ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 մարտի 2025 թվականի N 341-Ն
ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՁԵՎԵՐԻ ԽԹԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքի 7-րդ հոդվածի «դ» կետի «դ.1» և «դ.12» ենթակետերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել հանրության շրջանում առողջ ապրելակերպի խրախուսման և երթևեկության այլընտրանքային ձևերի խթանման միջոցառումը՝ համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ մինչև 2025 թվականի մայիսի 31-ը, համագործակցելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ, Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել միջոցառման իրականացման կարգը՝ այնտեղ ամրագրելով նաև գործընթացի հրապարակային և թափանցիկ իրականացման մեխանիզմներ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
27.03.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2025 թվականի մարտի 27-ի N 341-Ն որոշման |
ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՁԵՎԵՐԻ ԽԹԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ
1․ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԵՎ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ
1. Հանրության շրջանում առողջ ապրելակերպի խրախուսման և երթևեկության այլընտրանքային ձևերի խթանման միջոցառման (այսուհետ՝ միջոցառում) նպատակն է բարձրագույն ուսումնական հաստատությունների և մասնագիտական կրթության և ուսուցման հաստատությունների սովորողների ու աշխատակիցների համար ստեղծել ֆինանսական միջոցների հասանելիություն՝ ձեռք բերելու հեծանիվներ, որոնք կծառայեն որպես տրանսպորտային միջոց վերջիններիս համար և այդպիսով կխրախուսեն սովորողների և աշխատակիցների ֆիզիկական առողջ ակտիվությունը՝ խթանելով երթևեկության այլընտրանքային ձևերի օգտագործումը Հայաստանի Հանրապետությունում, որը կփոխի երթևեկության հանրային մշակույթը՝ նպաստելով խցանումների նվազմանը քաղաքային բնակավայրերում և ներդնելով երթևեկության կանաչ տեխնոլոգիաներ։
2․ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ
2. Սույն միջոցառման իմաստով շահառու են հանդիսանում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող, արհեստագործական, միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթական ծրագիր իրականացնող պետական և հավատարմագրված ոչ պետական ուսումնական հաստատությունների սովորողները և աշխատողները (այսուհետ՝ շահառուներ): Որպես վարկառու կարող է հանդիսանալ կամ շահառուն (եթե աշխատող է կամ վերջինիս ընտանիքի աշխատող անդամը:
3․ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ
3. Օժանդակությունը տրամադրվում է շահառուներին՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող և լիցենզավորված բանկերից կամ վարկային կազմակերպություններից (այսուհետ՝ ֆինանսական կազմակերպություն) ստացվող նպատակային վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման ձևով: Ընդ որում, վարկերի վերադարձի ռիսկն ամբողջությամբ կրում է ֆինանսական կազմակերպությունը:
4․ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔԻ ՆԵՐՔՈ ՍՏԱՑՎԵԼԻՔ ՎԱՐԿԵՐԻ ՆՊԱՏԱԿԸ
4. Օժանդակությունը կիրառելի է այն վարկերի համար, որոնք տրամադրվում են շահառուներին (վարկառուներին) ապառիկ վարկավորման պրոդուկտների շրջանակում ֆինանսական կազմակերպությունների հետ համագործակցող կազմակերպություններից (որոնց կողմից վաճառվող ապրանքների ցանկում պարտադիր առկա է հեծանիվ ապրանքատեսակը) նոր (չօգտագործված) հեծանիվների գնման նպատակով։
5. Միևնույն շահառուն (վարկառուն) միջոցառման շրջանակներում կարող է օգտվել օժանդակության ներքո կիրառելի վարկից մեկ անգամ։
5․ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔԻ ՆԵՐՔՈ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ ՎԱՐԿԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
6. Օժանդակության գործիքների կիրառմամբ տրամադրվող վարկերը պետք է համապատասխանեն հետևյալ պահանջներին՝
1) արժույթը՝ դրամով.
2) ժամկետը՝
Տեսակը |
Տրամադրվող վարկի գումարը |
Սուբսիդավորման ժամանակահատվածը |
Վարկի ժամկետը |
Հեծանիվ, ներառյալ հեծանվի հետ միաժամանակ գնվող՝ սաղավարտ, ծնկների բարձիկներ և ձեռնոցներ |
մինչև 300 հազ. դրամ |
մինչև 36 ամիս |
մինչև 36 ամիս |
3) վարկային միջոցների օգտագործման կարգը՝ միայն անկանխիկ.
4) վարկի տրամադրման և սպասարկման ընթացքում միջնորդավճարներ, վաղաժամկետ մարման համար տույժեր/տուգանքներ կամ այլ վճարներ չեն կիրառվում.
5) վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման հաշվարկումն սկսվում է պայմանագրի կնքման օրվանից.
6) վարկի մարման եղանակը՝ անուիտետային:
7. Վարկի տոկոսադրույքների սուբսիդավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով` ֆինանսական կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերի հիման վրա։
6․ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՉԱՓԵՐԸ
8. Շահառուն հնարավորություն ունի սույն միջոցառման 6-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված առավելագույն գումարի սահմաններում սույն միջոցառմամբ սահմանված նպատակներով ստանալ վարկ։
9. Սույն միջոցառման շրջանակում վարկ ստանալու նպատակով ցանկացած շահառու (կամ վերջինիս աշխատող ընտանիքի անդամը), որը համապատասխանում է սույն միջոցառմամբ նախատեսված պայմաններին, կարող է հայտ ներկայացնել ֆինանսական կազմակերպություն, որի բավարարման դեպքում սույն միջոցառմամբ սահմանված կանոնների համաձայն սուբսիդավորվում է տվյալ վարկի տոկոսադրույքի տարեկան 16 տոկոսային կետին համարժեք մասը (գումարը)՝ վարկի մարման ժամկետի՝ սույն հավելվածի 6-րդ կետի 2-րդ ենթակետում նշված ժամանակահատվածի համար:
7․ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔԻ ՆԵՐՔՈ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ
10. Վարկի գործողության ընթացքում սուբսիդավորման գումարի տրամադրումը դադարեցվում է հետևյալ դեպքերում՝
1) վարկի ամբողջական մարման դեպքում․
2) վարկի գործողության ընթացքում վարկառուի կողմից կատարվող ամսական վճարումների շրջանակներում 90 օրվանից ավելի ժամկետանց պարտավորությունների առկայության դեպքում։
8․ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԱՅԼ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
11․ Սույն միջոցառմանը մասնակցելու համար դիմումների ներկայացման ժամկետը՝ սկսած 2025 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։
12․ Սույն միջոցառմանը կարող են մասնակցել հավելվածում նշված պայմանները բավարարող բոլոր շահառուները՝ անկախ նախկինում պետական աջակցության միջոցառումներին մասնակցած լինելու փաստից։
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
27.03.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 մարտի 2025 թվական:
