ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 մայիսի 2025 թվականի N 602-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի N 2106-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի «Քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման ու որակավորման կարգը հաստատելու մասին» N 2106-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6.1-ին և 6․2-րդ կետերով.
«6.1. Հայաստանի Հանրապետության կողմից հիմնադրված իրավաբանական անձինք, որոնք Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի N 2093-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հոկտեմբերի 3-ի N 1581-Ն որոշումներով վերապահված պատվիրատվության հիման վրա իրականացնում են շինարարական աշխատանքներ, կարող են ներկայացնել քաղաքաշինության բնագավառում շինարարության որակի տեխնիկական հսկողության գործունեության տեսակի 1-ին դասի լիցենզիա կամ լիցենզիային կից համապատասխան ներդիր ստանալու հայտ` չկիրառելով սույն կարգի 10-րդ կետը։
6․2․ Սույն կարգի 6․1-ին կետով ներկայացված հայտը լիցենզավորող մարմնի կողմից ենթակա է բավարարման, եթե՝
1) հայտատուն ունի քաղաքաշինության բնագավառում շինարարության որակի տեխնիկական հսկողության գործունեության տեսակի 2-րդ դասի լիցենզիա.
2) առկա է տվյալ իրավաբանական անձի կառավարման մարմնի համաձայնությունը.
3) բավարարում է շինարարության որակի տեխնիկական հսկողության գործունեության տեսակի լիցենզիայի կամ համապատասխան ներդիրի տրման համար հայտատուի կազմում ներգրավված ինժեներատեխնիկական անձնակազմին, լաբորատորիային, սարքավորումներին կարգով սահմանված պահանջներին։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
Երևան |
15.05.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 մայիսի 2025 թվական:
