ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 օգոստոսի 1991 թ. N 485
Քաղ. Երևան
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ապահովագրական ծառայությունների հանրապետական շուկայի կազմավորման (ձևավորման) և արդյունավետ զարգացման, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության հիմունքներին համապատասխան ապահովագրվածների իրավունքների և պետական շահերի պաշտպանման նպատակով, մինչև հանրապետության ապահովագրական օրենսդրության հիմունքների ընդունումը Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է.
1. Ընդունել ի գիտություն ԽՍՀՄ Նախարարների կաբինետի 1991 թվականի հունիսի 23-ի «Ապահովագրական գործունեության պետական կարգավորման միջոցառումների մասին» N 397 որոշումը:
2. Սահմանել, որ ապահովագրական գործունեությունը հանրապետությունում իրականացվում է այդ նպատակով հատուկ ստեղծված կազմակերպությունների (ապահովագրողների) կողմից, որոնց համար գործունեության այդ տեսակը համարվում է հիմնական:
Հանրապետությունում ապահովագրողներ կարող են հանդիսանալ պետական ապահովագրական առևտրական (կոմերցիոն) կազմակերպությունները, ապահովագրական բաժնետիրական ընկերությունները, փոխադարձ ապահովագրական ընկերությունները (ապահովագրական ընկերությունները), արտասահմանյան ապահովագրական ֆիրմաների (ընկերությունների) մասնակցությամբ համատեղ ապահովագրական կազմակերպությունները:
3. Սահմանել, որ պետական կարգավորման են ենթակա ապահովագրական կազմակերպությունների բոլոր տեսակի ապահովագրական գործունեությունները, ներառյալ արտասահմանյան ապահովագրական ընկերությունների հետ ստեղծված համատեղ ձեռնարկությունների գործունեությունը:
Ապահովագրական գործունեության պետական կարգավորման հիմքում դնել ապահովագրական կազմակերպության գրանցման և դրանց գործունեության լիցենզավորման պարտադիր կարգը:
4. Ստեղծել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին առընթեր Հայաստանի Հանրապետության պետական ապահովագրական հսկողության տեսչություն (ՀՀ պետապհսկողություն):
5. Նշել, որ հանրապետության տարածքում գտնվող բոլոր ապահովագրական կազմակերպությունները ենթակա են պարտադիր գրանցման Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին առընթեր Հայաստանի Հանրապետության պետական ապահովագրական հսկողության տեսչությունում:
Հանրապետության տարածքից դուրս ապահովագրական գործունեությամբ զբաղվող ապահովագրական կազմակերպությունը ենթակա է գրանցման ԽՍՀՄ Նախարարների կաբինետին առընթեր ԽՍՀՄ ապահովագրական պետական հսկողության մարմնում: Հայաստանի Հանրապետության պետական ապահովագրական հսկողության տեսչության կողմից գրանցված ապահովագրական կազմակերպությունն իրավունք ունի ապահովագրական գործունեություն իրականացնել միայն Հայաստանի Հանրապետության տարածքում:
Սահմանել ապահովագրական կազմակերպության գրանցման վճար` 10 հազ. ռուբլու չափով:
6. Սահմանել, որ 1988 թվականի հուլիսի 1-ից հետո ստեղծված ապահովագրական կազմակերպությունները պարտավոր են ենթարկվելու վերագրանցման և ստանալու համապատասխան լիցենզիա (թույլտվություն)` սույն որոշմամբ նախատեսված կարգով ապահովագրական գործունեություն իրականացնելու նպատակով:
Սահմանված կարգով գրանցման չվերցված և վերագրանցման չենթարկված ապահովագրական կազմակերպությունները իրավասու չեն զբաղվելու ապահովագրական գործունեությամբ: Նշված իրավունքից չեն օգտվում նաև այն կազմակերպությունները, որոնց համար ապահովագրությունը չի հանդիսանում նրանց գործունեության հիմնական ոլորտը:
7. Հայաստանի Հանրապետության պետական ապահովագրական հսկողության տեսչությանը` մեկամսյա ժամկետում առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդ` տեսչության կառուցվածքի, կառավարման ապարատի աշխատողների թվաքանակի և նրա պահպանման ծախսերի, ինչպես նաև կանոնադրության մասին:
8. Նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետության պետապի գլխավոր վարչության արտադրական շենքը կառուցվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պատվերով, հիմնականում հանրապետական բյուջեի միջոցների հաշվին և հաշվի առնելով, որ պետապի գլխավոր վարչությունը վերակառուցվում է, իսկ շենքում տեղավորված են նաև ֆինանսների նախարարությանը ենթակա կազմակերպություններ, Հայաստանի Հանրապետության պետապի գլխավոր վարչության արտադրական շենքը հանձնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հաշվեկշռին` առայժմ պահպանելով այդ շենքում տեղավորված կազմակերպությունների կողմից զբաղեցված տարածքները:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահ |
Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՀԱԿՈԲՅԱՆ |
