ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 սեպտեմբերի 1989 թ. N 486
Քաղ. Երևան
ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ՊԵՏԱԳՐՈԱՐԴԻ «ՀԱՅՊՏՂԱՏՎՈՒԹՅՈՒՆ» ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հանրապետության գյուղատնտեսության ագրոքիմիական սպասարկման, խախտված հողերի վերականգնման և նորերի յուրացման, ինչպես նաև դրանց պտղատվության բարձրացման աշխատանքներն իրականացնող միասնական մասնագիտացված ծառայություն ստեղծելու նպատակով և ի մասնակի փոփոխումն Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1989 թ. փետրվարի 1-ի «Հայկական ԽՍՀ ագրոարդյունաբերական կոմիտեի կառավարման գլխավոր սխեմայի մասին» N 47 որոշման Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհուրդը որոշում է.
1. Ընդունել Հայկական ԽՍՀ պետագրոարդի առաջարկությունը, համաձայնեցված Հայկական ԽՍՀ պետպլանի, Հայկական ԽՍՀ ֆինանսների մինիստրության հետ, և ստեղծել Հայկական ԽՍՀ պետագրոարդի «Հայպտղատվություն» հողերի պտղատվության բարձրացման հանրապետական արտադրական միավորումը առանձնացված կառավարման ապարատով «Հայգյուղտնտքիմիա» հանրապետական արտադրագիտական միավորման, «Հայագրոսերվիս» արտադրական միավորման և «Ռեկուլտիվացիա» ԱՄ բազայի վրա: Միավորման կառավարման ապարատի պահումը կատարել իրավասության ենթակա ձեռնարկությունների ու կազմակերպությունների մասհանումների հաշվին:
2. Սահմանել, որ «Հայպտղատվություն» հանրապետական արտադրական միավորումը հանդիսանում է ինքնուրույն արտադրատնտեսական համալիր, որն իր կազմի մեջ մտնող շրջանային արտադրական միավորումների, ձեռնարկությունների ու կազմակերպությունների զարգացման շահերի համար իրականացնում է իր գործունեությունը տնտեսական հաշվարկի, ինքնաֆինանսավորման, պետական կոոպերատիվ կազմակերպությունների ու բնակչության հետ պայմանագրային հարաբերությունների լայն զարգացման հիմունքներով:
3. «Հայպտղատվություն» հանրապետական արտադրական միավորումը պատասխանատվություն է կրում հանքային պարարտանյութերի և պեստիցիդների նկատմամբ հանրապետության պահանջարկի բավարարման համար, ելնելով իր վրա դրված խնդիրներից, իրականացնում է քիմիացման բնագավառում գիտատեխնոլոգիական և մեթոդական ղեկավարումը, գյուղատնտեսության պլանավորումը, չորացում, կոմպլեքսային ռեկուլտիվացիա և ոռոգելի հողերի հիմնական հատակագծում չպահանջող հողերում կուլտուր-տեխնիկական աշխատանքների կատարում, ընդ որում, գիտականորեն հիմնավորված պահանջներին համապատասխան քիմիացման միջոցների օգտագործման համար պատասխանատվությունը անմիջականորեն կրում են գյուղատնտեսական արտադրանքի անմիջական արտադրողները:
4. Սահմանել, որ «Հայպտղատվություն» հանրապետական արտադրական միավորումը հանդիսանում է իրավաբանական անձ և ունի ինքնուրույն հաշվեկշիռ:
5. Հայկական ԽՍՀ պետագրոարդին` մեկամսյա ժամկետում հաստատել «Հայպտղատվություն» հանրապետական արտադրական միավորման կանոնադրությունը, նրա կառուցվածքը, աշխատողների թվաքանակը և միավորման իրավասությանը ենթակա կազմակերպությունների ցանկը:
6. Ուժը կորցրած ճանաչել Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1989 թ. հունիսի 14-ի «Հայկական ԽՍՀ պետագրոարդի համակարգում հողերի վերամշակման «Ռեկուլտիվացիա» արտադրական միավորում ստեղծելու մասին» N 275 որոշումը:
Հայկական ԽՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահ |
Վ. ՄԱՐԳԱՐՅԱՆՑ |
Հայկական ԽՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Հ. ՎԱՐԴԱՆՅԱՆ |
