների գործունեություններից որևէ մեկով կամ միաժամանակ երկուսով: Ընդ որում, լիցենզավորվող անձը լիցենզիա ստանալու հայտ ներկայացնելիս պարտավոր է լիազոր մարմնին հայտնել իր զբաղվելիք գործունեության (գործունեությունների) մասին` լիազոր մարմնի համաձայնեցմանը ներկայացնելով իր կողմից տվյալ գործունեության (գործունեությունների) իրականացման կանոնները:

Լիազոր մարմինը համաձայնություն չի տալիս սույն մասի առաջին պարբերությամբ սահմանված կանոններին կամ այդ կանոնների փոփոխություններին, եթե դրանք հակասում են Հայաստանի Հանրապետության օրենքներին կամ այլ իրավական ակտերին:».

4) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետությունում փոստային կապի գործունեության լիցենզիան տալիս է լիազորված մարմինը` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:».

5) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Փոստային կապի օպերատորները կարող են իրականացնել նաև դրամական միջոցների փոստային փոխադրություններ` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տրամադրած դրամական (փողային) փոխանցումների լիցենզիայի հիման վրա «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և դրա հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի համաձայն: Եթե «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և դրա հիման վրա ընդունված իրավական այլ ակտերով այլ բան նախատեսված չէ, ապա դրամական միջոցների փոստային փոխադրություններն իրականացվում են սույն օրենքով և դրա հիման վրա ընդունված իրավական այլ ակտերով:».

6) 4-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասեր.

«Փոստային կապի ազգային օպերատորը Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված կարգով և պայմաններով կարող է իրականացնել դրամական միջոցների փոստային փոխադրություններ առանց դրամական (փողային) փոխանցումների լիցենզիայի առկայության:

Փոստային կապի ազգային օպերատորը, որպես վճարահաշվարկային կազմակերպություն, կարող է իրականացնել առևտրային և ցանկացած այլ գործունեություն, որի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Փոստային կապի գործունեության համար տրամադրված լիցենզիայի գործունեությունը կասեցվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և կարգով, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված` Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած փոստային կապի օպերատորի գործունեության և սուրհանդակային կապի օպերատորի գործունեության կանոնակարգերով սահմանված պայմանների և պահանջների խախտման դեպքում:

Փոստային կապի գործունեության համար տրամադրված լիցենզիայի գործունեությունը դադարեցվում է, եթե լիցենզավորված անձը մեկ տարվա ընթացքում երկու անգամ խախտում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած փոստային կապի օպերատորի գործունեության և սուրհանդակային կապի օպերատորի գործունեության կանոնակարգերով սահմանված պայմանները և պահանջները:»:

 

Հոդված 11. Օրենքի 15-րդ հոդվածի վերնագրի և 1-ին մասի «Փոստային կապի» բառերը փոխարինել «Փոստային կապի և (կամ) սուրհանդակային կապի» բառերով:

 

Հոդված 12. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի «Փոստային կապի» բառերը փոխարինել «Փոստային կապի և (կամ) սուրհանդակային կապի» բառերով:

 

Հոդված 13. Օրենքի 18-րդ հոդվածում`

 

1) վերնագրի «Փոստային կապի» բառերը փոխարինել «Փոստային կապի կամ սուրհանդակային կապի» բառերով.

2) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Փոստային կապի կամ սուրհանդակային կապի ծառայությունների սակագները, բացառությամբ փոստային կապի ունիվերսալ ծառայությունների, սահմանում է փոստային կապի և (կամ) սուրհանդակային կապի օպերատորը:»:

 

Հոդված 14. Օրենքի 18.2-րդ հոդվածի 5-րդ մասի «45-օրյա ժամկետում» բառերը փոխարինել «90-օրյա ժամկետում» բառերով:

 

Հոդված 15. Օրենքի 19-րդ հոդվածի վերնագրի, 1-ին, 2-րդ և 4-րդ մասերի «Փոստային կապի» բառերը փոխարինել «Փոստային կապի կամ սուրհանդակային կապի» բառերով, իսկ 2-րդ մասի «փոստային կապի ծառայություններից» բառերը` «փոստային կապի կամ սուրհանդակային կապի ծառայություններից» բառերով:

 

Հոդված 16. Օրենքի 20-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 20. Փոստային կապի կամ սուրհանդակային կապի ծառայություններից օգտվողի պատասխանատվությունը և գործողությունների սահմանափակումը

 

Փոստային կապի կամ սուրհանդակային կապի ծառայություններից օգտվողն օրենքով սահմանված դեպքերում պատասխանատվություն է կրում այն վնասի համար, որը հասցվել է փոստային առաքանու մշակմամբ զբաղվող աշխատողներին կամ փոստային ուրիշ առաքանու, եթե այդ վնասն առաջացել է օգտվողի կողմից արգելված առարկաների ներդրման կամ առաքվող ներդրվածքի թերի փաթեթավորման հետևանքով:

Հայաստանի Հանրապետության տարածքում փոստային առաքանիներով առաքման համար արգելված առարկաներն են՝

ա) հրազեն, գազային զենք, նետողական զենք, ազդանշանային զենք, օդաճնշիչ զենք, ռազմամթերք, սառը զենք, էլեկտրաշոկային սարքեր և կայծահաններ, ինչպես նաև զենքի և հրազենի հիմնական մասեր.

բ) թմրամիջոցներ կամ հոգեներգործուն, ռադիոակտիվ, պայթուցիկ, թունավոր, դյուրավառ և այլ վտանգավոր նյութեր.

գ) թունավոր կենդանիներ և բույսեր.

դ) Հայաստանի Հանրապետության դրամական նիշեր և տարադրամ (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և դրա մասնաճյուղերի կողմից ուղարկվողների).

