Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (14.06.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.08.19-2024.09.01 Պաշտոնական հրապարակման օրը 19.08.2024
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
14.06.2024
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
14.06.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.06.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ


Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԵԴ/0838/08/21

նախագահող դատավոր՝

 Ա. Դանիելյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Հ. Ասատրյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

 

Լ. Թադևոսյանի

 

Ա. Պողոսյանի

 

Ս. Օհանյանի

14 հունիսի 2024 թվական

ք. Երևան

գրավոր ընթացակարգով քննության առնելով Էդգար Հարությունի Թաղարյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի դեկտեմբերի 13-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Բաղդասարյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2021 թվականի սեպտեմբերի 10-ին, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնում, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 58163521 քրեական գործը։

Նախաքննության մարմնի՝ 2021 թվականի նոյեմբերի 2-ի որոշմամբ Էդգար Թաղարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։

2. Նախաքննության մարմնի՝ 2021 թվականի նոյեմբերի 3-ի որոշմամբ միջնորդություն է հարուցվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)՝ Էդգար Թաղարյանի բնակարանից խուզարկությամբ հայտնաբերված և առգրավված բջջային հեռախոսները, դյուրակիր համակարգիչները, էլեկտրոնային կրիչը և պլանշետային համակարգիչը զննելու և/կամ համակարգչատեխնիկական փորձաքննության ներկայացնելու թույլտվություն ստանալու վերաբերյալ:

Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի նոյեմբերի 3-ի որոշմամբ վերոհիշյալ միջնորդությունը մերժվել է:

3. Դատախազի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2021 թվականի դեկտեմբերի 13-ի որոշմամբ բողոքը մերժել է՝ անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի նոյեմբերի 3-ի որոշումը:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Բաղդասարյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2022 թվականի մայիսի 16-ի որոշմամբ ընդունվել է վարույթ1: Վճռաբեկ դատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 22-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

5. Բողոքի հեղինակի կարծիքով՝ ստորադաս դատարանները թույլ են տվել դատական սխալ՝ դատավարական նորմերի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա: Մասնավորապես, բողոքաբերը, մեկնաբանելով 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) 217-րդ և 279-րդ հոդվածների դրույթները, նշել է, որ նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության սահմանափակման հետ կապված քննչական գործողությունները, այդ թվում՝ զննումը, կարող են կատարվել բացառապես դատարանի որոշմամբ։ Այսինքն, այն դեպքում, երբ վարույթն իրականացնող մարմինը նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության հետ կապված տվյալներ պարունակող առարկաները կամ փաստաթղթերը ձեռք է բերել ոչ թե ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 239-րդ, 240-րդ, 241-րդ հոդվածների կամ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածով նախատեսված կարգերով, այլ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված այլ քննչական գործողության արդյունքում, ապա քննիչը դրանց զննություն կատարելու համար պետք է դատարանից թույլտվություն ստանա, քանի որ խուզարկությամբ հայտնաբերված և առգրավված առարկաներում կարող է առկա լինել քրեական գործի համար ապացուցողական նշանակություն ունեցող տեղեկատվություն, որը հնարավոր է զուգորդվի այն օգտագործած անձանց և վերջիններիս հետ այդ եղանակով հաղորդակցություն ունեցած անորոշ շրջանակի անձանց անձնական կյանքի, հեռախոսային ու ինտերնետային հաղորդակցության գաղտնիության սահմանափակման հետ:

5.1. Բողոքաբերը փաստարկել է նաև, որ ստորադաս դատարանների պատճառաբանություններն առ այն, որ քննիչի կողմից ներկայացված փաստական տվյալները բավարար չեն անձի անձնական կյանքի` նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության իրավունքի սահմանափակման համար, հիմնավոր չեն և չեն բխում քրեական գործով ձեռք բերված տվյալներից, ավելին՝ Է.Թաղարյանի մասնավոր կյանքին միջամտությունը պայմանավորված է եղել հանցագործության բացահայտման անհրաժեշտությամբ, ինչն իրավաչափ է և հետապնդում է համապատասխան օրենսդրությամբ թույլատրելի նպատակ:

6. Վերոշարադրյալի հիման վրա, բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2021 թվականի դեկտեմբերի 13-ի որոշումը, կայացնել նոր դատական ակտ՝ բավարարելով վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. Նախաքննության մարմնի՝ նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության իրավունքի սահմանափակման միջնորդություն հարուցելու մասին որոշման համաձայն՝ «(...) 2021 թվականի սեպտեմբերի 3-ին «Սոֆթ Կոնստրակտ» ՍՊ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) տեղեկատվության անվտանգության ղեկավար Կարեն Ռաֆիկի Սահակյանը ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում հաղորդում է տվել այն մասին, որ անհայտ անձը, ներկայանալով որպես գործընկեր, 2021 թվականի օգոստոսի 26-ին և հուլիսի 09-ին կեղծ էլեկտրոնային փոստերի հասցեներից նամակագրական կապ հաստատելով «Սոֆթ Կոնստրակտ» ՍՊ ընկերության աշխատակիցների հետ՝ գումար փոխանցելու եղանակով հափշտակել է ընդհանուր առմամբ 56.344 եվրո։

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Ընկերության աշխատակից Էդգար Թաղարյանը, համաձայն 2021 թվականի հունիսի 11-ի թիվ 11062105 աշխատանքային պայմանագրի, զբաղեցնելով Ընկերության «Վեբ» բաժնի որակի ապահովման մասնագետի պաշտոնը, իսկ մինչ այդ՝ «Ֆինանսական բաժնի կառավարչական հաշվառման և ֆինանսական վերլուծական» բաժնի ղեկավարի պաշտոնը և իր պարտականությունների շրջանակում նախապես տեղյակ լինելով «Սոֆթ Կոնստրակտ» ՍՊ ընկերության և գործընկեր կազմակերպությունների միջև էլեկտրոնային փոստերի միջոցով տարվող ֆինանսական գործարքների վերաբերյալ նամակագրությունների մասին ու ի պաշտոնե հասանելիություն ունենալով ընկերության պաշտոնական «finance@betconstruct.com» էլեկտրոնային փոստին՝ 2021 թվականի հուլիսի 02-ին՝ ժամը 11:31:06-ին, նշված էլեկտրոնային փոստի կարգավորումներ բաժնից ակտիվացրել է վերաուղորդում ծառայությունը դեպի իր կողմից նախապես ստեղծված «martirosyanlilit863@gmail.com» էլեկտրոնային փոստի հասցեին։ Նույն եղանակով 2021 թվականի հուլիսի 28-ին՝ ժամը 09:14:48-ին, «finance@betconstruct.com» էլեկտրոնային փոստի կարգավորումներ բաժնից ակտիվացրել է վերաուղորդում ծառայությունը դեպի իր կողմից նախապես ստեղծված մեկ այլ՝ «billing.betconstruct@gmail.com» էլեկտրոնային փոստի հասցեին՝ այդ կերպ ընկերության գործընկերներից ստացված հաղորդագրությունները վերաուղորդելով, «martirosyanlilit863@gmail.com» և «billing.betconstruct@gmail.com» էլեկտրոնային փոստերի հասցեներին։

Տիրապետելով Ընկերության գործընկեր «Booongo Entertainment N.V.» ընկերությունից «Ռադոն Բ.Վ.» կազմակերպությանը հասցեագրված 20.659 եվրոյի փոխանցման վերաբերյալ նամակագրության բովանդակությանը՝ իր կողմից նախապես ստեղծված վերոնշյալ ընկերության պաշտոնական «n.skrypka@booongo.com» էլեկտրոնային փոստին նմանվող «booonngo@gmail.com» էլեկտրոնային փոստից 2021 թվականի հուլիսի 09-ին՝ ժամը 12:36-ին և 12:46-ին, Ընկերության պաշտոնական «invoices@betconstruct.com» էլեկտրոնային փոստին է ուղարկել ստացված նամակագրության բովանդակությունը՝ կից իրական հաշիվ ապրանքագրով և գումարի փոխանցման նպատակով տրամադրել է բիթքոին դրամապանակում իր հաշվեհամարը։ Չարաշահելով Ընկերության աշխատակիցների վստահությունը, որոնք վարել են նաև գործընկեր հանդիսացող Կյուրասաոյում գրանցված «Ռադոն Բ.Վ կազմակերպության գործնական նամակագրությունները, վերոնշյալ կազմակերպությունից իր կողմից տրամադրված հաշվին 2021 թվականի հուլիսի 12-ին ստացել է 20.659 եվրոյին համարժեք 12.141.707,5 ՀՀ դրամի 0.71460802 բիթքոին տեսակի կրիպտոարժույթը և համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակել է։

Բացի այդ, տիրապետելով Ընկերության գործընկեր «Marketing publicidad e inversiones nicolas Osnovikoff EIRL» ընկերությունից «Ռադոն Բ.Վ կազմակերպությանը հասցեագրված 35.865,86 եվրոյի փոխանցման վերաբերյալ նամակագրության բովանդակությանը՝ իր կողմից նախապես ստեղծված վերոնշյալ ընկերության պաշտոնական «contacto@casinosonline.cl» էլեկտրոնային փոստին նմանվող «contacto@casinosonline@gmail.com» էլեկտրոնային փոստից 2021 թվականի օգոստոսի 26-ին՝ ժամը 11:14-ին, Ընկերության պաշտոնական «billing@betconstruct.com» էլեկտրոնային փոստին է ուղարկել ստացված նամակագրության բովանդակությունը՝ կից իրական հաշիվ ապրանքագրով և գումարի փոխանցման նպատակով տրամադրել է իր կողմից տնօրինվող բիթքոին դրամապանակի մեկ այլ հաշվեհամար։ Չարաշահելով Ընկերության աշխատակիցների վստահությունը՝ «Ռադոն Բ.Վ.» կազմակերպությունից իր կողմից տրամադրված հաշվին 2021 թվականի օգոստոսի 30-ին ստացել է 35.865,86 եվրոյին համարժեք 20.883.113,6 ՀՀ դրամին համարժեք 0.87010467 բիթքոին տեսակի կրիպտոարժույթ և համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակել է։

Այսպիսով, Էդգար Թաղարյանն ընդհանուր առմամբ «Ռադոն Բ.Վ կազմակերպությունից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ 33.025.321,7822 ՀՀ դրամ:

(…)

Միջնորդություն է հարուցվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ թույլատրելու խուզարկություն կատարել Էդգար Թաղարյանի բնակության հասցեում, որը բավարարվել է։

(…)

Երևան քաղաքի Թավրիզյան փողոց 13 տուն հասցեում գտնվող Էդգար Թաղարյանի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել են ներքոհիշյալ բջջային հեռախոսները, դյուրակիր համակարգիչները, էլեկտրոնային կրիչը և պլանշետային համակարգիչը.

«Samsung» ապրանքանիշի «SM-A325F1DS» սերիական համարով և «IMEI: 350684162125819710» նույնականացման համարով բջջային հեռախոս,

«Samsung» ապրանքանիշի «SM-6955FD» սերիական համարով և «IMEI: 359049108161617318», «IMEI: 359050108161617316» նույնականացման համարներով բջջային հեռախոս,

«Samsung» ապրանքանիշի «RV1D15JBCSL» սերիական համարով և «IMEI: 355847105101482313» նույնականացման համարով բջջային հեռախոս,

«HTC» ապրանքանիշի «SIN: HC45DH00961» սերիական համարով և «IMEI 1: 359149055541892», «IMEI 2: 359149055541900» նույնականացման համարներով բջջային հեռախոս,

«accer» ապրանքանիշի դյուրակիր համակարգիչ իրանին առկա հետևյալ գրառումներով՝ «SIN: NXMRFEM03044914C603400» և «SNID: 44908508834»,

«hp» ապրանքանիշի դյուրակիր համակարգիչ իրանին առկա հետևյալ գրառումներով՝ «HP 250G7, Prod ID 14Z7 SEA # ACB, SN # CND1060YZZ»,

«Ipad» մոդելի պլանշետային համակարգիչ իրանին առկա հետևյալ գրառումներով՝ «Model A1823, FCC ID: BCGA1823, IC: 579C-A1823, Serial: DMPV107THLJJ»,

«West Fusion» գրառմամբ հիշողության կրիչ»2:

8. Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի նոյեմբերի 3-ի որոշման համաձայն. «(…) Դատարանը հարկ է համարում արձանագրել, որ «նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումները վերահսկելը» և «հեռախոսային խոսակցությունները վերահսկելը» քննչական գործողությունների կատարման ընթացակարգերը մանրամասն և սպառիչ նախատեսված են օրենքով: Ընդ որում՝ այդ ընթացակարգը որևէ կարգավորում չի պարունակում բջջային հեռախոսի տեղեկատվության զննության, առավել ևս այն համակարգչատեխնիկական փորձաքննության ներկայացնելու վերաբերյալ: Նման կարգավորում ըստ էության նախատեսված չէ նաև «զննում» քննչական գործողության իրավական կարգավորումներում (…):

Դատարանը հարկ է համարում նշել, որ բջջային հեռախոսները, դյուրակիր համակարգիչները, էլեկտրոնային կրիչը և պլանշետային համակարգիչը զննելու վերաբերյալ համապատասխան ընթացակարգ նախատեսված չէ: Սակայն հարկ է նշել, որ տվյալ դեպքում ակնկալվող տեղեկատվությունը վերաբերում է անձի անձնական կյանքի գաղտնիության իրավունքին՝ ի դեմս անձնական տվյալների պաշտպանության իրավունքի, և վարույթն իրականացնող մարմնի կողմից ակնկալվում է այդ իրավունքի սահմանափակում: Միևնույն ժամանակ վարույթն իրականացնող մարմնի կողմից (…) այդ իրավունքի սահմանափակման իրավաչափության պայմաններին բավարարող, բավարար փաստական տվյալներ չի ներկայացվել: Բացի այդ, նշված իրավունքի ակնկալվող սահմանափակման դրսևորման ծավալը, հիմքերը և կարգը օրենքով կոնկրետ սահմանված չեն: Հետևաբար, այդ իրավունքի սահմանափակումը չի բխի սույն որոշման նախորդ կետում նշված ՀՀ Սահմանադրության և միջազգային իրավական ակտերի պահանջներից:

Տվյալ դեպքում ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ քրեական հետապնդման մարմինը ըստ էության չի հիմնավորել թե ինչ իրավունքի սահմանափակման մասին է միջնորդությունը և ընդհանրապես, տվյալ դեպքում առկա է անձի իրավունքի այնպիսի միջամտություն, որը ենթադրում է նախնական դատական պաշտպանություն ( …)»3։

9. Վերաքննիչ դատարանի՝ 2021 թվականի դեկտեմբերի 13-ի որոշման համաձայն. «(…) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ (կոնկրետ դեպքում) հայցվող թույլտվության առնչությամբ վարույթն իրականացնող մարմնի միջնորդությամբ բերված հիմնավորումները վերաբերելի իրավակարգավորումների համատեքստում դիտարկելու առումով բավարար չափով փաստարկված չեն:

(…)

Վերաքննիչ դատարանն արձանագրում է նաև, որ Դատարանն իրավացիորեն եզրահանգել է, որ քրեական հետապնդման մարմինն ըստ էության չի հիմնավորել, թե ինչ իրավունքի սահմանափակման մասին է միջնորդությունը և ընդհանրապես, տվյալ դեպքում առկա է անձի իրավունքի այնպիսի միջամտություն, որը ենթադրում է նախնական դատական պաշտպանություն և գտել է, որ քննիչի միջնորդությունն ամբողջությամբ անհիմն է, չի բխում քրեական դատավարության օրենսգրքի 239-241-րդ հոդվածների իրավակարգավորումներից:

Նման եզրահանգման գալիս, Վերաքննիչ դատարանը հաշվի է առնում նաև վիճարկվող դատական ակտում այդ առնչությամբ շարադրված փաստական հանգամանքները։

Վերոգրյալի հաշվառմամբ, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ (կոնկրետ դեպքում) վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված միջնորդությունը մերժելու առնչությամբ վիճարկվող դատական ակտում տեղ գտած Դատարանի հետևությունների հետ չհամաձայնվելու իրավաչափ հիմքեր չկան: (…)»4:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորվա՞ծ է արդյոք ստորադաս դատարանների կողմից նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության իրավունքի սահմանափակման վերաբերյալ հարուցված միջնորդությունը մերժելը՝ բջջային հեռախոսի տեղեկատվության զննում քննչական գործողության նկատմամբ նախնական դատական վերահսկողության պահանջ և կառուցակարգ նախատեսված չլինելու պատճառաբանությամբ։

11. ՀՀ Սահմանադրության 33-րդ հոդվածի համաձայն` «1. Յուրաքանչյուր ոք ունի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների և հաղորդակցության այլ ձևերի ազատության և գաղտնիության իրավունք:

2. Հաղորդակցության ազատությունը և գաղտնիությունը կարող են սահմանափակվել միայն օրենքով՝ պետական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

3. Հաղորդակցության գաղտնիությունը կարող է սահմանափակվել միայն դատարանի որոշմամբ, բացառությամբ երբ դա անհրաժեշտ է պետական անվտանգության պաշտպանության համար և պայմանավորված է հաղորդակցվողների՝ օրենքով սահմանված առանձնահատուկ կարգավիճակով»:

12. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Եվրոպական կոնվենցիա) 8-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական և ընտանեկան կյանքի, բնակարանի և նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունք։

2. Չի թույլատրվում պետական մարմինների միջամտությունն այդ իրավունքի իրականացմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է օրենքով և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում՝ ի շահ պետական անվտանգության, հասարակական կյանքի կամ երկրի տնտեսական բարեկեցության, ինչպես նաև անկարգությունների կամ հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով»։

12.1. Վերոնշյալ հոդվածով երաշխավորված իրավունքի նկատմամբ միջամտության իրավաչափության գնահատման համար Եվրոպական դատարանը կիրառում է եռաստիճան թեստ։ Այսպես՝ այս իրավունքի նկատմամբ միջամտությունը թույլատրելի և իրավաչափ դիտարկելու համար այն պետք է լինի «օրենքով նախատեսված», ինչն ընդգրկում է օրինական ընթացակարգի5 և սահմանված երաշխիքների պահպանումը6, պետք է հետապնդի Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի 2-րդ մասում թվարկված օրինական նպատակներից մեկը7, և լինի անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում8:

13. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն`

«1. Յուրաքանչյուր ոք ունի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության իրավունք: Քրեական դատավարության ընթացքում արգելվում է անձին նշված իրավունքներից ապօրինի զրկելը կամ այդ իրավունքները սահմանափակելը:

2. Քրեական դատավարության ընթացքում նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումները վերահսկելը, հեռախոսային խոսակցությունները լսելը կարող են իրականացվել միայն դատարանի որոշմամբ` օրենքով սահմանված կարգով»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 217-րդ հոդվածի համաձայն` «Հանցագործության հետքերը, այլ նյութական օբյեկտները հայտնաբերելու, հանցագործության դեպքը, ինչպես նաև գործի համար նշանակություն ունեցող մյուս հանգամանքները պարզելու նպատակով քննիչը կատարում է տեղանքի, շինությունների, առարկաների, փաստաթղթերի, կենդանիների, մարդու կամ կենդանու դիակի զննում»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 239-րդ հոդվածի համաձայն՝

«1. Երբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ կասկածյալի կամ մեղադրյալի ուղարկած կամ նրանց կողմից ստացվող նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումներում (այսուհետ` նամակագրություն) կարող են պարունակվել գործով ապացուցողական նշանակություն ունեցող տեղեկություններ, քննիչը կարող է պատճառաբանված որոշում կայացնել, որում պարունակվում է միջնորդություն դատարանին` նշված անձանց նամակագրությունը վերահսկելու համար:

(…)

3. Նամակագրությանը, որի վրա կարող է կալանք դրվել, մասնավորապես, վերաբերում են հետևյալ օբյեկտները` նամակները, հեռագրերը, ռադիոգրերը, փոստածանրոցները (բանդերոլները), ծանրոցները, փոստային բեռնամփոփները (կոնտեյներները), փոխանցումները, ֆաքսով և էլեկտրոնային փոստով հաղորդումները: (…)»:

Նույն օրենսգրքի 241-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ կասկածյալի, մեղադրյալի և հանցագործությունների մասին տեղեկություններ ունեցող այլ անձանց, հեռախոսային կամ կապի այլ միջոցներով տարվող խոսակցություններում կարող են գործի համար նշանակություն ունեցող տեղեկություններ պարունակվել, դատարանի որոշմամբ թույլատրվում է տվյալ խոսակցությունների լսում և ձայնագրառում»:

Նույն օրենսգրքի 279-րդ հոդվածի համաձայն` «Դատարանի որոշմամբ կատարվում են բնակարանի խուզարկությունը, ինչպես նաև նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության սահմանափակման հետ կապված քննչական գործողությունները (…)»:

14. Վերոգրյալ սահմանադրական, կոնվենցիոն և օրենսդրական իրավանորմերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը Վահագն Խաչատրյանի գործով արձանագրել է, որ անձնական կյանքի, այդ թվում՝ հաղորդակցությունների անձեռնմխելիության իրավունքն անձի՝ ՀՀ ներպետական և միջազգային օրենսդրությամբ երաշխավորված կարևոր իրավունքներից է, որի կամայական և անօրինական միջամտությունից պաշտպանման երաշխիք է հանդիսանում այդ իրավունքի սահմանափակման նկատմամբ դատական վերահսկողության ինստիտուտի կիրառումը: Վերջինիս իմաստով՝ նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով սահմանված դեպքերում և կարգով՝ դատարանի որոշման հիման վրա: Նույն գործի շրջանակներում անդրադառնալով նամակագրության և հեռախոսային խոսակցությունների առարկաներին և դրանց վերահսկման ընթացակարգերին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դրանք հստակ տարանջատված են, մասնավորապես` նամակագրության վերահսկումն ընդգրկում է նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների, այդ թվում՝ հեռապատճենի (ֆաքսի) վերահսկումը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 239-րդ հոդվածի 3-րդ մասում շարադրված օբյեկտների շրջանակում, և դրանց վերահսկումը պետք է իրականացվի նամակագրության վերահսկման ընթացակարգով, իսկ հեռախոսահամարների մուտքային և ելքային հեռախոսազանգերի վերծանումները, բաժանորդի անհատական տվյալները և հեռախոսասարքերի շարժի (ըստ ալեհավաքային կայանների) վերաբերյալ տեղեկությունը` հեռախոսային խոսակցությունների վերահսկման բաղադրատարր են, և դրանց վերահսկումը պետք է իրականացվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 241-րդ հոդվածով սահմանված կարգով9։

14.1. Վճռաբեկ դատարանը Վահե Բարսեղյանի գործով արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «(…) [Օ]րենսդիրը, հաշվի առնելով անձի՝ հաղորդակցության գաղտնիության իրավունքի հիմնարար բնույթը, առանձին իրավակարգավորման է ենթարկել ոչ միայն հեռախոսային խոսակցությունները լսելու և նամակագրությունը վերահսկելու դատավարական կարգերը՝ սահմանելով դրանք բացառապես դատական վերահսկողությամբ իրականացնելու պահանջ և դրանցից յուրաքանչյուրի կատարման առանձին պայմաններ, այլև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 279-րդ հոդվածում սահմանել է ընդհանուր պահանջ, այն է՝ դատարանի որոշմամբ կատարել նաև նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության սահմանափակման հետ կապված քննչական գործողությունները, ինչը ենթադրում է, որ նույն օրենսգրքի 217-րդ հոդվածով նախատեսված «զննում» քննչական գործողությունը ևս կարող է կատարվել բացառապես դատարանի որոշմամբ, եթե այն կապված է հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության սահմանափակման հետ։ Այլ խոսքով՝ դատարանի թույլտվությամբ պետք է կատարվեն ոչ միայն հեռախոսային խոսակցությունները լսելու և նամակագրությունը վերահսկելու քննչական գործողությունները, այլև ցանկացած քննչական գործողություն, որի արդյունքում ստացվող տեղեկությունները կապված են հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության սահմանափակման հետ (…)10»:

15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ.

- Երևան քաղաքի Թավրիզյան փողոց 13 տուն հասցեում գտնվող Էդգար Թաղարյանի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել են բջջային հեռախոսներ, դյուրակիր համակարգիչներ, էլեկտրոնային կրիչ և պլանշետային համակարգիչ11,

- նկատի ունենալով, որ Է.Թաղարյանի բնակարանից առգրավված՝ վերը նշված բջջային հեռախոսներում, դյուրակիր համակարգիչներում, էլեկտրոնային կրիչում և պլանշետային համակարգչում հնարավոր է առկա լինի քրեական գործով կարևոր նշանակություն ունեցող տեղեկատվություն, և որ այդ տեղեկատվությունն առնչվում է անձի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության իրավունքի սահմանափակման հետ, նախաքննության մարմինը միջնորդություն է հարուցել Առաջին ատյանի դատարան` խնդրելով թույլատրել զննել և/կամ համակարգչատեխնիկական փորձաքննության ներկայացնել Էդգար Թաղարյանի բնակարանից առգրավված՝ վերը թվարկված առարկաները12,

- Առաջին ատյանի դատարանը նախաքննության մարմնի միջնորդությունը մերժել է այն հիմնավորմամբ, որ «նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումները վերահսկելը» և «հեռախոսային խոսակցությունները վերահսկելը» քննչական գործողությունների կատարման ընթացակարգերը մանրամասն և սպառիչ նախատեսված են օրենքով, և այդ ընթացակարգը որևէ կարգավորում չի պարունակում բջջային հեռախոսի տեղեկատվության զննության, առավել ևս այն համակարգչատեխնիկական փորձաքննության ներկայացնելու վերաբերյալ: Նման կարգավորում նախատեսված չէ նաև «զննում» քննչական գործողությունը կանոնակարգող իրավական նորմերում:

Դատարանը նշել է նաև, որ բջջային հեռախոսները, դյուրակիր համակարգիչները, էլեկտրոնային կրիչը և պլանշետային համակարգիչը զննելու վերաբերյալ համապատասխան ընթացակարգ նախատեսված չէ13։

- Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի որոշումը, իր հերթին փաստել է, որ իրավաչափ են Առաջին ատյանի դատարանի հետևություններն առ այն, որ քննիչի միջնորդությունն անհիմն է և չի բխում քրեական դատավարության օրենսգրքի 239-241-րդ հոդվածների իրավակարգավորումներից14:

16. Նախորդ կետում շարադրված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 11-14.1-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների հետևություններն առ այն, որ էլեկտրոնային սարքերի և էլեկտրոնային կրիչների տեղեկատվության զննում քննչական գործողության նկատմամբ նախնական դատական վերահսկողության համապատասխան կառուցակարգ նախատեսված չէ, հիմնավոր չեն և չեն բխում սույն որոշմամբ վկայակոչված վերաբերելի իրավանորմերից և իրավական դիրքորոշումներից: Մասնավորապես, դրանց վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ անկախ ներպետական օրենսդրությամբ զննում քննչական գործողության նկատմամբ նախնական դատական վերահսկողության երաշխիքի վերաբերյալ օրենսդրական ուղիղ կարգավորումներ և ընթացակարգ նախատեսված լինելու հանգամանքից, ցանկացած դեպքում, երբ կարող է միջամտություն տեղի ունենալ Սահմանադրությամբ և Եվրոպական կոնվենցիայով նախատեսված հիմնարար իրավունքների նկատմամբ, վարույթն իրականացնող մարմինը պետք է իր կողմից իրականացվող գործողությունն ապահովի նախնական դատական վերահսկողությամբ, քանի որ պետությունն է կրում այդ իրավունքների նկատմամբ անհամաչափ միջամտություն թույլ չտալու պոզիտիվ պարտականությունը: Նման պայմաններում ստորադաս դատարանները պարտավոր են քննել այդպիսի գործողությունների թույլատրելիության հարցը՝ ապահովելով անձանց՝ Սահմանադրությամբ և Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված մասնավոր կյանքի անձեռնմխելիության հիմնարար իրավունքի նկատմամբ համաչափ միջամտությունը: Վճռաբեկ դատարանը միաժամանակ արձանագրում է, որ ստորադաս դատարանների մեկնաբանությունները չեն համապատասխանում նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 279-րդ հոդվածում սահմանված այն ընդհանուր պահանջին, ըստ որի՝ նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության սահմանափակման հետ կապված քննչական գործողությունները կատարվում են դատարանի որոշմամբ:

16.1. Անհրաժեշտ է նշել նաև, որ 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված և 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգիրքը նախատեսում է նամակագրության և հաղորդակցության այլ ձևերի առգրավում, էլեկտրոնային սարքերում կամ կրիչներում պարունակվող թվային տվյալների առգրավում և թվային խուզարկություն քննչական գործողությունները, որոնք իրականացվում են բացառապես դատարանի որոշման հիման վրա: Այսինքն՝ օրենսդրական զարգացումները նույնպես վկայում են այն մասին, որ բովանդակային առումով էլեկտրոնային սարքերի և կրիչների զննությունը պետք է ապահովվի նախնական դատական վերահսկողությամբ15։

17. Ուստի, հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ստորադաս դատարանների կողմից նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության իրավունքի սահմանափակման վերաբերյալ հարուցված միջնորդությունը մերժելը բջջային հեռախոսի տեղեկատվության զննում քննչական գործողության նկատմամբ նախնական դատական վերահսկողության պահանջ և կառուցակարգ նախատեսված չլինելու պատճառաբանությամբ, հիմնավորված չէ։

18. Վերոգրյալի հետ մեկտեղ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել նաև, որ Առաջին ատյանի դատարանը, մի կողմից գտնելով, որ բջջային հեռախոսները, դյուրակիր համակարգիչները, էլեկտրոնային կրիչը և պլանշետային համակարգիչը զննելու վերաբերյալ օրենքով համապատասխան ընթացակարգ նախատեսված չէ, իսկ մյուս կողմից փաստելով, որ քննիչի կողմից անձի անձնական կյանքի գաղտնիության իրավունքի սահմանափակման իրավաչափության պայմաններին բավարարող փաստական տվյալներ չեն ներկայացվել, որոշակիորեն հակասել է ինքն իրեն և առանց ներկայացված փաստական տվյալների վերլուծության հանգել չպատճառաբանված հետևության։

19. Ամփոփելով՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ստորադաս դատարանները ճիշտ չեն մեկնաբանել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 239-րդ և 241-րդ հոդվածների պահանջները, որը հանգեցրել է նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող դատական ակտի կայացմանը, ինչը հիմք է բողոքարկված դատական ակտը բեկանելու համար:

Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի հունիսի 30-ի դատավճռով գործի վարույթն ավարտվել է, և Էդգար Թաղարյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով կայացվել է մեղադրական դատավճիռ16, Վճռաբեկ դատարանն առարկայազուրկ է համարում ինչպես բողոքարկված դատական ակտի բեկանումը, այնպես էլ բողոքաբերի՝ սույն որոշման 5.1-րդ կետում բարձրացված փաստարկներին անդրադառնալը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: Էդգար Հարությունի Թաղարյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2021 թվականի դեկտեմբերի 13 որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

__________________________

1 Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող՝ 483-րդ հոդվածի 8-րդ մասի, սույն բողոքը քննվում է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:

2 Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթեր 3-5:

3 Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթեր 43-47:

4 Տե՛ս նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 36-45:

5 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ L.M. c. Italie գործով 2005 թվականի փետրվարի 8-ի վճիռը, գանգատ թիվ 60033/00, կետեր 29 և 31։

6 Տե՛ս, mutatis mutandis, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Panteleyenko v. Ukraine գործով 2006 թվականի հունիսի 29-ի վճիռը, գանգատ թիվ 11901/02, կետեր 50-51։

7 Տե՛ս, mutatis mutandis, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Smirnov v. Russia գործով 2007 թվականի հունիսի 7-ի վճիռը, գանգատ թիվ 71362/01, կետ 40։

8 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Olsson v. Sweden գործով 1988 թվականի մարտի 24-ի վճիռը, գանգատ թիվ 10465/83, կետ 67:

9 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Վահագն Խաչատրյանի գործով 2012 թվականի հունիսի 8-ի թիվ ԵԿԴ/0666/10/11 որոշումը:

10 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Վահե Բարսեղյանի գործով 2023 թվականի դեկտեմբերի 1-ի թիվ ԼԴ/0018/08/21 որոշումը:

11 Տե՛ս սույն որոշման 2-րդ և 7-րդ կետերը:

12 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

13 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

14 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:

15 Նախնական դատական վերահսկողությամբ կատարված քննչական գործողության արդյունքում վերցված էլեկտրոնային սարքերում կամ կրիչներում թվային տվյալներ որոնելու համար դատարանի թույլտվություն ստանալու անհրաժեշտության հարցի վերաբերյալ տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Նարեկ Մալինցյանի գործով 2024 թվականի մայիսի 31-ի թիվ ԵԴ/0926/08/22 որոշումը։

16 Տե՛ս www.datalex.am դատական տեղեկատվական համակարգը, Էդգար Թաղարյանի վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի հունիսի 30-ի թիվ ԵԴ/0241/01/22 դատավճիռը:

 

Նախագահող`

Հ. Ասատրյան

Դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Լ. Թադևոսյան

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 օգոստոսի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան