ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 3304-Ա |
«28» օգոստոսի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Երևանի քաղաքապետարանի կողմից 15.03.2024 թվականին հայտարարված «ԵՔ-ԲՄԱՇՁԲ-24/33» ծածկագրով Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բակային տարածքների և խաղահրապարակների հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման ընթացակարգին հայտ է ներկայացրել նաև «ԳՈՌ-ՄԱՆ» ՍՊ ընկերությունը (այսուհետ՝ Ընկերություն), որը գնման ընթացակարգի շրջանակում չի ճանաչվել, որպես ընտրված մասնակից:
Երևանի քաղաքապետարանի և ՀՀ պետական վերահսկողական ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) համագործակցության շրջանակում վերջինս տեղեկացրել է, որ Ծառայությունը իրեն հասանելի տեղեկատվական շտեմարաններում առկա տեղեկատվության վերլուծությամբ պարզել է, որ Ընկերության 100 % բաժնեմասի սեփականատեր և տնօրեն Իշխան Ռազմիկի Ավագյանը հանդիսանում է «Մաշխ» ՍՊ ընկերության (ՀՎՀՀ՝ 08430516) տնօրեն, որը 2023 թվականի նոյեմբերի 25-ից մինչև 2025 թվականի նոյեմբերի 25-ը ներառված է գնումների գործընթացներին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում:
Համաձայն «Գնումների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի՝ բացառությամբ սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված ընթացակարգով գնում կատարելու դեպքերի, գնումների ընթացակարգերին մասնակցելու իրավունք չունեն այն անձինք՝ որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ ներառված են գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում: Մասնակիցն ընդգրկվում է նշված ցուցակում, եթե`
ա. խախտել է պայմանագրով նախատեսված կամ գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորությունը, որը հանգեցրել է պատվիրատուի կողմից պայմանագրի միակողմանի լուծմանը կամ գնման գործընթացին տվյալ մասնակցի հետագա մասնակցության դադարեցմանը և մասնակիցը հրավերով և (կամ) պայմանագրով սահմանված ժամկետում չի վճարել հայտի, պայմանագրի և (կամ) որակավորման ապահովման գումարը,
բ. որպես ընտրված մասնակից հրաժարվել կամ զրկվել է պայմանագիր կնքելու իրավունքից:
ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգի (այսուհետ՝ Կարգ) 32-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությամբ՝ հրավերով նախատեսվում է նաև, որ մասնակիցը հայտով ներկայացնում է իր կողմից հաստատված հավաստում՝ հրավերով սահմանված մասնակցության իրավունքի պահանջներին իր և իրեն փոխկապակցված անձանց համապատասխանության մասին, իսկ 19-րդ ենթակետով եթե մասնակցի` հրավերով նախատեսված գնումներին մասնակցելու իրավունք ունենալու մասին հավաստումը որակվում է որպես իրականությանը չհամապատասխանող, կամ մասնակիցը հրավերով սահմանված կարգով և ժամկետներում չի ներկայացնում հրավերով նախատեսված փաստաթղթերը կամ ընտրված մասնակիցը չի ներկայացնում որակավորման կամ պայմանագրի ապահովումը կամ համաձայնագիրը կնքելու նպատակով պայմանագիրը կնքած անձը չի փոխարինում տուժանքի ձևով ներկայացված որակավորման կամ պայմանագրի ապահովումը, ապա այդ հանգամանքը համարվում է որպես գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորության խախտում:
Կարգի 119-րդ կետի 2-րդ ենթակետով, 120-րդ և 121-րդ կետերով սահմանվում է որ՝ «Գնումների հետ կապված հարաբերությունները կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրության իմաստով` ֆիզիկական և իրավաբանական անձինք համարվում են փոխկապակցված, եթե նրանք գործել են համաձայնեցված՝ ելնելով ընդհանուր տնտեսական շահերից կամ եթե տվյալ ֆիզիկական անձը կամ նրա ընտանիքի անդամը հանդիսանում է՝
ա. տվյալ իրավաբանական անձի բաժնետոմսերի տասը տոկոսից ավելիին տնօրինող մասնակից,
բ. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ ձևով իրավաբանական անձի որոշումները կանխորոշելու հնարավորություն ունեցող անձ,
գ. տվյալ իրավաբանական անձի խորհրդի նախագահ, խորհրդի նախագահի տեղակալ, խորհրդի անդամ, գործադիր տնօրեն, նրա տեղակալ, գործադիր մարմնի գործառույթներ իրականացնող կոլեգիալ մարմնի նախագահ, անդամ,
դ. իրավաբանական անձի այնպիսի աշխատակից, որն աշխատում է գործադիր տնօրենի անմիջական ղեկավարության ներքո կամ իրավաբանական անձի կառավարման մարմինների կողմից որոշումների ընդունման հարցում որևէ էական ազդեցություն ունի:
Կարգի 119-րդ կետի իմաստով ընտանիքի անդամ են համարվում հայրը, մայրը, ամուսինը, ամուսնու ծնողները, տատը, պապը, քույրը, եղբայրը, երեխաները, թոռները, քրոջ կամ եղբոր ամուսինն ու երեխաները:
Մասնակցի՝ Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված ցուցակում ներառվելը, դրանում գտնվելու ժամանակահատվածում, ինքնաբերաբար հանգեցնում է վերջինիս հետ փոխկապակցված անձանց գնումների գործընթացին մասնակցության իրավունքի սահմանափակման»:
Ղեկավարվելով Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետով և նույն հոդվածի 2-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ ֆինանսների նախարարության 22.08.2024 թվականի N 03/26-1/17858-2024 գրությունը.
1. «ԳՈՌ-ՄԱՆ» ՍՊ ընկերությանը ներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում:
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի վրա:
3. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
Տ. Ավինյան |