Գլխավոր տեղեկություն
Համար
N 1727-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (28.04.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.10.31-2022.11.13 Պաշտոնական հրապարակման օրը 10.11.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.11.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.11.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 նոյեմբերի 2022 թվականի N 1727-Ն

 

ՓՈԽՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՈՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 377-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել փոխհամաձայնեցման ընթացակարգի միջոցով հարկային հարցերով վեճերի լուծման կարգը և ժամկետները՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

10.11.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2022 թվականի

նոյեմբերի 10-ի N 1727-Ն որոշման

 

ՓՈԽՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՈՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

1․ Ընդհանուր դրույթներ

 

1. Փոխհամաձայնեցման ընթացակարգը (այսուհետ՝ ընթացակարգ) կարգավորում է Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված կրկնակի հարկումը բացառող համաձայնագրերի (այսուհետ՝ համաձայնագիր) դրույթներին, համաձայնագրերի չարաշահումը կանխելու և բազմակողմ վեճերը լուծելու կարգավորումներին չհամապատասխանող հարկման դեպքերում, ինչպես նաև ռեզիդենտ կազմակերպության և ոչ ռեզիդենտ անձանց միջև իրականացված վերահսկվող գործարքների մասով Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի և օտարերկրյա իրավասու մարմնի միջև հարկային հարցերով վեճերի լուծման կարգը և ժամկետները:

(1-ին կետը խմբ. 18.04.24 N 533-Ն)

2. Ընթացակարգով սահմանված դրույթները կիրառելի են այնքանով, որքանով չեն հակասում համաձայնագրերի դրույթներին:

3. Ցանկացած անձ, որը համաձայնագրով սահմանված կարգով հանդիսանում է Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ (այսուհետ՝ դիմող) կարող է, համաձայնագրով նախատեսված կարգով, ընթացակարգ սկսելու դիմում (այսուհետ՝ դիմում) ներկայացնել Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնին (այսուհետ՝ հարկային մարմին), որի արդյունքում, օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, կարող է սկսվել ընթացակարգ Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա հարկային մարմնի միջև, եթե երկու երկրների միջև առկա է համաձայնագիր:

(3-րդ կետը փոփ. 18.04.24 N 533-Ն)

4. Դիմողը դիմումը ներկայացնում է հարկային մարմնին` համապատասխան համաձայնագրով սահմանված ժամկետներում: Համաձայնագրով սահմանված ժամկետի ավարտից հետո դիմում ներկայացնելը հիմք է հանդիսանում հարկային մարմնի կողմից դիմումը մերժելու համար:

5. Հարկային մարմնի կողմից ընթացակարգ սկսելու համար որևէ վճար չի գանձվում:

 

2. Ընթացակարգի դիմելու գործընթաց

 

6. Դիմողը դիմումով ներկայացնում է հետևյալ տեղեկությունները և փաստաթղթերը.

1) դիմողի և դիմումով ներկայացված գործարքների կողմեր հանդիսացողների վավերապայմանները․ ֆիզիկական անձանց դեպքում՝ անունը, ազգանունը, հայրանունը, հաշվառման հասցեն, ծանուցման հասցեն (եթե այն տարբերվում է հաշվառման հասցեից), էլեկտրոնային փոստի հասցեն, ինչպես նաև առկայության դեպքում՝ հարկ վճարողի հաշվառման համարը, իրավաբանական անձանց դեպքում՝ անվանումը, գտնվելու վայրը, պետական գրանցման վկայականի համարը, էլեկտրոնային փոստի հասցեն, հարկ վճարողի հաշվառման համարը).

2) համաձայնագրի կողմ հանդիսացող մյուս երկրի իրավասու մարմնի անվանումը և առկայության դեպքում` տարածքային հարկային մարմնի անվանումը, որի կողմից իրականացված գործողությունները հանգեցրել կամ կարող են հանգեցնել հարկման, որը չի համապատասխանում համաձայնագրի դրույթներին.

3) համաձայնագրի այն հոդվածը, որի դրույթները դիմողի կարծիքով կիրառվել են սխալ կամ չեն կիրառվել, այդ դրույթների կիրառման վերաբերյալ դիմողի դիրքորոշումը.

4) դիմումով ներկայացված գործարքներին առնչվող ժամանակահատվածը.

5) դիմումով ներկայացված գործարքների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն և համառոտ նկարագրություն համապատասխան փաստերի վերլուծության և հիմնավորող հաշվարկների վերաբերյալ.

6) տրանսֆերային գնագոյացման փաստաթղթերն ըստ անհրաժեշտության, որոնք վերաբերում են դիմումով ներկայացված գործարքներին.

7) առկայության դեպքում դիմողը ներկայացնում է նաև`

ա) համաձայնագրի մյուս կողմ հանդիսացող երկրի իրավասու մարմնին ներկայացված կամ ներկայացման ենթակա դիմումի պատճենը, ինչպես նաև համապատասխան փաստաթղթերը՝ ներառյալ նամակները, առարկությունները, հղումները և այլ փաստաթղթեր, որոնք ստացվել են այդ երկրի իրավասու մարմնի կողմից,

բ) առարկություն, բողոք կամ փոխհատուցման չափի որոշման վերաբերյալ տեղեկանք կամ ցանկացած այլ հիմնավորող փաստաթուղթ, որը ներկայացվել է դիմողի կողմից համաձայնագրի կողմ հանդիսացող երկու երկրների իրավասու մարմիններից որևէ մեկին,

գ) նախկինում նմանատիպ դեպքի վերաբերյալ ուժի մեջ մտած դատական ակտ կամ համաձայնագրի կողմ հանդիսացող երկու երկրներից որևէ մեկում նմանատիպ վարույթների վերաբերյալ տեղեկատվություն,

դ) ցանկացած այլ երկրների միջև փոխհամաձայնեցման ընթացակարգի միջոցով նմանատիպ գործի լուծման փաստաթղթի պատճենը, որը կարող է ազդեցություն ունենալ ընթացակարգի վրա,

ե) ցանկացած այլ տեղեկատվություն, որը դիմողը կհամարի տեղին:

(6-րդ կետը խմբ., փոփ. 18.04.24 N 533-Ն)

7. Դիմումը ստորագրվում է դիմողի կամ նրա ներկայացուցչի կողմից:

8. Դիմողը հավելվածի 6-րդ կետով սահմանված տեղեկությունները և փաստաթղթերը հարկային մարմին է ներկայացնում փաստաթղթերի էլեկտրոնային համակարգի միջոցով՝ հայերեն կամ անգլերեն կամ ռուսերեն՝ պայմանով, որ անգլերեն կամ ռուսերեն տեղեկությունները և փաստաթղթերը հարկային մարմնի պահանջով թարգմանվեն հայերեն և ներկայացվեն հարկային մարմին՝ այդ մասին գրավոր ծանուցումն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:

9. Դիմումը ստանալուց հետո 30 աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմինը էլեկտրոնային եղանակով ծանուցում է դիմողին՝ դիմումին ընթացք տալու կամ մերժելու կամ դիմումով ներկայացված գործարքների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն պահանջելու վերաբերյալ: Դիմողը գործարքների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն ստանալու պահանջի օրվանից 20 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է պահանջվող գործարքների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվությունը։ Հարկային մարմնի կողմից գործարքների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն պահանջելու օրվանից 10 աշխատանքային օր հետո դիմողի կողմից գործարքների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն չստանալու դեպքում, դիմողին ուղարկում է ևս մեկ հիշեցնող ծանուցում՝ գործարքների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվության պահանջի վերաբերյալ։ Սահմանված ժամկետում գործարքների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվությունը հարկային մարմնին չներկայացնելու դեպքում դիմումը մերժվում է։ Գործարքների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմինը քննարկում է ստացված տեղեկատվությունը և էլեկտրոնային եղանակով ծանուցում է դիմողին՝ դիմումին ընթացք տալու կամ մերժելու վերաբերյալ:

(9-րդ կետը խմբ. 18.04.24 N 533-Ն)

                                    

  2.1. Հարկային մարմնի կողմից դիմումի միակողմանի քննություն

(գլուխը լրաց. 18.04.24 N 533-Ն)

 

9.1. Դիմումը ստանալուց հետո 30 աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմինը քննում է դիմումը` դիմումին ընթացք տալու կամ մերժելու նպատակով: Մասնավորապես, եթե՝

1) դիմումը համապատասխանում է համաձայնագրի փոխհամաձայնեցման ընթացակարգի վերաբերյալ կարգավորումների շրջանակին.

2) դիմումը ներկայացվել է այն իրավասու մարմնին, որը սահմանված է համաձայնագրով.

3) դիմումը ներկայացվել է համաձայնագրով սահմանված ժամկետում.

4) դիմումը ներկայացրել է համաձայնագրի իմաստով համապատասխան հարկ վճարողը.

5) դիմումը ներկայացվել է համաձայնագրով նախատեսված ֆինանսական տարիների համար,

ապա հարկային մարմինը պետք է ընթացք տա դիմումին։

9.2. Դիմումի մերժման հիմքերի առկայության դեպքում հարկային մարմինը էլեկտրոնային կամ թղթային տարբերակով կապ կհաստատի օտարերկրյա հարկային մարմնի հետ՝ ծանուցելով ստացված դիմումի վերաբերյալ և կներկայացնի հարկային մարմնի կողմից դիմումի մերժման հիմքերը։ Օտարերկրյա հարկային մարմինը կարող է 5 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել իր դիրքորոշումը դիմումի մերժման վերաբերյալ։ Դիմումի մերժման դեպքում՝ հարկային մարմինը հարկ վճարողին պետք է ներկայացնի դիմումի մերժման հիմքերը։

9.3. Դիմումին ընթացք տալուց հետո հարկային մարմնի կողմից պետք է իրականացվեն վերլուծություններ՝ ստուգելու հարկ վճարողի կողմից դիմումում ներկայացված առարկությունների հիմնավորվածությունը։

9.4. Հարկային մարմնի կողմից դիմումում ներկայացված առարկությունները հիմնավորված համարվելու դեպքում, հարկային մարմինն իր իրավասությունների շրջանակում կփորձի խնդիրը լուծել միակողմանիորեն՝ առանց օտարերկրյա հարկային մարմնի հետ խորհրդակցելու: Եթե հարկային մարմինը միակողմանիորեն չկարողանա դիմումը ստանալու օրվանից 6 ամսվա ընթացքում գտնել այնպիսի լուծում, որն ընդունելի լինի դիմողի համար, ապա հարկային մարմինը էլեկտրոնային կամ թղթային տարբերակով կապ կհաստատի օտարերկրյա հարկային մարմնի հետ՝ երկկողմանի գործընթաց սկսելու նպատակով:

 

3. Իրավասու մարմինների միջև քննարկումներ

 

10. Դիմումը ստանալուց հետո հարկային մարմինն ուսումնասիրում է գործարքների փաստական հանգամանքները և, անհրաժեշտության դեպքում, դիմում է այլ երկրի իրավասու մարմնին՝ ընթացակարգի մեկնարկելու նպատակահարմարության հայցով՝ պարզելու դիմումով ներկայացված գործարքների վերաբերյալ համաձայնագրի մյուս կողմ հանդիսացող երկրի իրավասու մարմնի դիրքորոշումը:

11. Հարկային մարմինը էլեկտրոնային եղանակով ծանուցում է դիմողին համաձայնագրի մյուս կողմ հանդիսացող երկրի իրավասու մարմնի կողմից ընթացակարգ մեկնարկելու հայցն ընդունելու կամ մերժելու մասին որոշումն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:

12. Այն դեպքում, երբ ընթացակարգ մեկնարկելու հայցը համաձայնագրի մյուս կողմ հանդիսացող երկրի իրավասու մարմնի կողմից ընդունվել է, ապա հարկային մարմինը մյուս երկրի իրավասու մարմնի հետ սկսում է քննարկումներ այդ որոշումը ստանալուց հետո 30 աշխատանքային օրվա ընթացքում:

13. Այն դեպքում, երբ ընթացակարգ մեկնարկելու հայցը համաձայնագրի մյուս կողմ հանդիսացող երկրի իրավասու մարմնի կողմից ընդունվել է, ապա այդ որոշումը ստանալուց հետո հարկային մարմինը 6 ամսվա ընթացքում համաձայնագրի մյուս կողմ հանդիսացող երկրի իրավասու մարմին է ներկայացնում իր դիրքորոշումը, որը կարող է ներառել հետևյալ տեղեկությունները.

1) հավելվածի 6-րդ կետի 1-ին ենթակետում նշված տեղեկությունները, մյուս երկրում դիմումով ներկայացված գործարքների փոխկապակցված կողմերը և փոխկապակցված համարվելու հիմքերը.

2) հարկային մարմնի կոնտակտային տվյալները.

3) խնդրի ամփոփ նկարագիրը, դիմումով ներկայացված գործարքները, հարկային պարտավորությունների հաշվարկման հիմքերը.

4) դիմումով ներկայացված գործարքներին առնչվող ժամանակահատվածը.

5) դիմումով ներկայացված եկամտի գումարը և յուրաքանչյուր հարկային տարվա կտրվածքով հարկի հաշվարկումը.

6) դիմողի հարկային հաշվարկներից (հաշվետվություններից) համապատասխան ամփոփ տեղեկատվություն.

7) հարկի հաշվարկման նկարագիրը, ներքին օրենսդրության և համաձայնագրի համապատասխան հոդվածները.

8) լրացուցիչ տեղեկությունների հիման վրա կատարված հաշվարկներ (կարող է ներառել ֆինանսական և տնտեսական տեղեկությունները, հաշվետվությունները, բացատրական ուղեցույցներ, ինչպես նաև դիմողի փաստաթղթեր և փաստեր).

9) հարկի հաշվարկի համար կիրառված մեթոդաբանության և համադրելի գործարքների նկարագրերը.

10) հարկի հաշվարկման համար կիրառված տրանսֆերային գնագոյացման մեթոդի ընտրության բացատրությունը։

(13-րդ կետը փոփ. 18.04.24 N 533-Ն)

14. Հարկային մարմինը կարող է ընթացակարգ իրականացնել համաձայնագրի մյուս կողմ հանդիսացող երկրի իրավասու մարմնի հետ անմիջական քննարկումների միջոցով՝ հաշվի առնելով յուրաքանչյուր դեպքի առանձնահատկությունները։

15. Այն դեպքում, երբ հարկային մարմինը համաձայնագրի մյուս կողմ հանդիսացող երկրի իրավասու մարմնից ստացել է ընթացակարգ մեկնարկելու նպատակահարմարության հայց, ապա հարկային մարմինը 30 աշխատանքային օրվա ընթացքում ընդունում կամ մերժում է ընթացակարգի մեկնարկի նպատակահարմարությունը: Մասնավորապես, ընթացակարգը մեկնարկելու հայցը կարող է մերժվել, եթե համաձայնագրով նախատեսված ժամկետն ավարտվել է, կամ հայցով ներկայացված խնդիրը չի առնչվում համաձայնագրի դրույթների կիրառման հետ: Այն դեպքում, երբ հայցում նկարագրված խնդրի լուծման համար առկա է ուժի մեջ մտած դատական ակտ, հարկային մարմինը կարող է ընդունել ընթացակարգը սկսելու մասին հայցը, սակայն նախաձեռնված քննարկումների ժամանակ հարկային մարմինը չի կարող գալ այնպիսի համաձայնության, որը կարող է շեղվել դատական ակտից։

(15-րդ կետը խմբ. 18.04.24 N 533-Ն)

15.1. Անհրաժեշտության դեպքում, պարզաբանում կամ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար, հարկային մարմինը կարող է դիմել համաձայնագրի մյուս կողմ հանդիսացող երկրի իրավասու մարմնին։ Ընթացակարգը մեկնարկելու նպատակահարմարության հայցի վերաբերյալ պարզաբանում կամ լրացուցիչ տեղեկատվություն ստանալուց հետո 3 ամսվա ընթացքում հարկային մարմինը քննարկում է ստացված տեղեկատվությունը և ընթացակարգը մեկնարկելու հայցը ընդունում կամ մերժում է։ Ընթացակարգ մեկնարկելու նպատակահարմարության հայցի պատասխանը կարող է ներառել հետևյալ տեղեկությունները՝

1) նշում, որ նախնական դիրքորոշման տեսակետը կամ առաջարկվող լուծումն ընդունելի է.

2) խնդիրների կամ հատվածների նշում, որտեղ համաձայնագրի կողմ հանդիսացող երկրների իրավասու մարմիններն ունեն համաձայնություն կամ տարաձայնություն.

3) լրացուցիչ տեղեկությունների կամ որոշ խնդիրների պարզաբանման համար անհրաժեշտ բացատրությունների հայցում.

4) այլ կամ լրացուցիչ տեղեկությունների ներկայացում, որոնք առնչվում են դիմումով ներկայացված գործարքներին, սակայն բարձրացված չեն դիրքորոշման մեջ, և

5) խնդիրը լուծելու առաջարկներ կամ տեսակետներ:

(15.1-ին կետը լրաց. 18.04.24 N 533-Ն)

16. Ընթացակարգի շրջանակներում իրավասու մարմինների միջև տեղեկությունների փոխանակումն ամբողջությամբ պաշտպանված է համաձայնագրի գաղտնիությունն ապահովող դրույթներով:

 

4. Քննարկումների արդյունքները

 

17. Իրավասու մարմինների միջև քննարկումների արդյունքում ձեռք բերված համաձայնության հիման վրա կազմվում է համառոտ տեղեկանք, որում արտացոլվում են համաձայնագրի կողմ հանդիսացող երկու երկրների կողմից տրամադրվելիք արտոնության չափերը, ինչպես նաև այդպիսի արտոնության տրամադրման եղանակը: Համառոտ տեղեկանքը ներկայացվում է մյուս երկրի իրավասու մարմնի հաստատմանը:

18. Մյուս երկրի իրավասու մարմնի կողմից համառոտ տեղեկանքը հաստատվելուց հետո հարկային մարմինը 10 աշխատանքային օրվա ընթացքում ծանուցում է դիմողին՝ ձեռքբերված համաձայնությունների մասին։

19. Դիմողը ձեռք բերված համաձայնությունների մասին համառոտ տեղեկանքի վերաբերյալ դիրքորոշումը էլեկտրոնային եղանակով ներկայացնում է հարկային մարմին՝ համառոտ տեղեկանքն ստանալու օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում:

20. Դիմողի համաձայնությունն ստանալու դեպքում՝ հարկային մարմինը 10 աշխատանքային օրվա ընթացքում մյուս երկրի իրավասու մարմնի հետ փոխանակում է փոխադարձ համաձայնության վերաբերյալ գրավոր հաստատում: Իրավասու մարմինների միջև փոխադարձ համաձայնության վերաբերյալ գրավոր հաստատումների փոխանակումից հետո ընթացակարգը համարվում է ավարտված:

21. Դիմողը կարող է մասնակի ընդունել համառոտ տեղեկանքով ներկայացված համաձայնությունները։ Այս դեպքում, ստանալով դիմողի մասնակի համաձայնությունը, հարկային մարմինը 10 աշխատանքային օրվա ընթացքում մյուս երկրի իրավասու մարմնի հետ փոխանակում է փոխադարձ համաձայնության վերաբերյալ գրավոր հաստատում: Իրավասու մարմինների միջև փոխադարձ համաձայնության վերաբերյալ գրավոր հաստատումների փոխանակումից հետո ընթացակարգը համարվում է ավարտված։

22. Այն դեպքում, երբ դիմողին չի բավարարում իրավասու մարմինների միջև ձեռք բերված համաձայնությունը, դիմողը կարող է մերժել այն։ Իրավասու մարմինները գործը կհամարեն ավարտված և 10 աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով կտեղեկացնեն դիմողին։ Դիմումի վերաբերյալ համաձայնագրի կողմ հանդիսացող երկրների իրավասու մարմինների միջև ձեռք բերված համաձայնությունը մերժելու դեպքում, դիմողը կարող է դիմել դատարան կամ հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողով` համաձայն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 20-րդ բաժնով սահմանված կարգի։

(22-րդ կետը խմբ. 18.04.24 N 533-Ն)

23. Հարկային մարմինն իրականացնում է համապատասխան վարչարարություն համաձայնագրի կողմ հանդիսացող երկրների իրավասու մարմինների միջև ձեռք բերված համաձայնությունն իրականացնելու ուղղությամբ:

 

5. Ընթացակարգի արդյունքի իրավական ազդեցությունը

 

24. Ցանկացած համաձայնություն, որը ձեռք է բերվել ընթացակարգի ներքո, կատարվում է անկախ ՀՀ հարկային օրենսդրության մեջ առկա ժամանակային սահմանափակումներից:

25. Ընթացակարգի արդյունքում ձեռք բերված համաձայնությունը կիրառվում է միայն այդ առանձնահատուկ դեպքի և միայն այն ժամանակահատվածի նկատմամբ, որի համար իրականացվել է ընթացակարգը:

26. Այն դեպքում, երբ հարկային մարմինը դիմողի դիմումի համաձայն ի վիճակի չէ համաձայնագրով նախատեսված ժամկետներում լուծել հարկային հարցերով վեճը համաձայնագրի մյուս կողմ հանդիսացող երկրի իրավասու մարմնի հետ ընթացակարգի միջոցով, ապա լուծում չստացած յուրաքանչյուր հարկային հարցերով վեճին վերաբերող գործ դիմողը կարող է ներկայացնել արբիտրաժային դատարան, եթե դա նախատեսված է համաձայնագրով: Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ տվյալ հարկային հարցերով վեճի վերաբերյալ արդեն իսկ առկա է համաձայնագրի կողմ հանդիսացող երկրներից որևէ մեկի դատարանի կողմից ուժի մեջ մտած դատական ակտ: Արբիտրաժային որոշումը պարտադիր է համաձայնագրի կողմ հանդիսացող երկրների համար և կիրականացվի՝ անկախ համաձայնագրի կողմ հանդիսացող երկրների ներպետական օրենսդրությամբ սահմանված ժամկետներից, եթե երկու իրավասու մարմիններն էլ չհամաձայնվեն այլ լուծման շուրջ՝ որոշումն իրենց հաղորդվելուց հետո 6 ամսվա ընթացքում, կամ, եթե գործով անմիջականորեն ներգրաված դիմողը չընդունի արբիտրաժային որոշման հիմքով ընդունվող փոխադարձ համաձայնությունը: Մնացած չկարգավորված հարցերը ենթակա են կարգավորման համաձայնագրով սահմանված կարգով:

(26-րդ կետը խմբ. 18.04.24 N 533-Ն)

27. Հարկ վճարողը կարող է նախընտրել համաձայնագրի դրույթներին չհամապատասխանող հարկման արդյունքում առաջացած անճշտությունները լուծել ինքնուրույն կամ այլընտրանքային տարբերակով. ընթացակարգի ընթացքում հարկային մարմնին խնդրել ճշգրտել անճշտություններից մեկը, իսկ մյուսները՝ ինքնուրույն:

(27-րդ կետը խմբ. 18.04.24 N 533-Ն)

28. Եթե հարկային մարմինը կաշկանդված է դատական ակտով, որը խոչընդոտում է ընթացակարգի շրջանակներում տրամադրել ավելի բարենպաստ հարկային հարցերով վեճի լուծում, քան նախատեսված է դատական ակտով, հարկային մարմինը դիմողին է ներկայացնում այդ դիրքորոշումը՝ բացատրելով այդ որոշման իրավական հիմքերը:

(28-րդ կետը փոփ. 18.04.24 N 533-Ն)

29. Համաձայնագրի կողմ հանդիսացող երկրների իրավասու մարմինների կողմից ընթացակարգի դեպքում հարկային պարտավորությունների հաշվարկման տարբեր մոտեցումների առկայության դեպքում՝ իրավասու մարմինները մինչ ընթացակարգի ավարտը կիրականացնեն քննարկումներ` նման տարբերություններով պայմանավորված պարտավորությունների վճարումը բացառելու համար:

(29-րդ կետը լրաց. 18.04.24 N 533-Ն)

30. Դիմողը կարող է դիմել դիմումով նախատեսված գործարքների գծով լրացուցիչ հարկային պարտավորությունների հաշվարկման հետաձգման կամ կասեցման համար։ Այս դեպքում հարկային մարմինը 30 աշխատանքային օրվա ընթացքում որոշում է ընդունում դիմումի ներկայացման օրվանից մինչև ընթացակարգի ավարտը լրացուցիչ հարկային պարտավորությունների հաշվարկը հետաձգելու կամ կասեցնելու մասին դիմումն ընդունելու կամ մերժելու վերաբերյալ և դիմողին էլեկտրոնային եղանակով ծանուցում ընդունված որոշման մասին։

 

6. Տիպային ժամանակացույց

 

31. Ստորև ներկայացված աղյուսակը նկարագրում է ընթացակարգի իրականացման տիպային ժամանակացույցը:

 

Աղյուսակ 1. Ընդհանուր ցուցումներ ընթացակարգի գործընթացի ժամանակացույցի վերաբերյալ

 

#

Գործողություն

Ժամկետ

1.

Դիմողի կողմից ընթացակարգի մեկնարկ-դիմումի ներկայացում

Համաձայնագրով սահմանված

ժամկետում

2.

Հարկային մարմնի կողմից դիմումի ուսումնասիրություն՝

•  դիմումի ընթացք տալ կամ մերժում,

•  դիմողից լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով այլ փաստաթղթերի պահանջում

Դիմումի ներկայացման օրվանից հետո 30 աշխատանքային օրվա ժամկետում

3.

Հարկային մարմնի կողմից դիմումի ուսումնասիրություն՝

•  դիմողի կողմից լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով այլ փաստաթղթեր ստանալու դեպքում

Դիմողի կողմից լրացուցիչ տեղեկություններ ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ժամկետում

4.

Մյուս երկրի իրավասու մարմնի կողմից ընթացակարգ սկսելու հարցման համապատասխանության որոշում

Հնարավոր չէ սահմանել

5.

•  Հարցումն ընդունելու դեպքում - ընթացակարգի շուրջ քննարկումների մեկնարկ մյուս երկրի իրավասու մարմնի հետ և ծանուցում դիմողին

•  Հարցումը մերժվում է - ծանուցում դիմողին

Մյուս երկրի իրավասու մարմնի կողմից որոշումն ընդունելուց հետո 10 աշխատանքային օրվա ժամկետում

6.

Մյուս երկրի իրավասու մարմնի կողմից ներկայացված գործի ուսումնասիրություն, դիրքորոշման ամբողջականության վերաբերյալ նախնական գնահատական և անբավարար տեղեկությունների վերաբերյալ ծանուցում

Դիրքորոշումը ստանալուց հետո 6-ամսյա ժամկետում

7.

Իրավասու մարմինների միջև բանակցությունների անցկացում

6 ամիս

8.

Իրավասու մարմինների միջև փոխհամաձայնեցում, որը փոխըմբռնման հուշագրի տեսքով փաստաթուղթ է երկու

իրավասու մարմինների միջև

Դիմումի ընդունումից հետո 24-ամսյա ժամկետում

9.

Դիմողի կողմից փոխհամաձայնության հաստատում

10 աշխատանքային օրվա ընթացքում

10.

Փոխհամաձայնեցման ընդհանուր դրույթների և պայմանների հաստատում, վերջնական նամակների փոխանակում

Դիմողի կողմից փոխհամաձայնեցման

հաստատումից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում

11.

Փոխհամաձայնեցման ընթացակարգի իրականացում

Վերջնական նամակների փոխանակումից հետո 3-ամսյա

ժամկետում

  (հավելվածը խմբ., փոփ., լրաց. 18.04.24 N 533-Ն)

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

10.11.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 նոյեմբերի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
18.04.2024, N 533-Ն 28.04.2024, N 1727-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան