ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 դեկտեմբերի 1992 թվականի N 630
քաղ. Երևան
ՆԵՐՔԱՂԱՔԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ
Ռուսաստանյան Դաշնությունում և ԱՊՀ-ի անդամ պետություններում էներգոռեսուրսների գների բարձրացման առնչությամբ և տրանսպորտի վնասաբերության նվազեցման նպատակով, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հաստատել ներքաղաքային (մետրո, ավտոբուս, տրոլեյբուս և տրամվայ) տրանսպորտով ուղևորների փոխադրման համար սահմանային սակագին` յուրաքանչյուր անձից 3 ռուբլու չափով, դնելով այն գործողության մեջ 1992 թվականի դեկտեմբերի 13-ից:
(1-ին կետն ուժը կորցրել է 29.04.93 թիվ 199)
2. Հաստատել ներքաղաքային տրանսպորտով անվճար և սահմանային սակագնի զեղչով երթևեկելու իրավունք ունեցող քաղաքացիների լրացուցիչ ցանկը, համաձայն հավելվածի:
3. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում ներքաղաքային տրանսպորտից օգտվելու արտոնությունների տրման կարգը (կցվում է):
4. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին, գերատեսչություններին, ձեռնարկություններին և կազմակերպություններին` սակավ ապահովված աշխատողներին և նրանց ընտանիքի անդամներին եղած միջոցների հաշվին տրամադրել ներքաղաքային տրանսպորտով երթևեկության փոխհատուցումներ:
5. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` յուրաքանչյուր ամսվա վերջում Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությանը փոխհատուցել ներքաղաքային տրանսպորտի փաստացի վնասները:
6. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության հետ համատեղ 10-օրյա ժամկետում քննության առնել ու ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության կառավարություն ներքաղաքային տրանսպորտից (բացի տաքսիից) անվճար և սահմանային սակագնի զեղչով երթևեկելու արտոնություններից օգտվելու իրավունք ունեցող առանձին կատեգորիաների քաղաքացիների մասին:
7. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության հետ համատեղ քննության առնել և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն վառելիքի գների բարձրացման հետ կապված հացի և սննդամթերքի փոխադրման լրացուցիչ ծախսերի փոխհատուցման մասին:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Խ. Հարությունյան |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |
Հավելված ՀՀ կառավարության 1992 թ. դեկտեմբերի 18-ի N 630 որոշման |
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՑԱՆԿ
ՆԵՐՔԱՂԱՔԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ (ԲԱՑԻ ՏԱՔՍԻԻՑ) ԱՆՎՃԱՐ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԻ ԶԵՂՉՈՎ ԵՐԹԵՎԵԿԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆՈՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ
(հավելվածն ուժը կորցրել է 14.07.94 N 318)
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆԵՐՔԱՂԱՔԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐՄԱՆ
1. Հայաստանի Հանրապետությունում ներքաղաքային տրանսպորտով անվճար կամ նախատեսված սահմանային սակագնի զեղչով երթևեկելու համար սահմանվում և 1993 թվականի հունվարի 1-ից գործողության մեջ է դրվում միասնական նմուշի վկայական (մշտական տոմս):
2. Ներքաղաքային տրանսպորտից անվճար կամ սահմանային սակագնի զեղչով երթևեկելու իրավունք ունեցող քաղաքացիներին սույն կարգի 1-ին կետում նշված վկայականները տրվում են մեկ լուսանկար և արտոնությունը հավաստող համապատասխան փաստաթուղթ ներկայացնելու դեպքում:
3. 1993 թվականի հունվարի 1-ից ներքաղաքային տրանսպորտից անվճար կամ սահմանային սակագնի զեղչով օգտվելը թույլատրվում է բացառապես Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության կողմից սահմանված միասնական նմուշի վկայականները ներկայացնելու դեպքում:
4. Քաղաքացուն միասնական նմուշի վկայականը տրվում է ըստ բնակության վայրի և գործում է նրանում նշված ժամկետում:
5. Հանրակրթական դպրոցների ավարտական (9-րդ և 10-րդ) դասարանների սովորողներին մշտական տոմսեր են տրվում դպրոցների կողմից տրված ցուցակների հիման վրա: