ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, նախագահող դատավոր Գ. Շահբազյան |
ԿԴ/0072/12/23 |
ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, |
| ||||
|
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ | |
մասնակցությամբ դատավորներ` |
Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ | |
Լ. Թադևոսյանի | ||
|
|
Ա. ՊՈՂՈՍՅԱՆի |
20 նոյեմբերի 2024 թվական |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով դատապարտյալ Էդգար Ահարոնի Մանասերյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի փետրվարի 1-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ե․Ավագյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի հուլիսի 23-ի դատավճռով Էդգար Ահարոնի Մանասերյանը մեղավոր է ճանաչվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 112-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով, որին հաշվակցվել է կալանքի տակ գտնվելու 4 (չորս) օրն ու նրան թողնվել է կրելու ազատազրկում՝ 3 (երեք) տարի 5 (հինգ) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով։ Նույն օրենսգրքի 70-րդ հոդվածի կարգով՝ Էդգար Մանասերյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, և սահմանվել է փորձաշրջան՝ 3 (երեք) տարի ժամկետով։
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի դեկտեմբերի 17-ի որոշմամբ դատախազի բողոքը բավարարվել է, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի հուլիսի 23-ի դատավճիռը մասնակիորեն բեկանվել ու փոփոխվել է․ Էդգար Մանասերյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացվել է և նրան թողնվել է կրելու ազատազրկում՝ 3 (երեք) տարի 5 (հինգ) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով՝ պատժի սկիզբը հաշվելով փաստացի արգելանքի վերցնելու պահից։
2․ Քրեակատարողական և պրոբացիայի ծառայությունների զեկույցների հաշվառմամբ, ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի պետը 2023 թվականի հուլիսի 24-ին որոշում է կայացրել դատապարտյալ Է․Մանասերյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը դատարան ներկայացնելու մասին, ու նույն թվականի հուլիսի 26-ին միջնորդագիր է ներկայացրել Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)։
Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 15-ի որոշմամբ դատապարտյալ Է․Մանասերյանը պայմանական վաղաժամկետ ազատվել է ազատազրկման ձևով պատժի չկրած մասը՝ 2 (երկու) տարի 2 (երկու) ամիս 8 (ութ) օր ժամկետով ազատազրկումը կրելուց՝ փորձաշարջանի ընթացքում բնակության վայրը փոխելու դեպքում իրավասու մարմնին սեղմ ժամկետում նոր բնակության վայրի հասցեն հայտնելու և պրոբացիայի ծառայության կողմից առաջարկվող վերասոցիալականացման ծրագրերին մասնակցելու պարտականություններ դնելով։
3․ Դատախազի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2024 թվականի փետրվարի 1-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 15-ի որոշումն անփոփոխ թողնելու մասին:
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ե․Ավագյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2024 թվականի ապրիլի 4-ի որոշմամբ ընդունվել է վարույթ ու սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
5. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ, որն ազդել է վարույթի ելքի վրա։
Այսպես, բողոքաբերը նշել է, որ Է․Մանասերյանին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելը պետք է որոշվեր արարքը կատարելու պահին գործող՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի իրավակարգավորումներով, այսինքն, վերջինս հնարավորություն է ստանում պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվել նշանակված պատժի կեսը կրելուց հետո։ Այդ հետևությունը բողոքի հեղինակը պայմանավորել է նրանով, որ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 85-րդ հոդվածով նախատեսված՝ պատժի պարտադիր կրման ժամանակահատվածի կանոնակարգումը որպես դատապարտյալ Է․Մանասերյանի վիճակն այլ կերպ բարելավող օրենսդրություն՝ նույն օրենսգրքով նախատեսված կարգավորումների համաձայն՝ հետադարձության ուժով կարող է կիրառվել միայն օրենքով նախատեսված լինելու դեպքում, որպիսի նախապայմանն առկա չէ։ Վերոգրյալի հաշվառմամբ բողոքի հեղինակն արձանագրել է, որ Է․Մանասերյանը պայմանական վաղաժամկետ ազատվելու օրվա դրությամբ փաստացի չի կրել իր նկատմամբ սահմանված՝ ազատազրկման կեսը։
Նշվածի հետ մեկտեղ, բողոքի հեղինակը փաստարկել է, որ դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու ինստիտուտին առնչվող իրավահարաբերությունների կարգավորումն ընդգրկված է քրեական, այլ ոչ թե քրեակատարողական օրենսդրության տիրույթում։
5․1․ Բողոքաբերն անդրադարձել է նաև առանց պատժի մնացած մասը կրելու դատապարտյալ Է․Մանասերյանի վերասոցիալականացման հնարավորության մասին ստորադաս դատարանների հետևության հիմնավորվածությանը։
6. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի փետրվարի 1-ի որոշումն ու կայացնել դրան փոխարինող դատական ակտ՝ մերժելով դատապարտյալ Է․Մանասերյանին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելը։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. Ազատազրկման կատարումն ապահովելու համար Է․Մանասերյանը 2022 թվականի մայիսի 26-ին ընդունվել է քրեակատարողական հիմնարկ1։
8․ Առաջին ատյանի դատարանը, Է․Մանասերյանին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելով, իր դատական ակտը պատճառաբանել է հետևյալ կերպ. «(․․․) [Դ]ատապարտյալ Էդգար Մանասերյանը (․․․) ազատարկման ձևով նշանակված պատժի մնացած մասը կրելու կարիք չունի, քանի որ վերջինիս դրսևորած վարքագծի վերաբերյալ տվյալների և այլ հանգամանքների վերլուծությունը ցույց է տալիս, որ նա կանգնած է ուղղման ճանապարհին և պատժի նպատակները հնարավոր է վերջնականապես իրագործել համապատասխան վերահսկողության ներքո դատապարտյալի ազատության մեջ գտնվելու պայմաններում։ (․․․)»2:
9․ Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով վիճարկվող դատական ակտը, արձանագրել է հետևյալը․ «(․․․) Առաջին ատյանի դատարանը բողոքարկվող որոշմամբ եկել է հիմնավոր հետևության և փաստում, որ դատապարտյալ Էդգար Մանասերյանի նկատմամբ նշանակված պատժի նպատակները հնարավոր է վերջնականապես իրագործել համապատասխան վերահսկողության ներքո, և նրան պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելով հնարավոր է հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածով ամրագրված պատժի նպատակներին։
(․․․)
Անդրադառնալով բողոքում ներկայացված պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու պայմանների առնչությամբ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված քրեական օրենսգրքի դրույթների կիրառելիության հարցին՝ ապա Վերաքննիչ դատարանի գնահատմամբ, գործողության մեջ դրված օրենսգիրքը բարելավում է արարք կատարած անձի վիճակը, մասնավորապես՝ «Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելը» վերտառությամբ հոդվածում կատարված փոփոխությունն ըստ էության պատիժը և պատասխանատվությունը մեղմացնող է, քանի որ դատապարտյալը հնարավորություն է ստանում պատժից պայմանական վաղաժամկետ ազատվել իր նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատժի ավելի քիչ ժամկետը կրելու դեպքում, հետևաբար նշված փոփոխությանը պետք է տրվի հետադարձ ուժ։ (․․․)»3։
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
10․ Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավոր է արդյո՞ք ստորադաս դատարանի հետևությունն առ այն, որ դատապարտյալ Է․Մանասերյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման անհրաժեշտ նախապայման հանդիսացող՝ պատժի պարտադիր կրման նվազագույն ժամկետը ենթակա է հաշվարկման ՀՀ գործող քրեական օրենսգրքով սահմանված կանոնով։
ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Անձի իրավական վիճակը բարելավող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով»։
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 8-րդ հոդվածի համաձայն՝ «1. Արարքի հանցավորությունը, պատժելիությունը և քրեաիրավական այլ հետևանքները որոշվում են դա կատարելու ժամանակ գործող քրեական օրենքով:
2. Սույն օրենսգրքով նախատեսված հանցանքը կատարելու ժամանակ է համարվում գործողությունը կամ անգործությունը կատարելու պահը՝ անկախ հետևանքներն առաջանալու պահից: (․․․)»։
Նույն օրենսգրքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ, եթե դա նախատեսված է օրենքով»։
ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Պայմանական վաղաժամկետ ազատում կարող է կիրառվել միայն, եթե դատապարտյալը փաստացի կրել է՝
(․․․)
2) ծանր հանցագործության համար նշանակված պատժի ոչ պակաս, քան կեսը. (․․․)»։
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Դատապարտյալը կարող է պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատվել, եթե կրել է՝
1) 5 տարին չգերազանցող ժամկետով ազատազրկման ձևով նշանակված պատժի ոչ պակաս, քան մեկ երրորդը, (․․․)»։
11․ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթների հետադարձ ազդեցության հնարավորության հիմնախնդրին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Վանիկ Առուստամյանի գործով որոշման շրջանակներում` արձանագրելով, որ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու ինստիտուտը նյութաիրավական է և պատժից ազատելու հիմքերն ու պայմանները կանոնակարգող քրեաիրավական նորմի կիրառելիությունը որոշվում է ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության կանոնների հաշվառմամբ, որոնց անտեսումը կհանգեցնի նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառման։ Տվյալ դեպքում նոր քրեական օրենսդրությամբ կատարված փոփոխություններով պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման անհրաժեշտ նախապայման հանդիսացող՝ պատժի պարտադիր կրման նվազագույն ժամկետի հաշվարկման առավել բարենպաստ կանոն է սահմանվել, սակայն ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի ուժով դրան չի կարող հետադարձ ուժ տրվել, քանի որ օրենքով նման հնարավորություն չի նախատեսվել4։
12․ Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ․
- ծանր հանցագործության համար մեղավոր ճանաչված Է․Մանասերյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով, որին հաշվակցվել է կալանքի տակ գտնվելու 4 (չորս) օրն ու նրան թողնվել է կրելու ազատազրկում՝ 3 (երեք) տարի 5 (հինգ) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով5,
- ազատազրկման կատարումն ապահովելու համար Է․Մանասերյանը քրեակատարողական հիմնարկ է ընդունվել 2022 թվականի մայիսի 26-ին6,
- 2023 թվականի հուլիսի 26-ին, ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի պետը, դատապարտյալ Է․Մանասերյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու միջնորդագիր է ներկայացրել Առաջին ատյանի դատարան7,
- պատժի կրման ընթացքում դատապարտյալի դրսևորած վարքագծի ու այլ հանգամանքների վերլուծությամբ Առաջին ատյանի դատարանը եկել է այն եզրահանգման, որ պատժի համակցված նպատակների վերջնականապես իրագործումը հնարավոր է համապատասխան վերահսկողության ներքո Է․Մանասերյանի՝ ազատության մեջ գտնվելու պայմաններում։ Արդյունքում, Առաջին ատյանի դատարանը դատապարտյալ Է․Մանասերյանին պայմանական վաղաժամկետ ազատել է պատժի չկրած մասը կրելուց8,
- անդրադարձ կատարելով ՀՀ գործող քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի իրավակարգավորումները հետադարձության կարգով կիրառելու հնարավորությանը՝ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ պատժի պարտադիր կրման ժամանակահատվածի կանոնակարգման տեսանկյունից ՀՀ գործող քրեական օրենսգրքի իրավակարգավորումը համարվում է պատիժը և պատասխանատվությունը մեղմացնող օրենսդրություն, հետևաբար այդ փոփոխությանը պետք է տրվի հետադարձ ուժ9։
13․ Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով Վանիկ Առուստամյանի գործով որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն իր համաձայնությունն է հայտնում բողոք բերած անձի այն եզրահանգմանը, որ պատժից պայմանական վաղաժամկետ ազատման պայման հանդիսացող՝ պատժի պարտադիր կրման ժամանակահատվածի կանոնակարգման տեսանկյունից թեև ՀՀ գործող քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի կանոնը, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի կարգավորման համեմատ համարվում է դատապարտյալ Է․Մանասերյանի վիճակն այլ կերպ բարելավող օրենսդրություն, սակայն այն հետադարձության ուժով կիրառելու հատուկ կարգավորում օրենքով նախատեսված չէ, ուստի, ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի կանոնի ուժով քրեական նոր օրենսդրությունը հետադարձ ուժ չունի։
Ուստի, Վճռաբեկ դատարանի համար ընդունելի չէ ստորադաս դատարանի այն հետևությունը, որ մինչև ՀՀ գործող քրեական օրենսգրքի ուժի մեջ մտնելը հանցանք կատարած Է․Մանասերյանի նկատմամբ պետք է կիրառել ՀՀ գործող քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով սահմանված կանոնը, քանի որ, ինչպես արդեն նշվեց, այն հետադարձ ուժով կիրառելու հնարավորությունն օրենքով նախատեսված չէ։
Վերոգրյալի հաշվառմամբ անդրադառնալով ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով սահմանված նվազագույն ժամկետը դատապարտյալ Է․Մանասերյանի կողմից փաստացի կրած լինելու հարցին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատապարտյալ Է․Մանասերյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով, վերջինս կալանքի տակ է գտնվել 4 (չորս) օր ժամկետով, այնուհետև՝ դատավճիռն ի կատար ածելու համար, 2022 թվականի մայիսի 26-ին, Է․Մանասերյանն ընդունվել է քրեակատարողական հիմնարկ և 2023 թվականի սեպտեմբերի 15-ին պայմանական վաղաժամկետ ազատվել է պատիժը կրելուց։ Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դատապարտյալ Է․Մանասերյանը պայմանական վաղաժամկետ ազատվելու օրվա դրությամբ նշանակված պատժից փաստացի կրել է 1 (մեկ) տարի 3 (երեք) ամիս 23 (քսաներեք) օրը, որից 4 (չորս) օրը կրել է նախաքննության ընթացքում արգելանքի տակ գտնվելու տեսքով, իսկ 1 (մեկ) տարի 3 (երեք) ամիս 19 (տասնինը) օրը՝ օրինական ուժ ստացած դատական ակտի կատարման փուլում10։
Ընդհանրացնելով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ծանր հանցագործության համար ազատազրկման դատապարտված Է․Մանասերյանը պայմանական վաղաժամկետ ազատվելու օրվա՝ 2023 թվականի սեպտեմբերի 15-ի դրությամբ, իր նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատժից կրել է 1 (մեկ) տարի 3 (երեք) ամիս 23 (քսաներեք) օրը, հետևաբար, Է․Մանասերյանը փաստացի չի կրել իր նկատմամբ սահմանված՝ 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկման կեսը։
Նշված եզրահանգման հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքաբերի՝ սույն որոշման 5․1-րդ կետում նշված փաստարկին անդրադառնալն առարկայազուրկ է։
14․ Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն փաստարկին, որ պատժի պարտադիր կրման նվազագույն ժամկետը նվազեցնող օրենքը համարվում է պատիժը մեղմացնող՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ՝
- կառուցվածքի տեսանկյունից քրեական օրենսդրությամբ պատժին և պատժից ազատելուն վերաբերող իրավադրույթներն առանձնացված են տարբեր բաժիններով,
- պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու ինստիտուտը տեղ է գտել պատժից ազատելու ինստիտուտը կանոնակարգող գլխում։
Վերոնշյալը վկայում է այն մասին, որ պատժից պայմանական վաղաժամկետ ազատելը չի դիտարկվում որպես պատժի ինստիտուտ․ պատժի ինստիտուտի բաղկացուցիչ մասը և դրա տարրերից չէ, իսկ պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու իրավահարաբերությունն առաջանում է, երբ պատժի նշանակման գործընթացն արդեն իսկ ավարտված է, հետևաբար պատժի պարտադիր կրման նվազագույն ժամկետը նվազեցնող օրենքը չի կարող դիտարկվել որպես պատիժը մեղմացնող օրենք։
Նշվածի հետ մեկտեղ, հարկ է նշել, որ Վճռաբեկ դատարանն իր նախադեպային իրավունքում բազմիցս ընդգծել է, որ պատժից ազատելու հիմքերի և պայմանների հետ կապված՝ առավել նպաստավոր պայմաններ ստեղծող նոր օրենքը համարվում է անձի վիճակն այլ կերպ բարելավող։ Բացի այդ, հարկ է նկատել, որ պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու հարցում դատարանին տրված է չափելի հայեցողություն, այսինքն, պատժի պարտադիր կրման նվազագույն առավել նպաստավոր ժամկետի սահմանումը պատժից անվերապահ ազատում նախատեսող նորմ չէ11։
15․ Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարույթով Առաջին ատյանի դատարանը՝ դատական ակտ կայացնելիս, իսկ Վերաքննիչ դատարանը՝ Առաջին ատյանի դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելով, թույլ են տվել նյութական օրենքի խախտում, այն է` կիրառել են 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված և 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածը, որը ենթակա չէր կիրառման և չեն կիրառել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածը, որը սույն վարույթով ենթակա էր կիրառման, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի, հիմք է Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 15-ի և այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի` 2024 թվականի փետրվարի 1-ի դատական ակտերը բեկանելու և դատապարտյալ Է․Մանասերյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի պետի միջնորդագիրը մերժելու համար։
Ելնելով վերոգրյալից ու ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ 361-րդ, 363-րդ և 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Դատապարտյալ Էդգար Ահարոնի Մանասերյանի վերաբերյալ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 15-ի և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2024 թվականի փետրվարի 1-ի որոշումները բեկանել և ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի պետի միջնորդագիրը մերժել։
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
____________________
1 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 6-9:
2 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 66-70:
3 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 118-137:
4 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Վանիկ Առուստամյանի գործով 2024 թվականի փետրվարի 22-ի թիվ ԼԴ/0004/12/22 որոշումը։
5 Տե՛ս սույն որոշման 1-ին կետը։
6 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը։
7 Տե՛ս սույն որոշման 2-րդ կետը։
8 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։
9 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը։
10 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Հովհաննես Հովհաննիսյանի գործով 2012 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ ԵԷԴ/0063/13/12 որոշման 16-րդ կետը:
11 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Միշա Մուրադյանի գործով 2023 թվականի նոյեմբերի 10-ի թիվ ԵԴ/1424/01/21 որոշումը:
Նախագահող` Դատավորներ` |
Հ. Ասատրյան |
Լ. Թադևոսյան | |
Ա. Պողոսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 փետրվարի 2025 թվական:
