Գլխավոր տեղեկություն
Համար
N 294-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.03.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.02.19-2024.03.03 Պաշտոնական հրապարակման օրը 29.02.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.02.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.02.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.03.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 փետրվարի 2024 թվականի N 294-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի N 1045-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1072-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով ու Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «է4» և «է5» կետերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի «Պետական անտառային հողերում անտառային տնտեսության վարման և անտառօգտագործման հետ չկապված աշխատանքների իրականացման կարգը սահմանելու մասին» N 1045-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) նախաբանում «Համաձայն Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1800-Ն որոշման N 1 հավելվածի 138-րդ կետի`» բառերը փոխարինել «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «է4» կետով՝» բառերով.

2) հավելվածի՝

ա. 3-րդ կետը «կարգով» բառից հետո լրացնել «շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման պետական փորձաքննական» բառերով, իսկ «(եզրակացություններ)» բառը հանել,

բ. 7-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1) դիմումում նշված աշխատանքների իրականացումը հակասում է անտառաշինական նախագծերով (անտառակառավարման պլաններով) նախատեսված միջոցառումներին կամ անտառաշինական նախագծերի (անտառակառավարման պլանների) բացակայության կամ ժամկետանց լինելու դեպքում անհամատեղելի է անտառների արտադրողականության բարձրացմանը, անտառավերականգնմանը, անտառապատմանը և խնամքին ուղղված նպատակային ծրագրերի, անտառների բնապահպանական, սոցիալական և տնտեսական ներուժի պահպանության, զարգացման և հավասարակշռման ուղղությամբ ծրագրերի, անտառային պաշարների արդյունավետ օգտագործման ծրագրերի, անտառային ոլորտում գործարար և ներդրումային միջավայրի բարելավման, զարգացման, սոցիալ-տնտեսական, այդ թվում՝ պետություն-մասնավոր գործընկերության շրջանակներում, ներդրումային ծրագրերի իրականացման հետ»։

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի «Հատատեղերի հատկացման և տեղազննման կարգը հաստատելու մասին» N 1072-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) նախաբանում «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 15-ի N 111-Ն որոշման N 1 հավելվածի 17-րդ կետին համապատասխան`» բառերը փոխարինել «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «է5» կետով՝» բառերով.

2) վերնագրում և 1-ին կետում «և տեղազննման» բառերը հանել.

3) հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

29.02.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

փետրվարի 29-ի N 294-Ն որոշման

 

«Հավելված

ՀՀ կառավարության 2015 թվականի

սեպտեմբերի 17-ի N 1072-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՏԱՏԵՂԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության պետական անտառներում հատատեղերի հատկացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Բնության հատուկ պահպանվող տարածքների ռեկրեացիոն և տնտեսական գոտիների անտառներում հատատեղերի հատկացումը կատարվում է սույն կարգի համաձայն, խնամքի և սանիտարական հատումներ իրականացնելու նպատակով՝ ըստ օրենքով սահմանված կարգով հաստատված պահպանության ռեժիմի։

3. Հատատեղն անտառամաս է, որտեղ նախատեսված է կատարել բնափայտի մթերման աշխատանքներ:

4. Հատման նշանակված կանգուն ծառի ծավալի հաշվարկման աղյուսակները հաստատում է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարը (այսուհետ՝ նախարար)։

 

2. ՀԱՏԱՏԵՂԵՐԻ ՀԱՏԿԱՑՈՒՄԸ

 

5. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) «Հայանտառ», ինչպես նաև բնության հատուկ պահպանվող տարածքներում կառավարումն իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպությունների (այսուհետ՝ կազմակերպություններ) «Անտառտնտեսություն» և տեղամաս մասնաճյուղերի (այսուհետ՝ մասնաճյուղեր) աշխատողները հատատեղերի հատկացումից առաջ կատարում են հատատեղի համար հատկացվող անտառամասերի բնական պայմաններում ուսումնասիրում և հաշվեգնահատում:

6. Հատատեղերի հատկացման աշխատանքները կատարվում են հուլիսի 15-ից սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում՝ հատումներին նախորդող տարվա ընթացքում:

7. Հատատեղերի հաստատելուց առաջ կատարված հատկացման աշխատանքներն ավարտելուց հետո կազմված նյութերը (լրացված հատատեղի հաշվեգնահատման ցուցակը և հատատեղի անձնագիրը, քարտեզ-սխեման, անտառկառավարման պլանով չնախատեսված դեպքում՝ անտառպաթոլոգիական հետազոտությունը) մասնաճյուղերը տրամադրում են կազմակերպություններին, որոնք, ամփոփելով դրանք, ըստ մասնաճյուղերի` հաջորդ տարվա բնափայտի մթերման տարեկան հաշվարկային հատատեղերը (տարեկան չափաքանակ) հաստատելու համար ներկայացնում են նախարարություն:

8. Նախարարությունը սույն կարգի 7-րդ կետով նախատեսված ամփոփ նյութերը ստանալուց հետո 30 աշխատանքային օրվա ընթացքում մասնաճյուղերի անտառներում կարող է (անտառակառավարման պլանի բացակայության կամ ժամկետանց լինելու դեպքում՝ պարտադիր) իրականացնել հատատեղերի հատկացման աշխատանքների կատարման վերաբերյալ ընտրանքային կարգով ուսումնասիրություններ:

9. Ուսումնասիրություններ իրականացնելու նպատակով նախարարի հրամանով ստեղծվում է մասնագիտական հանձնախումբ (այսուհետ՝ հանձնախումբ), որտեղ ըստ անհրաժեշտության կարող են ընդգրկվել նաև գիտական, բույսերի վնասակար օրգանիզմների հայտնաբերման ուղղությամբ լաբորատոր փորձաքննական ուսումնասիրություններ իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչներ և անհատ մասնագետներ։

10. Յուրաքանչյուր հատատեղի ուսումնասիրությունը պետք է ներառի հատման համար ընտրված ծառերի առնվազն 30 %-ը։

11. Հատատեղի հաշվեգնահատման ցուցակը համարվում է սխալ լրացված, եթե ուսումնասիրված բնափայտի ծավալի հաշվարկի շեղումը գերազանցում է ուսումնասիրված ընդհանուր ծավալի 10 %-ը: Նման դեպքում հատատեղը ենթակա է վերահաշվեգնահատման՝ վառելափայտի և շինափայտի ընդհանուր ծավալներին ավելացնելով կամ պակասեցնելով թույլատրելի տոկոսային շեղումը գերազանցող ծավալները:

12. Հատման նշանակված ծառը համարվում է սխալ ընտրված, եթե այն չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 897-Ն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 7-ի N 1412-Ն որոշումների դրույթներին: Նման դեպքում կազմվում է արձանագրություն, որի համաձայն հատման նշանակված ծառը հանվում է հաշվեգնահատման ցուցակից, ջնջվում է համարակալումը (կատարվում է տաշելու միջոցով), իսկ պիտակը՝ համաձայն արձանագրության խոտանվում է։

13. Պիտակը համարվում է խոտանված թվագրման վրա կարմիր գույնի ներկով նշագծում կատարելով։

14. Սույն կարգի 11-րդ կետով սահմանված դեպքում սխալ ընտրված ծառի համարը և պիտակը (եթե մեկանգամյա օգտագործման չէ) կարող են օգտագործվել տեղում հայտնաբերված հատման համար պիտանի ծառի հաշվեգնահատման համար՝ համաձայն արձանագրությամբ նշված առաջարկի։

15. Ուսումնասիրված հատման նշանակված ծառերի քանակի 10 %-ից մինչև 50 % սխալ ընտրության դեպքում՝ տվյալ հատատեղը չի հաստատվում, այն ենթակա է շտկման։

16. Շտկման ենթակա հատատեղերում հատման նշանակված ծառերի համարները ջնջվում են, պիտակները, որոնք ենթակա չեն օգտագործման, խոտանվում են՝ համաձայն սույն կարգի 12-րդ և 13-րդ կետերով սահմանված դրույթների։

17. Հատատեղի շտկման ժամանակ կատարվում է հատման ենթակա ծառերի վերակնքում և պիտակավորում, սույն կարգի 7-րդ կետի համաձայն կազմվում են նոր նյութեր։

18. Սույն կարգի 16-րդ և 17-րդ կետերում նշված աշխատանքներն իրականացվում են 15 աշխատանքային օրվա ընթացքում, ավարտելուց հետո այդ մասին անմիջապես տեղեկացվում է նախարարությանը:

19. Ուսումնասիրված հատման նշանակված ծառերի քանակի 50 %-ից ավել սխալ ընտրության դեպքում՝ տվյալ հատատեղը չի հաստատվում, իսկ հատման նշանակված ծառերի համարները ջնջվում են, պիտակները՝ խոտանվում՝ համաձայն սույն կարգի 12-րդ և 13-րդ կետերով սահմանված դրույթների։ Նշված աշխատանքներն իրականացվում են 15 աշխատանքային օրվա ընթացքում, ավարտելուց հետո այդ մասին անմիջապես տեղեկացվում է նախարարությանը:

20. Հանձնախմբի կողմից հատատեղերի ուսումնասիրությունների արդյունքում կազմվում է արձանագրություն, որի մեկական օրինակը ներկայացվում է տվյալ կազմակերպություն (ըստ անհրաժեշտության՝ նաև մասնաճյուղին) և նախարարություն: Նախարարությունն արձանագրությունը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում կայացնում է որոշում ուսումնասիրված հատատեղում արձանագրված թերությունները և սխալները շտկելու կամ ըստ մասնաճյուղերի` հաջորդ տարվա բնափայտի մթերման տարեկան չափաքանակը հաստատելու կամ մերժելու վերաբերյալ։

21. Նախարարի հրամանով բնափայտի մթերման տարեկան չափաքանակներն ըստ մասնաճյուղերի հաստատվելուց հետո նախարարությունը մեկ աշխատանքային օրվա ընթացքում հրամանի պատճենը տրամադրում է էկոպարեկային ծառայությանը (այսուհետ՝ ծառայություն)՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իրավասության սահմաններում, մասնաճյուղերի անտառներում հատատեղերի շահագործման ընթացքում հատման չնշանակված ծառերի հատումը կանխելու, կանխարգելելու, ապօրինի հատված ծառերը հայտնաբերելու նպատակով։

22. Ըստ անհրաժեշտության` ընթացիկ տարում կարող է հատկացվել լրացուցիչ հատատեղ (հատատեղեր)՝ սույն կարգի դրույթներին համապատասխան:

 

3. ՀԱՏՄԱՆ ՆՇԱՆԱԿՎԱԾ ԾԱՌԵՐԻ ԲՆԱՓԱՅՏԻ ԾԱՎԱԼԻ ՀԱՇՎԱՐԿԸ

 

23. Հատման նշանակված ծառերի բնափայտի հաշվարկը, կախված հատման եղանակից, կատարվում է՝

1) ըստ տարածքի (հա) փորձահրապարակների միջոցով.

2) հատման նշանակված ծառերի բնափայտի ծավալով՝ համաձայն նախարարի կողմից հաստատված հատման նշանակված կանգուն ծառերի ծավալի հաշվարկման աղյուսակների:

24. Հաշվարկը՝ ըստ տարածքի (հա) փորձահրապարակների միջոցով, կատարվում է՝

1) համատարած սանիտարական հատումների.

2) համատարած այլ հատումների․

3) խնամքի՝ լուսավորման և մաքրման հատումների.

4) խնամքի՝ նոսրացման և անցումային հատումների ժամանակ, եթե հատման նշանակված ծառերի միջին տրամագիծը պակաս է 8 սմ-ից:

25. Հաշվարկը՝ հատման նշանակված ծառերի բնափայտի ծավալով, կատարվում է՝

1) անտառավերականգնման հատումների.

2) խնամքի՝ նոսրացման և անցումային հատումների ժամանակ, բացառությամբ հատման նշանակված ծառերի միջին տրամագծի 8 սմ պակասի դեպքում.

3) սանիտարական՝ ընտրովի հատումների.

4) այլ հատումների (առանձին ծառերի) ժամանակ:

26. Հաշվառման բոլոր տեսակների դեպքում բնափայտի ծավալը որոշվում է խտացված (խիտ) խորանարդ մետրերով:

27. Հատման նշանակված ծառերի տրամագիծը հարթ տեղանքում չափվում է հողի մակերեսից 1,3 մետր բարձրության վրա, իսկ լանջի դեպքում 1,3 մետր բարձրությունը չափվում է հորիզոնականով, ծառի կողքից: Չափումները կատարվում են չափիչ երկմատով (ծառի տրամագիծը չափող գործիք) կամ ծառի բնի տրամագծի չափման ժապավենով: Ճշգրիտ տրամագիծն ստանալու նպատակով չափումը կատարվում է 2 տարբեր կողմերից, և դուրս է բերվում միջինը: Չափիչ երկմատից որպես տրամագծային ցուցանիշ վերցվում է այն թվանշանը, որը երևում է շարժական մատի ներսի կողմից:

28. Հաշվառման (հատման) ենթակա ծառերը, որոնք ունեն 8 սմ և ավելի հաստությամբ տրամագիծ, համարակալվում, դրոշմվում և պիտակավորվում են ըստ հերթականության՝ ծառի արմատավզիկի վրա կեղևը նախապես տաշելով: Համարակալումը կատարվում է յուղաներկով և ընթեռնելի՝ բացառելով սպիտակ, սև և դեղին գույները:

29. Հատման ենթակա, մինչև 8 սմ տրամագիծ ունեցող ծառերի տրամագծերը չեն չափվում և չեն հաշվառվում հաշվեգնահատման ցուցակում, սակայն բնի կենտրոնական մասում կատարվում է թեթև տաշվածք կամ ներկվում է, որպեսզի հատատեղի շահագործման ժամանակ լինեն նշմարելի:

30. Անտառահատման տոմսով սահմանված ժամկետներում հատատեղերի շահագործման ավարտից հետո կամ հատմանը զուգահեռ կատարվում են հատատեղերի մաքրման աշխատանքներ` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 7-ի N 1412-Ն որոշման V բաժնի:

 

4. ՀԱՏԱՏԵՂԻ ՏԵՂԱԶՆՆՈՒՄԸ

 

31. Հատատեղի շահագործումից (հատում, քարշակում և բնափայտի դուրսբերում) հետո մասնաճյուղերի կողմից (անտառօգտագործողի կամ ներկայացուցչի մասնակցությամբ) մինչև 20 աշխատանքային օրվա ընթացքում (թերհատ մնացած հատատեղերում՝ հաջորդ տարվա հունվարի 3-ից) կատարվում է հատատեղի տեղազննում՝ համաձայն կազմակերպության ղեկավարի հրամանի:

32. Հատատեղի տեղազննման աշխատանքներին ծառայության ծառայողի մասնակցության նպատակով՝ կազմակերպությունն աշխատանքները սկսելուց 3 աշխատանքային օր առաջ այդ մասին տեղեկացնում է ծառայությանը։

33. Հատատեղի տեղազննման արդյունքում կազմվում է հատատեղի տեղազննման ակտ (համաձայն նախարարի 2023 թվականի օգոստոսի 4-ի «Անտառահատման տոմսի և անտառային տոմսի օրինակելի ձևերը և դրանց տրամադրման կարգը հաստատելու մասին» N 267-Ն հրամանի N 1 հավելվածով հաստատված N 3 ձևի), որի օրինակներից մեկը մնում է տվյալ մասնաճյուղում, մեկը տրամադրվում է կազմակերպությանը, մեկը՝ անտառօգտագործողին կամ ներկայացուցչին:

34. Հատատեղի տեղազննման ժամանակ ապօրինի հատված ծառերի հատման դեպքեր հայտնաբերելու դեպքում՝ հատատեղի տեղազննման ակտի օրինակը մեկ օրվա ընթացքում կազմակերպությունը ներկայացնում է ծառայություն՝ «Էկոպարեկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի դրույթներն ապահովելու նպատակով, ու Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին։

35. Հատատեղի տեղազննման արդյունքում գրանցված թերությունների հնարավոր շտկման ուղղությամբ մասնաճյուղը 30 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է համապատասխան միջոցառումներ, մասնավորապես, եթե տապալվել, մինչև աճի դադարեցման աստիճանը ջարդվել կամ վնասվել են հատման չնշանակված ծառեր, ապա կազմվում է լրացուցիչ հաշվեգնահատման ցուցակ՝ համաձայն նախարարի 2023 թվականի օգոստոսի 4-ի N 267-Ն հրամանի N 1 հավելվածով հաստատված N 1 ձևի, իսկ հատատեղի անբավարար կամ թերություններով մաքրված լինելու դեպքում իրականացվում են լրացուցիչ մաքրման աշխատանքներ՝ համաձայն նախարարի 2023 թվականի օգոստոսի 4-ի N 267-Ն հրամանի N 1 հավելվածի 16-րդ կետի 11-րդ ենթակետի դրույթների։ Ամփոփված արդյունքների մասին մասնաճյուղը 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկատվություն է ներկայացնում կազմակերպություն։

36. Հատատեղերում թերհատումների շահագործումն իրականացվում է համաձայն կազմակերպության ղեկավարի հրամանի՝ անտառահատման տոմսի ժամկետի երկարաձգման միջոցով, նախապես համաձայնեցնելով նախարարության հետ։»։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

29.02.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 փետրվարի 2024 թվական: