ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/35626/02/22 |
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/35626/02/22 2025 թ. | ||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող և զեկուցող |
Գ. Հակոբյան | |
Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ | ||
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ Ս․ ՄԵՂՐՅԱՆ Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ Է. Սեդրակյան Վ. Քոչարյան |
2025 թվականի փետրվարի 28-ին
գրավոր ընթացակարգով քննելով ըստ Աշոտ Մարտիրոսյանի և Սինարա Խեչոյանի (այսուհետ՝ Համահայցվորներ) հայցի ընդդեմ Սյուզաննա Մկրտչյանի՝ գրավը դադարած ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.05.2024 թվականի որոշման դեմ Սյուզաննա Մկրտչյանի բերած վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Համահայցվորները պահանջել են դադարած ճանաչել Երևանի Հալաբյան փողոցի 43-րդ շենքի թիվ 15 հասցեում գտնվող բնակարանի նկատմամբ Սյուզաննա Մկրտչյանի գրավի իրավունքը:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ` Դատարան) 25.07.2023 թվականի վճռով հայցը բավարարվել է։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 20.05.2024 թվականի որոշմամբ Սյուզաննա Մկրտչյանի բերած վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 25.07.2023 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սյուզաննա Մկրտչյանը։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 170-րդ, 226-րդ, 227-րդ, 233-րդ, 247-րդ և 368-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ, 157-րդ ու 192-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանը, 22.03.2023 թվականի դատական նիստում քննարկելով գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ իր միջնորդությունը, հեռացել է խորհրդակցական սենյակ և վերադառնալով դատական նիստի՝ նույն օրը բանավոր հայտարարել է, որ մերժում է գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը: Գործի նյութերում բացակայում է գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին դատական ակտը։ Պարզ չէ նաև, թե ինչ պատճառով է դատարանը մերժել գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը: Առկա չէ նաև արձանագրային որոշում:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ գործով առկա են եղել կասեցման հիմքեր, մինչդեռ դատարանները մերժել են կասեցնել գործի վարույթը՝ որևէ ձևով չպատճառաբանելով այն։
Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ գրավի իրավունքը չի կարող դադարել, քանի որ գրավով ապահովված են ոչ միայն 15.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը՝ որպես փոխառություն, այլև այդ գումարի նկատմամբ հաշվարկվող՝ փոխառության գումարի երկու տոկոսի և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսների բռնագանձման ենթակա գումարները. այդ պահանջները քննվում են թիվ ԵԱՆԴ/2965/02/16 քաղաքացիական գործի շրջանակներում։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 20.05.2024 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության, կամ կայացնել նոր դատական ակտ՝ հայցը մերժել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) սույն քաղաքացիական գործով պատասխանող Սյուզաննա Մկրտչյանը ներկայացրել գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ միջնորդություն՝ խնդրելով թիվ ԵԴ/35626/02/22 քաղաքացիական գործի վարույթը կասեցնել:
Դատարանը 11.07.2023 թվականի դատական նիստում կայացված արձանագրային որոշմամբ Սյուզաննա Մկրտչյանի միջնորդությունը մերժել է (հատոր 1-ին, գ.թ. 63, 64, 67-69).
2) թիվ ԵԱԴԴ/3129/02/14 քաղաքացիական գործով Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 04.03.2016 թվականին կայացված վճռով բավարարվել է Էդիկ Ասլանյանի ու Աշոտ Մարտիրոսյանի հայցն ընդդեմ Հենրիկ Օհանյանի, երրորդ անձ Սինարա Խեչոյանի, և վճռվել է՝ «որպես 22.01.2010 թվականին Աշոտ Մարտիրոսյանի, Սիանարա Խեչոյանի և Հենրիկ Օհանյանի միջև կնքված անշարժ գույքի շինծու առուվաճառքի պայմանագրի հետևանք նշված պայմանագիրը դիտել որպես Էդիկ Ասլանյանի, որպես փոխառուի և Հենրիկ Օհանյանի, որպես փոխատուի միջև կնքված 15,000 ԱՄՆ դոլար գումարի փոխառության պայմանագիր և Աշոտ Մարտիրոսյանի, Սինարա Խեչոյանի, որպես գրավատուների և Հենրիկ Օհանյանի, որպես գրավառուի միջև կնքված ք. Երևան, Հալաբյան փողոցի 43-րդ շենքի 15-րդ բնակարանի գրավի պայմանագիր:
Անվավեր ճանաչել ք. Երևան, Հալաբյան փողոցի 43 շենքի 15-րդ բնակարանի նկատմամբ Հենրիկ Օհանյանի գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական 01-001-4-54 մատյանի 000171 համարի տակ գրանցված սեփականության իրավունքը (սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ 267929, տրված 27.01.2010 թվականին)»:
Նշված վճիռը մտել է օրինական ուժի մեջ, որի հիման վրա տրվել է կատարողական թերթ (հիմք` «www.court.am»).
3) թիվ ԵԱՆԴ/2965/02/16 քաղաքացիական գործով դիմելով դատարան՝ Հենրիկ Օհանյանը պահանջել է Էդիկ Ասլանյանից բռնագանձել 15.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ՝ որպես փոխառության գումար, 18.07.2013 թվականից մինչև 18.07.2018 թվականն ընկած ժամանակահատվածի համար 15.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի նկատմամբ հաշվարկված ամսական 2% տոկոսադրույթով տոկոս և 18.07.2018 թվականից մինչև պարտավորության դադարման օրն ընկած ժամանակահատվածի համար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի կարգով հաշվարկված բանկային տոկոս՝ միաժամանակ խնդրելով բռնագանձումը տարածել Աշոտ Մարտիրոսյանին ու Սինարա Խեչոյանին սեփականության իրավունքով պատկանող գրավի առարկա՝ Երևանի Հալաբյան փողոցի 43-րդ շենքի թիվ 15 հասցեում գտնվող բնակարանի վրա:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 25.04.2019 թվականին կայացված վճռով Հենրիկ Օհանյանի հայցն ընդդեմ Աշոտ Մարտիրոսյանի, Սինարա Խեչոյանի և Էդիկ Ասլանյանի բավարարվել է մասնակիորեն, վճռվել է՝ «Էդիկ Սամվելի Ասլանյանից հօգուտ հայցվոր՝ Հենրիկ Վարդանի Օհանյանի բռնագանձել 15,000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ՝ որպես փոխառության գումար և բռնագանձումը տարածել համապատասխանողներ՝ Աշոտ Սերգեյի Մարտիրոսյանին և Սինարա Սարգսի Խեչոյանին սեփականության իրավունքով պատկանող գրավի առարկա՝ ք. Երևան, Հալաբյան փողոց, 43 շենք, թիվ 15 հասցեում գտնվող բնակարանի վրա:
(…):
18.07.2013թ.-ից մինչև 18.07.2018թ.-նն ընկած ժամանակահատվածի համար 15,000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի նկատմամբ հաշվարկված ամսական 2% տոկոսադրույթով տոկոս և 18.07.2018թ.-ից մինչև պարտավորության դադարման օրն ընկած ժամանակահատվածի համար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի կարգով հաշվարկված բանկային տոկոս պատասխանող՝ Էդիկ Սամվելի Ասլանյանից բռնագանձելու մասին պահանջները մերժել:
(…)»:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.02.2020 թվականի որոշմամբ Հենրիկ Օհանյանի բերած վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 25.04.2019 թվականի վճիռը մասնակիորեն՝ 18.07.2013 թվականից մինչև 18.07.2016 թվականն ընկած ժամանակահատվածի համար 15.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի նկատմամբ հաշվարկված ամսական 2 տոկոս տոկոսադրույքով տոկոս և 18.07.2016 թվականից մինչև պարտավորության դադարման օրն ընկած ժամանակահատվածի համար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի կարգով հաշվարկված բանկային տոկոս պատասխանող Էդիկ Ասլանյանից բռնագանձելու հայցապահանջների մասերով, բեկանվել է, ու այդ մասերով գործն ուղարկվել է նույն դատարան՝ նոր քննության. մնացած մասով վճիռը թողնվել է անփոփոխ:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.02.2020 թվականի որոշումը վճռաբեկության կարգով չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 14.04.2020 թվականի որոշմամբ թիվ ԵԱՆԴ/2965/02/16 քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 06.12.2023 թվականի որոշմամբ թիվ ԵԱՆԴ/2965/02/16 քաղաքացիական գործից առանձնացվել է Հենրիկ Օհանյանի իրավահաջորդ Սյուզաննա Մկրտչյանի հայցապահանջն ընդդեմ Էդիկ Ասլանյանի, Աշոտ Մարտիրոսյանի և Սինարա Խեչոյանի` վերը նշված տոկոսները բռնագանձելու մասին պահանջը՝ առանձին վարույթում քննելու համար, ու գործին շնորհվել է նոր գործի համար (հիմք` «www.court.am»).
4) թիվ ԵԱԴԴ/3129/02/14 քաղաքացիական գործով Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 04.03.2016 թվականին կայացված վճռի ու Հենրիկ Օհանյանի մահվանից հետո՝ 11.05.2022 թվականին Սյուզաննա Մկրտչյանին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի հիման վրա 18.05.2022 թվականին գրանցվել է վերջինիս գրավի իրավունքը Երևանի Աջափնյակ, Հալաբյան փողոցի 43-րդ շենքի թիվ 15 բնակարանի նկատմամբ (հատոր 1-ին, գ.թ. 41):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 226-րդ և 233-րդ հոդվածների կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր։
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 233-րդ հոդվածի իմաստով գրավով ապահովված պահանջի ծավալին (բովանդակությանը):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 368-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պարտավորությունների կատարումը կարող է ապահովվել գրավով (գլուխ 15), (…) և օրենքով կամ պայմանագրով նախատեսված այլ եղանակներով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 225.1-ին հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ապահովված իրավունքը օրենքի կամ պայմանագրի ուժով, ի ապահովումն պարտավորության կատարման, գույքի կամ գույքային իրավունքի կամ պարտավորական իրավունքի նկատմամբ պարտատիրոջ իրավունքն է:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ անշարժ գույքի, տրանսպորտային միջոցի, բանկային հաշվի, դեպոզիտի (ավանդի), ինչպես նաև արժեթղթի գրավի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են նույն օրենսգրքի 15-րդ գլխով:
Նույն հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ ապահովված իրավունքը ծագում և գործում է պարտավորության ծագման պահից մինչև պարտավորության պատշաճ կատարումը։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գրավի իրավունքը (այսուհետ` գրավը) գրավատուի գույքի նկատմամբ գրավառուի գույքային իրավունքն է, որը միաժամանակ միջոց է գրավառուի հանդեպ պարտապանի ունեցած դրամական կամ այլ պարտավորության կատարման ապահովման համար:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գրավը լրացուցիչ (ակցեսոր) պարտավորություն է գրավառուի (պարտատիրոջ) հանդեպ գրավատուի (պարտապանի) հիմնական պարտավորության կատարման ապահովման համար:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 227-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գրավը ծագում է պայմանագրի ուժով: Գրավը ծագում է նաև օրենքի հիման վրա` դրանում նշված հանգամանքների երևան գալով: Օրենքում պետք է նախատեսվի այն գույքը, որը համարվում է պարտավորության կատարման ապահովման համար գրավ դրված:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ պայմանագրի ուժով ծագած գրավի մասին նույն օրենսգրքի կանոնները համապատասխանաբար կիրառվում են օրենքի հիման վրա ծագած գրավի նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 233-րդ հոդվածի համաձայն՝ գրավն ապահովում է գրավառուի պահանջն այն ծավալով, որն այն ունի փաստացի բավարարման պահին, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով կամ օրենքով: Այդ պահանջը մասնավորապես ներառում է տոկոսները, տուժանքը, կատարման ժամկետի կետանցով պատճառված վնասների, ինչպես նաև գրավ դրված գույքը պահելու, պահպանելու, դրա վրա բռնագանձում տարածելու և իրացնելու համար գրավառուի կատարած կամ կատարվելիք ծախսերի, ներառյալ` գրավի առարկան իրացնելու հետ կապված հարկերի գումարների հատուցումը, որոնք գրավառուն պարտավոր է վճարել որպես գրավատուի հարկային գործակալ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գրավի իրավունքը ծագում է գրավի պայմանագիրը կնքելու պահից, իսկ այն դեպքերում, երբ գրավի իրավունքը ենթակա է պետական գրանցման, ապա այն գրանցելու պահից: Ոչ փաստաթղթային ձևով թողարկված արժեթղթերի գրավի իրավունքը ծագում է իրավունքների գրառում կատարող անձի մոտ համապատասխան գրառում կատարելու պահից:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 247-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն՝ գրավը դադարում է գրավով ապահովված պարտավորությունը դադարելով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 248-րդ հոդվածի համաձայն՝ գրավառուի (պարտատիրոջ) պահանջները բավարարելու համար գրավ դրված գույքի վրա կարող է բռնագանձում տարածվել պարտապանի կողմից գրավով ապահովված պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու այնպիսի հանգամանքներում, որոնց համար վերջինս պատասխանատվություն է կրում:
Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ պարտավորությունների կատարումը կարող է ապահովվել նաև գրավով, որը, լինելով ապահովված իրավունք, գրավատուի գույքի նկատմամբ գրավառուի գույքային իրավունքն է։ Գրավի իրավունքը միաժամանակ միջոց է գրավառուի հանդեպ պարտապանի ունեցած դրամական կամ այլ պարտավորության կատարման ապահովման համար: Գրավի իրավունքը ծագում և գործում է պարտավորության ծագման պահից մինչև դրա պատշաճ կատարումը։
Գրավի իրավունքը, ըստ էության, այլ անձի գույքի նկատմամբ ունեցած այնպիսի իրավունքն է, որի շնորհիվ գրավառուն հնարավորություն ունի պարտապանի կողմից պարտավորությունը չկատարելու դեպքում գրավադրված գույքի արժեքից բավարարելու իր պահանջները: Այսինքն` գրավի նպատակը գրավառուի՝ գրավով ապահովված պարտավորությունը չկատարելու դեպքում գրավ դրված գույքի արժեքից բավարարում ստանալն է:
Գրավի իրավունքը կարող է ծագել նաև օրենքի հիման վրա` դրանում նշված հանգամանքների երևան գալով: Այս դեպքում ևս նման գրավի նկատմամբ ենթակա են կիրառման պայմանագրի ուժով ծագած գրավի մասին ՀՀ քաղաքացիական օրենսգրքի կանոնները, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով: Գրավի իրավունքը ծագում է գրավի պայմանագիրը կնքելու պահից, իսկ այն դեպքերում, երբ գրավի իրավունքը ենթակա է պետական գրանցման, ապա այն գրանցելու պահից:
Միևնույն ժամանակ օրենսդիրը սահմանել է գրավով ապահովված պահանջի ծավալը՝ նախատեսելով, որ գրավն ապահովում է գրավառուի պահանջն այն ծավալով, որն այն ունի փաստացի բավարարման պահին, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով կամ օրենքով: Ընդ որում, այդ պահանջը մասնավորապես ներառում է նաև տոկոսները, տուժանքը, կատարման ժամկետի կետանցով պատճառված վնասների, ինչպես նաև գրավ դրված գույքը պահելու, պահպանելու, դրա վրա բռնագանձում տարածելու և իրացնելու համար գրավառուի կատարած կամ կատարվելիք ծախսերի, ներառյալ` գրավի առարկան իրացնելու հետ կապված հարկերի գումարների հատուցումը:
Գրավի դադարման հիմքերից է գրավով ապահովված պարտավորությունը դադարելը:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկով արձանագրել է, որ գրավի իրավունքը կամ գրավը պարտավորությունների՝ իրային-իրավական ապահովման միջոց է, որը գրավառուին իրավունք է վերապահում հիմնական պարտավորության չկատարման դեպքում գրավատուի այլ պարտատերերի հանդեպ նախապատվության իրավունքով բավարարում ստանալու գրավի առարկայի արժեքից: Վերոգրյալ բնորոշումից բխում է, որ գրավով ապահովված պարտավորության պարտատերը գրավի առարկայի արժեքից իր պահանջի բավարարման նախապատվության իրավունք ունի մյուս պարտատերերի նկատմամբ, այսինքն՝ գրավով ապահովված պարտավորության պարտապանի մյուս պարտատերերի համեմատությամբ գրավով ապահովված պարտավորության պարտատիրոջ պահանջը ենթակա է բավարարման նախապատվության իրավունքով:
Գրավի իրավունքն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում իրային իրավունքների շարքում: Ի տարբերություն այլ իրային իրավունքների` գրավն առաջանում և իրավական արժևորում է ստանում այնքանով, որքանով այն անհրաժեշտ է օգտագործել հիմնական պարտավորության կատարումն ապահովելու համար: Այդ իսկ պատճառով գրավը, որպես այդպիսին, ունի երկակի բնույթ. այն բնութագրվում է որպես պարտավորաիրավական բնույթի իրային-իրավական ապահովման միջոց: Գրավի իրավունքին բնորոշ են իրային իրավունքներին ներհատուկ հետևյալ առանձնահատկությունները.
«բացարձակ իրավունքը». գրավի իրավունքին համապատասխանում է բոլորի և յուրաքանչյուրի պարտականությունը՝ ձեռնպահ մնալու այդ իրավունքի իրականացումը խախտող կամ խոչընդոտող արարքներից (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 241-րդ հոդված),
«հետևելու իրավունքը». գրավի իրավունքի կրողը պահպանում է իր իրավունքն անգամ այն դեպքում, երբ գրավի առարկան անցնում է այլ անձի սեփականության ներքո (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին կետ) (տե՛ս «Սեյվր» ՍՊԸ-ն ընդդեմ Նշան Ալեքսանյանի թիվ ԵԿԴ/0169/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2016 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գրավի առանցքային գործառույթն ապահովման գործառույթն է, որի ուժով պարտատերը հնարավորություն է ունենում գրավի առարկայի արժեքի հաշվին նախապատվության իրավունքով ստանալ իր պահանջի բավարարում։ Գրավի իրավունքի այս գործառույթը հիմք ընդունելով՝ օրենսդիրը սահմանել է գրավ դրված գույքի բռնագանձման և իրացման դեպքում գրավատուի և գրավառուի միջև փոխհաշվարկի կատարման պահանջ։ Մասնավորապես՝ օրենսդիրը գրավառուին հնարավորություն է տվել գրավ դրված գույքի իրացումից ստացված գումարից պահել այդ գույքի վրա բռնագանձում տարածելու և իրացնելու համար ծախսերը վճարելու համար անհրաժեշտ գումարները և բավարարել իր պահանջները, իսկ այդ գումարների նվազեցման արդյունքում մնացած գումարը ենթակա է տրման գրավատուին։ ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու և իրացնելու իրավահարաբերությունների կարգավորման հիմքում ընկած է այն մոտեցումը, որ գրավը չի կարող ծառայել որպես կողմերից որևէ մեկի (գրավատուի կամ գրավառուի) հարստացման միջոց. այն կոչված է ողջամիտ հավասարակշռություն ապահովելու՝ մի կողմից՝ գրավառուի՝ գրավի առարկայի արժեքի հաշվին նախապատվության իրավունքով իր պահանջի բավարարում ստանալու իրավունքի, մյուս կողմից՝ գրավատուի՝ գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու և իրացնելու համար ծախսերը և գրավով ապահովված, չկատարված (ոչ պատշաճ կատարված) պարտավորության գումարը գերազանցող գրավի առարկայի արժեքի մնացած մասը հետ ստանալու օրինական շահի միջև (տե՛ս «Էվոկաբանկ» ՓԲԸ-ն ընդդեմ «Արտադրա-Տպագրական» ՓԲԸ-ի թիվ ԵՄԴ/1206/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2020 թվականի որոշումը)։
Վերը նշված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Սույն գործի փաստերի համաձայն՝ թիվ ԵԱԴԴ/3129/02/14 քաղաքացիական գործով Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 04.03.2016 թվականին կայացված վճռով բավարարվել է Էդիկ Ասլանյանի ու Աշոտ Մարտիրոսյանի հայցն ընդդեմ Հենրիկ Օհանյանի, երրորդ անձ Սինարա Խեչոյանի, և վճռվել է՝ «որպես 22.01.2010 թվականին Աշոտ Մարտիրոսյանի, Սիանարա Խեչոյանի և Հենրիկ Օհանյանի միջև կնքված անշարժ գույքի շինծու առուվաճառքի պայմանագրի հետևանք նշված պայմանագիրը դիտել որպես Էդիկ Ասլանյանի, որպես փոխառուի և Հենրիկ Օհանյանի, որպես փոխատուի միջև կնքված 15,000 ԱՄՆ դոլար գումարի փոխառության պայմանագիր և Աշոտ Մարտիրոսյանի, Սինարա Խեչոյանի, որպես գրավատուների և Հենրիկ Օհանյանի, որպես գրավառուի միջև կնքված ք. Երևան, Հալաբյան փողոցի 43-րդ շենքի 15-րդ բնակարանի գրավի պայմանագիր:
Անվավեր ճանաչել ք. Երևան, Հալաբյան փողոցի 43 շենքի 15-րդ բնակարանի նկատմամբ Հենրիկ Օհանյանի գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական 01-001-4-54 մատյանի 000171 համարի տակ գրանցված սեփականության իրավունքը (սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ 267929, տրված 27.01.2010 թվականին)»:
Նշված վճիռը մտել է օրինական ուժի մեջ, որի հիման վրա տրվել է կատարողական թերթ։
Թիվ ԵԱՆԴ/2965/02/16 քաղաքացիական գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 25.04.2019 թվականին կայացված վճռով Հենրիկ Օհանյանի հայցն ընդդեմ Աշոտ Մարտիրոսյանի, Սինարա Խեչոյանի և Էդիկ Ասլանյանի բավարարվել է մասնակիորեն, վճռվել է՝ «Էդիկ Սամվելի Ասլանյանից հօգուտ հայցվոր՝ Հենրիկ Վարդանի Օհանյանի բռնագանձել 15,000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ՝ որպես փոխառության գումար և բռնագանձումը տարածել համապատասխանողներ՝ Աշոտ Սերգեյի Մարտիրոսյանին և Սինարա Սարգսի Խեչոյանին սեփականության իրավունքով պատկանող գրավի առարկա՝ ք. Երևան, Հալաբյան փողոց, 43 շենք, թիվ 15 հասցեում գտնվող բնակարանի վրա:
(…):
18.07.2013թ.-ից մինչև 18.07.2018թ.-նն ընկած ժամանակահատվածի համար 15,000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի նկատմամբ հաշվարկված ամսական 2% տոկոսադրույթով տոկոս և 18.07.2018թ.-ից մինչև պարտավորության դադարման օրն ընկած ժամանակահատվածի համար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի կարգով հաշվարկված բանկային տոկոս պատասխանող՝ Էդիկ Սամվելի Ասլանյանից բռնագանձելու մասին պահանջները մերժել:
(…)»:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.02.2020 թվականի որոշմամբ Հենրիկ Օհանյանի բերած վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 25.04.2019 թվականի վճիռը մասնակիորեն՝ 18.07.2013 թվականից մինչև 18.07.2016 թվականն ընկած ժամանակահատվածի համար 15.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի նկատմամբ հաշվարկված ամսական 2 տոկոս տոկոսադրույքով տոկոս և 18.07.2016 թվականից մինչև պարտավորության դադարման օրն ընկած ժամանակահատվածի համար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի կարգով հաշվարկված բանկային տոկոս պատասխանող Էդիկ Ասլանյանից բռնագանձելու հայցապահանջների մասերով, բեկանվել է, ու այդ մասերով գործն ուղարկվել է նույն դատարան՝ նոր քննության. մնացած մասով վճիռը թողնվել է անփոփոխ:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.02.2020 թվականի որոշումը վճռաբեկության կարգով չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 14.04.2020 թվականի որոշմամբ թիվ ԵԱՆԴ/2965/02/16 քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 06.12.2023 թվականի որոշմամբ թիվ ԵԱՆԴ/2965/02/16 քաղաքացիական գործից առանձնացվել է Հենրիկ Օհանյանի իրավահաջորդ Սյուզաննա Մկրտչյանի հայցապահանջն ընդդեմ Էդիկ Ասլանյանի, Աշոտ Մարտիրոսյանի և Սինարա Խեչոյանի` վերը նշված տոկոսները բռնագանձելու մասին պահանջը՝ առանձին վարույթում քննելու համար, ու գործին շնորհվել է նոր գործի համար։
Թիվ ԵԱԴԴ/3129/02/14 քաղաքացիական գործով Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 04.03.2016 թվականին կայացված վճռի ու Հենրիկ Օհանյանի մահվանից հետո՝ 11.05.2022 թվականին Սյուզաննա Մկրտչյանին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի հիման վրա 18.05.2022 թվականին գրանցվել է վերջինիս գրավի իրավունքը Երևանի Աջափնյակ, Հալաբյան փողոցի 43-րդ շենքի թիվ 15 բնակարանի նկատմամբ։
Այժմ Համահայցվորները, դիմելով Դատարան, պահանջել են դադարած ճանաչել Երևանի Հալաբյան փողոցի 43-րդ շենքի թիվ 15 հասցեում գտնվող բնակարանի նկատմամբ Սյուզաննա Մկրտչյանի գրավի իրավունքը՝ հայցի հիմքում դնելով այն, որ Էդիկ Ասլանյանը մահացել է և չունի ժառանգությունն ընդունած ժառանգներ, Էդիկ Ասլանյանի կողմից փոխառության պայմանագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու հիմքով Հենրիկ Օհանյանը դիմել է դատարան՝ գումար բռնագանձելու մասին պահանջով, որը բավարարվել է, և 06.03.2020 թվականին դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ, սակայն դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում հայցվորը կատարողական թերթ ստանալու համար դիմում չի ներկայացրել, ուստի բաց է թողել օրենքով սահմանված ժամկետը, այսինքն՝ Էդիկ Ասլանյանի պարտավորությունը դադարել է: Թիվ ԵԱՆԴ/2965/02/16 քաղաքացիական գործով կայացված վճիռն այլևս կատարման ենթակա չէ։
Դատարանը, պատճառաբանելով, որ՝
- «Երևան քաղաքի Հալաբյան փողոցի շենք 43 թիվ 15 հասցեում գտնվող բնակարանի նկատմամբ Սյուզաննա Մկրտչյանի հոր՝ Հենրիկ Օհանյանի գրավի իրավունքն առաջացել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԱԴԴ/3129/02/14 քաղաքացիական գործով 2016թ. մարտի 4-ի վճռի հիման վրա»,
- «տվյալ քաղաքացիական գործով պատասխանող Սյուզաննա Առաքելյանի հայրը՝ Հենրիկ Օհանյանը բաց է թողել թիվ ԵԱԴԴ/3129/02/14 քաղաքացիական գործով 2016թ. մարտի 4-ի վճռի հիման վրա կատարողական թերթ տալու մեկամյա ժամկետը, ինչպես նաև բացակայում է նշված բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին կատարողական թերթ տված դատարանի որոշումը (այն ընդհանրապես չի ներկայացվել): Նշված փաստերը ընդունել է նաև պատասխանող Սյուզաննա Մկրտչյանը»,
- «օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա կատարողական թերթն օրենքով սահմանված մեկ տարվա ժամկետում կատարման չներկայացնելով և հետագայում բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին պահանջ չներկայացնելու փաստով պատասխանողի հայրը՝ Հենրիկ Օհանյանը զրկվել է թիվ ԵԱՆԴ/2965/02/16 քաղաքացիական գործի վճռով սահմանված գումարը պահանջելու սուբյեկտիվ իրավունքի իրացման իրավական հնարավորությունից, իսկ Էդիկ Ասլանյանն ազատվել է նույն վճռով սահմանված պարտավորությունից, հետևաբար՝ վճռով սահմանված հայցվորի պարտավորությունն օրենքի ուժով դադարել է, իսկ դրամական պարտավորության կատարման հիմքով որպես ակցեսոր պարտավորություն դադարել է նաև գրավի իրավունքը»
ու, գտնելով, որ՝
- «Հենրիկ Օհանյանի կողմից դատավարական անգործություն ցուցաբերելու և թիվ ԵԱՆԴ/2965/02/16 քաղաքացիական գործի օրինական ուժի մեջ մտած դատական ակտը մեկ տարվա ընթացքում կատարման ներկայացրած չլինելու հանգամանքը չի կարող բացասաբար անդրադառնալ Էդիկ Ասլանյանի, ինչպես նաև գրավատուներ Աշոտ Մարտիրոսյանի և Սինարա Խեչոյանի իրավունքների և օրինական շահերի վրա՝ անորոշ ժամկետով գրավի (արգելանքի) տակ թողնելով գրավատուների սեփականությունը հանդիսացող գույքը՝ զրկելով նրանց գույքն իրենց հայեցողությամբ տնօրինելու, տիրապետելու և օգտագործելու ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքից»,
25.07.2023 թվականին վճիռ է կայացրել Համահայցվորների հայցը բավարարելու մասին։
Նշված վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել պատասխանող Սյուզաննա Մկրտչյանը՝ որպես վերաքննիչ բողոքի հիմք նշելով Դատարանի կողմից նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 226-րդ հոդվածը խախտելը, իսկ որպես վերաքննիչ բողոքի հիմքի հիմնավորում՝ նաև այն, որ «գրավի իրավունքը չի կարող դադարել, երբ այդ գրավով ապահովված է ոչ միայն 15.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը որպես փոխառություն, այլև այդ գումարի նկատմամբ հաշվարկվող փոխառության գումարի 2 տոկոսի և ՀՀ քաղ օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսների բռնագանձման ենթակա գումարները /տես ԵԱՆԴ/2965/02/16 գործով հայցապահանջի առարկաները/»:
Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով, որ՝
- «սույն գործով երկու կողմերն էլ ընդունել են այն փաստը, որ Հենրիկ Օհանյանի կողմից 25.04.2019 թվականի վճռի չբեկանված մասով օրենքով նախատեսված ժամկետում կատարման չի ներկայացվել։ Նշյալով առաջնորդվել է նաև Դատարանը»,
- «Դատարանի հետևությունները՝ փոխառության պարտավորության դադարած լինելու դեպքում այն ապահովող գրավի պարտավորության դադարած լինելու մասին, իրավաչափ են»
ու գտնելով, որ՝
- «Սույն գործով հայցվորները Էդիկ Ասլանյանի և Հենրիկ Օհանյանի միջև կնքված փոխառության պարտավորական իրավահարաբերությունների գրավատուներն են, և նրանք Դատարան դիմել են իրենց սեփականության իրավունքով պատկանող գույքի վերաբերմամբ գրավի իրավունքը դադարած ճանաչելու պահանջով: Այն հանգամանքը, որ վճիռը հարկադիր կատարման ենթակա չլինելը ինքնին հանգեցնելու է գրավի իրավունքի դադարման, վկայում է նրա մասին, որ համահայցվորները իրավունք ունեին նման պահանջով դիմել Դատարան և իրենց պահանջը հիմնավորել թույլատրելի, վերաբերելի ապացույցների ծավալով,
20.05.2024 թվականին որոշում է կայացրել Սյուզաննա Մկրտչյանի բերած վերաքննիչ բողոքը մերժելու և Դատարանի 25.07.2023 թվականի վճիռն անփոփոխ թողնելու մասին:
Վկայակոչված իրավական ակտերի և դրանց վերաբերյալ արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում գնահատելով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանք անհիմն են ու չէին կարող հիմք հանդիսանալ Սյուզաննա Մկրտչյանի բերած վերաքննիչ բողոքն ամբողջությամբ մերժելու և Դատարանի 25.07.2023 թվականի վճիռն անփոփոխ թողնելու համար հետևյալ պատճառաբանությամբ։
Վերը նշված փաստերի վերլուծությունից բխում է, որ տվյալ դեպքում Երևանի Հալաբյան փողոցի 43-րդ շենքի թիվ 15 հասցեում գտնվող բնակարանի նկատմամբ Հենրիկ Օհանյանի (սույն գործով պատասխանող Սյուզաննա Մկրտչյանի իրավանախորդն է) գրավի իրավունքը, որը հետագայում ժառանգության իրավունքով փոխանցվել է Սյուզաննա Մկրտչյանին, ծագել է օրենքի հիման վրա, այն է՝ թիվ ԵԱԴԴ/3129/02/14 քաղաքացիական գործով Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, 04.03.2016 թվականին վճիռ կայացնելով Էդիկ Ասլանյանի ու Աշոտ Մարտիրոսյանի հայցը բավարարելու մասին, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի 132-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի 2-րդ կետերով, ըստ էության, կիրառել է շինծու գործարքի անվավերության հետևանքներ, որի արդյունքում Հենրիկ Օհանյանի հանդեպ Էդիկ Ասլանյանի ունեցած 15.000 ԱՄՆ դոլար գումարի չափով դրամական պարտավորության կատարումը համարել է ապահովված վերը նշված անշարժ գույքով։ Հետագայում նշված վճռից բխող գրավի իրավունքը գրանցվել է։
Սույն գործերի փաստերի վերլուծությունից հետևում է նաև, որ թիվ ԵԱՆԴ/2965/02/16 քաղաքացիական գործի շրջանակներում Հենրիկ Օհանյանի կողմից ընդդեմ Աշոտ Մարտիրոսյանի, Սինարա Խեչոյանի և Էդիկ Ասլանյանի ներկայացվել են ոչ միայն 15.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ՝ որպես փոխառության գումար բռնագանձելու, այլ նաև՝ 18.07.2013 թվականից մինչև 18.07.2018 թվականն ընկած ժամանակահատվածի համար 15.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի նկատմամբ ամսական 2 տոկոս, ու 18.07.2018 թվականից մինչև պարտավորության դադարման օրն ընկած ժամանակահատվածի համար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի կարգով հաշվարկված բանկային տոկոս բռնագանձելու մասին պահանջներ, որոնց մասով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 25.04.2019 թվականի վճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը քննության առնելու արդյունքում նույն վճիռը բեկանվել է, և այդ մասերով գործն ուղարկվել է նույն դատարան՝ նոր քննության։ Ընդ որում, նշված գործով հայցվորը պահանջել է բռնագանձումը տարածել Աշոտ Մարտիրոսյանին և Սինարա Խեչոյանին սեփականության իրավունքով պատկանող՝ գրավի առարկա Երևանի Հալաբյան փողոցի 43-րդ շենքի թիվ 15 հասցեում գտնվող բնակարանի վրա՝ նպատակ ունենալով ապահովելու ինչպես 15.000 ԱՄՆ դոլար գումարի, այնպես էլ՝ վերը նշված տոկոսների չափով գումարի՝ որպես դրամական պարտավորությունների կատարումը։
Գործի նոր քննության ժամանակ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 06.12.2023 թվականի որոշմամբ թիվ ԵԱՆԴ/2965/02/16 քաղաքացիական գործից առանձնացվել է Հենրիկ Օհանյանի իրավահաջորդ Սյուզաննա Մկրտչյանի հայցապահանջն ընդդեմ Էդիկ Ասլանյանի, Աշոտ Մարտիրոսյանի և Սինարա Խեչոյանի` վերը նշված տոկոսները բռնագանձելու մասին՝ առանձին վարույթում քննելու համար՝ գործին շնորհելով նոր գործի համար։
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հիմք ընդունելով սույն գործի քննության շրջանակներում թիվ ԵԱՆԴ/2965/02/16 քաղաքացիական գործով պարզված վերը նշված հանգամանքները՝ անշարժ գույքի նկատմամբ Սյուզաննա Մկրտչյանի գրավի իրավունքը չէր կարող դատական կարգով ճանաչվել դադարած այն պայմաններում, երբ թիվ ԵԱՆԴ/2965/02/16 քաղաքացիական գործով ներկայացված պահանջներից նաև վերը նշված տոկոսները բռնագանձելու մասին պահանջներն են եղել ապահովված գրավի առարկա հանդիսացող՝ Երևանի Հալաբյան փողոցի 43-րդ շենքի թիվ 15 հասցեում գտնվող բնակարանով, այսինքն՝ այդ պահանջներն օրենքի իմաստով ևս ներառված են եղել գրավով ապահովված պահանջների ծավալում։ Ավելին՝ սույն գործով ինչպես Դատարանի կողմից 25.07.2023 թվականին վճիռ կայացնելիս, այնպես էլ Վերաքննիչ դատարանի կողմից 20.05.2024 թվականին որոշում կայացնելիս այդ պահանջների մասով գործի քննությունը դեռևս ավարտված չի եղել, և առկա չի եղել այդ պահանջները մերժելու մասին օրինական ուժի մեջ մտած դատական ակտ։
Վերը նշված հանգամանքները Վերաքննիչ դատարանի կողմից անտեսվել են։
Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 20.05.2024 թվականի որոշումը բեկանելու համար:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի ակտն ամբողջությամբ բեկանելու և փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը, քանի որ ստորադաս դատարանների հաստատած փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս կայացնելու նման դատական ակտ, ու դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից այն առումով, որ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք, ու գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված՝ անձի արդար դատաքննության իրավունքի տարր։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի նաև պատասխանողի համար, և գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում վերը նշված իրավունքի խախտման տեսանկյունից։
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով վճռաբեկ բողոքի հիմքին՝ կապված Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ և 157-րդ հոդվածները խախտելու հետ, ու դրա վերաբերյալ հիմնավորմանը, արձանագրում է, որ վճռաբեկ բողոքի նշված հիմքն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ միջանկյալ դատական ակտեր են նույն հոդվածի 2-րդ մասում չնշված որոշումները, որոնք կայացվում են առանձին ակտի ձևով կամ արձանագրային որոշմամբ:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ արձանագրային որոշումը դատական նիստի ընթացքում դատարանի բանավոր կայացրած որոշումն է:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ դատական նիստի պարզ թղթային արձանագրությունում նշվում են դատարանի արձանագրային որոշումները և կարգադրությունները։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանն առանձին ակտի ձևով կայացնում է այն որոշումները, որոնք`
1) ենթակա են բողոքարկման.
2) կայացվում են դատական նիստից դուրս.
3) նույն օրենսգրքի համաձայն՝ պետք է կայացվեն առանձին ակտի ձևով:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասում չնշված որոշումները դատարանի հայեցողությամբ կարող են կայացվել առանձին ակտի ձևով կամ ամրագրվել դատական նիստի արձանագրության մեջ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ վերաքննության կարգով բողոքարկման են ենթակա առաջին ատյանի դատարանի հետևյալ որոշումները՝ գործի վարույթը կասեցնելու, գործի վարույթը վերսկսելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին դատարանի որոշումները։
Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ միջանկյալ դատական ակտեր են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 2-րդ մասում չնշված որոշումները, որոնք կայացվում են առանձին ակտի ձևով կամ արձանագրային որոշմամբ: Արձանագրային որոշումը դատական նիստի ընթացքում դատարանի բանավոր կայացրած որոշումն է, որի մասին նշում է կատարվում դատական նիստի պարզ թղթային արձանագրությունում։ Ընդ որում, օրենսդիրը սպառիչ թվարկել է այն որոշումների տեսակները, որոնք առաջին ատյանի դատարանը կայացնում է առանձին ակտի ձևով, դրանք են՝ բողոքարկման ենթակա որոշումները, դատական նիստից դուրս կայացվող որոշումները և այն որոշումները, որոնք, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համաձայն, պետք է կայացվեն առանձին ակտի ձևով՝ միաժամանակ դատարանին իրավունք վերապահելով առանձին ակտի ձևով կայացնելու նաև միջանկյալ դատական ակտ հանդիսացող այլ որոշումները։
Տվյալ դեպքում գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին որոշումը միջանկյալ դատական ակտ է, որը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, չի հանդիսանում բողոքարկման ենթակա որոշում, և քանի որ սույն գործով գործի վարույթը կասեցնելու մասին միջնորդությունը մերժելու մասին որոշումը կայացվել է դատական նիստում, ու նման որոշումը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համաձայն, ենթակա չէ պարտադիր կարգով առանձին ակտի ձևով կայացման, ուստի Դատարանը, 11.07.2023 թվականի դատական նիստում թիվ ԵԴ/35626/02/22 քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին որոշման վերաբերյալ նշումը կատարելով բացառապես թղթային արձանագրությունում և այդ որոշումը չկայացնելով առանձին ակտի ձևով, դատավարական իրավունքի որևէ նորմի խախտում թույլ չի տվել։
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը և վճարման կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ] կանոններին համապատասխան։
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ բողոքարկված դատական ակտը բեկանելու և փոփոխելու դեպքում վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանը եզրափակիչ դատական ակտով գործին մասնակցող անձանց միջև վերաբաշխում է դատական ծախսերը` նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ] կանոնների համաձայն:
Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքի բավարարման արդյունքում Վերաքննիչ դատարանի դատական ակտը ենթակա է ամբողջությամբ բեկանման և փոփոխման, հայցը ենթակա է մերժման՝ Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ, 109-րդ ու 112-րդ հոդվածների, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի համապատասխան իրավակարգավորումները, գտնում է, որ Համահայցվորների կողմից հայցադիմումը Դատարան ներկայացնելու համար արդեն իսկ պետական տուրքի գումարն օրենքով սահմանված չափով վճարված լինելու պայմաններում այդ հարցը պետք է համարել լուծված, իսկ վերաքննիչ և վճռաբեկ բողոքները ներկայացնելու համար Սյուզաննա Մկրտչյանի կողմից նախապես, համապատասխանաբար, 30.000 ՀՀ դրամ ու 40.000 ՀՀ դրամ վճարված լինելու պայմաններում Համահայցվորներից հօգուտ Սյուզաննա Մկրտչյանի համապարտության կարգով պետք է բռնագանձել ընդհանուր 70.000 ՀՀ դրամ։
Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այլ դատական ծախսերի վերաբերյալ պահանջ ներկայացված չլինելու պատճառաբանությամբ այդ ծախսերի հարցը պետք է համարել լուծված։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.05.2024 թվականի որոշումը բեկանել և փոփոխել՝ Աշոտ Մարտիրոսյանի ու Սինարա Խեչոյանի հայցը մերժել:
2. Աշոտ Մարտիրոսյանից և Սինարա Խեչոյանից հօգուտ Սյուզաննա Մկրտչյանի համապարտության կարգով բռնագանձել 30.000 ՀՀ դրամ՝ որպես վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար, ու 40.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար։
Մնացած մասով դատական ծախսերի հարցը համարել լուծված։
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող և Գ. Հակոբյան Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ Ս․ ՄԵՂՐՅԱՆ Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ Է. Սեդրակյան Վ. Քոչարյան
Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 ապրիլի 2025 թվական:
