Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (14.12.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.08.21-2023.09.03 Պաշտոնական հրապարակման օրը 23.08.2023
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
14.12.2022
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
14.12.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ վարչական

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/13512/05/21

2022 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/13512/05/21

Նախագահող դատավոր՝

 Կ. Մաթևոսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող 

Ռ. Հակոբյան

զեկուցող

Հ. Բեդևյան

Լ. Հակոբյան

Ք. ՄԿՈՅԱՆ

 

2022 թվականի դեկտեմբերի 14-ին

գրավոր ընթացակարգով քննելով «ԷՆ ԷՌ ԷՄ (ՆԵՅՉՐԼ ՌԻՍՈՐՍ ՄԵՆԵՋՄԵՆԹ)» ՓԲ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 16.05.2022 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի «Մոլիբդենի աշխարհ» ՍՊ ընկերության ընդդեմ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (այսուհետ՝ Նախարարություն)՝ թիվ ՇԱԹ-29/174 թույլտվության վրիպակն ուղղելու և դրա գործողության ժամկետը 12 տարի սահմանելու մասին հրաման տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` «Մոլիբդենի աշխարհ» ՍՊ ընկերությունը պահանջել է պարտավորեցնել Նախարարությանը տրամադրել թիվ ՇԱԹ-29/174 թույլտվության վրիպակն ուղղելու և դրա գործողության ժամկետը 12 տարի սահմանելու մասին հրաման:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Ավագյան) (այսուհետ` Դատարան) 03.01.2022 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:

10.03.2022 թվականին դատարան ներկայացված դիմումով Ընկերությունը միջնորդել է սույն գործով իրեն ներգրավել որպես երրորդ անձ:

Դատարանի 17.03.2022 թվականի «Դատավարության մեջ երրորդ անձ ներգրավելու վերաբերյալ դիմումը մերժելու մասին» որոշմամբ մերժվել է Ընկերության դիմումը՝ դատավարության մեջ երրորդ անձ ներգրավելու վերաբերյալ:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 16.05.2022 թվականի որոշմամբ Ընկերության ներկայացրած վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 17.03.2022 թվականի «Դատավարության մեջ երրորդ անձ ներգրավելու վերաբերյալ դիմումը մերժելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ՝ Տիգրան Նահապետյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ ու 19-րդ հոդվածները և «Ընդերքի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 7-րդ մասի 2-րդ կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ «Մոլիբդենի աշխարհ» ՍՊ ընկերության կողմից սույն գործով ներկայացված հայցապահանջը և Ընկերության ընդերքօգտագործման իրավունքի ստացման դիմումը վերաբերում են նույն հանքավայրին, իսկ Նախարարությունն Ընկերության դիմումի կասեցման վերաբերյալ որոշման կայացումը 21.02.2022 թվականի N ՀՀ/261/1992-2022 գրությամբ ուղղակիորեն պայմանավորել է սույն գործի առկայությամբ և դատաքննությամբ, ինչով անմիջականորեն շոշափվելու են Ընկերության իրավունքները:

Ավելին, Վերաքննիչ դատարանն անտեսել է այն փաստը, որ Ընկերությունը թիվ ՎԴ/2122/05/22 վարչական գործի շրջանակում արդեն իսկ ստացել է ՀՀ Սյունիքի մարզի Դաստակերտի պղինձ-մոլիբդենային հանքավայրում ընդերքօգտագործման բացառիկ իրավունք, իսկ «Մոլիբդենի աշխարհ» ՍՊ ընկերությունը նշված վարչական գործով ներգրավվել է որպես երրորդ անձ, ինչի մասին Վերաքննիչ դատարանն իմացել է կամ պետք է իմանար բողոքարկվող որոշումը կայացնելուց առաջ:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 16.05.2022 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և Ընկերությանը ներգրավել որպես երրորդ անձ:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածի խախտման արդյունքում թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

 

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք (...):

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դատարան դիմելու կամ արդարադատության մատչելիության իրավունքը մարդու՝ սահմանադրաիրավական և միջազգային իրավական նորմերով երաշխավորված դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնարար իրավունքների կարևորագույն բաղադրիչն է։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` երրորդ անձինք այն ֆիզիկական կամ իրավաբանական անձինք են կամ մարմինները, որոնց իրավունքները շոշափվում են կամ անմիջականորեն կարող են շոշափվել գործի քննության արդյունքում ընդունվելիք դատական ակտով, ինչպես նաև այն մարմինները կամ պաշտոնատար անձինք, որոնց լիազորություններին առնչվում է կամ կարող է առնչվել ընդունվելիք դատական ակտը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` երրորդ անձինք դատավարության մեջ կարող են ներգրավվել իրենց դիմումի հիման վրա:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` եթե դատական ակտը անխուսափելիորեն և ուղղակիորեն տարածվելու է նաև որոշակի անձանց կամ մարմինների վրա, ապա վարչական դատարանը պարտավոր է այդ անձանց (մարմիններին) ներգրավել դատավարության մեջ որպես երրորդ անձ։

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ երրորդ անձանց դատավարության մեջ ներգրավելու կամ ներգրավման դիմումը մերժելու մասին վարչական դատարանը կայացնում է պատճառաբանված որոշում` առանձին դատական ակտի տեսքով։

Նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ երրորդ անձինք օգտվում են կողմի բոլոր իրավունքներից և կրում են նրա բոլոր պարտականությունները, բացառությամբ հայց (ներառյալ` հակընդդեմ հայց) ներկայացնելու, հայցի հիմքը և (կամ) առարկան փոխելու, հայցային պահանջների չափը ավելացնելու և (կամ) նվազեցնելու, հայցն ընդունելու կամ հայցից հրաժարվելու և դատական ակտի հարկադիր կատարում պահանջելու իրավունքներից։

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով երրորդ անձ ներգրավելու հարցին, իր որոշումներից մեկում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածում սահմանել է, որ վարչական դատարանը պարտավոր է սեփական նախաձեռնությամբ դատավարության մեջ որպես երրորդ անձ ներգրավել այն անձանց, որոնց իրավունքները շոշափվելու են գործի քննության արդյունքում ընդունվելիք դատական ակտով, այսինքն` ընդունվելիք դատական ակտն անխուսափելիորեն և ուղղակիորեն տարածվելու է այդ անձանց վրա:

Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված` անձի արդար դատաքննության իրավունքի էությունից և իրավական բովանդակությունից ակնհայտորեն բխում է, որ դատավարության մասնակից չդարձված անձը պետք է ունենա իր խախտված իրավունքները բոլոր հնարավոր արդյունավետ միջոցներով վերականգնելու իրական հնարավորություն, եթե համապատասխան գործի քննության արդյունքներով կայացված դատական ակտն անմիջականորեն առնչվում է իր իրավունքներին ու պարտականություններին (տե՛ս, «Բուրգեր Քինգ Քորփորեյշն» ՍՊԸ-ի ընդդեմ ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի մտավոր սեփականության գործակալության թիվ ՎԴ/0475/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.12.2016 թվականի որոշումը):

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը սահմանել է երրորդ անձի կարգավիճակով դատավարությունում ներգրավվելու երկու հիմք` երրորդ անձի դիմումի հիման վրա և դատարանի նախաձեռնությամբ: Ներգրավվելով արդեն իսկ հարուցված վարչական գործի քննությանը և ձեռք բերելով դատավարության մասնակցի կարգավիճակ` երրորդ անձանց նպատակն է պաշտպանելու կողմերի կամ դրանցից որևէ մեկի իրավունքների և շահերի հետ չհամընկնող իրենց սուբյեկտիվ իրավունքներն ու օրինական շահերը: Ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կամ մարմիններին դատավարությունում որպես երրորդ անձ ներգրավելու կարևոր նախապայման է ոչ միայն գործի քննության արդյունքում ընդունվելիք դատական ակտով վերջիններիս իրավունքների պարտադիր շոշափվելը, այլ նաև հետագայում գործի քննության արդյունքում ընդունվելիք դատական ակտով վերջիններիս իրավունքները շոշափվելու հնարավորությունը, իսկ պետական մարմինների կամ պաշտոնատար անձանց դեպքում դատավարությունում որպես երրորդ անձ ներգրավելու կարևոր նախապայման է ոչ միայն գործի քննության արդյունքում ընդունվելիք դատական ակտով վերջիններիս լիազորություններին առնչվելը, այլ նաև գործի քննության արդյունքում ընդունվելիք դատական ակտով վերջիններիս լիազորություններին առնչվելու հնարավորությունը:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ երրորդ անձի կարգավիճակով դատավարությունում ներգրավելիս դատարանն առաջնորդվում է տվյալ գործի քննության արդյունքում ընդունվելիք դատական ակտի՝ դատավարության կողմ չհանդիսացող անձի իրավունքները շոշափելու հավանականության չափանիշով:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` գործողության կատարման հայցով հայցվորը կարող է պահանջել նաև օրենքով սահմանված ժամկետում վարչական ակտ չընդունվելու հետևանքով վարչական ակտն ընդունված համարվելու դեպքում տրամադրել օրենքով նախատեսված համապատասխան փաստաթուղթը։

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` եթե վարչական ակտ ընդունելու իրավասություն ունեցող վարչական մարմինը նույն օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «դ» և «ե» կետերի պահանջների պահպանմամբ ներկայացված դիմումի հիման վրա հարուցված վարույթի արդյունքում օրենքով սահմանված ժամկետում որևէ որոշում չի կայացնում, ապա վարչական ակտը համարվում է ընդունված, և դիմողը կարող է ձեռնամուխ լինել համապատասխան իրավունքի իրականացմանը, բացառությամբ նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:

Նույն օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական ակտը չի կարող ընդունված համարվել, եթե դա նույն օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի համաձայն առ ոչինչ է:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի և ՀՀ վարչական դատավարության 19-րդ, 68-րդ հոդվածների համադրված վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ընդունված համարվող վարչական ակտը տրամադրելը որպես կանոն առաջացնում է իրավական հետևանքներ կողմերի` հայցվորի և պատասխանողի համար: Միևնույն ժամանակ, ընդունված համարվող վարչական ակտի տրամադրմամբ կարող են շոշափվել նաև գործով հայցվոր և պատասխանող չհանդիսացող անձանց իրավունքները: Հետևաբար, դատարանը, գտնելով, որ ընդունված համարվող վարչական ակտի տրամադրմամբ հայցվորին տրվող իրավունքով իրավական հետևանքներ են առաջանում նաև հայցվոր և պատասխանող չհանդիսացող անձանց համար, պետք է ներգրավի վերջիններիս դատավարությունում` որպես երրորդ անձ։

 

Սույն գործի փաստական հանգամանքներից ելնելով` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Դիմելով դատարան` «Մոլիբդենի աշխարհ» ՍՊ ընկերությունը պահանջել է պարտավորեցնել Նախարարությանը տրամադրել թիվ ՇԱԹ-29/174 թույլտվության վրիպակն ուղղելու և դրա գործողության ժամկետը 12 տարի սահմանելու մասին հրաման (Հավելվածի հատոր 1-ին, գ.թ. 1-7):

Դատարանի 03.01.2022 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ (Հավելվածի հատոր 1-ին, գ.թ. 27):

Դատարան ներկայացրած դիմումով Ընկերությունը պահանջել է իրեն ներգրավել սույն գործով դատավարության մեջ որպես երրորդ անձ՝ իր դիմումը պատճառաբանելով այն փաստարկով, որ 21.02.2022 թվականին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հ. Հարությունյանը N ՀՀ/261/1992-2022 գրությամբ (Հավելված 1-ին, գ.թ. 50) Ընկերությանը տեղեկացրել է, որ «Մոլիբդենի աշխարհ» ՍՊ ընկերության ներկայացուցիչը 24.12.2021 թվականին հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ Նախարարության՝ թիվ ՇԱԹ-29/174 թույլտվության վրիպակն ուղղելու և դրա գործողության ժամկետը 12 տարի սահմանելու մասին հրաման տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին։ Վարչական դատարանը 03.01.2022 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունել է վարույթ և 17.05.2022 թվականին նշանակել նախնական դատական նիստ։ Հետևաբար, Ընկերության 20.01.2022 թվականի դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթը ենթակա է կասեցման «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի    49-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի իրավակարգավորման համաձայն՝ քննվող գործով որոշում (դատական ակտ) կայացնելը (Հավելվածի հատոր 1-ին, գ.թ. 41-53):

Դատարանի 17.03.2022 թվականի «Դատավարության մեջ երրորդ անձ ներգրավելու վերաբերյալ դիմումը մերժելու մասին» որոշմամբ մերժվել է Ընկերության դիմումն այն պատճառաբանությամբ, որ «(…) որևէ կերպ չեն կարող շոշափվել «ԷՆ ԷՌ ԷՄ (ՆԵՅՉՐԼ ՌԻՍՈՐՍ ՄԵՆԵՋՄԵՆԹ)» ՓԲԸ-ի իրավունքները, ինչպես նաև այն անխուսափելիորեն և ուղղակիորեն չի տարածվելու վերջինիս վրա, քանի որ սույն գործով քննության առարկա է հանդիսանում հայցվորին վերաբերող օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության ժամկետի վերաբերյալ վեճը» (Հավելվածի հատոր 1-ին, գ.թ. 54-57):

Վերաքննիչ դատարանի 16.05.2022 թվականի որոշմամբ Ընկերության ներկայացրած վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 17.03.2022 թվականի «Դատավարության մեջ երրորդ անձ ներգրավելու վերաբերյալ դիմումը մերժելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ այն պատճառաբանությամբ, որ «(…) կասեցման համար հիմք է հանդիսացել թիվ ՎԴ/7404/05/20 վարչական գործը, որի շրջանակներում վիճարկվում է հայցվոր ընկերությանը տրամադրված լիցենզիան դադարեցնելու վերաբերյալ 1008Ա հրամանը: Արդյունքում Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ սույն գործով կայացվելիք դատական ակտը որևէ կերպ չի կարող շոշափել բողոքաբերի իրավունքները: Այն վերաբերում է հայցվորին տրամադրված թիվ ՇԱԹ-29/174 թույլտվությունում առկա ենթադրյալ վրիպակի շտկմանը, որը որևէ առնչություն չունի բողոքաբերի հետ: Իսկ բողոքաբերի ակնկալիքներն այս պահի դրությամբ երևակայական են: Այսինքն` որևէ փաստ առկա չէ առ այն, որ հայցվորի կողմից խնդրարկվող վրիպակի շտկումը մերժելու վերաբերյալ դատական ակտի կայացման պարագայում անխուսափելիորեն բողոքաբերին է տրամադրվելու թույլտվություն` նույն տարածքում գործունեություն ծավալելու համար: Բողոքաբերի դիմումի վերաբերյալ վարույթը կասեցված է և հնարավոր չէ որևէ կերպ հստակորեն պնդել, որ այդ վարույթի արդյունքում կայացվել է բողոքաբերի համար բարենպաստ վարչական ակտ: Իսկ այն պայմաններում, երբ բողոքաբերին հնարավոր թույլտվության տրամադրումը միանշանակ չէ, սույն գործով կայացվելիք դատական ակտը չի կարող որևէ կերպ առնչվել վերջինս իրավունքներին» (Հավելված 1-ին, գ.թ. 111-118):

 

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

Այսպես՝ ինչպես արդեն իսկ վերը նշվեց, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասը նախատեսում է, որ անձը կարող է պահանջել օրենքով սահմանված ժամկետում վարչական ակտ չընդունվելու հետևանքով վարչական ակտն ընդունված համարվելու դեպքում տրամադրել օրենքով նախատեսված համապատասխան փաստաթուղթը: Միևնույն ժամանակ, նման փաստաթղթով կարող են շոշափվել նաև այլ անձանց իրավունքները:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն հանգամանքը, որ հայցվորի կողմից ներկայացվել է թիվ ՇԱԹ-29/174 թույլտվության վրիպակն ուղղելու և դրա գործողության ժամկետը 12 տարի սահմանելու մասին հրաման տրամադրելուն պարտավորեցնելու պահանջ, դեռևս չի նշանակում, որ սույն գործով կայացվելիք դատական ակտը չի կարող առնչվել այլ անձանց իրավունքներին կամ օրինական շահերին:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ տվյալ դեպքում սույն գործի փաստերից հետևում է, որ «Մոլիբդենի աշխարհ» ՍՊ ընկերության կողմից սույն գործով ներկայացված հայցապահանջը և Ընկերության ընդերքօգտագործման իրավունքի ստացման դիմումը վերաբերում են միևնույն հանքավայրին, իսկ Նախարարությունը Ընկերության դիմումի կասեցման վերաբերյալ որոշման կայացումը 21.02.2022 թվականի N ՀՀ/261/1992-2022 գրությամբ ուղղակիորեն պայմանավորել է սույն գործի դատաքննությամբ: Ավելին, ՇԱԹՎ-29/174 թույլտվությունը «Մոլիբդենի Աշխարհ» ՍՊ ընկերությանը 06.11.2012 թվականին տրվել է 9 տարի 2 ամիս ժամկետով (Հավելվածի հատոր 1-ին, գ.թ. 12), որն օրենքի ուժով ավարտվել է 06.01.2022 թվականին: Այսպես, Վերաքննիչ դատարանի որոշման կայացման պահին «Մոլիբդենի աշխարհ» ՍՊ ընկերությունը ՀՀ, Սյունիքի մարզի Դաստակերտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի նկատմամբ իրավունքի գրանցման վրիպակն ուղղելու պահանջով դիմել է Դատարան, մինչդեռ Ընկերությունը նույն հանքավայրի ընդերքօգտագործման իր իրավունքի ձևավորման բոլոր փուլերն ավարտել էր և ձևավորել ողջամիտ ակնկալիք նշված հանքավայրի նկատմամբ ընդերքօգտագործման իրավունք ձեռքբերելու վերաբերյալ: Այսպիսով, երկու տարբեր սուբյեկտներ միևնույն ժամանակահատվածում փորձում են ընդերքօգտագործման իրավունք ստանալ միևնույն տարածքի նկատմամբ:

