ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2011 թվականի մայիսի 26-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2007 թվականի նոյեմբերի 28-ի վարչական դատավարության օրենսգրքի 146-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Ընտրողների և հանրաքվեի մասնակիցների ցուցակներում տեղ գտած` դիմողի անձին չվերաբերող անճշտությունները վերացնելու, ցուցակներում լրացումներ կատարելու վերաբերյալ վեճերով հայցադիմումները կարող են ներկայացվել քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 8 օր առաջ: Այդ հայցադիմումները քննվում և լուծվում են ստանալուց հետո` եռօրյա ժամկետում:
Ընտրողների և հանրաքվեի մասնակիցների ցուցակներում տեղ գտած` դիմողի անձին վերաբերող անճշտությունները վերացնելու, դիմողին ցուցակում ընդգրկելու վերաբերյալ վեճերով հայցադիմումները կարող են ներկայացվել ցանկացած ժամանակ: Այդ հայցադիմումները քննվում և լուծվում են այնպիսի ժամկետներում, որ ընտրողը հնարավորություն ունենա մասնակցելու քվեարկությանը, բայց ոչ ուշ, քան հայցադիմումը ստանալուց հետո` եռօրյա ժամկետում:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2011 թ. հունիսի 14 |