«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
31 մարտի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 մարտի 2003 թվականի N 274-Ն
ԲԱՐԵԳՈՐԾՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐԱԾ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 12.10.23 N 1744-Ն)
«Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի պահանջներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել բարեգործների տրամադրած բարեգործական աջակցության հաշվառման կարգը՝ համաձայն հավելվածի։
(1-ին կետը փոփ. 12.10.23 N 1744-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
ԲԱՐԵԳՈՐԾՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐԱԾ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ
(վերնագիրը խմբ. 12.10.23 N 1744-Ն)
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում բարեգործի գործունեությունը խրախուսելու նպատակով «Հայաստանի Հանրապետության տարվա բարեգործ» և «Հայաստանի Հանրապետության պատվավոր բարեգործ» կոչումների շնորհման համար բարեգործների տրամադրած բարեգործական աջակցության հաշվառման կարգը։
2. Բարեգործական որակված ծրագրերի շրջանակներում բարեգործների տրամադրած բարեգործական աջակցության հաշվառումը կատարում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված՝ բարեգործության ոլորտը համակարգող մարմինը (այսուհետ՝ լիազորված մարմին)։
3. Բարեգործների տրամադրած բարեգործական աջակցության (դրամական կամ բնաիրային) չափը հաշվարկվում է տվյալ օրացուցային տարվա հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար։
4. Տարբեր բարեգործական ծրագրերի շրջանակներում միևնույն անհատ բարեգործի տրամադրած բարեգործական աջակցության չափը հաշվարկվում է տվյալ օրացուցային տարվա ընթացքում տրամադրած բարեգործական աջակցության հանրագումարի ձևով։
5. Պետական մարմինները, բարեգործական և այլ ոչ առևտրային կազմակերպությունները մինչև տվյալ տարվան հաջորդող տարվա հունվարի 31-ը լիազորված մարմին են ներկայացնում անհատ բարեգործների տրամադրած բարեգործական աջակցության մասին տեղեկատվություն, որը պետք է ներառի անհատ բարեգործի անունը, հայրանունը, ազգանունը, բնակության վայրը, դրամական աջակցության չափը կամ բնաիրային աջակցության դրամական արժեքն ու բարեգործական ծրագրի անվանումը: Պետական մարմինների, բարեգործական և այլ ոչ առևտրային կազմակերպությունների տրամադրած տեղեկատվությունը ստորագրվում է տվյալ մարմնի ղեկավարի կողմից ու կնքվում տվյալ մարմնի կնիքով։
6. Լիազորված մարմինը ստացված տեղեկատվությունը գրանցում է այդ նպատակով վարվող գրանցամատյաններում։ Գրանցամատյանի ձևը սահմանվում է լիազորված մարմնի կողմից ընդունված իրավական ակտով։
7. Լիազորված մարմինը տվյալ տարվան հաջորդող տարվա փետրվարին ամփոփում է պետական մարմիններից, բարեգործական և այլ ոչ առևտրային կազմակերպություններից ստացված՝ սույն կարգի 5-րդ կետում նշված տեղեկատվությունը, անհրաժեշտության դեպքում պարզում դրանց հավաստիությունը։
8. Լիազորված մարմինը «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի պահանջներին համապատասխանող թեկնածուների տվյալները ներկայացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետին՝ Հայաստանի Հանրապետության նախագահին միջնորդություն ներկայացնելու համար։
(հավելվածը փոփ. 10.07.18 N 765-Ն, խմբ. 12.10.23 N 1744-Ն)