Արդյունքում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործի քննությունը և դրա արդյունքում ընդունվելիք դատական ակտն անխուսափելիորեն և ուղղակիորեն էական նշանակություն ունեն Ընկերության համար, քանի որ պայմանավորելու են Ընկերության՝ ՀՀ, Սյունիքի մարզի Դաստակերտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի պաշարների վերագնահատման նպատակով երկրաբանական ուսումնասիրության թույլտվություն ստանալու դիմումի բավարարումը կամ մերժումը, ինչով անմիջականորեն շոշափվելու են Ընկերության իրավունքները:

Բացի այդ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ մեկ այլ՝ թիվ ՎԴ/2122/05/22 վարչական գործով, ըստ հայցի Ընկերության ընդդեմ Նախարարության՝ 04.06.2021 թվականի դիմումի վերաբերյալ որոշման կայացման ժամկետի կասեցումը վերացնելուն և Ընկերությանը ՀՀ, Սյունիքի մարզի Դաստակերտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի պաշարների վերագնահատման նպատակով երկրաբանական ուսումնասիրության թույլտվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին, ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Կ. Զարիկյան) 22.04.2022 թվականի որոշմամբ բավարարվել է հայցի ապահովման միջոց ձեռնարկելու մասին Ընկերության միջնորդությունը, և Նախարարությունը պարտավորեցվել է վերացնել Ընկերության 04.06.2021 թվականի դիմումի վերաբերյալ որոշման կայացման ժամկետի կասեցումը և Ընկերությանը տրամադրել ՀՀ, Սյունիքի մարզի Դաստակերտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի պաշարների վերագնահատման նպատակով երկրաբանական ուսումնասիրության թույլտվություն:

 

Այսպիսով, Վերաքննիչ դատարանն անտեսել է այն փաստը, որ Ընկերությունը թիվ ՎԴ/2122/05/22 վարչական գործի քննության ընթացքում կիրառված հայցի ապահովման միջոցի շրջանակներում արդեն իսկ ստացել է ՀՀ, Սյունիքի մարզի Դաստակերտի պղինձ-մոլիբդենային հանքավայրում ընդերքօգտագործման բացառիկ իրավունք, որպիսի պարագայում սույն գործով ցանկացած ելք շոշափում է Ընկերության իրավունքները:

Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ յուրաքանչյուր անձ, ում իրավունքները շոշափվում կամ անմիջականորեն կարող են շոշափվել գործի քննության արդյունքում ընդունվելիք դատական ակտով, պետք է ներգրավված լինի դատավարության մեջ որպես երրորդ անձ՝ հնարավորություն ունենալով անհրաժեշտության դեպքում պաշտպանել իր սուբյեկտիվ իրավունքներն ու օրինական շահերը:

Հետևաբար, Ընկերության կողմից ներկայացված երրորդ անձ ներգրավելու մասին միջնորդությունը ենթակա էր բավարարման, ինչն անտեսվել է ստորադաս դատարանների կողմից:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և       163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու և նոր դատական ակտ կայացնելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 16.05.2022 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ. վերացնել «Դատավարության մեջ երրորդ անձ ներգրավելու վերաբերյալ դիմումը մերժելու մասին» ՀՀ վարչական դատարանի 17032022 թվականի որոշումը։ 

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Հ. Բեդևյան

Լ. Հակոբյան

Ք. ՄԿՈՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 օգոստոսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան