ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2011 թվականի փետրվարի 8-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2007 թվականի նոյեմբերի 28-ի վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 151-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 151. | Դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու մասին գործերի քննության կարգը |
Վարչական պատասխանատվության ենթարկելու մասին գործերը հարուցվում են Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 223-րդ հոդվածով նախատեսված անձանց հայցադիմումով:»:
Հոդված 2. Օրենսգրքի 152-րդ հոդվածում`
1) 1-ին մասի «Ֆիզիկական, պաշտոնատար կամ իրավաբանական անձին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին» բառերը փոխարինել «Անձին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի (պաշտոնատար անձի)» բառերով.
2) 2-րդ մասի «Դիմումին» բառը փոխարինել «Իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի (պաշտոնատար անձի) դիմումին» բառերով.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Անձին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին ֆիզիկական կամ իրավաբանական անձի հայցադիմումը, ի լրումն սույն օրենսգրքի 72-րդ հոդվածով ներկայացվող պահանջների, պետք է նաև ներառի`
1) հայցադիմումը ներկայացնելու համար հիմք հանդիսացած գործողությունների կատարման վայրի և ժամանակի մասին տեղեկություններ.
2) հայցադիմումի համար հիմք հանդիսացած գործողությունների կատարման համար վարչական պատասխանատվություն նախատեսող օրենքի դրույթները.
3) դիմողի պահանջը վարչական պատասխանատվության ենթարկելու մասին:»:
Հոդված 3. Օրենսգրքի 153-րդ հոդվածում`
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը (պաշտոնատար անձը), որը կատարել է վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ֆիզիկական կամ իրավաբանական անձի հայցադիմումի համար հիմք հանդիսացած գործողություն կամ չի կատարել որևէ հայցվող գործողություն, սակայն հայցվորի պնդմամբ պարտավոր էր այն կատարել, կրում է իր որոշման, գործողության կամ անգործության համար հիմք ծառայած փաստական հանգամանքների ապացուցման բեռը:».
2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Վարչական պատասխանատվության ենթարկելու մասին գործը քննելիս վարչական դատարանը պարզում է, թե տեղի է ունեցել արդյոք վարչական իրավախախտման դեպքը, և առկա է արդյոք հայցադիմումում նշված անձի կողմից դա կատարելու փաստը, նախատեսված է արդյոք օրենքով վարչական պատասխանատվություն տվյալ իրավախախտումը կատարելու համար, ինչպես նաև նշանակում է կամ մերժում է նշանակել վարչական տույժ:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2011 թ. փետրվարի 28 Երևան ՀՕ-49-Ն |