ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/19939/02/18 2024 թ. | ||||||
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/19939/02/18 | |||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող |
Գ. Հակոբյան | |
զեկուցող |
Է. Սեդրակյան Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ | |
ս. ՄեղրՅԱՆ | ||
Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ |
2024 թվականի մայիսի 02-ին
գրավոր ընթացակարգով քննելով Մելքոն Հարությունյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10․06․2022 թվականի որոշման դեմ՝ ըստ Մելքոն Հարությունյանի հայցի ընդդեմ Խեչո Խաչադուրյանի, Արմենուհի Դեր Ավանեսյանի՝ իրավունքի խախտումը վերացնելու և իրավունքը խախտող գործողությունը կանխելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Մելքոն Հարությունյանը պահանջել է պարտավորեցնել Խեչո Խաչադուրյանին և Արմենուհի Դեր Ավանեսյանին քանդել Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի թիվ 54/5 հասցեում գտնվող կիսակառույց շինության՝ «ԿԱՌՈՒՑԱԳԵՏ» անկախ փորձաքննությունների ազգային կենտրոն» ՍՊԸ-ի 17.09.2019 թվականի թիվ Կ-19/Պ-023 եզրակացությանը կից հավելվածում նշված, կառուցվող շինության 1-2՝ 4,8 մ և Բ-Գ-Դ՝ 9,7 (4,2+5,5)մ առանցքներով տեղակայված 46,56 (4,8 X 9,7) մ2 մակերեսով հատվածի՝ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 2-րդ անցուղի թիվ 2 շենքի սալվածքի մակարդակից բարձր մակերեսը և պարտավորեցնել շինարարական աշխատանքներ չիրականացնել:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 29.09.2021 թվականի վճռով հայցը բավարարվել է։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 10.06.2022 թվականի որոշմամբ Խեչո Խաչադուրյանի և Արմենուհի Դեր Ավանեսյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 29.09.2021 թվականի վճիռը բեկանվել ու փոփոխվել է՝ հայցը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Մելքոն Հարությունյանը (ներկայացուցիչ Աշոտ Նուրիջանյան)։
Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Խեչո Խաչադուրյանն ու Արմենուհի Դեր-Ավանեսյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում.
Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 61-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ, 163-րդ, 277-րդ հոդվածները, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 6-րդ, 17-րդ, 22․1-րդ, 23-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը, գործում առկա ապացույցներին տալով կամայական գնահատական և կիրառելով վարչաիրավական բնույթի օրենսդրություն՝ վեճին արհեստականորեն շնորհել է վարչաիրավական բնույթ, վարչաիրավական բնույթի եզրահանգումներ է կատարել, մինչդեռ վեճն առերևույթ վերաբերում է նախագծային փաստաթղթերով սահմանված մակերեսներից դուրս կառուցված կառույցին, որը հանդիսանում է ինքնակամ կառույց և որը ենթակա է քանդման քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով և նեգատոր հայցի միջոցով: Արդյունքում՝ խախտվել է Մելքոն Հարությունյանի արդար դատաքննության իրավունքը:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել «Երշին նախագիծ» ՍՊԸ-ի կողմից 27.12.2017 թվականին տրված թիվ 17 փորձագիտական եզրակացությունը, որի ուսումնասիրությունից պետք է եզրահանգեր, որ ըստ նախագծային փաստաթղթերի՝ կառուցվող շինությունը հարևան շինություններից պետք է գտնվի առնվազն 9 մետր հեռավորության վրա: Սա նշանակում է, որ նվազագույն 9 մետրից ավելի մոտ կառուցված կառույցը չի ներառված նախագծային փաստաթղթերում, չի կարող պաշտպանվել դրանցով և հանդիսանում է ինքնակամ կառույց: Իսկ «ԿԱՌՈՒՑԱԳԵՏ» անկախ փորձաքննությունների ազգային կենտրոն» ՍՊ ընկերության 17.09.2019 թվականի թիվ Կ-19/Պ-023 եզրակացությամբ հայտնվել է, որ անհրաժեշտ է կառուցվող շինության կիսանկուղը համապատասխանեցնել Երևանի քաղաքապետարանի կողմից 03.10.2017 թվականին տրված թիվ 01/18-07/1-Գ-4326-665 ճարտարապետահատակագծային առաջադրանքին, այսինքն՝ վերգետնյա հատվածը վերակառուցել ստորգետնյա՝ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 2-րդ անցուղի թիվ 2 շենքի սալվածքի մակարդակին համապատասխան:
Վերաքննիչ դատարանի «փորձագետն արձանագրել է շինարարության թույլտվության հիմքում դրված փաստաթղթի ենթադրյալ ոչ իրավաչափություն, այլ ոչ թե փաստացի իրականացվող շինարարության անհամապատասխանությունը շինարարական փաստաթղթերին» եզրահանգումները չունեն որևէ փաստական հիմք և չեն բխում փորձագետի եզրակացության տառացի և բառացի շարադրանքի վերլուծությունից: Նշված եզրակացության ուսումնասիրությունից ակնհայտ է, որ խոսքը գնում է ինքնակամ կառուցված այն մակերեսի մասին, որը կառուցվել է նախագծային փաստաթղթերում մատնանշված մակերեսներից դուրս:
Ապացույցների ուսումնասիրությունից ակնհայտ է, որ վեճը վերաբերում է նրան, որ պատասխանողները նախագծային փաստաթղթերով սահմանված ստորգետնյա ավտոկայանատեղին ինքնակամ կառուցել են վերգետնյա՝ այդ կերպ դուրս գալով նախագծային փաստաթղթերի մակերեսներից և խախտել են հայցվորի տանն առնչվող շինարարական նորմերը:
Կառուցվող շինության նախագծային փաստաթղթերը Դատարանին ներկայացրել է հայցվորը՝ ապացուցելու համար, որ այն հատվածը, որը վերջինս պահանջում է քանդել, ներառված չէ նախագծային փաստաթղթերի մակերեսներում և հանդիսանում է ինքնակամ կառույց:
Թե հայցադիմումի հիմքերում, թե ապացույցներում իսպառ բացակայում են դիտարկումներ կառուցվող շինության այն մակերեսի վերաբերյալ, որը ներառված է նախագծային փաստաթղթերում: Ճիշտ հակառակը, հենց հայցվորն է կառուցվող շինության նախագծային փաստաթղթերը տրամադրել Դատարանին և փորձագետին՝ որպեսզի հստակ տարանջատվի այն մակերեսը, որը ներառված չէ նախագծային փաստաթղթերում և հանդիսանում է ինքնակամ կառույց: Արդյունքում, հայցվորը պահանջել է քանդել, և Դատարանը պատասխանողներին պարտավորեցրել է քանդել միայն այն հատվածը, որը ոչ միայն խախտում է հայցվորի իրավունքները, այլ նաև կառուցված է նախագծային փաստաթղթերով սահմանված մակերեսից դուրս և հանդիսանում է ինքնակամ կառույց:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 10․06․2022 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 29․09․2021 թվականի վճռին։
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Վճռաբեկ բողոքն անհիմն է, և ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ․
Հայցվորը չի կատարել իր վրա դրված ապացուցման պարտականությունը, ինչի բացասական բեռը պետք է կրեր հենց հայցվոր կողմը, որը չի արվել Դատարանի կողմից և հայցապահանջը ակնհայտ անհիմն կերպով բավարարվել է: Ասվածի վերաբերյալ Վերաքննիչ դատարանը կատարել է հստակ վերլուծություն՝ նշելով, որ գործում առկա չէ որևէ այլ ապացույց առ այն, որ պատասխանողների փաստացի կատարած շինարարությունը չի համապատասխանում վարչական ակտերով սահմանված պահանջներին:
Դատարանի ապացուցման պարտականությունը բաշխելու և գործը դատաքննության նշանակելու մասին որոշմամբ Դատարանը խախտել է դատավարական գործողությունների հաջորդականությունը և նախնական դատական նիստի ընթացքում գործին մասնակցող անձանց հետ չի քննարկել ներկայացված ապացույցների վերաբերելիության և թույլատրելիության հարցը, չի լուծել գործին մասնակցող անձանց միջնորդությամբ ներկայացվող հայցի ապահովման, հակընդդեմ ապահովման, ապացույց պահանջելու, ապացույց ապահովելու, փորձաքննություն նշանակելու, դատական նիստին վկա, փորձագետ կանչելու, թարգմանիչ ներգրավելու, գործին մասնակցող անձին հարցաքննելու, դատական հանձնարարություն տալու, ապացույցներն իրենց գտնվելու վայրում հետազոտելու վերաբերյալ հարցերը, ավելին՝ նախնական դատական նիստում չի որոշել, թե ինչպես պիտի ապացույցները հետազոտի, դատավարության որ փուլում, այլ մի որոշմամբ և՛ ապացուցման պարտականությունը բաշխելու որոշում է կայացրել, և՛ գործը դատաքննության նշանակելու՝ դրանով իսկ խախտելով գործին մասնակցող անձանց մրցակցության իրավունքը: Ավելին, դատական նիստով կողմերի միջև չի սահմանել ապացուցման ենթակա փաստերի շրջանակը և չի բաշխել ապացուցման պարտականությունը, մինչդեռ նույն օրով թվագրված առանձին ակտի ձևով կայացված որոշմամբ սահմանել է ապացուցման ենթակա փաստերի շրջանակը՝ սահմանելով ապացույցներ ներկայացնելու ժամկետ: Դատարանը չի կատարել տվյալ գործով բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն, որը տվյալ դեպքում հանգեցրել է գործի սխալ լուծման, որի արդյունքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի դատավարական իրավունքի նորմերի սխալ կիրառումը և խախտումը դատական ակտի բեկանման հիմք է դարձել: Արդյունքում Վերաքննիչ դատարանն արդարացիորեն բեկանել է ստորադաս դատարանի դատական ակտը՝ ամբողջությամբ փոփոխելով այն, հայցը մերժել է:
Այսպիսով, գործում առկա փորձագետի եզրակացությունը չէր կարող հիմք համարվել հայցապահանջը բավարարելու համար, քանի որ այն չի համապատասխանում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի պահանջներին՝ արժանահավատ և թույլատրելի չէ, դրանում արված դատողությունները չեն բխում գործի էությունից և փորձագետն էլ իր հերթին իրավասու չէր իրեն վերապահել վարչական մարմնի գործառույթներ: Բացի այդ, ներկայացված հայցապահանջը չի համապատասխանում նեգատոր հայցի պահանջներին և այդպիսին համարվել չի կարող:
Վերաքննիչ դատարանը գործով հաստատված փաստերի օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ սույն վեճի լուծման համար նշված հանգամանքների հետազոտմամբ արդարացիորեն հաստատված է համարել, որ բողոքաբերի պահանջը օրինական է և ենթակա է բավարարման։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1. Սեփականության իրավունքի պետական գրանցման թիվ 2721468 վկայականի համաձայն՝ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 2-րդ անցուղի 2-րդ շենքի թիվ 2 բնակարանի նկատմամբ գրանցված է Մելքոն Հարությունյանի սեփականության իրավունքը (հատոր 1, գ․թ․ 17):
2․ Համաձայն 22.05.2018 թվականի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 22052018-01-0276 վկայականի՝ թիվ 01-003-0131-0002 կադաստրային ծածկագրով Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի թիվ 54/5 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ (մակերեսի չափը՝ 0.03313 հա։ Առկա է 5.5 քմ ինքնակամ շինություն) գրանցված է Խեչո Խաչադուրյանի և Արմենուհի Դեր Ավանեսյանի սեփականության իրավունքը (հատոր 1, գ․թ․ 19):
3․ Համաձայն 09.10.2017 թվականի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 09102017-01-0225 վկայականի՝ թիվ 01-003-0131-0002 կադաստրային ծածկագրով Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի թիվ 54/5 հասցեում գտնվող անշարժ գույքի (մակերեսի չափը՝ 0.038 հա) նկատմամբ գրանցված է Խեչո Խաչադուրյանի և Արմենուհի Դեր Ավանեսյանի սեփականության իրավունքը (հատոր 1, գ․թ․ 20):
4․ Համաձայն Երևան համայնքի 03.10.2017 թվականի նախագծման թույլտվության (ճարտարապետահատակագծային առաջադրանք) կառուցապատողներ Աիդա Ավանեսյանին և Վաչիկվարուջ Էբրահիմ-Մասիհիի Գրիկորյանին տրվել է Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի թիվ 54/5 հասցեում բնակելի տան կառուցման նախագծային փաստաթղթերի մշակման թույլտվություն (հատոր 1, գ․թ․ 26):
5․ Երևան համայնքի 02.02.2018 թվականի թիվ 1/18-Մ-531-75 շինարարության թույլտվությամբ կառուցապատողներ Խեչո Խոսրոյի Խաչադուրյանին և Արմենուհի Մաթուսի Դեր Ավանեսյանին թույլատրվել է Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի թիվ 54/5 հասցեում կատարել կառուցման շինարարական աշխատանքներ, այս թվում՝ ոչ հիմնական կառույցների տեղադրման համար։ Օբյեկտի նախագծային փաստաթղթեր՝ մշակվել է աշխատանքային նախագիծ «ՆՇԱՆ ԵՎ ՈՐԴԻՆԵՐ» ՍՊԸ-ի կողմից, ստացել է փորձագիտական դրական եզրակացություն «ԵՐՇԻՆ ՆԱԽԱԳԻԾ» ՍՊԸ-ի կողմից (հատոր 1, գ․թ․ 21):
6․ Երևան համայնքի 22․01.2021 թվականի թիվ 1/18-Խ-3992-14 շինարարության թույլտվությամբ կառուցապատողներ Խեչո Խաչադուրյանին և Արմենուհի Դեր Ավանեսյանին թույլատրվել է Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի թիվ 54/5 հասցեում կատարել կառուցման շինարարական աշխատանքներ։ Օբյեկտի նախագծային փաստաթղթեր՝ մշակվել է աշխատանքային նախագիծ «ՆՇԱՆ ԵՎ ՈՐԴԻՆԵՐ» ՍՊԸ-ի կողմից, ստացել է փորձագիտական դրական եզրակացություն «ԵՐՇԻՆ ՆԱԽԱԳԻԾ» ՍՊԸ-ի կողմից (հատոր 2, գ․թ․ 162):
7․ Համաձայն «ԵՐՇԻՆ ՆԱԽԱԳԻԾ» ՍՊԸ-ի՝ «ք. Երևան, Բաղրամյան պողոտա թիվ 54/5 հասցեում բնակելի տան կառուցման նախագծի վերաբերյալ» 27.12.2017 թվականի թիվ 17 փորձագիտական եզրակացության՝ «(…) Կառուցապատվող տարածքի ձախ հարևանությամբ տարածքից 12 մ հեռավորության վրա գտնվում է բնակելի շենք, այս շենքի լուսավորության ինսոլյացիայի պայմանը լիովին բավարարված է։ Շինարարական աշխատանքներն իրականացվում են շրջակա միջավայրի պաշտպանության և հակահրդեհային պաշտպանության գործող նորմերի պահանջներին համապատասխան։ Կառուցվող տարածքից աջ հարևանությամբ (9մ. հեռավորության վրա) գտնվում են հասարակական նշանակության շինություններ և 18մ հեռավորության վրա՝ եռահարկ բնակելի շենք։ Նախագծված շենքը իրենից ներկայացվում է 4 բնակելի հարկանի, նկուղային հարկով շենք։ Նկուղային հարկը ծառայում է որպես ավտոկայանատեղ առավելագույնը 8 ավտոմեքենայի համար։ Շենքի տանիքը իրականացված է ծրարաձև, փայտե կմախքով և գունավոր կղմինդրաձև թիթեղով։ 1-ին և 2-րդ հարկերում դասավորված են երկուական բնակարան, իսկ 3-րդ և 4-րդ հարկերում՝ մեկական։ Շենքի տարածական ուրվագիծը նախագծված է այնպես, որպեսզի ապահովվի հարևան շենքերի ինսոլյացիայի պայմանը» (հատոր 1, գ․թ․ 23-25):
8․ Համաձայն «ՀՀ Փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության 05.06.2019 թվականի թիվ 05201907 փորձագետի եզրակացության՝ «(…) Հեռախոսակապի միջոցով լրացուցիչ փորձագետի կողմից հայցվորի և պատասխանողի ներկայացուցիչներից պահանջվել է հետազոտման առարկա հանդիսացող օբյեկտի՝ քաղաք Երևան, Արաբկիր, Բաղրամյան պողոտա հ 54/5 հասցեում կառուցվող շենքի նախագծային փաստաթղթերը, ինչի վերաբերյալ միջնորդությունը ներկայացվել է նաև սույն փորձաքննությունը նախաձեռնողին։ Միաժամանակ, հարկ է նշել, որ հայցվորի ներկայացուցիչ Ա.Նուրիջանյանի 16.05.2019 թվականին ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենին ուղղված գրությանն ի պատասխան կրկին անգամ տեղեկացվել է, որ փորձաքննություն իրականացնելու նպատակով անհրաժեշտ է ներկայացնել լրացուցիչ նյութեր՝ ք. Երևան, Բաղրամյան պողոտա թիվ 54/5 հասցեում կառուցվող շենքի նախագծային փաստաթղթերը, ինչպես նաև շինարարություն իրականացնելու թույլտվությունը։ Այնուհետև Ա.Նուրիջանյանի կողմից սույն թվականի մայիսի 27-ին ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ ներկայացվել են փաստաթղթեր՝ շինարարության թույլտվության պատճենը, նախագծման թույլտվության պատճենը, նախագծային փաստաթղթերի փորձաքննության եզրակացության պատճենը, «ԿՈՆՍՏԱՆՏԱ ԲԻԼԴ» ՍՊ ընկերության կողմից տրված ք. Երևան, Բաղրամյան պողոտա թիվ 54/5 հասցեում գտնվող նոր նախագծվող շենքի ինսոլյացիոն ազդեցության վերաբերյալ եզրակացության պատճենը, ք. Երևան, Բաղրամյան պողոտա թիվ 54/5 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը, ք. Երևան, Բաղրամյան պողոտա 2-րդ անցուղի, 2-րդ շենքի թիվ 2 բնակարան հասցեով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի պատճենը։ Հարկ է նշել, որ «ԿՈՆՍՏԱՆՏԱ ԲԻԼԴ» ՍՊ ընկերության և «ԵՐՇԻՆ ՆԱԽԱԳԻԾ» ՍՊ ընկերության կողմից ք. Երևան, Բաղրամյան պողոտա թիվ 54/5 հասցեում գտնվող նոր նախագծվող շենքի ինսոլյացիոն ազդեցության վերաբերյալ եզրակացության և նախագծային փաստաթղթերի ուսումնասիրմամբ պարզվել է, որ կառուցվող շենքի նախագծային փաստաթղթերը համապատասխանում են գործող նորմերի պահանջներին։ Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ դատաշինարարական փորձաքննություն նշանակելու մասին կայացված որոշմամբ փորձագետին առաջադրված հարցերին լիարժեք պատասխանելու համար միանշանակ անհրաժեշտ են հաստատված նախագծային փաստաթղթերից բխող ելակետային տվյալներ, որոնք պետք է համադրվեն ք. Երևան, Բաղրամյան պողոտա թիվ 54/4 հասցեում կառուցվող շենքի ծավալահատակագծային տվյալների հետ, ինչի պայմաններում անհրաժեշտ էր ներկայացնել փորձաքննությանը՝ ք. Երևան, Բաղրամյան պողոտա թիվ 54/5 հասցեում գտնվող նոր նախագծվող շենքի հաստատված նախագծային փաստաթղթերը, որը մինչև օրս սույն փորձաքննությանը չի տրամադրվել։ Ելնելով վերոգրյալից և առաջնորդվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 45-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված պահանջներով՝ ելակետային տվյալների անբավարարության պատճառով, նախաձեռնողի կողմից փորձաքննություն նշանակելու մասին կայացված որոշման պահանջները թողնվում են անկատար» (հատոր 2, գ․թ․ 4-9):
9. Համաձայն «Կառուցագետ» անկախ փորձաքննությունների ազգային կենտրոնի կողմից 17.09.2019 թվականին տրված թիվ Կ-19/Պ-023 եզրակացության «Հետազոտություն» բաժնի՝ «(…) Ըստ ՀՀ ԿԱ ԱՀԿՊԿ-ի կողմից 09.10.2017 թվականին տրամադրված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 09102017-01-0225 վկայականի՝ (…) ք. Երևան, Բաղրամյան պողոտա թիվ 54/5 հասցեի հողամասը հատակագծում ունի անկանոն բազմանկյուն տեսք, այդ թվում՝ 1-2՝ 23,4 մ երկարությամբ սահմանագծով հարակից է ք. Երևան, Բաղրամյան պողոտա 2-րդ անցուղի, թիվ 2 շենքին։ (…) 14.07.2019 թվականին նախաձեռնողի մասնակցությամբ և ներկայությամբ իրականացվել են ք. Երևան, Բաղրամյան պողոտա 2-րդ անցուղի, թիվ 2-րդ շենքի թիվ 2 բնակարան հասցեի և ք. Երևան, Բաղրամյան պողոտա թիվ 54/5 հասցեում կառուցվող շինության տեղազննման, ստուգաչափման և լուսանկարահանման աշխատանքները, որոնց արդյունքում պարզվել է, որ ք. Երևան, Բաղրամյան պողոտա թիվ 54/5 հասցեում կառուցվող շինության արտաքին պատի և ք. Երևան, Բաղրամյան պողոտա 2-րդ անցուղի, թիվ 2-րդ շենքի թիվ 2 բնակարան հասցեի շինության արտաքին պատի միջև առկա առլույս հեռավորությունը կազմում է 2,2-2,3 մ, ք. Երևան, Բաղրամյան պողոտա թիվ 54/5 հասցեում կառուցվող շինության առաջին բնակելի հարկի արտաքին պատի և ք. Երևան, Բաղրամյան պողոտա 2-րդ անցուղի, թիվ 2-րդ շենքի թիվ 2 բնակարան հասցեի շինության արտաքին պատի միջև առկա առլույս հեռավորությունը կազմում է 6,1-6,2 մ, ք. Երևան, Բաղրամյան պողոտա 2-րդ անցուղի, թիվ 2-րդ շենքի թիվ 2 բնակարան հասցեի ավտոտնակի և ք. Երևան, Բաղրամյան պողոտա թիվ 54/5 հասցեում կառուցվող շինության արտաքին պատի միջև առկա առլույս հեռավորությունը կազմում է 8,6 մ, ք. Երևան, Բաղրամյան պողոտա 2-րդ անցուղի, թիվ 2-րդ շենքի թիվ 2 բնակարան հասցեի շինության միջհարկային ծածկը, հատակը և տանիքածածկն իրականացված են փայտե կոնստրուկտիվ լուծումներով, այսինքն համաձայն ՀՀՇՆ 21-01-2014 «Շենքերի և շինությունների հրդեհային անվտանգություն» շինարարական նորմի թիվ 1 հավելվածի հանդիսանում III աստիճանի հրակայունությամբ շինություն։ (…)
Նախաձեռնողի կողմից ներկայացված նյութերի, տեղազննմամբ ձեռք բերված տվյալների և ՀՀ քաղաքաշինության տվյալ բնագավառում գործող նորմերի համալիր վերլուծության արդյունքում պարզ է դառնում, որ «ՆՇԱՆ ԵՎ ՈՐԴԻՆԵՐ» ՍՊԸ-ի կողմից մշակված շինարարության նախագիծը չի համապատասխանում ՀՀ քաղաքաշինության տվյալ բնագավառում գործող ՀՀՇՆ 30-01-2014 «Քաղաքաշինություն․քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» շինարարական նորմի «80․», «81․», «439․», «440․» և «442․», ինչպես նաև ՀՀՇՆ 21-01-2014 «Շենքերի և շինությունների հրդեհային անվտանգություն» շինարարական նորմի «150․» և «152․» կետերի պահանջներին, ինչպես նաև 03.10.2017 թվականին Երևանի քաղաքապետարանի կողմից տրված թիվ 01/18-01/1-Գ-4326-665 ճարտարապետահատակագծային առաջադրանքին, իսկ «ԵՐՇԻՆ ՆԱԽԱԳԻԾ» ՍՊԸ-ի կողմից տրված դրական եզրակացությունը չի համապատասխանում իրականությանը (…)։
Նույն եզրակացության «Հետևություն» բաժնի՝ «1.-3. ք. Երևան, Բաղրամյան պողոտա թիվ 54/5 հասցեում բնակելի տան կառուցումով խախտվում են ք. Երևան, Բաղրամյան պողոտա 2-րդ անցուղի, թիվ 2-րդ շենքի թիվ 2 բնակարանից նախատեսված նվազագույն հեռավորությունները և հակահրդեհային տարածությունները, այդ թվում՝ ՀՀ տվյալ բնագավառում գործող ՀՀՇՆ 30-01-2014 «Քաղաքաշինություն․քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» շինարարական նորմի «2.», «80․», «81․», «439․», «440․» և «442․», ինչպես նաև ՀՀՇՆ 21-01-2014 «Շենքերի և շինությունների հրդեհային անվտանգություն» շինարարական նորմի «5.», «150․» և «152․» կետերի պահանջները։
2. ՀՀ տվյալ բնագավառում գործող ՀՀՇՆ 30-01-2014 «Քաղաքաշինություն․ քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» և ՀՀՇՆ 21-01-2014 «Շենքերի և շինությունների հրդեհային անվտանգություն» շինարարական նորմերով նախատեսված նվազագույն հեռավորությունները և հակահրդեհային միջտարածությունները ապահովելու համար անհրաժեշտ ք. Երևան, Բաղրամյան պողոտա թիվ 54/5 հասցեում կառուցվող շինության 1-2՝ 4,8 մ և Բ-Գ-Դ՝ 9,7 (4,2+5,5) մ առանցքներով տեղակայված 46,56 (4,8x9,7) մ2 մակերեսով կիսանկուղը համապատասխանեցնել 03.10.2017 թվականին Երևանի քաղաքապետարանի կողմից տրված թիվ 01/18-01/1-Գ-4326-665 ճարտարապետահատակագծային առաջադրանքին, այսինքն վերգետնյա հատվածը վերակառուցել ստորգետնյա՝ այսինքն ք. Երևան, Բաղրամյան պողոտա 2-րդ անցուղի, թիվ 2 շենքի սալվածքի մակարդակին համապատասխան» (հատոր 2, գ․թ․ 27-37)։
10․ «Ապացուցման պարտականությունը բաշխելու և գործը դատաքննության նշանակելու մասին» 14.10.2020 թվականի որոշմամբ Դատարանը սահմանել է, որ հայցվորը պետք է ապացուցի, որ շինարարությունը կատարված է շինարարական նորմերի խախտումներով և, որ ապօրինի շինարարությամբ խախտվում է հայցվորի իրավունքը։ Ապացույցներ ներկայացնելու վերջնաժամկետ է սահմանվել 11.01.2021 թվականը։ Միաժամանակ, Դատարանը այդ որոշմամբ նշանակել է դատաքննություն՝ 27.01.2022 թվականին, ժամը 11։00-ին (հատոր 2, գ․թ․ 112-113)։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.
Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն հարցին, թե արդյո՞ք Վերաքննիչ դատարանն իրավասու է կիրառել վճիռը բեկանելու և փոփոխելու իր լիազորությունն այն դեպքում, երբ Դատարանը թույլ է տվել ապացուցման բեռի բաշխման դատավարական կանոնների խախտում՝ վերահաստատելով նախկինում հայտնած դիրքորոշումը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ապացույց է այն փաստական տվյալը, որի հետազոտման և գնահատման հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիմքում դրված, ինչպես նաև գործի կամ հարցի լուծման համար նշանակություն ունեցող այլ փաստերի առկայությունը կամ բացակայությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ փաստերը, որոնք, օրենքի կամ նորմատիվ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա` ղեկավարվելով վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառելի իրավական նորմերով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների և առարկությունների հիմքում դրված ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով:
Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ եթե բոլոր ապացույցների հետազոտումից և գնահատումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող անձը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։
ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Նախկին օրենսգիրք) գործողության ժամանակ ապացույցների գնահատման հարցին, նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը: Ապացույցի գնահատումն ապացույցների տրամաբանական և իրավաբանական որակումն է՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Ընդ որում, ապացույցների բավարարությունը գործով ձեռք բերված ապացույցների այնպիսի համակցությունն է, որը հնարավորություն է տալիս վերջնական եզրահանգում կատարելու որոնվող փաստերի առկայության կամ բացակայության վերաբերյալ: Ապացույցների գնահատումը բավարարության տեսանկյունից հետապնդում է ապացույցների միջև հակասությունները վերացնելու նպատակ այնպես, որ փարատվեն ստացված ամբողջ ապացուցողական զանգվածից կատարված հետևությունների ճշմարտացիության վերաբերյալ կասկածները: ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ապացույցների անբավարար լինելու դեպքում գործի հանգամանքների վերաբերյալ դատարանը կարող է կատարել ոչ թե որոշակի, այլ հավանական եզրակացություններ, մինչդեռ դատարանի կողմից գործն ըստ էության լուծող դատական ակտը չի կարող հիմնված լինել հավանական եզրակացությունների և դատողությունների վրա (տե՛ս «Շենքերի կառավարում» համատիրությունն ընդդեմ Մասիս Ղազանչյանի թիվ ԵԱՔԴ/0483/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում դատական ակտ կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տե'ս, Ռազմիկ Մարությանն ընդդեմ Ստեփան և Անահիտ Մարությանների թիվ 3-54(ՎԴ) գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ Նախկին օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասի և գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասում օրենսդիրը սահմանել է համանման ու հավասարազոր իրավական կարգավորումներ, որի պայմաններում ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից արտահայտված վերը նշված իրավական դիրքորոշումները հավասարապես կիրառելի են նաև ներկայումս գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի նկատմամբ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը նախնական դատական նիստի ընթացքում` պարզում է հայցի առարկան, հայցի փաստական և իրավական հիմքերը:
Նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը նախնական դատական նիստի ընթացքում` պարզում է պատասխանողի առարկությունների փաստական և իրավական հիմքերը:
Նույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը նախնական դատական նիստի ընթացքում պարզում է վիճելի իրավահարաբերության բնույթը, այդ թվում՝ կիրառելի իրավական նորմերը՝ չսահմանափակվելով գործին մասնակցող անձանց մատնանշած իրավական նորմերով:
Նույն հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը նախնական դատական նիստի ընթացքում` գործին մասնակցող անձանց հետ քննարկում է ապացուցման պարտականությունը նրանց միջև բաշխելու հարցը:
Նույն հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը նախնական դատական նիստի ընթացքում` գործին մասնակցող անձանց հետ քննարկում և լուծում է ներկայացված ապացույցների վերաբերելիության և թույլատրելիության հարցը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի իրավակարգավորումներից բխում է, որ առաջին ատյանի դատարանը նախնական դատական նիստի ընթացքում ի թիվս հայցի և առարկությունների փաստական և իրավական հիմքերի, պարզում է վիճելի իրավահարաբերության բնույթը, այդ թվում՝ կիրառելի իրավական նորմերը՝ չսահմանափակվելով գործին մասնակցող անձանց մատնանշած իրավական նորմերով և գործին մասնակցող անձանց հետ քննարկում է ապացուցման պարտականությունը նրանց միջև բաշխելու հարցը, ինչպես նաև քննարկում և լուծում է ներկայացված ապացույցների վերաբերելիության և թույլատրելիության հարցը: Միայն նշված գործողությունները կատարելուց հետո է դատարանը կայացնում ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում: Նման իրավակարգավորման նպատակն այն է, որպեսզի ապացուցման պարտականությունը բաշխվի ճիշտ՝ կիրառելի իրավական նորմերին համապատասխան՝ վերը նշված հարցերը նախապես քննարկելով գործին մասնակցող անձանց հետ: Մասնավորապես, կիրառելի իրավական նորմերը որոշելիս կողմերի հետ այդ հարցի քննարկման պահանջն ինքնանպատակ չէ, այն կոչված է ապահովելու գործին մասնակցող անձանց դիրքորոշումների ճշտումը, ապացուցման գործընթացում նրանց պարտականությունների հստակեցումը: Հենց այդ պատճառով է սահմանված, որ դատարանը չի սահմանափակվում գործին մասնակցող անձանց մատնանշած իրավական նորմերով, այլ գտնելով, որ կիրառման են ենթակա նաև այլ իրավական նորմեր, դատարանը դրանք պետք է մատնանշի գործին մասնակցող անձանց: Նման մատնանշումը գործին մասնակցող անձանց հնարավորություն է տալիս ապացուցման գործընթացում իրենց դատավարական գործողությունները համապատասխանեցնել կիրառելի իրավական նորմերի պահանջներին և վերջին հաշվով նպաստում է ապացուցման գործընթացի արդյունավետությանը: Մասնավորապես, եթե մատնանշված կիրառելի իրավական նորմերի բովանդակությունից բխում է, որ գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստի վերաբերյալ ապացույցը կարող է ձեռք բերվել միայն պատասխանողից, ապա հայցվորը պետք է հնարավորություն ստանա համապատասխան ապացույցը պահանջելու մասին միջնորդություն ներկայացնել, իսկ դատարանն էլ իր հերթին պարտավոր է ապացուցման պարտականությունը բաշխել կիրառելի իրավական նորմերի կարգավորումներին համապատասխան: Հակառակ դեպքում, եթե կիրառելի իրավական նորմերի պահանջների համաձայն պատասխանողի վրա որոշակի ապացույց ներկայացնելու պարտականություն չի դրվել, ապա դա նշանակում է, որ ապացուցման բեռի բաշխումը կատարվել է դատավարական նորմերի պահանջների խախտմամբ, իսկ պատասխանողի վրա որոշակի փաստի վերաբերյալ ապացույց ներկայացնելու պարտականություն չդրվելու պարագայում այդ փաստի չապացուցման բացասական հետևանքը ևս վերջինիս վրա դրվել չի կարող:
Ապացուցման պարտականության սխալ բաշխումը բերում է ապացուցման գործընթացի այնպիսի ձևախեղման, որը, որպես կանոն, հանգեցնում է գործով ձեռք բերված ապացույցների սխալ գնահատման և գործի սխալ լուծման: Մասնավորապես, դատարանի կողմից թույլ տրված այնպիսի խախտումը, որի արդյունքում ապացույցը մի կողմից պահանջելու փոխարեն պահանջվում է հակառակ կողմից, հանգեցնում է չապացուցման բացասական հետևանքի սխալ կիրառման, իսկ դա էլ իր հերթին, որպես կանոն, պայմանավորում է գործի սխալ լուծումը:
Վերաքննիչ դատարանը որպես առաջին ատյանի դատարանի դատական ակտերը վերանայող դատարան դատական ակտը համապատասխան հիմքով բողոքարկված լինելու պարագայում ստուգում է, թե արդյոք առաջին ատյանի դատարանը ճիշտ է կատարել ապացուցման բեռի բաշխումը: Եթե վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ առաջին ատյանի դատարանն ապացուցման պարտականությունը սխալ է բաշխել, որի արդյունքում գործին մասնակցող անձի վրա չի դրվել որոշակի ապացույց ներկայացնելու պարտականություն, ապա այդ սխալը չի կարող հաղթահարվել վերաքննիչ ատյանում, քանի որ, իր գործունեության առանձնահատկություններով պայմանավորված, վերաքննիչ դատարանը լիազորված չէ ապացուցման գործընթաց կազմակերպել այնպիսի ծավալով, ինչպիսինն իրականացնում է առաջին ատյանի դատարանը՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի «Ապացուցումը» վերտառությամբ 8-րդ գլխի իրավակարգավորումներին համապատասխան: Հետևաբար, այն դեպքերում, երբ վերաքննիչ դատարանն արձանագրում է առաջին ատյանի դատարանի կողմից ապացուցման բեռի բաշխումն այնպիսի սխալով կատարելը, որի դեպքում ենթակա է կիրառման ապացուցման պարտականության չկատարման բացասական հետևանք, չի կարող կիրառել վճիռը բեկանելու և փոփոխելու իր լիազորությունը, այլ նրա կողմից ենթակա է կիրառման վճիռը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու լիազորությունը (տե'ս, «Հիմնարար հետազոտությունների կենտրոն» ՓԲԸ-ի ընդդեմ «Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» ՓԲԸ-ի թիվ ԵԿԴ/4497/02/16 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25․06․2021 թվականի որոշումը):
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն՝ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 2-րդ անցուղի, 2-րդ շենքի թիվ 2 բնակարանը սեփականության իրավունքով պատկանում է Մելքոն Հարությունյանին, իսկ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի թիվ 54/5 հասցեում գտնվող անշարժ գույքը՝ Խեչո Խաչադուրյանին և Արմենուհի Դեր Ավանեսյանին։ Երևան համայնքի 02.02.2018 թվականի շինարարության թույլտվությամբ կառուցապատողներ Խեչո Խաչադուրյանին և Արմենուհի Դեր Ավանեսյանին թույլատրվել է Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի թիվ 54/5 հասցեում կատարել կառուցման շինարարական աշխատանքներ, այդ թվում՝ ոչ հիմնական կառույցների տեղադրման համար։
Դիմելով դատարան` Մելքոն Հարությունյանը պահանջել է պարտավորեցնել Խեչո Խաչադուրյանին և Արմենուհի Դեր Ավանեսյանին քանդել Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի թիվ 54/5 հասցեում գտնվող կիսակառույց շինության՝ «ԿԱՌՈՒՑԱԳԵՏ» անկախ փորձաքննությունների ազգային կենտրոն» ՍՊԸ-ի 17.09.2019 թվականի թիվ Կ-19/Պ-023 եզրակացությանը կից հավելվածում նշված, կառուցվող շինության 1-2՝ 4,8 մ և Բ-Գ-Դ՝ 9,7 (4,2+5,5) մ առանցքներով տեղակայված 46,56 (4,8 X 9,7) մ2 մակերեսով հատվածի՝ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 2-րդ անցուղի թիվ 2 շենքի սալվածքի մակարդակից բարձր մակերեսը և պարտավորեցնել շինարարական աշխատանքներ չիրականացնել:
Դատարանը, հայցը բավարարել է՝ արձանագրելով, որ․ «(․․․) հայցվորը հայցի հարուցման պահին եղել է գույքի սեփականատերը, հայցի ներկայացման պահին երրորդ անձի կողմից թույլ է տրվել ՀՀ տվյալ բնագավառում գործող ՀՀՇՆ 30-01-2014 «Քաղաքաշինություն. քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» շինարարական նորմի 2, 80, 81, 439, 440 և 442, ինչպես նաև ՀՀՇՆ 21-01-2014 «Շենքերի և շինությունների հրդեհային անվտանգություն» շինարարական նորմի 5, 150 և 152 կետերի պահանջների խախտում, ինչով խախտվել է հայցվորի բնակարանից նախատեսված նվազագույն հեռավորությունները և հակահրդեհային միջտարածությունները, որպիսի հանգամանքն էլ հիմք է վերը նշված հոդվածների ուժով հայցապահանջը բավարարելու համար»:
Վերաքննիչ դատարանի 10․06․2022 թվականի որոշմամբ Խեչո Խաչադուրյանի և Արմենուհի Դեր Ավանեսյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 29․09․2021 թվականի վճիռը բեկանվել է և փոփոխվել, ու հայցը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ « (․․․) սույն գործում խոսքը Երևան համայնքի որոշման մասին է, որի հիման վրա պատասխանողները ստացել են շինարարության թույլտվություն՝ հիմքում դնելով «ՆՇԱՆ ԵՎ ՈՐԴԻՆԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից մշակված շինարարության նախագիծը և «ԵՐՇԻՆ ՆԱԽԱԳԻԾ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տրված դրական եզրակացությունը։ Վարչական մարմնի կողմից տրված շինարարության թույլտվությունը վարչական ակտ է, և երբ վարչական ակտն ընդունվել է որոշակի փաստաթղթերի հիման վրա, ապա գործում է այն կանխավարկածը, որ վարչական ակտը, հետևաբար նաև դրա հիմքում դրված փաստաթղթերն իրավաչափ են։ Այսինքն՝ քանի դեռ հակառակը չի ապացուցվել, գործում է Երևան համայնքի կողմից տրված շինարարության թույլտվությունների և դրանց հիմքում դրված փաստաթղթերի, (․․․) իրավաչափության կանխավարկածը։ Ընդ որում, ընդհանուր իրավասության դատարանը չի կարող և իրավասու չէ կասկածի տակ դնել այդ վարչական ակտի իրավաչափությունը, քանի որ այդ հարցը կարող է քննարկման առարկա դառնալ միայն վարչական դատավարության կարգով։ (․․․) Մինչդեռ, ընդհանուր իրավասության դատարանն իրավասու չէ քննարկել նախագծի կամ դրա հիմքում դրված եզրակացության իրավաչափության, հիմնավորվածության հարցը։
(․․․) Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը կարևորում է նաև, որ գործում առկա չէ որևէ այլ ապացույց առ այն, որ պատասխանողների փաստացի կատարած շինարարությունը չի համապատասխանում վարչական ակտերով սահմանված պահանջներին»։
Վերոնշյալ դիրքորոշումների համատեքստում գնահատելով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանք անհիմն են՝ հետևյալ հիմնավորմամբ․
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` սեփականության իրավունքը սուբյեկտի` օրենքով և այլ իրավական ակտերով ճանաչված իրավունքն է` իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրեն պատկանող գույքը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 277-րդ հոդվածի համաձայն` սեփականատերն իրավունք ունի պահանջել վերացնելու իր իրավունքների ամեն մի խախտում, թեկուզև այդ խախտումները զուգորդված չեն եղել տիրապետումից զրկելու հետ:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ նեգատոր հայցը գույքի սեփականատիրոջ կողմից արտապայմանագրային հարաբերություններից բխող սեփականության իրավունքի պաշտպանության միջոց է, որն ուղղված է սեփականատիրոջ կողմից գույքի օգտագործման կամ տիրապետման իրավունքների իրացման խոչընդոտների վերացմանը: Ընդ որում, գույքի տիրապետումից զրկելու հետ չկապված իրավունքի խախտումները, որպես կանոն, տևական և շարունակական են (...) (տե´ս Ռազմիկ, Սիրանուշ, Կարեն, Տիգրան Մանուչարյանները և Կարինե Հարությունյանն ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության և Երևանի քաղաքապետարանի թիվ ԵԿԴ/0502/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել արձանագրել, որ նեգատոր հայցով սեփականատիրոջ իրավունքները ենթակա են պաշտպանության այն դեպքում, երբ պատասխանողի գործողություններն օրինական չեն, իսկ այն դեպքում, երբ պատասխանողի գործողությունները հիմնված են վարչական ակտի վրա, ապա իրավունքների պաշտպանությունը կարող է իրականացվել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի վարչական ակտը վիճարկելու եղանակով (տե´ս, Նվարդ Ղուկասյանն ընդդեմ Համլետ Մադոյանի թիվ ՇԴ/1609/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ վերոնշյալ հոդվածում նախատեսված իրավունքի ապահովումը հնարավոր է նեգատոր հայցի միջոցով, որը որպես սեփականության իրավունքի պաշտպանության միջոց ուղղված է սեփականատիրոջ կողմից գույքի օգտագործման և (կամ) փաստացի տիրապետման իրավունքների իրացման խոչընդոտների վերացմանը: Նեգատոր հայցի ներկայացման հնարավորություն առաջանում է այն դեպքում, երբ գույքի սեփականատերը և երրորդ անձը վիճելի գույքի առնչությամբ չեն գտնվում պարտավորական հարաբերությունների մեջ, և երբ թույլ տրված իրավախախտումը չի հանգեցրել գույքի նկատմամբ սեփականության սուբյեկտիվ իրավունքի դադարման: Վերոնշյալ մեկնաբանությունների ընդհանրացման արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանը հանգել է այն եզրակացության, որ նեգատոր հայցի ներկայացման դեպքում միաժամանակ պետք է առկա լինեն հետևյալ երկու պայմանները.
1) հայցվորը հայցի հարուցման պահին պետք է լինի գույքի սեփականատեր կամ այլ օրինական (տիտղոսային) տիրապետող,
2) հայցի ներկայացման պահին պետք է առկա լինի երրորդ անձի կողմից թույլ տրված այնպիսի գործողություն կամ անգործություն, որը խոչընդոտի գույքի սեփականատիրոջը կամ օրինական (տիտղոսային) այլ տիրապետողին օգտագործել և (կամ) տնօրինել գույքը:
Վերոնշյալ պայմանները որպես փաստ ներառվում են նեգատոր հայցերով հարուցված գործերի ապացուցման առարկայում: Այդուհանդերձ դրանք ապացուցման առարկան կազմող միակ փաստերը չեն: Ի թիվս վերոնշյալի` ապացուցման է ենթակա նաև երրորդ փաստը, այն է` գույքի օգտագործմանը և (կամ) տիրապետմանը խոչընդոտող գործողության կամ անգործության իրավական լինելու փաստը: Նեգատոր հայցը սեփականության իրավունքի պաշտպանության ինքնուրույն միջոց է, որն իր հիմքում ունի փաստերի առանձնահատուկ կազմ, հետևաբար ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ յուրաքանչյուր գործով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 277-րդ հոդվածը կիրառելիս դատարանները պետք է հաշվի առնեն տվյալ գործով ապացուցման առարկան և դրա հիմքը, որից հետո միայն կողմերի միջև ճիշտ բաշխեն ապացուցման պարտականությունը: Հիմք ընդունելով վերոնշյալ վերլուծությունները` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է նաև, որ նեգատոր հայցերի դեպքում դատավարական բեռը բաշխելիս հայցվորն է կրում գույքի սեփականատերը լինելու և այդ գույքի օգտագործմանը և (կամ) տիրապետմանը խոչընդոտող գործողության կամ անգործության փաստերն ապացուցելու պարտականությունը: Ինչ վերաբերում է երրորդ փաստին` գործողությունների կամ անգործության հակաիրավական բնույթին, ապա հայց ներկայացնելու պահին վերջիններիս առնչությամբ գործում է հակաիրավական լինելու կանխավարկածը, քանի դեռ պատասխանողը չի ապացուցել հակառակը: Հետևաբար նշված փաստի ապացուցման դատավարական բեռը կրում է պատասխանողը (տե´ս, Լևոն Արշակունին ընդդեմ Կոմիտաս Հայրապետյանի թիվ ԿԴ3/0450/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2014 թվականի որոշումը):
Սույն գործով ապացուցման պարտականությունը բաշխելու և գործը դատաքննության նշանակելու մասին որոշմամբ Դատարանը սահմանել է, որ հայցվորը պետք է ապացուցի, որ շինարարությունը կատարված է շինարարական նորմերի խախտումներով և, որ ապօրինի շինարարությամբ խախտվում է հայցվորի իրավունքը։
Տվյալ դեպքում անհրաժեշտ պայման է, որպեսզի դատարանը գործի քննությամբ հաստատված համարի այն փաստերը, որ Մելքոն Հարությունյանը Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 2-րդ անցուղի 2-րդ շենքի թիվ 2 բնակարանի սեփականատերն է, հայցի ներկայացման պահին առկա է երրորդ անձանց՝ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի թիվ 54/5 հասցեի գույքի սեփականատերեր Խեչո Խաչադուրյանի և Արմենուհի Դեր Ավանեսյանի կողմից իրականացված շինարարությունը խոչընդոտում է Մելքոն Հարությունյանին օգտագործել և (կամ) տնօրինել իր գույքը, ինչպես նաև կատարված շինարարական աշխատանքները համապատասխանում են 03.10.2017 թվականին Երևանի քաղաքապետարանի կողմից տրված թիվ 01/18-01/1-Գ-4326-665 ճարտարապետահատակագծային առաջադրանքին։
Հիմք ընդունելով վերը նշվածը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործում առկա` հայցվոր Մելքոն Հարությունյանի անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականով հաստատվում է այն հանգամանքը, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 2-րդ անցուղի 2-րդ շենքի թիվ 2 բնակարանի սեփականատերը հանդիսանում է վերջինս: Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի թիվ 54/5 հասցեում բնակելի տան կառուցումով խախտվում են Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 2-րդ անցուղի 2-րդ շենքի թիվ 2 բնակարանի սեփականատիրոջ իրավունքները, ապա նշվածի մասին վկայում են գործում առկա գրավոր ապացույցները: Մասնավորապես` վերջին փաստը հիմնավորվում է «Կառուցագետ» անկախ փորձաքննությունների ազգային կենտրոնի կողմից տրված թիվ Կ-19/Պ-023 եզրակացությամբ, որի «Հետևություն» բաժնի 1․3 կետի համաձայն՝ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտա թիվ 54/5 հասցեում բնակելի տան կառուցումով խախտվում են Երևան քաղաքի Բաղրամյան պողոտա 2-րդ անցուղի, թիվ 2-րդ շենքի թիվ 2 բնակարանից նախատեսված նվազագույն հեռավորությունները և հակահրդեհային տարածությունները, այդ թվում՝ ՀՀ տվյալ բնագավառում գործող ՀՀՇՆ 30-01-2014 «Քաղաքաշինություն․քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» շինարարական նորմի «2.», «80․», «81․», «439․», «440․» և «442․», ինչպես նաև ՀՀՇՆ 21-01-2014 «Շենքերի և շինությունների հրդեհային անվտանգություն» շինարարական նորմի «5.», «150․» և «152․» կետերի պահանջները։ Նշված փաստն արձանագրվել է նաև Վերաքննիչ դատարանի կողմից։
Նման պայմաններում արձանագրելով, որ գործում առկա չէ որևէ այլ ապացույց առ այն, որ պատասխանողների փաստացի կատարած շինարարությունը չի համապատասխանում վարչական ակտերով սահմանված պահանջներին, Վերաքննիչ դատարանը բավարարել է վերաքննիչ բողոքը, Դատարանի վճիռը բեկանել և փոփոխել է՝ հայցը մերժել է։ Մինչդեռ Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Դատարանը կիրառելի իրավական նորմերին համապատասխան՝ առ այն, որ պատասխանողների կողմից փաստացի կատարած շինարարությունը չի համապատասխանում վարչական ակտերով սահմանված պահանջներին և հայցվորի պահանջն ուղղված է Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի թիվ 54/5 հասցեում կառուցվող շինության 1-2՝ 4,8 մ և Բ-Գ-Դ՝ 9,7 (4,2+5,5) մ առանցքներով տեղակայված 46,56 (4,8x9,7) մ2 մակերեսով կիսանկուղը 03.10.2017 թվականին Երևանի քաղաքապետարանի կողմից տրված թիվ 01/18-01/1-Գ-4326-665 ճարտարապետահատակագծային առաջադրանքին համապատասխանեցնելու միջոցով իր իրավունքների վերականգմանը, դրա վերաբերյալ ապացույց ներկայացնելու պարտականություն հայցվորի վրա չի դրել, որպիսի պայմաններում հայցվորի վրա չէր կարող դրվել նաև փաստի չապացուցման բացասական հետևանքը:
Ավելին՝ գործում առկա «Կառուցագետ» անկախ փորձաքննությունների ազգային կենտրոնի կողմից տրված թիվ Կ-19/Պ-023 եզրակացության «Հետևություն» բաժնի 2-րդ կետի համաձայն՝ ՀՀ տվյալ բնագավառում գործող ՀՀՇՆ 30-01-2014 «Քաղաքաշինություն․քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» և ՀՀՇՆ 21-01-2014 «Շենքերի և շինությունների հրդեհային անվտանգություն» շինարարական նորմերով նախատեսված նվազագույն հեռավորությունները և հակահրդեհային միջտարածությունները ապահովելու համար անհրաժեշտ է Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի թիվ 54/5 հասցեում կառուցվող շինության 1-2՝ 4,8 մ և Բ-Գ-Դ՝ 9,7 (4,2+5,5) մ առանցքներով տեղակայված 46,56 (4,8x9,7)մ2 մակերեսով կիսանկուղը համապատասխանեցնել 03.10.2017 թվականին Երևանի քաղաքապետարանի կողմից տրված թիվ 01/18-01/1-Գ-4326-665 ճարտարապետահատակագծային առաջադրանքին, այսինքն՝ վերգետնյա հատվածը վերակառուցել ստորգետնյա՝ այսինքն Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 2-րդ անցուղի 2-րդ շենքի սալվածքի մակարդակին համապատասխան։
Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի խախտում, քանի որ, որոշելով կիրառել Դատարանի վճիռը բեկանելու և փոփոխելու իր լիազորությունը, հաշվի չի առել, որ ապացուցման գործընթացը կիրառելի իրավական նորմերին համապատասխան չկազմակերպելու հետևանքով է, որ Դատարանը կողմերի վրա չի դրել վերոգրյալի վերաբերյալ ապացույց ներկայացնելու պարտականություն: Հետևաբար սույն վեճին իրավաչափ լուծում տալու համար Վերաքննիչ դատարանը պետք է կիրառեր վճիռը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու իր լիազորությունը:
Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված մյուս փաստարկները հերքվում են վերը նշված պատճառաբանություններով:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի և 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 10.06.2022 թվականի որոշումը մասնակիորեն բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կիրառման է ենթակա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու և գործն ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան նոր քննության ուղարկելու լիազորությունը՝ գործի նոր քննության ընթացքում ապացուցման բեռի բաշխումը ճիշտ կատարելու և ըստ այդմ ձեռք բերված ապացույցների հիման վրա գործը լուծելու համար:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի [10-րդ գլուխ] կանոններին համապատասխան:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի բաշխման հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10․06․2022 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ նոր քննության:
2. Դատական ծախսերի հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Զեկուցող Է. Սեդրակյան Ա․ ԱԹԱԲԵԿՅԱՆ Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ Ս. Մեղրյան Ա. Մկրտչյան
Գ. Հակոբյան
Հատուկ կարծիք
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի կողմից թիվ ԵԴ/19939/02/18 քաղաքացիական գործով 02․05.2024 թվականին կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ
08․05.2024 թվական
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2024 թվականի մայիսի 02-ին գրավոր ընթացակարգով քննելով Մելքոն Հարությունյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10․06․2022 թվականի որոշման դեմ՝ ըստ Մելքոն Հարությունյանի հայցի ընդդեմ Խեչո Խաչադուրյանի, Արմենուհի Դեր Ավանեսյանի՝ իրավունքի խախտումը վերացնելու և իրավունքը խախտող գործողությունը կանխելու պահանջի մասին, Վճռաբեկ դատարանի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը մասնակիորեն բավարարել, բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10․06․2022 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ նոր քննության։
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավոր Ա. Աթաբեկյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում եմ հատուկ կարծիքս այդ մասերի վերաբերյալ:
1. Վճռաբեկ դատարանը որպես գործի դատավարական նախապատմություն նշել է հետևյալը.
«Դիմելով դատարան՝ Մելքոն Հարությունյանը պահանջել է պարտավորեցնել Խեչո Խաչադուրյանին և Արմենուհի Դեր Ավանեսյանին քանդել Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի թիվ 54/5 հասցեում գտնվող կիսակառույց շինության՝ «ԿԱՌՈՒՑԱԳԵՏ» անկախ փորձաքննությունների ազգային կենտրոն» ՍՊԸ-ի 17.09.2019 թվականի թիվ Կ-19/Պ-023 եզրակացությանը կից հավելվածում նշված, կառուցվող շինության 1-2՝ 4,8 մ և Բ-Գ-Դ՝ 9,7 (4,2+5,5)մ առանցքներով տեղակայված 46,56 (4,8 X 9,7) մ2 մակերեսով հատվածի՝ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 2-րդ անցուղի թիվ 2 շենքի սալվածքի մակարդակից բարձր մակերեսը և պարտավորեցնել շինարարական աշխատանքներ չիրականացնել:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 29.09.2021 թվականի վճռով հայցը բավարարվել է։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 10.06.2022 թվականի որոշմամբ Խեչո Խաչադուրյանի և Արմենուհի Դեր Ավանեսյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 29.09.2021 թվականի վճիռը բեկանվել ու փոփոխվել է՝ հայցը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Մելքոն Հարությունյանը (ներկայացուցիչ Աշոտ Նուրիջանյան)։
Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Խեչո Խաչադուրյանն ու Արմենուհի Դեր-Ավանեսյանը»:
2. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի հիմքեր, հիմնավորումներ և պահանջ նշել է հետևյալը.
«Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում.
Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 61-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ, 163-րդ, 277-րդ հոդվածները, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 6-րդ, 17-րդ, 22․1-րդ, 23-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը, գործում առկա ապացույցներին տալով կամայական գնահատական և կիրառելով վարչաիրավական բնույթի օրենսդրություն՝ վեճին արհեստականորեն շնորհել է վարչաիրավական բնույթ, վարչաիրավական բնույթի եզրահանգումներ է կատարել, մինչդեռ վեճն առերևույթ վերաբերում է նախագծային փաստաթղթերով սահմանված մակերեսներից դուրս կառուցված կառույցին, որը հանդիսանում է ինքնակամ կառույց և որը ենթակա է քանդման քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով և նեգատոր հայցի միջոցով: Արդյունքում՝ խախտվել է Մելքոն Հարությունյանի արդար դատաքննության իրավունքը:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել «Երշին նախագիծ» ՍՊԸ-ի կողմից 27.12.2017 թվականին տրված թիվ 17 փորձագիտական եզրակացությունը, որի ուսումնասիրությունից պետք է եզրահանգեր, որ ըստ նախագծային փաստաթղթերի՝ կառուցվող շինությունը հարևան շինություններից պետք է գտնվի առնվազն 9 մետր հեռավորության վրա: Սա նշանակում է, որ նվազագույն 9 մետրից ավելի մոտ կառուցված կառույցը չի ներառված նախագծային փաստաթղթերում, չի կարող պաշտպանվել դրանցով և հանդիսանում է ինքնակամ կառույց: Իսկ «ԿԱՌՈՒՑԱԳԵՏ» անկախ փորձաքննությունների ազգային կենտրոն» ՍՊ ընկերության 17.09.2019 թվականի թիվ Կ-19/Պ-023 եզրակացությամբ հայտնվել է, որ անհրաժեշտ է կառուցվող շինության կիսանկուղը համապատասխանեցնել Երևանի քաղաքապետարանի կողմից 03.10.2017 թվականին տրված թիվ 01/18-07/1-Գ-4326-665 ճարտարապետահատակագծային առաջադրանքին, այսինքն՝ վերգետնյա հատվածը վերակառուցել ստորգետնյա՝ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 2-րդ անցուղի թիվ 2 շենքի սալվածքի մակարդակին համապատասխան:
Վերաքննիչ դատարանի «փորձագետն արձանագրել է շինարարության թույլտվության հիմքում դրված փաստաթղթի ենթադրյալ ոչ իրավաչափություն, այլ ոչ թե փաստացի իրականացվող շինարարության անհամապատասխանությունը շինարարական փաստաթղթերին» եզրահանգումները չունեն որևէ փաստական հիմք և չեն բխում փորձագետի եզրակացության տառացի և բառացի շարադրանքի վերլուծությունից: Նշված եզրակացության ուսումնասիրությունից ակնհայտ է, որ խոսքը գնում է ինքնակամ կառուցված այն մակերեսի մասին, որը կառուցվել է նախագծային փաստաթղթերում մատնանշված մակերեսներից դուրս:
Ապացույցների ուսումնասիրությունից ակնհայտ է, որ վեճը վերաբերում է նրան, որ պատասխանողները նախագծային փաստաթղթերով սահմանված ստորգետնյա ավտոկայանատեղին ինքնակամ կառուցել են վերգետնյա՝ այդ կերպ դուրս գալով նախագծային փաստաթղթերի մակերեսներից և խախտել են հայցվորի տանն առնչվող շինարարական նորմերը:
Կառուցվող շինության նախագծային փաստաթղթերը Դատարանին ներկայացրել է հայցվորը՝ ապացուցելու համար, որ այն հատվածը, որը վերջինս պահանջում է քանդել, ներառված չէ նախագծային փաստաթղթերի մակերեսներում և հանդիսանում է ինքնակամ կառույց:
Թե հայցադիմումի հիմքերում, թե ապացույցներում իսպառ բացակայում են դիտարկումներ կառուցվող շինության այն մակերեսի վերաբերյալ, որը ներառված է նախագծային փաստաթղթերում: Ճիշտ հակառակը, հենց հայցվորն է կառուցվող շինության նախագծային փաստաթղթերը տրամադրել Դատարանին և փորձագետին՝ որպեսզի հստակ տարանջատվի այն մակերեսը, որը ներառված չէ նախագծային փաստաթղթերում և հանդիսանում է ինքնակամ կառույց: Արդյունքում, հայցվորը պահանջել է քանդել, և Դատարանը պատասխանողներին պարտավորեցրել է քանդել միայն այն հատվածը, որը ոչ միայն խախտում է հայցվորի իրավունքները, այլ նաև կառուցված է նախագծային փաստաթղթերով սահմանված մակերեսից դուրս և հանդիսանում է ինքնակամ կառույց:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 10․06․2022 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 29․09․2021 թվականի վճռին»:
2.1. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումներ նշել է հետևյալը․
«Վճռաբեկ բողոքն անհիմն է, և ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ․
Հայցվորը չի կատարել իր վրա դրված ապացուցման պարտականությունը, ինչի բացասական բեռը պետք է կրեր հենց հայցվոր կողմը, որը չի արվել Դատարանի կողմից և հայցապահանջը ակնհայտ անհիմն կերպով բավարարվել է: Ասվածի վերաբերյալ Վերաքննիչ դատարանը կատարել է հստակ վերլուծություն՝ նշելով, որ գործում առկա չէ որևէ այլ ապացույց առ այն, որ պատասխանողների փաստացի կատարած շինարարությունը չի համապատասխանում վարչական ակտերով սահմանված պահանջներին:
Դատարանի ապացուցման պարտականությունը բաշխելու և գործը դատաքննության նշանակելու մասին որոշմամբ Դատարանը խախտել է դատավարական գործողությունների հաջորդականությունը և նախնական դատական նիստի ընթացքում գործին մասնակցող անձանց հետ չի քննարկել ներկայացված ապացույցների վերաբերելիության և թույլատրելիության հարցը, չի լուծել գործին մասնակցող անձանց միջնորդությամբ ներկայացվող հայցի ապահովման, հակընդդեմ ապահովման, ապացույց պահանջելու, ապացույց ապահովելու, փորձաքննություն նշանակելու, դատական նիստին վկա, փորձագետ կանչելու, թարգմանիչ ներգրավելու, գործին մասնակցող անձին հարցաքնելու, դատական հանձնարարություն տալու, ապացույցներն իրենց գտնվելու վայրում հետազոտելու վերաբերյալ հարցերը, ավելին՝ նախնական դատական նիստում չի որոշել, թե ինչպես պիտի ապացույցները հետազոտի, դատավարության որ փուլում, այլ մի որոշմամբ և՛ ապացուցման պարտականությունը բաշխելու որոշում է կայացրել, և՛ գործը դատաքննության նշանակելու՝ դրանով իսկ խախտելով գործին մասնակցող անձանց մրցակցության իրավունքը: Ավելին, դատական նիստով կողմերի միջև չի սահմանել ապացուցման ենթակա փաստերի շրջանակը և չի բաշխել ապացուցման պարտականությունը, մինչդեռ նույն օրով թվագրված առանձին ակտի ձևով կայացված որոշմամբ սահմանել է ապացուցման ենթակա փաստերի շրջանակը՝ սահմանելով ապացույցներ ներկայացնելու ժամկետ: Դատարանը չի կատարել տվյալ գործով բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն, որը տվյալ դեպքում հանգեցրել է գործի սխալ լուծման, որի արդյունքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի դատավարական իրավունքի նորմերի սխալ կիրառումը և խախտումը դատական ակտի բեկանման հիմք է դարձել: Արդյունքում Վերաքննիչ դատարանն արդարացիորեն բեկանել է ստորադաս դատարանի դատական ակտը՝ ամբողջությամբ փոփոխելով այն, հայցը մերժել է:
Այսպիսով, գործում առկա փորձագետի եզրակացությունը չէր կարող հիմք համարվել հայցապահանջը բավարարելու համար, քանի որ այն չի համապատասխանում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի պահանջներին՝ արժանահավատ և թույլատրելի չէ, դրանում արված դատողությունները չեն բխում գործի էությունից և փորձագետն էլ իր հերթին իրավասու չէր իրեն վերապահել վարչական մարմնի գործառույթներ: Բացի այդ, ներկայացված հայցապահանջը չի համապատասխանում նեգատոր հայցի պահանջներին և այդպիսին համարվել չի կարող:
Վերաքննիչ դատարանը գործով հաստատված փաստերի օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ սույն վեճի լուծման համար նշված հանգամանքների հետազոտմամբ արդարացիորեն հաստատված է համարել, որ բողոքաբերի պահանջը օրինական է և ենթակա է բավարարման»։
3. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստեր նշել է հետևյալը.
«Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1. Սեփականության իրավունքի պետական գրանցման թիվ 2721468 վկայականի համաձայն՝ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 2-րդ անցուղի 2-րդ շենքի թիվ 2 բնակարանի նկատմամբ գրանցված է Մելքոն Հարությունյանի սեփականության իրավունքը (հատոր 1, գ․թ․ 17):
2․ Համաձայն 22.05.2018 թվականի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 22052018-01-0276 վկայականի՝ թիվ 01-003-0131-0002 կադաստրային ծածկագրով Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի թիվ 54/5 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ (մակերեսի չափը՝ 0.03313 հա։ Առկա է 5.5 քմ ինքնակամ շինություն) գրանցված է Խեչո Խաչադուրյանի և Արմենուհի Դեր Ավանեսյանի սեփականության իրավունքը (հատոր 1, գ․թ․ 19):
3․ Համաձայն 09.10.2017 թվականի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 09102017-01-0225 վկայականի՝ թիվ 01-003-0131-0002 կադաստրային ծածկագրով Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի թիվ 54/5 հասցեում գտնվող անշարժ գույքի (մակերեսի չափը՝ 0.038 հա) նկատմամբ գրանցված է Խեչո Խաչադուրյանի և Արմենուհի Դեր Ավանեսյանի սեփականության իրավունքը (հատոր 1, գ․թ․ 20):
4․ Համաձայն Երևան համայնքի 03.10.2017 թվականի նախագծման թույլտվության (ճարտարապետահատակագծային առաջադրանք) կառուցապատողներ Աիդա Ավանեսյանին և Վաչիկվարուջ Էբրահիմ-Մասիհիի Գրիկորյանին տրվել է Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի թիվ 54/5 հասցեում բնակելի տան կառուցման նախագծային փաստաթղթերի մշակման թույլտվություն (հատոր 1, գ․թ․ 26):
5․ Երևան համայնքի 02.02.2018 թվականի թիվ 1/18-Մ-531-75 շինարարության թույլտվությամբ կառուցապատողներ Խեչո Խոսրոյի Խաչադուրյանին և Արմենուհի Մաթուսի Դեր Ավանեսյանին թույլատրվել է Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի թիվ 54/5 հասցեում կատարել կառուցման շինարարական աշխատանքներ, այս թվում՝ ոչ հիմնական կառույցների տեղադրման համար։ Օբյեկտի նախագծային փաստաթղթեր՝ մշակվել է աշխատանքային նախագիծ «ՆՇԱՆ ԵՎ ՈՐԴԻՆԵՐ» ՍՊԸ-ի կողմից, ստացել է փորձագիտական դրական եզրակացություն «ԵՐՇԻՆ ՆԱԽԱԳԻԾ» ՍՊԸ-ի կողմից (հատոր 1, գ․թ․ 21):
6․ Երևան համայնքի 22․01.2021 թվականի թիվ 1/18-Խ-3992-14 շինարարության թույլտվությամբ կառուցապատողներ Խեչո Խաչադուրյանին և Արմենուհի Դեր Ավանեսյանին թույլատրվել է Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի թիվ 54/5 հասցեում կատարել կառուցման շինարարական աշխատանքներ։ Օբյեկտի նախագծային փաստաթղթեր՝ մշակվել է աշխատանքային նախագիծ «ՆՇԱՆ ԵՎ ՈՐԴԻՆԵՐ» ՍՊԸ-ի կողմից, ստացել է փորձագիտական դրական եզրակացություն «ԵՐՇԻՆ ՆԱԽԱԳԻԾ» ՍՊԸ-ի կողմից (հատոր 2, գ․թ․ 162):
7․ Համաձայն «ԵՐՇԻՆ ՆԱԽԱԳԻԾ» ՍՊԸ-ի՝ «ք. Երևան, Բաղրամյան պողոտա թիվ 54/5 հասցեում բնակելի տան կառուցման նախագծի վերաբերյալ» 27.12.2017 թվականի թիվ 17 փորձագիտական եզրակացության՝ «(…) Կառուցապատվող տարածքի ձախ հարևանությամբ տարածքից 12 մ հեռավորության վրա գտնվում է բնակելի շենք, այս շենքի լուսավորության ինսոլյացիայի պայմանը լիովին բավարարված է։ Շինարարական աշխատանքներն իրականացվում են շրջակա միջավայրի պաշտպանության և հակահրդեհային պաշտպանության գործող նորմերի պահանջներին համապատասխան։ Կառուցվող տարածքից աջ հարևանությամբ (9մ. հեռավորության վրա) գտնվում են հասարակական նշանակության շինություններ և 18մ հեռավորության վրա՝ եռահարկ բնակելի շենք։ Նախագծված շենքը իրենից ներկայացվում է 4 բնակելի հարկանի, նկուղային հարկով շենք։ Նկուղային հարկը ծառայում է որպես ավտոկայանատեղ առավելագույնը 8 ավտոմեքենայի համար։ Շենքի տանիքը իրականացված է ծրարաձև, փայտե կմախքով և գունավոր կղմինդրաձև թիթեղով։ 1-ին և 2-րդ հարկերում դասավորված են երկուական բնակարան, իսկ 3-րդ և 4-րդ հարկերում՝ մեկական։ Շենքի տարածական ուրվագիծը նախագծված է այնպես, որպեսզի ապահովվի հարևան շենքերի ինսոլյացիայի պայմանը» (հատոր 1, գ․թ․ 23-25):
8․ Համաձայն «ՀՀ Փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության 05.06.2019 թվականի թիվ 05201907 փորձագետի եզրակացության՝ «(…) Հեռախոսակապի միջոցով լրացուցիչ փորձագետի կողմից հայցվորի և պատասխանողի ներկայացուցիչներից պահանջվել է հետազոտման առարկա հանդիսացող օբյեկտի՝ քաղաք Երևան, Արաբկիր, Բաղրամյան պողոտա հ 54/5 հասցեում կառուցվող շենքի նախագծային փաստաթղթերը, ինչի վերաբերյալ միջնորդությունը ներկայացվել է նաև սույն փորձաքննությունը նախաձեռնողին։ Միաժամանակ, հարկ է նշել, որ հայցվորի ներկայացուցիչ Ա.Նուրիջանյանի 16.05.2019 թվականին ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենին ուղղված գրությանն ի պատասխան կրկին անգամ տեղեկացվել է, որ փորձաքննություն իրականացնելու նպատակով անհրաժեշտ է ներկայացնել լրացուցիչ նյութեր՝ ք. Երևան, Բաղրամյան պողոտա թիվ 54/5 հասցեում կառուցվող շենքի նախագծային փաստաթղթերը, ինչպես նաև շինարարություն իրականացնելու թույլտվությունը։ Այնուհետև Ա.Նուրիջանյանի կողմից սույն թվականի մայիսի 27-ին ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ ներկայացվել են փաստաթղթեր՝ շինարարության թույլտվության պատճենը, նախագծման թույլտվության պատճենը, նախագծային փաստաթղթերի փորձաքննության եզրակացության պատճենը, «ԿՈՆՍՏԱՆՏԱ ԲԻԼԴ» ՍՊ ընկերության կողմից տրված ք. Երևան, Բաղրամյան պողոտա թիվ 54/5 հասցեում գտնվող նոր նախագծվող շենքի ինսոլյացիոն ազդեցության վերաբերյալ եզրակացության պատճենը, ք. Երևան, Բաղրամյան պողոտա թիվ 54/5 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը, ք. Երևան, Բաղրամյան պողոտա 2-րդ անցուղի, 2-րդ շենքի թիվ 2 բնակարան հասցեով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի պատճենը։ Հարկ է նշել, որ «ԿՈՆՍՏԱՆՏԱ ԲԻԼԴ» ՍՊ ընկերության և «ԵՐՇԻՆ ՆԱԽԱԳԻԾ» ՍՊ ընկերության կողմից ք. Երևան, Բաղրամյան պողոտա թիվ 54/5 հասցեում գտնվող նոր նախագծվող շենքի ինսոլյացիոն ազդեցության վերաբերյալ եզրակացության և նախագծային փաստաթղթերի ուսումնասիրմամբ պարզվել է, որ կառուցվող շենքի նախագծային փաստաթղթերը համապատասխանում են գործող նորմերի պահանջներին։ Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ դատաշինարարական փորձաքննություն նշանակելու մասին կայացված որոշմամբ փորձագետին առաջադրված հարցերին լիարժեք պատասխանելու համար միանշանակ անհրաժեշտ են հաստատված նախագծային փաստաթղթերից բխող ելակետային տվյալներ, որոնք պետք է համադրվեն ք. Երևան, Բաղրամյան պողոտա թիվ 54/4 հասցեում կառուցվող շենքի ծավալահատակագծային տվյալների հետ, ինչի պայմաններում անհրաժեշտ էր ներկայացնել փորձաքննությանը՝ ք. Երևան, Բաղրամյան պողոտա թիվ 54/5 հասցեում գտնվող նոր նախագծվող շենքի հաստատված նախագծային փաստաթղթերը, որը մինչև օրս սույն փորձաքննությանը չի տրամադրվել։ Ելնելով վերոգրյալից և առաջնորդվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 45-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված պահանջներով՝ ելակետային տվյալների անբավարարության պատճառով, նախաձեռնողի կողմից փորձաքննություն նշանակելու մասին կայացված որոշման պահանջները թողնվում են անկատար» (հատոր 2, գ․թ․ 4-9):
9. Համաձայն «Կառուցագետ» անկախ փորձաքննությունների ազգային կենտրոնի կողմից 17.09.2019 թվականին տրված թիվ Կ-19/Պ-023 եզրակացության «Հետազոտություն» բաժնի՝ «(…) Ըստ ՀՀ ԿԱ ԱՀԿՊԿ-ի կողմից 09.10.2017 թվականին տրամադրված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 09102017-01-0225 վկայականի՝ (…) ք. Երևան, Բաղրամյան պողոտա թիվ 54/5 հասցեի հողամասը հատակագծում ունի անկանոն բազմանկյուն տեսք, այդ թվում՝ 1-2՝ 23,4 մ երկարությամբ սահմանագծով հարակից է ք. Երևան, Բաղրամյան պողոտա 2-րդ անցուղի, թիվ 2 շենքին։ (…) 14.07.2019 թվականին նախաձեռնողի մասնակցությամբ և ներկայությամբ իրականացվել են ք. Երևան, Բաղրամյան պողոտա 2-րդ անցուղի, թիվ 2-րդ շենքի թիվ 2 բնակարան հասցեի և ք. Երևան, Բաղրամյան պողոտա թիվ 54/5 հասցեում կառուցվող շինության տեղազննման, ստուգաչափման և լուսանկարահանման աշխատանքները, որոնց արդյունքում պարզվել է, որ ք. Երևան, Բաղրամյան պողոտա թիվ 54/5 հասցեում կառուցվող շինության արտաքին պատի և ք. Երևան, Բաղրամյան պողոտա 2-րդ անցուղի, թիվ 2-րդ շենքի թիվ 2 բնակարան հասցեի շինության արտաքին պատի միջև առկա առլույս հեռավորությունը կազմում է 2,2-2,3 մ, ք. Երևան, Բաղրամյան պողոտա թիվ 54/5 հասցեում կառուցվող շինության առաջին բնակելի հարկի արտաքին պատի և ք. Երևան, Բաղրամյան պողոտա 2-րդ անցուղի, թիվ 2-րդ շենքի թիվ 2 բնակարան հասցեի շինության արտաքին պատի միջև առկա առլույս հեռավորությունը կազմում է 6,1-6,2 մ, ք. Երևան, Բաղրամյան պողոտա 2-րդ անցուղի, թիվ 2-րդ շենքի թիվ 2 բնակարան հասցեի ավտոտնակի և ք. Երևան, Բաղրամյան պողոտա թիվ 54/5 հասցեում կառուցվող շինության արտաքին պատի միջև առկա առլույս հեռավորությունը կազմում է 8,6 մ, ք. Երևան, Բաղրամյան պողոտա 2-րդ անցուղի, թիվ 2-րդ շենքի թիվ 2 բնակարան հասցեի շինության միջհարկային ծածկը, հատակը և տանիքածածկն իրականացված են փայտե կոնստրուկտիվ լուծումներով, այսինքն համաձայն ՀՀՇՆ 21-01-2014 «Շենքերի և շինությունների հրդեհային անվտանգություն» շինարարական նորմի թիվ 1 հավելվածի հանդիսանում III աստիճանի հրակայունությամբ շինություն։ (…)
Նախաձեռնողի կողմից ներկայացված նյութերի, տեղազննմամբ ձեռք բերված տվյալների և ՀՀ քաղաքաշինության տվյալ բնագավառում գործող նորմերի համալիր վերլուծության արդյունքում պարզ է դառնում, որ «ՆՇԱՆ ԵՎ ՈՐԴԻՆԵՐ» ՍՊԸ-ի կողմից մշակված շինարարության նախագիծը չի համապատասխանում ՀՀ քաղաքաշինության տվյալ բնագավառում գործող ՀՀՇՆ 30-01-2014 «Քաղաքաշինություն․քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» շինարարական նորմի «80․», «81․», «439․», «440․» և «442․», ինչպես նաև ՀՀՇՆ 21-01-2014 «Շենքերի և շինությունների հրդեհային անվտանգություն» շինարարական նորմի «150․» և «152․» կետերի պահանջներին, ինչպես նաև 03.10.2017 թվականին Երևանի քաղաքապետարանի կողմից տրված թիվ 01/18-01/1-Գ-4326-665 ճարտարապետահատակագծային առաջադրանքին, իսկ «ԵՐՇԻՆ ՆԱԽԱԳԻԾ» ՍՊԸ-ի կողմից տրված դրական եզրակացությունը չի համապատասխանում իրականությանը (…)։
Նույն եզրակացության «Հետևություն» բաժնի՝ «1.-3. ք. Երևան, Բաղրամյան պողոտա թիվ 54/5 հասցեում բնակելի տան կառուցումով խախտվում են ք. Երևան, Բաղրամյան պողոտա 2-րդ անցուղի, թիվ 2-րդ շենքի թիվ 2 բնակարանից նախատեսված նվազագույն հեռավորությունները և հակահրդեհային տարածությունները, այդ թվում՝ ՀՀ տվյալ բնագավառում գործող ՀՀՇՆ 30-01-2014 «Քաղաքաշինություն․քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» շինարարական նորմի «2.», «80․», «81․», «439․», «440․» և «442․», ինչպես նաև ՀՀՇՆ 21-01-2014 «Շենքերի և շինությունների հրդեհային անվտանգություն» շինարարական նորմի «5.», «150․» և «152․» կետերի պահանջները։
2. ՀՀ տվյալ բնագավառում գործող ՀՀՇՆ 30-01-2014 «Քաղաքաշինություն․ քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» և ՀՀՇՆ 21-01-2014 «Շենքերի և շինությունների հրդեհային անվտանգություն» շինարարական նորմերով նախատեսված նվազագույն հեռավորությունները և հակահրդեհային միջտարածությունները ապահովելու համար անհրաժեշտ ք. Երևան, Բաղրամյան պողոտա թիվ 54/5 հասցեում կառուցվող շինության 1-2՝ 4,8 մ և Բ-Գ-Դ՝ 9,7 (4,2+5,5) մ առանցքներով տեղակայված 46,56 (4,8x9,7) մ2 մակերեսով կիսանկուղը համապատասխանեցնել 03.10.2017 թվականին Երևանի քաղաքապետարանի կողմից տրված թիվ 01/18-01/1-Գ-4326-665 ճարտարապետահատակագծային առաջադրանքին, այսինքն վերգետնյա հատվածը վերակառուցել ստորգետնյա՝ այսինքն ք. Երևան, Բաղրամյան պողոտա 2-րդ անցուղի, թիվ 2 շենքի սալվածքի մակարդակին համապատասխան» (հատոր 2, գ․թ․ 27-37)։
10․ «Ապացուցման պարտականությունը բաշխելու և գործը դատաքննության նշանակելու մասին» 14.10.2020 թվականի որոշմամբ Դատարանը սահմանել է, որ հայցվորը պետք է ապացուցի, որ շինարարությունը կատարված է շինարարական նորմերի խախտումներով և, որ ապօրինի շինարարությամբ խախտվում է հայցվորի իրավունքը։ Ապացույցներ ներկայացնելու վերջնաժամկետ է սահմանվել 11.01.2021 թվականը։ Միաժամանակ, Դատարանը այդ որոշմամբ նշանակել է դատաքննություն՝ 27.01.2022 թվականին, ժամը 11։00-ին (հատոր 2, գ․թ․ 112-113)»։
4. Վճռաբեկ դատարանը որպես պատճառաբանություններ և եզրահանգումներ նշել է հետևյալը.
«Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.
Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն հարցին, թե արդյո՞ք Վերաքննիչ դատարանն իրավասու է կիրառել վճիռը բեկանելու և փոփոխելու իր լիազորությունն այն դեպքում, երբ Դատարանը թույլ է տվել ապացուցման բեռի բաշխման դատավարական կանոնների խախտում՝ վերահաստատելով նախկինում հայտնած դիրքորոշումը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ապացույց է այն փաստական տվյալը, որի հետազոտման և գնահատման հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիմքում դրված, ինչպես նաև գործի կամ հարցի լուծման համար նշանակություն ունեցող այլ փաստերի առկայությունը կամ բացակայությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ փաստերը, որոնք, օրենքի կամ նորմատիվ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա` ղեկավարվելով վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառելի իրավական նորմերով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների և առարկությունների հիմքում դրված ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով:
Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ եթե բոլոր ապացույցների հետազոտումից և գնահատումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող անձը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։
ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Նախկին օրենսգիրք) գործողության ժամանակ ապացույցների գնահատման հարցին, նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը: Ապացույցի գնահատումն ապացույցների տրամաբանական և իրավաբանական որակումն է՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Ընդ որում, ապացույցների բավարարությունը գործով ձեռք բերված ապացույցների այնպիսի համակցությունն է, որը հնարավորություն է տալիս վերջնական եզրահանգում կատարելու որոնվող փաստերի առկայության կամ բացակայության վերաբերյալ: Ապացույցների գնահատումը բավարարության տեսանկյունից հետապնդում է ապացույցների միջև հակասությունները վերացնելու նպատակ այնպես, որ փարատվեն ստացված ամբողջ ապացուցողական զանգվածից կատարված հետևությունների ճշմարտացիության վերաբերյալ կասկածները: ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ապացույցների անբավարար լինելու դեպքում գործի հանգամանքների վերաբերյալ դատարանը կարող է կատարել ոչ թե որոշակի, այլ հավանական եզրակացություններ, մինչդեռ դատարանի կողմից գործն ըստ էության լուծող դատական ակտը չի կարող հիմնված լինել հավանական եզրակացությունների և դատողությունների վրա (տե՛ս «Շենքերի կառավարում» համատիրությունն ընդդեմ Մասիս Ղազանչյանի թիվ ԵԱՔԴ/0483/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում դատական ակտ կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տե'ս, Ռազմիկ Մարությանն ընդդեմ Ստեփան և Անահիտ Մարությանների թիվ 3-54(ՎԴ) գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ Նախկին օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասի և գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասում օրենսդիրը սահմանել է համանման ու հավասարազոր իրավական կարգավորումներ, որի պայմաններում ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից արտահայտված վերը նշված իրավական դիրքորոշումները հավասարապես կիրառելի են նաև ներկայումս գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի նկատմամբ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը նախնական դատական նիստի ընթացքում` պարզում է հայցի առարկան, հայցի փաստական և իրավական հիմքերը:
Նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը նախնական դատական նիստի ընթացքում` պարզում է պատասխանողի առարկությունների փաստական և իրավական հիմքերը:
Նույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը նախնական դատական նիստի ընթացքում պարզում է վիճելի իրավահարաբերության բնույթը, այդ թվում՝ կիրառելի իրավական նորմերը՝ չսահմանափակվելով գործին մասնակցող անձանց մատնանշած իրավական նորմերով:
Նույն հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը նախնական դատական նիստի ընթացքում` գործին մասնակցող անձանց հետ քննարկում է ապացուցման պարտականությունը նրանց միջև բաշխելու հարցը:
Նույն հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը նախնական դատական նիստի ընթացքում` գործին մասնակցող անձանց հետ քննարկում և լուծում է ներկայացված ապացույցների վերաբերելիության և թույլատրելիության հարցը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի իրավակարգավորումներից բխում է, որ առաջին ատյանի դատարանը նախնական դատական նիստի ընթացքում ի թիվս հայցի և առարկությունների փաստական և իրավական հիմքերի, պարզում է վիճելի իրավահարաբերության բնույթը, այդ թվում՝ կիրառելի իրավական նորմերը՝ չսահմանափակելով գործին մասնակցող անձանց մատնանշած իրավական նորմերով և գործին մասնակցող անձանց հետ քննարկում է ապացուցման պարտականությունը նրանց միջև բաշխելու հարցը, ինչպես նաև քննարկում և լուծում է ներկայացված ապացույցների վերաբերելիության և թույլատրելիության հարցը: Միայն նշված գործողությունները կատարելուց հետո է դատարանը կայացնում ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում: Նման իրավակարգավորման նպատակն այն է, որպեսզի ապացուցման պարտականությունը բաշխվի ճիշտ՝ կիրառելի իրավական նորմերին համապատասխան՝ վերը նշված հարցերը նախապես քննարկելով գործին մասնակցող անձանց հետ: Մասնավորապես, կիրառելի իրավական նորմերը որոշելիս կողմերի հետ այդ հարցի քննարկման պահանջն ինքնանպատակ չէ, այն կոչված է ապահովելու գործին մասնակցող անձանց դիրքորոշումների ճշտումը, ապացուցման գործընթացում նրանց պարտականությունների հստակեցումը: Հենց այդ պատճառով է սահմանված, որ դատարանը չի սահմանափակվում գործին մասնակցող անձանց մատնանշած իրավական նորմերով, այլ գտնելով, որ կիրառման են ենթակա նաև այլ իրավական նորմեր, դատարանը դրանք պետք է մատնանշի գործին մասնակցող անձանց: Նման մատնանշումը գործին մասնակցող անձանց հնարավորություն է տալիս ապացուցման գործընթացում իրենց դատավարական գործողությունները համապատասխանեցնել կիրառելի իրավական նորմերի պահանջներին և վերջին հաշվով նպաստում է ապացուցման գործընթացի արդյունավետությանը: Մասնավորապես, եթե մատնանշված կիրառելի իրավական նորմերի բովանդակությունից բխում է, որ գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստի վերաբերյալ ապացույցը կարող է ձեռք բերվել միայն պատասխանողից, ապա հայցվորը պետք է հնարավորություն ստանա համապատասխան ապացույցը պահանջելու մասին միջնորդություն ներկայացնել, իսկ դատարանն էլ իր հերթին պարտավոր է ապացուցման պարտականությունը բաշխել կիրառելի իրավական նորմերի կարգավորումներին համապատասխան: Հակառակ դեպքում, եթե կիրառելի իրավական նորմերի պահանջների համաձայն պատասխանողի վրա որոշակի ապացույց ներկայացնելու պարտականություն չի դրվել, ապա դա նշանակում է, որ ապացուցման բեռի բաշխումը կատարվել է դատավարական նորմերի պահանջների խախտմամբ, իսկ պատասխանողի վրա որոշակի փաստի վերաբերյալ ապացույց ներկայացնելու պարտականություն չդրվելու պարագայում այդ փաստի չապացուցման բացասական հետևանքը ևս վերջինիս վրա դրվել չի կարող:
Ապացուցման պարտականության սխալ բաշխումը բերում է ապացուցման գործընթացի այնպիսի ձևախեղման, որը, որպես կանոն, հանգեցնում է գործով ձեռք բերված ապացույցների սխալ գնահատման և գործի սխալ լուծման: Մասնավորապես, դատարանի կողմից թույլ տրված այնպիսի խախտումը, որի արդյունքում ապացույցը մի կողմից պահանջելու փոխարեն պահանջվում է հակառակ կողմից, հանգեցնում է չապացուցման բացասական հետևանքի սխալ կիրառման, իսկ դա էլ իր հերթին, որպես կանոն, պայմանավորում է գործի սխալ լուծումը:
Վերաքննիչ դատարանը որպես առաջին ատյանի դատարանի դատական ակտերը վերանայող դատարան դատական ակտը համապատասխան հիմքով բողոքարկված լինելու պարագայում ստուգում է, թե արդյոք առաջին ատյանի դատարանը ճիշտ է կատարել ապացուցման բեռի բաշխումը: Եթե վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ առաջին ատյանի դատարանն ապացուցման պարտականությունը սխալ է բաշխել, որի արդյունքում գործին մասնակցող անձի վրա չի դրվել որոշակի ապացույց ներկայացնելու պարտականություն, ապա այդ սխալը չի կարող հաղթահարվել վերաքննիչ ատյանում, քանի որ, իր գործունեության առանձնահատկություններով պայմանավորված, վերաքննիչ դատարանը լիազորված չէ ապացուցման գործընթաց կազմակերպել այնպիսի ծավալով, ինչպիսինն իրականացնում է առաջին ատյանի դատարանը՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի «Ապացուցումը» վերտառությամբ 8-րդ գլխի իրավակարգավորումներին համապատասխան: Հետևաբար, այն դեպքերում, երբ վերաքննիչ դատարանն արձանագրում է առաջին ատյանի դատարանի կողմից ապացուցման բեռի բաշխումն այնպիսի սխալով կատարելը, որի դեպքում ենթակա է կիրառման ապացուցման պարտականության չկատարման բացասական հետևանք, չի կարող կիրառել վճիռը բեկանելու և փոփոխելու իր լիազորությունը, այլ նրա կողմից ենթակա է կիրառման վճիռը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու լիազորությունը (տե'ս, «Հիմնարար հետազոտությունների կենտրոն» ՓԲԸ-ի ընդդեմ «Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» ՓԲԸ-ի թիվ ԵԿԴ/4497/02/16 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25․06․2021 թվականի որոշումը):
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն՝ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 2-րդ անցուղի, 2-րդ շենքի թիվ 2 բնակարանը սեփականության իրավունքով պատկանում է Մելքոն Հարությունյանին, իսկ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի թիվ 54/5 հասցեում գտնվող անշարժ գույքը՝ Խեչո Խաչադուրյանին և Արմենուհի Դեր Ավանեսյանին։ Երևան համայնքի 02.02.2018 թվականի շինարարության թույլտվությամբ կառուցապատողներ Խեչո Խաչադուրյանին և Արմենուհի Դեր Ավանեսյանին թույլատրվել է Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի թիվ 54/5 հասցեում կատարել կառուցման շինարարական աշխատանքներ, այդ թվում՝ ոչ հիմնական կառույցների տեղադրման համար։
Դիմելով դատարան` Մելքոն Հարությունյանը պահանջել է պարտավորեցնել Խեչո Խաչադուրյանին և Արմենուհի Դեր Ավանեսյանին քանդել Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի թիվ 54/5 հասցեում գտնվող կիսակառույց շինության՝ «ԿԱՌՈՒՑԱԳԵՏ» անկախ փորձաքննությունների ազգային կենտրոն» ՍՊԸ-ի 17.09.2019 թվականի թիվ Կ-19/Պ-023 եզրակացությանը կից հավելվածում նշված, կառուցվող շինության 1-2՝ 4,8 մ և Բ-Գ-Դ՝ 9,7 (4,2+5,5) մ առանցքներով տեղակայված 46,56 (4,8 X 9,7) մ2 մակերեսով հատվածի՝ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 2-րդ անցուղի թիվ 2 շենքի սալվածքի մակարդակից բարձր մակերեսը և պարտավորեցնել շինարարական աշխատանքներ չիրականացնել:
Դատարանը, հայցը բավարարել է՝ արձանագրելով, որ․ «(․․․) հայցվորը հայցի հարուցման պահին եղել է գույքի սեփականատերը, հայցի ներկայացման պահին երրորդ անձի կողմից թույլ է տրվել ՀՀ տվյալ բնագավառում գործող ՀՀՇՆ 30-01-2014 «Քաղաքաշինություն. քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» շինարարական նորմի 2, 80, 81, 439, 440 և 442, ինչպես նաև ՀՀՇՆ 21-01-2014 «Շենքերի և շինությունների հրդեհային անվտանգություն» շինարարական նորմի 5, 150 և 152 կետերի պահանջների խախտում, ինչով խախտվել է հայցվորի բնակարանից նախատեսված նվազագույն հեռավորությունները և հակահրդեհային միջտարածությունները, որպիսի հանգամանքն էլ հիմք է վերը նշված հոդվածների ուժով հայցապահանջը բավարարելու համար»:
Վերաքննիչ դատարանի 10․06․2022 թվականի որոշմամբ Խեչո Խաչադուրյանի և Արմենուհի Դեր Ավանեսյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 29․09․2021 թվականի վճիռը բեկանվել է և փոփոխվել, ու հայցը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ « (․․․) սույն գործում խոսքը Երևան համայնքի որոշման մասին է, որի հիման վրա պատասխանողները ստացել են շինարարության թույլտվություն՝ հիմքում դնելով «ՆՇԱՆ ԵՎ ՈՐԴԻՆԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից մշակված շինարարության նախագիծը և «ԵՐՇԻՆ ՆԱԽԱԳԻԾ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տրված դրական եզրակացությունը։ Վարչական մարմնի կողմից տրված շինարարության թույլտվությունը վարչական ակտ է, և երբ վարչական ակտն ընդունվել է որոշակի փաստաթղթերի հիման վրա, ապա գործում է այն կանխավարկածը, որ վարչական ակտը, հետևաբար նաև դրա հիմքում դրված փաստաթղթերն իրավաչափ են։ Այսինքն՝ քանի դեռ հակառակը չի ապացուցվել, գործում է Երևան համայնքի կողմից տրված շինարարության թույլտվությունների և դրանց հիմքում դրված փաստաթղթերի, (․․․) իրավաչափության կանխավարկածը։ Ընդ որում, ընդհանուր իրավասության դատարանը չի կարող և իրավասու չէ կասկածի տակ դնել այդ վարչական ակտի իրավաչափությունը, քանի որ այդ հարցը կարող է քննարկման առարկա դառնալ միայն վարչական դատավարության կարգով։ (․․․) Մինչդեռ, ընդհանուր իրավասության դատարանն իրավասու չէ քննարկել նախագծի կամ դրա հիմքում դրված եզրակացության իրավաչափության, հիմնավորվածության հարցը։
(․․․) Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը կարևորում է նաև, որ գործում առկա չէ որևէ այլ ապացույց առ այն, որ պատասխանողների փաստացի կատարած շինարարությունը չի համապատասխանում վարչական ակտերով սահմանված պահանջներին»։
Վերոնշյալ դիրքորոշումների համատեքստում գնահատելով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանք անհիմն են՝ հետևյալ հիմնավորմամբ․
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` սեփականության իրավունքը սուբյեկտի` օրենքով և այլ իրավական ակտերով ճանաչված իրավունքն է` իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրեն պատկանող գույքը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 277-րդ հոդվածի համաձայն` սեփականատերն իրավունք ունի պահանջել վերացնելու իր իրավունքների ամեն մի խախտում, թեկուզև այդ խախտումները զուգորդված չեն եղել տիրապետումից զրկելու հետ:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ նեգատոր հայցը գույքի սեփականատիրոջ կողմից արտապայմանագրային հարաբերություններից բխող սեփականության իրավունքի պաշտպանության միջոց է, որն ուղղված է սեփականատիրոջ կողմից գույքի օգտագործման կամ տիրապետման իրավունքների իրացման խոչընդոտների վերացմանը: Ընդ որում, գույքի տիրապետումից զրկելու հետ չկապված իրավունքի խախտումները, որպես կանոն, տևական և շարունակական են (...) (տե´ս Ռազմիկ, Սիրանուշ, Կարեն, Տիգրան Մանուչարյանները և Կարինե Հարությունյանն ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության և Երևանի քաղաքապետարանի թիվ ԵԿԴ/0502/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել արձանագրել, որ նեգատոր հայցով սեփականատիրոջ իրավունքները ենթակա են պաշտպանության այն դեպքում, երբ պատասխանողի գործողություններն օրինական չեն, իսկ այն դեպքում, երբ պատասխանողի գործողությունները հիմնված են վարչական ակտի վրա, ապա իրավունքների պաշտպանությունը կարող է իրականացվել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի վարչական ակտը վիճարկելու եղանակով (տե´ս, Նվարդ Ղուկասյանն ընդդեմ Համլետ Մադոյանի թիվ ՇԴ/1609/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ վերոնշյալ հոդվածում նախատեսված իրավունքի ապահովումը հնարավոր է նեգատոր հայցի միջոցով, որը որպես սեփականության իրավունքի պաշտպանության միջոց ուղղված է սեփականատիրոջ կողմից գույքի օգտագործման և (կամ) փաստացի տիրապետման իրավունքների իրացման խոչընդոտների վերացմանը: Նեգատոր հայցի ներկայացման հնարավորություն առաջանում է այն դեպքում, երբ գույքի սեփականատերը և երրորդ անձը վիճելի գույքի առնչությամբ չեն գտնվում պարտավորական հարաբերությունների մեջ, և երբ թույլ տրված իրավախախտումը չի հանգեցրել գույքի նկատմամբ սեփականության սուբյեկտիվ իրավունքի դադարման: Վերոնշյալ մեկնաբանությունների ընդհանրացման արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանը հանգել է այն եզրակացության, որ նեգատոր հայցի ներկայացման դեպքում միաժամանակ պետք է առկա լինեն հետևյալ երկու պայմանները.
1) հայցվորը հայցի հարուցման պահին պետք է լինի գույքի սեփականատեր կամ այլ օրինական (տիտղոսային) տիրապետող,
2) հայցի ներկայացման պահին պետք է առկա լինի երրորդ անձի կողմից թույլ տրված այնպիսի գործողություն կամ անգործություն, որը խոչընդոտի գույքի սեփականատիրոջը կամ օրինական (տիտղոսային) այլ տիրապետողին օգտագործել և (կամ) տնօրինել գույքը:
Վերոնշյալ պայմանները որպես փաստ ներառվում են նեգատոր հայցերով հարուցված գործերի ապացուցման առարկայում: Այդուհանդերձ դրանք ապացուցման առարկան կազմող միակ փաստերը չեն: Ի թիվս վերոնշյալի` ապացուցման է ենթակա նաև երրորդ փաստը, այն է` գույքի օգտագործմանը և (կամ) տիրապետմանը խոչընդոտող գործողության կամ անգործության իրավական լինելու փաստը: Նեգատոր հայցը սեփականության իրավունքի պաշտպանության ինքնուրույն միջոց է, որն իր հիմքում ունի փաստերի առանձնահատուկ կազմ, հետևաբար ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ յուրաքանչյուր գործով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 277-րդ հոդվածը կիրառելիս դատարանները պետք է հաշվի առնեն տվյալ գործով ապացուցման առարկան և դրա հիմքը, որից հետո միայն կողմերի միջև ճիշտ բաշխեն ապացուցման պարտականությունը: Հիմք ընդունելով վերոնշյալ վերլուծությունները` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է նաև, որ նեգատոր հայցերի դեպքում դատավարական բեռը բաշխելիս հայցվորն է կրում գույքի սեփականատերը լինելու և այդ գույքի օգտագործմանը և (կամ) տիրապետմանը խոչընդոտող գործողության կամ անգործության փաստերն ապացուցելու պարտականությունը: Ինչ վերաբերում է երրորդ փաստին` գործողությունների կամ անգործության հակաիրավական բնույթին, ապա հայց ներկայացնելու պահին վերջիններիս առնչությամբ գործում է հակաիրավական լինելու կանխավարկածը, քանի դեռ պատասխանողը չի ապացուցել հակառակը: Հետևաբար նշված փաստի ապացուցման դատավարական բեռը կրում է պատասխանողը (տե´ս, Լևոն Արշակունին ընդդեմ Կոմիտաս Հայրապետյանի թիվ ԿԴ3/0450/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2014 թվականի որոշումը):
Սույն գործով ապացուցման պարտականությունը բաշխելու և գործը դատաքննության նշանակելու մասին որոշմամբ Դատարանը սահմանել է, որ հայցվորը պետք է ապացուցի, որ շինարարությունը կատարված է շինարարական նորմերի խախտումներով և, որ ապօրինի շինարարությամբ խախտվում է հայցվորի իրավունքը։
Տվյալ դեպքում անհրաժեշտ պայման է, որպեսզի դատարանը գործի քննությամբ հաստատված համարի այն փաստերը, որ Մելքոն Հարությունյանը Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 2-րդ անցուղի 2-րդ շենքի թիվ 2 բնակարանի սեփականատերն է, հայցի ներկայացման պահին առկա է երրորդ անձանց՝ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի թիվ 54/5 հասցեի գույքի սեփականատերեր Խեչո Խաչադուրյանի և Արմենուհի Դեր Ավանեսյանի կողմից իրականացված շինարարությունը խոչընդոտում է Մելքոն Հարությունյանին օգտագործել և (կամ) տնօրինել իր գույքը, ինչպես նաև կատարված շինարարական աշխատանքները համապատասխանում են 03.10.2017 թվականին Երևանի քաղաքապետարանի կողմից տրված թիվ 01/18-01/1-Գ-4326-665 ճարտարապետահատակագծային առաջադրանքին։
Հիմք ընդունելով վերը նշվածը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործում առկա` հայցվոր Մելքոն Հարությունյանի անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականով հաստատվում է այն հանգամանքը, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 2-րդ անցուղի 2-րդ շենքի թիվ 2 բնակարանի սեփականատերը հանդիսանում է վերջինս: Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի թիվ 54/5 հասցեում բնակելի տան կառուցումով խախտվում են Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 2-րդ անցուղի 2-րդ շենքի թիվ 2 բնակարանի սեփականատիրոջ իրավունքները, ապա նշվածի մասին վկայում են գործում առկա գրավոր ապացույցները: Մասնավորապես` վերջին փաստը հիմնավորվում է «Կառուցագետ» անկախ փորձաքննությունների ազգային կենտրոնի կողմից տրված թիվ Կ-19/Պ-023 եզրակացությամբ, որի «Հետևություն» բաժնի 1․3 կետի համաձայն՝ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտա թիվ 54/5 հասցեում բնակելի տան կառուցումով խախտվում են Երևան քաղաքի Բաղրամյան պողոտա 2-րդ անցուղի, թիվ 2-րդ շենքի թիվ 2 բնակարանից նախատեսված նվազագույն հեռավորությունները և հակահրդեհային տարածությունները, այդ թվում՝ ՀՀ տվյալ բնագավառում գործող ՀՀՇՆ 30-01-2014 «Քաղաքաշինություն․քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» շինարարական նորմի «2.», «80․», «81․», «439․», «440․» և «442․», ինչպես նաև ՀՀՇՆ 21-01-2014 «Շենքերի և շինությունների հրդեհային անվտանգություն» շինարարական նորմի «5.», «150․» և «152․» կետերի պահանջները։ Նշված փաստն արձանագրվել է նաև Վերաքննիչ դատարանի կողմից։
Նման պայմաններում արձանագրելով, որ գործում առկա չէ որևէ այլ ապացույց առ այն, որ պատասխանողների փաստացի կատարած շինարարությունը չի համապատասխանում վարչական ակտերով սահմանված պահանջներին, Վերաքննիչ դատարանը բավարարել է վերաքննիչ բողոքը, Դատարանի վճիռը բեկանել և փոփոխել է՝ հայցը մերժել է։ Մինչդեռ Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Դատարանը կիրառելի իրավական նորմերին համապատասխան՝ առ այն, որ պատասխանողների կողմից փաստացի կատարած շինարարությունը չի համապատասխանում վարչական ակտերով սահմանված պահանջներին և հայցվորի պահանջն ուղղված է Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի թիվ 54/5 հասցեում կառուցվող շինության 1-2՝ 4,8 մ և Բ-Գ-Դ՝ 9,7 (4,2+5,5) մ առանցքներով տեղակայված 46,56 (4,8x9,7) մ2 մակերեսով կիսանկուղը 03.10.2017 թվականին Երևանի քաղաքապետարանի կողմից տրված թիվ 01/18-01/1-Գ-4326-665 ճարտարապետահատակագծային առաջադրանքին համապատասխանեցնելու միջոցով իր իրավունքների վերականգմանը, դրա վերաբերյալ ապացույց ներկայացնելու պարտականություն հայցվորի վրա չի դրել, որպիսի պայմաններում հայցվորի վրա չէր կարող դրվել նաև փաստի չապացուցման բացասական հետևանքը:
Ավելին՝ գործում առկա «Կառուցագետ» անկախ փորձաքննությունների ազգային կենտրոնի կողմից տրված թիվ Կ-19/Պ-023 եզրակացության «Հետևություն» բաժնի 2-րդ կետի համաձայն՝ ՀՀ տվյալ բնագավառում գործող ՀՀՇՆ 30-01-2014 «Քաղաքաշինություն․քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» և ՀՀՇՆ 21-01-2014 «Շենքերի և շինությունների հրդեհային անվտանգություն» շինարարական նորմերով նախատեսված նվազագույն հեռավորությունները և հակահրդեհային միջտարածությունները ապահովելու համար անհրաժեշտ է Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի թիվ 54/5 հասցեում կառուցվող շինության 1-2՝ 4,8 մ և Բ-Գ-Դ՝ 9,7 (4,2+5,5) մ առանցքներով տեղակայված 46,56 (4,8x9,7)մ2 մակերեսով կիսանկուղը համապատասխանեցնել 03.10.2017 թվականին Երևանի քաղաքապետարանի կողմից տրված թիվ 01/18-01/1-Գ-4326-665 ճարտարապետահատակագծային առաջադրանքին, այսինքն՝ վերգետնյա հատվածը վերակառուցել ստորգետնյա՝ այսինքն Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 2-րդ անցուղի 2-րդ շենքի սալվածքի մակարդակին համապատասխան։
Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի խախտում, քանի որ, որոշելով կիրառել Դատարանի վճիռը բեկանելու և փոփոխելու իր լիազորությունը, հաշվի չի առել, որ ապացուցման գործընթացը կիրառելի իրավական նորմերին համապատասխան չկազմակերպելու հետևանքով է, որ Դատարանը կողմերի վրա չի դրել վերոգրյալի վերաբերյալ ապացույց ներկայացնելու պարտականություն: Հետևաբար սույն վեճին իրավաչափ լուծում տալու համար Վերաքննիչ դատարանը պետք է կիրառեր վճիռը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու իր լիազորությունը:
Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված մյուս փաստարկները հերքվում են վերը նշված պատճառաբանություններով:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի և 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 10.06.2022 թվականի որոշումը մասնակիորեն բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կիրառման է ենթակա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու և գործն ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան նոր քննության ուղարկելու լիազորությունը՝ գործի նոր քննության ընթացքում ապացուցման բեռի բաշխումը ճիշտ կատարելու և ըստ այդմ ձեռք բերված ապացույցների հիման վրա գործը լուծելու համար»։
Վճռաբեկ դատարանի դատավոր Ա. Աթաբեկյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերում Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից արտահայտված կարծիքի հետ, շարադրում եմ հատուկ կարծիքս դրա վերաբերյալ:
Այսպես՝
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի համաձայն՝ վճռաբեկ բողոքում պետք է նշվեն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքը և դրա հիմնավորումը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում:
Նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն` նույն հոդվածի իմաստով` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, եթե բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նյութական իրավունքի նորմերը համարվում են խախտված կամ սխալ կիրառված, եթե առկա է նույն օրենսգրքի 364-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը։
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատավարական իրավունքի նորմերը համարվում են խախտված կամ սխալ կիրառված, եթե առկա է նույն օրենսգրքի 365-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 364-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նյութական իրավունքի նորմերը համարվում են խախտված կամ սխալ կիրառված, եթե դատարանը`
1) չի կիրառել այն օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը, որը պետք է կիրառեր.
2) կիրառել է այն օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը, որը չպետք է կիրառեր.
3) սխալ է մեկնաբանել օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը դատական ակտի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման։ (…)
Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտման առերևույթ առկայության հիմքով վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը: Օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի և նույն օրենսգրքի 364-րդ հոդվածի 1-ին մասի, 365-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով՝ նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտման առումով այդպիսի խախտում, իսկ դրա արդյունքում՝ դատական ակտի բեկանման հիմք է համարում նյութական և դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտումը կամ դրանց սխալ կիրառումը, որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վճռաբեկության կարգով բողոքի քննության ժամանակ Վճռաբեկ դատարանը գործով կայացված դատական ակտը վերանայում է միայն վճռաբեկ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում, բացառությամբ նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 406-րդ հոդվածի 5-րդ մասի 5-րդ կետի համաձայն՝ բողոքի քննության արդյունքներով կայացված Վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշվում են հիմքերը, որոնցով դրվել է դատական ակտի օրինականությունն ստուգելու հարցը։
Տվյալ դեպքում Մելքոն Հարությունյանը վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմք նշել է միայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հիմքով, իսկ որպես Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված խախտում նշել է, որ Վերաքննիչ դատարանը խախտել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածը և Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածը, իսկ որպես բողոքի հիմնավորումներ, ըստ էության նշել է, որ Վերաքննիչ դատարանը սույն գործով վեճին տվել է վարչաիրավական բնույթ:
Վճռաբեկ դատարանը սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով՝ նշելով, որ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը։
Մինչդեռ կարծում եմ, որ Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը չէր կարող պայմանավորել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի խախտում թույլ տրված լինելու հետ, հիմք ընդունելով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքն ու հիմնավորումը։
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը, որպես որոշման իրավական հարցադրում նշել է, որ «Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն հարցին, թե արդյո՞ք Վերաքննիչ դատարանն իրավասու է կիրառել վճիռը բեկանելու և փոփոխելու իր լիազորությունն այն դեպքում, երբ Դատարանը թույլ է տվել ապացուցման բեռի բաշխման դատավարական կանոնների խախտում՝ վերահաստատելով նախկինում հայտնած դիրքորոշումը»:
Մինչդեռ կարծում եմ, որ Վճռաբեկ դատարանը հաշվի չի առել, որ վճռաբեկ բողոքը որևէ հիմք չի պարունակում այն մասին, որ Դատարանը խախտել է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածը, ինչպես նաև հիմնավորում այն մասին, որ Դատարանը թույլ է տվել ապացուցման բեռի բաշխման դատավարական կանոնների խախտում, ինչը Վերաքննիչ դատարանի կողմից հաշվի չի առնվել։ Հետևաբար կարծում եմ, որ Վճռաբեկ դատարանը, վճռաբեկության կարգով բողոքի քննության ժամանակ Վերաքննիչ դատարանի դատական ակտի օրինականությունն ստուգելու, դատական ակտը մասնակիորեն բեկանելու և գործը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ նոր քննության ուղարկելու հիմքում դնելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի խախտման, ապացուցման բեռի սխալ բաշխման հանգամանքները և չունենալով նման հիմքով ներկայացված վճռաբեկ բողոք, դուրս է եկել վճռաբեկության սահմաններից՝ դատական ակտը չվերանայելով բացառապես վճռաբեկ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում:
Բացի այդ, ինչպես վերը նշվեց, Մելքոն Հարությունյանը որպես վճռաբեկ բողոքի հիմնական հիմք և հիմնավորում նշել է, որ «Վերաքննիչ դատարանը, ապացույցներին տալով կամայական գնահատական և կիրառելով վարչաիրավական բնույթի օրենսդրություն՝ վեճին արհեստականորեն շնորհել է վարչաիրավական բնույթ, վարչաիրավական բնույթի եզրահանգումներ է կատարել, մինչդեռ վեճն առերևույթ վերաբերում է նախագծային փաստաթղթերով սահմանված մակերեսներից դուրս կառուցված կառույցին, որը հանդիսանում է ինքնակամ կառույց և որը ենթակա է քանդման քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով և նեգատոր հայցի միջոցով։ Այս առումով անհրաժեշտ է նշել, որ իր իրավասությունների սահմանազանցում թույլ տված դատարանը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով չի կարող հանդիսանալ «օրենքի հիման վրա ստեղծված դատարան» վիճարկվող դատավարության առնչությամբ»։
Մինչդեռ Վճռաբեկ դատարանը որոշման պատճառաբանական մասում որևէ անդրադարձ չի կատարել Մելքոն Հարությունյանի վճռաբեկ բողոքի հիմնական հիմքին և հիմնավորմանը։
Վերոգրյալի հիման վրա կարծում եմ, որ Վճռաբեկ դատարանը տվյալ դեպքում չէր կարող գալ նման եզրահանգման՝ ըստ էության չանդրադառնալով Մելքոն Հարությունյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքին և հիմնավորմանը։ Միաժամանակ չունենալով որոշմամբ նշված հիմքով ներկայացված վճռաբեկ բողոք, Վճռաբեկ դատարանը դուրս է եկել վճռաբեկության սահմաններից՝ դատական ակտը չվերանայելով բացառապես վճռաբեկ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում։
Հետևաբար հայտնում եմ իմ հատուկ կարծիքը Վճռաբեկ դատարանի կողմից կայացված որոշման վերաբերյալ։
Դատավոր` Ա. Աթաբեկյան
Հատուկ կարծիք
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի կողմից թիվ ԵԴ/19939/02/18 քաղաքացիական գործով 02․05․2024 թվականին կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ
06.05.2024 թվական
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2024 թվականի մայիսի 02-ին գրավոր ընթացակարգով քննելով Մելքոն Հարությունյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10․06․2022 թվականի որոշման դեմ՝ ըստ Մելքոն Հարությունյանի հայցի ընդդեմ Խեչո Խաչադուրյանի, Արմենուհի Դեր Ավանեսյանի՝ իրավունքի խախտումը վերացնելու և իրավունքը խախտող գործողությունը կանխելու պահանջի մասին, Վճռաբեկ դատարանի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն, բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10․06․2022 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ նոր քննության:
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ ու 10-րդ մասերով, շարադրում եմ հատուկ կարծիքս այդ մասերի վերաբերյալ:
1. Վճռաբեկ դատարանը որպես գործի դատավարական նախապատմություն նշել է հետևյալը.
«Դիմելով դատարան` Մելքոն Հարությունյանը պահանջել է պարտավորեցնել Խեչո Խաչադուրյանին և Արմենուհի Դեր Ավանեսյանին քանդել Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի թիվ 54/5 հասցեում գտնվող կիսակառույց շինության՝ «ԿԱՌՈՒՑԱԳԵՏ» անկախ փորձաքննությունների ազգային կենտրոն» ՍՊԸ-ի 17.09.2019 թվականի թիվ Կ-19/Պ-023 եզրակացությանը կից հավելվածում նշված, կառուցվող շինության 1-2՝ 4,8 մ և Բ-Գ-Դ՝ 9,7 (4,2+5,5)մ առանցքներով տեղակայված 46,56 (4,8 X 9,7) մ2 մակերեսով հատվածի՝ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 2-րդ անցուղի թիվ 2 շենքի սալվածքի մակարդակից բարձր մակերեսը և պարտավորեցնել շինարարական աշխատանքներ չիրականացնել:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 29.09.2021 թվականի վճռով հայցը բավարարվել է։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 10.06.2022 թվականի որոշմամբ Խեչո Խաչադուրյանի և Արմենուհի Դեր Ավանեսյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 29.09.2021 թվականի վճիռը բեկանվել ու փոփոխվել է՝ հայցը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Մելքոն Հարությունյանը (ներկայացուցիչ Աշոտ Նուրիջանյան)։
Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Խեչո Խաչադուրյանն ու Արմենուհի Դեր-Ավանեսյանը»:
2. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի հիմքեր, հիմնավորումներ և պահանջ նշել է հետևյալը.
«Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում. Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 61-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ, 163-րդ, 277-րդ հոդվածները, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 6-րդ, 17-րդ, 22․1-րդ, 23-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը, գործում առկա ապացույցներին տալով կամայական գնահատական և կիրառելով վարչաիրավական բնույթի օրենսդրություն՝ վեճին արհեստականորեն շնորհել է վարչաիրավական բնույթ, վարչաիրավական բնույթի եզրահանգումներ է կատարել, մինչդեռ վեճն առերևույթ վերաբերում է նախագծային փաստաթղթերով սահմանված մակերեսներից դուրս կառուցված կառույցին, որը հանդիսանում է ինքնակամ կառույց և որը ենթակա է քանդման քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով և նեգատոր հայցի միջոցով: Արդյունքում՝ խախտվել է Մելքոն Հարությունյանի արդար դատաքննության իրավունքը:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել «Երշին նախագիծ» ՍՊԸ-ի կողմից 27.12.2017 թվականին տրված թիվ 17 փորձագիտական եզրակացությունը, որի ուսումնասիրությունից պետք է եզրահանգեր, որ ըստ նախագծային փաստաթղթերի՝ կառուցվող շինությունը հարևան շինություններից պետք է գտնվի առնվազն 9 մետր հեռավորության վրա: Սա նշանակում է, որ նվազագույն 9 մետրից ավելի մոտ կառուցված կառույցը չի ներառված նախագծային փաստաթղթերում, չի կարող պաշտպանվել դրանցով և հանդիսանում է ինքնակամ կառույց: Իսկ «ԿԱՌՈՒՑԱԳԵՏ» անկախ փորձաքննությունների ազգային կենտրոն» ՍՊ ընկերության 17.09.2019 թվականի թիվ Կ-19/Պ-023 եզրակացությամբ հայտնվել է, որ անհրաժեշտ է կառուցվող շինության կիսանկուղը համապատասխանեցնել Երևանի քաղաքապետարանի կողմից 03.10.2017 թվականին տրված թիվ 01/18-07/1-Գ-4326-665 ճարտարապետահատակագծային առաջադրանքին, այսինքն՝ վերգետնյա հատվածը վերակառուցել ստորգետնյա՝ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 2-րդ անցուղի թիվ 2 շենքի սալվածքի մակարդակին համապատասխան:
Վերաքննիչ դատարանի «փորձագետն արձանագրել է շինարարության թույլտվության հիմքում դրված փաստաթղթի ենթադրյալ ոչ իրավաչափություն, այլ ոչ թե փաստացի իրականացվող շինարարության անհամապատասխանությունը շինարարական փաստաթղթերին» եզրահանգումները չունեն որևէ փաստական հիմք և չեն բխում փորձագետի եզրակացության տառացի և բառացի շարադրանքի վերլուծությունից: Նշված եզրակացության ուսումնասիրությունից ակնհայտ է, որ խոսքը գնում է ինքնակամ կառուցված այն մակերեսի մասին, որը կառուցվել է նախագծային փաստաթղթերում մատնանշված մակերեսներից դուրս:
Ապացույցների ուսումնասիրությունից ակնհայտ է, որ վեճը վերաբերում է նրան, որ պատասխանողները նախագծային փաստաթղթերով սահմանված ստորգետնյա ավտոկայանատեղին ինքնակամ կառուցել են վերգետնյա՝ այդ կերպ դուրս գալով նախագծային փաստաթղթերի մակերեսներից և խախտել են հայցվորի տանն առնչվող շինարարական նորմերը:
Կառուցվող շինության նախագծային փաստաթղթերը Դատարանին ներկայացրել է հայցվորը՝ ապացուցելու համար, որ այն հատվածը, որը վերջինս պահանջում է քանդել, ներառված չէ նախագծային փաստաթղթերի մակերեսներում և հանդիսանում է ինքնակամ կառույց:
Թե հայցադիմումի հիմքերում, թե ապացույցներում իսպառ բացակայում են դիտարկումներ կառուցվող շինության այն մակերեսի վերաբերյալ, որը ներառված է նախագծային փաստաթղթերում: Ճիշտ հակառակը, հենց հայցվորն է կառուցվող շինության նախագծային փաստաթղթերը տրամադրել Դատարանին և փորձագետին՝ որպեսզի հստակ տարանջատվի այն մակերեսը, որը ներառված չէ նախագծային փաստաթղթերում և հանդիսանում է ինքնակամ կառույց: Արդյունքում, հայցվորը պահանջել է քանդել, և Դատարանը պատասխանողներին պարտավորեցրել է քանդել միայն այն հատվածը, որը ոչ միայն խախտում է հայցվորի իրավունքները, այլ նաև կառուցված է նախագծային փաստաթղթերով սահմանված մակերեսից դուրս և հանդիսանում է ինքնակամ կառույց:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 10․06․2022 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 29․09․2021 թվականի վճռին»:
2.1. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումներ նշել է հետևյալը.
«Վճռաբեկ բողոքն անհիմն է, և ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ․
Հայցվորը չի կատարել իր վրա դրված ապացուցման պարտականությունը, ինչի բացասական բեռը պետք է կրեր հենց հայցվոր կողմը, որը չի արվել Դատարանի կողմից և հայցապահանջը ակնհայտ անհիմն կերպով բավարարվել է: Ասվածի վերաբերյալ Վերաքննիչ դատարանը կատարել է հստակ վերլուծություն՝ նշելով, որ գործում առկա չէ որևէ այլ ապացույց առ այն, որ պատասխանողների փաստացի կատարած շինարարությունը չի համապատասխանում վարչական ակտերով սահմանված պահանջներին:
Դատարանի ապացուցման պարտականությունը բաշխելու և գործը դատաքննության նշանակելու մասին որոշմամբ Դատարանը խախտել է դատավարական գործողությունների հաջորդականությունը և նախնական դատական նիստի ընթացքում գործին մասնակցող անձանց հետ չի քննարկել ներկայացված ապացույցների վերաբերելիության և թույլատրելիության հարցը, չի լուծել գործին մասնակցող անձանց միջնորդությամբ ներկայացվող հայցի ապահովման, հակընդդեմ ապահովման, ապացույց պահանջելու, ապացույց ապահովելու, փորձաքննություն նշանակելու, դատական նիստին վկա, փորձագետ կանչելու, թարգմանիչ ներգրավելու, գործին մասնակցող անձին հարցաքնելու, դատական հանձնարարություն տալու, ապացույցներն իրենց գտնվելու վայրում հետազոտելու վերաբերյալ հարցերը, ավելին՝ նախնական դատական նիստում չի որոշել, թե ինչպես պիտի ապացույցները հետազոտի, դատավարության որ փուլում, այլ մի որոշմամբ և՛ ապացուցման պարտականությունը բաշխելու որոշում է կայացրել, և՛ գործը դատաքննության նշանակելու՝ դրանով իսկ խախտելով գործին մասնակցող անձանց մրցակցության իրավունքը: Ավելին, դատական նիստով կողմերի միջև չի սահմանել ապացուցման ենթակա փաստերի շրջանակը և չի բաշխել ապացուցման պարտականությունը, մինչդեռ նույն օրով թվագրված առանձին ակտի ձևով կայացված որոշմամբ սահմանել է ապացուցման ենթակա փաստերի շրջանակը՝ սահմանելով ապացույցներ ներկայացնելու ժամկետ: Դատարանը չի կատարել տվյալ գործով բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն, որը տվյալ դեպքում հանգեցրել է գործի սխալ լուծման, որի արդյունքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի դատավարական իրավունքի նորմերի սխալ կիրառումը և խախտումը դատական ակտի բեկանման հիմք է դարձել: Արդյունքում Վերաքննիչ դատարանն արդարացիորեն բեկանել է ստորադաս դատարանի դատական ակտը՝ ամբողջությամբ փոփոխելով այն, հայցը մերժել է:
Այսպիսով, գործում առկա փորձագետի եզրակացությունը չէր կարող հիմք համարվել հայցապահանջը բավարարելու համար, քանի որ այն չի համապատասխանում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի պահանջներին՝ արժանահավատ և թույլատրելի չէ, դրանում արված դատողությունները չեն բխում գործի էությունից և փորձագետն էլ իր հերթին իրավասու չէր իրեն վերապահել վարչական մարմնի գործառույթներ: Բացի այդ, ներկայացված հայցապահանջը չի համապատասխանում նեգատոր հայցի պահանջներին և այդպիսին համարվել չի կարող:
Վերաքննիչ դատարանը գործով հաստատված փաստերի օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ սույն վեճի լուծման համար նշված հանգամանքների հետազոտմամբ արդարացիորեն հաստատված է համարել, որ բողոքաբերի պահանջը օրինական է և ենթակա է բավարարման»:
3. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստեր նշել է հետևյալը.
«Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1. Սեփականության իրավունքի պետական գրանցման թիվ 2721468 վկայականի համաձայն՝ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 2-րդ անցուղի 2-րդ շենքի թիվ 2 բնակարանի նկատմամբ գրանցված է Մելքոն Հարությունյանի սեփականության իրավունքը (հատոր 1, գ․թ․ 17):
2․ Համաձայն 22.05.2018 թվականի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 22052018-01-0276 վկայականի՝ թիվ 01-003-0131-0002 կադաստրային ծածկագրով Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի թիվ 54/5 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ (մակերեսի չափը՝ 0.03313 հա։ Առկա է 5.5 քմ ինքնակամ շինություն) գրանցված է Խեչո Խաչադուրյանի և Արմենուհի Դեր Ավանեսյանի սեփականության իրավունքը (հատոր 1, գ․թ․ 19):
3․ Համաձայն 09.10.2017 թվականի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 09102017-01-0225 վկայականի՝ թիվ 01-003-0131-0002 կադաստրային ծածկագրով Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի թիվ 54/5 հասցեում գտնվող անշարժ գույքի (մակերեսի չափը՝ 0.038 հա) նկատմամբ գրանցված է Խեչո Խաչադուրյանի և Արմենուհի Դեր Ավանեսյանի սեփականության իրավունքը (հատոր 1, գ․թ․ 20):
4․ Համաձայն Երևան համայնքի 03.10.2017 թվականի նախագծման թույլտվության (ճարտարապետահատակագծային առաջադրանք) կառուցապատողներ Աիդա Ավանեսյանին և Վաչիկվարուջ Էբրահիմ-Մասիհիի Գրիկորյանին տրվել է Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի թիվ 54/5 հասցեում բնակելի տան կառուցման նախագծային փաստաթղթերի մշակման թույլտվություն (հատոր 1, գ․թ․ 26):
5․ Երևան համայնքի 02.02.2018 թվականի թիվ 1/18-Մ-531-75 շինարարության թույլտվությամբ կառուցապատողներ Խեչո Խոսրոյի Խաչադուրյանին և Արմենուհի Մաթուսի Դեր Ավանեսյանին թույլատրվել է Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի թիվ 54/5 հասցեում կատարել կառուցման շինարարական աշխատանքներ, այս թվում՝ ոչ հիմնական կառույցների տեղադրման համար։ Օբյեկտի նախագծային փաստաթղթեր՝ մշակվել է աշխատանքային նախագիծ «ՆՇԱՆ ԵՎ ՈՐԴԻՆԵՐ» ՍՊԸ-ի կողմից, ստացել է փորձագիտական դրական եզրակացություն «ԵՐՇԻՆ ՆԱԽԱԳԻԾ» ՍՊԸ-ի կողմից (հատոր 1, գ․թ․ 21):
6․ Երևան համայնքի 22․01.2021 թվականի թիվ 1/18-Խ-3992-14 շինարարության թույլտվությամբ կառուցապատողներ Խեչո Խաչադուրյանին և Արմենուհի Դեր Ավանեսյանին թույլատրվել է Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի թիվ 54/5 հասցեում կատարել կառուցման շինարարական աշխատանքներ։ Օբյեկտի նախագծային փաստաթղթեր՝ մշակվել է աշխատանքային նախագիծ «ՆՇԱՆ ԵՎ ՈՐԴԻՆԵՐ» ՍՊԸ-ի կողմից, ստացել է փորձագիտական դրական եզրակացություն «ԵՐՇԻՆ ՆԱԽԱԳԻԾ» ՍՊԸ-ի կողմից (հատոր 2, գ․թ․ 162):
7․ Համաձայն «ԵՐՇԻՆ ՆԱԽԱԳԻԾ» ՍՊԸ-ի՝ «ք. Երևան, Բաղրամյան պողոտա թիվ 54/5 հասցեում բնակելի տան կառուցման նախագծի վերաբերյալ» 27.12.2017 թվականի թիվ 17 փորձագիտական եզրակացության՝ «(…) Կառուցապատվող տարածքի ձախ հարևանությամբ տարածքից 12 մ հեռավորության վրա գտնվում է բնակելի շենք, այս շենքի լուսավորության ինսոլյացիայի պայմանը լիովին բավարարված է։ Շինարարական աշխատանքներն իրականացվում են շրջակա միջավայրի պաշտպանության և հակահրդեհային պաշտպանության գործող նորմերի պահանջներին համապատասխան։ Կառուցվող տարածքից աջ հարևանությամբ (9մ. հեռավորության վրա) գտնվում են հասարակական նշանակության շինություններ և 18մ հեռավորության վրա՝ եռահարկ բնակելի շենք։ Նախագծված շենքը իրենից ներկայացվում է 4 բնակելի հարկանի, նկուղային հարկով շենք։ Նկուղային հարկը ծառայում է որպես ավտոկայանատեղ առավելագույնը 8 ավտոմեքենայի համար։ Շենքի տանիքը իրականացված է ծրարաձև, փայտե կմախքով և գունավոր կղմինդրաձև թիթեղով։ 1-ին և 2-րդ հարկերում դասավորված են երկուական բնակարան, իսկ 3-րդ և 4-րդ հարկերում՝ մեկական։ Շենքի տարածական ուրվագիծը նախագծված է այնպես, որպեսզի ապահովվի հարևան շենքերի ինսոլյացիայի պայմանը» (հատոր 1, գ․թ․ 23-25):
8․ Համաձայն «ՀՀ Փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության 05.06.2019 թվականի թիվ 05201907 փորձագետի եզրակացության՝ «(…) Հեռախոսակապի միջոցով լրացուցիչ փորձագետի կողմից հայցվորի և պատասխանողի ներկայացուցիչներից պահանջվել է հետազոտման առարկա հանդիսացող օբյեկտի՝ քաղաք Երևան, Արաբկիր, Բաղրամյան պողոտա հ 54/5 հասցեում կառուցվող շենքի նախագծային փաստաթղթերը, ինչի վերաբերյալ միջնորդությունը ներկայացվել է նաև սույն փորձաքննությունը նախաձեռնողին։ Միաժամանակ, հարկ է նշել, որ հայցվորի ներկայացուցիչ Ա.Նուրիջանյանի 16.05.2019 թվականին ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենին ուղղված գրությանն ի պատասխան կրկին անգամ տեղեկացվել է, որ փորձաքննություն իրականացնելու նպատակով անհրաժեշտ է ներկայացնել լրացուցիչ նյութեր՝ ք. Երևան, Բաղրամյան պողոտա թիվ 54/5 հասցեում կառուցվող շենքի նախագծային փաստաթղթերը, ինչպես նաև շինարարություն իրականացնելու թույլտվությունը։ Այնուհետև Ա.Նուրիջանյանի կողմից սույն թվականի մայիսի 27-ին ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ ներկայացվել են փաստաթղթեր՝ շինարարության թույլտվության պատճենը, նախագծման թույլտվության պատճենը, նախագծային փաստաթղթերի փորձաքննության եզրակացության պատճենը, «ԿՈՆՍՏԱՆՏԱ ԲԻԼԴ» ՍՊ ընկերության կողմից տրված ք. Երևան, Բաղրամյան պողոտա թիվ 54/5 հասցեում գտնվող նոր նախագծվող շենքի ինսոլյացիոն ազդեցության վերաբերյալ եզրակացության պատճենը, ք. Երևան, Բաղրամյան պողոտա թիվ 54/5 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը, ք. Երևան, Բաղրամյան պողոտա 2-րդ անցուղի, 2-րդ շենքի թիվ 2 բնակարան հասցեով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի պատճենը։ Հարկ է նշել, որ «ԿՈՆՍՏԱՆՏԱ ԲԻԼԴ» ՍՊ ընկերության և «ԵՐՇԻՆ ՆԱԽԱԳԻԾ» ՍՊ ընկերության կողմից ք. Երևան, Բաղրամյան պողոտա թիվ 54/5 հասցեում գտնվող նոր նախագծվող շենքի ինսոլյացիոն ազդեցության վերաբերյալ եզրակացության և նախագծային փաստաթղթերի ուսումնասիրմամբ պարզվել է, որ կառուցվող շենքի նախագծային փաստաթղթերը համապատասխանում են գործող նորմերի պահանջներին։ Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ դատաշինարարական փորձաքննություն նշանակելու մասին կայացված որոշմամբ փորձագետին առաջադրված հարցերին լիարժեք պատասխանելու համար միանշանակ անհրաժեշտ են հաստատված նախագծային փաստաթղթերից բխող ելակետային տվյալներ, որոնք պետք է համադրվեն ք. Երևան, Բաղրամյան պողոտա թիվ 54/4 հասցեում կառուցվող շենքի ծավալահատակագծային տվյալների հետ, ինչի պայմաններում անհրաժեշտ էր ներկայացնել փորձաքննությանը՝ ք. Երևան, Բաղրամյան պողոտա թիվ 54/5 հասցեում գտնվող նոր նախագծվող շենքի հաստատված նախագծային փաստաթղթերը, որը մինչև օրս սույն փորձաքննությանը չի տրամադրվել։ Ելնելով վերոգրյալից և առաջնորդվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 45-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված պահանջներով՝ ելակետային տվյալների անբավարարության պատճառով, նախաձեռնողի կողմից փորձաքննություն նշանակելու մասին կայացված որոշման պահանջները թողնվում են անկատար» (հատոր 2, գ․թ․ 4-9):
9. Համաձայն «Կառուցագետ» անկախ փորձաքննությունների ազգային կենտրոնի կողմից 17.09.2019 թվականին տրված թիվ Կ-19/Պ-023 եզրակացության «Հետազոտություն» բաժնի՝ «(…) Ըստ ՀՀ ԿԱ ԱՀԿՊԿ-ի կողմից 09.10.2017 թվականին տրամադրված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 09102017-01-0225 վկայականի՝ (…) ք. Երևան, Բաղրամյան պողոտա թիվ 54/5 հասցեի հողամասը հատակագծում ունի անկանոն բազմանկյուն տեսք, այդ թվում՝ 1-2՝ 23,4 մ երկարությամբ սահմանագծով հարակից է ք. Երևան, Բաղրամյան պողոտա 2-րդ անցուղի, թիվ 2 շենքին։ (…) 14.07.2019 թվականին նախաձեռնողի մասնակցությամբ և ներկայությամբ իրականացվել են ք. Երևան, Բաղրամյան պողոտա 2-րդ անցուղի, թիվ 2-րդ շենքի թիվ 2 բնակարան հասցեի և ք. Երևան, Բաղրամյան պողոտա թիվ 54/5 հասցեում կառուցվող շինության տեղազննման, ստուգաչափման և լուսանկարահանման աշխատանքները, որոնց արդյունքում պարզվել է, որ ք. Երևան, Բաղրամյան պողոտա թիվ 54/5 հասցեում կառուցվող շինության արտաքին պատի և ք. Երևան, Բաղրամյան պողոտա 2-րդ անցուղի, թիվ 2-րդ շենքի թիվ 2 բնակարան հասցեի շինության արտաքին պատի միջև առկա առլույս հեռավորությունը կազմում է 2,2-2,3 մ, ք. Երևան, Բաղրամյան պողոտա թիվ 54/5 հասցեում կառուցվող շինության առաջին բնակելի հարկի արտաքին պատի և ք. Երևան, Բաղրամյան պողոտա 2-րդ անցուղի, թիվ 2-րդ շենքի թիվ 2 բնակարան հասցեի շինության արտաքին պատի միջև առկա առլույս հեռավորությունը կազմում է 6,1-6,2 մ, ք. Երևան, Բաղրամյան պողոտա 2-րդ անցուղի, թիվ 2-րդ շենքի թիվ 2 բնակարան հասցեի ավտոտնակի և ք. Երևան, Բաղրամյան պողոտա թիվ 54/5 հասցեում կառուցվող շինության արտաքին պատի միջև առկա առլույս հեռավորությունը կազմում է 8,6 մ, ք. Երևան, Բաղրամյան պողոտա 2-րդ անցուղի, թիվ 2-րդ շենքի թիվ 2 բնակարան հասցեի շինության միջհարկային ծածկը, հատակը և տանիքածածկն իրականացված են փայտե կոնստրուկտիվ լուծումներով, այսինքն համաձայն ՀՀՇՆ 21-01-2014 «Շենքերի և շինությունների հրդեհային անվտանգություն» շինարարական նորմի թիվ 1 հավելվածի հանդիսանում III աստիճանի հրակայունությամբ շինություն։ (…) Նախաձեռնողի կողմից ներկայացված նյութերի, տեղազննմամբ ձեռք բերված տվյալների և ՀՀ քաղաքաշինության տվյալ բնագավառում գործող նորմերի համալիր վերլուծության արդյունքում պարզ է դառնում, որ «ՆՇԱՆ ԵՎ ՈՐԴԻՆԵՐ» ՍՊԸ-ի կողմից մշակված շինարարության նախագիծը չի համապատասխանում ՀՀ քաղաքաշինության տվյալ բնագավառում գործող ՀՀՇՆ 30-01-2014 «Քաղաքաշինություն․քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» շինարարական նորմի «80․», «81․», «439․», «440․» և «442․», ինչպես նաև ՀՀՇՆ 21-01-2014 «Շենքերի և շինությունների հրդեհային անվտանգություն» շինարարական նորմի «150․» և «152․» կետերի պահանջներին, ինչպես նաև 03.10.2017 թվականին Երևանի քաղաքապետարանի կողմից տրված թիվ 01/18-01/1-Գ-4326-665 ճարտարապետահատակագծային առաջադրանքին, իսկ «ԵՐՇԻՆ ՆԱԽԱԳԻԾ» ՍՊԸ-ի կողմից տրված դրական եզրակացությունը չի համապատասխանում իրականությանը (…)։ Նույն եզրակացության «Հետևություն» բաժնի՝ «1.-3. ք. Երևան, Բաղրամյան պողոտա թիվ 54/5 հասցեում բնակելի տան կառուցումով խախտվում են ք. Երևան, Բաղրամյան պողոտա 2-րդ անցուղի, թիվ 2-րդ շենքի թիվ 2 բնակարանից նախատեսված նվազագույն հեռավորությունները և հակահրդեհային տարածությունները, այդ թվում՝ ՀՀ տվյալ բնագավառում գործող ՀՀՇՆ 30-01-2014 «Քաղաքաշինություն․քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» շինարարական նորմի «2.», «80․», «81․», «439․», «440․» և «442․», ինչպես նաև ՀՀՇՆ 21-01-2014 «Շենքերի և շինությունների հրդեհային անվտանգություն» շինարարական նորմի «5.», «150․» և «152․» կետերի պահանջները։ 2. ՀՀ տվյալ բնագավառում գործող ՀՀՇՆ 30-01-2014 «Քաղաքաշինություն․ քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» և ՀՀՇՆ 21-01-2014 «Շենքերի և շինությունների հրդեհային անվտանգություն» շինարարական նորմերով նախատեսված նվազագույն հեռավորությունները և հակահրդեհային միջտարածությունները ապահովելու համար անհրաժեշտ ք. Երևան, Բաղրամյան պողոտա թիվ 54/5 հասցեում կառուցվող շինության 1-2՝ 4,8 մ և Բ-Գ-Դ՝ 9,7 (4,2+5,5) մ առանցքներով տեղակայված 46,56 (4,8x9,7) մ2 մակերեսով կիսանկուղը համապատասխանեցնել 03.10.2017 թվականին Երևանի քաղաքապետարանի կողմից տրված թիվ 01/18-01/1-Գ-4326-665 ճարտարապետահատակագծային առաջադրանքին, այսինքն վերգետնյա հատվածը վերակառուցել ստորգետնյա՝ այսինքն ք. Երևան, Բաղրամյան պողոտա 2-րդ անցուղի, թիվ 2 շենքի սալվածքի մակարդակին համապատասխան» (հատոր 2, գ․թ․ 27-37)։
10․ «Ապացուցման պարտականությունը բաշխելու և գործը դատաքննության նշանակելու մասին» 14.10.2020 թվականի որոշմամբ Դատարանը սահմանել է, որ հայցվորը պետք է ապացուցի, որ շինարարությունը կատարված է շինարարական նորմերի խախտումներով և, որ ապօրինի շինարարությամբ խախտվում է հայցվորի իրավունքը։ Ապացույցներ ներկայացնելու վերջնաժամկետ է սահմանվել 11.01.2021 թվականը։ Միաժամանակ, Դատարանը այդ որոշմամբ նշանակել է դատաքննություն՝ 27.01.2022 թվականին, ժամը 11։00-ին (հատոր 2, գ․թ․ 112-113)»:
4. Վճռաբեկ դատարանը որպես պատճառաբանություններ և եզրահանգումներ նշել է հետևյալը.
«Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.
Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն հարցին, թե արդյո՞ք Վերաքննիչ դատարանն իրավասու է կիրառել վճիռը բեկանելու և փոփոխելու իր լիազորությունն այն դեպքում, երբ Դատարանը թույլ է տվել ապացուցման բեռի բաշխման դատավարական կանոնների խախտում՝ վերահաստատելով նախկինում հայտնած դիրքորոշումը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ապացույց է այն փաստական տվյալը, որի հետազոտման և գնահատման հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիմքում դրված, ինչպես նաև գործի կամ հարցի լուծման համար նշանակություն ունեցող այլ փաստերի առկայությունը կամ բացակայությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ փաստերը, որոնք, օրենքի կամ նորմատիվ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա` ղեկավարվելով վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառելի իրավական նորմերով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների և առարկությունների հիմքում դրված ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով:
Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ եթե բոլոր ապացույցների հետազոտումից և գնահատումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող անձը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։
ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Նախկին օրենսգիրք) գործողության ժամանակ ապացույցների գնահատման հարցին, նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը: Ապացույցի գնահատումն ապացույցների տրամաբանական և իրավաբանական որակումն է՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Ընդ որում, ապացույցների բավարարությունը գործով ձեռք բերված ապացույցների այնպիսի համակցությունն է, որը հնարավորություն է տալիս վերջնական եզրահանգում կատարելու որոնվող փաստերի առկայության կամ բացակայության վերաբերյալ: Ապացույցների գնահատումը բավարարության տեսանկյունից հետապնդում է ապացույցների միջև հակասությունները վերացնելու նպատակ այնպես, որ փարատվեն ստացված ամբողջ ապացուցողական զանգվածից կատարված հետևությունների ճշմարտացիության վերաբերյալ կասկածները: ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ապացույցների անբավարար լինելու դեպքում գործի հանգամանքների վերաբերյալ դատարանը կարող է կատարել ոչ թե որոշակի, այլ հավանական եզրակացություններ, մինչդեռ դատարանի կողմից գործն ըստ էության լուծող դատական ակտը չի կարող հիմնված լինել հավանական եզրակացությունների և դատողությունների վրա (տե՛ս «Շենքերի կառավարում» համատիրությունն ընդդեմ Մասիս Ղազանչյանի թիվ ԵԱՔԴ/0483/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում դատական ակտ կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տե'ս, Ռազմիկ Մարությանն ընդդեմ Ստեփան և Անահիտ Մարությանների թիվ 3-54(ՎԴ) գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ Նախկին օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասի և գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասում օրենսդիրը սահմանել է համանման ու հավասարազոր իրավական կարգավորումներ, որի պայմաններում ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից արտահայտված վերը նշված իրավական դիրքորոշումները հավասարապես կիրառելի են նաև ներկայումս գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի նկատմամբ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը նախնական դատական նիստի ընթացքում` պարզում է հայցի առարկան, հայցի փաստական և իրավական հիմքերը:
Նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը նախնական դատական նիստի ընթացքում` պարզում է պատասխանողի առարկությունների փաստական և իրավական հիմքերը:
Նույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը նախնական դատական նիստի ընթացքում պարզում է վիճելի իրավահարաբերության բնույթը, այդ թվում՝ կիրառելի իրավական նորմերը՝ չսահմանափակվելով գործին մասնակցող անձանց մատնանշած իրավական նորմերով:
Նույն հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը նախնական դատական նիստի ընթացքում` գործին մասնակցող անձանց հետ քննարկում է ապացուցման պարտականությունը նրանց միջև բաշխելու հարցը:
Նույն հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը նախնական դատական նիստի ընթացքում` գործին մասնակցող անձանց հետ քննարկում և լուծում է ներկայացված ապացույցների վերաբերելիության և թույլատրելիության հարցը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի իրավակարգավորումներից բխում է, որ առաջին ատյանի դատարանը նախնական դատական նիստի ընթացքում ի թիվս հայցի և առարկությունների փաստական և իրավական հիմքերի, պարզում է վիճելի իրավահարաբերության բնույթը, այդ թվում՝ կիրառելի իրավական նորմերը՝ չսահմանափակվելով գործին մասնակցող անձանց մատնանշած իրավական նորմերով և գործին մասնակցող անձանց հետ քննարկում է ապացուցման պարտականությունը նրանց միջև բաշխելու հարցը, ինչպես նաև քննարկում և լուծում է ներկայացված ապացույցների վերաբերելիության և թույլատրելիության հարցը: Միայն նշված գործողությունները կատարելուց հետո է դատարանը կայացնում ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում: Նման իրավակարգավորման նպատակն այն է, որպեսզի ապացուցման պարտականությունը բաշխվի ճիշտ՝ կիրառելի իրավական նորմերին համապատասխան՝ վերը նշված հարցերը նախապես քննարկելով գործին մասնակցող անձանց հետ: Մասնավորապես, կիրառելի իրավական նորմերը որոշելիս կողմերի հետ այդ հարցի քննարկման պահանջն ինքնանպատակ չէ, այն կոչված է ապահովելու գործին մասնակցող անձանց դիրքորոշումների ճշտումը, ապացուցման գործընթացում նրանց պարտականությունների հստակեցումը: Հենց այդ պատճառով է սահմանված, որ դատարանը չի սահմանափակվում գործին մասնակցող անձանց մատնանշած իրավական նորմերով, այլ գտնելով, որ կիրառման են ենթակա նաև այլ իրավական նորմեր, դատարանը դրանք պետք է մատնանշի գործին մասնակցող անձանց: Նման մատնանշումը գործին մասնակցող անձանց հնարավորություն է տալիս ապացուցման գործընթացում իրենց դատավարական գործողությունները համապատասխանեցնել կիրառելի իրավական նորմերի պահանջներին և վերջին հաշվով նպաստում է ապացուցման գործընթացի արդյունավետությանը: Մասնավորապես, եթե մատնանշված կիրառելի իրավական նորմերի բովանդակությունից բխում է, որ գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստի վերաբերյալ ապացույցը կարող է ձեռք բերվել միայն պատասխանողից, ապա հայցվորը պետք է հնարավորություն ստանա համապատասխան ապացույցը պահանջելու մասին միջնորդություն ներկայացնել, իսկ դատարանն էլ իր հերթին պարտավոր է ապացուցման պարտականությունը բաշխել կիրառելի իրավական նորմերի կարգավորումներին համապատասխան: Հակառակ դեպքում, եթե կիրառելի իրավական նորմերի պահանջների համաձայն պատասխանողի վրա որոշակի ապացույց ներկայացնելու պարտականություն չի դրվել, ապա դա նշանակում է, որ ապացուցման բեռի բաշխումը կատարվել է դատավարական նորմերի պահանջների խախտմամբ, իսկ պատասխանողի վրա որոշակի փաստի վերաբերյալ ապացույց ներկայացնելու պարտականություն չդրվելու պարագայում այդ փաստի չապացուցման բացասական հետևանքը ևս վերջինիս վրա դրվել չի կարող:
Ապացուցման պարտականության սխալ բաշխումը բերում է ապացուցման գործընթացի այնպիսի ձևախեղման, որը, որպես կանոն, հանգեցնում է գործով ձեռք բերված ապացույցների սխալ գնահատման և գործի սխալ լուծման: Մասնավորապես, դատարանի կողմից թույլ տրված այնպիսի խախտումը, որի արդյունքում ապացույցը մի կողմից պահանջելու փոխարեն պահանջվում է հակառակ կողմից, հանգեցնում է չապացուցման բացասական հետևանքի սխալ կիրառման, իսկ դա էլ իր հերթին, որպես կանոն, պայմանավորում է գործի սխալ լուծումը:
Վերաքննիչ դատարանը որպես առաջին ատյանի դատարանի դատական ակտերը վերանայող դատարան դատական ակտը համապատասխան հիմքով բողոքարկված լինելու պարագայում ստուգում է, թե արդյոք առաջին ատյանի դատարանը ճիշտ է կատարել ապացուցման բեռի բաշխումը: Եթե վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ առաջին ատյանի դատարանն ապացուցման պարտականությունը սխալ է բաշխել, որի արդյունքում գործին մասնակցող անձի վրա չի դրվել որոշակի ապացույց ներկայացնելու պարտականություն, ապա այդ սխալը չի կարող հաղթահարվել վերաքննիչ ատյանում, քանի որ, իր գործունեության առանձնահատկություններով պայմանավորված, վերաքննիչ դատարանը լիազորված չէ ապացուցման գործընթաց կազմակերպել այնպիսի ծավալով, ինչպիսինն իրականացնում է առաջին ատյանի դատարանը՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի «Ապացուցումը» վերտառությամբ 8-րդ գլխի իրավակարգավորումներին համապատասխան: Հետևաբար, այն դեպքերում, երբ վերաքննիչ դատարանն արձանագրում է առաջին ատյանի դատարանի կողմից ապացուցման բեռի բաշխումն այնպիսի սխալով կատարելը, որի դեպքում ենթակա է կիրառման ապացուցման պարտականության չկատարման բացասական հետևանք, չի կարող կիրառել վճիռը բեկանելու և փոփոխելու իր լիազորությունը, այլ նրա կողմից ենթակա է կիրառման վճիռը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու լիազորությունը (տե'ս, «Հիմնարար հետազոտությունների կենտրոն» ՓԲԸ-ի ընդդեմ «Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» ՓԲԸ-ի թիվ ԵԿԴ/4497/02/16 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25․06․2021 թվականի որոշումը):
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն՝ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 2-րդ անցուղի, 2-րդ շենքի թիվ 2 բնակարանը սեփականության իրավունքով պատկանում է Մելքոն Հարությունյանին, իսկ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի թիվ 54/5 հասցեում գտնվող անշարժ գույքը՝ Խեչո Խաչադուրյանին և Արմենուհի Դեր Ավանեսյանին։ Երևան համայնքի 02.02.2018 թվականի շինարարության թույլտվությամբ կառուցապատողներ Խեչո Խաչադուրյանին և Արմենուհի Դեր Ավանեսյանին թույլատրվել է Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի թիվ 54/5 հասցեում կատարել կառուցման շինարարական աշխատանքներ, այդ թվում՝ ոչ հիմնական կառույցների տեղադրման համար։
Դիմելով դատարան` Մելքոն Հարությունյանը պահանջել է պարտավորեցնել Խեչո Խաչադուրյանին և Արմենուհի Դեր Ավանեսյանին քանդել Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի թիվ 54/5 հասցեում գտնվող կիսակառույց շինության՝ «ԿԱՌՈՒՑԱԳԵՏ» անկախ փորձաքննությունների ազգային կենտրոն» ՍՊԸ-ի 17.09.2019 թվականի թիվ Կ-19/Պ-023 եզրակացությանը կից հավելվածում նշված, կառուցվող շինության 1-2՝ 4,8 մ և Բ-Գ-Դ՝ 9,7 (4,2+5,5) մ առանցքներով տեղակայված 46,56 (4,8 X 9,7) մ2 մակերեսով հատվածի՝ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 2-րդ անցուղի թիվ 2 շենքի սալվածքի մակարդակից բարձր մակերեսը և պարտավորեցնել շինարարական աշխատանքներ չիրականացնել: Դատարանը, հայցը բավարարել է՝ արձանագրելով, որ․ «(․․․) հայցվորը հայցի հարուցման պահին եղել է գույքի սեփականատերը, հայցի ներկայացման պահին երրորդ անձի կողմից թույլ է տրվել ՀՀ տվյալ բնագավառում գործող ՀՀՇՆ 30-01-2014 «Քաղաքաշինություն. քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» շինարարական նորմի 2, 80, 81, 439, 440 և 442, ինչպես նաև ՀՀՇՆ 21-01-2014 «Շենքերի և շինությունների հրդեհային անվտանգություն» շինարարական նորմի 5, 150 և 152 կետերի պահանջների խախտում, ինչով խախտվել է հայցվորի բնակարանից նախատեսված նվազագույն հեռավորությունները և հակահրդեհային միջտարածությունները, որպիսի հանգամանքն էլ հիմք է վերը նշված հոդվածների ուժով հայցապահանջը բավարարելու համար»:
Վերաքննիչ դատարանի 10․06․2022 թվականի որոշմամբ Խեչո Խաչադուրյանի և Արմենուհի Դեր Ավանեսյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 29․09․2021 թվականի վճիռը բեկանվել է և փոփոխվել, ու հայցը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ « (․․․) սույն գործում խոսքը Երևան համայնքի որոշման մասին է, որի հիման վրա պատասխանողները ստացել են շինարարության թույլտվություն՝ հիմքում դնելով «ՆՇԱՆ ԵՎ ՈՐԴԻՆԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից մշակված շինարարության նախագիծը և «ԵՐՇԻՆ ՆԱԽԱԳԻԾ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տրված դրական եզրակացությունը։ Վարչական մարմնի կողմից տրված շինարարության թույլտվությունը վարչական ակտ է, և երբ վարչական ակտն ընդունվել է որոշակի փաստաթղթերի հիման վրա, ապա գործում է այն կանխավարկածը, որ վարչական ակտը, հետևաբար նաև դրա հիմքում դրված փաստաթղթերն իրավաչափ են։ Այսինքն՝ քանի դեռ հակառակը չի ապացուցվել, գործում է Երևան համայնքի կողմից տրված շինարարության թույլտվությունների և դրանց հիմքում դրված փաստաթղթերի, (․․․) իրավաչափության կանխավարկածը։ Ընդ որում, ընդհանուր իրավասության դատարանը չի կարող և իրավասու չէ կասկածի տակ դնել այդ վարչական ակտի իրավաչափությունը, քանի որ այդ հարցը կարող է քննարկման առարկա դառնալ միայն վարչական դատավարության կարգով։ (․․․) Մինչդեռ, ընդհանուր իրավասության դատարանն իրավասու չէ քննարկել նախագծի կամ դրա հիմքում դրված եզրակացության իրավաչափության, հիմնավորվածության հարցը։
(․․․) Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը կարևորում է նաև, որ գործում առկա չէ որևէ այլ ապացույց առ այն, որ պատասխանողների փաստացի կատարած շինարարությունը չի համապատասխանում վարչական ակտերով սահմանված պահանջներին»։
Վերոնշյալ դիրքորոշումների համատեքստում գնահատելով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանք անհիմն են՝ հետևյալ հիմնավորմամբ․
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` սեփականության իրավունքը սուբյեկտի` օրենքով և այլ իրավական ակտերով ճանաչված իրավունքն է` իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրեն պատկանող գույքը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 277-րդ հոդվածի համաձայն` սեփականատերն իրավունք ունի պահանջել վերացնելու իր իրավունքների ամեն մի խախտում, թեկուզև այդ խախտումները զուգորդված չեն եղել տիրապետումից զրկելու հետ: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ նեգատոր հայցը գույքի սեփականատիրոջ կողմից արտապայմանագրային հարաբերություններից բխող սեփականության իրավունքի պաշտպանության միջոց է, որն ուղղված է սեփականատիրոջ կողմից գույքի օգտագործման կամ տիրապետման իրավունքների իրացման խոչընդոտների վերացմանը: Ընդ որում, գույքի տիրապետումից զրկելու հետ չկապված իրավունքի խախտումները, որպես կանոն, տևական և շարունակական են (...) (տե´ս Ռազմիկ, Սիրանուշ, Կարեն, Տիգրան Մանուչարյանները և Կարինե Հարությունյանն ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության և Երևանի քաղաքապետարանի թիվ ԵԿԴ/0502/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել արձանագրել, որ նեգատոր հայցով սեփականատիրոջ իրավունքները ենթակա են պաշտպանության այն դեպքում, երբ պատասխանողի գործողություններն օրինական չեն, իսկ այն դեպքում, երբ պատասխանողի գործողությունները հիմնված են վարչական ակտի վրա, ապա իրավունքների պաշտպանությունը կարող է իրականացվել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի վարչական ակտը վիճարկելու եղանակով (տե´ս, Նվարդ Ղուկասյանն ընդդեմ Համլետ Մադոյանի թիվ ՇԴ/1609/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ վերոնշյալ հոդվածում նախատեսված իրավունքի ապահովումը հնարավոր է նեգատոր հայցի միջոցով, որը որպես սեփականության իրավունքի պաշտպանության միջոց ուղղված է սեփականատիրոջ կողմից գույքի օգտագործման և (կամ) փաստացի տիրապետման իրավունքների իրացման խոչընդոտների վերացմանը: Նեգատոր հայցի ներկայացման հնարավորություն առաջանում է այն դեպքում, երբ գույքի սեփականատերը և երրորդ անձը վիճելի գույքի առնչությամբ չեն գտնվում պարտավորական հարաբերությունների մեջ, և երբ թույլ տրված իրավախախտումը չի հանգեցրել գույքի նկատմամբ սեփականության սուբյեկտիվ իրավունքի դադարման: Վերոնշյալ մեկնաբանությունների ընդհանրացման արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանը հանգել է այն եզրակացության, որ նեգատոր հայցի ներկայացման դեպքում միաժամանակ պետք է առկա լինեն հետևյալ երկու պայմանները.
1) հայցվորը հայցի հարուցման պահին պետք է լինի գույքի սեփականատեր կամ այլ օրինական (տիտղոսային) տիրապետող,
2) հայցի ներկայացման պահին պետք է առկա լինի երրորդ անձի կողմից թույլ տրված այնպիսի գործողություն կամ անգործություն, որը խոչընդոտի գույքի սեփականատիրոջը կամ օրինական (տիտղոսային) այլ տիրապետողին օգտագործել և (կամ) տնօրինել գույքը: Վերոնշյալ պայմանները որպես փաստ ներառվում են նեգատոր հայցերով հարուցված գործերի ապացուցման առարկայում: Այդուհանդերձ դրանք ապացուցման առարկան կազմող միակ փաստերը չեն: Ի թիվս վերոնշյալի` ապացուցման է ենթակա նաև երրորդ փաստը, այն է` գույքի օգտագործմանը և (կամ) տիրապետմանը խոչընդոտող գործողության կամ անգործության իրավական լինելու փաստը: Նեգատոր հայցը սեփականության իրավունքի պաշտպանության ինքնուրույն միջոց է, որն իր հիմքում ունի փաստերի առանձնահատուկ կազմ, հետևաբար ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ յուրաքանչյուր գործով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 277-րդ հոդվածը կիրառելիս դատարանները պետք է հաշվի առնեն տվյալ գործով ապացուցման առարկան և դրա հիմքը, որից հետո միայն կողմերի միջև ճիշտ բաշխեն ապացուցման պարտականությունը: Հիմք ընդունելով վերոնշյալ վերլուծությունները` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է նաև, որ նեգատոր հայցերի դեպքում դատավարական բեռը բաշխելիս հայցվորն է կրում գույքի սեփականատերը լինելու և այդ գույքի օգտագործմանը և (կամ) տիրապետմանը խոչընդոտող գործողության կամ անգործության փաստերն ապացուցելու պարտականությունը: Ինչ վերաբերում է երրորդ փաստին` գործողությունների կամ անգործության հակաիրավական բնույթին, ապա հայց ներկայացնելու պահին վերջիններիս առնչությամբ գործում է հակաիրավական լինելու կանխավարկածը, քանի դեռ պատասխանողը չի ապացուցել հակառակը: Հետևաբար նշված փաստի ապացուցման դատավարական բեռը կրում է պատասխանողը (տե´ս, Լևոն Արշակունին ընդդեմ Կոմիտաս Հայրապետյանի թիվ ԿԴ3/0450/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2014 թվականի որոշումը):
Սույն գործով ապացուցման պարտականությունը բաշխելու և գործը դատաքննության նշանակելու մասին որոշմամբ Դատարանը սահմանել է, որ հայցվորը պետք է ապացուցի, որ շինարարությունը կատարված է շինարարական նորմերի խախտումներով և, որ ապօրինի շինարարությամբ խախտվում է հայցվորի իրավունքը։
Տվյալ դեպքում անհրաժեշտ պայման է, որպեսզի դատարանը գործի քննությամբ հաստատված համարի այն փաստերը, որ Մելքոն Հարությունյանը Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 2-րդ անցուղի 2-րդ շենքի թիվ 2 բնակարանի սեփականատերն է, հայցի ներկայացման պահին առկա է երրորդ անձանց՝ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի թիվ 54/5 հասցեի գույքի սեփականատերեր Խեչո Խաչադուրյանի և Արմենուհի Դեր Ավանեսյանի կողմից իրականացված շինարարությունը խոչընդոտում է Մելքոն Հարությունյանին օգտագործել և (կամ) տնօրինել իր գույքը, ինչպես նաև կատարված շինարարական աշխատանքները համապատասխանում են 03.10.2017 թվականին Երևանի քաղաքապետարանի կողմից տրված թիվ 01/18-01/1-Գ-4326-665 ճարտարապետահատակագծային առաջադրանքին։
Հիմք ընդունելով վերը նշվածը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործում առկա` հայցվոր Մելքոն Հարությունյանի անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականով հաստատվում է այն հանգամանքը, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 2-րդ անցուղի 2-րդ շենքի թիվ 2 բնակարանի սեփականատերը հանդիսանում է վերջինս: Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի թիվ 54/5 հասցեում բնակելի տան կառուցումով խախտվում են Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 2-րդ անցուղի 2-րդ շենքի թիվ 2 բնակարանի սեփականատիրոջ իրավունքները, ապա նշվածի մասին վկայում են գործում առկա գրավոր ապացույցները: Մասնավորապես` վերջին փաստը հիմնավորվում է «Կառուցագետ» անկախ փորձաքննությունների ազգային կենտրոնի կողմից տրված թիվ Կ-19/Պ-023 եզրակացությամբ, որի «Հետևություն» բաժնի 1․3 կետի համաձայն՝ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտա թիվ 54/5 հասցեում բնակելի տան կառուցումով խախտվում են Երևան քաղաքի Բաղրամյան պողոտա 2-րդ անցուղի, թիվ 2-րդ շենքի թիվ 2 բնակարանից նախատեսված նվազագույն հեռավորությունները և հակահրդեհային տարածությունները, այդ թվում՝ ՀՀ տվյալ բնագավառում գործող ՀՀՇՆ 30-01-2014 «Քաղաքաշինություն․քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» շինարարական նորմի «2.», «80․», «81․», «439․», «440․» և «442․», ինչպես նաև ՀՀՇՆ 21-01-2014 «Շենքերի և շինությունների հրդեհային անվտանգություն» շինարարական նորմի «5.», «150․» և «152․» կետերի պահանջները։ Նշված փաստն արձանագրվել է նաև Վերաքննիչ դատարանի կողմից։
Նման պայմաններում արձանագրելով, որ գործում առկա չէ որևէ այլ ապացույց առ այն, որ պատասխանողների փաստացի կատարած շինարարությունը չի համապատասխանում վարչական ակտերով սահմանված պահանջներին, Վերաքննիչ դատարանը բավարարել է վերաքննիչ բողոքը, Դատարանի վճիռը բեկանել և փոփոխել է՝ հայցը մերժել է։ Մինչդեռ Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Դատարանը կիրառելի իրավական նորմերին համապատասխան՝ առ այն, որ պատասխանողների կողմից փաստացի կատարած շինարարությունը չի համապատասխանում վարչական ակտերով սահմանված պահանջներին և հայցվորի պահանջն ուղղված է Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի թիվ 54/5 հասցեում կառուցվող շինության 1-2՝ 4,8 մ և Բ-Գ-Դ՝ 9,7 (4,2+5,5) մ առանցքներով տեղակայված 46,56 (4,8x9,7) մ2 մակերեսով կիսանկուղը 03.10.2017 թվականին Երևանի քաղաքապետարանի կողմից տրված թիվ 01/18-01/1-Գ-4326-665 ճարտարապետահատակագծային առաջադրանքին համապատասխանեցնելու միջոցով իր իրավունքների վերականգմանը, դրա վերաբերյալ ապացույց ներկայացնելու պարտականություն հայցվորի վրա չի դրել, որպիսի պայմաններում հայցվորի վրա չէր կարող դրվել նաև փաստի չապացուցման բացասական հետևանքը:
Ավելին՝ գործում առկա «Կառուցագետ» անկախ փորձաքննությունների ազգային կենտրոնի կողմից տրված թիվ Կ-19/Պ-023 եզրակացության «Հետևություն» բաժնի 2-րդ կետի համաձայն՝ ՀՀ տվյալ բնագավառում գործող ՀՀՇՆ 30-01-2014 «Քաղաքաշինություն․քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» և ՀՀՇՆ 21-01-2014 «Շենքերի և շինությունների հրդեհային անվտանգություն» շինարարական նորմերով նախատեսված նվազագույն հեռավորությունները և հակահրդեհային միջտարածությունները ապահովելու համար անհրաժեշտ է Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի թիվ 54/5 հասցեում կառուցվող շինության 1-2՝ 4,8 մ և Բ-Գ-Դ՝ 9,7 (4,2+5,5) մ առանցքներով տեղակայված 46,56 (4,8x9,7)մ2 մակերեսով կիսանկուղը համապատասխանեցնել 03.10.2017 թվականին Երևանի քաղաքապետարանի կողմից տրված թիվ 01/18-01/1-Գ-4326-665 ճարտարապետահատակագծային առաջադրանքին, այսինքն՝ վերգետնյա հատվածը վերակառուցել ստորգետնյա՝ այսինքն Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 2-րդ անցուղի 2-րդ շենքի սալվածքի մակարդակին համապատասխան։
Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի խախտում, քանի որ, որոշելով կիրառել Դատարանի վճիռը բեկանելու և փոփոխելու իր լիազորությունը, հաշվի չի առել, որ ապացուցման գործընթացը կիրառելի իրավական նորմերին համապատասխան չկազմակերպելու հետևանքով է, որ Դատարանը կողմերի վրա չի դրել վերոգրյալի վերաբերյալ ապացույց ներկայացնելու պարտականություն: Հետևաբար սույն վեճին իրավաչափ լուծում տալու համար Վերաքննիչ դատարանը պետք է կիրառեր վճիռը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու իր լիազորությունը:
Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված մյուս փաստարկները հերքվում են վերը նշված պատճառաբանություններով:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի և 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 10.06.2022 թվականի որոշումը մասնակիորեն բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կիրառման է ենթակա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու և գործն ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան նոր քննության ուղարկելու լիազորությունը՝ գործի նոր քննության ընթացքում ապացուցման բեռի բաշխումը ճիշտ կատարելու և ըստ այդմ ձեռք բերված ապացույցների հիման վրա գործը լուծելու համար»։
Վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերում Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից արտահայտված կարծիքի հետ, շարադրում եմ հատուկ կարծիքս դրա վերաբերյալ:
Այսպես՝
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի համաձայն՝ վճռաբեկ բողոքում պետք է նշվեն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքը և դրա հիմնավորումը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 406-րդ հոդվածի 5-րդ մասի 6-րդ կետի համաձայն՝ բողոքի քննության արդյունքներով կայացված Վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշվում է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու` նույն օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերից առնվազն մեկի առկայության հիմնավորումը:
Տվյալ դեպքում բողոք բերած անձը որպես վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմք վճռաբեկ բողոքում նշել է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խախտման առերևույթ առկայությունը՝ պայմանավորված բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանի կողմից Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի ու նույն Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի այնպիսի խախտում թույլ տալով, որը խաթարել է արդարադատության բուն էությունը։
Մինչդեռ, որոշում կայացնելիս Վճռաբեկ դատարանը նշել է, որ «սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով»:
Նկատի ունենալով այն, թե վճռաբեկ բողոք բերած անձը որպես վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմք ինչ է նշել իր կողմից ներկայացված վճռաբեկ բողոքում՝ կարծում եմ, որ Վճռաբեկ դատարանը տվյալ դեպքում չէր կարող վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ Վերաքննիչ դատարանին վերագրելով դատական ակտը կայացնելիս ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի այնպիսի խախտում թույլ տալը, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, քանի որ վճռաբեկ բողոք բերած անձը վճռաբեկ բողոքում որպես առանձին բաժին առանձնացրել է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքը, որում որևէ խոսք չի գնում Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի այնպիսի խախտում թույլ տալու մասին, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ինչպես նաև բացակայում է դրա վերաբերյալ հիմնավորումը:
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ կարծում եմ, որ Վճռաբեկ դատարանը, կաշկանդված լինելով վճռաբեկ բողոքում նշված՝ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքով և հիմնավորմամբ, որոշում կայացնելիս պարտավոր էր ստուգել բացառապես վճռաբեկ բողոքում նշված՝ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքի առկայությունը կամ բացակայությունը՝ ստուգել արդյո՞ք բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել հենց Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի ու նույն Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, որը տվյալ դեպքում չի իրականացրել։
Դրանից ելնելով՝ հայտնում եմ իմ անհամաձայնությունը Վճռաբեկ դատարանի կողմից կայացված որոշման վերաբերյալ:
Դատավոր` Գ. Հակոբյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հունիսի 2024 թվական: