ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում |
ԵԴ/0520/06/20 | ||
|
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ | |
Ե. ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Լ. Թադևոսյանի Ա. Պողոսյանի | ||
|
|
Ս. Օհանյանի |
31 հունվարի 2023 թվական |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2020 թվականի մայիսի 26-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանի վճռաբեկ բողոքը,
Պ
Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2020 թվականի մայիսի 13-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 316-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 14190720 քրեական գործը։ 2020 թվականի մայիսի 13-ից նախաքննությունը կատարվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում։
2020 թվականի մայիսի 13-ին Արթուր Վոլոդյայի Ալեքսանյանը ձերբակալվել է։
Նախաքննության մարմնի՝ 2020 թվականի մայիսի 13-ի որոշմամբ Ա.Ալեքսանյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով:
2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2020 թվականի մայիսի 14-ի որոշմամբ մեղադրյալ Ա.Ալեքսանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին նախաքննության մարմնի միջնորդությունը բավարարվել է և վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ 2 (երկու) ամիս ժամկետով։ Նույն որոշմամբ բավարարվել է պաշտպաններ Է.Բեգլարյանի և Կ.Մեժլումյանի բողոքը և հաստատվել մեղադրյալ Ա.Ալեքսանյանի ձերբակալման ոչ իրավաչափ լինելու փաստը։
3. Մեղադրյալ Ա.Ալեքսանյանի պաշտպաններ Է.Բեգլարյանի և Կ.Մեժլումյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2020 թվականի մայիսի 26-ի որոշմամբ բողոքը բավարարել է, Առաջին ատյանի դատարանի` 2020 թվականի մայիսի 14-ի որոշումը՝ մասնակի բեկանել, և մեղադրյալ Ա.Ալեքսանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը՝ վերացրել։
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանը, որը Վճռաբեկ դատարանի՝ 2020 թվականի օգոստոսի 18-ի որոշմամբ ընդունվել է վարույթ1: Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի հունվարի 19-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
5. Բողոքի հեղինակը գտել է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատավարական իրավունքի խախտում, որն իր բնույթով էական է և ազդել է գործի ելքի վրա։
5.1. Բողոք բերած անձի պնդմամբ` Վերաքննիչ դատարանն, իր որոշմամբ անդրադառնալով «իշխանության ներկայացուցիչ» հասկացությանը և վերլուծելով այն, ըստ էության փաստել է մեղադրյալի արարքում հանցակազմի բացակայությունը՝ թեև այդօրինակ հետևության կարող էր գալ միայն վարույթը բացառող հանգամանքի ակնհայտ առկայության դեպքում՝ հավաստելով քրեական գործով վարույթը բացառող հանգամանքի առերևույթ առկայությունը և դրա հնարավոր կիրառելիությունը, սակայն սույն գործով ոչ միայն ակնհայտորեն առկա չէ քրեական վարույթը բացառող հանգամանքը, այլ նաև վիճարկվող դատական ակտը որևէ հավաստում չի բովանդակում այդ հանգամանքի հնարավոր կիրառելիության մասին:
5.2. Բացի այդ, բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանի այն դատողությունը, որ Ազգային ժողովի պատգամավորը ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի իմաստով չի կարող հանդիսանալ իշխանության ներկայացուցիչ, քանի որ սահմանված կարգով օժտված չէ կարգադրիչ լիազորություններով իր ծառայողական ենթակայության տակ չգտնվող անձանց նկատմամբ, անհիմն է։
Մասնավորպես, ըստ բողոքաբերի՝ պատգամավորն օրենսդիր իշխանության ներկայացուցիչ է, ով իր լիազորությունների շրջանակներում իրականացնում է Ազգային ժողովին վերապահված գործառույթները, իսկ Ազգային ժողովի հիմնական և առանցքային գործառույթներից մեկն օրենքների ընդունումն է, որն Ազգային ժողովն իրականացնում է՝ գործելով որպես կոլեգիալ մարմին։ Տվյալ դեպքում օրենքների ընդունումն անձանց անորոշ շրջանակին ուղղված կարգադրիչ լիազորությունների իրացման եղանակ է՝ կարգադրիչ նորմեր պարունակող իրավական ակտը քվեարկության միջոցով ընդունելու ձևով, որի կատարումը և պահպանումը պարտադիր է դրա կարգավորման առարկայի շրջանակներում։
5.3. Միևնույն ժամանակ, բողոք բերած անձը նշել է, որ Վերաքննիչ դատարանի այն դիրքորոշումը, որ սույն գործով կալանավորման հիմքերը առկա չեն, ևս անհիմն է։
Մասնավորապես, բողոքաբերի պնդմամբ՝ մեղադրյալի կողմից ցուցաբերած ագրեսիվ վարքագիծը և արտահայտությունները, որոնցով մեղադրյալը ոչ թե կոչ է անում Կոնվենցիան չվավերացնել, այլ երևում է նրա հստակ դիրքորոշումը՝ վավերացման դեպքում ֆիզիկական հաշվեհարդարի անհրաժեշտության մասին, ծանրակշիռ վերաբերելի փաստական հանգամանք է այն բարձր ռիսկի մասին, որ նա, մնալով ազատության մեջ, կարող է կատարել նոր հանցանք։
6. Վերոգրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2020 թվականի մայիսի 26-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի մայիսի 14-ի որոշմանը։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. Արթուր Ալեքսանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ. (…) նա 2020 թվականի մայիսի 11-ին, ժամը՝ 17։00-ի սահմաններում, Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում, իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ կապված առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ է հնչեցրել իշխանության ներկայացուցիչ՝ ՀՀ ազգային ժողովի պատգամավոր, Նիկոլայ Բաղդասարյանի նկատմամբ։
Այսպես. Արթուր Ալեքսանյանը, դժգոհ լինելով 2020 թվականի մայիսի 11-ին ՀՀ Ազգային ժողովում «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու հարցի քննարկմանը «Իմ քայլը» պատգամավորական խմբի կողմից Կոնվենցիային կողմ քվեարկելու հանգամանքից, նույն օրը, ժամը՝ 17-00-ի սահմաններում, Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում նկատելով Նիկոլայ Բաղդասարյանին, իշխանության ներկայացուցչի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու համար վրեժ լուծելու շարժառիթով, կատարել է գործողություններ, որոնք վերջինիս առողջության համար իրական սպառնալիք են ներկայացրել, այն է՝ հեծանիվով ընթացել է Նիկոլայ Բաղդասարյանի ուղղությամբ՝ իրական վտանգ ստեղծելով վերջինիս առողջության համար։ Բախումից խուսափելու նպատակով Նիկոլայ Բաղդասարյանը մի կողմ է քաշվել, որից հետո Արթուր Ալեքսանյանը շարունակել է իր գործողությունները, մասնավորապես սեռական բնույթի հայհոյանքներ տալով սպառնացել է ֆիզիկական հաշվեհարդար տեսնել Նիկոլայ Բաղդասարյանի նկատմամբ և ծեծի ենթարկել նրան։ (…)2:
8. Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում արձանագրել է հետևյալը. «(...) [Դ]ատարանը (...) արձանագրում է, որ առկա են ենթադրյալ հանրորեն վտանգավոր արարքների կատարմանը Արթուր Վոլոդյայի Ալեքսանյանի առնչությունը (հիմնավոր կասկածը) հաստատող ապացույցներ, մասնավորապես. հաղորդում ներկայացնելու վերաբերյալ արձանագրությունը, տուժող Նիկոլայ Բաղդասարյանի, Արթուր Ալեքսանյանից բացատրություն վերցնելու վերաբերյալ և որպես կասկածյալ հարցաքննության արձանագրությունով և այլ փաստական հանգամանքներով, որոնց առկայության պայմաններում Դատարանը գտնում է, որ հիմնավոր կասկածի նվազագույն շեմը հաղթահարված է։
(...) Բացի այդ, կալանավորման հիմքերը քննարկելիս ընդունելի է նաև նախաքննական մարմնի այն մտավախությունը, որ մեղադրյալ Արթուր Վոլոդյայի Ալեքսանյանը, մնալով ազատության մեջ, կարող է կատարել քրեական օրենքով արգելված արարք։ Բանն այն է, որ մեղադրյալը իր տված ցուցմունքում հայտնել է, որ այն պատգամավորները, ովքեր կողմ են քվեարկել տվյալ կոնվենցիային, ապա պետք է բոլորը պատասխան տան, բոլորին անհատականապես պետք է մոտենան և նրանցից պարզաբանումներ ստանան, որի պայմանների գնահատմամբ Դատարանը գտնում է, որ մեծ է հավանականությունը, որ ազատության մեջ մնալով հնարավոր է կատարի օրենքով չթույլատրված արարք։
Կալանավորման հիմքերը քննարկելիս Դատարանի համար ընդունելի չեն վարույթն իրականացնող մարմնի պատճառաբանություններն այն մասին, որ Արթուր Վոլոդյայի Ալեքսանյանը մնալով ազատության մեջ՝ կարող է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից, թեև մեղադրյալի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված գործողություններից յուրաքանչյուրի կատարման վերաբերյալ դատողությունները կրում են կանխատեսական և մոտավոր բնույթ, այնուամենայնիվ մեղադրյալի կողմից նման գործողության կատարումը պետք է գնահատման ենթարկվի քրեական գործում առկա փաստական տվյալներով, որպիսիք տվյալ դեպքում առկա չեն։ Դատարանը հաշվի է առնում նաև այն հանգամանքը, որ հետաքննության մարմինը բացատրության ավարտից հետո ստացականով Արթուր Ալեքսանյանին վերադարձրել է անձնական խուզարկությամբ ամբողջ հայտնաբերվածը, այն պատճառով, որ վերջինիս հետ բոլոր դատավարական գործողությունները ավարտված են եղել և նա անձնական իրերը ստանալուց հետո՝ ավելի քան մեկ ժամ ազատ լինելու դեպքում հնարավորություն է ունեցել հեռանալու, սակայն չի հեռացել, իսկ միայն մեղսագրվող հանցանքի ծանրության աստիճանը, ինքնին չի կարող որպես ինքնուրույն հիմք հանդիսանալ։
Անդրադառնալով պաշտպանների հայտարարությանը, որ արարքին տրվել է ոչ ճիշտ քրեաիրավական գնահատական, քանի որ պատգամավորը չի հանդիսանում իշխանության ներկայացուցիչ և օժտված չէ կարգադրիչ լիազորություններով, ապա Դատարանը արձանագրում է, որ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելիս, մասնավորապես՝ կալանավորման վերաբերյալ միջնորդությունը քննելիս դատարանն իրավասու չէ քննարկման առարկա դարձնելու այնպիսի հարցեր, որոնք դուրս են այդ պահին իր առջև դրված խնդիրների շրջանակից (...), ուստիև հիմնավոր կասկածի առկայությունը ստուգելիս դատարանն իրավասու չէ կանխորոշելու մեղքի հարցը, իրավական գնահատական տալու անձի մեղավորությանը կամ անմեղությանը, անմիջականորեն փաստելու անձի արարքում հանցակազմի առկայությունը կամ բացակայությունը։ Այդ հարցերը կարող են քննարկման առարկա դառնալ միայն գործն ըստ էության քննելու և լուծելու ընթացքում, այսինքն` հանդիսանում են արդարադատության իրականացման արդյունքում լուծման ենթակա հարցեր: (...)»3։
9. Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է. «(...) [Ա]նդրադառնալով Առաջին ատյանի դատարանի հետևություններին հիմնավոր կասկածի առկայության մասով՝ Վերաքննիչ դատարանը, զերծ մնալով մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործառույթի հետ անհամատեղելի ու մինչդատական վարույթն իրականացնող մարմնի համար կաշկանդող կամ ուղղորդող նշանակություն ունեցող մեկնաբանություններ անելուց, արձանագրում է, որ դրանք հիմնավոր չեն, քանի որ ըստ բողոքարկվող դատական ակտի բովանդակության՝ Առաջին ատյանի դատարանը միջնորդության քննության ժամանակ բավարար տվյալներ չի ունեցել մեղադրյալ Արթուր Վոլոդյայի Ալեքսանյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ենթադրյալ հանցանքը (մեղադրյալի արարքում կարող են ենթադրաբար առկա լինել այլ հանցակազմերի առերևույթ հատկանիշներ, սակայն դրանք չեն կարող գնահատման ենթարկվել սույն գործի շրջանակներում) կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության մասին հետևության գալու համար:
Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ այդ նյութերը, Վերաքննիչ դատարանի համոզմամբ, ինքնին բավարար չեն կարող համարվել մեղադրյալի՝ մեղսագրվող արարքին (իշխանության ներկայացուցչին, որն օժտված է իրենից ծառայողական ենթակայության տակ չգտնվող անձանց նկատմամբ կարգադրիչ լիազորություններով, առողջության համար ոչ վտանգավոր սպառնալիք հնչեցնելը) ունեցած առնչությունը հաստատված համարելու համար։
Մասնավորապես՝ Վերաքննիչ դատարանի հիշյալ դիրքորոշումը հիմնված է ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 3-րդ մասի իրավակարգավորման վրա, համաձայն որի՝ իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնում են պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոնավարող այն անձինք, ովքեր իրենցից ծառայական կախվածություն չունեցող, իրենց ծառայողական ենթակայության տակ չգտնվող անձանց նկատմամբ սահմանված կարգով օժտված են կարգադրիչ լիազորություններով:
Վերաքննիչ դատարանն արձանագրում է նաև այն, որ բավարար փաստական տվյալներ չեն ներկայացվել այն մասին, որ տվյալ իրավիճակում ՀՀ ԱԺ պատգամավորը ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի իմաստով հանդիսացել է իշխանության ներկայացուցիչ (ասվածը որևէ կերպ չի վերաբերում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածով նախատեսված պաշտոնատար անձ հասկացությանը), քանի որ թեև նա ՀՀ օրենսդիր իշխանության՝ ՀՀ Ազգային ժողովի ներկայացուցիչ է՝ պատգամավոր, սակայն սահմանված կարգով օժտված չէ կարգադրիչ լիազորություններով իր ծառայողական ենթակայության տակ չգտնվող անձանց նկատմամբ, իսկ ինչ վերաբերում է դատախազի կողմից նշված այն հանգամանքին, որ պատգամավորը կարող է հարցապնդումներով դիմել ՀՀ Կառավարությանը, ապա պետք է նշել, որ ՀՀ Սահմանադրության 113-րդ հոդվածի ուժով հարցապնդումներով ՀՀ Կառավարության անդամներին դիմելը ոչ թե ԱԺ պատգամավորի, այլ Ազգային ժողովի խմբակցությունների լիազորությունն է (...)։
(...) [Վ]երոնշյալ հանգամանքների պարագայում պարզ է դառնում, որ մեղադրյալի արարքի առնչությունն իշխանության ներկայացուցչին առողջության համար ոչ վտանգավոր սպառնալիք հնչեցնելու հանցակազմի հատկանիշների հետ բացակայում է, քանզի նրա կողմից ենթադրաբար կատարված գործողությունների հետևանքով ենթադրաբար տուժած անձը (ՀՀ ԱԺ պատգամավորը) մեղսագրվող արարքի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով նախատեսված (արգելված) արարքի իմաստով չէր կարող համարվել իշխանության ներկայացուցիչ (...):
Անդրադառնալով Պաշտպանի վերաքննիչ բողոքում վկայակոչված հիմքերին և հիմնավորումներին՝ այն մասին, որ սխալ են Առաջին ատյանի դատարանի հետևությունները՝ կալանավորման հիմքերի մասով, ապա Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Արթուր Վոլոդյայի Ալեքսանյանն ազատության մեջ մնալու պայմաններում չի կարող կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք (առնվազն կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար բավարար աստիճանի), որպիսի դիրքորոշումը պայմանավորված է մասնավորապես նյութերում առկա փաստերից բխող այն ենթադրություններով, որ մեղադրյալի կողմից սոցիալական ցանցում կատարված գրառումն առերևույթ ուղղված է ԲՀԿ և ԼՀԿ խմբակցություններին՝ ըստ էության որպես «կոչ», իսկ բոլոր պատգամավորների կողմից պատասխան տալը (քրեական գործի տվյալ փուլում դեռևս հստակեցված չէ, թե ինչ պատասխանատվության մասին է խոսքը) միանշանակորեն չի կարող վկայել կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար բավարար աստիճանի բարձր ռիսկի մասին: Բացի այդ, մեղադրյալն ունի մշտական բնակության վայր, խնամքին մեկ անչափահաս երեխա և նախկինում էլ դատված չի եղել։ (...)»4:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր է արդյոք Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ ներկայացված նյութերը բավարար չեն մեղադրյալ Ա.Ալեքսանյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու հիմնավոր կասկածը և կալանավորման հիմքերի առկայությունը հաստատված համարելու համար։
11․ ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք։ Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով`
(…) 4) անձին իրավասու մարմին ներկայացնելու նպատակով, երբ առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով (…)»։
11.1. Վերահաստատելով և զարգացնելով կալանավորման պայմաններից «հիմնավոր կասկածի» գնահատման սահմանների վերաբերյալ Վահրամ Գևորգյանի5, Հարություն Խաչատրյանի6 գործերով արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն Էդգար Եղիազարյանի գործով ընդգծել է, որ իրավասու մարմինը պետք է ներկայացնի փաստեր կամ տեղեկություններ, որոնք կհամոզեն դատարանին, որ անձը հիմնավոր կերպով է կասկածվում (մեղադրվում) ենթադրյալ հանցագործության կատարման մեջ։ Այսինքն՝ քրեական հետապնդման մարմինները պետք է ներկայացնեն կասկածը հիմնավորող որոշակի փաստական հանգամանքներ, իսկ դրա վերաբերյալ դատարանի հետևությունները պետք է լինեն պատճառաբանված և, միևնույն ժամանակ, չպետք է պարունակեն իրավական գնահատականներ անձի մեղավորության կամ անմեղության հարցի առնչությամբ7։
Վճռաբեկ դատարանը, ի թիվս այլնի, ընդգծել է հետևյալ հանգամանքները՝
- հիմնավոր կասկածը չի պահանջում կատարված արարքի մեջ մեղադրյալի մեղավորությունն ապացուցող՝ հիմնավոր կասկածից վեր ապացուցման չափանիշին համապատասխան բավարար փաստերի առկայություն, այնուամենայնիվ, «կասկածը» պետք է լինի ողջամիտ, այն պետք է հիմնված լինի օրենքով սահմանված կարգով ձեռքբերված որոշակի փաստական տվյալների վրա (որոնք կվկայեն կատարված արարքին անձի առնչությունը և դեպքի, իրադարձության համընկնումն այն հանցանքին, որի առերևույթ կատարման մեջ անձը կասկածվում (մեղադրվում) է), իսկ դրա առկայության կամ բացակայության վերաբերյալ դատարանի հետևությունները պետք է լինեն հիմնավորված և պատճառաբանված,
- մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելիս դատարանը չպետք է այնպիսի հարցեր քննարկի և դրանց վերաբերյալ որոշումներ ընդունի, որոնք կազմում են հետագա դատական քննության առարկան։ Այլ կեպ ասած՝ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելիս, մասնավորապես՝ կալանավորման վերաբերյալ միջնորդությունը քննելիս դատարանն իրավասու չէ քննարկման առարկա դարձնելու այնպիսի հարցեր, որոնք դուրս են այդ պահին իր առջև դրված խնդիրների շրջանակից8, ուստիև հիմնավոր կասկածի առկայությունը ստուգելիս դատարանն իրավասու չէ կանխորոշելու մեղքի հարցը, իրավական գնահատական տալու անձի մեղավորությանը կամ անմեղությանը, անմիջականորեն փաստելու անձի արարքում հանցակազմի առկայությունը կամ բացակայությունը։ Միևնույն ժամանակ, դատարանը, վերոգրյալ հարցերի շուրջ իրավական գնահատականներ չտալով, իրավասու է որոշում կայացնել կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու կամ ժամկետը երկարացնելու կամ վերահաստատելու վերաբերյալ քրեական հետապնդման մարմնի ներկայացրած միջնորդությունը մերժելու մասին` այն դեպքում, երբ հավաստում է քրեական գործով վարույթը բացառող հանգամանքի առերևույթ առկայությունը և դրա հնարավոր կիրառելիությունը։ Ընդ որում, քրեական գործով վարույթը բացառող այդ հանգամանքի առերևույթ առկայության մասին վկայությունը պետք է լինի ոչ թե ներկայացված նյութերի, այդ թվում՝ ապացույցների` գործն ըստ էության քննելու և լուծելու ժամանակ պահանջվող աստիճանի չափ բազմակողմանի և խորը վերլուծության արդյունք, այլ այդպիսի վկայությունը պետք է հիմնված լինի ներկայացված նյութերից բխող համեմատաբար ակնհայտ փաստերի վրա (օրինակ՝ արարքը, որի կատարման մեջ մեղադրվում է անձը, դրա կատարման պահին հանցագործություն չի համարվել9, կամ որպես մեղադրյալ է ներգրավվել քրեական պատասխանատվության ենթարկվելու տարիքի չհասած անձը, կամ անցել են վաղեմության ժամկետները, ընդունվել է համաներման ակտ և այլն)10։
12. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝
- նախաքննության մարմնի կողմից Ա.Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով11,
- Առաջին ատյանի դատարանը, քննարկելով Ա.Ալեքսանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ նախաքննության մարմնի միջնորդությունը, գտել է, որ մեղադրյալ Ա.Ալեքսանյանի կողմից կատարված ենթադրյալ հանցավոր արարքը հավաստվում է միջնորդության կից ներկայացված նյութերով և վարույթն իրականացնող մարմնի կողմից մատնանշված փաստական տվյալները բավարար են հիմնավոր կասկածի մակարդակով հավաստելու, որ մեղադրյալ Ա.Ալեքսանյանն առնչություն ունի իրեն՝ կոնկրետ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքի հետ։ Անդրադառնալով այն խնդրին, որ արարքին տրվել է ոչ ճիշտ քրեաիրավական գնահատական, քանի որ պատգամավորը չի հանդիսանում իշխանության ներկայացուցիչ և օժտված չէ կարգադրիչ լիազորություններով, Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելիս, մասնավորապես՝ կալանավորման վերաբերյալ միջնորդությունը քննելիս, դատարանն իրավասու չէ քննարկման առարկա դարձնելու այնպիսի հարցեր, որոնք դուրս են այդ պահին իր առջև դրված խնդիրների շրջանակից։
Անդրադառնալով կալանավորման հիմքերին՝ Առաջին ատյանի դատարանը ընդունելի չի համարել վարույթն իրականացնող մարմնի պատճառաբանություններն առ այն, որ Ա.Ալեքսանյանը, մնալով ազատության մեջ, կարող է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից, սակայն գտել է, որ նա կարող է կատարել քրեական օրենքով արգելված արարք՝ հիմք ընդունելով մեղադրյալի կողմից տրված ցուցմունքը, համաձայն որի՝ այն պատգամավորները ովքեր կողմ են քվեարկել կոնվենցիային, պետք է բոլորը պատասխան տան, բոլորին անհատականապես պետք է մոտենան և նրանցից պարզաբանումներ ստանան12։
- Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ գտել է, որ Առաջին ատյանի դատարանը միջնորդության քննության ժամանակ բավարար տվյալներ չի ունեցել մեղադրյալ Ա.Ալեքսանյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ենթադրյալ հանցանքը կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության մասին հետևության գալու համար:
Մասնավորապես՝ Վերաքննիչ դատարանը գտել է, որ բավարար փաստական տվյալներ չեն ներկայացվել այն մասին, որ տվյալ իրավիճակում ՀՀ Ազգային ժողովի պատգամավորը ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի իմաստով հանդիսացել է իշխանության ներկայացուցիչ, քանի որ թեև նա ՀՀ օրենսդիր իշխանության ներկայացուցիչ է՝ պատգամավոր, սակայն սահմանված կարգով օժտված չէ կարգադրիչ լիազորություններով՝ իր ծառայողական ենթակայության տակ չգտնվող անձանց նկատմամբ։
Անդրադառնալով կալանավորման հիմքերին՝ Վերաքննիչ դատարանը գտել է, որ մեղադրյալ Ա.Ալեքսանյանը, ազատության մեջ մնալու պայմաններում, չի կարող կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք, քանի որ մեղադրյալի կողմից սոցիալական ցանցում կատարված գրառումն առերևույթ ուղղված է Ազգային ժողովի խմբակցություններին որպես «կոչ», իսկ բոլոր պատգամավորների կողմից պատասխան տալը միանշանակորեն չի կարող վկայել կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար բավարար աստիճանի բարձր ռիսկի մասին13։
13. Նախորդ կետում վկայակոչված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 11-11.1-րդ կետերում մեջբերված իրավադրույթների և իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը մեղադրյալ Ա.Ալեքսանյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման հիմնավոր կասկածի առկայության հարցում հանգել է սխալ հետևության։
Այսպես, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նյութերում առկա՝ մեղադրյալ Ա.Ալեքսանյանի և տուժող Ն.Բաղդասարյանի ցուցմունքները14, ներկայացված մյուս փաստական տվյալների հետ համակցության մեջ, տեղեկություններ են պարունակում առ այն, որ մեղադրյալ Ա.Ալեքսանյանն առնվազն բռնություն կիրառելու և հաշվեհարդար տեսնելու սպառնալիքներ է հնչեցրել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի նկատմամբ՝ կապված վերջինիս կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ։
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ նշված փաստական տվյալների համակցությունը դատավարության սկզբնական փուլում բավարար էին հիմնավորված ենթադրություն անելու, որ մեղադրյալ Ա.Ալեքսանյանն առնչություն ունի իրեն մեղսագրվող արաքին։
Վճռաբեկ դատարանը արձանագրում է նաև, որ բացակայում են այնպիսի ակնհայտ փաստական տվյալներ, որոնք կհավաստեին քրեական գործով վարույթը բացառող հանգամանքի առկայությունը։
14. Վճռաբեկ դատարանը միաժամանակ արձանագրում է, որ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելու շրջանակներում հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկածի բացակայության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները՝ ներկայացված նյութերի, գործն ըստ էության քննելու և լուծելու ժամանակ պահանջվող աստիճանի չափ խորը վերլուծության արդյունք են, ինչի հետևանքով ըստ էության խախտվել է քրեական դատավարության փուլային կառուցվածքը, քրեադատավարական գործառույթների տարանջատման սկզբունքը, իսկ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունը պարունակել է քրեական գործի ըստ էության քննությանը բնորոշ՝ արդարադատության իրականացման գործընթացի տարրեր15։
Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործում առկա նյութերն իրենց համակցության մեջ դատավարության տվյալ փուլում բավարար էին Ա.Ալեքսանյանին մեղսագրված արարքում հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկածի շեմը հաղթահարելու համար:
15. Անդրադառնալով կալանավորման հիմքերին՝ Վճռաբեկ դատարանն իր համաձայնությունն է հայտնում Վերաքննիչ դատարանի այն դատողությանը, որ սույն գործով ձեռք չէր բերվել բավարար փաստական տվյալների համակցություն, որը կհիմնավորեր կալանավորման հիմքերից որևէ մեկի առկայությունը։ Մասնավորպես, Վճռաբեկ դատարանի համար ընդունելի է Վերաքննիչ դատարանի այն դիրքորոշումը, որ մեղադրյալ Ա.Ալեքսանյանի կողմից սոցիալական ցանցերում կատարված գրառումներն ինքնին չեն կարող վկայել այն մասին, որ նա, մնալով ազատության մեջ, կարող է կատարել քրեական օրենքով չթույլատրված նոր արարք։
16. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև Վերաքննիչ դատարանի հետևությունները՝ Ա.Ալեքսանյանին մեղսագրվող արարքում հիմնավոր կասկածի բացակայության մասով անհիմն են, սակայն Վերաքննիչ դատարանը նրան կալանավորելու հիմքերի բացակայության մասով հանգել է ճիշտ հետևության, ուստի վճռաբեկ բողոքը պետք է մերժել, իսկ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2020 թվականի մայիսի 26-ի որոշումը՝ թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 3611 -րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո
Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը մերժել: Մեղադրյալ Արթուր Վոլոդյայի Ալեքսանյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2020 թվականի մայիսի 26-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
__________________________
1 Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի՝ սույն բողոքը քննվում է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:
2 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 50-51:
3 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 90-92:
4 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 60-71:
5 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Վահրամ Գևորգյանի գործով 2011 թվականի փետրվարի 24-ի թիվ ԵԿԴ/0678/06/10 որոշումը, կետեր 20-23։
6 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Հարություն Խաչատրյանի գործով 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ՏԴ2/0009/06/11 որոշումը, կետեր 13 և 15:
7 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Էդգար Եղիազարյանի գործով 2017 թվականի հունիսի 22-ի թիվ ԵԱՆԴ/0017/06/16 որոշումը, կետ 14:
8 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Ներսես Միսակյանի գործով 2009 թվականի ապրիլի 10-ի թիվ ԱՐԴ1/0003/11/08 որոշումը։
9 Այդ առումով մանրամասն տե՛ս, օրինակ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Խաչատրյանը և այլք ընդդեմ Հայաստանի գործով 2012 թվականի նոյեմբերի 27-ի վճիռը, գանգատ թիվ 23978/06։
10 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Էդգար Եղիազարյանի գործով 2017 թվականի հունիսի 22-ի թիվ ԵԱՆԴ/0017/06/16 որոշումը, կետ 15:
11 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:
12 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։
13 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը։
14 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 42-49։
15 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Վլադիմիր Իսրայելյանի գործով 2022 թվականի սեպտեմբերի 16-ի թիվ ԵԴ/0532/06/20 որոշումը, կետ 14.1:
Նախագահող` |
Հ. ԱՍԱՏՐՅԱՆ |
Դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ |
|
Ե. ԴԱՆԻԵԼՅԱՆ Լ. Թադևոսյան Ա. Պողոսյան |
|
Ս. Օհանյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հոկտեմբերի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|