ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 մայիսի 2019 թվականի N 642-Ն
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱՄ ՀԱՏՈՒԿ ԽՄԲԵՐԻ ԵՎ ԱՅՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ, ՈՐՈՆՑ ԴԵՊՔՈՒՄ ԴԵՂԵՐԸ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՒՄ ԵՆ ԴՐԱՆՑ ԱՐԺԵՔԻ ԼՐԻՎ ԿԱՄ ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՅԴ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱՄ ՀԱՏՈՒԿ ԽՄԲԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԴԵՂԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 1717-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետն ու 37-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել՝
1) բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի ցանկը, որում ընդգրկված շահառուներին դեղերը հատկացվում են դրանց արժեքի լրիվ կամ մասնակի փոխհատուցմամբ՝ համաձայն N 1 հավելվածի.
2) հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում դեղերը շահառուներին հատկացվում են դրանց արժեքի լրիվ փոխհատուցմամբ՝ համաձայն N 2 հավելվածի.
3) բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի և հիվանդությունների ցանկերում ընդգրկված շահառուներին, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, ինչպես նաև առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպությունների միջոցով դեղերի հատկացման և փոխհատուցման կարգը՝ համաձայն N 3 հավելվածի:
1.1. Սահմանել, որ մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը հաշմանդամություն ունեցող անձին տրված տեղեկանքները (վարչական ակտերը) հիմք են հանդիսանում սույն որոշմամբ սահմանված դեղեր ստանալու համար: Այս դեպքում՝
1) բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի որոշմամբ անձի «1-ին խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակը հավասարեցվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշմամբ սահմանված «ֆունկցիոնալության խորն աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» կարգավիճակին.
2) բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի որոշմամբ անձի «2-րդ խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակը հավասարեցվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշմամբ սահմանված «ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» կարգավիճակին.
3) բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի որոշմամբ անձի «3-րդ խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակը հավասարեցվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշմամբ սահմանված «ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» կարգավիճակին։
(1.1-ին կետը լրաց. 29.06.23 N 1061-Ն)
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի «Անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերի և հիվանդությունների ցանկերը հաստատելու մասին» N 1717-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. հունիսի 5 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 30-ի N 642-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱՄ ՀԱՏՈՒԿ ԽՄԲԵՐԻ, ՈՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻՆ ԴԵՂԵՐԸ ՀԱՏԿԱՑՎՈՒՄ ԵՆ ԴՐԱՆՑ ԱՐԺԵՔԻ ԼՐԻՎ ԿԱՄ ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ
1. Բնակչության սոցիալական կամ հատուկ խմբեր, որոնց պատկանող շահառուներին հիվանդության դեպքում դեղերը հատկացվում են լրիվ փոխհատուցմամբ՝
1) ֆունկցիոնալության խորն աստիճանի, ֆունկցիոնալության ծանր աստիճանի և ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումներ ունեցող անձինք.
2) հաշմանդամություն ունեցող երեխաներ (մինչև 18 տարեկան).
3) հայրենական պատերազմի մասնակիցներ և նրանց հավասարեցված անձինք.
4) առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ, ինչպես նաև միակողմանի ծնողազուրկ երեխաներ (մինչև 18 տարեկան).
5) բազմազավակ (մինչև 18 տարեկան չորս և ավելի անչափահաս երեխաներ ունեցող) ընտանիքների երեխաներ.
6) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներ.
7) հաշմանդամություն ունեցող անձանցից բաղկացած ընտանիքների երեխաներ (մինչև 18 տարեկան).
8) մինչև 7 տարեկան երեխաներ.
9) ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված 28.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուներ.
10) արտակարգ իրավիճակներում կամ Հայաստանի Հանրապետության և (կամ) Արցախի Հանրապետության նկատմամբ օտարերկրյա պետության կողմից իրականացված ռազմական գործողությունների կամ ահաբեկչական գործողությունների արդյունքում տուժած անձինք.
11) Արցախի Հանրապետության նկատմամբ օտարերկրյա պետության կողմից իրականացված ռազմական գործողությունների կամ ահաբեկչական գործողությունների արդյունքում Արցախի Հանրապետությունում մշտապես բնակվող, սակայն Հայաստանի Հանրապետություն տեղափոխված անձինք.
12) 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետությունում սանձազերծած պատերազմի ընթացքում վիրավորում ստացած անձինք՝ զինծառայողներ և ոչ զորահավաքային զորակոչով պատերազմի մասնակիցներ (կամավորներ).
13) քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված և ազատազրկման դատապարտված անձինք:
(1-ին կետը փոփ. 16.07.20 N 1183-Ն, լրաց. 04.12.20 N 1980-Ն, խմբ. 29.06.23 N 1061-Ն, փոփ., լրաց. 15.02.24 N 201-Ն)
2. Բնակչության սոցիալական կամ հատուկ խմբեր, որոնց պատկանող շահառուներին հիվանդության դեպքում դեղերը հատկացվում են մասնակի փոխհատուցմամբ` 50 տոկոս զեղչով՝
1) (ենթակետն ուժը կորցրել է 29.06.23 N 1061-Ն)
2) Չեռնոբիլի վթարի վերացման աշխատանքների մասնակիցներ.
3) բռնադատվածներ.
4) միայնակ չաշխատող կենսաթոշակառուներ.
5) միայն չաշխատող կենսաթոշակառուներից բաղկացած (այդ թվում՝ իրենց խնամքի տակ անչափահաս երեխա ունեցող) ընտանիքներ.
6) միայնակ մայրերի երեխաներ (մինչև 18 տարեկան):
(2-րդ կետը փոփ. 29.06.23 N 1061-Ն)
3. Չաշխատող կենսաթոշակառուներին դեղերը տրվում են մասնակի փոխհատուցմամբ` 30 տոկոս զեղչով:
(հավելվածը փոփ. 16.07.20 N 1183-Ն, լրաց. 04.12.20 N 1980-Ն, խմբ., փոփ. 29.06.23 N 1061-Ն, փոփ., լրաց. 15.02.24 N 201-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 30-ի N 642-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ԴԵՊՔՈՒՄ ԴԵՂԵՐԸ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՒՄ ԵՆ ԴՐԱՆՑ ԱՐԺԵՔԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ
1. Տուբերկուլյոզ (հակատուբերկուլյոզային դեղեր)
2. Հոգեկան հիվանդություններ (հոգեմետ դեղեր)
3. Չարորակ նորագոյացություններ (հակաուռուցքային դեղեր, հեմոֆիլիայի դեղեր, ցավազրկող դեղեր, թմրադեղեր)
4. Շաքարային և ոչ շաքարային դիաբետ (հակադիաբետիկ դեղեր)
5. Էպիլեպսիա (հակացնցումային դեղեր)
6. Սրտամկանի ինֆարկտ (դուրսգրման օրվանից առաջին 2 ամիսը՝ արյան կորոնար շրջանառությունը բարելավող դեղեր)
7. Պարբերական հիվանդություն (կոլխիցին և կամ այլ դեղեր)
8. Սրտի փականների արատներ (հակակոագուլյանտներ՝ պրոթեզավորումից հետո)
9. Մալարիա (հակամալարիային դեղեր)
10. Քրոնիկ երիկամային անբավարարություն (երիկամային փոխպատվաստման և (կամ) ծրագրային հեմոդիալիզի դեպքերում (ցիկլոսպորին, էրիթրոպոետին, մոֆետիլի միկոֆենոլատ և (կամ) դրանց համարժեք այլ դեղեր)
11. Ֆենիլկետոնուրիա (ֆենիլալանին չպարունակող մանկական կեր)
12. Անհաս նորածինների շնչառական խանգարման համախտանիշ (բերակտանտ ակտիվ նյութ պարունակող դեղեր)
13. Մարդու իմունային անբավարարության (ՄԻԱՎ) վարակ (դեղեր, թեստեր)
14. Հիպոֆիզային գաճաճություն ախտանիշ (հորմոնային դեղեր)
15. Վիրուսային հեպատիտ Ց հիվանդություն (հակավիրուսային դեղեր)
16. Պատանեկան իդիոպաթիկ արթրիտ (դեղեր)
17. Առաջնային իմունոդեֆիցիտ (դեղեր)
18. Կավասակիի հիվանդություն (դեղեր)
19. Նյարդաբանական խնդիրներով պայմանավորված համախտանիշեր (դեղեր)
20. Ցրված սկլերոզ (դեղեր)
21. Անհաս նորածինների դեղեր
(հավելվածը լրաց. 29.06.23 N 1061-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 30-ի N 642-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱՄ ՀԱՏՈՒԿ ԽՄԲԵՐԻ ԵՎ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԴԵՂԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ՈՒ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 30-ի N 642-Ն որոշման N 1 հավելվածում նշված բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի ցանկում ընդգրկված շահառուներին (այսուհետ՝ շահառու) անվճար կամ արտոնյալ պայմաններով հատկացվող դեղերի (այսուհետ՝ դեղեր) փոխհատուցման (ֆինանսավորման) մեխանիզմների սահմանման առանձնահատկությունները, առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպությունների (այսուհետ՝ ԱԱՊ կազմակերպություն), ինչպես նաև վերջիններիս հետ պայմանագրեր կնքած կազմակերպությունների միջոցով դեղերի՝ դրանց արժեքի լրիվ կամ մասնակի փոխհատուցմամբ հատկացնելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 30-ի N 642-Ն որոշման N 2 հավելվածով, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին, սահմանված հիվանդությունների համար Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից դեղերի ձեռքբերման և հատկացման հետ կապված հարաբերությունները:
2. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԴԵՂԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 30-ի N 642-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված հիվանդությունների դեպքում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին, կենտրոնացված կարգով, իրականացվում է դեղերի ձեռքբերում՝ նախատեսված 15 ամիսների համար` գործող գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 30-ի N 642-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված հիվանդությունների դեպքում դեղերը շահառուներին հատկացվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից` ԱԱՊ կազմակերպությունների, հիվանդանոցային (մասնագիտացված) բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող և դիսպանսերային (շարունակական) հսկողության ծառայություն իրականացնող բժշկական կազմակերպությունների միջոցով՝ համաձայն բաշխացուցակների, որոնք հաստատվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամաններով:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 30-ի N 642-Ն որոշման N 1 հավելվածի՝ բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի ցանկում ընդգրկված շահառուներին ԱԱՊ կազմակերպությունները դեղերը հատկացնում են իրենց կազմում գործող կամ գնումների գործընթացում հաղթող ճանաչված մասնակցի (մասնակիցների) կողմից ներկայացված և պայմանագրերով սահմանված դեղատան (դեղատների) միջոցով (այսուհետ` դեղատուն):
5. Շահառուներին հատկացվող դեղերի արժեքի լրիվ փոխհատուցումն իրականացվում է ԱԱՊ կազմակերպությունների կողմից, իսկ մասնակի փոխհատուցման դեպքում՝ ԱԱՊ կազմակերպությունների կողմից, դեղատան հետ կնքված պայմանագրերի միջոցով: ԱԱՊ կազմակերպությունները հաջորդ տարվա իրենց կարիքների համար գնման ընթացակարգերը կազմակերպում և իրականացնում են ընթացիկ տարվա հոկտեմբեր ամսվա ընթացքում` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջների համաձայն` շահառուներին դեղերով անընդհատությունն ապահովելու նպատակով:
6. Լրիվ կամ մասնակի փոխհատուցմամբ հատկացված դեղերի ձեռքբերումը ԱԱՊ կազմակերպություններն իրականացնում են գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Գնման ընթացակարգ իրականացնելիս՝ տեխնիկական բնութագիրը կազմելիս, սահմանվում է սպասարկման տարածքում գործող՝ մինչև 5 կմ շառավղով հեռավորության վրա դեղատների գտնվելու պահանջը, իսկ մինչև 5 կմ շառավղով հեռավորության վրա դեղատան բացակայության հիմքով գնման ընթացակարգը չկայանալու դեպքում հայտարարվում է նոր գնման ընթացակարգ` սահմանելով սպասարկման տարածքում գործող՝ մինչև 15 կմ շառավղով հեռավորության վրա դեղատների գտնվելու պահանջը:
7. Գնման ընթացակարգի արդյունքում առաջին տեղն զբաղեցրած մասնակիցը որակավորումը հիմնավորող փաստաթղթերի հետ ներկայացնում է նաև իր կողմից առաջարկվող դեղատան մասին տեղեկատվություն (անվանումը, գտնվելու հասցեն, եթե առաջարկվող դեղատունը չի հանդիսանում հաղթող ճանաչված մասնակցի դեղատան մասնաճյուղ, ապա ներկայացնում է համատեղ գործունեության պայմանագիր): Տեղեկատվության հիման վրա գնահատվում է առաջին տեղն զբաղեցրած մասնակցի կողմից ներկայացված հայտը: ԱԱՊ և հաղթող ճանաչված մասնակցի հետ կնքված պայմանագրում նշվում է դեղատան վերաբերյալ ներկայացված տեղեկատվությունը:
8. ԱԱՊ կազմակերպության կողմից դեղի դուրսգրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով հաստատված՝ հիմնական դեղերի ցանկին համապատասխան:
9. ԱԱՊ կազմակերպությունը կամ դեղատունը դեղատոմսի հիման վրա դեղը հանձնում է շահառուին:
10. ԱԱՊ կազմակերպության կողմից դեղատոմսերի գրման, դեղերի բացթողման, հատկացման, ԱԱՊ կազմակերպությունում կամ դեղատանը դեղատոմսերի պահպանման կարգը և անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող դեղերի դեղատոմսերի ձևերը սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի N 1402-Ն որոշմամբ:
11. ԱԱՊ կազմակերպությունը կարող է դեղեր ձեռք բերել և պացիենտներին անվճար հատկացնել բժշկական հաստատության դեղատնից, իսկ վերջիններիս բացակայության դեպքում` գլխավոր (ավագ) բուժքրոջ միջոցով:
12. Անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող դեղատոմսերը դուրս գրելիս բնօրինակը տրվում է պացիենտին դեղը դեղատնից ստանալու համար, իսկ դրա պատճենը պահվում է ԱԱՊ կազմակերպությունում:
13. Դեղատոմսում նշված դեղը (դեղերը) գնահատվում են դեղատան կողմից` նշելով դեղի գինը, զեղչը և վճարման ենթակա գումարը, դեղատոմսի հետևի մասում ստացողը կատարում է նշում ստացած դեղի անվանման, քանակի և (կամ) վճարած գումարի մասին:
14. Յուրաքանչյուր ամսվա վերջում դեղատան կողմից ամփոփվում է անվճար և զեղչով տրված դեղերի փաստացի ծախսը, և ամփոփ տվյալները ներկայացվում են ԱԱՊ կազմակերպությանը:
15. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության անունով մարդասիրական օգնությամբ ստացված և բաշխված, ինչպես նաև անմիջապես առողջապահական կազմակերպությունների անունով այլ մարդասիրական խողովակներով ստացված դեղերն անվճար տրվում են բոլոր պացիենտներին, ըստ բժշկական ցուցումների` անկախ սոցիալական կամ հատուկ խմբերի ցանկում ընդգրկվածությունից:
16. Անվճար պայմաններով դեղերի հատկացման ժամանակ առաջնահերթություն տրվում է որպես մարդասիրական օգնություն ստացված դեղերին` ելնելով դրանց պիտանիության ժամկետներից:
17. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից պետության կարիքների համար կենտրոնացված կարգով ձեռք բերվող դեղերի սպառման և (կամ) գնման և (կամ) մատակարարման ընդհատման դեպքում պացիենտների բուժման շարունակականության և անընդհատության ապահովման նպատակով ԱԱՊ կազմակերպությունները, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության գրավոր հանձնարարականով, պետք է ձեռք բերեն և անվճար ապահովեն պացիենտներին:
3. ՀԱՏԿԱՑՎԱԾ ԴԵՂԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ (ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ) ՄԵԽԱՆԻԶՄԸ
18. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 30-ի N 642-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված հիվանդությունների դեպքում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից ձեռք բերվող դեղերի փոխհատուցումն իրականացվում է տվյալ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համապատասխան ծրագրի շրջանակում:
19. Շահառուներին հատկացված դեղերի փոխհատուցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և ԱԱՊ կազմակերպությունների միջև կնքվող պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման մասին պայմանագրի (այսուհետ՝ պետական պատվերի պայմանագիր) շրջանակներում:
20. Դեղերի փոխհատուցման նպատակով ԱԱՊ կազմակերպության կողմից շահառուներին հատկացված դեղերի մասով պետական պատվերի պայմանագրով սահմանված կարգով հաշվետվությունները ներկայացվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալություն (այսուհետ՝ ՊԱԳ):
21. Սույն կարգի 20-րդ կետում նշված հաշվետվություններն առնվազն ներառում են տեղեկատվություն փաստացի հատկացված դեղերի առևտրային և համընդհանուր անվանումների, քանակների և փոխհատուցման ենթակա գումարի չափի վերաբերյալ:
22. ԱԱՊ կազմակերպությունը դեղատներին մատակարարված դեղերի համար վճարումները կատարում է վերջիններիս միջև կնքված պայմանագրի դրույթների համաձայն:
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |