ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/17941/02/18 2023 թ. | ||||||
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/17941/02/18 |
|||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ անունից
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
Նախագահող |
Գ. Հակոբյան | |
զեկուցող |
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ | |
Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ | ||
Է. Սեդրակյան |
202
3 թվականի մարտի 22-ինգրավոր ընթացակարգով քննելով «Արսեն Պետրոսյան» անհատ ձեռնարկատեր (այսուհետ` Ձեռնարկատեր) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.11.2020 թվականի որոշման դեմ` ըստ հայցի «Բիզնես Արմենիա» Հիմնադրամի (այսուհետ` Հիմնադրամ) ընդդեմ Ձեռնարկատիրոջ` գումարի բռնագանձման պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Հիմնադրամը պահանջել է Ձեռնարկատիրոջից բռնագանձել 1.627.340 ՀՀ դրամ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ս. Հովսեփյան) (այսուհետ` Դատարան) 04.06.2020 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 25.11.2020 թվականի որոշմամբ Ձեռնարկատիրոջ վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 04.06.2020 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ձեռնարկատերը (ներկայացուցիչ Ելենա Կարապետյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Հիմնադրամը (ներկայացուցիչ Արտակ Պողոսյան):
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 448-րդ և 451-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 364-րդ և 365-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Հիմնադրամի անունից Միացյալ Արաբական Էմիրությունների Դուբայ քաղաքում 2017 թվականի նոյեմբերի 15-18-ը կայանալիք ««VOD» DUBAI INTERNATIONAL JEWELLERY SHOW» միջազգային մասնագիտացված ոսկերչական ցուցահանդեսին մասնակցելու հրավերով 18.10.2017 թվականին Հիմնադրամը դիմել է ոսկերչական ընկերություններին։ Մասնակցության հրավերով, ի թիվս այլ պայմանների (12քմ տաղավար, հատկացվող տաղավարի համապատասխան կահավորման, լուսավորության, կազմակերպիչների կողմից տրամադրվող 10 տոկոս զեղչի), նաև հայտնվել է, որ Հիմնադրամը, կազմակերպելով հայկական ընկերությունների մասնակցությունը նշված ցուցահանդեսին, նախատեսում է տրամադրել համաֆինանսավորում՝ 50 տոկոսի չափով։ Նշված առաջարկն ընդունվել է Ձեռնարկատիրոջ կողմից, ով նաև միաժամանակ խնդրել է մասնակցության հնարավորությունը դիտարկել Հիմնադրամի կողմից կազմակերպվող միջազգային ցուցահանդեսներին մասնակցության պետական աջակցության տրամադրման կարգի շրջանակներում, սակայն ցուցահանդեսի մեկնարկից 2 օր առաջ՝ 13.11.2017 թվականին, նշված անձը հրաժարվել է մասնակցությունից։
Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ քանի որ Հիմնադրամի և Ձեռնարկատիրոջ միջև Էլեկտրոնային հաղորդակցությունն ապահովող կապի միջոցով կնքված պայմանագրով նախատեսված չէ պայմանագրի կատարումից հրաժարվելու որևէ պայման կամ ձևաչափ, այդ հարաբերությունը ենթակա է կարգավորման ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 455-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված ակցեպտի հետկանչի կանոնով, որի համաձայն՝ եթե օֆերտա ուղարկած անձն ակցեպտի հետկանչի մասին ծանուցումն ստացել է ակցեպտից շուտ կամ դրա հետ միաժամանակ, ապա ակցեպտը համարվում է չստացված:
Մինչդեռ Վերաքննիչ դատարանի եզրահանգումներն անհիմն են, քանի որ դիմումում առկա է ընդամենը մասնակցելու ցանկություն, այլ ոչ թե պարտականություն կամ պարտավորություն: Մասնակցության հայտը պարունակում է հետևյալ բովանդակությունը՝ «Խնդրում ենք նշված ցուցահանդեսին ընկերության մասնակցության հնարավորությունը դիտարկել Հայաստանի զարգացման հիմնադրամի կողմից կազմակերպվող միջազգային ցուցահանդեսներին մասնակցության պետական աջակցության տրամադրման կարգի շրջանակներում»: Այսինքն՝ խոսք չկա այն մասին, որ պատասխանողն ինչ-որ պարտականություններ է ստանձնում, առավել ևս, որ պարտավորվել է ապահովել իր մասնակցությունը, իսկ «մասնակցության հնարավորության դիտարկումը» չի կարող որևէ պարտավորության, առավել ևս պարտականության երաշխիք լինել:
Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի պատճառաբանությանն առ այն, որ Ձեռնարկատերն ընդամենը երկու օր առաջ է հրաժարվել մեկնել ցուցահանդեսին, ապա Ձեռնարկատիրոջ կողմից ներկայացվել է երկու հրաժարման դիմում, որոնցից մեկը թվագրված է 13.11.2017 թվականով, իսկ մյուսն ընդհանրապես չունի ամսաթիվ. Հիմնադրամն այդպես էլ չի հիմնավորել, թե որն է առաջինը ներկայացվել Հիմնադրամին, հետևաբար կարող ենք փաստել, որ առանց ամսաթվի դիմումը ներկայացվել է ավելի շուտ:
Հրաժարման դիմումը պատասխանողը ներկայացրել է պայմանագիրը ստանալուց հետո, որտեղ առկա են թե նախահաշիվը, թե պայմանագրի բոլոր էական պայմանները: Տեսնելով պայմանագրով ամրագրված և նախօրոք միմյանց հետ չհամաձայնեցված նախահաշվով սահմանված գումարը, որոնք իբրև թե պետք է ծախսվեին ցուցահանդեսի համար, մնացած այլ պայմանները տեսնելով՝ պատասխանողը չի ցանկացել կնքել ներկայացված ծառայությունների մատուցման պայմանագիրը և անմիջապես ուղարկել է պայմանագիրը կնքելուց հրաժարվելու վերաբերյալ գրություն:
Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 25.11.2020 թվականի որոշումը, փոփոխել այն` հայցը մերժել:
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.
Վերաքննիչ դատարանը տեղյակ լինելով Դատարանի լրացուցիչ դատաքննության գործընթացներից, ամբողջությամբ պահպանել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ և 66-րդ հոդվածները, ինչը վկայում է այն մասին, որ դատարանների կողմից կայացված որոշումները պատճառաբանված են, դատարանները գնահատել են գործում առկա բոլոր ապացույցները, կատարել են դրանց լրիվ և օբյեկտիվ հետազոտություն, ինչի կապակցությամբ ներկայացրել են փաստերի հաստատման և իրավունքի կիրառման գործընթացի կապակցությամբ իրենց դատողությունների ընթացքն ու դրանցից բխող եզրահանգումները:
Բողոքաբերը կանխամտածված և մոլորեցնելու նպատակով չի ներկայացրել բավականին ուշագրավ տեղեկատվություն այն մասին, որ Դատարանի կողմից 04.05.2020 թվականի դատական նիստի ժամանակ հարցեր են բարձրացվել, որ հայցվորը ծախսերի հաշվարկի վերաբերյալ ներկայացնի կատարված ծախսերի լրացուցիչ հիմնավորումներ, ինչը մանրամասն հաշվարկներով և հիմնավորումներով ներկայացրել էր պատասխանողին ու Դատարան: Պարզ չէ, թե ինչու էր պատասխանողը հարց բարձրացնում ծախսերի մեծության հաշվարկի ճշտության վերաբերյալ, երբ իր դիրքորոշումը հայցն ամբողջությամբ մերժելն է: Այսինքն՝ պատասխանողը կրկին փորձ էր կատարում մանիպուլացնել իրավական ակտերն ու նորմերը և փորձում էր շեղել դատաքննության ընթացքը:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Համաձայն Վահե Սաֆարյանի կողմից Մանե Մաշինյանին 18.10.2017 թվականին ուղղված էլեկտրոնային նամակի՝ հայտնվել է, որ 2017 թվականի նոյեմբերի 15-18-ը Միացյալ Արաբական Էմիրությունների Դուբայ քաղաքում կայանալու է ««VOD» DUBAI INTERNATIONAL JEWELLERY SHOW» միջազգային մասնագիտացված ոսկերչական ցուցահանդեսը: Նպատակ ունենալով խթանել հայկական ոսկերչության ոլորտների արտահանումը և նոր գործընկերների բացահայտման գործընթացը` Հայաստանի զարգացման հիմնադրամը նախատեսում է կազմակերպել հայկական ընկերությունների մասնակցությունը նշված ցուցահանդեսին՝ տրամադրելով համաֆինանսավորում 50 տոկոսի չափով և կից նյութերի մեջ հնարավոր է տեսնել հայկական ընկերություններին հատկացված տաղավարի տեղը: Նշվել է, որ ընկերությանը հատկացվելու է 12 քմ տաղավար, որի մեջ ներառված կլինի համապատասխան կահավորում, լուսավորություն և այլն: Նշվել է, որ կազմակերպիչների կողմից իրենց տրամադրվել է 10 տոկոս զեղչ: Մասնակցության ցանկության դեպքում խնդրել են հայտադիմումները լրացնել և ներկայացնել Հիմնադրամին (հատոր 1-ին, գ․թ․43):
2) Համաձայն «Արսեն Պետրոսյան ԱՁ»-ի կնիքով և ստորագրությամբ ուղարկված մասնակցության հայտի՝ վերջինս խնդրել է 2017 թվականի նոյեմբերի 15-18-ը Միացյալ Արաբական Էմիրությունների Դուբայ քաղաքում կայանալիք «VOD» DUBAI INTERNATIONAL JEWELLERY SHOW» միջազգային ոսկերչական մասնագիտացված ցուցահանդեսին ընկերության մասնակցության հնարավորությունը դիտարկել Հայաստանի զարգացման հիմնադրամի կողմից կազմակերպվող միջազգային ցուցահանդեսներին մասնակցության պետական աջակցության տրամադրման կարգի շրջանակներում: Որպես ընկերության անվանում, կազմակերպաիրավական տեսակ նշվել է Ձեռնարկատիրոջ անվանումն ու հասցեն, իսկ թողարկված արտադրանքի փաստացի ծավալ նշվել է 4 կգ (հատոր 1-ին, գ․թ․55):
3) Համաձայն Վահե Սաֆարյանի info@artyoms.am հասցեին 10.11.2017 թվականին ուղարկված էլեկտրոնային նամակի՝ ուղարկվել է հիմնադրամի և ընկերության հետ կնքվելիք պայմանագիրը, խնդրվել է տեղեկանալ, իսկ հարցերի դեպքում զանգահարել (հատոր 1-ին, գ․թ․119-124):
4) Համաձայն Ձեռնարկատիրոջ կողմից Հիմնադրամի տնօրեն Արմեն Ավակյանին 13.11.2017 թվականին ուղղված գրության` հայտնվել է, որ գործնական որոշ խնդիրների պատճառով ստիպված են հրաժարվել սույն թվականի նոյեմբերի 15-18-ը Դուբայում կայանալիք ոսկերչական ցուցահանդեսի մասնակցությունից (հատոր 2-րդ, գ․թ․47):
5) Համաձայն Հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակյանի 21.08.2018 թվականի թիվ ԲԱ-18-118 տեղեկանքի` 2017 թվականի նոյեմբերի 15-18-ը Միացյալ Արաբական Էմիրությունների Դուբայ քաղաքում կայանալիք ««VOD» DUBAI INTERNATIONAL JEWELLERY SHOW» միջազգային մասնագիտացված ոսկերչական ցուցահանդեսին Ձեռնարկատիրոջ մասնակցության նպատակով Հիմնադրամի ծախսերը, որոնք կատարվել են ՀՀ պետական բյուջեից հատկացված գումարներից, կազմում են 1.627.340 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ․թ․57):
6) Համաձայն ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալի 17.11.2017 թվականի պատասխան գրության՝ հայտնվել է, որ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը 25.11.2017 թվականի թիվ 05/16.4/10580-17 գրությամբ համաձայնություն է տվել 2017 թվականի նոյեմբերի 15-18-ը Դուբայ քաղաքում կայանալիք ««VOD» DUBAI INTERNATIONAL JEWELLERY SHOW» միջազգային մասնագիտացված ոսկերչական ցուցահանդեսին հայկական կողմի մասնակցության ապահովմանն ուղղված աշխատանքներ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի 03.05.2017 թվականի թիվ 402-Ա հրամանով հաստատված ծրագրի շրջանակներում իրականացնելու վերաբերյալ, որը ենթադրել է թիրախային երկրներում մշակող արդյունաբերության կազմակերպություններին ցուցահանդեսների մասնակցության կազմակերպչական աշխատանքների իրականացման և մասնակիցների ծախսերի 50 տոկոս համաֆինանսավորմամբ աջակցության տրամադրում (հատոր 3-րդ, գ․թ․27):
7) Համաձայն ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի 19.04.2017 թվականի թիվ 351-Ա հրամանով ստեղծված ոլորտային հանձնաժողովի 27.03.2018 թվականի նիստի թիվ 3/5 արձանագրության՝ որոշվել է չընդունել Դուբայ քաղաքում կայացած ««VOD» DUBAI INTERNATIONAL JEWELLERY SHOW» միջազգային մասնագիտացված ոսկերչական ցուցահանդեսին մասնակցության համար կատարված ծախսերը 1.627.340 ՀՀ դրամի չափով և առաջարկվել է Հիմնադրամին երկշաբաթյա ժամկետում ներկայացնել լրացուցիչ հիմնավորումներ, ինչպես նաև տեղեկատվություն Հիմնադրամի կողմից նշված գումարի չափով կրած վնասի վերականգնման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների կամ գործողությունների վերաբերյալ (հատոր 3-րդ, գ․թ․16-18):
8) Համաձայն 01.11.2017 թվականի թիվ C149 վճարման հանձնարարագրի` Հիմնադրամը որպես Դուբայ գործուղման օրապահիկ, գիշերավարձ Արմեն Ախիյանին փոխանցել է 1.079.214 ՀՀ դրամ (հատոր 2-րդ, գ․թ․24):
9) Համաձայն 22․11․2017 թվականի թիվ 000019 կանխիկ մուտքի անդորրագրի՝ Արմեն Ախիյանի կողմից Հիմնադրամին է վերադարձվել 184․736 ՀՀ դրամ՝ որպես Դուբայ գործուղման տարբերության վերադարձ (հատոր 2-րդ, գ․թ․25):
10) Համաձայն 01.11.2017 թվականի թիվ C150 վճարման հանձնարարագրի` Հիմնադրամը Մարկուս Ազադյանին փոխանցել է 339.940 ՀՀ դրամ՝ որպես Դուբայ գործուղման օրապահիկի, գիշերավարձի գումար, իսկ 28․11․2017 թվականի թիվ C176 վճարման հանձնարարագրի համաձայն՝ Հիմնադրամը Մարկուս Ազադյանին փոխանցել է 6,572 ՀՀ դրամ՝ որպես Դուբայ գործուղման տարբերություն (հատոր 2-րդ, գ․թ․28-29):
11) Համաձայն Հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակյանի 27.10.2017 թվականի թիվ 289-Ա հրամանի՝ Հիմնադրամի միջոցառումների կառավարիչ Մարկուս Ազադյանը 2017 թվականի նոյեմբերի 17-19-ը և մարքեթինգի խմբի ղեկավար Արմեն Ախիյանը 2017 թվականի նոյեմբերի 13-19-ը գործուղվել են Դուբայ՝ 2017 թվականի նոյեմբերի 15-18-ը տեղի ունեցող ցուցահանդեսին մասնակցելու նպատակով, իսկ գործուղման հետ կապված ծախսերն իրականացվել են «Պետական աջակցություն» ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման 2017 թվականի ծրագրի միջոցների հաշվին (հատոր 1-ին, գ․թ․131):
12) Համաձայն Հիմնադրամի գործադիր տնօրեն Ա. Պողոսյանի՝ Դուբայ ««VOD» DUBAI INTERNATIONAL JEWELLERY SHOW» ցուցահանդես 2017 թվականի նոյեմբերի 15-18-ը միջազգային մասնագիտացված ոսկերչական ցուցահանդեսի կազմակերպման և մասնակցության ծախսերի հաշվարկի՝ Մարկուս Ազադյանի և Արմեն Ախիյանի Դուբայ գործուղման օրապահիկի, գիշերավարձի, ավիատոմսի արժեքը կազմել է 1.627.340 ՀՀ դրամ (հատոր 2-րդ, գ․թ․33):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ և 66-րդ հոդվածների այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ քաղաքացիաիրավական պայմանագիրը կնքված լինելու հարցի որոշման առանձնահատկություններին այն դեպքերում, երբ կողմերի միջև պայմանագիրը չի կնքվել կողմերի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացիական օրենսդրությունը հիմնվում է իր կողմից կարգավորվող հարաբերությունների մասնակիցների հավասարության, կամքի ինքնավարության և գույքային ինքնուրույնության, սեփականության անձեռնմխելիության, պայմանագրի ազատության, մասնավոր գործերին որևէ մեկի կամայական միջամտության անթույլատրելիության, քաղաքացիական իրավունքների անարգել իրականացման անհրաժեշտության, խախտված իրավունքների վերականգնման ապահովման, դրանց դատական պաշտպանության սկզբունքների վրա։
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ քաղաքացիները և իրավաբանական անձինք քաղաքացիական իրավունքները ձեռք են բերում ու իրականացնում իրենց կամքով և ի շահ իրենց: Նրանք ազատ են պայմանագրի հիման վրա սահմանելու իրենց իրավունքները և պարտականությունները, որոշելու պայմանագրի` օրենսդրությանը չհակասող ցանկացած պայման:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն. այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ պարտավորությունները ծագում են պայմանագրից, վնաս պատճառելու հետևանքով և նույն օրենսգրքում նշված այլ հիմքերից:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն` պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ` պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում` գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պայմանագիր է համարվում երկու կամ մի քանի անձանց համաձայնությունը, որն ուղղված է քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դադարելուն:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 448-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պայմանագիրը համարվում է կնքված, եթե կողմերի միջև պահանջվող ձևով համաձայնություն է ձեռք բերվել պայմանագրի բոլոր էական պայմանների վերաբերյալ: Էական են համարվում պայմանագրի առարկայի մասին պայմանները, օրենքում կամ այլ իրավական ակտերում որպես էական նշված կամ պայմանագրի տվյալ տեսակի համար անհրաժեշտ պայմանները, ինչպես նաև այն բոլոր պայմանները, որոնց վերաբերյալ կողմերից մեկի հայտարարությամբ պետք է համաձայնություն ձեռք բերվի:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ պայմանագիրը կնքվում է կողմերից մեկի օֆերտան (պայմանագիր կնքելու առաջարկը) ուղարկելու և մյուս կողմի դրա ակցեպտի (առաջարկը ընդունելու) միջոցով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 449-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պայմանագիրը կնքված է համարվում օֆերտա ուղարկած անձի կողմից դրա ակցեպտն ստանալու պահից:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 450-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պայմանագիրը կարող է կնքվել գործարքները կնքելու համար նախատեսված ցանկացած ձևով, եթե տվյալ տեսակի պայմանագիր կնքելու համար օրենքով որոշակի ձև սահմանված չէ:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ եթե կողմերը պայմանավորվել են պայմանագիրը կնքել որոշակի ձևով, ապա այն կնքված է համարվում դրան պայմանավորված ձև տալուց հետո, թեկուզև պայմանագրի տվյալ տեսակի համար այդ ձևը օրենքով չի պահանջվում:
Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ պայմանագիրը գրավոր ձևով կարող է կնքվել կողմերի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու, ինչպես նաև փոստային, հեռագրային, հեռատիպային, հեռախոսային, էլեկտրոնային հաղորդակցության կամ կապի այլ միջոցներով տեղեկություն կամ հաղորդագրություն (փաստաթուղթ) փոխանակելու միջոցով, որոնք հնարավորություն են տալիս հաստատելու դրա իսկությունը և ճշգրիտ որոշելու, որ այն ելնում է պայմանագրի կողմից: Էլեկտրոնային հաղորդակցությունն ապահովող կապի միջոցով պայմանագիր կնքելիս, եթե օրենքով նման պայմանագրի ձևի վերաբերյալ այլ պահանջ սահմանված չէ, էլեկտրոնային թվային ստորագրությամբ չպաշտպանված էլեկտրոնային փաստաթուղթն ունի նույն իրավական նշանակությունը, ինչ անձի կողմից ձեռագիր ստորագրված փաստաթուղթը:
Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ պայմանագրի գրավոր ձևը պահպանված է համարվում, եթե պայմանագիր կնքելու գրավոր առաջարկն ընդունված է սույն օրենսգրքի 454 հոդվածի 3-րդ կետով սահմանված կարգով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 451-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ օֆերտան մեկ կամ մի քանի կոնկրետ անձանց հասցեագրված առաջարկն է, որը որոշակիորեն արտահայտում է առաջարկողի մտադրությունը` պայմանագիրը կնքված համարել առաջարկն ընդունած հասցեատիրոջ հետ (…):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 454-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ակցեպտն առաջարկն ընդունելու մասին այն անձի պատասխանն է, ում հասցեագրվել է օֆերտան: Ակցեպտը պետք է լինի լրիվ և անվերապահ:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ լռությունն ակցեպտ չէ, եթե այլ բան չի բխում օրենքից, գործարար շրջանառության սովորույթից կամ կողմերի նախկին գործարար հարաբերություններից:
Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ օֆերտա ստացած անձի կողմից դրա ակցեպտի համար սահմանված ժամկետում դրանում նշված պայմանագրի պայմանները կատարելու ուղղությամբ գործողությունները ձեռնարկելը (ապրանքներ բեռնելը, աշխատանքներ կատարելը, ծառայություններ մատուցելը, համապատասխան գումար վճարելը և այլն) համարվում է ակցեպտ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, այլ իրավական ակտերով կամ նշված չէ օֆերտայում:
Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ էլեկտրոնային հաղորդակցությունն ապահովող կապի միջոցով պայմանագիր կնքելիս ակցեպտը համարվում է ստացված այն պահից, երբ օֆերտայում նշված պայմանագրի պայմանները կատարելու ուղղությամբ գործողությունները ձեռնարկելու վերաբերյալ էլեկտրոնային ծանուցումը մուտք է գործում օֆերտա ուղարկած անձի կողմից նշված տեղեկատվական համակարգ, կամ այն հայտնաբերել է օֆերտա ուղարկած անձը, եթե այն ուղարկվել է նրա կողմից չնշված տեղեկատվական համակարգին:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ կետի և 436-րդ հոդվածի 1-ին կետի վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ պայմանագիրը կամային ակտ է, այսինքն` կողմերն իրենք իրենց կամքով և ի շահ իրենց, ձեռք են բերում ու իրականացնում քաղաքացիական իրավունքներ, իրենք են որոշում իրենց պարտավորությունների շրջանակը: Բացի այդ, պայմանագիրն ուղղված է քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դադարելուն` կարգավորելով նաև կոնկրետ իրավահարաբերության մասնակիցների վարքագիծը, ինչպես նաև պայմանագրային պարտավորությունների կատարման կարգը, ժամկետները և պայմանները: Միաժամանակ, հաշվի առնելով սույն իրավահարաբերության առանձնահատկությունները, պայմանագիր կնքելուն ուղղված արդյունքները, որպես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 448-րդ հոդվածում ամրագրված պայմանագրի էական պայմաններ, օրենքով նախատեսված պահանջների պահպանմամբ, պետք է ամրագրվեն պայմանագրում:
Անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 448-րդ հոդվածի դրույթներին` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ նշված հոդվածի համաձայն` պայմանագիրը համարվում է կնքված, եթե կողմերի միջև պահանջվող ձևով համաձայնություն է ձեռք բերվել պայմանագրի բոլոր էական պայմանների վերաբերյալ: Միաժամանակ, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ եթե ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 294-րդ, 296-րդ, 298-րդ և 300-րդ հոդվածների դրույթներից բխում է, որ ձևը չպահպանելը գործարքը դարձնում է անվավեր, ապա նույն օրենսգրքի 448-րդ հոդվածում սահմանված ձևի անտեսումը գործարքը դարձնում է չկնքված: Այդ առումով գործնական նշանակություն է ստանում այն հարցը, թե ձևին վերաբերող պահանջի անտեսումը որ դեպքում է գործարքը դարձնում անվավեր և որ դեպքում` չկնքված: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 290-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիական գործարքի կնքման իրավաբանական փաստը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 289-րդ հոդվածում ամրագրված իրավունքի սուբյեկտի գործողություններով պայմանավորված քաղաքացիական իրավական հետևանքներ առաջ բերելուն ուղղված կամքի արտահայտումն է, որը կարող է դրսևորվել նույն օրենսգրքի 294-րդ հոդվածում ամրագրված ձևերով: Ընդ որում, եթե գործարքի կողմերը երկու և ավելի սուբյեկտներ են, ապա այդ կամքը պետք է ձևավորված լինի որպես պայմանադիր կողմերի համար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 29-րդ գլխում սահմանված գործողություններով ձեռք բերված ընդհանուր համաձայնության արդյունք: Մասնավորապես` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 448-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` պայմանագիրը կնքվում է կողմերից մեկի օֆերտան (պայմանագիր կնքելու առաջարկը) ուղարկելու և մյուս կողմի՝ դրա ակցեպտի (առաջարկն ընդունելու) միջոցով: Ընդ որում, օֆերտան, հանդես գալով որպես մեկ կամ մի քանի կոնկրետ անձանց հասցեագրված առաջարկ, որոշակիորեն արտահայտում է առաջարկողի մտադրությունը` համաձայնության դեպքում պայմանագիր կնքել առաջարկությունում շարադրված էական պայմանների շուրջ: Միաժամանակ, իր հերթին ակցեպտը` որպես առաջարկն ընդունելու մասին օֆերենտին ուղղված պատասխան, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 454-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պետք է լինի լրիվ և անվերապահ: Այսինքն` ակցեպտը չի կարող ընդունվել մասնակիորեն, ինչպես նաև վերապահումներով: Նշված ընթացակարգի պահպանման արդյունքում միայն հնարավոր է ձեռք բերել պայմանադիր կողմերի միասնական կամքն արտահայտող համաձայնություն: Նման պայմաններում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 448-րդ հոդվածի 1-ին կետում ամրագրված օրենսդրի պահանջն այն մասին, որ պայմանագրի էական պայմանների շուրջ կողմերի միջև պետք է համաձայնությունը պահանջվող ձևով ձեռք բերվի, որպեսզի այն համարվի կնքված, ուղղակիորեն բխում է նույն հոդվածի 2-րդ կետի դրույթներից: Այսինքն` համաձայնությունը չի կարող ձեռք բերվել այլ կերպ, քան օֆերտա-ակցեպտ ձևի պահպանմամբ:
ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 448-րդ հոդվածի 1-ին կետում ամրագրված համաձայնության ձեռքբերմանն ուղղված պահանջվող ձևին, արձանագրել է, որ այդ ձևը վերաբերում է բացառապես օֆերտա-ակցեպտ իրավահարաբերության իրավական կարգավորումն ապահովող նորմերի պահանջների պահպանմանը, և դրա անտեսումը կգնահատվի որպես պայմանագրային հարաբերությունների բացակայություն: Ամփոփելով, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գործարքի կնքումը հաստատող ընդհանրական կամքի արտաբերման ձևի պահանջն օրենքով նախատեսված դեպքերում ենթակա է որակման որպես գործարքի վավերության պայման, իսկ կողմերի միջև պայմանագրի կնքման համար անհրաժեշտ համաձայնության ձեռքբերմանն ուղղված օֆերտա-ակցեպտ ընթացակարգի ձևը` որպես պայմանագրային միասնական կամքի ձևավորմանն ուղղված կողմերից յուրաքանչյուրի անհատական գործողությունների ամբողջություն:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ քաղաքացիական պայմանագրի կնքման համար անհրաժեշտ ընթացակարգն ունի նաև միմյանց հաջորդաբար շարունակող համաձայնության ձեռքբերման փուլեր և այդ հաջորդականությունն օրենսդրի կողմից գնահատվում է որպես հրամայական պահանջ: Այսինքն` պայմանագրի կնքման առաջնային փուլը հանդիսանում է օֆերենտի կողմից օֆերտայի ներկայացումը: Քանի դեռ նման օֆերտա չի ներկայացվել, չի կարող գործողության մեջ դրվել ակցեպտի համար նախատեսված հաջորդող գործընթացը: Նշված պահանջի գործնական կարևորությունն ակներև է այն փաստական հանգամանքով, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 454-րդ հոդվածով սահմանված ակցեպտավորմանն ուղղված գործողությունները չեն կարող որակվել որպես այդպիսիք, քանի դեռ բացակայում է օֆերտայի ուղարկման առաջնային փուլը և ինչպիսի գործողություններ էլ որ կատարվեն, մասնավորապես` կոնկլյուդենտ գործողություններ, ապա դրանք չեն կարող դիտվել օֆերտային ուղղված համաձայնություն, քանի որ համաձայնության իրական օբյեկտը` առաջարկը, նման դեպքում ուղղակի բացակայում է: Ուստի օֆերտայի բացակայության պայմաններում իրավունքի սուբյեկտի կողմից հավանական կոնտրագենտի օգտին կոնկրետ գործողությունների կատարումը չի կարող որակվել որպես ակցեպտ և այդ հասցեատիրոջ համար առաջ բերել պայմանագրային պարտավորություններ (տե՛ «Գ Ընդ Հ Պարտներս» ՍՊԸ-ն ընդդեմ «ՀՀ դատական դեպարտամենտ» ՊԿՀ-ի թիվ ԵԿԴ/1867/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.12.2020 թվականի որոշումը):
Վերահաստատելով նշված դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը հնարավորություն է ընձեռում պայմանագիրը կնքված համարել նույնիսկ այն դեպքերում, երբ կողմերի միջև կնքված չի եղել որևէ գրավոր պայմանագիր, սակայն հավանական պայմանագրային իրավահարաբերության սուբյեկտներից մեկի կողմից մյուսի օգտին կոնկրետ գործողությունների կատարումը, կողմերից մեկի կամ կողմերի վարքագիծը ակնհայտորեն վկայում է այն մասին, որ նրանք իրենց համարել են պայմանագրային հարաբերությունների կրող (կոնկլյուդենտ գործարք): Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 454-րդ հոդվածի 3-րդ կետով օրենսդիրը սահմանել է, որ օֆերտա ստացած անձի կողմից դրա ակցեպտի համար սահմանված ժամկետում դրանում նշված պայմանագրի պայմանները կատարելու ուղղությամբ գործողությունները ձեռնարկելը (ապրանքներ բեռնելը, աշխատանքներ կատարելը, ծառայություններ մատուցելը, համապատասխան գումար վճարելը և այլն) համարվում է ակցեպտ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, այլ իրավական ակտերով կամ նշված չէ օֆերտայում: Այսինքն, այն դեպքում, երբ ակցեպտորը կատարում է որոշակի կոնկրետ գործողություններ` ուղղված օֆերտայում նշված պայմանագրի պայմանները կատարելուն, ապա այդ գործողությունը դիտարկվում է որպես պայմանագիր կնքելու ակցեպտ: Ըստ այդմ, օֆերտա ուղարկելու և դրա վերաբերյալ ակցեպտ ստանալու պայմաններում, ըստ էության, հստակեցվում է կոնկրետ պայմանագրի կնքմանն ուղղված պայմանադիր կողմերի կամքը: Նման պայմաններում, եթե նույնիսկ պայմանագիրը կողմերի միջև չի կնքվել գրավոր ձևով, ապա կիրառելի է դառնում օֆերտա ուղարկելու և դրա վերաբերյալ ակցեպտ ստանալու միջոցով պայմանագիր կնքելու օրենքի պայմանը: Ընդ որում, բոլոր դեպքերում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 450-րդ հոդվածի 4-րդ կետով օրենսդիրը հստակեցնում է, որ պայմանագրի գրավոր ձևը պահպանված է համարվում, եթե պայմանագիր կնքելու գրավոր առաջարկն ընդունված է նույն օրենսգրքի 454-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված կարգով (տես՛ Մուշեղ Թոքմաջյանն ընդդեմ Համալսարանի` գումարի բռնագանձման պահանջի մասին թիվ ԵԿԴ/1060/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.07.2021 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում հավելել, որ անկախ այն հանգամանքից, թե ինչպիսի գործողություններով են կողմերը փորձել կնքել պայմանագիր (պայմանագրի կնքման եղանակից), այն կնքված է համարվում, երբ կողմերի միջև համաձայնություն է ձեռք բերվել պայմանագրի բոլոր էական պայմանների վերաբերյալ: Դա նշանակում է, որ պայմանագիրը կնքված լինելու նշված պայմանը վերաբերում է ոչ միայն մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով, այլև օֆերտան ակցեպտավորելու եղանակով պայմանագիր կնքելու դեպքերին, այսինքն՝ օֆերտան ակցեպտավորելու դեպքում ևս առաջարկի և այն ընդունելու վերաբերյալ փաստաթղթերը պետք է հնարավորություն տան եզրահանգելու, որ կողմերի միջև համաձայնություն է ձեռք բերվել պայմանագրի բոլոր էական պայմանների վերաբերյալ. միայն այդ դեպքում պայմանագիրը կարող է համարվել կնքված:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն՝ Վահե Սաֆարյանի կողմից Մանե Մաշինյանին 18.10.2017 թվականին ուղղված էլեկտրոնային նամակի՝ հայտնվել է, որ 2017 թվականի նոյեմբերի 15-18-ը Միացյալ Արաբական Էմիրությունների` Դուբայ քաղաքում կայանալու է ««VOD» DUBAI INTERNATIONAL JEWELLERY SHOW» միջազգային մասնագիտացված ոսկերչական ցուցահանդեսը: Նպատակ ունենալով խթանել հայկական ոսկերչության ոլորտների արտահանումը և նոր գործընկերների բացահայտման գործընթացը` Հայաստանի զարգացման հիմնադրամը նախատեսում է կազմակերպել հայկական ընկերությունների մասնակցությունը նշված ցուցահանդեսին՝ տրամադրելով համաֆինանսավորում 50 տոկոսի չափով և կից նյութերի մեջ հնարավոր է տեսնել հայկական ընկերություններին հատկացված տաղավարի տեղը: Նշվել է, որ ընկերությանը հատկացվելու է 12 քմ տաղավար, որի մեջ ներառված կլինի համապատասխան կահավորում, լուսավորություն և այլն: Նշվել է, որ կազմակերպիչների կողմից իրենց տրամադրվել է 10 տոկոս զեղչ: Մասնակցության ցանկության դեպքում խնդրել են հայտադիմումները լրացնել և ներկայացնել Հիմնադրամին:
Համաձայն «Արսեն Պետրոսյան ԱՁ»-ի կնիքով և ստորագրությամբ ուղարկված մասնակցության հայտի՝ վերջինս խնդրել է 2017թ. նոյեմբերի 15-18-ը Միացյալ Արաբական Էմիրությունների` Դուբայ քաղաքում կայանալիք ««VOD» DUBAI INTERNATIONAL JEWELLERY SHOW» միջազգային ոսկերչական մասնագիտացված ցուցահանդեսին ընկերության մասնակցության հնարավորությունը դիտարկել Հայաստանի զարգացման հիմնադրամի կողմից կազմակերպվող միջազգային ցուցահանդեսներին մասնակցության պետական աջակցության տրամադրման կարգի շրջանակներում: Որպես ընկերության անվանում, կազմակերպաիրավական տեսակ նշվել է Ձեռնարկատիրոջ անվանումն ու հասցեն, իսկ թողարկված արտադրանքի փաստացի ծավալ նշվել է 4 կգ:
Համաձայն Վահե Սաֆարյանի 10.11.2017 թվականին info@artyoms.am հասցեին ուղարկված էլեկտրոնային նամակի՝ ուղարկվել է հիմնադրամի և ընկերության հետ կնքվելիք պայմանագիրը, խնդրվել է տեղեկանալ, իսկ հարցերի դեպքում զանգահարել:
Համաձայն Ձեռնարկատիրոջ կողմից Հիմնադրամի տնօրեն Արմեն Ավակյանին 13.11.2017 թվականին ուղղված գրության` հայտնվել է, որ գործնական որոշ խնդիրների պատճառով ստիպված են հրաժարվել սույն թվականի նոյեմբերի 15-18-ը Դուբայում կայանալիք ոսկերչական ցուցահանդեսի մասնակցությունից:
Համաձայն Հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակյանի 21.08.2018 թվականի թիվ ԲԱ-18-118 տեղեկանքի` 2017 թվականի նոյեմբերի 15-18-ը Միացյալ Արաբական Էմիրությունների Դուբայ քաղաքում կայանալիք ««VOD» DUBAI INTERNATIONAL JEWELLERY SHOW» միջազգային մասնագիտացված ոսկերչական ցուցահանդեսին Ձեռնարկատիրոջ մասնակցության նպատակով Հիմնադրամի ծախսերը, որոնք կատարվել են ՀՀ պետական բյուջեից հատկացված գումարներից, կազմում են 1.627.340 ՀՀ դրամ:
Համաձայն ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալի 17.11.2017 թվականի պատասխան գրության՝ հայտնվել է, որ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը 25.11.2017 թվականի թիվ 05/16.4/10580-17 գրությամբ համաձայնություն է տվել 2017 թվականի նոյեմբերի 15-18-ը Դուբայ քաղաքում կայանալիք ««VOD» DUBAI INTERNATIONAL JEWELLERY SHOW» միջազգային մասնագիտացված ոսկերչական ցուցահանդեսին հայկական կողմի մասնակցության ապահովմանն ուղղված աշխատանքներ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի 03.05.2017 թվականի թիվ 402-Ա հրամանով հաստատված ծրագրի շրջանակներում իրականացնելու վերաբերյալ, որը ենթադրել է թիրախային երկրներում մշակող արդյունաբերության կազմակերպություններին ցուցահանդեսների մասնակցության կազմակերպչական աշխատանքների իրականացման և մասնակիցների ծախսերի 50 տոկոս համաֆինանսավորմամբ աջակցության տրամադրում:
Համաձայն ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի 19.04.2017 թվականի թիվ 351-Ա հրամանով ստեղծված ոլորտային հանձնաժողովի 27.03.2018 թվականի նիստի թիվ 3/5 արձանագրության՝ որոշվել է չընդունել Դուբայ քաղաքում կայացած ««VOD» DUBAI INTERNATIONAL JEWELLERY SHOW» միջազգային մասնագիտացված ոսկերչական ցուցահանդեսին մասնակցության համար կատարված ծախսերը 1.627.340 ՀՀ դրամի չափով և առաջարկվել է Հիմնադրամին երկշաբաթյա ժամկետում ներկայացնել լրացուցիչ հիմնավորումներ, ինչպես նաև տեղեկատվություն Հիմնադրամի կողմից նշված գումարի չափով կրած վնասի վերականգնման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների կամ գործողությունների վերաբերյալ:
Համաձայն 01.11.2017 թվականի թիվ C149 վճարման հանձնարարագրի` Հիմնադրամը որպես Դուբայ գործուղման օրապահիկ, գիշերավարձ Արմեն Ախիյանին փոխանցել է 1.079.214 ՀՀ դրամ:
Համաձայն 22․11․2017 թվականի թիվ 000019 կանխիկ մուտքի անդորրագրի՝ Արմեն Ախիյանի կողմից Հիմնադրամին է վերադարձվել 184․736 ՀՀ դրամ՝ որպես Դուբայ գործուղման տարբերության վերադարձ:
Համաձայն 01.11.2017 թվականի թիվ C150 վճարման հանձնարարագրի` Հիմնադրամը Մարկուս Ազադյանին փոխանցել է 339.940 ՀՀ դրամ՝ որպես Դուբայ գործուղման օրապահիկի, գիշերավարձի գումար, իսկ 28․11․2017 թվականի թիվ C176 վճարման հանձնարարագրի համաձայն՝ Հիմնադրամը Մարկուս Ազադյանին փոխանցել է 6,572 ՀՀ դրամ՝ որպես Դուբայ գործուղման տարբերություն:
Համաձայն Հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակյանի 27.10.2017 թվականի թիվ 289-Ա հրամանի՝ Հիմնադրամի միջոցառումների կառավարիչ Մարկուս Ազադյանը 2017 թվականի նոյեմբերի 17-19-ը և մարքեթինգի խմբի ղեկավար Արմեն Ախիյանը 2017 թվականի նոյեմբերի 13-19-ը գործուղվել են Դուբայ՝ 2017 թվականի նոյեմբերի 15-18-ը տեղի ունեցող ցուցահանդեսին մասնակցելու նպատակով, իսկ գործուղման հետ կապված ծախսերն իրականացվել են «Պետական աջակցություն» ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման 2017 թվականի ծրագրի միջոցների հաշվին:
Համաձայն Հիմնադրամի գործադիր տնօրեն Ա. Պողոսյանի՝ Դուբայ ««VOD» DUBAI INTERNATIONAL JEWELLERY SHOW» ցուցահանդես 2017 թվականի նոյեմբերի 15-18-ը միջազգային մասնագիտացված ոսկերչական ցուցահանդեսի կազմակերպման և մասնակցության ծախսերի հաշվարկի՝ Մարկուս Ազադյանի և Արմեն Ախիյանի Դուբայ գործուղման օրապահիկի, գիշերավարձի, ավիատոմսի արժեքը կազմել է 1.627.340 ՀՀ դրամ;
Դատարանը, հայցը բավարարելով, արձանագրել է, որ հայցվորի կողմից արված առաջարկն օֆերտա է, այն ուղղված է եղել կոնկրետ անձանց՝ առաջարկն ընդունելու դեպքում պայմանագիրը կնքված համարվելու մտադրությամբ, որում մանրամասն նշված են եղել պայմանագրի էական պայմանները, այն է ցուցահանդեսի մասնակցության պայմանները, տաղավարի չափսը, համաֆինանսավորման կարգը, ցուցահանդեսի անցկացման օրերը և համապատասխանաբար հիմնադրամի ստանձնած պարտականությունները։ Կցվել են անհրաժեշտ նյութեր, որտեղ նշված է եղել հայկական ընկերություններին հատկացված տաղավարի տեղը, ցուցահանդեսի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն։ Ակցեպտն առաջարկն ընդունելու մասին այն անձի պատասխանն է, ում հասցեագրված է օֆերտան: Օֆերտա ստացած անձի կողմից ակցեպտի համար սահմանված ժամկետում օֆերտայում նշված պայմանագրի պայմանները կատարելու ուղղությամբ գործողություններ ձեռնարկելը համարվում է ակցեպտ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, այլ իրավական ակտերով, կամ օֆերտայում:
Տվյալ դեպքում դատարանը պատասխանողի՝ հայցվորին ուղղված պատասխանները հետևյալ բովանդակությամբ. «...խնդրում ենք նշված ցուցահանդեսին Ընկերության մասնակցության հնարավորությունը դիտարկել Հայաստանի զարգացման հիմնադրամի կողմից կազմակերպվող միջազգային ցուցահանդեսներին մասնակցության պետական աջակցության տրամադրման կարգի շրջանակներում...» և «...փաստաթղթային հարցերով ենք զբաղվում զարդերի ցուցակն անընդհատ փոփոխվում է Էտ պատճառով ուշացնում ենք:
Տեղափոխման հարցում Ֆեռարի էքսպրեսի հետ ենք համագործակցելու, խնդրել էինք Ձեզ նախապես տեղյակ պահել: Մեր և DFA-ի միջև պայմանագիրն արդեն պատրաստ է, ուզում եմ բոլորը միասին տանեմ ստորագրելու», դիտել է որպես ակցեպտ և գտել է, որ ակցեպտի ուժով կողմերի միջև ծագել են պարտավորական հարաբերություններ, որտեղ հիմնադրամն ունեցել է պարտավորություն աջակցելու ձեռնարկատիրոջը՝ մասնակցելու ցուցահանդեսին, իսկ ձեռնարկատերը՝ մասնակցել ցուցահանդեսին և վճարել ծախսված գումարի 50 տոկոսը: Տվյալ դեպքում հայցվորի կողմից ներկայացված ապացույցներով դատարանը հաստատված է համարել պատասխանողի կողմից ոչ օրինաչափ վարքագիծ դրսևորելու, հայցվորի կողմից վնաս կրելու, և վնասի ու վնաս պատճառող անձի ոչ օրինաչափ գործողությունների միջև պատճառահետևանքային կապի առկայության հանգամանքները, իսկ հայցվորի կրած վնասի հարցում իր մեղքի բացակայության հանգամանքը պատասխանողի կողմից չապացուցվեց, որպիսի հանգամանքն էլ հիմք է հայցապահանջը՝ պարտավորությունը խախտելու հետևանքով հիմնադրամին պատճառված վնասը՝ 1.627.340 ՀՀ դրամի չափով բռնագանձելու մասին, բավարարելու համար:
Վերաքննիչ դատարանը, բողոքարկվող որոշմամբ մերժելով Ձեռնարկատիրոջ բողոքը, արձանագրել է, որ պայմանագիրը՝ օֆերտան ակցեպտավորելու պահից կնքված համարելով, կողմերը ստանձնել են որոշակի իրավունքներ և պարտականություններ, և մասնավորապես դրանք հանգել են հետևյալին՝ Բիզնես Արմենիա Հիմնադրամը պարտավորվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի 2017 թվականի մայիսի 3-ի N 402-Ա հրամանով հաստատված ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացված գումարներով կազմակերպել Արսեն Պետրոսյան ԱՁ-ի մասնակցությունը Միացյալ Արաբական Էմիրությունների Դուբայ քաղաքում 2017 թվականի նոյեմբերի 15-18-ը կայանալիք ««VOD» DUBAI INTERNATIONAL JEWELLERY SHOW» միջազգային մասնագիտացված ոսկերչական ցուցահանդեսին, իսկ Արսեն Պետրոսյան ԱՁ-ն պարտավորվել է ապահովել իր մասնակցությունը։ Բիզնես Արմենիա Հիմնադրամի կողմից իր պայմանագրային պարտավորությունների շրջանակում Արսեն Պետրոսյան ԱՁ-ի ցուցահանդեսին մասնակցելու համար միջոցառումների կառավարիչ Մարկուս Ազադյանին 2017 թվականի նոյեմբերի 17-19-ը և մարքեթինգի խմբի ղեկավար Արմեն Ախիյանին 2017 թվականի նոյեմբերի 13-19-ը գործուղել են Միացյալ Արաբական Էմիրությունների Դուբայ քաղաք ու ընդհանուր առմամբ գործուղման համար կատարել 1.627.340 ՀՀ դրամի չափով ծախսեր։ Սակայն Ձեռնարկատերը հրաժարվել է ցուցահանդեսին մասնակցելուց՝ այդ մասին միայն ցուցահանդեսի մեկնարկից 2 օր առաջ ընկերությանը ծանուցելով։
Վերաքննիչ դատարանը գտել է, որ Բիզնես Արմենիա Հիմնադրամի և Արսեն Պետրոսյանի միջև Էլեկտրոնային հաղորդակցությունն ապահովող կապի միջոցով կնքված պայմանագրով նախատեսված չլինելով պայմանագրի կատարումից հրաժարվելու որևէ պայման կամ ձևաչափ, այդ հարաբերությունը ենթակա է կարգավորման ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 455-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ակցեպտի հետկանչի կանոններով, որի համաձայն՝ եթե օֆերտա ուղարկած անձն ակցեպտի հետկանչի մասին ծանուցումն ստացել է ակցեպտից շուտ կամ դրա հետ միաժամանակ, ապա ակցեպտը համարվում է չստացված:
Այսպիսով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ օրենսդիրն ակցեպտի հետկանչի հնարավորություն նախատեսում է միայն ակցեպտի հետկանչի մասին ծանուցումն ակցեպտից շուտ կամ դրա հետ միաժամանակ ստանալով, Վերաքննիչ դատարանը գտել է, որ նշվածի իմաստով ցուցահանդեսից 2 օր առաջ դրանից հրաժարվելու վերաբերյալ Հիմնադրամին ծանուցելու փաստը պատասխանողին չի կարող ազատել նույն ցուցահանդեսին չմասնակցելու արդյունքում կատարված լրացուցիչ և չարդարացված ծախսերը հատուցելու իր պարտականությունից։ Վերաքննիչ դատարանի գնահատմամբ ակնհայտ է, որ Հայցվորը կխուսափեր նշված չհիմնավորված ծախսերից, եթե ի սկզբանե բողոքաբերը ցանկություն չհայտներ մասնակցելու ցուցահանդեսին կամ գոնե դրանից հրաժարվեր մինչև հիմնադրամի կողմից վերը նշված ծախսերի կատարումը։
Վերաքննիչ դատարանը, արձանագրելով, որ Արսեն Պետրոսյան ԱՁ-ի կողմից պայմանագրի կատարումից հրաժարվելու արդյունքում Բիզնես Արմենիա Հիմնադրամին պատճառվել է 1.627.340 ՀՀ դրամի չափով վնաս, միևնույն ժամանակ փաստել է, որ տվյալ վնասն առաջացել է ձեռքբերված համաձայնության կատարումից հրաժարվելու արդյունքում, և չի կարող որակվել որպես արտապայմանագրային հարաբերություններից բխող վնաս, քանի որ առկա է կնքված պայմանագիր։ Ուստի, արտապայմանագրային հարաբերություններից (դելիկտներից) բխող վնասին առնչվող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի նորմերի կիրառելիության մասով Դատարանի հետևությունները Վերաքննիչ դատարանը սխալ է համարում, և գտնում է, որ վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառելի են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը։
Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը:
Քանի որ տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը պատճառված վնասի առկայությունը պայմանավորել է կողմերի միջև կնքված պայմանագրի առկայությամբ և ենթադրյալ վնաս պատճառողի կողմից պայմանագրի պայմանները կատարելուց միակողմանի հրաժարվելու փաստով, ուստի սույն գործի լուծման համար էական է այն հարցի պարզումը, թե արդյոք կողմերի միջև պահանջվող ձևով համաձայնություն է ձեռք բերվել պայմանագրի բոլոր էական պայմանների վերաբերյալ: Սույն գործի փաստերից բխում է, որ ցուցահանդեսին մասնակցելու հրապարակային օֆերտայից, պատասխանողի կողմից էլեկտրոնային հաղորդակցության միջոցով ցուցահանդեսին մասնակցելու ցանկություն հայտնելուց հետո հայցվորը 10.11.2017 թվականին պատասխանողին է ուղարկել «Հիմնադրամի և ընկերության միջև կնքվելիք պայմանագիրը», որին կից ներկայացվել է ծախսերի նախահաշվարկը, որի համաձայն՝ ցուցահանդեսի մասնակցության ծախսերը կազմել են 6.164.880 ՀՀ դրամ: Նշված պայմանագիրը, չնայած դրանում առկա են կողմերի տվյալները և այլ վավերապայմաններ, կողմերի կողմից ստորագրված չէ: Ավելին, մինչև նշված օրը կողմերի հաղորդակցությունը հաստատող գրություններում և ցուցահանդեսին մասնակցելու հայտում մասնակցության համար Ձեռնարկատիրոջ կողմից կատարվելիք ծախսերի վերաբերյալ որևէ հիշատակություն առկա չէ, ինչպես նաև առկա չէ որևէ պայման, թե պատասխանողը մինչև երբ կարող է հրաժարվել ցուցահանդեսին մասնակցությունից, որոնք են հրաժարման հետևանքները: Պայմանագրի այդ և մյուս բոլոր պայմանները, կողմերի իրավունքներն ու պարտականությունները նախատեսված են վերոհիշյալ պայմանագրով, որը սակայն կողմերի կողմից ստորագրված չէ: Դա նշանակում է, որ պայմանագրում նշված պայմանները պայմանագրի տվյալ տեսակի համար հանդիսացել են էական պայմաններ, որոնց վերաբերյալ այդպես էլ կողմերի միջև պահանջվող ձևով, այն է՝ կողմերի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով համաձայնություն ձեռք չի բերվել: Հայցվորի կողմից պատասխանողին այդպիսի փաստաթուղթ ուղարկելու փաստը վկայում է այն մասին, որ կողմերը, մասնավորապես՝ հայցվորն անհրաժեշտ են համարել նման փաստաթուղթ կազմելը, իսկ պայմանագիրը չստորագրվելու հետևանքով մինչև պատասխանողի կողմից ցուցահանդեսին մասնակցելուց հրաժարվելը կողմերի միջև փաստորեն պայմանագիր կնքված չի եղել, ինչպես նաև այդպիսինը երբևիցե չի կնքվել: Նման պայմաններում կողմերի միջև էլեկտրոնային հաղորդակցության միջոցով կնքված պայմանագրի առկայության և պատասխանողի կողմից պայմանագրի կատարումից հրաժարվելու մասին Վերաքննիչ դատարանի հետևություններն անհիմն են, քանի որ մինչև ցուցահանդեսին մասնակցությունից հրաժարվելը կողմերի միջև առկա գրագրության բովանդակությունից ակնհայտ է, որ ցուցահանդեսին մասնակցության բոլոր էական պայմանների վերաբերյալ կողմերի միջև համաձայնություն ձեռք բերված չի եղել: Ցուցահանդեսին մասնակցելուց հրաժարվելու մասին գրությունը նման պայմաններում պետք է գնահատվի որպես պայմանագրի կնքումից հրաժարում, ինչը չի կարող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի իրավակարգավորումների համատեքստում պատասխանողի համար բացասական հետևանքներ առաջացնել, քանի որ տվյալ դեպքի համար բացակայում է պայմանագիր կնքելը պարտադիր լինելու վերաբերյալ որևէ իրավակարգավորում: Վերոգրյալից հետևում է, որ անհիմն են նաև Վերաքննիչ դատարանի հետևությունները՝ պատասխանողի գործողությունների հետևանքով հայցվորին վնաս պատճառված լինելու վերաբերյալ, քանի որ պայմանագրի կնքումից հրաժարվելն ապօրինի գործողություն չէ, ուստի սույն գործով բացակայում է նաև պատճառված վնասի հատուցման վավերապայմաններից ենթադրյալ վնաս պատճառողի ոչ օրինաչափ գործողությունը կամ անգործությունը:
Այսպիսով, գործում գտնվող անստորագիր պայմանագրի և թիվ 3 փաստում նշված մյուս ապացույցների սխալ գնահատման արդյունքում թույլ է տրվել դատական սխալ, այն է՝ հայցը մերժվելու փոխարեն այն բավարարվել է:
Վերը նշված պատճառաբանություններով ամբողջությամբ հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիայի) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:
Հայցադիմումը ներկայացնելու պահին գործող խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ հայցադիմումների և որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձ գործին մասնակցելու մասին դիմումների համար` դրամական պահանջով հայցագնի երկու տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի 150 տոկոսից:
Հայցադիմումը ներկայացնելու պահին գործող խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի «ա» և «բ» կետերի համաձայն՝ դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքների համար պետական տուրքը գանձվում է գույքային պահանջի գործերով՝ վերաքննիչ բողոքում նշված վիճարկվող գումարի 3 տոկոսի չափով, իսկ եթե վիճարկվում են առաջին ատյանի դատարանի կողմից բավարարված կամ չբավարարված պահանջներն ամբողջությամբ կամ բավարարված կամ չբավարարված պահանջները չեն վիճարկվում, ապա առաջին ատյանի դատարան հարուցված և բողոքարկվող հայցի հայցագնի 3 տոկոսի չափով, իսկ ոչ գույքային բնույթի պահանջի գործերով` բազային տուրքի տասնապատիկի չափով:
Հայցադիմումը ներկայացնելու պահին գործող խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասի «ա» և «բ» կետերի համաձայն՝ դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքների համար պետական տուրքը գանձվում է դրամական պահանջի գործերով՝ հայցագնի 3 տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի տասնապատիկից և ոչ ավելի բազային տուրքի հազարապատիկից, իսկ ոչ դրամական բնույթի պահանջի գործերով` բազային տուրքի քսանապատիկի չափով:
Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ Վերաքննիչ դատարանի որոշումը՝ բեկանման և փոփոխման, որի արդյունքում հայցը ենթակա է մերժման, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննիչ բողոքի համար Ձեռնարկատիրոջ վճարած 48.800 ՀՀ դրամ պետական տուրքի և վճռաբեկ բողոքի համար վճարած 48.800 ՀՀ դրամ պետական տուրքի գումարները ենթակա են բռնագանձման Հիմնադրամից հօգուտ Ձեռնարկատիրոջ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 403-րդ, 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1․ Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.11.2020 թվականի որոշումը և փոփոխել այն՝ հայցը մերժել:
2. «Բիզնես Արմենիա» հիմնադրամից հօգուտ «Արսեն Պետրոսյան» անհատ ձեռնարկատիրոջ բռնագանձել 48.800 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոք ներկայացնելու համար սահմանված և վերջինիս կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար:
3. «Բիզնես Արմենիա» հիմնադրամից հօգուտ «Արսեն Պետրոսյան» անհատ ձեռնարկատիրոջ բռնագանձել 48.800 ՀՀ դրամ` ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոք ներկայացնելու համար սահմանված և վերջինիս կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար։
4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Գ. Հակոբյան Զեկուցող Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ Է. Սեդրակյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 նոյեմբերի 2023 թվական: