ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵԴ2/0373/02/23 |
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ2/0373/02/23 2024 թ. | ||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող |
Գ. Հակոբյան | |
զեկուցող |
Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ | |
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ Ս․ ՄԵՂՐՅԱՆ Է. ՍեդրակյանՎ․ Ք ՈՉԱՐՅԱՆ |
2024 թվականի նոյեմբերի 11-ին
գրավոր ընթացակարգով քննելով «Մարտին Պամաչ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20․03․2024 թվականի որոշման դեմ՝ ըստ Ընկերության դիմումի՝ Թբիլիսիի քաղաքային դատարանի որոշումը ճանաչելու և Հայաստանի Հանրապետության տարածքում դրա կատարումը թույլատրելու պահանջների մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է ճանաչել անհատ ձեռնարկատեր Տիգրան Սողոմոնյանի վերաբերյալ Թբիլիսիի քաղաքային դատարանի 29.09.2021 թվականին կայացրած որոշումը և թույլատրել դրա կատարումը Հայաստանի Հանրապետության տարածքում։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 29․11․2023 թվականի որոշմամբ դիմումը մերժվել է։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 20․03․2024 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 29.11․2023 թվականի «Օտարերկրյա դատական ակտը ճանաչելու և կատարման թույլատրելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ Էդգար Եղիազարյան)։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել 07.10.2002 թվականի «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» Քիշնևի կոնվենցիայի 54-րդ, 56-րդ, 57-րդ և 59-րդ հոդվածները, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 346-րդ հոդվածի 1-ին, 2-րդ ու 3-րդ մասերը, 347-րդ հոդվածի 1-ին մասը, 351-րդ հոդվածը, 354-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը և նույն հոդվածի 4-րդ մասը։
Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ պատասխանողի պատշաճ ծանուցումն ապահովելու նպատակով Թբիլիսիի քաղաքային դատարանը ձեռնարկել է ներպետական օրենսդրությամբ նախատեսված բոլոր անհրաժեշտ դատավարական գործողությունները։ Իր կողմից անհատ ձեռնարկատեր Տիգրան Սողոմոնյանի դեմ Թբիլիսիի քաղաքային դատարան ներկայացված հայցի հիման վրա հարուցված գործի շրջանակներում պատասխանողի գտնվելու վայրը հայտնի չի եղել, Թբիլիսիի քաղաքային դատարանի քաղաքացիական գործերով խորհրդի 13․07․2021 թվականի որոշման համաձայն՝ հայցի և դրան կցված փաստաթղթերի բովանդակության վերաբերյալ պատասխանողը ծանուցվել է հանրային հրապարակումների միջոցով, որպիսի որոշումը հանրայնացվել է 20․07․2021 թվականին՝ յոթ օր ժամկետով:
Թբիլիսիի քաղաքային դատարանի քաղաքացիական գործերով խորհրդի դատավոր Թամար Բուրջանաձեի կողմից 29.09.2021 թվականին կայացվել է հեռակա որոշում՝ պատասխանողի կողմից պատասխան չներկայացնելու պատճառով։ Դիմումը կարող էր մերժվել, եթե պատասխանողը դատավարությանը մասնակից դարձված չլիներ դատարանի կողմից թույլ տրված ոչ պատշաճ ծանուցում իրականացնելու հետևանքով։
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ պատասխանողը, սույն գործի շրջանակում տեղեկանալով նշված դատական գործի և իր դեմ կայացված օտարերկրյա դատական ակտի վերաբերյալ, զրկված չի եղել գործին մասնակից դարձված չլինելու հիմքով նշված դատական ակտը բողոքարկելու իրավունքից։ Գործի քննության ընթացքում Դատարանի կողմից պատասխանողին ժամկետ է տրամադրվել՝ օտարերկրյա դատական ակտը բողոքարկելու համար, մինչդեռ վերջինս չի իրացրել իրեն ընձեռված այդ իրավունքը և չի ներկայացրել որևէ ապացույց՝ օտարերկրյա դատական ակտն իր կողմից բողոքարկված լինելու մասին: Այսինքն՝ Թբիլիսիի քաղաքային դատարանի 29.09.2021 թվականի որոշումն օրինական ուժի մեջ մտած և չկատարված օտարերկրյա դատական ակտ է, որը չի բողոքարկվել, չի բեկանվել ու չի փոփոխվել, ուստի գործում է օտարերկրյա դատական ակտի օրինական և իրավաչափ լինելու կանխավարկածը, ու չի կարող կասկածի տակ դրվել Հայաստանի Հանրապետության դատարանների կողմից:
Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 351-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի պահանջը պահպանված չլինելու դեպքում դատարանը պարտավոր է վերադարձնել դիմումը, մինչդեռ Դատարանը ոչ միայն չի վերադարձրել դիմումը, այլև վարույթ է ընդունել այն, քննել և կայացրել է ըստ էության դատական ակտ։ Նշված հիմքով դիմումը չէր կարող մերժվել, քանի որ օտարերկրյա դատական ակտի ճանաչումը և կատարումը թույլատրելու վերաբերյալ դիմումի մերժման հիմքերը սպառիչ սահմանված են կոնվենցիայով և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով։
Վերաքննիչ դատարանը միաժամանակ հաշվի չի առել, որ դիմումին կցվել է Թբիլիսիի քաղաքային դատարանի 29․09․2021 թվականին կայացված որոշման պատշաճ վավերացված հայերեն թարգմանության բնօրինակը, որը հանդիսանում է պաշտոնական փաստաթուղթ։ Դրանցում նշվել են պատասխանողի պատշաճ ծանուցումն ապահովելու օտարերկրյա դատարանի կողմից կատարված գործողությունները, ինչպես նաև այն հանգամանքը, որ պատասխանողը պատշաճ կերպով ծանուցվել է դատական նիստի ժամանակի և վայրի մասին։ Ստացվում է՝ ինքը ներկայացրել է դատավարության մասնակցի պատշաճ կարգով ծանուցված լինելու վերաբերյալ պաշտոնական փաստաթուղթը, և օրենսդիրն այդ փաստի հաստատումը չի պայմանավորել ապացույցի կոնկրետ տեսակով։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 20․03․2024 թվականի որոշումը և փոփոխել այն՝ դիմումը բավարարել, կամ գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունի հետևյալ փաստը՝
Թբիլիսիի քաղաքային դատարանի քաղաքացիական գործերով խորհրդի դատավոր Թամար Բուրջանաձեի կողմից 29.09.2021 թվականին թիվ 2/7482-21 գործով «Պատասխան չներկայացնելու պատճառով» կայացված հեռակա որոշման համաձայն՝ «Դատարանն առանց բանավոր լսումների քննել է «Մարտին Պամաչ» ՍՊԸ-ի հայցը Տիգրան Սողոմոնյանին գումարի վճարում պարտավորեցնելու վերաբերյալ։ (…) Կոնկրետ դեպքում, հայցվորի կողմից բազմիցս պատասխանող կողմին ուղարկվել է հայցը՝ կից փաստաթղթերով, թեև ծանուցումը հնարավոր չի եղել հանձնել։ Թբիլիսիի քաղաքային դատարանի քաղաքացիական գործերով խորհրդի 2021 թվականի հուլիսի 13-ի որոշման համաձայն՝ հայցի և կցված փաստաթղթերի բովանդակության վերաբերյալ պատասխանողին ծանուցվում է հանրային հրապարակումների միջոցով։ Վերոնշյալ որոշումը հանրայնացվել է 2021 թվականի հուլիսի 20-ին՝ 7 օր ժամկետով։ Պատասխանող կողմը պատասխան չի ներկայացրել»։
Արդյունքում որոշվել է՝ «1. Բավարարել «Մարտին Պամաչ» ՍՊԸ-ի (նույնականացման կոդ՝ 424067618) հայցը։ 2. Պարտավորեցնել Ա/Ձ «Տիգրան Սողոմոնյանին» (302169775, անձնագիր՝ BA3323987) հօգուտ «Մարտին Պամաչ» ՍՊԸ-ի վճարել 527 663․47 (հինգ հարյուր քսանյոթ հազար վեց հարյուր վաթսուներեք լարի և քառասունյոթ կոպեկ) լարի։ 3. Պարտավորեցնել Ա/Ձ «Տիգրան Սողոմոնյանին» (302169775, անձնագիր՝ BA3323987) հօգուտ «Մարտին Պամաչ» ՍՊԸ-ի վճարել պետական տուրքի տեսքով վճարված 5050 (հինգ հազար հիսուն) լարին։ 4. Պատասխանողին ուղարկել որոշման պատճենը և բացատրել, որ հեռակա որոշման չեղարկման և գործը քննելու պահանջով կարող է հայց ներկայացնել Թբիլիսիի քաղաքային դատարան 10 (տասը) օրվա ընթացքում այն օրվանից, երբ նրան Վրաստանի Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-78-րդ հոդվածներով սահմանված կարգով հանձնվել է հեռակա որոշման պատճենը։ Այդ ժամկետը լրանալուց հետո որոշումը մտնում է օրինական ուժի մեջ» (որոշումն օրինական ուժի մեջ է մտել 29.12.2022 թվականին) (հիմք՝ որոշման վրացերենից հայերեն թարգմանությունը՝ հաստատված նոտարական կարգով) (հատոր 1-ին, գ.թ. 19-24):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 351-րդ ու 354-րդ հոդվածների խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը։
Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ օտարերկրյա դատարանների դատական ակտերը Հայաստանի Հանրապետության տարածքում ճանաչելու և կատարման թույլատրելու հարցին՝ վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա դատարանների դատական ակտերի և արբիտրաժների ակտերի ճանաչումն ու կատարումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, նույն օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված կարգով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 346-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ օտարերկրյա պետությունների դատարանների քաղաքացիական գործերով կայացված դատական ակտերը ճանաչվում են, իսկ կատարում պահանջող դատական ակտերը նաև կատարվում են Հայաստանի Հանրապետությունում, եթե այդպիսի ճանաչումը և կատարումը նախատեսված են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով կամ փոխադարձության հիման վրա:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն ենթաբաժնի իմաստով՝ օտարերկրյա դատական ակտ է համարվում այլ պետության դատական մարմնի ընդունած եզրափակիչ դատական ակտը` անկախ դրա անվանումից, որն ունի իրավական ուժ այն պետությունում, որտեղ կայացվել է, (…):
Նույն հոդված 4-րդ մասի համաձայն՝ օտարերկրյա դատական ակտը Հայաստանի Հանրապետությունում ենթակա է ճանաչման և կատարման, եթե այդ ակտով լուծվող վեճը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ համարվում է քաղաքացիական, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրով:
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ եթե օտարերկրյա դատական ակտի ճանաչումը և կատարումը կախված են փոխադարձությունից, ապա փոխադարձությունը համարվում է գոյություն ունեցող, քանի դեռ չի ապացուցվել հակառակը:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է օտարերկրյա պետությունների դատական ակտերի ճանաչման հարցին՝ արձանագրելով, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը ենթադրում է պետական իշխանության գերակայություն, ինքնուրույնություն և անկախություն, ինչն իր մեջ ներառում է նաև պետության ամբողջ տարածքում արդարադատություն իրականացնելու բացառիկ իրավասությունը: Հետևաբար` օտարերկրյա դատական ակտերը Հայաստանի Հանրապետությունում ինքնըստինքյան չեն կարող ունենալ իրավական գործողության այն հատկանիշները (պարտադիրություն, անհերքելիություն, կատարելիություն, նախադատելիություն), ինչ ունեն ներպետական դատարանների օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը: Միևնույն ժամանակ պետության ինքնիշխանությունը չի բացառում օտարերկրյա դատական ակտերի ճանաչման և կատարման հնարավորությունը Հայաստանի Հանրապետության տարածքում, ինչը, նախ և առաջ միջազգային համագործակցության դրսևորում է:
Վերը նշվածով պայմանավորված՝ օրենսդիրը նախատեսել է Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա դատական ակտերի ճանաչման և կատարման կարգ՝ այդ ակտերի ճանաչման իրավասությունը վերապահելով Հայաստանի Հանրապետության դատարաններին: Կատարում պահանջող օտարերկրյա դատական ակտի ճանաչումն իրենից ներկայացնում է Հայաստանի Հանրապետության դատարանների կողմից այդ ակտերին այնպիսի իրավական հատկանիշների տրամադրում, որոնցով օժտված են Հայաստանի Հանրապետության դատարանների` օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը, և թույլատրում այդ ակտի իրավական գործողությունը Հայաստանի Հանրապետության տարածքում: Այլ կերպ ասած՝ կատարում պահանջող օտարերկրյա դատական ակտը միայն ճանաչման արդյունքում է Հայաստանի Հանրապետությունում ձեռք բերում պարտադիրության և կատարելիության հատկանիշներ։ Ընդ որում, Հայաստանի Հանրապետությունում ճանաչման ենթակա են օտարերկրյա պետությունների դատարանների` քաղաքացիական գործերով կայացրած վճիռները, որոշումները, օտարերկրյա պետությունների արբիտրաժային տրիբունալների վճիռները և որոշումները, ինչպես նաև միջազգային արբիտրաժի որոշումները, որոնք կատարում են ենթադրում (տե՛ս ըստ «Ինտերպայպ Ուկրաինա» ՍՊԸ-ի միջնորդության՝ Ուկրաինայի առևտրաարդյունաբերական պալատին կից գործող միջազգային կոմերցիոն արբիտրաժային դատարանի 11.02.2011 թվականի վճիռը ճանաչելու և Հայաստանի Հանրապետության տարածքում կատարումը թույլատրելու պահանջների մասին թիվ ԵԿԴ/0024/16/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը)։
Վերահաստատելով նշված դիրքորոշումը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ օրենսդիրը, նախատեսելով Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա դատական ակտերի ճանաչման և կատարման հնարավորություն, այդուհանդերձ, այն չի սահմանել որպես բացարձակ և ոչնչով չպայմանավորված իրավունք, մասնավորապես՝ օրենսդիրն ամրագրել է, որ ՀՀ իրավասու դատարանը պարտավոր է պարզել, թե որքանով է օտարերկրյա պետության դատարանի դատական ակտը կամ միջազգային արբիտրաժի որոշումը համապատասխանում այն պահանջներին, որոնք սահմանված են Հայաստանի Հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրով: ՀՀ իրավասու դատարանը կարող է որոշում կայացնել օտարերկրյա պետության դատարանի դատական ակտը կամ միջազգային արբիտրաժի որոշումը Հայաստանի Հանրապետությունում ճանաչելու մասին միայն այն դեպքում, եթե պահպանած են համապատասխան միջազգային պայմանագրի պահանջները և բացակայում են ճանաչումը մերժելու` տվյալ միջազգային պայմանագրով նախատեսված հիմքերը (տե՛ս ըստ ՌԴ պաշտպանության նախարարության Պոլևայա Դաշտային փոստ թիվ 04436 զորամասի միջնորդության` թիվ 2-22/2014 քաղաքացիական գործով Ռուսաստանի Դաշնության 5-րդ կայազորային զինվորական դատարանի 19.03.2014 թվականի վճիռը ՀՀ տարածքում ճանաչելու և Հայաստանի Հանրապետության տարածքում կատարումը թույլատրելու պահանջների մասին թիվ ՇԴ/0011/16/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04․02․2016 թվականի որոշումը)։
ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ միաժամանակ փաստել է, որ նպատակ հետապնդելով պաշտպանել մարդու իրավունքները և ազատությունները, ինչպես նաև ընդլայնել Հայաստանի Հանրապետության ու այլ պետությունների միջև միջազգային համագործակցության հնարավորությունները՝ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանվել է օտարերկրյա դատական ակտերի ճանաչման և կատարման փոխադարձության սկզբունքը, ընդ որում՝ օտարերկրյա դատական ակտերի ճանաչման ու կատարման փոխադարձությունը համարվում է գոյություն ունեցող, քանի դեռ չի ապացուցվել հակառակը: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 346-րդ հոդվածի իմաստով Հայաստանի Հանրապետությունում կարող են ճանաչվել բոլոր այն երկրների դատական ակտերը, որտեղ առկա է Հայաստանի Հանրապետության դատական ակտերի ճանաչման և (կամ) կատարման պրակտիկա, կամ նվազագույնը այն երկրներում, որոնց օրենսդրությամբ սահմանված է օտարերկրյա դատական ակտերի ճանաչման և կատարման փոխադարձության սկզբունքը (տե՛ս ըստ Թամմի Ավանսիի դիմումի` Կանադայի Օնտարիո նահանգի Գերագույն դատարանի Ընտանեկան դատարանի թիվ FC-16-0602 գործով 23.04.2018 թվականի ժամանակավոր որոշումը ճանաչելու և կատարման թույլատրելու պահանջների մասին թիվ ԵԴ/0049/16/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 12.03.2020 թվականի որոշումը)։
Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումերը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ պետական ինքնիշխանության սկզբունքից ելնելով՝ յուրաքանչյուր պետություն պետք է հարգի մյուս պետության՝ սեփական տարածքում արդարադատություն իրականացնելու բացառիկ իրավասությունը։ Համընդհանուր միասնականացման և միջազգային համագործակցության զարգացման պայմաններում այդուհանդերձ առաջանում է օտարերկրյա դատարանների դատական ակտերը Հայաստանի Հանրապետության տարածքում ճանաչելու ու դրանց կատարումը թույլատրելու անհրաժեշտություն։ Որպեսզի օտարերկրյա դատարանի դատական ակտը ձեռք բերի Հայաստանի Հանրապետության դատարանների` օրինական ուժի մեջ մտած դատական ակտին համարժեք այնպիսի իրավական հատկանիշներ, ինչպիսիք են պարտադիրությունը և կատարելիությունը, անհրաժեշտ է, որ Հայաստանի Հանրապետության դատարանը ճանաչի դատական ակտը՝ հարկադիր կատարում պահանջող դատական ակտի դեպքում միաժամանակ թույլատրելով նաև դրա կատարումը։
Օտարերկրյա դատական ակտերի ճանաչումը և կատարումը չի դրսևորվում որպես պետության ինքնիշխանության սահմանափակում, քանի որ միջազգային պայմանագրեր կնքելու միջոցով պետությունն ինքն է որոշում այդ պայմաններով իր տարածքում ճանաչել օտարերկրյա դատական ակտերն ու թույլատրել դրանց կատարումը։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օտարերկրյա պետության դատական ակտը ճանաչելիս և կատարման թույլատրելիս անհրաժեշտ է հաշվի առնել ոչ միայն ներպետական օրենսդրության, այլև միջազգային պայմանագրերի պահանջները, քանի որ պարունակելով իրավական փոխօգնության վերաբերյալ դրույթներ՝ միջազգային պայմանագրերն ապահովում են իրավական համապատասխանությունը, սահմանում են փոխադարձության սկզբունքները, կանխում հնարավոր հակասությունները՝ միաժամանակ ապահովելով, որ դատական ակտերի ճանաչումն ու կատարումը տեղի ունենան միջազգային իրավունքի նորմերին համապատասխան:
Ամփոփելով շարադրվածը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ օտարերկրյա դատարանների դատական ակտերը Հայաստանի Հանրապետության տարածքում ճանաչելու և դրանք կատարման թույլատրելու գործերով դատարանները պետք է առաջնորդվեն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի կանոններով՝ միաժամանակ պարզելով այդ հարաբերությունները կարգավորող միջազգային պայմանագրի առկայությունը։ Արդյունքում օտարերկրյա դատարանների դատական ակտերը Հայաստանի Հանրապետության տարածքում պետք է ճանաչվեն և կատարվեն նաև միջազգային պայմանագրի պայմաններին համապատասխան՝ ներպետական օրենսդրությանը զուգահեռ՝ ապահովելով նաև պետության ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարումը։
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Նախքան ստորադաս դատարանների պատճառաբանություններին անդրադառնալը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում պարզել, թե Վրաստանի դատարանների կայացրած դատական ակտերը Հայաստանի Հանրապետության տարածքում ճանաչելու և դրանք կատարման թույլատրելու հետ կապված հարցերը, ներպետական օրենսդրությունից բացի, միջազգային ի՞նչ փաստաթղթերով են կարգավորվում։
Սույն գործով դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է ճանաչել անհատ ձեռնարկատեր Տիգրան Սողոմոնյանի վերաբերյալ Թբիլիսիի քաղաքային դատարանի 29.09.2021 թվականին կայացրած որոշումը և թույլատրել դրա կատարումը Հայաստանի Հանրապետության տարածքում։ Դիմումում՝ որպես պահանջի իրավական հիմք, Ընկերությունը վկայակոչել է նաև 04.06.1996 թվականին Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև կնքված քաղաքացիական գործերով իրավական օգնության պայմանագիրը։
Թբիլիսիի քաղաքային դատարանի քաղաքացիական գործերով խորհրդի դատավոր Թամար Բուրջանաձեի 29.09.2021 թվականին թիվ 2/7482-21 գործով «Պատասխան չներկայացնելու պատճառով» կայացված հեռակա որոշմամբ որոշվել է՝ «1. Բավարարել «Մարտին Պամաչ» ՍՊԸ-ի (նույնականացման կոդ՝ 424067618) հայցը։ 2. Պարտավորեցնել Ա/Ձ «Տիգրան Սողոմոնյանին» (302169775, անձնագիր՝ BA3323987) հօգուտ «Մարտին Պամաչ» ՍՊԸ-ի վճարել 527 663․47 (հինգ հարյուր քսանյոթ հազար վեց հարյուր վաթսուներեք լարի և քառասունյոթ կոպեկ) լարի։ 3. Պարտավորեցնել Ա/Ձ «Տիգրան Սողոմոնյանին» (302169775, անձնագիր՝ BA3323987) հօգուտ «Մարտին Պամաչ» ՍՊԸ-ի վճարել պետական տուրքի տեսքով վճարված 5050 (հինգ հազար հիսուն) լարին։ 4. Պատասխանողին ուղարկել որոշման պատճենը և բացատրել, որ հեռակա որոշման չեղարկման և գործը քննելու պահանջով կարող է հայց ներկայացնել Թբիլիսիի քաղաքային դատարան 10 (տասը) օրվա ընթացքում այն օրվանից, երբ նրան Վրաստանի Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-78-րդ հոդվածներով սահմանված կարգով հանձնվել է հեռակա որոշման պատճենը։ Այդ ժամկետը լրանալուց հետո որոշումը մտնում է օրինական ուժի մեջ» (որոշումն օրինական ուժի մեջ է մտել 29.12.2022 թվականին)։
Վերաքննիչ դատարանը օտարերկրյա պետության՝ Վրաստանի դատարանի դատական ակտը Հայաստանի Հանրապետության տարածքում ճանաչելու և կատարման թույլատրելու իրավահարաբերությունների նկատմամբ կիրառելի է համարել նաև 07.10.2002 թվականի «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» Քիշնևի կոնվենցիան (այսուհետ՝ Քիշնևի կոնվենցիա)։
Վերաքննիչ դատարանը, նշելով, որ «(…) օտարերկրյա դատական ակտերի ճանաչման և կատարման հարաբերությունները կարգավորող միջազգային պայմանագրերով ևս սահմանվում են՝ թե ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ներկայացնել դիմումին կից», վկայակոչել է Կոնվենցիայի 56-րդ հոդվածի 2-րդ մասը՝ արձանագրելով, որ «(…) ինչպես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով, այնպես էլ օտարերկրյա դատական ակտերի ճանաչման և կատարման հարաբերությունները կարգավորող միջազգային պայմանագրով օտարերկրյա դատական ակտը ճանաչելու և կատարման թույլատրելու դիմումին ներկայացվող պահանջները գրեթե նույնանում են և որպես դիմումին կից ներկայացվող անհրաժեշտ փաստաթուղթ դիտարկվում է նաև՝ դատավարության մասնակցի պատշաճ ծանուցված լինելու մասին տեղեկություն պարունակող փաստաթուղթը»։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Հայաստանի Հանրապետության և Վրաստանի դատարանների դատական ակտերը միմյանց տարածքում ճանաչելու ու կատարման թույլատրելու իրավահարաբերությունների նկատմամբ Քիշնևի կոնվենցիան կիրառելի չէ, քանի որ Վրաստանը Քիշնևի կոնվենցիան չի վավերացրել, այսինքն՝ նշված կոնվենցիան Վրաստանի համար ուժի մեջ չի մտել (Քիշնևի կոնվենցիայի 120-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասեր), ու վերջինս դրա մասնակից չէ։ Մինչդեռ Քիշնևի կոնվենցիան, այդ թվում նաև՝ 56-րդ հոդվածը, կարգավորում է դրա մասնակիցների, այսինքն՝ պայմանավորվող կողմերի տարածքներում կայացված դատական ակտերը ճանաչելու և կատարելու պայմանները։
Շարադրվածի արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը կիրառել է միջազգային այն պայմանագիրը՝ Քիշնևի կոնվենցիան, որը չպետք է կիրառեր։
Վճռաբեկ դատարանը միաժամանակ փաստում է, որ Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև քաղաքացիական գործերով իրավական օգնությունը, այդ թվում՝ դատարանի որոշումների ճանաչման ու կատարման հետ կապված հարցերը, կարգավորվում են «Վրաստանի և Հայաստանի Հանրապետության միջև քաղաքացիական գործերով իրավական օգնության» 04.06.1996 թվականի պայմանագրով (այսուհետ՝ Պայմանագիր):
Նշված երկկողմ համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության և Վրաստանի («Պայմանավորվող Կողմեր») միջև ստորագրվել է քաղաքացիական գործերով միմյանց իրավական օգնություն տրամադրելու համար՝ նպատակ ունենալով քաղաքացիական գործերով իրավական օգնության բնագավառում ապահովել ու զարգացնել փոխադարձ համագործակցությունը, ներառյալ՝ դատարանների որոշումների ճանաչումը և կատարումը։
Վերոշարադրյալի արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վրաստանի դատարանների դատական ակտերը Հայաստանի Հանրապետության տարածքում ճանաչելիս և կատարման թույլատրելիս ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի պահանջներին զուգահեռ պետք է հաշվի առնել նաև Պայմանագիրը։ Այսպես․
Պայմանագրի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Պայմանավորվող Կողմերը պարտավոր են` նույն Պայմանագրի դրույթներին համապատասխան, ճանաչել և իրենց տարածքներում կատարել մյուս Պայմանավորվող Կողմի տարածքում կայացած և օրինական ուժի մեջ մտած դատական որոշումները:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն Պայմանագրի տեքստում օգտագործվող «դատական որոշումներ» տերմինը նշանակում է (…) Հայաստանի Հանրապետության համար` քաղաքացիական, այդ թվում` տնտեսական գործերով որոշումները, (…)։
Պայմանագրի 18-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի համաձայն՝ դատական որոշման ճանաչման և կատարման մասին միջնորդությանը պետք է կցվեն հետևյալ փաստաթղթերը՝ այն փաստաթուղթը, որով հավաստվում է, որ դատավարությանը մասնակցություն չունեցած կողմին, իսկ նրա անգործունակության դեպքում` նրա պատշաճ ներկայացուցչին, օրենքով սահմանված կարգով ծանուցագիր է հանձնվել դատակոչի մասին:
Պայմանագրի 21-րդ հոդվածի «գ» կետի համաձայն՝ դատական որոշման ճանաչումն ու կատարումը կարող են մերժվել, եթե դատավարությանը մասնակցություն չունեցած կողմին որոշում ընդունած հիմնարկի կողմից` Պայմանավորվող Կողմի օրենսդրությանը համապատասխան, չի հանձնվել դատակոչի մասին ծանուցագիրը, կամ նրա լրիվ կամ սահմանափակ անգործունակության դեպքում բացակայել է պատշաճ ներկայացուցիչը։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 351-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն՝ եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով այլ բան նախատեսված չէ, ապա օտարերկրյա դատական ակտը ճանաչելու և կատարման թույլատրելու վերաբերյալ դիմումին պետք է կցվի պաշտոնական փաստաթուղթ այն մասին, որ դատավարությանը չմասնակցած կողմը, իսկ վերջինիս մոտ դատավարական գործունակության բացակայության դեպքում՝ նրա օրինական ներկայացուցիչը ծանուցվել է դատական նիստի ժամանակի և վայրի մասին։
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատարանը նույն օրենսգրքի 127-րդ հոդվածով սահմանված կարգով վերադարձնում է օտարերկրյա դատական ակտը ճանաչելու և կատարման թույլատրելու վերաբերյալ դիմումը, եթե այն ներկայացվել է նույն հոդվածի պահանջների խախտմամբ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 354-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ դատարանը մերժում է օտարերկրյա դատական ակտի ճանաչումը և կատարման թույլատրելու վերաբերյալ դիմումը, եթե կողմը զրկված է եղել դատավարությանը մասնակցելու հնարավորությունից։
Շարադրված նորմերի բովանդակությունից բխում է, որ թե՛ Պայմանագրով և թե՛ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով դատական ակտը ճանաչելու ու կատարման թույլատրելու վերաբերյալ դիմումին (միջնորդությանը) առաջադրվել է բովանդակային առումով գրեթե նույնական պահանջ՝ դրան կից դատավարությանը մասնակցություն չունեցած կողմի, իսկ նրա անգործունակության դեպքում` նրա պատշաճ ներկայացուցչի ծանուցման մասին փաստաթուղթ ներկայացնելու վերաբերյալ։ Պայմանագիրը չի նախատեսում նշված պահանջը չկատարելու համար իրավական որևէ հետևանք, մինչդեռ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը սահմանում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 351-րդ հոդվածով սահմանված պահանջների խախտմամբ ներկայացված դիմումը նույն օրենսգրքով սահմանված կարգով վերադարձվում է։ Այսինքն՝ օտարերկրյա դատական ակտը ճանաչելու և կատարման թույլատրելու վերաբերյալ դիմումին դատավարությանը չմասնակցած կողմի, իսկ վերջինիս մոտ դատավարական գործունակության բացակայության դեպքում՝ նրա օրինական ներկայացուցիչի ծանուցված լինելու փաստը հաստատող ապացույց չկցելը հիմք է դիմումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 351-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով՝ նույն օրենսգրքի 127-րդ հոդվածով սահմանված կարգով վերադարձնելու համար։
Դատավարությանը մասնակցություն չունեցած կողմի, իսկ նրա անգործունակության դեպքում` նրա պատշաճ ներկայացուցչի ծանուցման մասին փաստաթուղթ ներկայացնելու պահանջն ինքնանպատակ չէ, քանի որ համապատասխան ապացույցի հետազոտման և գնահատման հիման վրա միայն դատարանը կարող է եզրակացնել դիմումը մերժելու՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 354-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված հիմքի առկայության կամ բացակայության մասին։ Ընդ որում, ի տարբերություն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի, որն ընդհանրական սահմանում է կողմի՝ դատավարությանը մասնակցելու հնարավորությունից զրկված լինելը՝ Պայմանագիրը միջնորդության մերժումը պայմանավորում է Պայմանավորվող Կողմի օրենսդրության, դրան համապատասխան դատակոչի մասին ծանուցագիրը հանձնված չլինելու, անգործունակության դեպքում՝ պատշաճ ներկայացուցչի բացակայության փաստերի հետ։
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վրաստանի դատարանների դատական ակտերը Հայաստանի Հանրապետության տարածքում ճանաչելու և դրանց կատարումը թույլատրելու հարց քննարկելիս ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 354-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված՝ դատավարությանը մասնակցելուց զրկված լինելու փաստը պետք է գնահատել Պայմանագրի 21-րդ հոդվածի «գ» կետի լույսի ներքո։ Այսինքն՝ կողմի՝ դատավարությանը մասնակցելու հնարավորությունից զրկված լինելու փաստ կարող է արձանագրվել այն դեպքերում, եթե այդ կողմին դատակոչի մասին ծանուցագիրը Վրաստանի օրենսդրությանը համապատասխան հանձնված չի եղել կամ կողմի լրիվ կամ սահմանափակ անգործունակության դեպքում բացակայել է պատշաճ ներկայացուցիչը։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում միջազգային պայմանագրով և ներպետական օրենսդրությամբ սահմանված կարգավորումները փոխլրացնում են միմյանց, քանի որ դիմումը մերժելու՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 354-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությունը ենթակա է քննարկման Պայմանագրի 21-րդ հոդվածի «գ» կետի շրջանակներում՝ պարզելով այն հարցը, թե արդյո՞ք անհատ ձեռնարկատեր Տիգրան Սողոմոնյանին Վրաստանի օրենսդրությանը համապատասխան հանձնվել է դատակոչի մասին ծանուցագիրը, այսինքն՝ վերջինս ծանուցվել է դատական նիստի ժամանակի և վայրի մասին, թե՝ ոչ։
Տվյալ դեպքում Դատարանը 29․11․2023 թվականի որոշմամբ նշել է, որ «(…) գործով մասնակից և ճանաչման ենթակա ակտով պարտապան հանդիսացող Ա/Ձ Տիգրան Պողոսի «Սիմոնյանը» փաստացի չի ստացել հայցը, դատավարական փաստաթղթերը, զրկված է եղել դատավարությանը մասնակցելու հնարավորությունից, այսինքն՝ դատական ակտը կայացվել է առանց կողմի մասնակցության»՝ արձանագրելով, որ «առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 354-րդ հոդվածով նախատեսված օտարերկրյա դատական ակտի ճանաչելը մերժելու հիմք»։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանն ընդհանրապես քննարկման առարկա չի դարձրել Պայմանագիրը և դրանով նախատեսված իրավակարգավորումները, չի անդրադարձել Վրաստանի օրենսդրությանն ու դրան համապատասխան անհատ ձեռնարկատեր Տիգրան Սողոմոնյանին դատակոչի մասին ծանուցագիր հանձնված լինելու կամ չլինելու հարցին, և առանց որևէ պատճառաբանության հանգել է Ընկերության դիմումը մերժման ենթակա լինելու՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 354-րդ հոդվածով նախատեսված հիմքի առկայության մասին եզրակացության։
Վերաքննիչ դատարանը 20․03․2024 թվականի որոշմամբ արձանագրել է, որ «(…) Դիմողի կողմից չի ներկայացվել պաշտոնական փաստաթուղթ այն մասին, որ դատավարությանը չմասնակցած կողմը / Ա/Ձ Տիգրան Պողոսի Սողոմոնյանը/ ծանուցվել է դատական նիստի ժամանակի և վայրի մասին։ (…) դիմումին, բացի օտարերկրյա դատական ակտից, պետք է կցվի պաշտոնական փաստաթուղթ այն մասին, որ դատավարությանը չմասնակցած կողմը, իսկ վերջինիս մոտ դատավարական գործունակության բացակայության դեպքում՝ նրա օրինական ներկայացուցիչը ծանուցվել է դատական նիստի ժամանակի և վայրի մասին։ (…) օրենսդրական նման պահանջի ամրագրումն ինքնանպատակ չէ և բոլոր այն դեպքերում, երբ պատասխանողը չի մասնակցել օտարերկրյա դատավարությանը, դիմողի համար առաջացնում է դիմումին կից պատասխանողի պատշաճ ծանուցված լինելու փաստը հավաստող ապացույց ներկայացնելու պարտականություն։ Հակառակ դեպքում, օրենսդիրը դատավարությանը չմասնակցած անձի ծանուցված լինելու կապակցությամբ փաստաթուղթ ներկայացնելու առանձին և պարտադիր պահանջ չէր նախատեսի և դատավարության մասնակցի ծանուցված լինելու հարցը պարզելիս հիմք կընդունվեր օտարերկրյա դատական ակտում կատարված նշագրումները»։
Արդյունքում «հաշվի առնելով, որ Դիմողի կողմից չի ներկայացվել դատավարության մասին պարտապանի պատշաճ ծանուցված լինելու մասին պաշտոնական փաստաթուղթ, իսկ օտարերկրյա դատական ակտում դատավարության մասնակցի ծանուցված լինելու, սակայն չներկայանալու մասին նշագրումը չի կարող նշված փաստի հաստատման հիմք ծառայել»՝ Վերաքննիչ դատարանը հիմնավոր է համարել դիմումը մերժման ենթակա լինելու մասին Դատարանի հետևությունը։
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ անհատ ձեռնարկատեր Տիգրան Սողոմոնյանին դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցելու վերաբերյալ պաշտոնական փաստաթուղթ ներկայացնելու՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 351-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված պահանջը չպահպանելը ոչ թե Ընկերության դիմումը մերժելու, այլ այն վերադարձնելու՝ նույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված հիմք է։
Տվյալ դեպքում Ընկերության դիմումը վարույթ ընդունված լինելու պայմաններում գործել է դրա՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 351-րդ հոդվածով նախատեսված պահանջներին համապատասխան ներկայացված լինելու կանխավարկածը, ուստի ստորադաս դատարանների քննարկման առարկան եղել է Պայմանագրի 21-րդ հոդվածի «գ» կետով սահմանված պայմանի համաձայն, գործում առկա ապացույցների հիման վրա՝ անհատ ձեռնարկատեր Տիգրան Սողոմոնյանին Վրաստանի օրենսդրությանը համապատասխան դատակոչի մասին ծանուցագիր հանձնված լինելու, այսինքն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցելու փաստի պարզումը, ինչը վերջիններս չեն կատարել։
Արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 351-րդ հոդվածի խախտում թույլ տրված լինելու մասին վճռաբեկ բողոքում նշված փաստարկները հիմնավորված են։
Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները չեն կիրառել Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև կնքված Պայմանագիրը, որը պետք է կիրառեին, իսկ Վերաքննիչ դատարանը կիրառել է Քիշնևի կոնվենցիան, որը չպետք է կիրառեր, ինչի հետևանքով թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 354-րդ հոդվածի խախտում ու այս կապակցությամբ բողոք բերած անձի փաստարկը նույնպես հիմնավորված է։
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով առկա է գործի նոր քննության անհրաժեշտություն՝ սույն որոշմամբ ներկայացված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ գործի փաստական հանգամանքները, մասնավորապես՝ Պայմանագրի 21-րդ հոդվածի «գ» կետով սահմանված պայմանների առկայությունը պարզելու նպատակով, որպիսի պայմաններում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով վերապահված լիազորությունը՝ բեկանել Վերաքննիչ դատարանի 20․03․2024 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ նոր քննության:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ] կանոններին համապատասխան:
Նկատի ունենալով, որ Ընկերության վճռաբեկ բողոքը բավարարելու արդյունքում գործն ուղարկվում է նոր քննության՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի արդյունավետ բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, ուստի այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության արդյունքում։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20․03․2024 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության արդյունքում։
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող |
Գ. Հակոբյան |
Զեկուցող |
Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ |
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ Ս․ ՄԵՂՐՅԱՆ Է. ՍեդրակյանՎ․ Ք ՈՉԱՐՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հունվարի 2025 թվական:
