ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 նոյեմբերի 2024 թվականի N 1749-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1442-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի «Սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի ներմուծման, արտահանման և տարանցիկ փոխադրման, ինչպես նաև անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքների (արտադրանքի) արտահանման, ինչպես նաև պետական սահմանի անցման կետերում մաքսային մարմինների կողմից սահմանային պետական վերահսկողության իրականացման կարգը սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 19-ի N 1228-Ն և 2005 թվականի նոյեմբերի 9-ի N 1901-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1442-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները՝
1) որոշման վերնագիրը, 1-ին կետը, հավելվածի վերնագիրը և հավելվածի 1-ին կետը «(ԱՐՏԱԴՐԱՆՔԻ)» բառից հետո լրացնել «ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԵՎ» բառերով.
2) որոշման հավելվածը 26-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 26.1-26.6-րդ կետերով՝
«26.1. Բուծման նպատակով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող կամ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից տեղափոխվող կենդանիները Հայաստանի Հանրապետությունում ենթակա են պարտադիր կարանտինացման 21 օրից ոչ պակաս ժամկետով:
26.2. Սպանդի նպատակով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող կամ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից տեղափոխվող կենդանիները ենթակա են կարանտինացման 7 օրից ոչ պակաս ժամկետով:
26.3. Կենդանիներ Հայաստանի Հանրապետություն ներմուծող կամ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից տեղափոխող իրավաբանական և ֆիզիկական անձինք պարտավոր են նախապես լիազոր մարմնի հետ համաձայնեցնել Հայաստանի Հանրապետությունում կենդանիների կարանտինացման վայրը: Լիազոր մարմինը կարանտինացման վայրի վերաբերյալ համաձայնություն չի տալիս, եթե այն չի համապատասխանում սանիտարական նորմերին։ Սույն կետով սահմանված կարգով լիազոր մարմնի հետ կարանտինացման վայրը չհամաձայնեցնելու դեպքում կենդանիների ներմուծումը կամ տեղափոխումը Հայաստանի Հանրապետություն չի թույլատրվում։
26.4. Հայաստանի Հանրապետություն ներմուծվող կամ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից տեղափոխվող կենդանիներ փոխադրող մեքենաները պետական սահմանի անցման կետում ախտահանվում են, իսկ կենդանիների խմբաքանակից կատարվում է նմուշառում, որն ուղարկվում է լաբորատոր փորձաքննության։
26.5. Բուծման նպատակով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող կամ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից տեղափոխվող կենդանիների խմբաքանակի նմուշների փորձաքննության դրական արդյունքներ ստացվելու դեպքում կատարվում է երկրորդ նմուշառում։ Երկրորդ նմուշառման արդյունքով վերցված նմուշների դրական փորձաքննության արդյունքների դեպքում լիազոր մարմինը տրամադրում է կենդանիների ներմուծման կամ փոխադրման թույլտվություն:
26.6. Կենդանիների կարանտինացման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է լիազոր մարմինը:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Մ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
Երևան |
07.11.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 նոյեմբերի 2024 թվական: