Գլխավոր տեղեկություն
Համար
N 543
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (24.11.1990-till now)
Սկզբնաղբյուր
Հայկական ԽՍՀ Մինխորհի որոշումներ 1990/նոյեմբեր
Ընդունող մարմին
ՀՀ Մինիստրների խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
24.11.1990
Ստորագրող մարմին
ՀՀ Մինիստրների խորհրդի նախագահ ՀՀ Մինիստրների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 նոյեմբերի 1990 թ. N 543

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհուրդը նշում է, որ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի պետական կոմիտեն (Հայաստանի Հանրապետության էկոնոմպետկոմ), որպես պետական կառավարման կենտրոնական մարմին, մշակում և իրագործում է Հայաստանի Հանրապետության տնտեսական և սոցիալական զարգացման պետական կարգավորման քաղաքականությունը:

Հայաստանի Հանրապետության էկոնոմպետկոմի գործունեությունը պետք է ապահովի Հայաստանի անկախության մասին հռչակագրի նպատակների իրագործումը:

Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհուրդը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության էկոնոմպետկոմի կցվող կանոնադրությունը:

2. Հաստատել և 1990 թվականի դեկտեմբերի 3-ից գործողության մեջ մտցնել Հայաստանի Հանրապետության էկոնոմպետկոմի կառուցվածքը, համաձայն հավելվածի:

3. Սահմանել Հայաստանի Հանրապետության էկոնոմպետկոմի կենտրոնական ապարատի աշխատողների առավելագույն թվաքանակը` 210 միավոր (առանց շենքի պահպանման և սպասարկման անձնակազմի թվաքանակի):

4. Թույլատրել Հայաստանի Հանրապետության էկոնոմպետկոմին ունենալ էկոնոմպետկոմի նախագահի հինգ տեղակալ, այդ թվում` մեկ առաջին տեղակալ, և 11 անդամից բաղկացած կոլեգիա:

5. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության էկոնոմպետկոմին` մեկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհուրդ` Հայաստանի Հանրապետության էկոնոմպետկոմի տնտեսագիտական խորհրդի և կոլեգիայի կազմի վերաբերյալ:

6. Իրավունք վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմպետկոմի կոլեգիային, անհրաժեշտության դեպքում, բաժինների կազմի մեջ մտցնել փոփոխություններ, Հայաստանի Հանրապետության էկոնոմպետկոմի կենտրոնական ապարատի աշխատողների հաստատված թվաքանակի սահմաններում:

7. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների մինիստրությանը` Հայաստանի Հանրապետության էկոնոմպետկոմին հատկացնել մարդատար ավտոմեքենայի 18 լիմիտ:

8. Ուժը կորցրած ճանաչել ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի 1989 թվականի ապրիլի 11-ի «Հայկական ԽՍՀ պետպլանի գործունեության և կազմակերպական կառուցվածքի վերակառուցման մասին» N 182 որոշումը:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահ

Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՀԱԿՈԲՅԱՆ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ է
Հայաստանի Հանրապետության Մինիստրների

խորհրդի 1990 թվականի նոյեմբերի 24-ի

N 543 որոշմամբ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի պետական կոմիտեն (Հայաստանի Հանրապետության էկոնոմպետկոմ) հանդիսանում է շուկայական հարաբերությունների անցման պայմաններում Հայաստանի Հանրապետության տնտեսական և սոցիալական զարգացման պետական կարգավորման քաղաքականություն մշակող ու իրականացնող մարմին:

Հայաստանի Հանրապետության էկոնոմպետկոմի գործունեությունը պետք է ապահովի Հայաստանի անկախության մասին հռչակագրի նպատակների իրագործումը:

Հայաստանի Հանրապետության էկոնոմպետկոմը իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի կառավարության որոշումներով և կարգադրություններով:

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմպետկոմի` որպես Հայաստանի Հանրապետության պետական կառավարման կենտրոնական մարմնի, գլխավոր խնդիրներն են հանդիսանում. 

ա) հանրապետության տնտեսական և սոցիալական զարգացման առաջիկա տարվա ծրագրի նախագծի (անհրաժեշտության դեպքում` կես տարվա, եռամսյակի), հեռանկարային պետական ծրագրերի, ինչպես նաև ոլորտների, ճյուղերի և ռեգիոնների զարգացման ծրագրերի նախագծերի մշակումը.

բ) պետական պատվերների նախագծի կազմումը և Հայաստանի Հանրապետության կառավարության տնօրինության տակ գտնվող կենտրոնացված կարգով հանրապետությունում բաշխվող արտադրատեխնիկական նշանակման արտադրանքի, ժողովրդական սպառման ապրանքների ու գյուղատնտեսական արտադրանքի օգտագործման մասին առաջարկությունների նախապատրաստումը.

գ) շուկայական հարաբերությունների անցման պայմաններում սոցիալական քաղաքականության արդյունավետությանը, մարդկանց սոցիալական պաշտպանվածությանն ու աշխատանքային ակտիվության բարձրացմանն ուղղված համալիր միջոցառումների մշակումը և իրականացումը.

դ) շուկայի գործունեության կարգի, երաշխավորությունների և սահմանափակումների որոշումը, տնտեսական կարգավորման նորմատիվների (հարկեր, քվոտաներ, լիցենզիաներ, դրույքներ և շրջակա միջավայրի պահպանման նորմաներ ու նորմատիվներ և այլն) մշակման ապահովումը, ինչպես նաև գների պետական կարգավորումը և վերահսկման կազմակերպումը.

ե) ֆինանսական, աշխատանքային և նյութական ռեսուրսների հիմնական տեսակների ամփոփ հաշվեկշիռների մշակումը` հանրապետության էկոնոմիկայի արդյունավետ ու հաշվեկշռված զարգացումն ապահովելու համար.

զ) հանրապետության ժողովրդական տնտեսության ճյուղերի և առանձին ռեգիոնների ավտոնոմ և կայուն գործունեության ապահովումը ծայրահեղ պայմաններում:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմպետկոմը իրականացնում է Հայաստանի Հանրապետության մինիստրությունների և գերատեսչությունների, ժողովրդական պատգամավորների քաղաքային ու շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեների գործունեության կոորդինացումը տնտեսական և սոցիալական զարգացման պետական կարգավորման բնագավառում, ինչպես նաև այդ բնագավառի մեթոդական ղեկավարումը:

Ծրագրերի նախագծեր կազմելու և դրանց կատարումը վերահսկելու ընթացքում ապահովում է համագործակցությունը Հայաստանի Հանրապետության պետմատի, ճարտարապետության և քաղաքաշինության պետական կոմիտեի, վիճպետկոմի ու ֆինանսների մինիստրության, արտաքին տնտեսական կապերի մինիստրության, գիտությունների ակադեմիայի, հատուկ տնտեսական ծրագրերի իրագործման պետական կոմիտեի և շահագրգռված այլ մինիստրությունների, գերատեսչությունների ու գիտական հիմնարկների հետ:

4. Առաջադրված խնդիրների լուծման համար Հայաստանի Հանրապետության էկոնոմպետկոմը իր իրավասության շրջանակներում համագործակցում է ԽՍՀՄ կենտրոնական մարմինների, ԽՍՀՄ մինիստրությունների և գերատեսչությունների, արտասահմանյան պետությունների, միջազգային կազմակերպությունների տնտեսական ծառայությունների հետ:

5. Հայաստանի Հանրապետության էկոնոմպետկոմը պատասխանատվություն է կրում հանրապետության տնտեսական և սոցիալական զարգացման կազմվող ծրագրերի նախագծերի հիմնավորվածության և հաշվեկշռվածության համար:

Հայաստանի Հանրապետության էկոնոմպետկոմը գործող օրենսդրության սահմաններում իրավասու է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները պետական ծրագրերը որակով ու ժամանակին մշակելու և իրագործելու համար:

6. Հայաստանի Հանրապետության էկոնոմպետկոմը ամփոփում է իր իրավասության մեջ մտնող հարցերի օրենսդրական կիրառման պրակտիկան, մշակում է առաջարկություններ այդ օրենսդրության կատարելագործման համար և ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհրդի քննարկմանը:

7. Հայաստանի Հանրապետության էկոնոմպետկոմին իրավունք է տրվում.

ա) ծրագրերի և ժողովրդատնտեսական առանձին պրոբլեմների մշակման աշխատանքներում ներգրավել հանրապետության գիտությունների ակադեմիայի, գիտահետազոտական, տեխնոլոգիական ու նախագծակոնստրուկտորական կազմակերպությունների, բարձրագույն ուսումնական հաստատությունների և ուրիշ կազմակերպությունների, ինչպես նաև առանձին գիտնականների և մասնագետների.

բ) լսել հանրապետության մինիստրությունների, գերատեսչությունների, միավորումների, ձեռնարկությունների և կազմակերպությունների ղեկավարների զեկուցումները ծրագրերի իրագործման ընթացքի և իրենց իրավասության մեջ մտնող այլ հարցերի վերաբերյալ.

գ) ստանալ`

Հայաստանի Հանրապետության վիճպետկոմից վիճակագրական տվյալներ, որոնք անհրաժեշտ են ծրագրերը մշակելու, դրանց կատարման ընթացքը վերահսկելու և առանձին տնտեսական հարցերի գծով առաջարկություններ մշակելու համար.

Հայաստանի Հանրապետության մինիստրություններից, գերատեսչություններից, ինչպես նաև անմիջականորեն միավորումներից` անկախ դրանց ենթակայությունից, ձեռնարկություններից և կազմակերպություններից նյութեր, որոնք անհրաժեշտ են պետական ծրագրերը մշակելու և դրանց կատարման ընթացքը վերահսկելու համար, ներառյալ մինիստրությունների, գերատեսչական վիճակագրական ու այլ ինֆորմացիոն նյութերը.

դ) Հայաստանի Հանրապետության մինիստրություններին և գերատեսչություններին հանձնարարել առանձին պրոբլեմների մշակումը, որոնք կապված են հանրապետության ժողովրդական տնտեսության ճյուղերի զարգացման և արդյունավետության բարձրացման, ինչպես նաև ժողովրդական տնտեսության փոխկապակցված ճյուղերի համալիր զարգացման խնդիրների լուծման հետ.

ե) կազմակերպել միջգերատեսչական հանձնաժողովներ` տնտեսական առանձին պրոբլեմների մշակման և քննարկման համար, ինչպես նաև սահմանված կարգով հրավիրել խորհրդակցություններ իր իրավասության մեջ մտնող հարցերի շուրջ:

8. Հայաստանի Հանրապետության էկոնոմպետկոմը ստեղծում է տնտեսագիտական խորհուրդ` Հայաստանի Հանրապետության էկոնոմպետկոմի նախագահի, նախագահի տեղակալների և տնտեսագիտական խորհրդի անդամների կազմով: Տնտեսագիտական խորհրդի անդամները նշանակվում են Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհրդի կողմից:

Տնտեսագիտական խորհրդի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության պետմատի, ճարտարապետության և քաղաքաշինության պետական կոմիտեի, վիճպետկոմի նախագահները, ֆինանսների մինիստրը, արտաքին տնտեսական կապերի մինիստրը, աշխատանքի ու սոցիալական ապահովության մինիստրը, գիտությունների ակադեմիայի փոխ-պրեզիդենտը, Հայաստանի Հանրապետության կառավարության տնտեսական բարեփոխումների և սեփականաշնորհման պետական հանձնաժողովի նախագահի տեղակալը, ԽՍՀՄ պետբանկի հայկական հանրապետական բանկի վարչության նախագահը, ժողովրդական դեպուտատների Երևանի, Լենինականի և Կիրովականի քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեների պլանային հանձնաժողովների նախագահները, Հայաստանի Հանրապետության էկոնոմպետկոմի առաջատար բաժինների վարիչները, ինչպես նաև խոշոր գիտնականներ, մասնագետներ և տնտեսական ղեկավարներ:

Հայաստանի Հանրապետության էկոնոմպետկոմի տնտեսագիտական խորհուրդը իր նիստերում քննարկում է Հայաստանի Հանրապետության տնտեսական և սոցիալական զարգացման հիմնական հարցերը, ինչպես նաև կարևորագույն հանրապետական նպատակային համալիր ծրագրերի նախագծերը:

9. Հայաստանի Հանրապետության էկոնոմպետկոմում ստեղծվում է կոլեգիա` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի պետական կոմիտեի նախագահի (կոլեգիայի նախագահ), Հայաստանի Հանրապետության էկոնոմպետկոմի նախագահի տեղակալների (ըստ պաշտոնի), Հայաստանի Հանրապետության էկոնոմպետկոմի առաջատար բաժինների վարիչների, ինչպես նաև ենթակա կազմակերպությունների ղեկավար աշխատողների կազմով: Հայաստանի Հանրապետության էկոնոմպետկոմի կոլեգիայի անդամները հաստատվում են Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհրդի կողմից:

Հայաստանի Հանրապետության էկոնոմպետկոմի կոլեգիան իր նիստերում քննարկում է հանրապետության տնտեսական և սոցիալական կարգավորման ժողովրդատնտեսական համամասնությունների կատարելագործման, էկոնոմիկայի հաշվեկշռվածության ապահովման, հանրային արտադրության արդյունավետության բարձրացման, կառավարման տարբեր մակարդակներում կարգավորման մեթոդաբանության և կազմակերպման կատարելագործման, ծրագրերի և պլանների նախագծերի նախապատրաստման ընթացքի, Հայաստանի Հանրապետության էկոնոմպետկոմի ապարատի աշխատանքի ոճի ու մեթոդների կատարելագործման, կադրերի ընտրության ու ամրակցման, կատարողական կարգապահության ամրապնդման հիմնական հարցերը:

Նշված հարցերի քննարկման արդյունքներով ընդունված որոշումները իրագործվում են Հայաստանի Հանրապետության էկոնոմպետկոմի կարգադրությունների և հրամանների միջոցով: Կոմիտեի նախագահի և կոլեգիայի միջև անհամաձայնության դեպքում նախագահը իրագործում է իր որոշումը, իսկ կոլեգիայի անդամները իրենց հերթին կարող են իրենց կարծիքը հայտնել Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհրդին:

10. Հայաստանի Հանրապետության էկոնոմպետկոմի տնտեսագիտական խորհրդի և կոլեգիայի նիստերին, անհրաժեշտության դեպքում, մասնակցում են Հայաստանի Հանրապետության մինիստրությունների և գերատեսչությունների, ժողովրդական պատգամավորների քաղաքային ու շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեների այն ղեկավարները, որոնք անմիջականորեն առնչվում են քննարկվող հարցերին:

11. Հայաստանի Հանրապետության էկոնոմպետկոմը ընդունած որոշումների մասին զեկուցում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը, ինչպես նաև այդ որոշումները հասցնում է շահագրգռված մինիստրություններին, գերատեսչություններին, Հայաստանի Հանրապետության ժողովրդական պատգամավորների քաղաքային և շրջանային խորհուրդներին:

Հայաստանի Հանրապետության էկոնոմպետկոմը իր իրավասության շրջանակներում հրապարակում է որոշումներ և հրահանգչական ցուցումներ, որոնց կատարումը պարտադիր է բոլոր մինիստրությունների, գերատեսչությունների և հանրապետության այլ կազմակերպությունների համար:

Անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության էկոնոմպետկոմը հրապարակում է որոշումներ և հրահանգչական ցուցումներ` Հայաստանի Հանրապետության մյուս մինիստրությունների, պետական կոմիտեների և գերատեսչությունների հետ համատեղ:

Հայաստանի Հանրապետության էկոնոմպետկոմի նախագահը հրապարակում է հրամաններ և տալիս է ցուցումներ, որոնց կատարումը պարտադիր է Հայաստանի Հանրապետության էկոնոմպետկոմի համակարգի կազմակերպությունների և հիմնարկների համար:

12. Հայաստանի Հանրապետության էկոնոմպետկոմի կառուցվածքում որպես հիմնական ստորաբաժանումներ են հանդես գալիս բաժինները:

Էկոնոմպետկոմի բաժինների վարիչները էկոնոմպետկոմի նախագահի ներկայացմամբ նշանակվում են պաշտոնում ու ազատվում պաշտոնից էկոնոմպետկոմի կոլեգիայի որոշմամբ, նախապես այն համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհրդի հետ:

Փոխկապակցված ճյուղերի ու ոլորտների բաժինները համալիր կառավարման սկզբունքով միավորվում են խմբերում, որոնք ղեկավարվում են էկոնոմպետկոմի նախագահի ու նրա տեղակալների կողմից:

13. Հայաստանի Հանրապետության էկոնոմպետկոմի ենթակայության տակ կարող են գտնվել գիտահետազոտական ինստիտուտներ, լաբորատորիաներ, ինֆորմացիոն-հաշվողական կենտրոններ, ստեղծագործական խմբեր, ժամանակավոր կոլեկտիվներ և այլ ստորաբաժանումներ, որոնք անհրաժեշտ են առաջադրված խնդիրները լուծելու համար:

Հայաստանի Հանրապետության էկոնոմպետկոմը ղեկավարում է իրեն առընթեր գիտահետազոտական և այլ կազմակերպությունների գործունեությունը:

Այդ ստորաբաժանումների ղեկավարները էկոնոմպետկոմի նախագահի ներկայացմամբ նշանակվում են պաշտոնում և ազատվում պաշտոնից Հայաստանի Հանրապետության էկոնոմպետկոմի կոլեգիայի որոշմամբ, նախապես այն համաձայնեցնելով Մինիստրների խորհրդի հետ:

14. Հայաստանի Հանրապետության էկոնոմպետկոմը կարող է գիտնականների և մասնագետների մասնակցությամբ ստեղծել հանձնաժողովներ, խորհուրդներ և տնտեսագիտական խորհրդի անդամների կողմից գլխավորվող մշտական ու ժամանակավոր գործող սեկցիաներ, որոնք քննության են առնելու նյութերը և առաջարկություններ են նախապատրաստելու հանրապետության ժողովրդական տնտեսության, նրա ճյուղերի և տնտեսական շրջանների զարգացման, ինչպես նաև նպատակային ծրագրերի հանգուցային պրոբլեմների վերաբերյալ:

15. Հայաստանի Հանրապետության էկոնոմպետկոմը, անհրաժեշտության դեպքում, կազմակերպում է ժողովրդատնտեսական կարևոր պրոբլեմների, հանրապետության ժողովրդական տնտեսության առանձին ճյուղերի զարգացման ու տեղաբաշխման սխեմաների, խոշոր համալիր օբյեկտների շինարարության նպատակահարմարությունը հիմնավորող նյութերի և հանրապետության ժողովրդական տնտեսության զարգացման այլ կարևոր հարցերի փորձաքննություն:

16. Հայաստանի Հանրապետության էկոնոմպետկոմը ենթարկվում է Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհրդին:

17. Հայաստանի Հանրապետության էկոնոմպետկոմի կենտրոնական ապարատի կառուցվածքն ու աշխատողների թվաքանակը հաստատվում են Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհրդի կողմից:

18. Հայաստանի Հանրապետության էկոնոմպետկոմը ունի կնիք` իր անվանմամբ և Հայաստանի Հանրապետության պետական զինանիշի պատկերմամբ:

 

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության Մինիստրների

խորհրդի 1990 թվականի նոյեմբերի 24-ի

N 543 որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ (ԸՍՏ ԲԱԺԻՆՆԵՐԻ)

 

Սոցիալ-տնտեսական զարգացման

Մոբիլիզացման (երկրորդ բաժին)

Ռեգիոնալ քաղաքականության և տարածքային զարգացման

Բնօգտագործման և միջավայրի պահպանության

Ֆինանսների և դրամաշրջանառության

Ժողովրդագրության, աշխատանքի և կենսամակարդակի

Սոցիալական ոլորտի

Առևտրի և ծառայությունների

Գիտության և ինֆորմատիկայի

Արդյունաբերության

Հանրապետական և թեթև արդյունաբերության

Գյուղատնտեսության և վերամշակման

Շինարարության

Էներգետիկայի և վառելիքի

Տրանսպորտի և կապի

Բնակարանային շինարարության և կոմունալ տնտեսության

Միջհանրապետական և արտաքին տնտեսական կապերի

Նյութական ռեսուրսների

Տնտեսական բարեփոխումների իրականացման

Գնագոյացման կազմակերպման և ինֆորմացիայի

Գների պետական կարգավորման

Գների պետական վերահսկողության

Ստանդարտների

Գործերի կառավարչություն

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՀԱԿՈԲՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան