ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ/3469/02/19 2024 թ. | ||||||
Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ/3469/02/19 | |||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող |
Գ. Հակոբյան | |
զեկուցող |
Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ | |
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ Ս. ՄԵՂՐՅԱՆ | ||
Է. Սեդրակյան |
2024 թվականի օգոստոսի 19-ին
գրավոր ընթացակարգով քննելով գործին մասնակից չդարձած անձ «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Բանկ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02․02․2024 թվականի որոշման դեմ՝ ըստ «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) հայցի ընդդեմ Վալոդյա Սարգսյանի՝ գումար բռնագանձելու և բռնագանձումը գրավադրված գույքի վրա տարածելու պահանջների մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է Վալոդյա Սարգսյանից բռնագանձել 19.293.040,76 ՀՀ դրամ, բռնագանձումը տարածել իր և Վալոդյա Սարգսյանի միջև կնքված թիվ 17072752, թիվ 10167671, թիվ 10167672, թիվ 17072849, թիվ 17073101, թիվ 19224888, թիվ 10167674, թիվ 06126254, թիվ 06126253, թիվ 06126554 ու թիվ 06126252 վարկային պայմանագրերի ապահովման միջոց հանդիսացող և այդ պայմանագրերի 6-րդ գլխում նկարագրված ոսկյա իրերի վրա:
Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 04․03․2022 թվականի վճռով հայցը բավարարվել է։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 02․08․2023 թվականի որոշմամբ գործին մասնակից չդարձած անձ Բանկի բերած վերաքննիչ բողոքը՝ գումար բռնագանձելու պահանջի մասով, վարույթ ընդունելը մերժվել է, իսկ բռնագանձումը գրավադրված գույքի վրա տարածելու պահանջի մասով՝ ընդունվել է վարույթ։
Վերաքննիչ դատարանի 02․02․2024 թվականի որոշմամբ գործին մասնակից չդարձած անձ Բանկի բերած վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 04․03․2022 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը։
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 38-րդ, 57-րդ, 60-րդ ու 62-րդ հոդվածները, 360-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը և 365-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետը։
Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանի 04.03.2022 թվականի վճիռը վերաբերում է իր իրավունքներին և պարտականություններին, քանի որ Վալոդյա Սարգսյանի գրավադրած ոսկյա իրերն իրականում հափշտակվել են իրենից, որպիսի փաստը հաստատվել է թիվ 27175719 քրեական գործի շրջանակում Վալոդյա Սարգսյանի կողմից տրված ցուցմունքով։
Բացի այդ, ոսկյա իրերի նկատմամբ բռնագանձում տարածելու պահանջն ուղղակիորեն կապված է իր իրավունքների հետ, քանի որ նույն ոսկյա իրերի նկատմամբ առկա է իր գրավի իրավունքը, այսինքն՝ սույն գործով Ընկերությունը ներկայացրել է իր գրավի իրավունքով ծանրաբեռնված ոսկյա իրերի նկատմամբ բռնագանձում տարածելու մասին պահանջ։
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Ընկերությունում Վալոդյա Սարգսյանի կողմից գրավադրված ոսկյա իրերն ի սկզբանե իր մոտ հանդիսացել և հանդիսանում են գրավի առարկա, որպիսի պայմաններում դրանց վերաբերյալ ցանկացած, առավել ևս՝ բռնագանձում տարածելու վերաբերյալ ակտ ազդում է իր սեփականության իրավունքի վրա, քանի որ գրավի նկատմամբ իր իրավունքն առաջնային է օրենքի ու պայմանագրի ուժով։
Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել այն հանգամանքին, որ իր համար ավելի վաղ ծագել և ներկայումս շարունակում է գործել գրավ դրված գույքի արժեքից բավարարում ստանալու նախապատվության իրավունքը, ինչպես նաև անտեսել է այն փաստը, որ մինչև սույն քաղաքացիական գործը հարուցելը խնդրո առարկա ոսկյա իրերը, որպես ենթադրյալ հանցագործության օբյեկտ, առգրավվել ու թիվ 27175719 քրեական գործով ճանաչվել են իրեղեն ապացույց, ինչից հետևում է, որ ոսկյա իրերի վրա բռնագանձում տարածելու Ընկերության իրավունքը վիճելի է։
Ավելին՝ թիվ ԱՎԴ/0904/02/20 քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատվել է, որ խնդրո առարկա ոսկյա իրերի ճակատագրի, ինչպես նաև դրանց վրա բռնագանձում տարածելու հարցերը հնարավոր է որոշել միայն թիվ 27175719 քրեական գործով կայացված դատավճռով կամ գործի վարույթը կարճելու մասին որոշմամբ։
Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել ու գնահատել իր կողմից ներկայացված ապացույցները, ինչպես նաև իր բողոքի հիմքերը և հիմնավորումները։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 02․02․2024 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության կամ փոփոխել այն՝ իր վերաքննիչ բողոքը բավարարել։
2․1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ։
Սույն գործով Դատարանի կողմից 04.03.2022 թվականին կայացված վճիռը չի առնչվում Բանկի իրավունքներին և պարտականություններին, անմիջականորեն չի շոշափում դրանք, ինչպես նաև չի ստեղծում Բանկի իրավունքների կամ պարտականությունների պատշաճ կատարման համար խոչընդոտներ։
Դատարանի 04.03.2022 թվականի վճիռը կայացվել է իր և Վալոդյա Սարգսյանի միջև ծագած գրավի իրավահարաբերությունների վերաբերյալ, որը որևէ անձ չի վիճարկել, իսկ Բանկն այդ պայմանագրերի կողմ չի հանդիսանում։
Թիվ ԱՎԴ/0904/02/20 քաղաքացիական գործով հաստատվել է, որ իր և Վալոդյա Սարգսյանի միջև կնքված վարկային պայմանագրերի շրջանակներում գրավի առարկաների նկատմամբ իր գրավի իրավունքը ծագել է Վալոդյա Սարգսյանի կողմից դրանք իրեն հանձնելու պահից, այսինքն՝ ինքն այդ առարկաների նկատմամբ ունի գրավի, ինչպես նաև դրանց վրա բռնագանձում տարածելու իրավունք։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է Վալոդյա Սարգսյանից բռնագանձել 19.293.040,76 ՀՀ դրամ՝ որպես իր և Վալոդյա Սարգսյանի միջև կնքված թիվ 17072752, թիվ 10167671, թիվ 10167672, թիվ 17072849, թիվ 17073101, թիվ 19224888, թիվ 10167674, թիվ 06126254, թիվ 06126253, թիվ 06126554 ու թիվ 06126252 վարկային պայմանագրերից բխող վճարային պարտավորությունները չկատարելու հետևանքով գոյացած գումար, բռնագանձումը տարածել վճարային պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով նշված պայմանագրերի 6-րդ կետով Ընկերությունում գրավադրված ոսկյա իրերի վրա (հատոր 1-ին, գ․թ․ 1-8, 14-19, հատոր 2-րդ, գ․թ․ 3-41)․
2) Դատարանի 04․03․2022 թվականի վճռով հայցը բավարարվել է՝ Վալոդյա Սարգսյանից բռնագանձվել է 19.293.040,76 ՀՀ դրամ, բռնագանձումը տարածվել է թիվ 17072752, թիվ 10167671, թիվ 10167672, թիվ 17072849, թիվ 17073101, թիվ 19224888, թիվ 10167674, թիվ 06126254, թիվ 06126253, թիվ 06126554 և թիվ 06126252 վարկային պայմանագրերի ապահովման միջոց հանդիսացող ոսկյա առարկաների վրա (հատոր 2-րդ, գ․թ․ 110-120)․
3) Դատարանի 04․03․2022 թվականի վճռի դեմ որպես գործին մասնակից չդարձած անձ վերաքննիչ բողոք է ներկայացրել Բանկը՝ իր իրավունքների վերաբերյալ դատական ակտ կայացված լինելու հանգամանքի առկայությունը պատճառաբանելով հետևյալ կերպ՝ «(…) ոսկյա իրերի նկատմամբ բռնագանձում տարածելու վերաբերյալ պահանջ է քննարկվել դատարանում, որն ուղղակիորեն կապված է Բանկի իրավունքների հետ, քանի որ նույն ոսկյա իրերի մասով առկա է Բանկի գրավի իրավունքը և այդ իրավունքը պահպանված լինելու, փաստացի դրա մասին Հայցվորի տեղեկացված լինելու պայմաններում, այնուամենայնիվ, «Ֆասթ բանկ» ՓԲԸ-ի կողմից պահանջ է ներկայացվել դատարան՝ Բանկի գրավի իրավունքով ծանրաբեռնված ոսկյա իրերի նկատմամբ բռնագանձում տարածելու մասին» (հատոր 3-րդ, գ․թ․ 7-19)․
4) 09.10.2019 թվականին Ս. Գարեգինյանին մեղադրանք է առաջադրվել մինչև 01.07.2022 թվականը գործած ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 214-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքները կատարելու համար, որ նա, հանդիսանալով Բանկի Արտաշատի մասնաճյուղի կառավարիչ, մասնաճյուղի գույքի պահպանման համար պատասխանատու անձ, առավելություններ ձեռք բերելու նպատակով իր կարգադրիչ ու այլ լիազորություններն օգտագործել է Բանկի շահերին հակառակ՝ իր օգտին, ինչի հետևանքով 2016 թվականի վերջից մինչև 2019 թվականի սեպտեմբերի 26-ն ընկած ժամանակահատվածում ուրիշի գույքի յուրացման եղանակով հափշտակելու դիտավորությամբ Բանկի Արտաշատի մասնաճյուղում շուրջ 35 անձանց կողմից գրավադրված առանձնապես խոշոր չափերով՝ մոտ 50.000.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ ոսկյա իրերը մյուս աշխատակիցներից գաղտնի դուրս է բերել դրամապահոցից և հափշտակելով դրանք՝ գրավադրել է Ընկերությունում ու ««ՍԵՖ» վարկային կազմակերպություններում», որով էական վնաս է պատճառվել Բանկի օրինական շահերին, մասնավորապես՝ որպես քաղաքացիների վստահությունը վայելող կազմակերպության բարի համբավին, ռեսուրսներին, ինչի արդյունքում առաջացել են ծանր հետևանքներ։
Վկա Ռուբիկ Էյլազյանը ցուցմունք է տվել, որ «2016 թվականից սկսած Սարգիս Գարեգինյանը խնդրել է իրեն, որ իր անունով ոսկյա զարդեր գրավադրի: Ինքը համաձայնվել է և «Ֆասթ Կրեդիտ», «ՍԵՖ» վարկային կազմակերպություններում իր, ինչպես նաև իր ծանոթներ Նարինե Թարվերդյանի, Մանուկ Գրիգորյանի, Անժելա Գրիգորյանի, Օֆիկ Ավետիսյանի անուններով գրավադրել է Ս. Գարեգինյանի տված ոսկյա զարդերը: Հետագայում «ՍԵՖ» վարկային կազմակերպությունում գրավադրած ոսկյա զարդերը վերաձևակերպել և դրանք գրավադրել է «Ֆասթ Կրեդիտ» վարկային կազմակերպությունում՝ իր ընկեր Վալոդյա Սարգսյանի անունով՝ նրան ներկայացնելով, որ ոսկյա զարդերը պատկանում են իրեն և իր ընկերոջը: (…): Նույնաբովանդակ ցուցմունք է տվել Վալոդյա Սարգսյանը» (հիմք՝ թիվ 27175719 քրեական գործով Արարատի մարզային քննչական վարչության ՀԿԳ քննիչ Ն․ Այվազյանի 07․11․2019 թվականի «Առգրավում կատարելու մասին» որոշումներ) (հատոր 1-ին, գ․թ․ 23-26)․
5) թիվ ԱՎԴ/0904/02/20 քաղաքացիական գործով Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 23․06․2021 թվականին կայացրած և օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատվել է այն փաստը, որ «ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության ՀԿԳ քննիչ Ն. Այվազյանի կողմից 12.02.2020, 04.11.2019 և 07.11.2019 թվականներին կայացրած առգրավման որոշումներով առգրավվել է Ռուբիկ Էյլազյանի, Խաչիկ Կիրակոսյանի և Վալոդյա Սարգսյանի կողմից կնքված վարկային թիվ 19224888, թիվ 10167671, թիվ 10167674, թիվ 10167672, թիվ 06126252, թիվ 06126253, թիվ 06126254, թիվ 06126554, թիվ 17072752, թիվ 17073101, թիվ 17069026, թիվ 17069031, թիվ 17069151, թիվ 17069159, թիվ 17069183, թիվ 17069209, թիվ 17069414, թիվ 17070682, թիվ 17070751, թիվ 17071064, թիվ 17071747, թիվ 10158100, թիվ 10160725, թիվ 10160726, թիվ 10160727, թիվ 10160798, թիվ 10160799, թիվ 10160800, թիվ 10161078, թիվ 10161079, թիվ 10161080 թիվ 17073087, թիվ 17072849 և թիվ 17072863 պայմանագրերով գրավադրված ոսկյա առարկաները», ինչպես նաև արձանագրվել է, որ «Ոսկյա զարդերը քրեական գործով ճանաչվել են իրեղեն ապացույցներ և կցվել են քրեական գործին» ու «նշված իրեղեն ապացույցների իրավական ճակատագիրը կարող է լուծվել դատավճռով կամ քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշմամբ» (հատոր 3-րդ, գ․թ․ 86-118)։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի միատեսակ կիրառության համար, քանի որ Վերաքննիչ դատարանի 02․02․2024 թվականի որոշման մեջ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի մեկնաբանությունը հակասում է թիվ ԵԱԴԴ/0199/02/11 քաղաքացիական գործով 17․07․2015 թվականի որոշման մեջ նույն նորմին ՀՀ վճռաբեկ դատարանի տված մեկնաբանությանը։
Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ գործին մասնակից չդարձած անձանց կողմից իրենց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացված դատական ակտը բողոքարկելու հարցին՝ վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:
Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները (...), ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք: (...)։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք կարող են գործի մեջ մտնել հայցվորի կամ պատասխանողի կողմում մինչև դատաքննության ավարտը, (…), եթե գործով կայացվող վճիռը կարող է ազդել կողմերից մեկի հանդեպ նրանց ունեցած իրավունքների կամ պարտականությունների վրա կամ կարող է հանգեցնել նման իրավունքների և պարտականությունների ծագմանը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հարուցված քաղաքացիական գործի քննությանը ներգրավվելու և դատավարության մասնակցի կարգավիճակ ստանալու՝ նշված նորմի կարգավորիչ նպատակը կողմերի կամ դրանցից մեկի իրավունքների ու շահերի հետ չհամընկնող երրորդ անձանց սուբյեկտիվ իրավունքները և օրինական շահերը պաշտպանելն է։ Ընդ որում, երրորդ անձի կարգավիճակով դատավարությանը մասնակից դարձնելիս կամ այդ իրավունքի և դրա իրացման կարգի մասին ծանուցելիս (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի 3-րդ մաս) դատարանն առաջնորդվում է տվյալ գործի քննության արդյունքում կայացվելիք դատական ակտի՝ դատավարության կողմ չհանդիսացող համապատասխան անձի իրավունքներին և (կամ) պարտականություններին առնչվելու հավանականության չափանիշով։
Բողոքարկման ինստիտուտի գործնական արդյունավետությունն ապահովելու նպատակով օրենսդիրն այդուհանդերձ վերաքննիչ բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձանց ցանկում ներառել է նաև գործին մասնակից չդարձած անձանց՝ այն դեպքերի համար, երբ անձը տարբեր պատճառներով պայմանավորված՝ դատավարական գործընթացին մասնակից չի դարձվել, սակայն դատական ակտը կայացվել է նրա իրավունքների և պարտականությունների վերաբերյալ։ Այսպես՝
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ գործին մասնակից չդարձած, ինչպես նաև դատավարության մասնակից չհանդիսացող անձը դատական ակտը կարող է բողոքարկել նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` առաջին ատյանի դատարանի վճիռների և նույն օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված որոշումների դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն գործին մասնակից չդարձած անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է դատական ակտ։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերում նշված անձինք վերաքննիչ դատարանում օգտվում են գործին մասնակցող անձանց իրավունքներից և կրում են նրանց համար սահմանված պարտականությունները։
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է այն դեպքերին, երբ դատական ակտը կայացվել է գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ։
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ քաղաքացիական դատավարությունն ըստ էության կոչված է ապահովել դատական պաշտպանություն հայցած ինչպես գործին մասնակցած, այնպես էլ գործին մասնակից չդարձած անձանց նյութական իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը: Ըստ այդմ էլ գործին մասնակից չդարձված անձանց համար երաշխավորված դատարանի մատչելիության, դատական պաշտպանության իրավունքը դրսևորվում է մասնավորապես դատական ակտը բողոքարկելու իրավունքով և դրա իրացման ընթացակարգով, որը կոչված է վերացնելու ստորադաս դատարանում թույլ տրված ու բողոք բերող անձի իրավունքներին և օրինական շահերին առնչվող դատական սխալը (տե՛ս ըստ Հակոբ Բաշմակյանի դիմումի թիվ ԵԿԴ/0368/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.12.2016 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գործին մասնակից չդարձված այն անձը, որի իրավունքների և օրինական շահերի վերաբերյալ կայացվել է դատական ակտ, բոլոր դեպքերում պետք է ունենա իր խախտված իրավունքների ու օրինական շահերի վերականգնման արդյունավետ միջոցների հնարավորություն: Չնայած նրան, որ գործին մասնակից չդարձած անձինք անմիջական մասնակցություն չեն ունենում տվյալ գործի քննությանը, այնուամենայնիվ տվյալ գործով կայացված դատական ակտը (եթե այն վերաբերում է նրանց իրավունքներին և պարտականություններին), որպես կանոն, բացասաբար է անդրադառնում նրանց իրավունքների ու պարտականությունների վրա: Այլ կերպ ասած՝ դատական ակտով ոչ միայն պետք է անմիջականորեն շոշափվեն այդ անձանց իրավունքները և պարտականությունները, այլև խոչընդոտներ ստեղծվեն նրանց սուբյեկտիվ իրավունքների իրացման կամ պարտականության պատշաճ կատարման համար (տե՛ս Սերգեյ Գրիգորյանն ընդդեմ Ալլա Փորսուղյանի և ուրիշների թիվ ԵԿԴ/3578/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.05.2022 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ գործին մասնակից չդարձած անձանց դատավարական գործողություններն ուղղակիորեն պայմանավորված են նրանց դատավարական կարգավիճակով և ուղղված են վիճելի նյութական իրավահարաբերության կարգավորման կապակցությամբ թույլ տրված այնպիսի սխալի վերացմանը, որն իրավահարաբերության ոչ բոլոր մասնակիցներին գործին մասնակից դարձնելու արդյունք է: Հետևաբար գործին մասնակից չդարձված անձը, որի իրավունքների և օրինական շահերի վերաբերյալ կայացվել է դատական ակտ, պետք է իր խախտված իրավունքներն արդյունավետ միջոցներով վերականգնելու հնարավորություն ունենա։ Այդուհանդերձ նշված իրավունքի իրացումը չի կարող կրել բացարձակ բնույթ: Մասնավորապես` գործին մասնակից չդարձված անձանց կողմից իրենց իրավունքներին վերաբերող՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը բողոքարկելու դեպքում դրա վերանայման վարույթում հարկ է պահպանել անհրաժեշտ հավասարակշռություն մի կողմից գործին մասնակցող անձանց սահմանադրական իրավունքների և պարտականությունների, մյուս կողմից՝ գործին մասնակից չդարձված այն անձանց իրավունքների ու պարտականությունների միջև, որոնց իրավունքներին և պարտականություններին առնչվում է դատական ակտը (տե՛ս «Հայր և որդի Ադամյաններ» ՍՊԸ-ն ընդդեմ «Հինգերորդ Աստղ» ՍՊԸ-ի թիվ ԵԱԴԴ/0199/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը):
Իրավունքի գերակայության բաղադրատարր համարվող իրավական որոշակիության, մասնավորապես՝ res jսdicata սկզբունքը հարգելու համատեքստում ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ գործին մաuնակից չդարձված անձանց կողմից դատական ակտը բողոքարկելու դեպքում դրա վերանայման վարույթում այն կարող է բեկանվել միայն այն դեպքում, երբ դատական ակտն առնչվում է նշված անձանց իրավունքներին և պարտականություններին, ինչը կարող է ապահովել գործին մասնակցող ու գործին մասնակից չդարձված անձանց իրավունքների և պարտականությունների միջև հավասարակշռությունը (տե՛ս Հովհաննես Վարդազարյանը և Մարիանա Ավետյանն ընդդեմ Անժելա Վարդազարյանի Կենտրոն նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանի ու ուրիշների թիվ ԵԱՔԴ/3273/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01․09․2021 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վերաքննիչ դատարանը յուրաքանչյուր դեպքում գործին մասնակից չդարձված անձի կողմից ներկայացված բողոքը վարույթ ընդունելու հարցը լուծելիս պետք է պարզի` արդյո՞ք բողոքին կից ներկայացված ապացույցներով հիմնավորվում է, որ վիճարկվող դատական ակտն առերևույթ կարող է վերաբերել վերջինիս իրավունքներին և պարտականություններին (տե՛ս Գառնիկ Կուրղինյանը և Մանյա Ալոյանն ընդդեմ Անահիտ ու Միքայել Կուրղինյանների թիվ ԵԱՔԴ/2573/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2013 թվականի որոշումը):
Նկատի ունենալով, որ գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացրած դատական ակտի առկայությունը կապված է դատական պաշտպանության ու դատարանի մատչելիության սահմանադրական իրավունքի խաթարման, ինչպես նաև կողմերի հավասարության և մրցակցության դատավարական սկզբունքների խախտման հետ, որպիսիք առնվազն կասկածի տակ են դնում իրականացված արդարադատության արդյունքում կայացված դատական ակտի օրինականությունն ու հիմնավորվածությունը՝ նշված հիմքն օրենսդիրը դասել է դատական ակտն անվերապահ բեկանելու՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերի շարքին։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետի համաձայն` դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե դատական ակտն ազդում է գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վրա, բացառությամբ այն դեպքի, երբ դատարանը քննվող գործի մասին ծանուցել է տվյալ անձին, սակայն նա չի ցանկացել ներգրավվել գործին։
Մինչև 14․03․2024 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ անկախ բողոքի հիմքերից և հիմնավորումներից` դատական ակտը ենթակա է բեկանման, եթե առկա են նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ, (…) կետերով սահմանված` դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերը:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված խախտումների առկայության դեպքում վերաքննիչ դատարանը չի կարող կիրառել նույն օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված լիազորությունը:
Անդրադառնալով դատական ակտն անվերապահ բեկանելու հիմքերին՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ օրենսդիրն ըստ էության առանձնացրել է այնպիսի դատավարական սխալները, որոնք անմիջականորեն կապված են արդարադատության սկզբունքների և դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի խախտումների հետ: Հենց դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ նման խախտումների առկայության պայմաններում դատարանի վճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, և վճիռը բողոքարկող անձը պարտավոր չէ ապացուցել, որ այդ դատավարական խախտումները հանգեցրել են կամ կարող էին հանգեցնել գործի սխալ լուծման: Այդպիսի խախտումների առանձնահատկությունը մյուս դատավարական խախտումների համեմատ կայանում է նրանում, որ դրանք այնքան էական են, որ խաթարում են դատարանի` իբրև իրավունքների համապարփակ և արդյունավետ պաշտպանությանը կոչված պետական մարմնի դերն ու նշանակությունը (տե՛ս Սերգեյ Գրիգորյանն ընդդեմ Ալլա Փորսուղյանի, Սամվել Նաղդալյանի, Հռիփսիմե Առաքելյանի, Թագուշ Կյուրեղյանի և Էլիզա Կարապետյանի թիվ ԵԿԴ/3578/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.05.2022 թվականի որոշումը):
Ընդ որում, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված խախտումների բնույթն այնպիսին է, որ դրանք կարող են վերացվել բացառապես դատական ակտի բեկանումից հետո` գործի ամբողջ ծավալով նոր քննություն իրականացվելու դեպքում: Նշված պատճառաբանությամբ էլ վերաքննիչ դատարանի կողմից վճռի բեկանման անվերապահ որևէ հիմքի առկայությունը հաստատված լինելու դեպքում կիրառման է ենթակա դատական ակտը բեկանելու և գործը համապատասխան ստորադաս դատարան նոր քննության ուղարկելու լիազորությունը (տե՛ս «ԲԱԳՐԵՎԱՆՅԱՆ ՂՈՂԱՆՋ» ՍՊԸ-ն ընդդեմ Պաշտպանության նախարարության թիվ ԵԴ/28163/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17․06․2021 թվականի որոշումը):
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բոլոր այն դեպքերում, երբ ապացուցվում է, որ առաջին ատյանի դատական ակտը վերաբերում է գործին մասնակից չդարձած անձի իրավունքներին և պարտականություններին, որպիսիք հնարավոր չէ այլ միջոցներով արդյունավետորեն պաշտպանել, ապա վերաքննիչ դատարանն օրենքով սահմանված կարգով պարտավոր է բեկանել դատական ակտը։ Անձի համար արդարության բոլոր պահանջների պահպանմամբ անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության՝ Սահմանադրությամբ ու Կոնվենցիայով երաշխավորված իրավունքն իրացնելու արդյունավետ միջոցը գործի ամբողջ ծավալով նոր քննությունն է, որի ընթացքում անձին տրվում է գործին մասնակցող անձանց հետ հավասար պայմաններում, մրցակցության և հավասարության դատավարական սկզբունքների պահպանմամբ իրենց գործը ներկայացնելու լիարժեք հնարավորություն։
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ բողոքի քննության արդյունքում գործին մասնակից չդարձած Բանկի իրավունքներին առնչվող դատական ակտ կայացված լինելու հարցը Վճռաբեկ դատարանը քննարկում է Ընկերության և Վալոդյա Սարգսյանի միջև կնքված վարկային պայմանագրերից բխող վճարային պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով գրավադրված ոսկյա իրերի վրա բռնագանձում տարածելու պահանջի շրջանակում՝ նկատի ունենալով, որ Վերաքննիչ դատարանը Բանկի վերաքննիչ բողոքը քննության է ընդունել միայն այդ պահանջի մասով, իսկ վճռաբեկ բողոքը չի պարունակում այդ կապակցությամբ Վերաքննիչ դատարանի կողմից դատական սխալ թույլ տրված լինելու մասին հիմնավորումներ։
Տվյալ դեպքում Ընկերության հայցը բավարարելու արդյունքում Դատարանի 04․03․2022 թվականի վճռով 19.293.040,76 ՀՀ դրամի չափով բռնագանձում է տարածվել Ընկերության և Վալոդյա Սարգսյանի միջև կնքված թիվ 17072752, թիվ 10167671, թիվ 10167672, թիվ 17072849, թիվ 17073101, թիվ 19224888, թիվ 10167674, թիվ 06126254, թիվ 06126253, թիվ 06126554 ու թիվ 06126252 վարկային պայմանագրերի ապահովման միջոց հանդիսացող ոսկյա իրերի վրա։
Դատարանի 04․03․2022 թվականի վճռի դեմ որպես գործին մասնակից չդարձած անձ վերաքննիչ բողոք է ներկայացրել Բանկը՝ իր իրավունքների վերաբերյալ դատական ակտ կայացված լինելու հանգամանքի առկայությունը պատճառաբանելով հետևյալ կերպ՝ «(…) ոսկյա իրերի նկատմամբ բռնագանձում տարածելու վերաբերյալ պահանջ է քննարկվել դատարանում, որն ուղղակիորեն կապված է Բանկի իրավունքների հետ, քանի որ նույն ոսկյա իրերի մասով առկա է Բանկի գրավի իրավունքը և այդ իրավունքը պահպանված լինելու, փաստացի դրա մասին Հայցվորի տեղեկացված լինելու պայմաններում, այնուամենայնիվ, «Ֆասթ բանկ» ՓԲԸ-ի կողմից պահանջ է ներկայացվել դատարան՝ Բանկի գրավի իրավունքով ծանրաբեռնված ոսկյա իրերի նկատմամբ բռնագանձում տարածելու մասին»։
02․02․2024 թվականի որոշմամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի 1-ին մասի համատեքստում անդրադառնալով վեճի առարկա ոսկյա իրերի վրա բռնագանձում տարածելու պահանջի մասով վճռի՝ Բանկի իրավունքներին ուղղակիորեն առնչվելու հարցին և վկայակոչելով թիվ ԵԱԴԴ/0199/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը՝ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ «(...) երրորդ անձի այն իրավունքները կամ պարտականությունները, որոնք կարող են շոշափվել կայացվելիք դատական ակտով, պետք է կապված լինեն վիճելի իրավահարաբերության հետ։ Այսինքն՝ եթե վճռի կայացման արդյունքում չի կարող առաջանալ, փոփոխվել կամ դադարել իրավահարաբերություն երրորդ անձի և գործով կողմերից մեկի միջև, ապա երրորդ անձը տվյալ գործով ներգրավվել չի կարող»։
Արդյունքում Վերաքննիչ դատարանը եզրակացրել է, որ «(...) Բանկն իր վերաքննիչ բողոքում չի ներառել բավարար փաստարկներ, որոնք թույլ կտան եզրակացնել, որ վճիռն ազդում է գործով հայցվորի կամ պատասխանողի հանդեպ նրա ունեցած իրավունքների կամ պարտականությունների վրա կամ հանգեցնում է նման իրավունքների կամ պարտականությունների ծագմանը: Մասնավորապես, նույնիսկ եթե վերը նշված գրավի առարկաները նախկինում գրավադրվել են Բանկում, իսկ հետագայում՝ բանկի տիրապետումից դուրս բերվելուց հետո (ի ապահովումն սույն գործով կողմերի միջև ծագած վարկային պարտավորությունների կատարման) կնքվել են այլ գրավի պայմանագրեր, և առկա է գրավի առարկաների վրա բռնագանձում տարածելու վերաբերյալ դատական ակտ՝ ապա դրանով Բողոքաբերի և սույն գործով կողմերի (նրանցից որևէ մեկի) միջև չի կարող որևէ իրավահարաբերություն ծագել, փոփոխվել կամ դադարել»։
Սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների իրավաչափությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանք հիմնավորված չեն հետևյալ պատճառաբանությամբ։
Վճռաբեկ դատարանը նախ ընդգծում է, որ Վերաքննիչ դատարանի վկայակոչած թիվ ԵԱԴԴ/0199/02/11 քաղաքացիական գործով 17.07.2015 թվականի որոշմամբ արտահայտած և հետագայում զարգացրած դիրքորոշումներով ՀՀ վճռաբեկ դատարանը գործին մասնակից չդարձած անձանց ներկայացրած բողոքների քննության հարցում ուղենիշային է համարել այն հարցի պարզումը, թե արդյո՞ք կայացված դատական ակտով անմիջականորեն շոշափվել են այդ անձանց իրավունքներն ու պարտականությունները կամ ստեղծվել են նրանց սուբյեկտիվ իրավունքների իրացման կամ պարտականության պատշաճ կատարման խոչընդոտներ: Այսինքն՝ ելակետային է ոչ թե դատական ակտի՝ հայցվորի կամ պատասխանողի հանդեպ գործին մասնակից չդարձած անձի ունեցած իրավունքների կամ պարտականությունների վրա ազդելու կամ նման իրավունքների կամ պարտականությունների ծագման հանգեցնելու հանգամանքը, ինչպես եզրակացրել է Վերաքննիչ դատարանը, այլ դատական ակտի՝ գործին մասնակից չդարձած անձի իրավունքներին և պարտականություններին առհասարակ առնչվելու հանգամանքը։
Սույն գործի փաստերից հետևում է, որ բռնագանձման ենթակա՝ թիվ 17072752, թիվ 10167671, թիվ 10167672, թիվ 17072849, թիվ 17073101, թիվ 19224888, թիվ 10167674, թիվ 06126254, թիվ 06126253, թիվ 06126554 և թիվ 06126252 վարկային պայմանագրերից բխող վճարային պարտավորությունների կատարումն ապահովող ոսկյա իրերը գրավադրված են եղել Բանկում ու վերջինիս տիրապետումից ենթադրյալ հանցագործության հետևանքով դուրս գալով՝ մի շարք անձանց, այդ թվում նաև՝ Վալոդյա Սարգսյանի կողմից գրավադրվել են Ընկերությունում։ Ընդ որում, թիվ 27175719 քրեական գործի նախաքննության ընթացքում վկա Ռուբիկ Էյլազյանը, ինչպես նաև Վալոդյա Սարգսյանը նույնաբովանդակ ցուցմունքներ են տվել, որ ոսկյա իրերը ներկայացվել են որպես իրենց սեփականություն և հետագայում գրավադրվել նաև Ընկերությունում։ Այս պայմաններում թիվ 27175719 քրեական գործի շրջանակում թիվ 17072752, թիվ 10167671, թիվ 10167672, թիվ 17072849, թիվ 17073101, թիվ 19224888, թիվ 10167674, թիվ 06126254, թիվ 06126253, թիվ 06126554 և թիվ 06126252 վարկային պայմանագրերով գրավադրված ոսկյա իրերն առգրավվել են, ճանաչվել իրեղեն ապացույցներ ու կցվել քրեական գործին, որպիսի փաստերի հաշվառմամբ, առաջնորդվելով նաև քրեադատավարական իրավունքի նորմերով՝ թիվ ԱՎԴ/0904/02/20 քաղաքացիական գործով Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 23․06․2021 թվականին կայացրած ու օրինական ուժի մեջ մտած վճռով արձանագրել է, որ «նշված իրեղեն ապացույցների իրավական ճակատագիրը կարող է լուծվել դատավճռով կամ քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշմամբ»։
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի 04․03․2022 թվականի վճիռը՝ բռնագանձումը գրավադրված գույքի վրա տարածելու պահանջի մասով, ազդում է Բանկի իրավունքներին, քանի որ վճռով կանխորոշվում է ոսկյա այն իրերի հետագա ճակատագիրը, որոնք գրավադրված են Բանկում, քրեական գործի շրջանակում առգրավված են, և Բանկի համար ծառայում են իր հանդեպ ստանձնած վճարային պարտավորությունների պատշաճ կատարումն ապահովող միջոց։
Բացի այդ, նշված վճռով ստեղծվում են Բանկի՝ որպես գրավառուի իրավունքների իրացման խոչընդոտներ՝ նկատի ունենալով, որ դրա հետևանքով Բանկն առնվազն զրկվում է գրավի առարկաների հաշվին իր պահանջի բավարարում ստանալու հնարավորությունից, ինչը խաթարում է Բանկի գույքային իրավունքները՝ միաժամանակ հանգեցնելով իրավական որոշակիության և օրինականության պահանջի խախտման՝ նկատի ունենալով, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով արձանագրվել է, որ իրեղեն ապացույց ճանաչված ոսկյա իրերի ճակատագիրը կարող է լուծվել դատավճռով կամ քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշմամբ, որպիսիք տվյալ դեպքում առկա չեն։
Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն եզրակացությանը, որ «Բանկը ևս կարող է հավակնություններ ունենալ նույն գույքի (գրավի առարկաների) նկատմամբ, սակայն վերջինս իր իրավունքներ պաշտպանությունը չի կարող իրացնել սույն գործի շրջանակներում և 3-րդ անձի կարգավիճակում. իր իրավունքների պաշտպանության համար Բանկը կարող է օգտվել այլ արդյունավետ միջոցներից», ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իր խախտված իրավունքները վերականգնելու այլ միջոցների առկայությունը չի բացառում Բանկի համար սույն քաղաքացիական գործին դատավարական կարգավիճակով մասնակցելու միջոցով իր իրավունքներն արդյունավետ պաշտպանելու հնարավորությունը՝ առավել ևս, որ Վերաքննիչ դատարանը չի պատճառաբանել, թե իրավունքի պաշտպանության ի՞նչպիսի միջոցը կարող է փոխարինել Բանկի բողոքով հայցվող իրավունքների պաշտպանությունը։
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը հիմնավորված է համարում Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի, համապատասխանաբար նաև՝ 360-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 365-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետի այնպիսի խախտումներ թույլ տրված լինելու մասին վճռաբեկ բողոքում նշված հիմքերը, որոնք Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Բանկի համար հանգեցրել են արդար դատաքննության ու դատարանի մատչելիության՝ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածներով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված իրավունքի խախտման՝ Բանկին զրկելով իր խախտված իրավունքներն արդյունավետ միջոցով վերականգնելու հնարավորությունից։
Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերը նշված պատճառաբանություններով:
Հիմք ընդունելով ստորադաս դատարանում դատական ակտն անվերապահ բեկանելու՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով սահմանված հիմքի առկայությունը և Բանկի մասնակցությամբ, հավասարության ու մրցակցության սկզբունքների պահպանմամբ սույն գործի նոր քննություն իրականացնելու անհրաժեշտությունը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված լիազորությունը՝ բեկանել Վերաքննիչ դատարանի 02․02․2024 թվականի որոշումը և սույն գործը՝ բռնագանձումը գրավադրված գույքի վրա տարածելու պահանջի մասով, ուղարկել Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության։
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ] կանոններին համապատասխան:
Նկատի ունենալով, որ սույն գործը՝ բռնագանձումը գրավադրված գույքի վրա տարածելու պահանջի մասով, ուղարկվում է նոր քննության՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի արդյունավետ բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, ուստի այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության արդյունքում։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02․02․2024 թվականի որոշումը և գործը՝ բռնագանձումը գրավադրված գույքի վրա տարածելու պահանջի մասով, ուղարկել Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության արդյունքում։
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող Զեկուցող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ Ա․ ԱԹԱԲԵԿՅԱՆ Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ Ս. ՄԵՂՐՅԱՆ Է. Սեդրակյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 նոյեմբերի 2024 թվական:
