Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-85-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (25.12.2010-21.04.2012)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.05.18/29(401) Հոդ. 571
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
11.04.2005
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
11.05.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.05.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2005 թվականի ապրիլի11-ին


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաստատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը (կցվում է):

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2005 թ. մայիսի 11
Երևան
ՀՕ-85-Ն


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1.

Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ՝ ոստիկանություն) ծառայողական կարգապահության կանոնները, կարգավորում է ոստիկանությունում ծառայողական քննություն նշանակելու, անցկացնելու, կարգապահական տույժեր կիրառելու կարգն ու պայմանները, ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնները, ինչպես նաև ծառայողական կարգապահության ամրապնդման հետ կապված այլ հարաբերություններ:

Հոդված 2. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները


Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

ծառայողական քննություն` սույն օրենքով և «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ և 43-րդ հոդվածներով սահմանված դեպքերում և կարգով ոստիկանության ծառայողի պարտականությունների կատարմանը, նրա գործունեությանն ու դրսևորած վարքագծին առնչվող հարցերի քննություն.

ծառայողական քննություն նշանակող անձ` սույն օրենքով ծառայողական քննություն նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձ.

ծառայողական քննություն իրականացնող անձ` ծառայողական քննություն նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի լիազորած` ոստիկանության բարձրագույն, գլխավոր, ավագ և միջին խմբի ծառայող կամ ծառայողների խումբ, ինչպես նաև ծառայողական քննություն իրականացնելու պաշտոնեական իրավասություն ունեցող ոստիկանության ստորաբաժանման ծառայող կամ ծառայողների խումբ.

հատուկ ծառայություն` ոստիկանության կազմում գործող այն ծառայությունները, որոնց ծառայողների անձը ծածկագրված է, և վերջիններս իրենց լիազորություններն իրականացնում են գաղտնագործունեության (կոնսպիրացիայի) լիակատար պահպանմամբ:

Հոդված 3.

Ոստիկանությունում ծառայողական կարգապահության ապահովման սկզբունքները


Ոստիկանությունում ծառայողական կարգապահությունն ապահովվում է օրինականության, մարդու իրավունքների և ազատությունների հարգման, հրապարակայնության, ծառայության դիմաց արդար հատուցման, ծառայության արդյունքների, ունակությունների և որակավորման չափանիշներով ծառայողական առաջխաղացման, խրախուսման, կարգապահական պատասխանատվության անխուսափելիության և անհատականացման, ոստիկանության ծառայողների իրավական ու բարոյական դաստիարակության սկզբունքների հիման վրա:

 

Հոդված 4. Ոստիկանությունում ծառայողական կարգապահության օրենսդրությունը


1. Ոստիկանությունում ծառայողական կարգապահության օրենսդրությունն են կազմում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, «Ոստիկանության մասին» և «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները, սույն օրենքը, այլ օրենքներ և իրավական ակտեր, ինչպես նաև միջազգային պայմանագրերը:

2. Ոստիկանության քաղաքացիական ծառայողների և քաղաքացիական աշխատողների նկատմամբ կիրառվում են «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը և աշխատանքային օրենսդրությունը:

Գ Լ ՈՒ Խ  2

ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 5. Ծառայողական կարգապահությունը ոստիկանությունում

1. Ծառայողական կարգապահությունը ոստիկանությունում ոստիկանության ծառայողների կողմից Հայաստանի Հանրապետության օրենքներով, նորմատիվ իրավական այլ ակտերով սահմանված պարտականությունների խստիվ ու ճշգրիտ պահպանումն է, կատարումը և իրավազորությունների իրականացումը:

2. Կարգապահությունը ոստիկանությունում հիմնվում է ոստիկանության յուրաքանչյուր ծառայողի կողմից իր ծառայողական պարտականությունների կատարման և էթիկայի կանոնների պահպանման համար անձնական պատասխանատվության գիտակցման, ինչպես նաև իր ղեկավարների լիազորությունների շրջանակներում տված հրամանների (հրահանգների, կարգադրությունների) ճիշտ և ժամանակին կատարման վրա:

3. Ոստիկանությունում կարգապահությունը ձեռք է բերվում ղեկավարների խստապահանջությամբ՝ հարգելով ենթակաների արժանապատվությունը, խրախուսման, համոզման և հարկադրանքի միջոցների զուգորդմամբ, ենթակաների նկատմամբ մշտական հոգատարությամբ:

4. Համատեղ ծառայություն կատարելիս միմյանց ենթակայության տակ չգտնվող ոստիկանության ծառայողների ծառայողական փոխհարաբերությունները կարգավորում է համատեղ ծառայություն նշանակող ղեկավարը (հրամանատարը): Ծառայությամբ միմյանց չենթարկվող ոստիկանության ծառայողների ավագությունը որոշվում է պաշտոններով և կոչումներով: Պաշտոնով և կոչումով ավագները իրավասու են դիտողություն անելու և կրտսերներից պահանջելու կարգապահության, համազգեստ կրելու և ողջույն տալու կանոնների պահպանում:

 

Հոդված 6. Ղեկավարի (հրամանատարի) դերը ծառայողական կարգապահության ամրապնդման և պահպանման գործում


1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների, ոստիկանության ծառայությունը կանոնակարգող նորմատիվ իրավական ակտերի և սույն օրենքի պահանջները կատարելիս ղեկավարը պետք է մշտապես օրինակ ծառայի ենթականերին, բարձրացնի վերջիններիս պատվի և ծառայողական պարտքի գիտակցումը, խրախուսի արժանիներին և պատասխանատվության ենթարկի կարգազանցներին:

2. Ղեկավարը պետք է հատուկ ուշադրություն դարձնի ենթակաների անհատական հատկանիշների ուսումնասիրմանը, իրավական ակտերով սահմանված փոխհարաբերությունների պահպանմանը, անձնակազմի համախմբմանը, ժամանակին հայտնաբերի ենթակաների կատարած կարգապահական խախտումների պատճառները, ձեռնարկի կանխարգելիչ միջոցառումներ:

3. Կարգուկանոն հաստատելու և կարգազանց ենթակային կարգապահական տույժի ենթարկելու ուղղությամբ համապատասխան միջոցառումներ չձեռնարկելու դեպքում ղեկավարը պատասխանատվություն է կրում դրա համար:

4. Ղեկավարը պարտավոր է հարգել ենթակաների պատիվն ու արժանապատվությունը և բացառել նրանց հետապնդումներն անձնական բնույթի շարժառիթներով:

5. Ղեկավարի՝ գրավոր հրամանով հայտարարված ժամանակավոր պաշտոնակատարը օգտվում է այդ պաշտոնի համար սույն օրենքով նախատեսված իրավունքներից և պարտականություններից:

Գ Լ ՈՒ Խ  3

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԽՐԱԽՈՒՍԵԼԸ

 

Հոդված 7. Ոստիկանության ծառայողի նկատմամբ կիրառվող խրախուսանքները


1. Երկարամյա ծառայության, ինչպես նաև ծառայողական պարտականությունները և (կամ) հատուկ առաջադրանքները գերազանց կատարելու համար ոստիկանության ծառայողի նկատմամբ կիրառվող խրախուսանքի տեսակները սահմանված են «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 7-րդ մասերով:

Ոստիկանության ծառայողների նկատմամբ կիրառվող խրախուսանքները ձևակերպվում են գրավոր և հաշվառվում անձնական գործում:

2. Խրախուսանքները կիրառելու իրավունք ունեցող պաշտոնատար անձանց ցանկը, խրախուսանքների կիրառման սահմանները, կարգը և պայմանները սահմանվում են ոստիկանության պետի նորմատիվ հրամանով:

 

Գ Լ ՈՒ Խ  4

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ
ԾԱՌԱՅՈՂԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԻ ԵՆԹԱՐԿԵԼԸ

 

Հոդված 8. Ոստիկանության ծառայողի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը

1. Ոստիկանության ծառայողի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը սահմանված են «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածով:

2. Ոստիկանության ծառայողի նկատմամբ կիրառվող տույժերը ձևակերպվում են գրավոր և հաշվառվում անձնական գործում:

(նախադասությունը հանվել է 15.11.10 ՀՕ-170-Ն)

3. Կարգապահական տույժի ենթարկված ոստիկանության ծառայողը չի ազատվում քրեական պատասխանատվությունից, եթե նա, կարգապահական խախտումից բացի, կատարել է քրեորեն հետապնդելի արարք:

4. Ոստիկանության ծառայողի նկատմամբ ղեկավարի (հրամանատարի) իրավունքների սահմաններից դուրս կարգապահական տույժ կիրառելու համար նա միջնորդում է այդ իրավունքն ունեցող վերադաս ղեկավարին (հրամանատարին):

5. (պարբերությունն ուժը կորցրել է 24.10.06 ՀՕ-170-Ն)

Ոստիկանության գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողների նկատմամբ «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածով նախատեսված կարգապահական տույժերը կիրառելու իրավունքը վերապահվում է ոստիկանության պետին: Ոստիկանության այլ պաշտոնատար անձանց կարգապահական տույժեր կիրառելու իրավունքը պատվիրակում է ոստիկանության պետը` իր հրամանով, որով սահմանվում են նաև կարգապահական տույժերի կիրառման սահմանները:

(8-րդ հոդվածը փոփ. 24.10.06 ՀՕ-170-Ն, 15.11.10 ՀՕ-170-Ն)

 

Հոդված 9. Ոստիկանության ուսումնական հաստատության առկա ուսուցման ձևով սովորողների նկատմամբ խրախուսանքներ կիրառելու և նրանց կարգապահական տույժի ենթարկելու առանձնահատկությունները

1. Ոստիկանության ուսումնական հաստատության առկա ուսուցման ձևով սովորողների նկատմամբ «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված խրախուսանքները, ինչպես նաև նույն օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգապահական տույժերը կիրառվում են գրավոր հրամանով: Խրախուսանքները սովորողների նկատմամբ կիրառվում են ոստիկանության ուսումնական հաստատության միջին, ավագ կամ գլխավոր խմբի պաշտոն զբաղեցնող ծառայողի զեկուցագրի հիման վրա, իսկ կարգապահական տույժերը՝ նաև կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող սովորողի բացատրության հիման վրա:

2. Հասարակական կարգի պահպանության միջոցառումներին մասնակցելու ընթացքում թույլ տված կարգապահական խախտումների համար սովորողների նկատմամբ կիրառված կարգապահական տույժերը և բարեխիղճ ծառայության համար հայտարարված խրախուսանքները հաշվառվում են սովորողի անձնական գործում, իսկ ոստիկանության ուսումնական հաստատության ներքին կանոնակարգի խախտման համար կիրառված կարգապահական տույժերը` սովորողի անձնական գործին կցվող «Սովորողի ծառայողական քարտում»:

3. Ոստիկանության ուսումնական հաստատությունն ավարտելուց և համապատասխան պաշտոնի նշանակվելուց հետո ծառայության ողջ ընթացքում «Սովորողի ծառայողական քարտում» գրանցված կարգապահական տույժերը չեն հաշվարկվում:

(9-րդ հոդվածը լրաց. 24.10.06 ՀՕ-170-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  5


ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԷԹԻԿԱՅԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

Հոդված 10. Ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնները


1. Ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնները ոստիկանության ծառայողի համար պարտադիր են ինչպես ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում, այնպես էլ ծառայողական պարտականություններից դուրս:

2. Ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնները բարոյականության համընդհանուր սկզբունքների վրա հիմնված` ոստիկանության ծառայողի վարվելակերպի (վարքագծի) և փոխհարաբերությունների առանձնահատկությունները կարգավորող նորմեր են (այսուհետ՝ վարքագծի կանոններ):

3. Վարքագծի կանոնների նպատակն է ուղղորդել ոստիկանության ծառայողին վերջինիս վարվելակերպի առումով, ինչպես նաև իրազեկել քաղաքացիներին, թե ինչպիսի պահվածք պետք է ակնկալել ոստիկանության ծառայողից:

4. Ոստիկանության ծառայողը պարտավոր է՝

ա) հավատարիմ լինել երդմանը, ցուցաբերել անմնացորդ նվիրվածություն Հայաստանի Հանրապետությանը, հարգել Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշները և պետական լեզուն.

բ) հարգել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ու օրենքները, ժողովրդի սովորույթներն ու ավանդույթները.

գ) նյութապես կամ այլ միջոցներով չսատարել որևէ քաղաքական կուսակցության.

դ) ցանկացած իրավիճակում պահպանել անձնական արժանապատվությունը, բարձր պահել պատիվը, լինել ազնիվ.

ե) օրենքով նախատեսված լիազորություններն իրականացնելիս զերծ մնալ հասարակական կարծիքի ազդեցությունից և իր գործողությունների համար քննադատվելու մտավախությունից.

զ) հանուն անձնական կամ այլ անձանց շահերի չնսեմացնել ոստիկանության և ոստիկանության ծառայողի վարկը.

է) աջակցել իր ղեկավարներին կարգապահության ամրապնդման հարցերում, հարգանքով վերաբերվել նրանց և կոչումով ավագներին.

ը) կատարելագործել սեփական մասնագիտական որակները, ունենալ պատշաճ իրավագիտակցություն և իրավական կուլտուրա.

թ) իմանալ և հարգել մարդու իրավունքներն ու ազատությունները, ցուցաբերել զսպվածություն, քաղաքակիրթ, վայելուչ և հարգալից վերաբերմունք քաղաքացիների նկատմամբ.

ժ) ձեռնպահ մնալ ֆինանսական, գործնական, անձնական այնպիսի կապերի հաստատումից, որոնք կարող են խախտել նրա անաչառությունը, խոչընդոտել ծառայողական պարտականությունների պատշաճ կատարմանը.

ժա) անհարկի չընդգծել իր պաշտոնեական դիրքը.

ժբ) իր վարքով նպաստել հասարակության այն համոզմունքի և հավատի ձևավորմանն ու պահպանմանը, որ ոստիկանությունում ծառայությունը հիմնված է անկողմնակալության, ազնվության և օրինականության սկզբունքների վրա.

ժգ) հասարակության և պետության շահերը բարձր դասել անձնականից, անմնացորդ նվիրվել աշխատանքին.

ժդ) խուսափել անհարկի խոստումներից, գիտակցել իր խոսքի արժեքն ու կարևորությունը, տրված խոստման հնարավոր բացասական հետևանքները.

ժե) ղեկավարվել պատվի, խղճի և արժանապատվության զգացումներով.

ժզ) աջակցել օգնության կարիք ունեցող անձանց, հատկապես ծերերին, երեխաներին, հաշմանդամներին:

5. Վարքագծի կանոնների հերթականությունը չի ընդգծում դրանց առաջնահերթությունը: Եթե ոստիկանության ծառայողը չի կողմնորոշվում` ինչպիսի վարքագիծ դրսևորել որոշակի իրավիճակներում, ապա նա պետք է դիմի անմիջական ղեկավարին: Ոստիկանության ծառայողի անմիջական ղեկավարը հնարավորության սահմաններում միջոցներ է ձեռնարկում, որպեսզի իր ենթակա ծառայողների համար դյուրին լինի վարքագծի սույն կանոնների պահպանումը:

6. Սույն հոդվածի 4-րդ մասի «գ», «է», «թ» և «ժ» կետերով սահմանված կանոնների խախտումը կարող է առաջ բերել կարգապահական պատասխանատվություն:

7. Սույն հոդվածի 4-րդ մասի «ա», «բ», «դ», «ե», «զ», «ը», «ժա», «ժբ», «ժգ», «ժդ», «ժե», «ժզ» կետերով սահմանված կանոնների խախտումը առաջ է բերում պատասխանատվություն, եթե զուգորդվել է կարգապահական խախտման կատարման հետ:

8. Սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված էթիկայի կանոնների խախտումները ենթակա են իրավասու պատվո դատարանի քննարկմանը:


Գ Լ ՈՒ Խ  6

 

ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

Հոդված 11. Ծառայողական քննության խնդիրները

 

Ծառայողական քննության խնդիրներն են՝

ա) «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված սկզբունքների իրականացումը.

բ) ծառայողական կարգապահության ամրապնդումը.

գ) ոստիկանության ծառայողի կողմից կատարված կարգապահական և էթիկայի կանոնների խախտման յուրաքանչյուր դեպքի ժամանակին բացահայտումը.

դ) կարգապահական խախտումների կանխարգելումը և կարգապահական խախտում ծնող պատճառների ու դրանց նպաստող պայմանների վերացումը.

ե) ոստիկանության ծառայողների իրավունքների մինչդատական պաշտպանությունը.

զ) կարգապահական խախտման հանգամանքների ժամանակին, լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ պարզաբանումը.

է) անհիմն կերպով կարգապահական պատասխանատվության ենթարկված ոստիկանության ծառայողի հեղինակության վերականգնումը:

Հոդված 12. Ծառայողական քննություն իրականացնող ստորաբաժանումները և ծառայողները


1. Ծառայողական քննություն իրենց իրավասության սահմաններում կարող են կատարել ոստիկանության բոլոր ինքնուրույն ստորաբաժանումների ղեկավարները:

Ոստիկանության գլխավոր և բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների նկատմամբ ծառայողական քննությունը կատարում են ոստիկանության կենտրոնական ապարատի ծառայողական քննություններ իրականացնելու հիմնական իրավասություն ունեցող ստորաբաժանումը կամ ոստիկանության պետի հանձնարարությամբ` ոստիկանության կենտրոնական ապարատի այլ ծառայություններ կամ ոստիկանության պետի լիազորած ոստիկանության մարզային վարչությունը:

2. Ոստիկանության ստորաբաժանումներում կրտսեր, միջին և ավագ խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողի նկատմամբ ծառայողական քննություն կատարելիս ոստիկանության գլխավոր և բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների կողմից կարգապահական խախտում թույլ տալու փաստեր հայտնաբերելու դեպքում ծառայողական քննության նյութերը ոստիկանության պետի հանձնարարությամբ ուղարկվում են ոստիկանության կենտրոնական ապարատի ծառայողական քննություններ իրականացնելու հիմնական իրավասություն ունեցող ստորաբաժանում կամ ոստիկանության պետի հանձնարարությամբ` ոստիկանության կենտրոնական ապարատի այլ ծառայություն:

3. Ոստիկանության նախաքննական մարմինների և հատուկ ծառայությունների ծառայողների նկատմամբ ծառայողական քննություն համապատասխանաբար կատարում են նախաքննական մարմինները և հատուկ ծառայությունները կամ ոստիկանության պետի լիազորած ծառայությունը:

4. Ոստիկանության պետի ցուցումով ոստիկանության ստորաբաժանումներում կատարվող ծառայողական քննության նյութերը ցանկացած փուլում կարող են փոխանցվել ոստիկանության կենտրոնական ապարատի ծառայողական քննություններ իրականացնելու հիմնական իրավասություն ունեցող ստորաբաժանում կամ ոստիկանության կենտրոնական ապարատի այլ ծառայություն և (կամ) ոստիկանության մարզային վարչություններ՝ հետագա ընթացքը սույն օրենքով սահմանված կարգով լուծելու համար:

5. Ոստիկանության կենտրոնական ապարատի ծառայողական քննություն իրականացնելու հիմնական իրավասություն ունեցող ստորաբաժանմանը ծառայողական քննություն կատարելու ցուցում տալու իրավունք ունեն ոստիկանության պետը կամ նրան փոխարինող տեղակալը:

Հոդված 13. Ծառայողական քննության իրավաչափությունը


Ծառայողական քննություն իրականացնող անձն իրավասու է կատարելու այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված է սույն օրենքով:

Հոդված 14. Օրենքի առջև բոլորի հավասարությունը


Ծառայողական քննության ընթացքում ոստիկանության բոլոր ծառայողները, անկախ զբաղեցրած պաշտոնից, կոչումից և այլ հանգամանքներից, հավասար են օրենքի առջև:

Հոդված 15. Անմեղության կանխավարկածը


1. Ոստիկանության ծառայողը կարգապահական խախտում կատարելու մեջ համարվում է անմեղ, քանի դեռ նրա նկատմամբ իրավասու անձը սույն օրենքով սահմանված կարգով չի նշանակել կարգապահական տույժ:

2. Ոստիկանության ծառայողի մեղավորությունն ապացուցելու, ինչպես նաև ի պաշտպանություն նրա` բերված փաստարկների հերքման պարտականությունը կրում է ծառայողական քննություն իրականացնող անձը:

Հոդված 16. Կարգապահական տույժ չկիրառելը


1. Ծառայողական քննություն նշանակող անձի որոշմամբ կարգապահական խախտում կատարած ոստիկանության ծառայողը կարող է ազատվել կարգապահական տույժից, եթե նման արարք կատարել է առաջին անգամ, կամ կարգապահական խախտում կատարած ոստիկանության ծառայողն անկեղծորեն զղջացել է, ներողություն է խնդրել կոլեկտիվից կամ տուժողից կամ կամավոր հատուցել է իրավախախտմամբ պատճառված վնասը:

2. Ծառայողական քննությանն օժանդակելու, հանրորեն առավել մեծ վտանգավորություն ներկայացնող խախտումների հայտնաբերմանն ու բացահայտմանը նպաստելու դեպքում կարգապահական խախտում կատարած ոստիկանության ծառայողի նկատմամբ կարող է կիրառվել ավելի մեղմ կարգապահական տույժ, կամ նա կարող է ազատվել կարգապահական տույժից:

3. Ծառայողական քննություն նշանակող անձի որոշմամբ կարգապահական խախտում կատարած ոստիկանության ծառայողը ազատվում է կարգապահական տույժից, եթե նա գործել է «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված պայմաններում:

4. Կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողը մինչև նրա վերաբերյալ կատարվող ծառայողական քննության ավարտը չի կարող տեղափոխվել, նշանակվել նոր պաշտոնի, ստանալ հերթական կոչում, իր նախաձեռնությամբ ազատվել ոստիկանությունում ծառայությունից:

Հոդված 17. Ծառայողական քննության լեզուն


1. Ծառայողական քննությունն իրականացվում է հայերեն: Ծառայողական քննության ընթացքում դրա յուրաքանչյուր մասնակից, բացառությամբ ծառայողական քննություն նշանակած պաշտոնատար անձի, ծառայողական քննություն իրականացնող անձի, կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողի և ոստիկանության ծառայող համարվող այլ անձի, իրավունք ունի հանդես գալու այն լեզվով, որին տիրապետում է:

2. Ծառայողական քննության լեզվին չտիրապետող անձանց հնարավորություն է տրվում թարգմանչի օգնությամբ անհատույց իրականացնել սույն օրենքով սահմանված իրենց իրավունքները:

3. Այլ լեզվով փաստաթղթերը ծառայողական քննության նյութերին կցվում են դրանց հայերեն թարգմանությունների հետ:


Գ Լ ՈՒ Խ  7


ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԱՌԻԹՆԵՐԸ, ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ, ԺԱՄԿԵՏՆԵՐԸ, ԿԱՍԵՑՈՒՄԸ, ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

Հոդված 18. Ծառայողական քննություն նշանակելու առիթները


Ծառայողական քննություն նշանակելու առիթներն են՝

ա) ոստիկանության ծառայողի կողմից իրավախախտում կատարելու մասին Ազգային ժողովի պատգամավորի, պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, ֆիզիկական և իրավաբանական անձանց գրավոր հաղորդումները, դիմումները.

բ) դատախազի հաղորդումը կամ միջնորդագիրը՝ համապատասխանաբար ոստիկանության ծառայողի թույլ տված կարգապահական խախտման կամ խախտման պատճառների ու դրանց կատարմանը նպաստող պայմանների մասին.

գ) լրատվության միջոցի հաղորդումը ոստիկանության ծառայողի թույլ տված իրավախախտման մասին.

դ) ոստիկանության ծառայողի կողմից վարչական իրավախախտում կատարելու փաստով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի համաձայն կազմված արձանագրությունները.

ե) իրավախախտման անմիջական հայտնաբերումը ոստիկանության ծառայությունների (ստորաբաժանումների) ղեկավարների կամ նրանց լիազորած անձանց կողմից.

զ) ոստիկանության ծառայողի, ոստիկանության ծառայության (ստորաբաժանման) ղեկավարի զեկուցագիրը ոստիկանությունում հայտնաբերված իրավախախտման մասին՝ հասցեագրված ծառայողական քննություն նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին.

է) ոստիկանության ծառայողի զեկուցագիրը՝ «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված դեպքերում:

Հոդված 19. Ծառայողական քննություն նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձինք


1. Ծառայողական քննություն նշանակելու իրավասություն ունեն կարգապահական տույժ կիրառելու իրավունք ունեցող անձինք:

2. Ծառայողական քննություն նշանակվում է իրավասու պաշտոնատար անձի մակագրությամբ, որում նշվում են ծառայողական քննություն իրականացնող անձը կամ ստորաբաժանման ղեկավարը, ինչպես նաև ծառայողական քննության նշանակման օրը, ամիսը, տարեթիվը:


Հոդված 20. Ծառայողական քննության ընթացքում պարզաբանման ենթակա հանգամանքները


1. Ծառայողական քննության ընթացքում պարզաբանման ենթակա հանգամանքներն են՝

ա) իրավախախտման դեպքը և հանգամանքները (կատարման ժամանակը, տեղը, եղանակը և այլն).

բ) իրավախախտման հատկանիշները.

գ) ոստիկանության ծառայողի մեղավորությունը իրավախախտում կատարելու մեջ.

դ) իրավախախտումներ ծնող պատճառները և դրանց նպաստող պայմանները.

ե) այն հանգամանքները, որոնցով ծառայողական քննությանն աջակցող անձինք և այլք հիմնավորում են իրենց պահանջները:

2. Ծառայողական քննության ընթացքում հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու դեպքում ոստիկանության պետի կամ տեղակալի հանձնարարությամբ ծառայողական քննության նյութերը (համապատասխան եզրակացությամբ) ուղարկվում են Հայաստանի Հանրապետության դատախազության մարմիններ: Ծառայողական քննություն իրականացնող ոստիկանության ստորաբաժանումում պահպանվում են նյութերի պատճենները, և դրանց ընթացքը լուծվում է սույն օրենքով սահմանված կարգով: Կարգապահական խախտման առկայության դեպքում ոստիկանության ծառայողը ենթարկվում է կարգապահական տույժի սույն օրենքով սահմանված կարգով, իսկ նման հիմքերի բացակայության դեպքում կարգապահական տույժի ենթարկելու հարցը նյութերի քննարկման արդյունքներով կարող է լուծել դատախազությունը:

Հոդված 21. Ծառայողական քննության ժամկետները


1. Ծառայողական քննություն իրականացվում է հնարավոր սեղմ ժամկետներում, բայց ոչ ավելի, քան դրա նշանակումից սկսած 30 օրվա ընթացքում: Այդ ժամկետը ծառայողական քննությունն իրականացնող անձի պատճառաբանված զեկուցագրի հիման վրա ծառայողական քննություն նշանակած պաշտոնատար անձը կարող է երկարաձգել ևս մինչև 30 օրով, եթե՝

ա) ծառայողական քննություն իրականացնող անձից անկախ պատճառներով ձգձգվում են այլ մարմին կատարված հարցումների պատասխանները.

բ) ծառայողական քննության նյութերով էական համարվող հանգամանքները պարզելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել ձեռք բերել լրացուցիչ փաստական տվյալներ:

2. Ծառայողական քննության ժամկետները երկարաձգելու մասին ծառայողական քննություն իրականացնող անձը պարտավոր է սեղմ ժամկետում գրավոր տեղեկացնել այն քաղաքացուն, կազմակերպությանը կամ պաշտոնատար անձին, ումից ստացվել է դիմումը կամ հաղորդումը:


Հոդված 22. Ծառայողական քննության ընթացքի կասեցման հիմքերը և վերսկսումը


1. Ծառայողական քննություն իրականացնող անձն այն ամբողջությամբ կամ համապատասխան մասով կարող է կասեցնել՝

ա) Հայաստանի Հանրապետության դատախազության մարմինների քննարկմանն ուղարկված ծառայողական քննության նյութերով մինչև համապատասխան որոշում կայացնելը կամ մինչև ոստիկանության ծառայողի նկատմամբ կայացրած դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը.

բ) եթե ծառայողական քննության ժամկետն ավարտվելուց հետո հայտնի չէ ոստիկանության ծառայողը, որն այդ գործով պետք է ենթարկվի կարգապահական տույժի.

գ) եթե հայտնի չէ կարգապահական տույժի ենթակա ոստիկանության ծառայողի գտնվելու վայրը.

դ) եթե կարգապահական տույժի ենթակա ոստիկանության ծառայողը ծանր հիվանդ է կամ գտնվում է Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս և առանց նրա մասնակցության հնարավոր չէ լուծել ծառայողական քննության վերջնական ընթացքը.

ե) եթե գործում է անհաղթահարելի ուժ, որը ժամանակավորապես խոչընդոտում է ծառայողական քննության կատարմանը:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերի վերացվելու դեպքում ծառայողական քննությունը վերսկսվում է: Ծառայողական քննության ժամկետի մեջ չի հաշվվում այն ժամանակը, որի ընթացքում այն կասեցվել է: Ծառայողական քննությունը վերսկսելուց հետո այն ավարտվում է ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում:

3. Սույն հոդվածի 1-ին մասի «բ», «գ» և «դ» կետերով նախատեսված հիմքերով ծառայողական քննությունը կարող է կասեցվել առավելագույնը մեկ տարի ժամանակով:

4. Ծառայողական քննության անցկացման ընթացքում ծառայողական քննության նյութերը դատախազություն կամ ոստիկանության մեկ այլ ստորաբաժանում ուղարկելու դեպքում ծառայողական քննություն իրականացնող անձը այդ մասին գրավոր տեղեկացնում է այն քաղաքացուն, կազմակերպությանը կամ պաշտոնատար անձին, ումից ստացվել է դիմումը կամ հաղորդումը:


Հոդված 23. Ծառայողական քննության դադարեցումը


1. Ծառայողական քննությունը ցանկացած փուլում դադարեցվում է, եթե՝

ա) կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողը մահացել է, և կարգապահական պատասխանատվության ենթակա ոստիկանության այլ ծառայողներ չկան.

բ) կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողը, իրեն լրիվ մեղավոր ճանաչելով, տվել է գրավոր համաձայնություն իր նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու, ինչպես նաև հիմնավորված բացատրություն` քննվող դեպքի վերաբերյալ.

գ) կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողի արարքում բացակայում են կարգապահական խախտման հատկանիշները.

դ) կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողի մասնակցությունը կարգապահական խախտման կատարմանն ապացուցված չէ, և սպառված են նոր փաստական տվյալներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները.

ե) լրացել է սույն օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված ծառայողական քննությունը կասեցնելու առավելագույն ժամկետը:

2. Ծառայողական քննությունը դադարեցնելու վերաբերյալ ծառայողական քննությունն իրականացնող անձը կազմում է եզրակացություն, որը ներկայացվում է ծառայողական քննություն նշանակած անձի քննարկմանը:

3. Ծառայողական քննություն նշանակած անձը քննարկում է եզրակացությունը և կայացնում համապատասխան որոշում:

 

Գ Լ ՈՒ Խ  8

 

ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԻՐԱՎԱԿԱՆ ԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 24. Ծառայողական քննության մասնակիցները


Ծառայողական քննության մասնակիցներն են՝

ա) ծառայողական քննություն նշանակած պաշտոնատար անձը, ծառայողական քննություն իրականացնող անձը, ծառայողական քննություն իրականացնող անձի անմիջական ղեկավարը (վարչության պետը, ինքնուրույն բաժնի պետը), կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողը (ինչպես նաև ծառայողական քննության ընթացքում նոր ի հայտ եկած կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողը).

բ) ծառայողական քննությանն աջակցող անձինք՝ մասնագետը, թարգմանիչը.

գ) այլ անձը:


Հոդված 25. Ծառայողական քննություն իրականացնող անձի լիազորությունները


Ծառայողական քննություն իրականացնող անձի լիազորություններն են՝

ա) սահմանված ժամկետներում անցկացնել լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ ծառայողական քննություն՝ կատարված գործողություններին տալով համապատասխան փաստաթղթային ձևակերպում.

բ) ծառայողական քննություն նշանակած պաշտոնատար անձի և ծառայողական քննություն իրականացնող անձի անմիջական ղեկավարի պահանջով պարբերաբար նրան ներկայացնել ծառայողական քննության նյութերը և զեկուցել քննության ընթացքի մասին.

գ) ոստիկանության ծառայություններից, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, այլ մարմիններից և կազմակերպություններից սահմանված կարգով պահանջել փաստաթղթեր, նյութեր և տվյալներ, որոնք կարող են տեղեկություններ պարունակել իրավախախտման և դրան առնչվող անձանց մասին.

դ) վերցնել գործի համար նշանակություն ունեցող և ոստիկանությունում պահվող կամ գտնվող իրեր և փաստաթղթեր.

ե) վերցնել բացատրություններ (լրացուցիչ բացատրություններ) կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողից, ծառայողական քննությանն աջակցող անձանցից, այլ անձից.

զ) կատարել զննություն.

է) նշանակել փորձաքննություն.

ը) «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով միջնորդություն ներկայացնել կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին՝ ժամանակավորապես դադարեցնելու կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողի լիազորությունները, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնում մնալով` նա կխոչընդոտի ծառայողական քննությանը.

թ) մինչև ծառայողական քննության ավարտը կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողին ծանոթացնել ծառայողական քննության նյութերին, ներառյալ` եզրակացությանը, բացառությամբ պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տվյալների.

ժ) իր իրավասության սահմաններում լուծել կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողի միջնորդությունները.

ժա) պարզաբանել կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողի, մասնագետի, թարգմանչի, այլ անձի իրավունքներն ու պարտականությունները:

Ծառայողական քննություն իրականացնող անձն ունի սույն օրենքով նախատեսված այլ լիազորություններ:

Հոդված 26. Ծառայողական քննություն իրականացնող անձի անմիջական ղեկավարի լիազորությունները


Ծառայողական քննություն իրականացնող անձի անմիջական ղեկավարը լիազորված է՝

ա) մակագրությամբ նշել ծառայողական քննություն իրականացնող անձին.

բ) ծառայողական քննություն իրականացնող անձին տալ պարտադիր կատարման ենթակա ցուցումներ առանձին գործողություններ կատարելու վերաբերյալ.

գ) ծառայողական քննության ընթացքում ծառայողական քննության իրականացումը գրավոր հանձնարարել ստորաբաժանման այլ ծառայողի` այդ մասին գրավոր զեկուցելով ծառայողական քննություն նշանակած ղեկավարին.

դ) մասնակցել ծառայողական քննության ընթացքում առանձին գործողությունների կատարմանը, անձամբ կատարել ծառայողական քննությունը.

ե) ստորագրությամբ համաձայնել ծառայողական քննության արդյունքներով կազմված եզրակացությանը.

զ) ծառայողական քննության արդյունքներով կազմված եզրակացության հետ համաձայն չլինելու դեպքում ծառայողական քննություն նշանակած անձին ներկայացնել անհամաձայնությունը պատճառաբանող զեկուցագիր:


Հոդված 27. Կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողի իրավունքներն ու պարտականությունները


1. Կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողն իրավունք ունի՝

ա) ծառայողական քննությանը մասնակցելու պահից ծանոթանալու իր իրավունքներին և պարտականություններին, ինչը վավերացվում է իր ստորագրությամբ.

բ) իմանալու, թե ինչի համար է մեղադրվում.

գ) բացարկ հայտնելու ծառայողական քննություն իրականացնող անձին, եթե կան հանգամանքներ, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ ծառայողական քննություն իրականացնող անձն ուղղակիորեն կամ անուղղակիորեն շահագրգռված է ծառայողական քննության ելքով.

դ) ծառայողական քննության ցանկացած փուլում միջնորդություններ ներկայացնելու առանձին գործողություններ կատարելու, ինչպես նաև ծառայողական քննության նյութերին իր դիմումը հիմնավորող` սույն օրենքով նախատեսված փաստական տվյալներ կցելու և դրանց ընթացք տալու վերաբերյալ.

ե) ծանոթանալու իր մասնակցությամբ կատարված գործողությունների ընթացքի, բովանդակության, արդյունքների վերաբերյալ կազմված տեղեկանքներին կամ արձանագրություններին և դրանց կապակցությամբ ներկայացնելու առաջարկություններ ու դիտողություններ.

զ) մինչև ծառայողական քննության ավարտը ծանոթանալու ծառայողական քննության նյութերին (բացառությամբ պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տվյալների), ներառյալ` ծառայողական քննության արդյունքներով կազմված եզրակացությանը, սույն օրենքով սահմանված կարգով այն բողոքարկելու:

2. Կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողը պարտավոր է՝

 ա) ծառայողական քննություն իրականացնող անձի պահանջով ներկայանալ ծառայողական քննության իրականացման վայր և տալ գրավոր կամ բանավոր բացատրություններ (ըստ պահանջի), անհրաժեշտության դեպքում` նաև լրացուցիչ բացատրություններ, մասնակցել այլ անհրաժեշտ գործողությունների և ստորագրությամբ հաստատել դրանց կապակցությամբ կազմված արձանագրությունների (տեղեկանքների) ճշտությունը, իսկ ստորագրելուց հրաժարվելու դեպքում ներկայացնել գրավոր պատճառաբանություն.

բ) ծառայողական քննություն իրականացնող անձի պահանջով ներկայացնել իր մոտ եղած` ծառայողական քննությանն անհրաժեշտ առարկաները և փաստաթղթերը.

գ) ենթարկվել ծառայողական քննություն իրականացնող անձի՝ սույն օրենքով սահմանված պահանջներին:

Ծառայողական քննության ընթացքում կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողն ունի սույն օրենքով իրեն վերապահված այլ իրավունքներ և պարտականություններ:


Հոդված 28. Մասնագետը, նրա իրավունքներն ու պարտականությունները


1. Մասնագետը ծառայողական քննության արդյունքներով չշահագրգռված անձն է, որը հրավիրվում և ծառայողական քննության մասնակից է դարձվում հատուկ մասնագիտական գիտելիքների վերաբերյալ խորհրդատվություն կամ համապատասխան մասնագիտական եզրակացություն տրամադրելու համար:

2. Ծառայողական քննության ցանկացած փուլում ծառայողական քննություն իրականացնող անձը վերոհիշյալ նպատակներով ոստիկանությունում համապատասխան մասնագետի բացակայության դեպքում դիմում է համապատասխան իրավասու մարմնի ղեկավարին՝ մասնագետ տրամադրելու համար: Հրավիրված մասնագետն իր ծառայությունների դիմաց վարձատրվում է ոստիկանության պահպանման ծախսերի հաշվին՝ ծառայողական քննություն իրականացնող անձի գրավոր միջնորդության հիման վրա: Մասնագետն անհրաժեշտության դեպքում ծառայողական քննություն իրականացնող անձի պահանջով ներկայացնում է իր կրթության և որակավորման վերաբերյալ փաստաթղթերի պատճենները:

3. Մասնագետն իրավունք ունի՝

ա) ծառայողական քննությանը մասնակցելու պահից ստանալու իր իրավունքների և պարտականությունների մասին գրավոր ծանուցում և պարզաբանում.

բ) ծանոթանալու իր մասնակցությամբ կատարված գործողությունների ընթացքի, բովանդակության, արդյունքների վերաբերյալ կազմված տեղեկանքներին կամ արձանագրություններին և դրանց կապակցությամբ ներկայացնելու դիտողություններ ու առաջարկություններ:

4. Մասնագետը պարտավոր է՝

ա) ներկայանալ ծառայողական քննություն իրականացնող անձի գրավոր պահանջով, մասնակցել անհրաժեշտ գործողությունների կատարմանը և իր գիտելիքների սահմաններում խորհուրդներ տալ առանձին հարցերի պարզաբանման և գործողությունների կատարման կապակցությամբ, անհրաժեշտության դեպքում մասնակցել դրանց.

բ) ստորագրությամբ հաստատել իր մասնակցությամբ կատարված գործողությունների ընթացքի, բովանդակության և արդյունքների վերաբերյալ կազմված արձանագրություններում (տեղեկանքներում) եղած գրառումների լրիվությունն ու ճշտությունը, իսկ ստորագրելուց հրաժարվելու դեպքում ներկայացնել գրավոր պատճառաբանություն.

գ) ծառայողական քննություն իրականացնող անձի պահանջով մասնագիտական եզրակացություն ներկայացնել իրեն առաջադրված և իր իրավասությանը վերաբերող հարցերի շուրջ.

դ) ծառայողական քննություն իրականացնող անձի պահանջով բացատրություններ տալ իր ներկայացրած եզրակացության կամ իր մասնակցությամբ կատարված գործողությունների պարզաբանման կապակցությամբ:

Հոդված 29. Թարգմանիչը, նրա իրավունքներն ու պարտականությունները


1. Թարգմանիչը ծառայողական քննության արդյունքներով չշահագրգռված անձն է, որը հրավիրվում և ծառայողական քննության մասնակից է դարձվում այն դեպքերում, երբ այլ անձը, ծառայողական քննությանը աջակցող անձինք չեն տիրապետում հայերենին, կամ երբ անհրաժեշտություն է առաջացել թարգմանել գործի ճիշտ լուծմանն անհրաժեշտ որևէ փաստաթուղթ: Ծառայողական քննության ընթացքում թարգմանիչը հրավիրվում և քննությանը մասնակից է դարձվում սույն օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ընթացակարգով:

2. Նույն ընթացակարգով հրավիրվում և ծառայողական քննությանը մասնակից է դարձվում նաև համրի կամ խուլի հետ բացատրվելու ունակ անձը, որի վրա տարածվում են սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասի դրույթները:

3. Թարգմանիչն իրավունք ունի՝

ա) ծառայողական քննությանը մասնակցելու պահից ստանալու իր իրավունքների և պարտականությունների մասին գրավոր ծանուցում և պարզաբանում.

բ) ծանոթանալու իր մասնակցությամբ կատարված գործողությունների ընթացքի, բովանդակության, արդյունքների վերաբերյալ կազմված տեղեկանքներին կամ արձանագրություններին և դրանց կապակցությամբ ներկայացնելու դիտողություններ ու առաջարկություններ:

4. Թարգմանիչը պարտավոր է՝

ա) ներկայանալ ծառայողական քննություն իրականացնող անձի գրավոր պահանջով, մասնակցել անհրաժեշտ գործողությունների կատարմանը և կատարել ճշգրիտ թարգմանություններ.

բ) ստորագրությամբ հաստատել իր մասնակցությամբ կատարված գործողությունների ընթացքի, բովանդակության և արդյունքների վերաբերյալ կազմված արձանագրություններում (տեղեկանքներում) եղած գրառումների լրիվությունն ու ճշտությունը, իսկ ստորագրելուց հրաժարվելու դեպքում ներկայացնել գրավոր պատճառաբանություն.

գ) ծառայողական քննություն իրականացնող անձի պահանջով բացատրություններ տալ իր կատարած թարգմանությունների համար:

Հոդված 30. Այլ անձը, նրա իրավունքներն ու պարտականությունները


1. Այլ անձը նա է, ում կարող են հայտնի լինել ծառայողական քննությանը հետաքրքրող հարցերի ու հանգամանքների վերաբերյալ տեղեկություններ, որոնց կապակցությամբ նա տալիս է համապատասխան գրավոր կամ բանավոր բացատրություններ (ըստ պահանջի) կամ մասնակցում է սույն օրենքով նախատեսված այլ գործողությունների:

2. Այլ անձն իրավունք ունի՝

ա) ծառայողական քննությանը մասնակցելու պահից ստանալու իր իրավունքների և պարտականությունների մասին գրավոր ծանուցում և պարզաբանում.

բ) իմանալու, թե ինչ նպատակով է կանչել ծառայողական քննություն իրականացնող անձը.

գ) բացատրություններ տալու և անձամբ շարադրելու դրանք.

դ) ծանոթանալու իր մասնակցությամբ կատարված գործողությունների ընթացքի, բովանդակության, արդյունքների վերաբերյալ կազմված տեղեկանքներին կամ արձանագրություններին և դրանց կապակցությամբ ներկայացնելու դիտողություններ ու առաջարկություններ:

3. Այլ անձը պարտավոր է՝

ա) տալ ճշմարտացի բացատրություններ: Եթե այլ անձը ոստիկանության ծառայող է, ապա ծառայողական քննության ընթացքում անազնվություն դրսևորելու դեպքում ենթակա է կարգապահական տույժի սույն օրենքով սահմանված կարգով.

բ) ստորագրությամբ հաստատել իր մասնակցությամբ կատարված գործողությունների ընթացքի, բովանդակության և արդյունքների վերաբերյալ կազմված արձանագրություններում (տեղեկանքներում) եղած գրառումների լրիվությունն ու ճշտությունը, իսկ ստորագրելուց հրաժարվելու դեպքում ներկայացնել գրավոր պատճառաբանություններ:

Գ Լ ՈՒ Խ  9

ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 31. Ծառայողական քննություն անցկացնելու վայրը

 

1. Ծառայողական քննությունն անցկացվում է ոստիկանության ստորաբաժանումների և ծառայությունների վարչական շենքերում:

2. Ծառայողական քննության ընթացքում սույն օրենքով սահմանված գործողությունները կարող են կատարվել նաև այլ վայրերում:


Հոդված 32. Ծառայողական քննություն իրականացնելու սահմանները


1. Ծառայողական քննություն իրականացնող անձը ծառայողական քննություն անցկացնելիս սահմանափակվում է ծառայողական քննություն նշանակելու առիթ հանդիսացող փաստաթղթերում նշված հանգամանքների ստուգմամբ և պարզաբանմամբ:

2. Ծառայողական քննության ընթացքում նոր հանգամանքներ ի հայտ գալու դեպքում դրանք նույնպես ստուգվում և պարզաբանվում են՝ այդ մասին զեկուցելով ծառայողական քննությունը նշանակող անձին:

Հոդված 33. Ծառայողական քննության նյութերին կցվող փաստական տվյալները


Ծառայողական քննություն իրականացնող անձն իրավասու է ծառայողական քննության նյութերին կցելու հետևյալ փաստական տվյալները.

ա) կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողի, ծառայողական քննությանն աջակցող անձանց, այլ անձանց բացատրությունները (լրացուցիչ բացատրությունները):

Բացատրությունը, այն տվողի ցանկության դեպքում, շարադրվում է անձամբ:

Բացատրությունների կապակցությամբ կազմվում են գրավոր արձանագրություններ: Բացատրություն տվողը ծանոթանում է բացատրության արձանագրությանը, այդ մասին նշում է կատարում և ստորագրում դրա յուրաքանչյուր էջը: Բացատրության արձանագրության բոլոր էջերը ստորագրում են նաև բացատրություն վերցնելուն մասնակցած թարգմանիչը, մասնագետը և այլ անձինք: Բացատրություն տալուց կամ արձանագրությունը ստորագրելուց հրաժարվելու, ինչպես նաև ֆիզիկապես ոչ լիարժեքության կամ անգրագիտության պատճառով ստորագրելու հնարավորությունից զրկված լինելու դեպքում այդ մասին նշում է կատարվում արձանագրությունում, որը հաստատվում է ծառայողական քննություն իրականացնող անձի և ծառայողական քննությամբ չշահագրգռված այլ անձի ստորագրություններով.

բ) զննության արձանագրությունները:

Ծառայողական քննության ընթացքում ծագած առանձին հարցերի պարզաբանման, ինչպես նաև պաշտոնական փաստաթղթերում եղած տեղեկություններն ամրագրելու և դրանց պատճենները ծառայողական քննության նյութերին կցելու անհրաժեշտությունից ելնելով՝ ծառայողական քննություն իրականացնող անձը լիազորված է կատարել փաստաթղթերի, իրերի, առարկաների, վայրերի, ներառյալ` աշխատասենյակների զննություն, որոնց կապակցությամբ կազմվում են գրավոր արձանագրություններ: Զննություն կատարվում է նաև այն դեպքերում, երբ ուսումնասիրության ենթակա փաստաթղթերի ամենօրյա օգտագործման անհրաժեշտությունից, մեծածավալությունից ելնելով՝ նպատակահարմար չէ դրանք կցել ծառայողական քննության նյութերին:

Զննության արձանագրություն է կազմվում նաև այն դեպքերում, երբ կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողը, ծառայողական քննությանը աջակցող անձը, այլ անձը ներկայացնում են իրենց նշած փաստարկները հիմնավորող փաստաթղթեր և առարկաներ.

գ) սույն օրենքով սահմանված ընթացակարգով կազմված տեղեկանքները, որոնք կազմվում են առանձին փաստերի, հանգամանքների առկայությունը, գործողությունների կատարմանը մասնակցելու ենթակա անձանց բացակայությունը, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված առանձին գործողությունների կատարման անհնարինությունը փաստելու վերաբերյալ:

Տեղեկանքում նշվում են այն կազմելու վայրը, տարին, ամիսը, ամսաթիվը և ժամը: Տեղեկանքը ստորագրում են այն կազմողը և ներկա գտնվողները: Տեղեկանքին որպես հավելվածներ կարող են կցվել փաստաթղթերի բնօրինակներ և պատճեններ.

դ) փորձաքննության եզրակացությունները.

ե) տեսաձայնագրման կրիչները.

զ) պետական, տեղական ինքնակառավարման, իրավապահ և այլ մարմինների գրությունները, նրանց հասցեագրված հարցումների պատասխանները, այլ փաստաթղթեր և դրանց պատճենները (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական և ծառայողական, ինչպես նաև այլ գաղտնիք պարունակող տեղեկությունների), ինչպես նաև ծառայողական քննությանը մասնակցող մասնագետների եզրակացությունները, կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողին և խախտում կատարելու հանգամանքներին վերաբերող այլ տեղեկություններ:

Հոդված 34. Ծառայողական քննության մասնակցին կանչելու կարգը


1. Կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողը, ծառայողական քննությանն աջակցող անձը, այլ անձը կարող են կանչվել ծանուցագրով, որը ստորագրությամբ հանձնվում է նրանց, իսկ վերջիններիս բացակայության դեպքում նրանց է փոխանցվում իրենց աշխատանքի կամ ուսման վայրի վարչակազմի միջոցով, ինչպես նաև ըստ բնակության վայրի: Նրանք կարող են կանչվել նաև հեռախոսով, հեռագրով և կապի այլ միջոցներով:

2. Կանչով անհարգելի չներկայանալու դեպքում կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողը ծառայողական քննություն իրականացնող անձի պատճառաբանված զեկուցագրի հիման վրա ծառայողական քննություն իրականացնող ստորաբաժանման ղեկավարի թույլտվությամբ կարող է բերման ենթարկվել:

3. Կանչով անհարգելի չներկայացած ոստիկանության ծառայողը ենթակա է կարգապահական տույժի սույն օրենքով սահմանված կարգով:

4. Ծառայողական քննությանն աջակցող անձը, այլ անձը պարտավոր են ներկայանալ ծառայողական քննություն իրականացնող անձի կանչով:


Հոդված 35. Իրավունքների և պարտականությունների մասին գրավոր ծանուցումը


Ծառայողական քննություն իրականացնող անձը կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողին, ծառայողական քննությանը մասնակցող անձին, այլ անձին գրավոր բացատրում է սույն օրենքով նրանց վերապահված իրավունքները և պարտականությունները, որոնց կապակցությամբ կազմված արձանագրությունների տակ նրանք նշում են կատարում և ստորագրում:


Հոդված 36. Ծառայողական քննության ընթացքի և արդյունքների ձևակերպումը


Ծառայողական քննության ընթացքը և արդյունքները ծառայողական քննություն իրականացնող անձը պետք է գրանցի արձանագրություններում և գրավոր այլ փաստաթղթերում, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում` դրանց կցված հավելվածներում: Արձանագրությունները թույլատրվում է կազմել ձեռագիր կամ մեքենագիր՝ արձանագրման համար օգտագործելով մեխանիկական միջոցներ կամ էլեկտրոնային տեխնիկա: Ծառայողական քննության ընթացքն ու արդյունքները արձանագրող փաստաթղթերը պետք է կազմվեն այնպես, որ ապահովվի դրանց բովանդակության հստակ ընկալումը:

Հոդված 37. Փաստական տվյալների օգտագործման սահմանափակումները


Ծառայողական քննություն իրականացնող անձը ծառայողական քննության հիմքում չի կարող դնել և օգտագործել այն փաստական տվյալները, որոնք ձեռք են բերվել՝

ա) բռնությամբ, սպառնալիքով, խաբեությամբ կամ այլ անօրինական գործողություններով.

բ) տվյալ գործողությունը կատարելու իրավունք չունեցող անձի կողմից.

գ) սույն օրենքի պահանջների խախտմամբ:


Հոդված 38. Փաստական տվյալների ստուգումը և գնահատումը


1. Ծառայողական քննություն իրականացնող անձը ծառայողական քննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալները գնահատում է իր ներքին համոզմունքով՝ հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումով:

2. Ոստիկանության ծառայողը կարգապահական խախտումներ կատարելու մասին հետևությունները չի կարող հիմնել ենթադրությունների վրա: Այդ հետևությունները պետք է հաստատվեն ծառայողական քննությամբ հավաքված և հավաստի տվյալների բավարար ամբողջությամբ:


Հոդված 39. Կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողի միջնորդությունների լուծումը


1. Կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողը ծառայողական քննության ընթացքում կարող է ներկայացնել գրավոր միջնորդություններ սույն օրենքով նախատեսված գործողությունները կատարելու, նյութերին փաստական տվյալներ կցելու, դրանց ընթացք տալու, լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու վերաբերյալ:

2. Ծառայողական քննություն իրականացնող անձն այդ միջնորդությունները քննարկում է ծառայողական քննության ընթացքում և արդյունքները արտացոլում ծառայողական քննության եզրակացության մեջ:

3. Միջնորդությունների քննարկումը չի կասեցնում ծառայողական քննության ժամկետները:

 

Գ Լ ՈՒ Խ  10

ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏԸ, ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՆՅՈՒԹԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

Հոդված 40. Ծառայողական քննության արդյունքներով եզրակացություն կազմելը, ծառայողական քննության նյութերին ծանոթացնելը


1. Ծառայողական քննության արդյունքներն ամփոփվում են եզրակացությամբ, որը բաղկացած է ներածական, նկարագրական-պատճառաբանական և եզրափակիչ հետևյալ մասերից.

ա) ներածական մասում շարադրվում են տվյալներ՝ եզրակացությունը կազմելու վայրի, ծառայողական քննությունը սկսելու առիթի և ժամկետի մասին.

բ) նկարագրական-պատճառաբանական մասում շարադրվում են տվյալներ՝

- ծառայողական քննության ընթացքում պարզված հանգամանքների և դրանց հիմնավորումների վերաբերյալ,

- կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողի մեղավորությունը կամ անմեղությունը հաստատող փաստական տվյալներ,

- կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողին բնութագրող այլ հանգամանքներ,

- կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողի վերջին մեկ տարում ստացած գործող կարգապահական տույժերի վերաբերյալ տվյալներ.

գ) եզրափակիչ մասում շարադրվում են ծառայողական քննության արդյունքների վերաբերյալ արված հետևությունների, ծառայողական քննություն նշանակած անձին ներկայացվող առաջարկությունների, ծառայողական քննություն իրականացնող անձի անվան, ազգանվան, զբաղեցրած պաշտոնի, կոչումի, ինչպես նաև եզրակացությունը կազմելու տարվա, ամսվա և ամսաթվերի մասին:

Եզրակացությունը ստորագրում է նաև կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողի անմիջական ղեկավարը: Եթե անմիջական ղեկավարը համաձայն չէ եզրակացության հետ, ապա ծառայողական քննություն իրականացնող անձի ստորաբաժանման ղեկավարին ներկայացնում է անհամաձայնությունը պատճառաբանող զեկուցագիր:

2. Ծառայողական քննության արդյունքներով եզրակացությունը կազմելուց հետո մինչև դրա հաստատումը կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողը տեղեկացվում է այդ մասին:

3. Կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողը մեկօրյա ժամկետում կարող է ծանոթանալ ծառայողական քննության նյութերին (բացառությամբ պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տվյալների), ինչպես նաև եզրակացությանը, դրանցից դուրս գրել տեղեկություններ և ներկայացնել գրավոր միջնորդություններ: Ծառայողական քննություն իրականացնող անձը քննության մնացած ժամկետների սահմաններում քննարկում է միջնորդությունները, դրանց հետ լրիվ կամ մասնակիորեն հանաձայն լինելու դեպքում սույն օրենքի պահանջների պահպանմամբ կատարում է անհրաժեշտ գործողություններ և կազմում նոր եզրակացություն:

Միջնորդությունները լրիվ մերժելու դեպքում այդ մասին մեկօրյա ժամկետում գրավոր պատասխան է տրվում կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողին, որն այն կարող է բողոքարկել ծառայողական քննություն նշանակած պաշտոնատար անձին:

4. Կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողը ծառայողական քննության արդյունքներով կազմված եզրակացությանը ծանոթանում է ծառայողական քննություն իրականացրած ստորաբաժանման վարչական շենքում՝ ծառայողական քննություն կատարած անձի ներկայությամբ:


Հոդված 41. Ծառայողական քննության արդյունքների բողոքարկումը


1. Ծառայողական քննության արդյունքները կարող են բողոքարկվել վերադասության կարգով` ընդհուպ Հայաստանի Հանրապետության Նախագահին:

2. Ծառայողական քննության արդյունքները վերադասության կարգով բողոքարկվելու դեպքում, եթե վերադաս ղեկավարի ցուցումով առաջանում է լրացուցիչ ծառայողական քննություն կատարելու անհրաժեշտություն, ապա ծառայողական քննությունը սույն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում իրականացնում է ոստիկանության պետի լիազորած ստորաբաժանումը:


Հոդված 42. Ծառայողական քննության նյութերի իրավական փորձաքննությունը


1. Ծառայողական քննության արդյունքներով` կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողին ոստիկանությունում ծառայությունից ազատման ներկայացնելու դեպքում ծառայողական քննության նյութերն ուղարկվում են ոստիկանության իրավասու ծառայություն՝ իրավական փորձաքննության:

2. Իրավական փորձաքննությունը կատարվում է 7-օրյա ժամկետում, որը ծառայողական քննության ժամկետի մեջ չի հաշվվում: Անհրաժեշտության դեպքում ոստիկանության պետը կամ վերջինիս տեղակալը այդ ժամկետը կարող է երկարաձգել ևս 7 օրով:

3. Իրավական փորձաքննության արդյունքներով կազմվում է եզրակացություն, որը ծառայողական քննության նյութերի հետ վերադարձվում է ծառայողական քննություն իրականացնող ստորաբաժանմանը:

4. Իրավական փորձագիտական եզրակացության մեջ գնահատական է տրվում մեղադրական փաստական տվյալների թույլատրելիությանը, վերաբերելիությանը, բավարարությանը, ծառայողական քննության օբյեկտիվությանը, լրիվության և բազմակողմանիության ապահովմանը վերաբերող հարցերին: Իրավական փորձագիտական եզրակացությունն ավարտվում է ծառայողական քննության իրավաչափության կամ ոչ իրավաչափության մասին գնահատականով:

5. Ոստիկանության պետի կամ նրա տեղակալների հանձնարարությամբ ծառայողական քննության նյութերն իրավական փորձաքննության կարող են ուղարկվել նաև կարգապահական այլ տույժեր նշանակելու դեպքերում:

6. Իրավական փորձագիտական եզրակացությունը կարգապահական տույժ կիրառելու իրավունք ունեցող անձի համար ունի խորհրդատվական նշանակություն:


Հոդված 43. Ծառայողական քննության արդյունքներով որոշման ընդունումը


1. Ծառայողական քննության նյութերը, դրա արդյունքներով կազմված եզրակացությունը, իսկ սույն օրենքի 42-րդ հոդվածով նախատեսված դեպքերում` նաև իրավական փորձագիտական եզրակացությունը, ներկայացվում են ծառայողական քննությունը նշանակող անձին՝ համապատասխան որոշում ընդունելու համար:

2. Կարգապահական տույժ նշանակելու իրավունք ունեցող պաշտոնատար անձը նախքան որոշում կայացնելն անհրաժեշտության դեպքում կարող է խորհրդակցել ծառայողական քննություն իրականացրած անձի (ստորաբաժանման ղեկավարի) և իրավական փորձագիտական եզրակացությունը հաստատած ոստիկանության իրավասու ծառայության ղեկավարի հետ, ինչպես նաև զրույց ունենալ կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողի հետ:

3. Քննարկման արդյունքներով կարգապահական տույժ կիրառելու իրավունք ունեցող անձը՝

ա) ամբողջությամբ կամ մասնակիորեն հիմք ընդունելով ծառայողական քննության արդյունքներով կազմված եզրակացությունը` կայացնում է համապատասխան որոշում.

բ) ծառայողական քննություն իրականացնող անձին (ստորաբաժանման ղեկավարին) եզրակացությունը փոխելու գրավոր ցուցում է տալիս` դրանում եղած ձևակերպումներից և հետևություններից առանձին կետեր հանելու կամ փոխելու միջոցով.

գ) ծառայողական քննություն իրականացնող անձին (ստորաբաժանման ղեկավարին) լրացուցիչ գործողություններ կատարելու և առանձին հանգամանքներ պարզելու համար գրավոր ցուցում է տալիս՝ նշելով կատարման համապատասխան ժամկետը.

դ) ծառայողական քննության նյութերը կամ ոստիկանության ծառայողի կողմից սույն օրենքի 10-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված էթիկայի կանոնների խախտումը հիմնավորող նյութերը պատասխանատվությունը անհատականացնելու նկատառումներով կարող է ուղարկել իրավասու պատվո դատարանի քննարկմանը:

4. Սույն հոդվածի 3-րդ մասի «բ» և «գ» կետերով նախատեսված դեպքերում սույն օրենքով սահմանված կարգով կազմվում է նոր եզրակացություն, իսկ նախկին եզրակացությունը կցվում է ծառայողական քննության նյութերին:


Հոդված 44. Պատվո դատարանները


1. Ոստիկանության ծառայություններում (ստորաբաժանումներում) ստեղծվում են միջին, ավագ և գլխավոր խմբերի ոստիկանության ծառայողների պատվո դատարաններ:

2. Պատվո դատարանը, սահմանված կարգով քննարկելով իրեն հանձնված նյութերը, կայացնում է հետևյալ որոշումներից որևէ մեկը.

ա) հայտարարել նախազգուշացում.

բ) հայտարարել պարսավանք.

գ) (կետն ուժը կորցրել է 24.10.06 ՀՕ-170-Ն)

դ) միջնորդել ծառայողական քննություն նշանակած պաշտոնատար անձին` զգուշացնելու կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողին պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին.

ե) միջնորդել ծառայողական քննություն նշանակած պաշտոնատար անձին` իջեցնելու կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողի պաշտոնը մեկ աստիճանով.

զ) միջնորդել ծառայողական քննություն նշանակած պաշտոնատար անձին` իջեցնելու կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողի կոչումը մեկ աստիճանով.

է) միջնորդել ծառայողական քննություն նշանակած պաշտոնատար անձին` կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողին ազատելու ոստիկանությունից:

3. Պատվո դատարանի միջնորդությունները ծառայողական քննություն նշանակած անձի համար ունեն խորհրդատվական նշանակություն:

4. Պատվո դատարանի կազմակերպման և գործունեության կարգը սահմանվում է ոստիկանության պետի նորմատիվ հրամանով:

(44-րդ հոդվածը փոփ. 24.10.06 ՀՕ-170-Ն)


Հոդված 45. Ծառայողական քննության նյութերի հաշվառումը


1. Ծառայողական քննության ընթացքում նախապատրաստած նյութերը և ներկայացված բոլոր փաստաթղթերը կարվում են կազմին, նյութերին կցված բոլոր փաստաթղթերի թերթերը համարակալվում և ցուցակագրվում են ըստ ժամանակագրական հերթականության:

2. Ըստ տարիների կատարված ծառայողական քննության նյութերին տրվում են առանձին համարներ՝ դրանց գրանցման և հաշվառման մատյանի հերթական համարների համաձայն:


Հոդված 46. Ծառայողական քննության նյութերի պահպանման ժամկետները


Ծառայողական քննության նյութերը պահպանվում են ծառայողական քննություն իրականացրած ոստիկանության ստորաբաժանումում՝

ա) կարգապահական խախտում կատարած ոստիկանության ծառայողին ոստիկանությունում ծառայությունից ազատելու դեպքում` 25 տարի.

բ) կարգապահական խախտում կատարած ոստիկանության ծառայողին այլ կարգապահական տույժի ենթարկելու դեպքում` 5 տարի.

գ) ծառայողական քննության նյութերն անհետևանք թողնելու դեպքում` 3 տարի:


Հոդված 47. Պատասխանատվությունը սույն օրենքի պահանջները խախտելու դեպքում


Ոստիկանության ծառայողների կողմից սույն օրենքի պահանջները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը կամ ծառայողական դիրքը չարաշահելը կամ ծառայողական լիազորությունների սահմաններն անցնելն առաջացնում է կարգապահական կամ քրեական պատասխանատվություն:


Հոդված 48. Եզրափակիչ դրույթ


Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: