ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 897-Ա |
«13» մարտի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԴԻՄՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Որոշմամբ լուծվող հարցի նկարագրությունը.
Երևանի քաղաքապետարան հասցեագրված Գուրգեն Այվազյանի 2025 թվականի փետրվարի 12-ի թիվ Դ-15782-25 դիմումի հիման վրա, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթներին համապատասխան` իրականացվել է վարչարարություն:
2025 փետրվարի 12-ի թիվ Դ-15782-25 դիմումով ներկայացված՝ վնասի փոխհատուցման պահանջի քննության կապակցությամբ 2025 թվականի մարտի 7-ին հրավիրված լսումներին ներկայացել և մասնակցել է Գուրգեն Այվազյանը:
Ուսումնասիրելով 2025 թվականի փետրվարի 12-ի թիվ Դ-15782-25 դիմումը, նշված դիմումին, ինչպես նաև 2024 թվականի նոյեմբերի 27-ի թիվ Դ-150957-24 դիմումին կից ներկայացված ապացույցները, 2025 թվականի մարտի 7-ին կազմված՝ վարչարարության շրջանակներում իրականացված լսումների վերաբերյալ արձանագրությունը, գնահատելով դիմումի առարկային առնչվող և լսումների ժամանակ ներկայացված բոլոր ապացույցներն ու փաստական հանգամանքները, պարզվել է հետևյալը.
2. Որոշման կայացման համար հիմք հանդիսացող փաստերը.
Գուրգեն Այվազյանը, հիմք ընդունելով թիվ Դ-150957-24 և թիվ Դ-15782-25 դիմումներում նշված փաստական հանգամանքները, իրավական հիմքերն ու ներկայացված ապացույցները, խնդրել է փոխհատուցել 2024 թվականի նոյեմբերի 25-ին Մաշտոցի պողոտայի թիվ 6 շենքի բակում կայանված՝ իր սեփականությունը հանդիսացող «Toyota Land Cruiser Prado 4.0» մակնիշի «55 RR 707» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա ծառ ընկնելու հետևանքով առաջացած վնասը, որը, ըստ «Վարորդի պաշտպան խորհրդատվական և փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2025 թվականի հունվարի 21-ին տրված թիվ ՎՊ-24-181-ԱՊ եզրակացության՝ կազմում է 6,021,000 (վեց միլիոն քսանմեկ հազար) ՀՀ դրամ:
2019 թվականի նոյեմբերի 8-ին տրված՝ տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման թիվ 09CC621198 վկայականի և տրանսպորտային միջոցի հաշվառման թիվ AB105716 վկայագրի համաձայն՝ «Toyota Land Cruiser Prado 4.0» մակնիշի «55 RR 707» հաշվառման համարանիշի փոխադրամիջոցը հանդիսանում է Գուրգեն Այվազյանի սեփականությունը:
«Վարորդի պաշտպան խորհրդատվական և փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետի կողմից 2025 թվականի հունվարի 20-ին տրված թիվ ՎՊ-24-180-ՀՓ հետքաբանական (տրանսպորտային հետքաբանական) եզրակացության համաձայն՝ «Toyota Land Cruiser Prado 4.0» մակնիշի «55 RR 707» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա առկա՝ նույն եզրակացության մեջ նկարագրված հետքերն ու վնասվածքներն իրենց բնույթով, տեղակայումներով, առաջացման ուղղվածություններով և հատկանիշներով համապատասխանում են փորձաքննությանը ներկայացված պատահարի վայրի էլեկտրոնային լուսանկարներում և պատահարի վայրում կատարված տեսաձայնագրությունների մեջ առկա՝ նշված ավտոմեքենայի վրա ծառ ընկնելու հետևանքով առաջացած հետքերին ու վնասվածքներին և այդպիսիք կարող էին առաջանալ «Պատահարի հանգամանքները» բաժնում նշված ժամանակ և հանգամանքներում նշված ավտոմեքենայի վրա ծառն ընկնելու հետևանքով: Նույն եզրակացությամբ փորձագետը հանգել է այն հետևության, որ տեղի ունեցած պատահարի ու «Toyota Land Cruiser Prado 4.0» մակնիշի «55 RR 707» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի հետքերի և վնասվածքների միջև առկա է պատճառահետևանքային կապ (պատճառը ծառի ընկնել է, հետևանքը՝ դրանից առաջացած հետքերն ու վնասվածքները):
«Վարորդի պաշտպան խորհրդատվական և փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետի կողմից 2025 թվականի հունվարի 21-ին տրված թիվ ՎՊ-24-181-ԱՊ ապրանքագիտական եզրակացության «Հետևություն» բաժնի 1-ին կետի համաձայն՝ փորձաքննությանը ներկայացված «Toyota Land Cruiser Prado 4.0» մակնիշի «55 RR 707» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա առկա՝ նկարագրված վնասվածքների հետևանքով պատճառված նյութական վնասի չափը, 2024 թվականի նոյեմբերի 25-ի դրությամբ, կազմել է շուրջ 6,021,000 (վեց միլիոն քսանմեկ հազար) ՀՀ դրամ:
2024 թվականի նոյեմբերի 27-ի թիվ Դ-150957-24 դիմումի ուսումնասիրության արդյունքում «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից տրամադրվել է տեղեկատվություն այն մասին, որ 2024 թվականի նոյեմբերի 25-ին ժամը 22:30-ի սահմաններում Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի թիվ 6 շենքի բակում քաղաքացի Գուրգեն Այվազյանին պատկանող «Toyota Land Cruiser Prado 4.0» մակնիշի «55 RR 707» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա տապալվել է Երևանի «Կապույտ մզկիթի» հողատարածքում գտնվող՝ ամբողջությամբ չորացած բարդի:
2025 թվականի փետրվարի 12-ի թիվ Դ-15782-25 դիմումի առարկայի կապակցությամբ կատարված հարցմանն է պատասխան՝ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի 2025 թվականի փետրվարի 24-ի թիվ Ն/7634-25 գրությամբ պատասխանվել է, որ ահազանգ ստանալուց հետո «Կապույտ մզկիթի» հողատարածքում գտնվող արմատախիլ եղած, տապալված, չորացած բարդին ՀՈԱԿ-ի աշխատակիցների կողմից մասնատվել և դուրս է բերվել տարածքից՝ ցուցաբերելով օժանդակություն: Նշված գրությամբ նաև նշվել է, որ տապալված բարդին չի գտնվել ՀՈԱԿ-ի կողմից սպասարկվող տարածքում, հետևաբար ՀՈԱԿ-ի կողմից չի խնամվել:
2025 թվականի փետրվարի 12-ի թիվ Դ-15782-25 դիմումին կից ներկայացված լուսանկարների ուսումնասիրությամբ ևս հիմնավորվում է տապալված ծառը «Կապույտ մզկիթի» մետաղյա ցանցով սահմանազատված տարածքում գտնվելու, սակայն տապալվելիս ցանկապատը կոտրելու և մասամբ ցանկապատված տարածքից դուրս ընկնելու հանգամանքը:
Լսումների ընթացքում Գուրգեն Այվազյանի կողմից, որպես լրացուցիչ ապացույցներ, ներկայացված՝ ծառի գտնվելու վայրի հողամասի՝ կադաստրային քարտեզից արծարծված հատվածի (սխեմա) հիման վրա Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի տվյալների միասնական էլեկտրոնային բազայից առցանց՝ ինքնաշխատ եղանակով ստացված՝ «Անշարժ գույքի միավորի նկատմամբ գրանցված իրավունքների (բոլոր տեսակի) վերաբերյալ» տեղեկանքի (փաստաթղթի ծածկագիր՝ 09122024-0222) և «Կադաստրային արժեքի ամփոփ հաշվարկի գործող ձևաթուղթ» տեղեկանքի (փաստաթղթի ծածկագիր՝ 09122024-0225) ուսումնասիրությամբ պարզվել է, որ տապալված ծառի գտնվելու վայրի հողամասը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության սեփականությունը:
2024 թվականի նոյեմբերի 27-ի թիվ Դ-150957-24 դիմումի կապակցությամբ տրված՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի թիվ 07/196328-24 գրությամբ Գուրգեն Այվազյանին պարզաբանվել է, որ ծառն ավտոմեքենայի վրա ընկնելու արդյունքում առաջացած վնասի փոխհատուցման հարցի քննարկման նպատակով, ծառի սեփականատիրոջը հասցեագրվող դիմումին կից անհրաժեշտ է ներկայացնել գրավոր ապացույցներ դիմումի առարկա փոխադրամիջոցի վնասվածքներն առաջանալու պատճառների, ինչպես նաև նկարագրված պատահարի հետևանքով առաջացած վնասվածքների հետքաբանական և ապրանքագիտական փորձաքննության արդյունքում կազմված, պատահարի ու վնասի միջև պատճառահետևանքային կապը հիմնավորող՝ ոլորտում համապատասխան որակավորում ունեցող փորձագետի կողմից տրված փորձագիտական եզրակացություններ:
3. Որոշումն ընդունելու հիմնավորումները.
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 14-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի համաձայն՝ քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն իրականացվում է վնասներ հատուցելով:
Օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
Օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):
Օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույք են համարվում հողամասերը, ընդերքի մասերը, մեկուսի ջրային օբյեկտները, անտառները, բազմամյա տնկիները, ստորգետնյա և վերգետնյա շենքերը, շինությունները և հողին ամրակցված այլ գույքը, այսինքն՝ այն օբյեկտները, որոնք անհնար է հողից անջատել՝ առանց այդ գույքին կամ հողամասին վնաս պատճառելու կամ դրանց նշանակության փոփոխման, դադարման կամ նպատակային նշանակությամբ հետագա օգտագործման անհնարինության:
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ նույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները՝ գույք` անշարժ գույք` հողամասերը, անշարժ գույք հանդիսացող ընդերքի մասը, մեկուսի ջրային օբյեկտները, անտառները, բազմամյա տնկիները, ստորգետնյա և վերգետնյա, այդ թվում նաև` կառուցվող շենքերը, շինությունները և հողին ամրակցված այլ գույքը:
Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարի 2020 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ 6367-2020 գրությամբ տրված պարզաբանման համաձայն՝ օրենքի իմաստով ծառը (անկախ դրա տեսակից) հանդիսանում է, որպես անշարժ գույք, դիտվում է որպես հողամասի պատկանելիք, հետևաբար չի կարող առանձին գրանցվել և սեփականության իրավունքով պատկանում է հողամասի սեփականատիրոջը (քաղաքացիական օրենսգրքի 202-րդ հոդվածի 6-րդ մաս):
Օրենսգրքի 164-րդ հոդվածի համաձայն՝ սեփականատերը կրում է իրեն պատկանող գույքի պահպանման հոգսը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1071.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույքի օգտագործման, տիրապետման, տնօրինման, շահագործման կամ կառուցապատման ընթացքում այլ անձանց կամ նրանց գույքին պատճառված վնասի հատուցման պատասխանատվությունը կրում է անշարժ գույքի սեփականատերը, եթե չի ապացուցում, որ վնասը ծագել է անհաղթահարելի ուժի կամ տուժողի դիտավորության հետևանքով:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը վարչական վարույթում որպես ապացույց գնահատում է գործում առկա բացատրությունները, ցուցմունքները, փորձագիտական եզրակացությունները, փաստաթղթերը, նյութերը, իրերը, ինչպես նաև այն հանգամանքները, որոնք իր հայեցողությամբ այդ մարմինը պիտանի և անհրաժեշտ է համարում գործի փաստական հանգամանքների բացահայտման և գնահատման համար:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է` անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1063-րդ հոդվածի համաձայն` քաղաքացուն կամ իրավաբանական անձին պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց ապօրինի գործողություններով (անգործությամբ)` ներառյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի` օրենքին կամ այլ իրավական ակտին չհամապատասխանող ակտ հրապարակելու հետևանքով, պատճառված վնասը հատուցում է Հայաստանի Հանրապետությունը կամ համապատասխան համայնքը:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1063-րդ հոդվածի բովանդակությունից հետևում է, որ օրենսդիրը որպես փոխհատուցման ենթակա վնաս դիտել է այն վնասը, որը պատճառվել է տեղական ինքնակառավարման մարմնի ապօրինի գործողություններով (անգործությամբ), որպիսի հանգամանքը վարույթով ապացուցված չէ:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 96–րդ հոդվածի համաձայն՝ վնասի հատուցում չի իրականացվում, քանի դեռ վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որով անձին վնաս է հասցվել, սահմանված կարգով ոչ իրավաչափ չի ճանաչվել, բացառությամբ նույն օրենքի 109-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:
Ելնելով վերոգրյալից և նկատի ունենալով, որ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն՝ ծառը, որը տապալվել և վնասել է «Toyota Land Cruiser Prado 4.0» մակնիշի «55 RR 707» հաշվառման համարանիշի փոխադրամիջոցը, գտնվում է «Կապույտ մզկիթի» սահմանազատված հողատարածքում, որը «Անշարժ գույքի միավորի նկատմամբ գրանցված իրավունքների (բոլոր տեսակի) վերաբերյալ» (փաստաթղթի ծածկագիր՝ 09122024-0222) և «Կադաստրային արժեքի ամփոփ հաշվարկի գործող ձևաթուղթ» (փաստաթղթի ծածկագիր՝ 09122024-0225) տեղեկանքների համաձայն հանդիսանում է Հայաստանի Հանրապետության սեփականությունը, իսկ վարույթով չեն ներկայացվել պատահարը Երևանի քաղաքապետարանի ոչ իրավաչափ վարչարարության անմիջական, ուղղակի և անխուսափելի հետևանքը հանդիսանալու հանգամանքը հիմնավորող ապացույցներ, ուստի ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 134-րդ, 164-րդ, 1058-րդ, 1071.1-րդ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 42-րդ, 43-րդ, 96-րդ հոդվածներով՝
ՈՐՈՇԵՑԻ
1. Երևանի քաղաքապետարան հասցեագրված Գուրգեն Այվազյանի` վնասի փոխհատուցման պահանջի մասին 2025 թվականի փետրվարի 12-ի թիվ Դ-15782-25 դիմումը մերժել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
Տ. Ավինյան |