ե) շուտ փչացող սննդամթերք.

զ) առարկաներ, որոնք իրենց բնույթով կամ փաթեթավորմամբ կարող են վնաս հասցնել փոստային կապի կամ սուրհանդակային կապի օպերատորի աշխատողներին, աղտոտել փոստային կապի մյուս առաքանիներն ու սարքավորումները:

Փոստային կապի կամ սուրհանդակային կապի օպերատորն իրավունք ունի փոստային առաքանին, որի ներդրվածքը արգելված է առաքման Հայաստանի Հանրապետության տարածքում, չառաքելու և այն պահելու հայտնաբերման վայրում:

Այդպիսի փոստային առաքանիների ժամանակավոր պահումն իրականացվում է փոստային կապի օբյեկտում կամ սուրհանդակային կապի ծառայություններ մատուցելու համար օգտագործվող շենքերում` ապահովելով դրանց հաշվառումը և պահպանվածությունը: Արգելվում է կողմնակի անձանց մուտքն այդպիսի առաքանիների պահոց:

Փոստային առաքանիներում սույն հոդվածի «ա» և «բ» կետերում նշված առարկաները և նյութերը հայտնաբերելու և այդ փոստային առաքանին չառաքելու փաստի մասին փոստային կապի կամ սուրհանդակային կապի օպերատորն անհապաղ հաղորդում է ոստիկանության կամ ազգային անվտանգության ծառայության մարմիններին: Հիշյալ մարմինների աշխատակիցները փոստային կապի օբյեկտի ղեկավարի կամ նրա տեղակալի կամ սուրհանդակային կապի օպերատորի ղեկավարի ներկայությամբ առգրավում են արգելված առարկան կամ նյութը և այդ մասին կազմված ակտի մեկ օրինակն ուղարկում են առաքանին ուղարկողին:

Փոստային առաքանու մեջ հայտնաբերված թունավոր կենդանիները և բույսերը ակտով հանձնվում են համապատասխան անասնաբուժական կամ ֆիտոսանիտարական վերահսկողության մարմիններին:

Փոստային առաքանու մեջ հայտնաբերված Հայաստանի Հանրապետության դրամական նիշերը վերադարձվում են ուղարկողին կամ փոստային փոխադրությամբ առաքվում են հասցեատիրոջը, ընդ որում, հայտնաբերված գումարից պահվում է առաքման համար վճարին համարժեք գումար: Փոստային առաքանուց առգրավված տարադրամն առաքվում է ուղարկողին կամ հասցեատիրոջը` գնահատված նամակով: Առաքման համար գանձվում է սահմանված սակագնով հաշվարկված գումար:

Շուտ փչացող սննդամթերքը, ինչպես նաև այն առարկաները, որոնք իրենց բնույթով կամ փաթեթավորմամբ կարող են վնաս հասցնել փոստային կապի կամ սուրհանդակային կապի օպերատորի աշխատողների կամ երրորդ անձանց կյանքին և առողջությանը, աղտոտել կամ վնասել փոստային մյուս առաքանիները կամ սարքավորումները, առգրավում է փոստային կապի կամ սուրհանդակային կապի օպերատորը և ոչնչացնում է սույն օրենքով սահմանված կարգով, եթե այդ վտանգը չի կարելի չեզոքացնել այլ եղանակով:

Այս կապակցությամբ կազմվում է ակտ, և մեկ օրինակն առաքվում է ուղարկողին:

Առաքման համար արգելված առարկաների և նյութերի առգրավման կամ ոչնչացման մասին փոստային կապի կամ սուրհանդակային կապի օպերատորը 10-օրյա ժամկետում գրավոր հաղորդում է ուղարկողին կամ հասցեատիրոջը, բացառությամբ այն դեպքերի, երբ նշված առարկաների և նյութերի առգրավման փաստի առթիվ ոստիկանության կամ ազգային անվտանգության ծառայության մարմինը որոշում է ընդունում օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին:

Միջազգային փոստային առաքանու արգելվող առարկաների և նյութերի ցանկը, դրանց հանման ու ոչնչացման կարգը և Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային հսկողությունը և ձևակերպումն իրականացվում են օրենքով սահմանված կարգով:

Փոստային կապի կամ սուրհանդակային կապի օպերատորը սույն օրենքով սահմանված կարգով իրավունք ունի զննելու փոստային առաքանին և հանելու արգելված ներդրվածքը, ինչպես նաև ոչնչացնելու կամ թույլատրելու ոչնչացնել փոստային առաքանին, որի ներդրվածքի պարունակությունը վտանգ է սպառնում փոստային կապի կամ սուրհանդակային կապի օպերատորի աշխատողների կամ երրորդ անձանց առողջությանն ու կյանքին, և եթե այդ վտանգը հնարավոր չէ չեզոքացնել այլ եղանակով:»:

 

Հոդված 17. Օրենքի 22-րդ հոդվածում`

 

1) վերնագրից հանել «փոստային կապի բնագավառում» բառերը.

2) 3-րդ մասի «Փոստային կապի» բառերը փոխարինել «Փոստային կապի կամ սուրհանդակային կապի» բառերով:

 

Հոդված 18. Օրենքի 23-րդ հոդվածում`

 

1) վերնագրի և 1-ին մասի «Փոստային կապի» բառերը փոխարինել «Փոստային կապի կամ սուրհանդակային կապի» բառերով.

2) 1-ին մասի «փոստային կապի ծառայությունների» բառերը փոխարինել «փոստային կապի և դրամական փոստային փոխադրությունների ծառայությունների» բառերով:

 

Հոդված 19. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2011 թ. հունիսի 5

Երևան

ՀՕ-157-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան