Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 168
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (25.06.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
08.10.2019
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
08.10.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.11.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 հոկտեմբերի 2019 թվականի

թիվ 168

քաղ. Մոսկվա

 

ՊԵՏԱԿԱՆ (ՄՈՒՆԻՑԻՊԱԼ) ԳՆՈՒՄՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 7-րդ և 44-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Ստեղծել Պետական (մունիցիպալ) գնումների հարցերով խորհրդատվական կոմիտե։

2. Հաստատել «Պետական (մունիցիպալ) գնումների հարցերով խորհրդատվական կոմիտեի մասին» կից ներկայացվող հիմնադրույթը:

3. Խնրանքով դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններին սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 15-օրյա ժամկետում Եվրասիական տնտեսական հանձնաժողով ներկայացնել թեկնածություններ՝ Պետական (մունիցիպալ) գնումների հարցերով խորհրդատվական կոմիտեի կազմում ընդգրկելու համար։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2019 թվականի հոկտեմբերի 8-ի

թիվ 168 որոշմամբ

 

ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹ

 

Պետական (մունիցիպալ) գնումների հարցերով խորհրդատվական կոմիտեի մասին

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Պետական (մունիցիպալ) գնումների հարցերով խորհրդատվական կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե) ստեղծվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային (այսուհետ համապատասխանաբար՝ Հանձնաժողով, Կոլեգիա) առընթեր՝ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) թիվ 1 հավելված) 7-րդ և 44-րդ կետերին համապատասխան:

Կոմիտեն Հանձնաժողովի՝ Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) շրջանակներում պետական (մունիցիպալ) գնումների հարցերով խորհրդատվական մարմին է:

2. Կոմիտեն իր գործունեությունն իրականացնելիս առաջնորդվում է Պայմանագրով, Միության իրավունքի մաս կազմող միջազգային այլ պայմանագրերով և ակտերով, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգով, ինչպես նաև սույն հիմնադրույթով։

 

II. Կոմիտեի հիմնական խնդիրները և գործառույթները

 

3. Կոմիտեի հիմնական խնդիրներն են՝

ա) Միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) ներկայացուցիչների հետ Պայմանագրի XXII բաժնի և «Գնումների կարգավորման կարգի մասին» արձանագրության (Պայմանագրի թիվ 25 հավելված) դրույթների իրագործման հարցերով խորհրդակցությունների անցկացումն ու Հանձնաժողովի համար պետական (մունիցիպալ) գնումների ոլորտին առնչվող հարցերի վերաբերյալ առաջարկների մշակումը.

բ) պետական (մունիցիպալ) գնումների ոլորտին առնչվող հարցերի, ինչպես նաև այն հարցերի քննարկումը, որոնց առնչությամբ Հանձնաժողովի կոլեգիան պարտավոր է Հանձնաժողովի կոլեգիայի կամ խորհրդի որոշում ընդունելուց առաջ խորհրդակցություններ անցկացնել՝ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի (Պայմանագրի թիվ 1 հավելված) 25-րդ կետին համապատասխան.

գ) պետական (մունիցիպալ) գնումների ոլորտին առնչվող հարցերի, այդ թվում՝ Հանձնաժողովի կոլեգիայի կամ խորհրդի նիստերին հետագա քննարկում պահանջող հարցերի վերաբերյալ առաջարկների քննարկում (անհրաժեշտության դեպքում) և մշակում.

դ) իր իրավասության սահմաններում այլ հարցերի քննարկում։

4. Իրեն վերապահված խնդիրների իրագործման համար Կոմիտեն իրականացնում է հետևյալ գործառույթները՝

ա) պետական (մունիցիպալ) գնումների ոլորտում իրավակիրառ պրակտիկային, անդամ պետությունների օրենսդրության և Միության մարմինների ակտերի կատարելագործմանն առնչվող առավել արդիական հարցերի վերաբերյալ խորհրդակցությունների անցկացում, այդ թվում՝ Միության ներքին շուկայում խոչընդոտները վերացնելու նպատակով.

բ) պետական (մունիցիպալ) գնումների ոլորտին առնչվող հարցերի վերաբերյալ մեթոդական, վերլուծական և տեղեկատվական նյութերի ու առաջարկների քննարկում.

գ) պետական (մունիցիպալ) գնումների ոլորտում գիտահետազոտական աշխատանքների թեմաների քննարկում և համաձայնեցում՝ Հանձնաժողովի գիտահետազոտական աշխատանքների պլանում դրանք ներառելու համար.

դ) պետական (մունիցիպալ) գնումների ոլորտում Միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագրերն ու Միության մարմինների ակտերն անդամ պետությունների կողմից կատարվելու մասով մոնիթորինգի արդյունքների քննարկում (անհրաժեշտության դեպքում).

ե) փորձագիտական և աշխատանքային խմբեր ստեղծելու կամ դրանց գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ առաջարկների նախապատրաստում.

զ) պետական (մունիցիպալ) գնումների ոլորտի զարգացման նպատակներով միջազգային պայմանագրերի և այլ փաստաթղթերի նախագծեր մշակելու անհրաժեշտության վերաբերյալ հարցերի քննարկում.

է) պետական (մունիցիպալ) գնումների ոլորտում իր իրավասության սահմաններում այլ գործառույթների իրականացում։

 

III. Կոմիտեի կազմը

 

5. Կոմիտեի կազմը ձևավորվում է անդամ պետությունների՝ պետական (մունիցիպալ) գնումների ոլորտում կարգավորիչ և (կամ) հսկողական գործառույթներ իրականացնող լիազորված մարմինների և անդամ պետությունների՝ Հանձնաժողովի հետ փոխգործակցության համար լիազորված պետական իշխանության մարմինների (այսուհետ՝ լիազորված մարմիններ) ղեկավարներից (ղեկավարների տեղակալներից), ինչպես նաև լիազորված մարմինների կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներից (ղեկավարների տեղակալներից)։

Կոմիտեի կազմում կարող են ընդգրկվել անդամ պետությունների պետական իշխանության մարմինների ղեկավարները (ղեկավարների տեղակալները), այդ մարմինների կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները (ղեկավարների տեղակալները), ինչպես նաև գործարար համայնքների ներկայացուցիչները (լիազորված մարմինների առաջարկով)։

(5-րդ կետը լրաց. 23.05.23 ԵՏՀԿ թիվ 66)

6. Կոմիտեի նախագահի հրավերով Կոմիտեի նիստերին կարող են մասնակցել անդամ պետությունների պետական իշխանության մարմինների ներկայացուցիչները, այդ թվում՝ անդամ պետությունների, գործարար համայնքների, գիտական և հասարակական կազմակերպությունների առաջարկով՝ անհրաժեշտ որակավորում և մասնագիտական հմտություններ ունեցող այլ անկախ փորձագետներ, ինչպես նաև Հանձնաժողովի այն պաշտոնատար անձինք ու աշխատակիցները, որոնց իրավասությանն են վերապահված Կոմիտեի նիստին քննարկվող հարցերը։

7. Անհրաժեշտության դեպքում Կոմիտեին առընթեր կարող են ստեղծվել փորձագիտական ու աշխատանքային խմբեր, որոնք ձևավորվում են լիազորված մարմինների ներկայացուցիչներից, Հանձնաժողովի պաշտոնատար անձանցից ու աշխատակիցներից:

Անդամ պետությունների առաջարկով փորձագիտական և աշխատանքային խմբերի կազմում կարող են ընդգրկվել գործարար համայնքների, գիտական ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, անհրաժեշտ որակավորում և մասնագիտական հմտություններ ունեցող այլ անկախ փորձագետներ։

Փորձագիտական ու աշխատանքային խմբերի աշխատակարգը սահմանվում է Կոմիտեի կողմից։

8. Կոմիտեի (փորձագիտական ու աշխատանքային խմբերի) կազմի ձևավորման համար Հանձնաժողովի՝ մրցակցային քաղաքականության և պետական գնումների ոլորտում քաղաքականության դեպարտամենտը (այսուհետ՝ պատասխանատու դեպարտամենտ) լիազորված մարմիններից պահանջում է Կոմիտեի (փորձագիտական ու աշխատանքային խմբերի) կազմում ընդգրկելու համար թեկնածությունների վերաբերյալ առաջարկներ։

Լիազորված մարմինները ժամանակին տեղեկացնում են Հանձնաժողովի կոլեգիային Կոմիտեում լիազորված մարմինների ներկայացուցիչներին փոխարինելու անհրաժեշտության մասին։

Կոմիտեի կազմը հաստատվում է Հանձնաժողովի կոլեգիայի կարգադրությամբ:

9. Կոմիտեի նիստերին նախագահում և Կոմիտեի աշխատանքի ընդհանուր ղեկավարումն իրականացնում է Հանձնաժողովի կոլեգիայի՝ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով անդամը (նախարարը) (այսուհետ՝ Կոմիտեի նախագահ):

10. Կոմիտեի նախագահը՝

ա) ղեկավարում է Կոմիտեի գործունեությունը և կազմակերպում է Կոմիտեին վերապահված խնդիրների կատարման աշխատանքները.

բ) հաստատում է Կոմիտեի նիստի օրակարգը, որոշում է դրա անցկացման ամսաթիվը, ժամը և վայրը.

գ) վարում է Կոմիտեի նիստերը.

դ) ստորագրում է Կոմիտեի նիստերի արձանագրությունները.

ե) հաստատում է Կոմիտեին առընթեր ստեղծվող փորձագիտական և աշխատանքային խմբերի մասին հիմնադրույթներն ու դրանց կազմերը.

զ) ներկայացնում է Կոմիտեն Հանձնաժողովի կոլեգիայի և խորհրդի նիստերին և այլ մարմինների ու կազմակերպությունների հետ փոխհարաբերություններում.

է) նշանակում է Կոմիտեի քարտուղարին.

ը) Կոմիտեի իրավասության սահմաններում իրականացնում է այլ գործառույթներ:

11. Կոմիտեի նախագահի տեղակալը պատասխանատու դեպարտամենտի տնօրենն է։

Կոմիտեի նախագահի տեղակալը Կոմիտեի նախագահի բացակայության դեպքում իրականացնում է սույն հիմնադրույթի 10-րդ կետով նախատեսված՝ Կոմիտեի նախագահի գործառույթները:

12. Կոմիտեի նախագահի տեղակալը Կոմիտեի նախագահի հանձնարարությամբ ապահովում է Կոմիտեի նիստի կազմակերպումը և հսկողություն է իրականացնում հետևյալի նկատմամբ ՝

ա) Կոմիտեի նիստի օրակարգի նախագծի նախապատրաստում.

բ) Կոմիտեի նիստի օրակարգի հարցերին առնչվող նյութերի նախապատրաստում.

գ) Կոմիտեի նիստի արդյունքներով արձանագրության նախապատրաստում.

դ) գրությունների նախագծերի նախապատրաստում և դրանց ուղարկում Կոմիտեի անդամներին.

ե) Կոմիտեի արձանագրային որոշումների կատարում։

13. Պատասխանատու դեպարտամենտի տնօրենը պատասխանատու դեպարտամենտի աշխատակիցներից Կոմիտեի նախագահին թեկնածություն է առաջարկում Կոմիտեի քարտուղար նշանակելու համար։

14. Կոմիտեի քարտուղարը՝

ա) ապահովում է Կոմիտեի նիստի օրակարգի նախագծի նախապատրաստումը և այն ներկայացնում է Կոմիտեի նախագահի հաստատմանը.

բ) նախապատրաստում և Կոմիտեի անդամներին է ուղարկում Կոմիտեի նիստի օրակարգը և Կոմիտեի նիստի օրակարգի հարցերին առնչվող նյութերը.

գ) Կոմիտեի անդամներին տեղեկացնում է Կոմիտեի նիստի անցկացման ամսաթվի, ժամի ու վայրի մասին, այդ թվում՝ էլեկտրոնային փոստով.

դ) Կոմիտեի անդամներին ուղարկում է Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների և լիազորված մարմինների կողմից ներկայացված՝ Կոմիտեի նիստի օրակարգի նախագծին առնչվող նյութերը.

ե) վարում է Կոմիտեի նիստի արձանագրությունը.

զ) Կոմիտեի նիստի արդյունքներով նախապատրաստում է արձանագրության նախագիծը՝ ստորագրման համար.

է) Կոմիտեի անդամներին ուղարկում է արձանագրությունը՝ Կոմիտեի նիստի արդյունքներով.

ը) նախապատրաստում է Կոմիտեի արձանագրային որոշումների կատարման վերաբերյալ տեղեկանքներ։

(14-րդ կետը խմբ. 23.05.23 ԵՏՀԿ թիվ 66)

 

IV. Կոմիտեի աշխատակարգը

 

15. Կոմիտեի նիստն անցկացվում է տարին առնվազն մեկ անգամ։

16. Կոմիտեի անդամները ոչ ուշ, քան Կոմիտեի նիստի անցկացման օրվանից 30 օրացուցային օր առաջ Կոմիտեի նախագահին են ուղարկում Կոմիտեի նիստի օրակարգի նախագծի ձևավորման վերաբերյալ առաջարկներ՝ կցելով նյութեր, որոնք ներառում են՝

ա) քննարկման ներկայացվող հարցերի ընդհանուր բնութագիրը,

բ) արձանագրային որոշման նախագիծը,

գ) քննարկման համար առաջարկվող փաստաթղթերի նախագծերը (առկայության դեպքում),

դ) քննարկվող հարցերի վերաբերյալ տեղեկատվական և վերլուծական նյութերը,

ե) այլ փաստաթղթեր ու նյութեր, որոնք նշանակություն ունեն հարցերը քննարկելիս (առկայության դեպքում):

(16-րդ կետը փոփ. 23.05.23 ԵՏՀԿ թիվ 66)

17. Կոմիտեի նիստի օրակարգում ներառված՝ պատասխանատու դեպարատամենտի գործունեության ուղղություններին առնչվող հարցերի վերաբերյալ նյութերը Կոմիտեի քարտուղարին են ներկայացվում Կոմիտեի նիստի անցակցման օրվանից առնվազն 25 օրացուցային օր առաջ։

18. Կոմիտեի նիստի հաստատված օրակարգը, ինչպես նաև Կոմիտեի նիստի անցկացման ամսաթվի, ժամի և վայրի մասին տեղեկատվությունն ուղարկվում են Կոմիտեի անդամներին թղթային կրիչով և էլեկտրոնային եղանակով՝ պատասխանատու դեպարտամենտի տնօրենի (նրա բացակայության դեպքում՝ պատասխանատու դեպարտամենտի տնօրենի տեղակալի) կողմից ստորագրված ուղեկցող գրությամբ՝ ոչ ուշ, քան Կոմիտեի նիստն անցկացնելու օրվանից 20 օրացուցային օր առաջ։ Կոմիտեի քարտուղարն ապահովում է Կոմիտեի նիստի օրակարգին կից ներկայացվող նյութերի հրապարակումը Միության պաշտոնական կայքում ոչ ուշ, քան Կոմիտեի նիստի անցկացման օրվանից 20 օրացուցային օր առաջ (բացառությամբ այն փաստաթղթերի, որոնք պարունակում են անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան պետական գաղտնիքի (գաղտնիքների) կամ սահմանափակ տարածման տեղեկությունների շարքին դասվող տեղեկություններ)։

Կոմիտեի նիստի օրակարգի վերաբերյալ ստացված առաջարկների մասին տեղեկատվությունն էլեկտրոնային փոստով ուղարկվում է Կոմիտեի անդամներին այդ առաջարկներն ստանալու օրվանից հետո 3 աշխատանքային օրվանից ոչ ուշ։

(18-րդ կետը խմբ. 23.05.23 ԵՏՀԿ թիվ 66)

19. Կոմիտեի անդամները Կոմիտեի նիստերին մասնակցում են անձամբ։ Կոմիտեի նիստին ներկա գտնվելու անհնարինության դեպքում Կոմիտեի անդամն իրավունք ունի Կոմիտեի նիստի օրակարգի հարցերի վերաբերյալ իր կարծիքը գրավոր ուղարկելու Կոմիտե, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի միջոցով՝ ոչ ուշ, քան Կոմիտեի նիստն անցկացնելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում։

Կոմիտեի նիստին Կոմիտեի անդամի կողմից ներկայացված առաջարկները չեն կարող դիտարկվել որպես անդամ պետության վերջնական դիրքորոշում:

(19-րդ կետը խմբ. 23.05.23 ԵՏՀԿ թիվ 66)

20. Կոմիտեի նիստը ճանաչվում է իրավազոր, եթե այդտեղ ապահովվում է Կոմիտեի՝ յուրաքանչյուր անդամ պետությունից առնվազն մեկ անդամի ներկայացուցչությունը:

21. Կոմիտեի նիստի արդյունքները ձևակերպվում են արձանագրությամբ, որում ամրագրվում են Կոմիտեի անդամների դիրքորոշումներն ու ձեռք բերված պայմանավորվածությունները:

Այն դեպքում, երբ Կոմիտեի անդամը հատուկ կարծիք ունի Կոմիտեի նիստին քննարկվող հարցի վերաբերյալ, այն գրավոր շարադրվում և Կոմիտեի նիստի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 2 աշխատանքային օրվանից հետո էլեկտրոնային փոստով ուղարկվում է Կոմիտեի քարտուղարին՝ Կոմիտեի նիստի արձանագրությանը կցելու համար։

(21-րդ կետը լրաց., փոփ. 23.05.23 ԵՏՀԿ թիվ 66)

22. Կոմիտեի նիստի արձանագրությունը Կոմիտեի նախագահի կողմից ստորագրվում է Կոմիտեի նիստի անցկացման օրվանից հետո 10 աշխատանքային օրվանից ոչ ուշ։

Կոմիտեի նիստի արձանագրության կրկնօրինակներն ուղարկվում են Կոմիտեի անդամներին՝ պատասխանատու դեպարտամենտի տնօրենի (նրա բացակայության դեպքում՝ պատասխանատու դեպարտամենտի տնօրենի տեղակալի) կողմից ստորագրված ուղեկցող գրությամբ՝ ոչ ուշ, քան Կոմիտեի նախագահի կողմից արձանագրությունն ստորագրվելու օրվանից 3 աշխատանքային օր հետո։

Կոմիտեի նախագահի որոշմամբ Կոմիտեի նիստի արձանագրությունը կամ դրա քաղվածքը կարող են ուղարկվել Կոմիտեի նիստին մասնակցած՝ հրավիրված անձանց:

(22-րդ կետը խմբ. 23.05.23 ԵՏՀԿ թիվ 66)

23. Կոմիտեի նիստերի արձանագրությունները պահվում են Հանձնաժողովի կոլեգիայի՝ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով անդամի (նախարարի) քարտուղարությունում։

24. Հանձնաժողովի կոլեգիայի կամ խորհրդի կողմից որոշում ընդունելու համար խորհրդատվական մարմինների եզրակացություններ պահանջող հարցերի քննարկման արդյունքներով ընդունված Կոմիտեի որոշումներն ուղարկվում են Հանձնաժողովի կոլեգիայի նախագահին։

(24-րդ կետը փոփ. 23.05.23 ԵՏՀԿ թիվ 66)

25. Կոմիտեի որոշումները խորհրդատվական բնույթ են կրում:

26. Կոմիտեի նիստերը, որպես կանոն, անցկացվում են Հանձնաժողովի շինություններում:

Կոմիտեի նախագահի որոշմամբ Կոմիտեի նիստը կարող է անցկացվել տեսաժողովի ռեժիմով:

Կոմիտեի նախագահի՝ լիազորված մարմինների առաջարկների հիման վրա ընդունվող որոշմամբ Կոմիտեի նիստը կարող է անցկացվել անդամ պետություններից յուրաքանչյուրի տարածքում։ Այդ դեպքում ընդունող անդամ պետությունն աջակցություն է ցուցաբերում Կոմիտեի նիստի կազմակերպման և անցկացման հարցում:

27. Կոմիտեի գործունեության կազմակերպատեխնիկական ապահովումն իրականացնում է Հանձնաժողովը:

Կոմիտեի նիստերին լիազորված մարմինների ներկայացուցիչների մասնակցության հետ կապված ծախսերը հոգում են նրանց ուղարկող անդամ պետությունները:

Կոմիտեի նիստերին գործարար համայնքների, գիտական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, այլ անկախ փորձագետների մասնակցության հետ կապված ծախսերը նշված անձինք հոգում են ինքնուրույն:

28. Կոմիտեի գործունեությունը դադարեցնելու համար հիմք է Հանձնաժողովի կոլեգիայի որոշումը:

(հավելվածը լրաց., խմբ., փոփ. 23.05.23 ԵՏՀԿ թիվ 66)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
23.05.2023, թիվ 66 25.06.2023, թիվ 168
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան