Գլխավոր տեղեկություն
Համար
N 2288-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (26.12.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.12.25-2024.01.07 Պաշտոնական հրապարակման օրը 25.12.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.12.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.12.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 դեկտեմբերի 2023 թվականի N 2288-Ն

 

ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել բնակարանային ֆոնդի տեխնիկական վիճակի վերաբերյալ տեղեկատվական համակարգ ստեղծելու կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

25.12.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

դեկտեմբերի 21-ի N 2288-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ ՍՏԵՂԾԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են բազմաբնակարան բնակարանային ֆոնդի տեխնիկական վիճակի վերաբերյալ տեղեկատվական համակարգի (այսուհետ՝ տեղեկատվական համակարգ) ստեղծման՝ դրանում ներառվող տվյալների հավաքագրման և վարման հետ կապված հարաբերությունները և սահմանվում են տեղեկատվական համակարգում ներառվող տվյալներին ներկայացվող պահանջները:

2. Տեղեկատվական համակարգն ազգային գեոպորտալին ինտեգրվող բաղադրիչ է, որը ներառում է Հայաստանի Հանրապետության բազմաբնակարան շենքերի վերաբերյալ տվյալների ամբողջությունը, որի ստեղծման հիմնական նպատակը բնակարանային ֆոնդի վերաբերյալ հիմնական տվյալների և առաջին հերթին՝ տեխնիկական վիճակի վերաբերյալ տվյալների ամբողջական ու հավաստի հավաքագրումն ու վարումն է՝ էլեկտրոնային տարբերակով, ինչը հնարավորություն կտա իրական ժամանակահատվածում ունենալ տեղեկություններ բնակարանային ֆոնդի տեխնիկական վիճակի վերաբերյալ, ինչպես նաև առավել վատթար վիճակում գտնվող շենքերի մասով տվյալների դուրսբերման հնարավորություն:

3. Տեղեկատվական համակարգը գործում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի համակարգման ներքո՝ Հայաստանի Հանրապետության մարզպետների աշխատակազմերի, համայնքների, պետական կառավարման համակարգի շահագրգիռ մարմինների, շենքերի կառավարման մարմինների համար՝ սույն որոշմամբ հաստատված կարգով նախատեսված հասանելիության ապահովմամբ:

4. Տեղեկատվական համակարգում ներառվող տվյալների՝ Հայաստանի Հանրապետությունում ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի (ԱՏՏԵ) թեմատիկ խմբի տարածական տվյալներ հանդիսացող տվյալների վարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 6-ի N 1569-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված՝ թեմատիկ տարածական տվյալների ստանդարտացման ուղեցույցի համաձայն:

5. Տեղեկատվական համակարգը պետք է փոխգործելիություն ունենա Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից վարվող հասցեների և գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ռեեստրների հետ, որոնց միջոցով ինքնաշխատ եղանակով նույնականացվում են շենքերի հասցեները և դրանց կամ դրանցում առկա շինությունների սեփականատերերի վերաբերյալ տեղեկությունները, գույքի՝ երրորդ անձանց իրավունքներով ծանրաբեռնվածության մասին տվյալները:

6. Տեղեկատվական համակարգն ստեղծում և վարում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեն, իսկ տեղեկատվական համակարգում տեղեկությունների մուտքագրումն իրականացվում է՝ Քաղաքաշինության կոմիտեի, բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների, համայնքի կողմից կառավարվող շենքերի մասով՝ համայնքի ղեկավարի կողմից նշանակված պատասխանատուների, շենքերի ու շինությունների տեխնիկական վիճակի հետազննության ոլորտում լիցենզավորված անձանց կողմից:

7. Տեղեկատվական համակարգում տվյալների թարմացումը (մուտքագրումը) սույն հավելվածի 6-րդ կետում նշված անձանց կողմից իրականացվում է նոր տվյալները հայտնի դառնալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

8. Շենքերի ու շինությունների տեխնիկական վիճակի հետազննության ոլորտում լիցենզավորված անձինք շենքի տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացություն տրամադրելուն զուգահեռ այդ տվյալները լրացնում են նաև տեղեկատվական համակարգում:

9. Տեղեկատվական համակարգի վարման գործունեությունը ներառում է ՝

1) բազմաբնակարան բնակարանային ֆոնդի՝ բազմաբնակարան շենքերի միավորների վերաբերյալ տվյալների մուտքագրում՝ սույն հավելվածի 6-րդ կետում նշված պատասխանատուների կողմից.

2) մուտքագրված տվյալների թարմացում՝ նոր տվյալների մուտքագրում սույն հավելվածի 7-րդ կետում նշված ժամկետում.

3) շահագրգիռ մարմինների համար տվյալների հասանելիության ապահովում.

4) «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով նախատեսված տեղեկատվություն փնտրող անձանց տրամադրելու համար տեղեկատվական համակարգից տվյալների դուրսբերում:

10. Տեղեկատվական համակարգ տվյալներ մուտքագրող պատասխանատուների փոփոխության, կամ պատասխանատուի կոնտակտային և այլ նույնականացման տվյալներում փոփոխություններ առաջանալու օրվանից հետո 10 օրվա ընթացքում՝ նշված անձի կողմից դրա մասին գրավոր տեղեկատվություն է ներկայացվում Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտե՝ ներկայացնելով փոփոխության հիմք հանդիսացող փաստաթղթերի պատճենները:

11. Տեղեկատվական համակարգից տեղեկատվություն փնտրող անձանց տեղեկատվություն տրամադրելու իրավասություն ունի Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեն:

12. Տեղեկատվական համակարգից տեղեկատվություն ստանալու իրավունք ունեն`

1) պետական կառավարման համակարգի շահագրգիռ մարմինները՝ մարմնի ղեկավարի կամ նրա կողմից լիազորված անձի միջոցով.

2) մարզպետների աշխատակազմերը՝ մարզպետի կամ նրա կողմից լիազորված անձի միջոցով.

3) տեղական ինքնակառավարման մարմինները՝ համայնքի ղեկավարի կամ նրա կողմից լիազորված անձի միջոցով.

4) բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինները՝ իրենց կողմից կառավարվող շենքերի մասով.

5) սույն կարգի 9-րդ կետի 4-րդ ենթակետում նշված անձինք՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի N 1204-Ն որոշման համաձայն:

13. Տեղեկատվական համակարգում ներառված տեղեկատվության փոխանցումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության փոխգործելիության հարթակի միջոցով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1849-Ն և 2015 թվականի օգոստոսի 31-ի N 1093-Ն որոշումներով սահմանված կարգով։

14. Տեղեկատվական համակարգը տեղակայվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սերվերային ենթակառուցվածքում:

15. Տեղեկատվական համակարգի սպասարկումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի կողմից՝ այդ ուղղությամբ Հայաստանի Հանրապետության տարեկան պետական բյուջեներով նախատեսվող պահպանման ծախսերի շրջանակներում:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

25.12.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 դեկտեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան