Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (03.05.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.08.19-2024.09.01 Պաշտոնական հրապարակման օրը 19.08.2024
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
03.05.2024
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
03.05.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.05.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Լոռու մարզի ընդհանուր իրավասության

առաջին ատյանի դատարան,

նախագահող դատավոր Լ․ Ալավերդյան

 

ՀՀ վերաքննիչ քրեական դատարան,

ԼԴ3/0004/01/22

նախագահող դատավոր՝

 Կ. Մարդանյան

դատավորներ՝

 Մ. Պապոյան

 Ն. Հովակիմյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Հ. Ասատրյանի

մասնակցությամբ դատավորներ`

Լ. Թադևոսյանի

 

Դ. խաչատուրյանի

Ա. պողոսյանի

 

Ս. Օհանյանի

3 մայիսի 2024 թվական

ք. Երևան

գրավոր ընթացակարգով քննության առնելով Մուզաֆֆեր Տոպալի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 5-ի որոշման դեմ պաշտպաններ Ա.Սարդարյանի և Է.Այվազյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1. 2021 թվականի հուլիսի 30-ին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության թիվ 22 բաժնում, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ քրեական օրենսգիրք) 215.1-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, հարուցվել է թիվ 83194721 քրեական գործը, որը նույն օրն ընդունվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության 3-րդ բաժնի վարույթ:

2021 թվականի օգոստոսի 6-ին Մուզաֆֆեր Տոպալը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-215.1-րդ հոդվածի 1-ին մասով: Նույն օրը Մ.Տոպալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել գրավը և գրավի չափ է սահմանվել նվազագույն աշխատավարձի հազարապատիկը՝ 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամը:

2022 թվականի փետրվարի 24-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)։

2. Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի հուլիսի 22-ի դատավճռով, Մ.Տոպալը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-215.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքում, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանք՝ 2.000.000 (երկու միլիոն) ՀՀ դրամի չափով: Դատավճռով որոշվել է իրեղեն ապացույց ճանաչված մաքսանենգության առարկա՝ 30.000 (երեսուն հազար) ԱՄՆ դոլար գումարը, բռնագրավել հօգուտ Հայաստանի Հանրապետության:

Վճռվել է նաև իրեղեն ապացույց ճանաչված՝ գրավոր հայտարարագրման ոչ ենթակա՝ 10.000 (տասը հազար) ԱՄՆ դոլար գումարը վերադարձնել Մուզաֆֆեր Տոպալին՝ ի տնօրինություն:

3. Նշված դատավճռի դեմ Մ.Տոպալի պաշտպաններ Ա.Սարդարյանի և Է.Այվազյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2023 թվականի ապրիլի 5-ի որոշմամբ բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի որոշումը թողնելով անփոփոխ։ Վերաքննիչ դատարանի դատավոր Ն.Հովակիմյանը հայտնել է հատուկ կարծիք` գտնելով, որ Մ.Տոպալին պետք է ճանաչել և հռչակել անմեղ՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով։

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ Մուզաֆֆեր Տոպալի պաշտպաններ ԱՍարդարյանը և ԷԱյվազյանը 2023 թվականի հուլիսի 10-ին ներկայացրել են վճռաբեկ բողոք: Վճռաբեկ դատարանի` 2023 թվականի հոկտեմբերի 17-ի որոշմամբ վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ և սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

5. Բողոքի հեղինակների պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել լուրջ դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը։

Բողոքաբերները նշել են, որ Մ.Տոպալի մեղավորությունն իրեն մեղսագրված արարքում չի հաստատվել ապացույցների բավարար ամբողջությամբ։ Մասնավորապես, բողոքաբերների կարծիքով, գործում առկա ապացույցներով, այդ թվում վկաներ՝ մաքսային տեսուչ Դ.Շահինյանի և Ս.Պետրոսյանի ինչպես նաև Մ.Տոպալի ցուցմունքներով, հիմնավորվում է Մ.Տոպալի անմեղությունը և հաստատվում, որ վերջինիս մոտ բացակայել է դիտավորությունը։ Բողոքի հեղինակները նշել են, որ Մ.Տոպալը, բացի ուղևորային մաքսային հայտարարագիր լրացնելուց, այլ պարտավորություն՝ լրացուցիչ տուրք վճարելու, չուներ, որի պարագայում վերջինիս կողմից հայտարարագիր լրացնելուց դիտավորությամբ խուսափելու մասին հետևություններն անհիմն են։

Բողոքի հեղինակները նշել են նաև, որ Մ.Տոպալի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 34-215.1-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու պատճառաբանությամբ։

6. Վերոշարադրյալի հիման վրա, բողոքաբերները խնդրել են Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 5-ի որոշումը փոփոխել, Մ.Տոպալին առաջադրված մեղադրանքում ճանաչել անմեղ և արդարացնել։

6.1 Պաշտպաններ ԱՍարդարյանը և ԷԱյվազյանը 2023 թվականի հուլիսի 10-ին ներկայացրել են վճռաբեկ բողոք, իսկ 2023 թվականի օգոստոսի 9-ին ներկայացրել են միջնորդություն՝ Մ.Տոպալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու վերաբերյալ՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. Մուզաֆֆեր Տոպալին ՀՀ քրեական օրենսգրքի 34-215.1-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «(…) նա, հանդիսանալով թուրքական «Յալնչնլար» ընկերությանը պատկանող «Մերսեդես-Բենց» մակնիշի 08K5238 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, 2021 թվականի հուլիսի 29-ին Հայաստանի Հանրապետությունից Վրաստան ուղևորվելիս իր կողմից վարվող ավտոմեքենայի խցիկի վարորդի արևիկի վերևում՝ թղթերի պահման համար նախատեսված հատվածում թաքցնելով և դրա մասին հավաստի տեղեկությունները սահմանված կարգով չհայտարարագրելու եղանակով, փորձել է Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով ՀՀ-ից դեպի Վրաստան մաքսանենգությամբ տեղափոխել Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 260-րդ հոդվածի 7-րդ կետով սահմանված առանց գրավոր հայտարարագրման տեղափոխվող կանխիկ դրամական միջոցների թույլատրելի չափը՝ 10.000 ԱՄՆ դոլարը գերազանցող խոշոր չափի՝ 30.000 ԱՄՆ դոլար գումար, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել ավարտին հասցնել մաքսանենգությամբ ՀՀ-ից Վրաստան խոշոր չափի՝ 30.000 ԱՄՆ դոլար գումար տեղափոխելու իր հանցավոր մտադրությունը, քանի որ նույն օրը՝ ժամը 20:30-ի սահմաններում, հիշյալ գումարը հայտնաբերվել է ՀՀ ՊԵԿ մաքսայի ծառայողների կողմից Գոգավան-Պրիվոլնոյե մաքսային կետ-բաժնում ավտոմեքենայի զննության ժամանակ»1։

8. Առաջին ատյանի դատարանի դատավճռի համաձայն՝ «(…) Ամբաստանյալ Մ.Տոպալի ցուցմունքներն այն մասին, որ ինքը պատրաստվում էր տոպրակով գումարը հայտարարագրել, մաքսատան աշխատակցի կողմից «նարկոտիկ» բառը լսելով խառնվել է, չի հասցրել, անտրամաբանական են և հերքվում են գործով ձեռք բերված և դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցներով, նպատակ են հետապնդում ազատվել քրեական պատժից և պատասխանատվությունից:

Դատարանը դատաքննությամբ հետազոտված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման ու գնահատման արդյունքում ապացուցված է համարում, որ ամբաստանյալը կատարել է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 34-215.1 հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը համապատասխանում է 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 44-291-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքին:

Դատարանը, հաստատված համարելով հանցագործության և դրա կատարման մեջ Մուզաֆֆեր Տոպալի մեղքի ապացուցված լինելը, գտնում է, որ նա ենթակա է պատժի կատարածի համար (…)»2:

9. Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(…) [Գ]ործում առկա փաստական հանգամանքների համակցության վերլուծությունը բավարար հնարավորություն է տալիս հանգելու հետևության, որ Մուզաֆֆեր Տոպալի դիտավորությունն ուղղված է եղել իր մոտ առկա կանխիկ դրամական միջոցները սահմանված կարգով չհայտարարագրելու եղանակով, Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով Հայաստանի Հանրապետությունից դեպի Վրաստան մաքսանենգությամբ տեղափոխելուն:

Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ մաքսային ծառայության աշխատակից Դավիթ Շահինյանի ցուցմունքով հիմնավորվում է, որ վերջինս Մուզաֆֆեր Տոպալի կողմից վարվող բեռնատար ավտոմեքենային մոտեցել է այն պահին, երբ ավտոմեքենան գտնվել է սահմանը հատելու հերթի մեջ: Դավիթ Շահինյանի ցուցմունքով հիմնավորվում է նաև այն հանգամանքը, որ վերջինս Մուզաֆֆեր Տոպալին տարբեր լեզուներով հարց է ուղղել իր մոտ հայտարարագրման ենթակա ապրանքների առկայության մասին, որին ի պատասխան Մուզաֆֆեր Տոպալը հայերենով պատասխանել է «չէ»: Հիմնավորվում է նաև, որ Դավիթ Շահինյանը Մուզաֆֆեր Տոպալին բացատրել է, որ ավտոմեքենայի խցիկը պետք է զննվի և առարկություն չստանալով սկսել է զննությունը:

Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Մուզաֆֆեր Տոպալի համար ակնհայտ է եղել, որ մաքսային ծառայության աշխատակիցը զննում է ավտոմեքենայի բեռնախցիկը: Նշված հանգամանքը հիմնավորվում է նաև Մուզաֆֆեր Տոպալի ցուցմունքով:

Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ նույնիսկ մաքսային զննումը սկսված լինելու պայմաններում Մուզաֆֆեր Տոպալը մաքսային ծառայության աշխատակցին չի տեղեկացրել իր մոտ առկա հայտարարագրման ենթակա խոշոր դրամական միջոցների մասին:

Անդրադառնալով վերաքննիչ բողոքի այն փաստարկին, որ դրամական միջոցները եղել են պայուսակի մեջ՝ տեսանելի վայրում, ապա Վերաքննիչ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ նախ նշված դրամական միջոցները եղել են փակ պայուսակում, ավտոմեքենայի սրահի բաց պահոցում և կարող էին հայտնաբերվել միայն մաքսային զննման արդյունքում, այսինքն՝ դրանք չեն եղել տեսանելի: Բացի այդ իր մոտ հայտարարագրման ենթակա ապրանքների առկայության մասին մաքսային ծառայության աշխատակցի հարցմանը Մուզաֆֆեր Տոպալը տվել է բացասական պատասխան: Այսինքն՝ Մուզաֆֆեր Տոպալն իր հայտարարությամբ արդեն իսկ նշել էր իր մոտ հայտարարագրման ենթակա ապրանքների բացակայության մասին, հետևաբար՝ որևէ նշանակություն չունի դրամական միջոցները հայտնաբերվել են տեսանելի վայրից, թե ոչ։ (…)

Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ Մուզաֆֆեր Տոպալը հանդիսացել է միջազգային բեռնափոխադրում իրականացնող ընկերության աշխատակից, երկար տարիներ մաքսային սահմաններով իրականացրել է բեռնափոխադրումներ, սույն գործով նշել է, որ տեղյակ է եղել խոշոր դրամական միջոցները հայտարարագրման ենթակա լինելու մասին, մաքսային ծառայության աշխատակցի հարցին պատասխանել է հայերենով: Բացի այդ ինչպես վերը նշվեց Մուզաֆֆեր Տոպալին ակնհայտ լինելով, որ մաքսային տեսուչը սկսել է մաքսային զննումը՝ չի նշել իր մոտ հայտարարագրման ենթակա դրամական միջոցների մասին (…)»3:

 

Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. հիմնավորվա՞ծ են արդյոք ՀՀ քրեական օրենսգրքի 34-215.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի կատարման մեջ Մ.Տոպալի մեղավորության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:

11. Բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում ստուգման ենթարկելով գործի փաստական հանգամանքների բացահայտման և քրեական օրենքի կիրառման հիմնավորվածությունը, գործը քննելիս և լուծելիս քրեադատավարական օրենքի պահանջների պահպանումը, ինչպես նաև ուսումնասիրության և գնահատման ենթարկելով քրեական վարույթում առկա նյութերը, Վճռաբեկ դատարանը հանգում է հետևության, որ ստորադաս դատարանները ՀՀ քրեական օրենսգրքի 34-215.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքում Մ.Տոպալի մեղավորության վերաբերյալ հանգել են ճիշտ հետևության:

Մասնավորապես, Մ.Տոպալի մեղավորության վերաբերյալ ստորադաս դատարանների դատական ակտերը բավարար չափով պատճառաբանված և հիմնավորված են, և նրա մեղավորությունը հաստատվել է ստորադաս դատարանների դատական ակտերում թվարկված՝ վերաբերելի և արժանահավատ ապացույցների բավարար ամբողջությամբ, այդ թվում՝ վկա Դ.Շահինյանի ցուցմունքներով, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից 2021 թվականի հուլիսի 28-ին կազմված մաքսային զննման ակտով4, 2021 թվականի հուլիսի 29-ին կազմված մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրությամբ5։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը պատշաճ վերլուծության է ենթարկել գործում առկա ապացույցները, և Մ.Տոպալի մեղավորության հարցում հանգել ճիշտ հետևության՝ կայացնելով պատճառաբանված որոշում։

12. Վերոգրյալից ելնելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 34-215.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի կատարման մեջ Մ.Տոպալի մեղավորության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավորված են:

13 Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք Մ.Տոպալի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 34-215.1-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

2021 թվականի հունիսի 30-ին ընդունված և 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի համաձայն` «1. Քրեական հետապնդում չպետք է հարուցվի, իսկ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, եթե`

(...)

12) անձը Հայաuտանի Հանրապետության քրեական oրենuգրքի ընդհանուր կամ հատուկ մասի դրույթների ուժով ենթակա է ազատման քրեական պատաuխանատվությունից (...)»:

Նույն օրենսգրքի 13-րդ հոդվածի համաձայն` «1. Քրեական վարույթը ենթակա է կարճման, եթե`

(...)

3) մեղադրյալի նկատմամբ դադարեցվել է քրեական հետապնդումը, և սպառվել են վարույթը շարունակելու բոլոր հնարավորությունները (...)»:

ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Ոչ մեծ ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում երկու տարի ժամկետով ազատազրկումը, կամ որոնց համար նախատեսված է ազատազրկման հետ կապ չունեցող պատիժ, ինչպես նաև անզգուշությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում երեք տարի ժամկետով ազատազրկումը (…)»:

Նույն օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն6` «1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետևյալ ժամկետները.

1) երկու տարի՝ ոչ մեծ ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից. (…)

2. Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը (…)»։

ՀՀ քրեական օրենսգրքի 215.1-րդ հոդվածի համաձայն` «1. Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով կանխիկ դրամական միջոցների և (կամ) վճարային գործիքների մաքսանենգությունը, որը կատարվել է խոշոր չափերով՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երեք հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մինչև երկու տարի ժամկետով (…)»:

14 Մեջբերված նորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը վաղեմության ժամկետն անցնելը դիտում է որպես քրեական հետապնդումը բացառող հանգամանք` սահմանելով, որ քրեական հետապնդում չպետք է հարուցվի, իսկ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, եթե անցել են վաղեմության ժամկետները։

15 Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 215.1-րդ հոդվածով նախատեսված հանցանքը ավարտվել է 2021 թվականի հուլիսի 29-ին7: Վերոնշյալ արարքը կատարելու մեջ Մ.Տոպալի մեղավորությունը հաստատող մեղադրական դատավճիռը կայացվել է 2022 թվականի հուլիսի 22-ին, որը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան, իսկ Վերաքննիչ դատարանը բողոքի քննության արդյունքում որոշում է կայացրել 2023 թվականի ապրիլի 5-ին8: Նշված որոշման դեմ Մ.Տոպալի պաշտպանների կողմից բերված վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի վարույթ է ընդունվել 2023 թվականի հոկտեմբերի 17-ին9:

16 Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական տվյալների վերլուծությունից երևում է, որ Մ.Տոպալին ՀՀ քրեական օրենսգրքի 34-215.1-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրված արարքի՝ որպես ոչ մեծ ծանրության հանցանքի համար նույն օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված քրեական պատասխանատվության ենթարկելու երկամյա ժամկետը լրանալու օրվա դրությամբ, վերջինիս նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտած չի եղել, ուստի անհրաժեշտ է Մ.Տոպալի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի հուլիսի 22 դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 5-ի որոշումը բեկանել՝ Մ.Տոպալի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 34-215.1-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը պետք է դադարեցնել և քրեական վարույթը կարճել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու պատճառաբանությամբ:

17. Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ իրեղեն ապացույց ճանաչված՝ մաքսանենգության առարկա 30.000 (երեսուն հազար) ԱՄՆ դոլար գումարը փաթեթավորված «G00203446» համարի կնիքով, որն ի պահ էր հանձնվել ՀՀ Կենտրոնական բանկի պատասխանատու պահպանությանը, պետք է բռնագրավել հօգուտ Հայաստանի Հանրապետության:

Իրեղեն ապացույց ճանաչված գրավոր հայտարարագրման ոչ ենթակա 10.000 (տասը հազար) ԱՄՆ դոլար գումարը՝ փաթեթավորված և «G00203445» համարով կնքված՝ ՀՀ Կենտրոնական բանկի պատասխանատու պահպանությանն ի պահ տրված 10.000 (տասը հազար) ԱՄՆ դոլար գումարը պետք է վերադարձնել Մուզաֆֆեր Տոպալին՝ ի տնօրինություն:

Վճռաբեկ դատարանը միաժամանակ գտնում է, որ Մուզաֆֆեր Տոպալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված գրավը պետք է վերացնել և վճարված գումարը՝ 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամը, վերադարձնել գրավատուին:

17. Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ, 13-րդ, 31-րդ, 34-րդ, 100-րդ, 125-րդ, 264-րդ, 281-րդ, 361-րդ, 363-րդ և 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Մուզաֆֆեր Տոպալի վերաբերյալ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի հուլիսի 22 դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 5-ի որոշումը բեկանել։

2. Մուզաֆֆեր Տոպալի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 34-215.1-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնել ու քրեական վարույթը կարճել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

3. Իրեղեն ապացույց ճանաչված՝ մաքսանենգության առարկա 30.000 (երեսուն հազար) ԱՄՆ դոլար գումարը՝ փաթեթավորված «G00203446» համարի կնիքով, որն ի պահ էր հանձնվել ՀՀ Կենտրոնական բանկի պատասխանատու պահպանությանը, բռնագրավել հօգուտ Հայաստանի Հանրապետության։ 

4. Իրեղեն ապացույց ճանաչված՝ գրավոր հայտարարագրման ոչ ենթակա 10.000 (տասը հազար) ԱՄՆ դոլար գումարը՝ փաթեթավորված «G00203445» համարի կնիքով, որն ի պահ էր հանձնվել ՀՀ Կենտրոնական բանկի պատասխանատու պահպանությանը, վերադարձնել Մուզաֆֆեր Տոպալին՝ ի տնօրինություն:

5. Մուզաֆֆեր Տոպալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված գրավը վերացնել և վճարված գումարը՝ 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամը, վերադարձնել գրավատուին:

6. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

 

_________________________________________________

1 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 181-186:

2 Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 148-149:

3 Տե՛ս քրեական գործ, հատոր 4-րդ, թերթեր 79-81:

4 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 20-23:

5 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 24-26։

6 Անձի վիճակը վատթարացնող օրենքին հետադարձ ուժ չտալու օրենսդրական պահանջի համաձայն՝ Մ․Տոպալի նկատմամբ կիրառելի է հանցավոր արարքը կատարելու պահին գործող` 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված՝ վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելու իրավական կարգավորումը:

7 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

8 Տե՛ս սույն որոշման 2-րդ և 3-րդ կետերը:

9 Տե՛ս սույն որոշման 4-րդ կետը:

 

Նախագահող`

Հ. Ասատրյան

Դատավորներ`

Լ. Թադևոսյան

Դ. խաչատուրյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 օգոստոսի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան