ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 ապրիլի 2023 թվականի |
թիվ 37 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՃՅՈՒՂԵՐՈՒՄ ՀԱՄԱՏԵՂ ԿՈՈՊԵՐԱՑԻՈՆ ՆԱԽԱԳԾԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԻՍ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն նախագծեր իրականացնելիս ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին» որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ս. Ժումանգարին |
Ա. Կասիմալիև |
Ա. Օվերչուկ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 20-րդ հոդվածի 1-ին կետի, 92-րդ հոդվածի 9-րդ կետի 1-ին ենթակետի և «Արդյունաբերական համագործակցության մասին» արձանագրության (նշված պայմանագրի թիվ 27 հավելված) 3-րդ կետի իրագործման նպատակով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.
1. Սահմանել, որ՝
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն նախագծեր իրականացնելիս ֆինանսական աջակցությունը (այսուհետ համապատասխանաբար՝ անդամ պետություններ, ֆինանսական աջակցություն) իրականացվում է այն միջազգային և ազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրվող վարկերի և փոխառությունների տոկոսադրույքների սուբսիդավորման ձևով, որոնց ցանկը սահմանվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից.
Եվրասիական տնտեսական միության բյուջեում յուրաքանչյուր տարի նախատեսվում են ֆինանսական աջակցության տրամադրման համար միջոցներ՝ Եվրասիական տնտեսական միության բյուջեի հաստատման տարվան նախորդող ֆինանսական տարում անդամ պետությունների բյուջեներ հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերից մուտքերի ընդհանուր գումարի 10 տոկոսի չափով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն նախագծեր իրականացնելիս ֆինանսական աջակցություն տրամադրելու մասով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունն ուժի մեջ մտնելու օրվանից:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Նախագիծ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն նախագծեր իրականացնելիս ֆինանսական աջակցություն տրամադրելու մասով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները, այսուհետ՝ անդամ պետություններ,
առաջնորդվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 115-րդ հոդվածով,
համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) 20-րդ հոդվածի 1-ին կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Սույն պայմանագրի 92-րդ հոդվածով նախատեսված կարգով՝ անդամ պետությունների կողմից արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն նախագծեր իրականացնելիս Միության մարմինների գործունեության ֆինանսավորումը, ինչպես նաև Հանձնաժողովի կողմից ֆինանսական աջակցության ցուցաբերումն իրականացվում են Միության բյուջեի միջոցների հաշվին: Միության բյուջեի միջոցների ձևավորման և ծախսման կարգը սահմանվում է «Եվրասիական տնտեսական միության բյուջեի մասին» հիմնադրույթով:».
2) 92-րդ հոդվածի 9-րդ կետի 1-ին ենթակետը լրացնել «, այդ թվում` արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն նախագծերի իրականացման միջոցով՝ սույն պայմանագրի 27-րդ հավելվածին համապատասխան» բառերով.
3) «Արդյունաբերական համագործակցության մասին» արձանագրությունը (նշված պայմանագրի թիվ 27 հավելված) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով.
«3. Միջկառավարական խորհրդի կողմից սահմանված ցանկում ներառված արդյունաբերության ճյուղերում անդամ պետությունների կողմից իրականացվող համատեղ կոոպերացիոն նախագծերին աջակցելու նպատակով Հանձնաժողովի խորհուրդը կարող է Միության բյուջեի միջոցների հաշվին դրանց իրականացմանը ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մասին որոշում ընդունել։
Անդամ պետությունների կողմից արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն նախագծեր իրականացվելու ժամանակ ֆինանսական աջակցություն տրամադրելու համար Միության բյուջեում հերթական ֆինանսական տարվա համար նախատեսվող միջոցների ծավալը որոշվում է Միության բյուջեի հաստատման տարվան նախորդող ֆինանսական տարում անդամ պետությունների բյուջեներ հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերից մուտքերի ընդհանուր գումարի տոկոսային հարաբերակցությամբ։
Նշված տոկոսային հարաբերակցության չափը և արդյունաբերության ճյուղերում անդամ պետությունների կողմից համատեղ կոոպերացիոն նախագծեր իրականացնելիս ֆինանսական աջակցության տրամադրման ձևը սահմանվում են Բարձրագույն խորհրդի կողմից։
Անդամ պետությունների կողմից արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն նախագծերի ընտրության և իրականացման, ինչպես նաև Միության բյուջեի միջոցների հաշվին ֆինանսական աջակցության տրամադրման կարգը սահմանվում է Միջկառավարական խորհրդի կողմից հաստատվող հիմնադրույթին համապատասխան։
Սույն կետով նախատեսված ֆինանսական աջակցության մեխանիզմը կիրառվում է «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն նախագծեր իրականացնելիս ֆինանսական աջակցություն տրամադրելու մասով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» 202_ թվականին ստորագրված արձանագրությունն ուժի մեջ մտնելու օրվանից 5 տարվա ընթացքում:
Ֆինանսական աջակցության մեխանիզմի կիրառման ժամկետը երկարաձգելու մասին որոշումն ընդունվում է Բարձրագույն խորհրդի կողմից։
Նշված մեխանիզմի գործողության դադարեցման դեպքում անդամ պետությունները և Հանձնաժողովը պարտավոր են ամբողջ ծավալով ապահովել այն ֆինանսական պարտավորությունների կատարումը, որոնք առաջացել են դրա գործողության շրջանակներում արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն նախագծերի իրականացմանը ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մասին Հանձնաժողովի խորհրդի կողմից ընդունված որոշումների հիման վրա՝ նման նախագծերի իրագործման ամբողջ ժամկետի ընթացքում:
Տվյալ պարտավորությունն ուժի մեջ է մնում այնքան ժամանակ, քանի դեռ այն ամբողջովին չի կատարվել՝ անկախ մեխանիզմի գործողության դադարեցումից:»:
Հոդված 2
Սույն արձանագրությունն ուժի մեջ է մտնում այն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անդամ պետությունների կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից։
Կատարված է __________ քաղաքում 202____ թվականի ______ ___ին, մեկ բնօրինակից՝ ռուսերեն։
Սույն արձանագրության բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, որպես սույն արձանագրության ավանդապահ, անդամ պետություններից յուրաքանչյուրին կուղարկի դրա հաստատված պատճենը։
Հայաստանի Հանրապետության կողմից՝ |
Բելառուսի Հանրապետության կողմից՝ |
Ղազախստանի Հանրապետության կողմից՝ |
Ղրղզստանի Հանրապետության կողմից՝ |
Ռուսաստանի Դաշնության կողմից՝ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հոկտեմբերի 2023 թվական: