ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ՍՈՎԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հունիսի 1976 թվականի N 308
Քաղ. Երևան
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ԿՈՄՈՒՆԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԻՆԻՍՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետը որոշում է.
1. Հաստատել Հայկական ՍՍՀ Կոմունալ տնտեսության մինիստրության կանոնադրությունը, որը կցվում է։
2. Ուժը կորցրած համարել Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1965 թվականի փետրվարի 26-ի «Հայկական ՍՍՀ Կոմունալ տնտեսության մինիստրության կանոնադրությունը հաստատելու մասին» N 80 որոշումը:
Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ Սովետի նախագահ` Գ. ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ Սովետի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ` |
Հ. ՎԱՐԴԱՆՅԱՆ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1976 թվականի հունիսի 15-ի N 308 որոշմամբ |
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ԿՈՄՈՒՆԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԻՆԻՍՏՐՈՒԹՅԱՆ
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
1. Հայկական ՍՍՀ Կոմունալ տնտեսության մինիստրությունը Հայկական ՍՍՀ Սահմանադրությանը համապատասխան հանդիսանում է հանրապետական մինիստրություն և իր գործունեությամբ անմիջականորեն ենթարկվում է Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետին։
2. Հայկական ՍՍՀ Կոմունալ տնտեսության մինիստրությունն իր գործունեությամբ ղեկավարվում է ՍՍՀՄ և Հայկական ՍՍՀ օրենքներով, ՍՍՀՄ Գերագույն սովետի նախագահության և Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության հրամանագրերով, ՍՍՀՄ Մինիստրների սովետի և Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի որոշումներով ու կարգադրություններով, այլ նորմատիվ ակտերով, սույն Կանոնադրությամբ և ապահովում է գործող օրենսդրության ճիշտ կիրառումը Մինիստրությանը ենթակա ձեռնարկություններում, կազմակերպություններում ու հիմնարկներում։
3. Հայկական ՍՍՀ Կոմունալ տնտեսության մինիստրությունը ապահովում է ղեկավար տնտեսական և ինժեներա-տեխնիկական կադրերի ընտրության, առաջքաշման ու տեղաբաշխման լենինյան սկզբունքների կենսագործումը, ստուգում և վերահսկում է ղեկավար կադրերի կողմից կուսակցության և կառավարության դիրեկտիվների ու որոշումների կատարումը, հասարակական կազմակերպությունների հետ միասին ապահովում է կադրերի աշխատանքի նկատմամբ կոմունիստական վերաբերմունքի դաստիարակությունը և նրանց կողմից պետական կարգապահության խստագույն պահպանումը, հանրային արտադրության վերելքի նյութական ու բարոյական խթանների ճիշտ զուգակցումը և յուրաքանչյուր աշխատողի պատասխանատվության բարձրացումը ինչպես իրեն հանձնարարված գործի, այնպես էլ կոլեկտիվի աշխատանքի ընդհանուր արդյունքների նկատմամբ։
4. Հայկական ՍՍՀ Կոմունալ տնտեսության մինիստրությունը, ենթակա ձեռնարկությունները, կազմակերպություններն ու հիմնարկները, աշխատավորների դեպուտատների տեղական սովետների գործկոմների կոմունալ-բնակարանային տնտեսության մարմինները և նրանց ձեռնարկություններն ու կազմակերպությունները կազմում են Հայկական ՍՍՀ Կոմունալ տնտեսության մինիստրության միասնական սիստեմը։
5. Հայկական ՍՍՀ Կոմունալ տնտեսության մինիստրությունն ապահովում է կառավարման մեջ դեմոկրատական սկզբունքների զարգացումը, պայմաններ է ստեղծում, որպեսզի աշխատավորներն ու նրանց հասարակական կազմակերպությունները նախաձեռնություն դրսևորեն ու ակտիվ մասնակցեն արտադրության կատարելագործման և Մինիստրության ու ենթակա ձեռնարկությունների, կազմակերպությունների և հիմնարկների գործունեությունում տեղ գտած թերությունների վերացման աշխատանքում։
6. Հայկական ՍՍՀ Կոմունալ տնտեսության մինիստրությունը կոմունալ-բնակարանային տնտեսության ղեկավարման բոլոր հարցերը քննարկելիս և լուծելիս, իր աշխատանքները կազմակերպում է կոլեգիալության և միանձնյա ղեկավարման զուգակցման հիման վրա, սահմանելով պաշտոնատար անձանց անմիջական պատասխանատվությունը՝ աշխատանքի հանձնարարված տեղամասում գործերի վիճակի և որոշակի առաջադրանքների կատարման համար։
7. Հայկական ՍՍՀ Կոմունալ տնտեսության մինիստրության գլխավոր խնդիրներն են՝
ա) հանրապետության քաղաքների (բացի Երևան քաղաքից), շրջկենտրոնների և ավանների կոմունալ-բնակարանային տնտեսության զարգացման ու բարեկարգման աշխատանքների ղեկավարումը, սահմանված կարգով կոմունալ և բնակարանային տնտեսության նոր ձեռնարկությունների ու կազմակերպությունների ստեղծումը, ձեռնարկությունների և տնտեսական կազմակերպությունների համար սահմանված պլանային առաջադրանքների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը և դրանց կատարման ապահովումը.
բ) բնակարանային, կոմունալ և կուլտուր-կենցաղային շինարարության գծով միասնական պատվիրատուի պարտականությունների կատարումը, կենտրոնացված և ոչ կենտրոնացված կապիտալ ներդրումների հաշվին կոմունալ-բնակարանային և կուլտուր-կենցաղային օբյեկտների նախագծման ու շինարարության ղեկավարումը, այդ օբյեկտները սահմանված կարգով հաստատված նախագծա-նախահաշվային փաստաթղթերով ապահովումը և դրանց շահագործման հանձնման նկատմամբ վերահսկողության իրականացումը.
գ) աշխատավորների դեպուտատների տեղական սովետների գործկոմների տնօրինության տակ քաղաքներում, շրջկենտրոններում և ավաններում գտնվող կոմունալ ձեռնարկությունների և բնակարանային ֆոնդի պահպանման ու շահագործման աշխատանքների ղեկավարումը, քաղաքների, շրջկենտրոնների և ավանների բարեկարգման կառուցվածքների շինարարության, նորոգման ու պահպանման կազմակերպումը, բնակարանային-շինարարական կոոպերատիվների բնակելի տների շինարարության, նորոգման ու շահագործման աշխատանքների կազմակերպման նկատմամբ վերահսկողության իրականացումը.
դ) հանրապետության բոլոր բնակավայրերի (բացի Երևան քաղաքից) ջրամատակարարման օբյեկտների նախագծումը, շրջանային, միջշրջանային և խմբային ջրմուղների և կոյուղիների նախագծման ու շինարարության նկատմամբ գլխավոր պատվիրատուի պարտականությունների իրականացումը, շրջանային, միջշրջանային և խմբային ջրմուղների ու կոյուղիների շահագործումը (առանց գյուղական ներքին ցանցերի), գյուղական տեղական ջրմուղների, կոյուղիների և ջրմուղի ու կոյուղու գյուղական ցանցերի կառուցման ու շահագործման աշխատանքների կազմակերպման նկատմամբ տեխնիկական վերահսկողության իրականացումը.
ե) հանրապետության քաղաքների և շրջկենտրոնների ջերմամատակարարման հարցերի կոմպլեքսային լուծումը և հետագա կատարելագործումը, ջերմամատակարարման բնագավառում միասնական տեխնիկական միջոցառումների իրականացումը.
զ) կոմունալ-բնակարանային տնտեսության, ինչպես նաև քաղաքների, շրջկենտրոնների ու մյուս բնակավայրերի կուլտուր-լուսավորչական, առողջապահական և այլ ձեռնարկությունների, կազմակերպությունների ու հիմնարկների համար աշխատավորների դեպուտատների տեղական սովետների գործկոմների վերանորոգման-շինարարական կազմակերպությունների միջոցով կապալային հիմունքներով նորոգումների և շինարարական-մոնտաժային աշխատանքների կատարման ղեկավարումը, այդ աշխատանքների հետագա ինդուստրացումը.
է) Մինիստրությանը ենթակա ձեռնարկությունների և կազմակերպությունների արտադրական բազաների կազմակերպումը և ընդարձակումը, այդ նպատակին հատկացվող կապիտալ ներդրումների առավել արդյունավետ օգտագործումը, հիմնական ֆոնդերի և նյութական ռեսուրսների օգտագործման բարելավումը, նյութերի, վառելիքի և էլեկտրական ու ջերմային էներգիայի ծախսման պրոգրեսիվ նորմաների մշակումը և արմատավորումը.
ը) ձեռնարկություններում և կազմակերպություններում տնտեսական հաշվարկի ամրապնդումը, դրանց շահութաբերության բարձրացումը, գործող տարիֆների ու գների կիրառման ճշտության նկատմամբ վերահսկողության ապահովումը, կոմունալ սպասարկումների տարիֆները և արդյունաբերական ձեռնարկություններում թողարկվող արտադրանքի գները կատարելագործելու ուղղությամբ միջոցառումների իրականացումը.
թ) կոմունալ-բնակարանային տնտեսությունում գիտության և տեխնիկայի նորագույն նվաճումների ներդրման միջոցով տեխնիկական առաջընթացի ապահովումը, մեքենաների, մեխանիզմների և տրանսպորտային միջոցների պահպանման ու ռացիոնալ օգտագործման նկատմամբ վերահսկողության իրականացումը, գիտա-տեխնիկական ինֆորմացիայի աշխատանքների կազմակերպումը, կառավարման արդյունավետ սիստեմների ներդրումը,, ռացիոնալիզատորական աշխատանքների ղեկավարումը.
ժ) ձեռնարկություններում և կազմակերպություններում աշխատանքի պաշտպանության, անվտանգության տեխնիկայի և արտադրության կուլտուրայի բարձրացման գծով միջոցառումների իրականացումը.
ի) Տեղական արդյունաբերության և կոմունալ-կենցաղային ձեռնարկությունների բանվորների արհմիության հանրապետական կոմիտեի հետ Մինիստրության ձեռնարկություններում ու կազմակերպություններում սոցիալիստական մրցության կազմակերպման ղեկավարումը և առաջավոր փորձի փոխանակման կազմակերպումը.
լ) Մինիստրության ձեռնարկությունների ու կազմակերպությունների պլանավորման ու հաշվառման աշխատանքների ղեկավարումը, աշխատանքի գիտական կազմակերպման արմատավորումը և նորմավորման կատարելագործումը, ձեռնարկությունների ու կազմակերպությունների տնտեսական-ֆինանսական գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացումը.
խ) ձեռնարկությունների ու կազմակերպությունների նյութա-տեխնիկական մատակարարման ապահովումը, հանրապետության կոմունալ-բնակարանային տնտեսության կարիքների համար կոմունալ սարքավորումների, գույքի, կոնստրուկցիաների, ինչպես նաև տեղական շինանյութերի արտադրության կազմակերպումը.
ծ) ձեռնարկությունները և կազմակերպությունները որակյալ կադրերով ապահովումը, կադրերի պատրաստման ու վերապատրաստման աշխատանքների կազմակերպումը, նրանց գիտելիքների լավագույն օգտագործման համար պայմանների ստեղծումը.
կ) կոմունալ-բնակարանային տնտեսության շենքերի ու կառուցվածքների, քաղաքային հողերի, ինչպես նաև կոոպերատիվ ու անձնական սեփականության իրավունքով քաղաքացիներին պատկանող բնակելի տների ու օժանդակ շինությունների տեխնիկական ինվենտարիզացիայի, գնահատման և վերագնահատման աշխատանքների ղեկավարումը.
հ) կոմունալ-բնակարանային տնտեսության օբյեկտների պահպանման, շահագործման ու նորոգման հարցերի վերաբերյալ գործող օրենսդրությանը համապատասխան ու սահմանված կարգով կանոնների, հրահանգների ու նորմաների մշակումը և հրատարակումը, կոմունալ-բնակարանային տնտեսության ձեռնարկություններում և կազմակերպություններում դրանց կիրառման ապահովումը։
8. Հայկական ՍՍՀ Կոմունալ տնտեսության մինիստրությանը իր սիստեմի հանրապետական ենթակայության ձեռնարկությունների, կազմակերպությունների ու հիմնարկների ղեկավարումը իրականացնում է անմիջականորեն, իսկ տեղական ենթակայությանը՝ աշխատավորների դեպուտատների քաղաքային, շրջանային և ավանային սովետների գործկոմների համապատասխան մարմինների միջոցով, ելնելով տեխնիկական առաջընթացի և հանրապետության ժողովրդական տնտեսության զարգացման պահանջներից,
9. Հայկական ՍՍՀ Կոմունալ տնտեսության մինիստրությունը իր վրա դրված խնդիրներին համապատասխան.
ա) մշակում և սահմանված կարգով հաստատման է ներկայացնում կոմունալ-բնակարանային տնտեսության զարգացման հեռանկարային ու ընթացիկ պլանները և ապահովում է դրանց կատարումը.
բ) ուսումնասիրում և իրականացնում է միջոցառումներ կոմունալ-բնակարանային տնտեսության հետագա զարգացման և բնակչության կոմունալ սպասարկման նոր ձևերի ու տեսակների արմատավորման ուղղությամբ, սահմանված կարգով ստեղծում է նոր ձեռնարկություններ ու կազմակերպություններ, անհրաժեշտության դեպքում վերակազմում կամ լիկվիդացնում է դրանք.
գ) մշակում է կոմունալ-բնակարանային տնտեսության օբյեկտների ռացիոնալ տեղաբաշխման սիստեմներ, սահմանված կարգով հաստատում է նոր օբյեկտների շինարարության և գործող օբյեկտների վերակառուցման նախագծա-նախահաշվային փաստաթղթերը, ինչպես նաև լուծում է շինարարության ֆինանսավորման և կատարված շինարարական-մոնտաժային աշխատանքների հաշվարկների կարգավորման հարցերը.
դ) «Հայկոմուննախագիծ» ինստիտուտի միջոցով ապահովում է հանրապետության ջրամատակարարման, կոյուղացման, գազիֆիկացման, ջերմամատակարարման, քաղաքների, շրջկենտրոնների և ավանների բարեկարգման կառուցվածքների և այլ օբյեկտների նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կազմումը.
ե) իրականացնում է միջոցառումներ Մինիստրությանը ենթակա վերանորոգման-շինարարական և մյուս կազմակերպություններում աշխատանքների որակը բարելավելու, առաջավոր տեխնոլոգիա ներդնելու, մեքենայացման մակարդակը և արտադրության արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ, մշակում և հաստատում է հումքի, նյութերի, վառելիքի և էլեկտրական ու ջերմային էներգիայի ծախսման առաջավոր նորմաներ.
զ) ապահովում է ձեռնարկություններում ու կազմակերպություններում շինարարական և այլ նորմաների, միասնական վարձաչափերի, պետական ստանդարտների ու տեխնիկական պայմանների կիրառումը, մշակում և սահմանված կարգով հաստատում է ներգերատեսչական նորմաներ, վարձաչափեր, ինչպես նաև տեխնիկական պայմաններ.
է) իրականացնում է միջոցառումներ ձեռնարկությունների ու կազմակերպությունների արտադրական-ֆինանսական գործունեությունը բարելավելու, շահույթների պլանները կատարելու և մուծումները բյուջեին ապահովելու համար.
ը) սահմանված կարգով քննարկում և հաստատում է իրեն անմիջականորեն ենթակա ձեռնարկությունների և կազմակերպությունների հաշվետվություններն ու բալանսները, ստուգում է տեղական ենթակայության ձեռնարկությունների ու կազմակերպությունների հաշվետվությունները և կազմում է Մինիստրության գծով ամփոփ հաշվետվություններ ու բալանսներ, ձեռնարկություններն ու կազմակերպություններն ապահովում է հաշվառման ու հաշվետվությունների ձևերով ու հրահանգներով, վերահսկում է այդ աշխատանքների կազմակերպմանը.
թ) իրականացնում է հանրապետական, իսկ անհրաժեշտության դեպքում նաև տեղական ենթակայության ձեռնարկությունների ու կազմակերպությունների տնտեսական-ֆինանսական գործունեության ստուգումներ և փաստաթղթային վերստուգումներ, ապահովում է սոցիալիստական սեփականության պահպանումը.
ժ) ապահովում է վերահսկողությունը ձեռնարկություններում ու կազմակերպություններում աշխատանքի ճիշտ նորմավորման, աշխատողների աշխատանքի վարձատրության սահմանված պայմանների պահպանման, աշխատավարձի ֆոնդի ճիշտ ծախսման և աշխատանքային կարգապահության ամրապնդման գծով միջոցառումների իրականացման նկատմամբ.
ի) մշակում և իրականացնում է միջոցառումներ Մինիստրությանը ենթակա ձեռնարկությունների ու կազմակերպությունների ապարատների կառուցվածքը կատարելագործելու և վարչա-կառավարչական ծախսերը կրճատելու ուղղությամբ.
լ) որոշում է Մինիստրության սիստեմում գտնվող ձեռնարկությունների ու կազմակերպությունների բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության կադրերի պահանջը, ղեկավարում է կադրերի հետ տարվող աշխատանքը և նրանց ճիշտ օգտագործումը.
խ) Տեղական արդյունաբերության և կոմունալ-կենցաղային ձեռնարկությունների բանվորների արհմիության հանրապետական կոմիտեի նախագահության հետ միասին ամփոփում է Մինիստրության ձեռնարկությունների ու կազմակերպությունների հանրապետական սոցիալիստական մրցության արդյունքները և սահմանված կարգով պարգևատրում մրցության մեջ հաղթող ձեռնարկություններին, կազմակերպություններին և դրանց լավագույն աշխատողներին, քննարկում և Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի ու Արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհրդի հաստատմանն է ներկայացնում Հայկական ՍՍՀ-ում բարեկարգման աշխատանքների գծով քաղաքների, շրջկենտրոնների ու ավանների հանրապետական սոցիալիստական մրցության արդյունքները (բացի Երևան քաղաքից).
ծ) ապահովում է առաջավոր փորձի մասսայականացումը, մոբիլիզացնում է աշխատավորներին աշխատանքի արտադրողականության հետագա բարձրացման, որակի բարելավման, ինքնարժեքի իջեցման և նյութական ու դրամական միջոցների խնայողաբար ծախսման համար, միջոցներ է ձեռք առնում Մինիստրության ենթակա ձեռնարկություններում ու կազմակերպություններում ռացիոնալիզատորական և գյուտարարական աշխատանքների հետագա զարգացման, ռացիոնալիզատորական առաջարկությունների ու գյուտերի ներդրումը ապահովելու համար.
կ) ապահովում է աշխատանքի պաշտպանության, անվտանգության տեխնիկայի, արտադրական սանիտարիայի, ինչպես նաև կոմունալ-բնակարանային տնտեսության օբյեկտների հրշեջ պահպանության աշխատանքների կազմակերպումը գործող կանոններին ու տեխնիկական նորմաներին համապատասխան.
հ) միջոցներ է ձեռք առնում Մինիստրության ապարատում և ենթակա ձեռնարկություններում ու կազմակերպություններում աշխատավորներից ստացված նամակներին, դիմումներին ու բողոքներին ժամանակին ընթացք տալու, դրանցում նշված թերությունները վերացնելու համար.
ձ) մշակում և հաստատում է Մինիստրության վարչությունների ու բաժինների, ենթակա ձեռնարկությունների, կազմակերպությունների ու հիմնարկների կանոնադրությունները։
10. Հայկական ՍՍՀ Կոմունալ տնտեսության մինիստրությունը գլխավորում է մինիստրը, որը Հայկական ՍՍՀ Սահմանադրությանը համապատասխան նշանակվում է Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի կողմից, իսկ սեսիաների միջև ընկած ժամանակաշրջանում՝ Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության կողմից, որը հետագայում ներկայացնում է Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի հաստատմանը։
Հայկական ՍՍՀ կոմունալ տնտեսության մինիստրը ունի տեղակալներ, որոնք նշանակվում են Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի կողմից: Պարտականությունների բաշխումը մինիստրի տեղակալների միջև կատարում է մինիստրը։
11. Հայկական ՍՍՀ կոմունալ տնտեսության մինիստրը անձնական պատասխանատվություն է կրում Մինիստրության վրա դրված խնդիրների ու պարտականությունների կատարման համար, սահմանում է մինիստրի տեղակալների, Մինիստրության վարչությունների, բաժինների և մյուս կառուցվածքային ստորաբաժանումների պետերի պատասխանատվության աստիճանը՝ Մինիստրության գործունեության առանձին բնագավառների ղեկավարման, ինչպես նաև Մինիստրության ձեռնարկությունների, կազմակերպությունների ու հիմնարկների աշխատանքի համար։
12. Հայկական ՍՍՀ կոմունալ տնտեսության մինիստրը՝ Մինիստրության իրավասության սահմաններում, գործող օրենքների, ՍՍՀՄ Մինիստրների սովետի և Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի որոշումների ու կարգադրությունների հիման վրա և ի կատարումն դրանց, արձակում է Մինիստրության վարչությունների ու բաժինների, ինչպես նաև ձեռնարկությունների, կազմակերպությունների ու հիմնարկների համար պարտադիր հրամաններ ու հրահանգներ, տալիս է ցուցումներ և ստուգում դրանց կատարումը։
Հայկական ՍՍՀ Կոմունալ տնտեսության մինիստրության հրահանգներն ու ցուցումները կոմունալ-բնակարանային տնտեսության պահպանման ու շահագործման հարցերի վերաբերյալ պարտադիր են Հայկական ՍՍՀ տերիտորիայում գտնվող բոլոր ձեռնարկությունների, կազմակերպությունների ու հիմնարկների համար, անկախ դրանց գերատեսչական ենթակայությունից.
Հայկական ՍՍՀ կոմունալ տնտեսության մինիստրը անհրաժեշտության դեպքում Հայկական ՍՍՀ այլ մինիստրությունների ու գերատեսչությունների ղեկավարների հետ արձակում է համատեղ հրամաններ ու հրահանգներ։
13. Հայկական ՍՍՀ Կոմունալ տնտեսության մինիստրությունում կազմվում է կոլեգիա, որի մեջ մտնում են մինիստրը (նախագահ) և մինիստրի տեղակալներն ի պաշտոնե, ինչպես. նաև Մինիստրության այլ ղեկավար աշխատողներ։
Մինիստրության կոլեգիայի կազմը հաստատվում է Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի կողմից։
14. Հայկական ՍՍՀ Կոմունալ տնտեսության մինիստրության կոլեգիան կանոնավոր հրավիրվող իր նիստերում քննարկում է Մինիստրության գործունեության հիմնական հարցերը, լսում է Մինիստրության վարչությունների ղեկավարների հաշվետվությունները, ձեռնարկությունների ու կազմակերպությունների պրակտիկ ղեկավարման, կատարման ստուգման, կադրերի ընտրության և օգտագործման հարցերը, Հայկական ՍՍՀ Կառավարությանը կոմունալ-բնակարանային տնտեսության հարցերով ներկայացվող Մինիստրության կողմից օրենսդրական ակտերի, որոշումների ու կարգադրությունների, ինչպես նաև Մինիստրության կարևորագույն հրամանների ու նորմատիվ ակտերի նախագծերը։
Կոլեգիայի որոշումները, որպես կանոն, կենսագործվում են մինիստրի հրամաններով։
Մինիստրի և կոլեգիայի միջև տարաձայնությունների դեպքում մինիստրը կենսագործում է իր որոշումը, զեկուցելով ծագած տարաձայնությունների մասին Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետին, իսկ կոլեգիայի անդամները նույնպես կարող են իրենց կարծիքը հայտնել Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետին։
15. Արտադրության մեջ գիտության և տեխնիկայի նորագույն նվաճումների ներդրման, աշխատանքի կազմակերպման ու տեխնոլոգիայի կատարելագործման և այլ կարևոր գիտա-տեխնիկական հարցերը քննարկելու և դրանց վերաբերյալ հանձնարարականներ մշակելու համար Հայկական ՍՍՀ Կոմունալ տնտեսության մինիստրությունում ստեղծվում է գիտա- տեխնիկական խորհուրդ՝ կազմված բարձրորակ մասնագետներից։
Գիտա-տեխնիկական խորհրդի կազմը և նրա կանոնադրությունը հաստատում է մինիստրը։
16. Հայկական ՍՍՀ Կոմունալ տնտեսության մինիստրությունը իր կազմում ստեղծում է արբիտրաժ՝ մինիստրության ենթակա ձեռնարկությունների, կազմակերպությունների և հիմնարկների միջև ծագած տնտեսական վեճերը քննարկելու համար։
Մինիստրության արբիտրաժին իրավունք է տրվում իր կայացրած որոշումների հարկադրական կատարման համար արձակել հրամաններ և հետևել դրանց կատարմանը։
Արբիտրաժի կանոնադրությունը հաստատում է մինիստրը։
17. Հայկական ՍՍՀ Կոմունալ տնտեսության մինիստրությունը, սահմանված կարգով, հրավիրում է ակտիվի խորհրդակցություններ՝ հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ, որտեղ լսվում և քննարկվում է կուսակցության ու կառավարության որոշումների կատարումն ապահովող միջոցառումների իրականացման, կոմունալ-բնակարանային տնտեսության ձեռնարկությունների ու կազմակերպությունների գործունեության բարելավման և այլ կարևոր հարցեր։
18. Հայկական ՍՍՀ Կոմունալ տնտեսության մինիստրության կենտրոնական ապարատի կառուցվածքը և աշխատողների թիվը հաստատում է Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետը։
Մինիստրության կենտրոնական ապարատի հաստիքային ցուցակը՝ Մինիստրության կենտրոնական ապարատի համար սահմանված աշխատողների թվի ու աշխատավարձի ֆոնդի սահմաններում, հաստատում է Հայկական ՍՍՀ կոմունալ տնտեսության մինիստրը։
19. Հայկական ՍՍՀ Կոմունալ տնտեսության մինիստրությունն ունի կնիք՝ Հայկական ՍՍՀ Պետական գերբով և իր անվամբ։
