ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
27 մարտի 2025 թ. |
N 10-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 55․2-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը
Որոշում է.
1. Սահմանել «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի հիման վրա Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովում (այսուհետ նաև՝ Հանձնաժողով) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի (այսուհետ՝ մրցույթ) անցկացման կարգը՝ համաձայն հավելվածի:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի ապրիլի 1-ից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ |
Վ. Հովակիմյան |
Հավելված Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2025 թ. մարտի 27-ի N 10-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ
1. Հանձնաժողովում քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի (այսուհետ՝ նաև մրցույթ) կազմակերպման և անցկացման համար կիրառվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշմամբ հաստատված՝ «Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգ»-ի այն նորմերը, որոնք կիրառելի են և անհրաժեշտ Հանձնաժողովում մրցույթ կազմակերպելու և անցկացնելու համար՝ հաշվի առնելով սույն կարգով նախատեսված կարգավորումները:
2. Մրցույթի, այդ թվում՝ գլխավոր քարտուղարի, կազմակերպման և անցկացման նախապատրաստական աշխատանքներն իրականացնում է Հանձնաժողովի իրավասու ստորաբաժանումը (այսուհետ նաև՝ ստորաբաժանում):
3. Մրցույթի կազմակերպման և անցկացման նախապատրաստական աշխատանքների պատասխանատուն Հանձնաժողովի գլխավոր քարտուղարն է, իսկ Հանձնաժողովի գլխավոր քարտուղարի մրցույթի դեպքում՝ պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:
4. Հանձնաժողովում քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների 6-րդ, 7-րդ և 8-րդ ենթախմբերի թափուր պաշտոններն զբաղեցնելու հարաբերությունների վրա տարածվում են միայն սույն կարգով սահմանված հարցազրույցի կազմակերպման և անցկացման ընթացակարգերը: Այս խմբի պաշտոնները համալրվում են սույն կարգով սահմանված հարցազրույցի կազմակերպման և անցկացման ընթացակարգով՝ առանց քաղաքացիական ծառայության վարկանիշային ցուցակներում ընդգրկվելու։
5. Արտաքին մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Ներքին մրցույթն անցկացվում է միայն հարցազրույցի փուլով։
6. Հանձնաժողովում քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն առաջանալու, մրցույթ անցկացնելու մասին հայտարարության, մրցույթին դիմումներ չներկայացվելու, մրցույթը չկայանալու, մրցույթին մասնակցելու համար ներկայացրած դիմումների թվի, թեստավորմանը մասնակցելու թույլտվություն ստացած քաղաքացիների թվի, մրցույթին մասնակցելուց հրաժարվելու, մրցույթին մասնակցելուց հրաժարված քաղաքացիների թվի, մրցույթը չկայանալու մասին տեղեկատվությունը, անհրաժեշտության դեպքում՝ նաև մրցույթի կազմակերպման և անցկացման նախապատրաստական աշխատանքների հետ կապված այլ տեղեկատվություն հրապարակվում է Հանձնաժողովի համացանցային կայքում:
7. Մրցույթի թեստավորման փուլն անցկացվում է էլեկտրոնային եղանակով՝ Հանձնաժողովի քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում:
8. Թեստերում ընդգրկվող առաջադրանքները կազմում է և Հանձնաժողովի քաղաքացիական ծառայության հարթակում տեղադրում է ստորաբաժանումը՝ մինչև տվյալ պաշտոնի համար մրցույթի հայտարարության հրապարակումը:
9. Մրցույթի թեստավորման փուլի անցկացման համար գլխավոր քարտուղարի, իսկ գլխավոր քարտուղարի մրցույթի թեստավորման փուլի անցկացման համար՝ Հանձնաժողովի նախագահի անհատական իրավական ակտով նշանակվում է մրցույթի թեստավորման անցկացման պատասխանատու (պատասխանատուներ):
10. Թեստավորման արդյունքների հետ համաձայն չլինելու դեպքում՝ մրցույթի մասնակիցը կարող է բողոք ներկայացնել՝ թեստի կատարումն իր կողմից ավարտելուց կամ թեստավորման սահմանված ժամկետի ավարտից և թեստավորման իր արդյունքների մասին տեղեկանալուց հետո՝ երկու ժամվա ընթացքում: Մրցույթի մասնակիցն իր արդյունքների մասով բողոքը ներկայացնում է գլխավոր քարտուղարին, գլխավոր քարտուղարի մրցույթի դեպքում` Հանձնաժողովի նախագահին:
11. Մրցույթի մասնակցի կողմից թեստավորման արդյունքները բողոքարկելու, թեստավորման արդյունքների բողոքարկման վերաբերյալ որոշում կայացնելու, մրցույթի թեստավորման փուլը չհաղթահարելու, թեստավորման անցկացումը հետաձգելու, անհրաժեշտության դեպքում՝ նաև մրցույթի թեստավորման հետ կապված այլ տեղեկատվություն ստորաբաժանման կողմից հրապարակվում է Հանձնաժողովի համացանցային կայքում:
12. Հարցազրույցն անցկացնում է տվյալ թափուր պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից ձևավորած հանձնաժողովը։
13. Հարցազրույցի փուլը հաղթահարած միակ մասնակցի կամ հարցազրույցի փուլը ոչ մի մասնակցի կողմից չհաղթահարելու մասին տեղեկատվությունը ստորաբաժանումը տեղադրում է Հանձնաժողովի համացանցային կայքում:
14. Պաշտոնում նշանակելու վերաբերյալ իրավական ակտն ընդունվելուց հետո նույն կամ հաջորդ աշխատանքային օրը ստորաբաժանման կողմից տեղադրվում է Հանձնաժողովի համացանցային կայքում, և նշված տեղեկատվությունը ներկայացվում է վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակ՝ քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում տեղադրելու նպատակով։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 մարտի 2025 թվական:
