ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Սնանկության գործ թիվ ՍնԴ/0066/04/212024 թ. | ||||||
Սնանկության գործ թիվ ՍնԴ/0066/04/21 |
|||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող և զեկուցող
Գ. Հակոբյան Ա. Աթաբեկյան Ն. Հովսեփյան Ս․ Է. Ս
202
4 թվականի փետրվարի 28-ինգրավոր ընթացակարգով քննելով ըստ Պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ նաև` Կոմիտե) դիմումի՝ Գայանե Հովսեփյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին, սնանկության գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.09.2022 թվականի որոշման դեմ Կոմիտեի բերած վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Կոմիտեն պահանջել է Գայանե Հովսեփյանին ճանաչել սնանկ:
Սնանկության դատարանի (այսուհետ` Դատարան) 02.05.2022 թվականի վճռով դիմումը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 23.09.2022 թվականի որոշմամբ Կոմիտեի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 02.05.2022 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ և 6-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 7-րդ ու 364-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված հիմքի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Կոմիտեի կողմից սույն գործով դիմումը Դատարան ներկայացնելու պահի՝ 11.01.2021 թվականի, ինչպես նաև Դատարանի կողմից Գայանե Հովսեփյանին սնանկ ճանաչելու դիմումը մերժելու մասին վճռի կայացման պահի՝ 02.05.2022 թվականի դրությամբ առկա են եղել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը գերազանցող անվիճելի հարկային պարտավորություններ, դրանց 90-օրյա կամ ավելի ժամկետով կետանց և այդ կետանցը շարունակվել է, որպիսի հանգամանքներն անհրաժեշտ ու բավարար հիմք էին Գայանե Հովսեփյանին սնանկ ճանաչելու պահանջով դատարան դիմելու համար։
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ թեկուզև Գայանե Հովսեփյանը մեկ այլ դատարան հայց է ներկայացրել օտարման գործարքի նկատմամբ առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին, սակայն այդ գործով վիճարկվում է օտարման գործարքը, այլ ոչ թե չկատարված հարկային պարտավորությունները գանձելու մասին 06.03.2020 թվականի թիվ 1402-Ա որոշումը: Նշված որոշումը դեռևս օրինական ուժի մեջ է և օրենքով սահմանված կարգով դարձել է անբողոքարկելի, ու քանի դեռ առկա չէ հակառակը պնդող օրինական ուժի մեջ մտած վճիռ, ապա վերոնշյալ վարչական ակտը շարունակում է իր գործողությունը:
Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ Կոմիտեն ոչ իր մեղքով ծանրաբեռնվել է պետական տուրքի և ժամանակավոր կառավարչի վարձատրության գումարներով, որը նման պայմաններում չի կարող համարվել իրավաչափ։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 23.09.2022 թվականի որոշումը և փոփոխել այն՝ դիմումը բավարարել։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) սույն գործով Կոմիտեն դիմում է ներկայացրել Դատարան՝ Գայանե Հովսեփյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին։
Կոմիտեի կողմից ներկայացված դիմումում որպես Գայանե Հովսեփյանին սնանկ ճանաչելու հիմքեր վկայակոչվել են, որ Գայանե Հովսեփյանը թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը գերազանցող՝ 2.399.300 ՀՀ դրամի չափով անվիճելի վճարային պարտավորությունների 90-օրյա ժամկետից ավել ժամկետով կետանց, իսկ որպես վճարային պարտավորության անվիճելիությունը հաստատող հանգամանք վկայակոչվել է Գայանե Հովսեփյանից 2.262.500 ՀՀ դրամի չափով հարկային պարտավորության գումար գանձելու վերաբերյալ Կոմիտեի իրավաբանական վարչության պետ Ա. Մնացականյանի կողմից 06.03.2020 թվականին կայացված թիվ 1402-Ա որոշումը, որը դիմողի կարծիքով անբողոքարկելի է դարձել 20.03.2020 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 3-8, 12-14, 124-128).
2) Կոմիտեի իրավաբանական վարչության պետ Ա. Մնացականյանի կողմից 06.03.2020 թվականին կայացված թիվ 1402-Ա որոշման հիմքում դրվել է Գայանե Հովսեփյանի կողմից 28.06.2018 թվականին կնքված գործարքով օտարված համապատասխան անշարժ գույքը՝ Երևանի Գ. Նժդեհի փողոցի 35-րդ շենքի թիվ 2 տարածքը, ձեռնարկատիրական գործունեության առարկա համարելու հանգամանքը (հատոր 1-ին, գ.թ. 12-14).
3) «Հարկային պարտավորությունների և դրանց առաջացման հիմքերի վերաբերյալ» տեղեկանքի համաձայն՝ 07.12.2020 թվականի դրությամբ Գայանե Հովսեփյանի հարկային պարտավորությունը եկամտային հարկի գծով կազմել է 2.399.300 ՀՀ դրամ, որից 2.000.000 ՀՀ դրամը հարկի գումարն է, իսկ 399.300 դրամը՝ տույժի գումարը (հատոր 1-ին, գ.թ. 15).
4) Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի վարույթում է գտնվում թիվ ԵԴ/30334/02/20 քաղաքացիական գործը՝ ըստ Գայանե Հովսեփյանի հայցի ընդդեմ Մկրտիչ Ամիրխանյանի, երրորդ անձ Պետական եկամուտների կոմիտեի՝ Գայանե Հովսեփյանի և Մկրտիչ Ամիրխանյանի միջև 22.06.2018 թվականին կնքված առուվաճառքի պայմանագրի նկատմամբ առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու՝ 22.06.2018 թվականին Մկրտիչ Ամիրխանյանի անվամբ սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասին: Նշված հայցադիմումը դատարանում ստացվել է 15.10.2020 թվականին, և քաղաքացիական գործը դեռևս գտնվում է քննության փուլում (հիմք` «www.court.am», հատոր 1-ին, գ.թ. 136-139):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով՝ նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ բողոքարկվող դատական ակտում «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի մեկնաբանությունը հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից թիվ ԵՄԴ/0013/04/17 քաղաքացիական գործով 07.12.2018 թվականին կայացրած որոշման մեջ նույն նորմին տրված մեկնաբանությանը:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը.
իրավաչա՞փ է արդյոք վարչական ակտից բխող՝ օրենքով սահմանված հարկեր վճարելու պարտավորությունը վիճելի համարելն այն դեպքում, երբ քաղաքացիական դատավարության կարգով վիճարկվում է ոչ թե այդ վարչական ակտը, այլ նման պարտավորության առաջացման հիմք հանդիսացող գործարքը։
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` սնանկության գործերի վարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով և նույն օրենքով սահմանված կարգով:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտապանը կարող է սնանկ ճանաչվել դատարանի վճռով` սեփական նախաձեռնությամբ (կամավոր սնանկության դիմում) կամ պարտատիրոջ պահանջով (հարկադրված սնանկության դիմում), եթե պարտապանն անվճարունակ է:
Նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «գ» ենթակետի համաձայն՝ պարտապանը դատարանի վճռով կարող է սնանկ ճանաչվել հարկադրված սնանկության դիմումի հիման վրա` եթե թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 90-օրյա կամ ավելի ժամկետով կետանց, և վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվում է (փաստացի անվճարունակություն)։ Վճարային պարտավորությունն անվիճելի է, եթե պարտապանը չի առարկում դրա դեմ, կամ եթե առարկում է հիշյալ պարտավորության դեմ, սակայն պահանջը բխում է օրենքով սահմանված հարկեր, տուրքեր, այլ վճարներ վճարելու պարտապանի պարտավորությունից, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը)։
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության և համայնքի բյուջեների նկատմամբ դրամային պարտավորություններով (այդ թվում` հարկերի, տուրքերի, այլ վճարների գծով) համապատասխան իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները պարտապանին սնանկ ճանաչելու նույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված հիմքերի առկայության դեպքում պարտավոր են պարտապանին սնանկ ճանաչելու պահանջով դիմել դատարան հետևյալ դեպքերում և ժամկետներում` լիազորված պետական համապատասխան մարմինը` հարկերի, տուրքերի, մաքսատուրքերի, այլ վճարների կամ վարչարարությունից ծագած տուգանքների գծով վճարումն ուշացնելու դեպքում պարտավորության հայտնաբերման պահին հաջորդող 6 ամսվա ընթացքում։
Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «գ» ենթակետում նշված հիմքով անձը կարող է սնանկ ճանաչվել բացառապես այն դեպքերում, երբ՝
1) անձը թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 90-օրյա կամ ավելի ժամկետով կետանց։ Ընդ որում, տվյալ դեպքում վճարային պարտավորությունն անվիճելի է, եթե պարտապանը չի առարկում դրա դեմ, կամ եթե առարկում է հիշյալ պարտավորության դեմ, սակայն պահանջը բխում է օրենքով սահմանված հարկեր, տուրքեր, այլ վճարներ վճարելու պարտապանի պարտավորությունից, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը), և
2) սնանկ ճանաչելու մասին վճռի կայացման պահին վերը նշված կետանցը շարունակվում է։
Ընդ որում, վերը նշված հիմքերի առկայության դեպքում համապատասխան իրավասու պետական մարմինը պարտավոր է օրենքով սահմանված ժամկետում դիմել դատարան՝ պարտապանին սնանկ ճանաչելու պահանջով։
Սահմանադրական դատարանը, 25.02.2008 թվականի թիվ ՍԴՈ-735 որոշմամբ անդրադառնալով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի իմաստով «անվճարունակություն» հասկացությանը, նաև արձանագրել է, որ անվճարունակությունը մի վիճակ է, երբ պարտապանն ընդհանուր առմամբ անկարող է վճարել իր պարտքերը պարտավորությունները կատարելու համար նախատեսված ժամկետներում: Օրենսդիրը որպես անվճարունակության ձև տարբերակում է նաև փաստացի անվճարունակությունը, այն է՝ պարտապանն ի վիճակի չէ կատարել իր ժամկետանց դրամական պարտավորությունները: Միաժամանակ Սահմանադրական դատարանը նշել է, որ օրենքը հիմնվում է անվճարունակության կանխավարկածի վրա, այն է՝ եթե պարտապանն ի վիճակի չէ կատարել ժամկետանց վճարային պարտավորությունները, ապա ի սկզբանե ենթադրվում է, որ նա փաստացիորեն անվճարունակ է, և այդ ենթադրությունը գործում է այնքան ժամանակ, քանի դեռ ժամկետանց պարտավորությունը չի կատարվել կամ վիճարկվել ու հերքվել:
Վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ վերլուծելով մինչև 12.10.2020 թվականը գործած խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը և անդրադառնալով սնանկ ճանաչելու պայման հանդիսացող վճարային պարտավորության անվիճելիության հատկանիշի մեկնաբանմանը, արձանագրել է, որ հարկադրված սնանկության դեպքում վճարային պարտավորության անվիճելիությունը, այդպիսի պարտավորության առնվազն 60-օրյա ժամկետով կետանցը և վճռի կայացման պահին այդպիսի կետանցի շարունակվելն այն երեք պայմաններն են, որոնցից յուրաքանչյուրի առկայությունն անհրաժեշտ է, իսկ բոլորինը միասին` բավարար անձին սնանկ ճանաչելու համար (տե՛ս «Յունիբանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Գևորգ Հարոյանի թիվ ԵՇԴ/0009/04/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը, մինչև 12.10.2020 թվականը գործած խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «անվիճելի վճարային պարտավորություն» եզրույթի բովանդակությունը դիտարկելով նույն կետի «գ» ենթակետի համատեքստում, փաստել է, որ այն պարտավորությունը, որը վիճարկվում է պարտապանի կողմից, կամ որի դեմ պարտապանը ներկայացրել է առարկություն, անվիճելի է, եթե այդպիսի պահանջը բխում է օրենքով սահմանված հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ վճարելու պարտապանի պարտավորությունից, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը): Հակառակ պարագայում, երբ այդպիսի պահանջի հիմքում դրված է համապատասխան օրենքից չբխող հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ վճարելու պարտապանի պարտավորությունը, և ապացուցվում է, որ տվյալ պահանջի դեմ պարտապանն ունի առարկելու բավարար հիմքեր, ապա պարտավորությունը դառնում է վիճելի (տե՛ս Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն ընդդեմ անհատ ձեռնարկատեր Արթուր Ալեքսանյանի թիվ ԵՄԴ/0013/04/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.12.2018 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով սույն գործով ներկայացված դիմումի հիմքում դրված «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «գ» ենթակետով սահմանված օրենսդրական կարգավորմանը, արձանագրում է հետևյալը.
Նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում վարչական ակտի հասկացությանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ վարչական ակտին բնորոշ են հետևյալ հատկանիշները.
1) վարչական ակտն անհատական իրավական ակտ է. այն ունի հստակորեն որոշված հասցեատեր,
2) վարչական ակտն ընդունվում է վարչական մարմինների՝ ՀՀ գործադիր իշխանության հանրապետական, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև վարչարարություն իրականացնող այլ պետական մարմինների կողմից,
3) վարչական ակտն ունի արտաքին ներգործություն. նրա հասցեատերն այնպիսի ֆիզիկական կամ իրավաբանական անձ է, որը կազմակերպական, աշխատանքային, ներքին ենթակայական կամ որևէ այլ ուղղակի կապի մեջ չի գտնվում այն ընդունած մարմնի հետ,
4) վարչական ակտն ընդունվում է հանրային իրավունքի բնագավառում. այն հանրային իշխանությամբ օժտված մարմնի՝ համապատասխան ֆիզիկական կամ իրավաբանական անձին ուղղված միակողմանի կարգադրություն է, որը հիմնված է ի սկզբանե հանրային իշխանությամբ օժտված մարմնի կողմից իրագործվելու նպատակով ընդունված իրավական նորմերի վրա,
5) վարչական ակտն ընդունվում է կոնկրետ գործի կարգավորման նպատակով. այն ուղղված է հանրային իշխանությամբ օժտված մարմնի կողմից հանրային իրավունքի ոլորտում կոնկրետ անձին առնչվող կոնկրետ հարցի կարգավորմանը,
6) վարչական ակտն ուղղակի իրավական հետևանքներ է առաջացնում իր հետ կազմակերպական, աշխատանքային, ներքին ենթակայական կամ որևէ այլ ուղղակի կապի մեջ չգտնվող համապատասխան ֆիզիկական կամ իրավաբանական անձի համար. դրանով վարչական մարմինը սահմանում, փոփոխում, վերացնում կամ ճանաչում է իրավունքներ և պարտականություններ համապատասխան ֆիզիկական կամ իրավաբանական անձի համար:
Ընդ որում, թվարկված որակական հատկանիշներից յուրաքանչյուրն անհրաժեշտ է, իսկ դրանց համակցությունը՝ բավարար` գրավոր փաստաթուղթը վարչական ակտ որակելու համար. այդ հատկանիշներից որևէ մեկի բացակայության դեպքում փաստաթուղթը չի կարող դիտարկվել որպես վարչական ակտ (տե՛ս Վարդիթեր Ավոյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/2659/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական ակտի ընդունումը պայմանավորված է հանրային իրավունքի բնագավառում որոշակի հասարակական հարաբերություններ կարգավորող իրավական նորմի առկայությամբ, որը հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտին (վարչական մարմնին) լիազորում է արձակել միակողմանի կարգադրություն՝ ուղղված կոնկրետ անձին առնչվող կոնկրետ հարցի կարգավորմանը:
Վարչական վարույթի հարուցման և վարչական ակտի ընդունման անհրաժեշտություն է առաջանում բոլոր այն դեպքերում, երբ հարկավոր է կարգավորել հանրային իրավունքի բնագավառում որևէ կոնկրետ հարց, որն առնչվում է վարչական մարմնի հետ կազմակերպական, աշխատանքային, ներքին ենթակայական կամ որևէ այլ ուղղակի կապի մեջ չգտնվող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց իրավունքներին և պարտականություններին: Այսինքն՝ վարչական ակտի միջոցով համապատասխան իրավաբանական փաստերի առկայության դեպքում իրավական նորմերով սահմանված վերացական հանրային սուբյեկտիվ իրավունքները կամ պարտականություններն ստանում են անհատականացված ուղղվածություն՝ վերագրվում են կոնկրետ հասցեատերերի՝ ձեռք բերելով պարտադիր կատարման ենթակա լինելու հատկանիշ:Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով իրավահարաբերության ծագման պահին գործած «Հարկերի մասին» ՀՀ օրենքի (ընդունվել է 14.04.1997 թվականին, ուժի մեջ է մտել 30.05.1997 թվականին, ուժը կորցրել է 01.01.2018 թվականին՝ ՀՀ հարկային օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն) 29.1-րդ հոդվածին, արձանագրել է, որ օրենքին համապատասխան սահմանված հարկեր մուծելը յուրաքանչյուրի սահմանադրաիրավական պարտականությունն է (2005 թվականի փոփոխություններով Սահմանադրության 45-րդ հոդված և 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մաս): Օրենսդիրն իր հերթին հարկ վճարողների համար սահմանել է հարկերը ժամանակին վճարելու պարտականություն (իրավահարաբերության ծագման պահին գործող «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի «դ» կետ), որի չկատարման դեպքում իրավասու վարչական մարմինը՝ հարկային մարմինը կամ տեղական ինքնակառավարման մարմինը, իրավահարաբերության ծագման պահին գործած «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդվածի ուժով լիազորված է որոշում կայացնել հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ (տե՛ս ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն ընդդեմ Երվանդ Ալեյանի թիվ ՎԴ2/0016/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2018 թվականի որոշումը և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն ընդդեմ անհատ ձեռնարկատեր Արթուր Ալեքսանյանի թիվ ԵՄԴ/0013/04/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.12.2018 թվականի որոշումը):
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն ընդդեմ Երվանդ Ալեյանի թիվ ՎԴ2/0016/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանը 07.04.2018 թվականի որոշմամբ դիրքորոշում է հայտնել այն մասին, որ իրավահարաբերության ծագման պահին գործած «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդվածով նախատեսված վարչական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ հարկ վճարողի կողմից իր հարկային պարտավորությունները կամովին չկատարվելու դեպքում այդ պարտավորության հարկադիր կատարումը գործող օրենսդրության պայմաններում հնարավոր է իրականացնել միայն համապատասխան անբողոքարկելի վարչական ակտի առկայության դեպքում: Այլ կերպ ասած՝ իրավահարաբերության ծագման պահին գործած «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդվածով նախատեսված որոշման հարկադիր կատարման միջոցով իրավասու վարչական մարմինը հնարավորություն է ստանում փաստացի ապահովելու հարկ վճարողի կողմից ժամանակին չկատարված հարկային պարտավորության գումարների մուտքը պետական կամ համայնքային բյուջե, իսկ նման որոշման բացակայության պայմաններում հարկ վճարողի կողմից ժամանակին չկատարված հարկային պարտավորության գումարները գործնականում չեն կարող բռնագանձվել հօգուտ պետության կամ համայնքի:
Վերը շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո ՀՀ վճռաբեկ դատարանը ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն ընդդեմ անհատ ձեռնարկատեր Արթուր Ալեքսանյանի թիվ ԵՄԴ/0013/04/17 քաղաքացիական գործով 07.12.2018 թվականին կայացրած որոշմամբ արձանագրել է, որ երբ սնանկ ճանաչելու դիմումի հիմքում Կոմիտեի կողմից դրվում են պարտապանի՝ օրենքով սահմանված հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ վճարելու պարտականությունից բխող պարտավորությունները, ապա պարտավորությունների փաստացի կատարված չլինելու հանգամանքի միայն վկայակոչումը չի կարող բավարար լինել պարտավորության անվիճելիությունը հաստատված համարելու համար, քանի որ համապատասխան վարչական մարմինը, հիմք ընդունելով իրավահարաբերության ծագման պահին գործած «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդվածի իրավակարգավորումը, պետք է կայացներ չվճարված հարկերը բռնագանձելու մասին որոշում: Այդպիսի որոշման բացակայության պայմաններում հարկ վճարողի կողմից ժամանակին չկատարված հարկային պարտավորության գումարները գործնականում չեն կարող բռնագանձվել հօգուտ պետության, ինչից բխում է, որ առանց նման որոշման կայացման գումարի բռնագանձման իրավասությունը չի կարող իրացվել, հետևաբար առանց այդ որոշման և դրա՝ անբողոքարկելի դառնալու պայմանների առկայության` համապատասխան պետական մարմինը չի կարող վկայակոչել պարտապանի՝ հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ վճարելու պարտավորության անվիճելիությունը:
Վերը նշված դիրքորոշումների համատեքստում զարգացնելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «գ» ենթակետը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ համապատասխան իրավասու պետական մարմնի կողմից «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «գ» ենթակետում նշված հիմքով օրենքով սահմանված ժամկետում պարտապանին սնանկ ճանաչելու պահանջով դատարան դիմելու համար, բացի վերը նշված պարտադիր վավերապայմաններից, պարտադիր պայման է նաև անբողոքարկելի դարձած վարչական ակտի առկայությունը, որից բխում է օրենքով սահմանված հարկեր, տուրքեր, այլ վճարներ վճարելու պարտապանի պարտավորությունը։ Ընդ որում՝ քննարկվող հիմքով անձին սնանկ ճանաչելու մասին դիմում քննելիս արդեն իսկ անբողոքարկելի դարձած վարչական ակտի առկայությունն ինքնին կանխորոշում է պարտապանի վճարային պարտավորության անվիճելիությունը, եթե վերջինս չի ապացուցում դրա դեմ առարկելու բավարար հիմքերի առկայությունը:
Վերը նշված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Սույն գործով Կոմիտեն դիմում է ներկայացրել Դատարան՝ Գայանե Հովսեփյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին՝ դիմումի հիմքում դնելով այն, որ Գայանե Հովսեփյանը թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը գերազանցող՝ 2.399.300 ՀՀ դրամի չափով անվիճելի վճարային պարտավորությունների 90-օրյա ժամկետից ավել ժամկետով կետանց, իսկ որպես վճարային պարտավորության անվիճելիությունը հաստատող հանգամանք վկայակոչվել է Գայանե Հովսեփյանից 2.262.500 ՀՀ դրամի չափով հարկային պարտավորության գումար գանձելու վերաբերյալ Կոմիտեի իրավաբանական վարչության պետ Ա. Մնացականյանի կողմից 06.03.2020 թվականին կայացված թիվ 1402-Ա որոշումը, որը դիմողի կարծիքով անբողոքարկելի է դարձել 20.03.2020 թվականին։ Կոմիտեի իրավաբանական վարչության պետ Ա. Մնացականյանի կողմից 06.03.2020 թվականին կայացված թիվ 1402-Ա որոշման հիմքում դրվել է Գայանե Հովսեփյանի կողմից 28.06.2018 թվականին կնքված գործարքով օտարված համապատասխան անշարժ գույքը՝ Երևանի Գ. Նժդեհի փողոցի 35-րդ շենքի թիվ 2 տարածքը, ձեռնարկատիրական գործունեության առարկա համարելու հանգամանքը։
Կոմիտեն դիմումին կից ներկայացրել է նաև «Հարկային պարտավորությունների և դրանց առաջացման հիմքերի վերաբերյալ» տեղեկանք, որի համաձայն՝ 07.12.2020 թվականի դրությամբ Գայանե Հովսեփյանի հարկային պարտավորությունը եկամտային հարկի գծով կազմել է 2.399.300 ՀՀ դրամ, որից 2.000.000 ՀՀ դրամը հարկի գումարն է, իսկ 399.300 դրամը՝ տույժի գումարը։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի վարույթում է գտնվում թիվ ԵԴ/30334/02/20 քաղաքացիական գործը՝ ըստ Գայանե Հովսեփյանի հայցի ընդդեմ Մկրտիչ Ամիրխանյանի, երրորդ անձ Պետական եկամուտների կոմիտեի՝ Գայանե Հովսեփյանի և Մկրտիչ Ամիրխանյանի միջև 22.06.2018 թվականին կնքված առուվաճառքի պայմանագրի նկատմամբ առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու՝ 22.06.2018 թվականին Մկրտիչ Ամիրխանյանի անվամբ սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասին: Նշված հայցադիմումը դատարանում ստացվել է 15.10.2020 թվականին, և քաղաքացիական գործը դեռևս գտնվում է քննության փուլում։
Դատարանը, պատճառաբանելով, որ «ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պահանջի հիմքում դրված է 06.03.2020թ-ի թիվ 1402-Ա որոշումը։ Նշված որոշման ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ որոշման կայացման հիմքում դրված է այն հանգամանքը, որ պարտապանը 28․06․2018թ-ին օտարել է ք․Երևան, Գ․ Նժդեհի փողոց 35 շենք 2 տարածք հասցեում գտնվող անշարժ գույքը և պարտապանը չի վճարել գործարքի արդյունքում ծագած եկամտային հարկի վճարային պարտավորությունը։
Պարտապանի ներկայացուցչի կողմից ներկայացվել է թիվ ԵԴ/30334/02/20 քաղաքացիական գործով ներկայացված հայցադիմումի օրինակը, ըստ որի Գայանե Ռուբենի Հովսեփյանը հայց է ներկայացրել ընդդեմ Մկրտիչ Արթուրի Ամիրխանյանի՝ կեղծ գործարքի նկատմամբ առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին, որը Դատարանի 28.10.2020թ․ որոշմամբ ընդունվել է վարույթ։ Հայցադիմումի ուսումնասիրության արդյունքում Դատարանն արձանագրում է, որ Գայանե Ռուբենի Հովսեփյանի պահանջը վերաբերում է ք․Երևան, Գ․Նժդեհի փողոց 35 շենք 2 տարածք հասցեում գտնվող անշարժ գույքի օտարման գործարքին։
Արդյունքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից հարուցված վարչական վարույթը հիմնված է պարտապանի կողմից կնքված օտարման գործարքի վրա, որի վերաբերյալ ներկայացվել է հայցադիմում և ներկայումս քննվում է ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում (քաղաքացիական գործ թիվ ԵԴ/30334/02/20)։ (…) հայցադիմումի բավարարումը կարող է հնարավորություն ստեղծել Գայանե Ռուբենի Հովսեփյանի կողմից ընդհանրապես չկատարել պարտատիրոջ պահանջը», 02.05.2022 թվականին վճիռ է կայացրել դիմումը մերժելու մասին՝ միաժամանակ Կոմիտեից հօգուտ սնանկության ժամանակավոր կառավարիչ Խաչատուր Ղահրամանյանի բռնագանձելով վերջին տարում պարտապանի տարեկան վաստակի 1/12-ը, բայց ոչ պակաս, քան «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափով, իսկ պետական տուրքի հարցը համարել է լուծված։
Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով, որ
- «սնանկ ճանաչելու հիմքը կազմել են պարտապանի այն պարտավորությունները, որոնք առաջացել են օրենքով սահմանված հարկեր վճարելու վերջինիս պարտականությունից»,
- «քանի դեռ պարտապանի կողմից սնանկության դիմումի հիմքում դրված պարտավորությունների վիճարկման պահանջն իր լուծումը չի ստացել, հնարավոր չէ հաստատված համարել պարտապանի պարտավորությունն անվիճելի լինելու, հաշվանցի հնարավորությունը բացակայելու հանգամանքները, ուստի այդ պայմաններում անձին սնանկ ճանաչելու դիմումը մերժման ենթակա լինելու անվերապահ հիմք է»,
- «թիվ ԵԴ/30334/02/20 քաղաքացիական գործով կայացվելիք դատական ակտը կարող է ազդել պարտապանին սնանկ ճանաչելու պահանջի հիմքում դրված՝ հարկեր վճարելու պարտապանի պարտավորության վրա, քանի որ անվավեր գործարքն իրավաբանական հետևանքներ չի առաջացնում»,
և արձանագրելով, որ «պարտապանի կողմից չի հաստատվել պարտավորության հիմք հանդիսացող վճարային պարտավորության անվիճելի լինելու փաստը», 23.09.2022 թվականին որոշում է կայացրել Կոմիտեի բերած վերաքննիչ բողոքը մերժելու, Դատարանի 02.05.2022 թվականի վճիռն անփոփոխ թողնելու մասին:
Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանք անհիմն են և չէին կարող բավարար հիմք հանդիսանալ վերաքննիչ բողոքը մերժելու համար, քանի որ թեև մեկ այլ՝ քաղաքացիական դատավարության կարգով վիճարկվում է Գայանե Հովսեփյանի ու Մկրտիչ Ամիրխանյանի միջև 22.06.2018 թվականին կնքված այն առուվաճառքի պայմանագիրը, որի առարկա հանդիսացող՝ Երևանի Գ. Նժդեհի փողոցի 35-րդ շենքի թիվ 2 տարածքը ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվելու հիմքով է Կոմիտեի իրավաբանական վարչության պետ Ա. Մնացականյանի կողմից 06.03.2020 թվականին կայացվել թիվ 1402-Ա որոշումը Գայանե Հովսեփյանից 2.262.500 ՀՀ դրամ հարկային պարտավորության գումար գանձելու մասին, այնուամենայնիվ, տվյալ դեպքում, ինչպես արդեն իսկ նշվեց վերը, Գայանե Հովսեփյանին սնանկ ճանաչելու մասին դիմումի հիմքում դրվել է ոչ թե վերը նշված առուվաճառքի պայմանագիրը, այլ՝ Կոմիտեի իրավաբանական վարչության պետ Ա. Մնացականյանի կողմից 06.03.2020 թվականին կայացված թիվ 1402-Ա որոշումը, որը վիճարկված չէ և դիմողի կարծիքով դարձել է անբողոքարկելի՝ վերը նշված դիրքորոշումների համատեքստում հանդիսանալով ֆիզիկական անձ Գայանե Հովսեփյանի համար պարտականություն սահմանող վարչական ակտ, որն ունի պարտադիր կատարման ենթակա լինելու հատկանիշ:
Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում բողոքի քննությամբ հաստատվեց Վերաքննիչ դատարանի կողմից դատական ակտ կայացնելիս «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «գ» ենթակետի այնպիսի մեկնաբանությունը, որը հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից թիվ ԵՄԴ/0013/04/17 քաղաքացիական գործով 07.12.2018 թվականին կայացված որոշման մեջ նույն նորմին տրված մեկնաբանությանը:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու և գործն ամբողջ ծավալով նոր քննության ուղարկելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը: Ընդ որում, գործի նոր քննության ժամանակ Սնանկության դատարանը, հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, պետք է պարզի դիմումը բավարարելու կամ մերժելու հիմքերի առկայությունը կամ բացակայությունը։
Հիմք ընդունելով վերոգրյալը և նկատի ունենալով այն, որ գործն ամբողջ ծավալով է ուղարկվում նոր քննության՝ Վճռաբեկ դատարանը նպատակահարմար չի գտնում անդրադառնալ վճռաբեկ բողոքում նշված մյուս հիմքին՝ կապված ստորադաս դատարանի կողմից դատական ծախսերը սխալ բաշխված լինելու հետ։
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ] կանոններին համապատասխան:
Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.09.2022 թվականի որոշումը և գործն ուղարկել Սնանկության դատարան՝ նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում։
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող և զեկուցող Գ. Հակոբյան Ա. Աթաբեկյան Ն. Հովսեփյան Ս․ ՄԵՂՐՅԱՆ Է. Սեդրակյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 մարտի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|