Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (16.12.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.08.21-2023.09.03 Պաշտոնական հրապարակման օրը 23.08.2023
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
16.12.2022
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
16.12.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԼԴ/5603/02/19

2022 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԼԴ/5603/02/19

Նախագահող դատավոր

 Գ. Խանդանյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Մ. ԴՐՄԵՅԱՆ

զեկուցող

Տ. Պետրոսյան

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Գ. Հակոբյան

Ս ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ա ՄԿՐՏՉՅԱՆ

Է. Սեդրակյան

 

2022 թվականի դեկտեմբերի 16-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ՀԿ-ի (այսուհետ` Բյուրո) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.09.2020 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Բյուրոյի ընդդեմ «ՄԱՐՏԻ-ԳՐՈւՊ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) և Արտաշ Մկրտիչյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Բյուրոն պահանջել է Ընկերությունից և Արտաշ Մկրտիչյանից բռնագանձել 295.114 ՀՀ դրամ, որից 291.000 ՀՀ դրամը` որպես տուժող Անահիտ Նահետյանին պատճառված և Բյուրոյի կողմից հատուցված վնասի գումար, 4.114 ՀՀ դրամ գումարը՝ 24.09.2019 թվականից մինչև դատարան հայց ներկայացնելու օրվա դրությամբ հաշվարկվելիք ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների գումար, 291.000 ՀՀ դրամի նկատմամբ հաշվարկել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները՝ հաշվարկը կատարելով սույն հայցադիմումը դատարան ներկայացնելու հաջորդ օրվանից, ինչպես նաև Բյուրոյի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարը` 5.902 ՀՀ դրամ, 55.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար: 

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Վ. Հովնանյան) (այսուհետ` Դատարան) 23.04.2020 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակի. Ընկերությունից և Արտաշ Մկրտիչյանից բռնագանձվել է ընդհանուր 346.820 ՀՀ դրամ, որից` 291.000 ՀՀ դրամը` որպես հատուցված վնասի գումար, 50.000 ՀՀ դրամը՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար, 5.820 ՀՀ դրամը` հայցվորի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար, սույն վճռի օրինական ուժի մեջ մտնելու պահից մինչև Ընկերության և Արտաշ Մկրտիչյանի կողմից գումարն ամբողջությամբ Բյուրոյին վճարելն ընկած ժամանակահատվածի համար համապարտության կարգով բռնագանձվել է 291.000 ՀՀ դրամի նկատմամբ հաշվարկվող տոկոսները` ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի չափով:
Հայցապահանջը՝ պահանջի մնացած մասով, մերժվել է
:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 14.09.2020 թվականի որոշմամբ Բյուրոյի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 23.04.2020 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բյուրոն (ներկայացուցիչ` Փիրուզա Վարդանյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

 

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածը, 352-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերը, 411-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ հոդվածները, 66-րդ հոդվածի 1-ին մասը, 101-րդ, 105-րդ, 107-րդ և 109-րդ հոդվածները:

 

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ խոսքը ողջամիտ ժամկետի և կոնկրետ չափի գումարի մասին է: Ակնհայտ է, որ Բյուրոն օրենքի հիման վրա այդ գումարը ստանալու իրավական ակնկալիք է ունեցել, իսկ պատասխանողներն՝ այդ գումարը վճարելու պարտավորություն: Ակնհայտ է, որ տվյալ դեպքում կոնկրետ չափի գումարի վճարման ժամկետը չի կարող վրա հասնել վճռի օրինական ուժի մեջ մտնելու պահին, քանի որ օրենքի հիման վրա պատասխանողները պարտավոր են եղել հատուցել վնասը` ողջամիտ ժամկետում Բյուրոյին կոնկրետ չափի գումար վճարելու ձևով:

 Սույն գործով Վերաքննիչ դատարանի դիրքորոշումից կարելի է ենթադրել, որ մինչև Դատարանի վճիռը որևէ պարտավորություն առկա չի եղել, մինչդեռ Դատարանի վճռով ոչ թե ստեղծվել է պատասխանողների պարտավորությունը Բյուրոյի նկատմամբ, այլ հաստատվել է օրենքի ուժով վաղուց առկա, պատասխանողների կողմից կատարման ենթակա, սակայն չկատարված պարտավորությունը:

Տվյալ դեպքում պատասխանողները պարտավոր են եղել առաջացած պարտավորության ուժով Բյուրոյին վճարել դրամ, ինչը հաստատվում է նաև Դատարանի վճռով, իսկ Բյուրոն այդ դրամը ստանալու իրավունք (իրավական ակնկալիք) է ունեցել, մինչդեռ պատասխանողներն ապօրինի պահել են վճարման ենթակա գումարը, ուստի պարտավորությունը խախտելու օրվանից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի կիրառումը լիովին իրավաչափ է:

 

Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է մասնակիորեն` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների բռնագանձման պահանջի մերժման մասով բեկանել Վերաքննիչ դատարանի 14.09.2020 թվականի որոշումը և փոփոխել այն` ամբողջությամբ բավարարելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների բռնագանձման պահանջները։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն ծառայության» (այսուհետ՝ Ծառայություն) կողմից 14.08.2019 թվականին տրված տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի պետական գրանցման միասնական էլեկտրոնային գրանցամատյանից թիվ Ք/2418 քաղվածքի պատճենի համաձայն` «MAN TGA 18480» մակնիշի ավտոմոբիլը 08.07.2019 թվականի դրությամբ սեփականության իրավունքով պատկանել է Ընկերությանը, իսկ «DAEWOO NEXIA GL 1.5» մակնիշի ավտոմոբիլը 08.07.2019 թվականի դրությամբ սեփականության իրավունքով պատկանել է Անահիտ Նահապետյանին (գ.թ. 8):

2) 18.07.2019 թվականին ՃՈ ՃՊԾ 1-ին սպայական գումարտակի ՃՏՊ գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի հետաքննիչի քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման պատճենի համաձայն՝ 08.07.2019 թվականին ժամը 23:35-ի սահմաններում Երևան քաղաքի Դավիթ Բեկ և Հ. Ավետիսյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել Արծրուն Գևորգյանի կողմից վարած «DAEWOO NEXIA GL 1.5» մակնիշի ավտոմոբիլը և Արտաշ Մկրտիչյանի կողմից վարած «MAN TGA 18480» մակնիշի բեռնատարը, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով «DAEWOO NEXIA GL 1.5» մակնիշի ավտոմոբիլի ուղևոր Անահիտ Նահապետյանը և վարորդ Արծրուն Գևորգյանը տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Արտաշ Մկրտչյանը բեռնատարը վարել է չունենալով գործող ԱՊՊԱ պայմանագիր՝ խախտելով ԱՊՊԱ մասին ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջները: Ա. Նահապետյանի մոտ մարմնական վնասվածքների օբյեկտիվ հատկանիշներ չեն հայտնաբերվել: Ա. Գևորգյանի առողջությանը պատճառվել է թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ (գ.թ. 17-18):

3) Բյուրոյի կողմից 14.08.2019 թվականին տրված տեղեկանքի համաձայն` ԱՊՊԱ տեղեկատվական համակարգում 14.08.2019 թվականի դրությամբ ավտոտրանսպորտային «MAN TGA 18480» մակնիշի բեռնատար ավտոմոբիլի միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության վերաբերյալ 08.07.2019 թվականի դրությամբ ԱՊՊԱ պայմանագիր առկա չի եղել (գ.թ. 9):

4) Բյուրոյի 14.08.2019 թվականի տեղեկանքի համաձայն` ԱՊՊԱ տեղեկատվական համակարգում 14.08.2019 թվականի դրությամբ «DAEWOO NEXIA GL 1.5» մակնիշի ավտոմոբիլի վերաբերյալ 08.07.2019 թվականի դրությամբ առկա է եղել «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագիր (գ.թ. 9):

5) Գույքին պատճառված վնասների հատուցում ստանալու համար «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ՓԲԸ-ին ներկայացված թիվ SH180937 A1 դիմումի պատճենի համաձայն` Բյուրո է դիմել Անահիտ Նահապետյանը, հայտնելով, որ 08.07.2019 թվականին տեղի է ունեցել ավտովթար, իրեն պատճառվել է գույքային վնաս, խնդրել է հատուցել պատճառված վնասը (գ.թ. 10-11):

6) «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ՓԲԸ-ի վնասների գնահատման փորձաքննություն իրականացնող փորձագետի թիվ 6326 եզրակացության համաձայն՝ «DAEWOO NEXIA GL 1.5» մակնիշի ավտոմեքենային պատճառված վնասի չափը կազմել է 291.000 ՀՀ դրամ (գ.թ. 12-14):

7) 14.08.2019 թվականին կայացված ապահովագրական հատուցում վճարելու վերաբերյալ որոշում-ծանուցմամբ և վճարման փաստաթղթի համաձայն` Անահիտ Նահապետյանի հաշվեհամարին փոխանցելու միջոցով վճարվել է 291.000 ՀՀ դրամ հատուցում (գ.թ. 19- 20):

8) 23.08.2019 թվականին «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ՓԲԸ-ի կողմից «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» հասարակական կազմակերպությանն ուղարկված ծանուցմամբ տեղեկացվել է Անահիտ Նահապետյանին կատարված հատուցման վերաբերյալ (գ.թ. 24-25):

9) 26.08.2019 թվականին Բյուրոյի իրավաբանական անձանց միությունն Ընկերությանը և Արտաշ Մկրտիչյանին ուղարկել է վնասի հատուցմամբ պայմանավորված հետադարձ պահանջի իրավունքի իրականացման մասին 23.08.2019 թվականով թվագրված ծանուցումներ, ըստ որոնց` Բյուրոն Ընկերությանը և Արտաշ Մկրտիչյանին առաջարկել է վճարել 291.000 ՀՀ դրամ հատուցման գումարները: Որպես պարտավորության մարման հնարավոր տարբերակ վերջիններիս առաջարկվել է ծանուցման ելքի ամսաթվից հետո առավելագույնը մեկ ամսվա ընթացքում վճարել պարտավորության ամբողջ գումարն առանց ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների: Որպես պարտավորության մարման այլընտրանքային տարբերակ առաջարկվել է որոշման ելքի ամսաթվից հետո առավելագույնը 1 ամսվա ընթացքում վճարել առնվազն 75.000 ՀՀ դրամ և Բյուրոյի հետ կնքել համաձայնագիր` պարտավորության մնացորդային գումարը` ներառյալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսներն առավելագույնը 6 ամսվա ընթացքում` ամսական առնվազն 1/6 չափով հավասարաչափ մարումներ կատարելու միջոցով վճարելու վերաբերյալ (գ.թ. 21-22):

10) Բյուրոյի կողմից վնասի հատուցմամբ պայմանավորված հետադարձ պահանջի իրավունքի իրականացման 23.08.2019 թվականով թվագրված ծանուցումն Ընկերության կողմից ստանալու վերաբերյալ գործում ապացույց առկա չէ (գ.թ. 22):

11) Բյուրոյի կողմից վնասի հատուցմամբ պայմանավորված հետադարձ պահանջի իրավունքի իրականացման 23.08.2019 թվականով թվագրված ծանուցումն Արտաշ Մկրտիչյանը ստացել է 04.09.2019 թվականին (գ.թ. 23):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Վերոգրյալով պայմանավորված Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրմանը. ո՞ր պահից է կիրառելի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված պատասխանատվության միջոցն ապահովագրական ընկերության հետադարձ պահանջի իրավունքի հիման վրա վերջինիս վճարման ենթակա գումարի նկատմամբ:

 

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետի համաձայն` քաղաքացիական իրավունքները և պարտականությունները ծագում են օրենքով ու այլ իրավական ակտերով նախատեսված հիմքերից, ինչպես նաև քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններից, որոնք թեև օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված չեն, սակայն, ըստ քաղաքացիական օրենսդրության սկզբունքների` առաջացնում են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ: Դրան համապատասխան, քաղաքացիական իրավունքները և պարտականությունները ծագում են` այլ անձին վնաս պատճառելու հետևանքով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 10-րդ կետի համաձայն` քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն իրականացվում է` վնասներ հատուցելով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` վնասներ են իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ), ինչպես նաև ոչ նյութական վնասը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից: Վնասի հատուցման պարտականությունն օրենքով կարող է դրվել վնաս չպատճառած անձի վրա:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 983-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ապահովագրությունն իրականացվում է ապահովագրողի հետ ապահովադրի կնքած ապահովագրության պայմանագրի և (կամ) ապահովագրական վկայագրով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1021-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ եթե այլ բան նախատեսված չէ ապահովագրության պայմանագրով, ապա ապահովագրական պատահարի տեղի ունենալու արդյունքում ապահովադրին (ապահովագրված անձին) պատճառված վնասից բխող նրա (կամ շահառուի) պահանջի իրավունքը վնասը պատճառած անձի նկատմամբ անցնում է ապահովագրողին` նրա կողմից հատուցված գումարի մասով (...):

«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետի համաձայն՝ ապահովագրական հատուցումը ապահովագրական պատահարի դեպքում ապահովագրական ընկերության կողմից տուժողին կամ օրենքով և (կամ) ԱՊՊԱ պայմանագրով նախատեսված դեպքերում այլ անձանց վճարման ենթակա գումարն է: Նույն օրենքի իմաստով` ապահովագրական հատուցումը նաև նույն օրենքի 49-րդ հոդվածով նախատեսված դեպքերում Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին Բյուրոյի կողմից` տուժած անձանց պատճառված վնասների հատուցումն է, եթե այլ բան սահմանված չէ նույն օրենքով կամ չի բխում կոնկրետ դրույթի իմաստից:

«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետի համաձայն՝ Երաշխավորման ֆոնդ՝ նույն օրենքի համաձայն ստեղծված ֆոնդ, որի կառավարիչն է Բյուրոն, և որի հաշվին նույն օրենքով սահմանված դեպքերում վճարվում են հատուցումներ (...):

«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` բացառությամբ նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի, Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին տուժած անձանց պատճառված վնասները նույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված գումարների սահմաններում և նույն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով և 11-18-րդ հոդվածներով սահմանված դրույթներին համապատասխան հատուցվում են, եթե վնասը պատճառվել է այն ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ, որի վերաբերյալ կնքված չէ ԱՊՊԱ պայմանագիր:

 «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նշված դեպքերում Բյուրոն վնաս պատճառած անձի, իսկ նույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերում նշված դեպքերում` նաև վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ նկատմամբ ունի հետադարձ պահանջի իրավունք, (...):

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով վնաս պատճառելու հետևանքով հարաբերությունների ծագման համար անհրաժեշտ պայմանների առկայության հարցին, արձանագրել է, որ վնասի հատուցման համար պարտադիր պայման է պարտապանի ոչ օրինաչափ վարքագծի, վնասների, վնասների և ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի ու պարտապանի մեղքի միաժամանակյա առկայությունը (տե´ս, Նատալյա Հակոբյանն ընդդեմ Վարդան Հայրապետյանի թիվ ՀՔԴ3/0016/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ապահովագրական հատուցումն ապահովագրական պատահարի դեպքում ապահովագրողի կողմից տուժողին կամ օրենքով և (կամ) ԱՊՊԱ պայմանագրով նախատեսված դեպքերում այլ անձանց վճարման ենթակա գումարն է: Ընդ որում, «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի իմաստով ապահովագրական հատուցում է նաև նույն օրենքի 49-րդ հոդվածով նախատեսված դեպքերում Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին Բյուրոյի կողմից տուժած անձանց պատճառված վնասների հատուցումը, եթե այլ բան սահմանված չէ նույն օրենքով կամ չի բխում կոնկրետ դրույթի իմաստից: Այսինքն՝ օրենսդիրն ամրագրել է տուժած անձանց պատճառված վնասների հատուցման իրավունքը Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին, այն պայմաններում, երբ վնասը պատճառվել է այն ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ, որի վերաբերյալ կնքված չէ ԱՊՊԱ պայմանագիր:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ապահովագրողն օրենքով նախատեսված հիմքերի առկայության պայմաններում հնարավորություն ունի հետադարձ պահանջի միջոցով հետ ստանալու իր կողմից կատարված հատուցումը:

«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասով Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին տուժած անձանց պատճառված վնասների հատուցման իրավունքին զուգահեռ, օրենսդիրը նաև սահմանել է ապահովագրողի հետադարձ պահանջի իրավունքը վնաս պատճառած անձի և/կամ վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ նկատմամբ:

Այսինքն՝ օրենքով նախատեսված դեպքերում ապահովագրական հատուցումը տրամադրելու պահից սկսած այդ գումարի շրջանակներում հետադարձ պահանջի իրավունքը վնաս պատճառած անձի և/կամ վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ նկատմամբ անմիջականորեն փոխանցվում է ապահովագրողին:

Մասնավորապես, օրենսդիրը նման պայման է նախատեսել նաև այն դեպքերի համար, երբ վնասը պատճառվել է այն ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ, որի վերաբերյալ կնքված չէ ԱՊՊԱ պայմանագիր և ապահովագրական հատուցումն իրականացվում է Բյուրոյի կողմից Երաշխավորման ֆոնդի հաշվին: Հետևաբար, տուժող կողմին ապահովագրական ընկերության կողմից հատուցում վճարելու դեպքում վերջինս հետադարձ պահանջ կարող է ներկայացնել բացառապես «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում, որոնք վնաս պատճառած անձի և վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ նկատմամբ հետադարձ պահանջով դիմելու իրավունք ձեռք բերելու հիմքերի մեջ, inter alia, ներառում են վնասի պատճառումն այն ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ, որի վերաբերյալ կնքված չէ ԱՊՊԱ պայմանագիր:

Վերոգրյալի համատեքստում անդրադառնալով այն դեպքերին, երբ արդեն իսկ հաստատվել է վնասի առկայությունը, Երաշխավորման ֆոնդի հաշվին հատուցվել է տուժողին պատճառված վնասը և Բյուրոյի մոտ ծագել է հետադարձ պահանջի իրավունքը, այն է` հաստատվել է վնաս պատճառած անձի պարտավորությունը Բյուրոյի հանդեպ, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում քննարկման առարկա դարձնել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի կիրառման համար առանցքային նշանակություն ունեցող հարցը՝ վճարային պարտավորության կետանցի պահը պարզելու հանգամանքը։

Այսպես՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն. այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ պարտավորությունները ծագում են պայմանագրից, վնաս պատճառելու հետևանքով և նույն օրենսգրքում նշված այլ հիմքերից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն` պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ` պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում` գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 352-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` եթե պարտավորությունը նախատեuում է կամ հնարավորություն է ընձեռում որոշել դրա oրը կամ ժամանակահատվածը, ապա պարտավորությունը պետք է կատարվի այդ oրը կամ այդ ժամանակահատվածի ցանկացած պահին: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ այն դեպքերում, երբ պարտավորությունը կատարման ժամկետ չի նախատեսում և ժամկետի որոշման պայմաններ չի պարունակում, այն պետք է կատարվի պարտավորության ծագումից հետո` ողջամիտ ժամկետում:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 408-րդ հոդվածի համաձայն՝ պարտավորության խախտում է համարվում այն չկատարելը կամ անպատշաճ (կետանցով, ապրանքների, աշխատանքների և ծառայությունների թերություններով կամ պարտավորության բովանդակությամբ որոշվող այլ պայմանների խախտմամբ) կատարելը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով դրանք օգտագործելու, կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու դեպքերում այդ գումարին վճարվում են տոկոսներ: Տոկոսները հաշվարկվում են կետանցի օրվանից մինչև պարտավորության դադարման օրը` ըստ համապատասխան ժամանակահատվածների համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների: Նույն կետով նախատեսված կարգը գործում է, եթե վնասի հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով (...):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ պարտավորությունը պետք է կատարվի պատշաճ: Այսպես` պարտավորության ուժով պարտապանը պարտավոր է պարտատիրոջ օգտին կատարել որոշակի գործողություն, այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը: Հակառակ դեպքում` պարտավորությունը խախտողի նկատմամբ առաջանում են որոշակի բացասական հետևանքներ: Մասնավորապես, եթե այդ պարտավորական հարաբերություններն ունեն դրամային բնույթ, և դրա ուժով պարտապանը պարտավոր է վճարել դրամ, ապա այդ դրամական միջոցներն ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով դրանք օգտագործելու, կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու համար այդ գումարին վճարվում են նաև տոկոսներ (տե՛ս, «Դվին կոնցեռն» ՓԲԸ-ն ընդդեմ Հայկանուշ Գրիգորյանի և մյուսների թիվ ԵԿԴ/1060/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.05.2013 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի վերլուծությանը: ՀՀ վճռաբեկ դատարանը, մասնավորապես, նշել է, որ դրամական պարտավորությունը չկատարելու համար գումարին տոկոսներ վճարելու պարտավորության ծագման հիմքն ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելն է (տե՛ս, օրինակ, Արամ Հայրապետյանն ընդդեմ Նորիկ Գզիրյանի և մյուսների թիվ 3-502/ՎԴ քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.09.2008 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված պատասխանատվությունը վրա է հասնում հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.

- ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով դրանք օգտագործելու կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու դեպքերում, և

- եթե վնասի հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով կամ օրենքով կամ պայմանագրով վնասի հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված է որոշակի ժամանակահատվածի համար:

Այսինքն` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված տոկոսները ենթակա են հաշվեգրման և բռնագանձման, եթե առկա է դրամային պարտավորություն, որի կատարումը խախտվել է, կամ այն չի կատարվել (տե՛ս, «Գագարին» սերմնաբուծական սպառողական կոոպերատիվն ընդդեմ «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության թիվ ԵԿԴ/0735/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգավորումը դրամական պարտավորությունը խախտելու համար նախատեսված պատասխանատվության ընդհանուր կանոն է: Այսինքն՝ նշված կարգավորումը գործում է դրամական պարտավորությունների խախտման բոլոր այն դեպքերում, երբ այլ կարգավորում նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Ընդ որում, եթե այլ կարգավորում նախատեսված է կոնկրետ ժամանակահատվածի համար, ապա այդ ժամանակահատվածի ավարտից հետո նույնպես գործում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված պատասխանատվության ընդհանուր կանոնը: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգավորումը՝ որպես ընդհանուր կանոն, չի գործում այն դեպքերում, երբ պատասխանատվության հստակ չափ և կարգավորում նախատեսվում է օրենքով կամ պայմանագրով՝ որպես հատուկ կանոն (տե՛ս, Ռազմիկ Ուզունյանն ընդդեմ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/3908/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը):

Վերահաստատելով և զարգացնելով վերոգրյալ դիրքորոշումները` ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսների հաշվարկը պետք է կատարել սկսած կետանցի օրվանից մինչև պարտավորության դադարման օրը` սահմանելով նաև, որ նույն հոդվածով նախատեսված կարգը կիրառելի է բացառապես այն դեպքերի համար, երբ հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

Այսինքն` վիճարկվող գումարը վերադարձնելու պարտականության ծագման պահից սկսած, երբ անձը չի կատարում կամ ոչ պատշաճ է կատարում այդ պարտականությունը, առաջ է գալիս ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված պարտավորության կատարման կետանցում: Նման պայմաններում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի կարգավորումները կիրառելու համար էական նշանակություն ունի այն հարցերի պարզաբանումը, թե որ դրամական հարաբերությունների նկատմամբ է կիրառելի նշված իրավանորմի կանոնը և որ պահից է դրամական պարտավորությունը որակվում կետանցված:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված կարգավորումը` տոկոսների հաշվարկը և բռնագանձումը, կիրառելի է այնպիսի իրավահարաբերությունների նկատմամբ, որտեղ պարտապանը պարտատիրոջը պարտավոր է վերադարձնել իր մոտ առկա` վերջինիս պատկանող դրամական միջոցը, սակայն խուսափում է դրանք վերադարձնելուց կամ պարտավորությունը կատարում է անպատշաճ։ Նշվածից հետևում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված տոկոսների բռնագանձումը պատասխանատվության միջոց է, որը կիրառելի է պարտապանի կողմից պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում: Ընդ որում, նշված հոդվածով նախատեսված տոկոսները ենթակա են հաշվեգրման և բռնագանձման պարտավորության կատարման ժամկետի ավարտից սկսած մինչև գումարը վերադարձնելու օրը։ Հետևաբար, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետի առաջին պարբերության դրույթը կիրառելու համար հարկ է պարզել, թե որ պահից սկսած է պարտապանի մոտ առաջացել պարտավորության կետանցը, որի արդյունքում վերջինիս մոտ պահվել կամ այլ անձի հաշվին անհիմն ստացվել կամ խնայվել է գումար:

Հաշվի առնելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ անհրաժեշտ է քննարկման առարկա դարձնել այն հանգամանքը, թե վիճելի իրավահարաբերության մեջ պարտապանի մոտ որ պահից սկսած է ծագել պարտավորության կետանցը: Նշված հանգամանքը սույն վեճի լուծման համար ունի էական նշանակություն, քանի որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածում ամրագրված դրույթների կիրառությունն ուղղակիորեն պայմանավորված է պարտապանի կողմից կետանցման պահի բացահայտմամբ:

Հաշվի առնելով վերոգրյալը` ՀՀ վճռաբեկ դատարանը հանգել է այն եզրակացության, որ ապահովագրական ընկերության հետադարձ պահանջի իրավունքի հիման վրա վերջինիս վճարման ենթակա գումարի նկատմամբ կետանցի պահից մինչև պարտավորության փաստացի կատարումը ենթակա են վճարման ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները:

Միաժամանակ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 352-րդ հոդվածով օրենսդիրն անդրադարձել է պարտավորության կատարման ժամկետներին` ամրագրելով, որ՝

1. եթե պարտավորությունը նախատեսում է կամ հնարավորություն է ընձեռում որոշել դրա օրը կամ ժամանակահատվածը, ապա պարտավորությունը պետք է կատարվի այդ օրը կամ այդ ժամանակահատվածի ցանկացած պահին,

2. այն դեպքերում, երբ պարտավորությունը կատարման ժամկետ չի նախատեսում և ժամկետի որոշման պայմաններ չի պարունակում, այն պետք է կատարվի պարտավորության ծագումից հետո` ողջամիտ ժամկետում,

3. ողջամիտ ժամկետում չկատարված պարտավորությունը, ինչպես նաև այն պարտավորությունը, որի կատարման ժամկետը որոշվում է պահանջի պահով, պարտապանը պարտավոր է կատարել այդ մասին պարտատիրոջ պահանջի ներկայացման օրվանից հետո` յոթնօրյա ժամկետում, եթե պարտավորության կատարման այլ ժամկետ չի բխում օրենքից, այլ իրավական ակտերից, պարտավորության պայմաններից, գործարար շրջանառության սովորույթներից կամ պարտավորության էությունից:

Ընդ որում, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ բոլոր այն դեպքերում, երբ պարտավորության կատարման համար որևէ ժամկետ նախատեսված չէ կամ նախատեսված է ցպահանջ, ապա պարտավորության ծագումը կախման մեջ է դրվում պարտատիրոջ կողմից պահանջ ներկայացնելու իրավաբանական փաստով (փաստի ծագմամբ): Նման պայմաններում օրենսդիրը հստակեցրել է, որ պարտավորությունները պետք է կատարվեն պարտավորության ծագումից հետո` ողջամիտ ժամկետում: Հակառակ պարագայում` պարտավորության չկատարման դեպքում, կիրառելի է դառնում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված կարգավորումը:

Այսպիսով, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված պարտավորության կատարման կետանցումն առաջ է գալիս վիճարկվող գումարը վերադարձնելու պարտականության ծագման պահից սկսած, երբ անձը չի կատարում կամ ոչ պատշաճ է կատարում այդ պարտականությունը: Այսինքն` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածում ամրագրված դրույթների կիրառությունն ուղղակիորեն պայմանավորված է պարտապանի կողմից կետանցման պահի բացահայտմամբ: Ընդ որում, այն դեպքում, երբ պարտավորության կատարման համար ժամկետ նախատեսված չէ` դա պետք է կատարվի պարտավորության ծագումից` ողջամիտ ժամկետում: Միաժամանակ` այդ ժամկետում պարտավորության չկատարման դեպքում օրենքով սահմանված կարգով կիրառվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված կարգավորումը (տե՛ս, «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ՀԿ-ն ընդդեմ Արթուր Սարգսյանի և Արմեն Կարապետյանի թիվ ԵԴ/29755/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.03.2021 թվականի որոշումը): 

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն՝ Ծառայության կողմից 14.08.2019 թվականին տրված տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի պետական գրանցման միասնական էլեկտրոնային գրանցամատյանից թիվ Ք/2418 քաղվածքի պատճենի համաձայն` «MAN TGA 18480» մակնիշի ավտոմոբիլը 08.07.2019 թվականի դրությամբ սեփականության իրավունքով պատկանել է Ընկերությանը, իսկ «DAEWOO NEXIA GL 1.5» մակնիշի ավտոմոբիլը 08.07.2019 թվականի դրությամբ սեփականության իրավունքով պատկանել է Անահիտ Նահապետյանին:

18.07.2019 թվականին ՃՈ ՃՊԾ 1-ին սպայական գումարտակի ՃՏՊ գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի հետաքննիչի քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման պատճենի համաձայն՝ 08.07.2019 թվականին ժամը 23:35-ի սահմաններում Երևան քաղաքի Դավիթ Բեկ և Հ. Ավետիսյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել Արծրուն Գևորգյանի կողմից վարած «DAEWOO NEXIA GL 1.5» մակնիշի ավտոմոբիլը և Արտաշ Մկրտիչյանի կողմից վարած «MAN TGA 18480» մակնիշի բեռնատարը, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով «DAEWOO NEXIA GL 1.5» մակնիշի ավտոմոբիլի ուղևոր Անահիտ Նահապետյանը և վարորդ Արծրուն Գևորգյանը տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Արտաշ Մկրտիչյանը բեռնատարը վարել է չունենալով գործող ԱՊՊԱ պայմանագիր՝ խախտելով ԱՊՊԱ մասին ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջները: Անահիտ Նահապետյանի մոտ մարմնական վնասվածքների օբյեկտիվ հատկանիշներ չեն հայտնաբերվել: Ա. Գևորգյանի առողջությանը պատճառվել է թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:

Բյուրոյի կողմից 14.08.2019 թվականին տրված տեղեկանքի համաձայն` ԱՊՊԱ տեղեկատվական համակարգում 14.08.2019 թվականի դրությամբ ավտոտրանսպորտային «MAN TGA 18480» մակնիշի բեռնատար ավտոմոբիլի միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության վերաբերյալ 08.07.2019 թվականի դրությամբ ԱՊՊԱ պայմանագիր առկա չի եղել:

 Բյուրոյի 14.08.2019 թվականի տեղեկանքի համաձայն` ԱՊՊԱ տեղեկատվական համակարգում 14.08.2019 թվականի դրությամբ «DAEWOO NEXIA GL 1.5» մակնիշի ավտոմոբիլի վերաբերյալ 08.07.2019 թվականի դրությամբ առկա է եղել «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագիր:

Գույքին պատճառված վնասների հատուցում ստանալու համար «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ՓԲԸ-ին ներկայացված թիվ SH180937 A1 դիմումի պատճենի համաձայն` Բյուրո է դիմել Անահիտ Նահապետյանը, հայտնելով, որ 08.07.2019 թվականին տեղի է ունեցել ավտովթար, իրեն պատճառվել է գույքային վնաս, խնդրել է հատուցել պատճառված վնասը:

«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ՓԲԸ-ի վնասների գնահատման փորձաքննություն իրականացնող փորձագետի թիվ 6326 եզրակացության համաձայն՝ «DAEWOO NEXIA GL 1.5» մակնիշի ավտոմեքենային պատճառված վնասի չափը կազմել է 291.000 ՀՀ դրամ:

14.08.2019 թվականին կայացված ապահովագրական հատուցում վճարելու վերաբերյալ որոշում-ծանուցմամբ և վճարման փաստաթղթի համաձայն` Անահիտ Նահապետյանի հաշվեհամարին փոխանցելու միջոցով վճարվել է 291.000 ՀՀ դրամ հատուցում:

23.08.2019 թվականին «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ՓԲԸ-ի «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» հասարակական կազմակերպությանը ուղարկած ծանուցմամբ տեղեկացվել է Անահիտ Նահապետյանին կատարված հատուցման վերաբերյալ:

26.08.2019 թվականին Բյուրոյի իրավաբանական անձանց միությունն Ընկերությանը և Արտաշ Մկրտիչյանին ուղարկել է վնասի հատուցմամբ պայմանավորված հետադարձ պահանջի իրավունքի իրականացման մասին 23.08.2019 թվականով թվագրված ծանուցումներ, ըստ որոնց` Բյուրոն Ընկերությանը և Արտաշ Մկրտիչյանին առաջարկել է վճարել 291.000 ՀՀ դրամ հատուցման գումարները: Որպես պարտավորության մարման հնարավոր տարբերակ վերջինիս առաջարկվել է ծանուցման ելքի ամսաթվից հետո առավելագույնը մեկ ամսվա ընթացքում վճարել պարտավորության ամբողջ գումարն առանց ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների: Որպես պարտավորության մարման այլընտրանքային տարբերակ առաջարկվել է որոշման ելքի ամսաթվից հետո առավելագույնը մեկ ամսվա ընթացքում վճարել առնվազն 75.000 ՀՀ դրամ և Բյուրոյի հետ կնքել համաձայնագիր` պարտավորության մնացորդային գումարը` ներառյալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսներն առավելագույնը 6 ամսվա ընթացքում` ամսական առնվազն 1/6 չափով հավասարաչափ մարումներ կատարելու միջոցով վճարելու վերաբերյալ։

Բյուրոյի կողմից վնասի հատուցմամբ պայմանավորված հետադարձ պահանջի իրավունքի իրականացման 23.08.2019 թվականով թվագրված ծանուցումն Ընկերության կողմից ստանալու վերաբերյալ գործում ապացույց առկա չէ:

Բյուրոյի կողմից վնասի հատուցմամբ պայմանավորված հետադարձ պահանջի իրավունքի իրականացման 23.08.2019 թվականով թվագրված ծանուցումն Արտաշ Մկրտիչյանը ստացել է 04.09.2019 թվականին:

Սույն գործով Դատարանը հայցը մասնակի բավարարելիս պատճառաբանել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով դրանք օգտագործելու, կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու դեպքում, այդ գումարին վճարվում են տոկոսներ: Տոկոսները հաշվարկվում են կետանցի օրվանից մինչև պարտավորության դադարման օրը` ըստ համապատասխան ժամանակահատվածների համար ՀՀ Կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների: Ընկերությունը և Արտաշ Մկրտիչյանը 291.000 ՀՀ դրամ գումարը սույն վճռի օրինական ուժի մեջ մտնելու պահին չվճարելու դեպքում, կստացվի, որ այն պահում են ապօրինի և խուսափում են վերադարձնելուց, ուստի և այդ գումարի նկատմամբ սույն վճռի օրինական ուժի մեջ մտնելու պահից մինչև պարտքի մարումը ենթակա են հաշվարկման տոկոսներ` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածով սահմանված տոկոսադրույքի չափով: Դատարանը տոկոսների հաշվարկը չի կատարել սույն քաղաքացիական գործով ներկայացված հայցապահանջում նշված պահից, պատճառաբանելով, որ որևէ ձևով չի հիմնավորվել, որ այդ պահից պատասխանողները գումարը պարտավոր էին վճարել, հետևաբար այն պահում էին ապօրինի: Նման իրավիճակ կծագի միայն այն դեպքում, երբ պատասխանողները սույն վճռի օրինական ուժի մեջ մտնելու պահից չկատարեն վճարման պարտականությունը:

Վերաքննիչ դատարանը բողոքարկվող որոշմամբ մերժել է Բյուրոյի վերաքննիչ բողոքն արձանագրելով, որ պարտապանի կողմից պարտավորությունը կատարելու պարտականությունը ծագում է նման պարտավորության առկայության իրավաչափության և պարտավորության կատարման անհրաժեշտության վերաբերյալ, մասնավորապես՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի գոյության պայմաններում: Վերաքննիչ դատարանի գնահատմամբ՝ պարտավորության կատարման կապակցությամբ առկա վեճի պայմաններում, քանի դեռ բացակայում է պատասխանողների՝ հայցվորին պահանջվող գումարը վճարելու պարտավորության իրավաչափությունը հավաստող օրինական ուժի մեջ մտած դատական ակտը, բացակայում է նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի կիրառման համար անհրաժեշտ և բավարար՝ ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելու պայմանի գոյությունը, քանի դեռ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով չի ծագել պարտապանի կողմից պարտավորությունը կատարելու պարտականությունը, դրամական միջոցները պահելու եղանակով պարտավորության չկատարումը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի իմաստով, չի կարող դիտվել որպես ապօրինի, գտել է, որ դրամական պարտավորության առկայության կամ բացակայության վերաբերյալ վեճը Առաջին ատյանի դատարանի քննությանը վերապահված լինելու պայմաններում հայցվոր Կազմակերպության հանդեպ ստանձնած՝ վերը նշված պահանջվող գումարը վճարելու դրամական պարտավորությունը պատասխանողների համար կարող է ծագել միայն նշված դրամական պարտավորության առկայության վերաբերյալ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո միայն:

Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի դիրքորոշման հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի քննության և լուծման համար էական նշանակություն ունի այն հարցի պարզաբանումը, թե պատասխանող Ընկերության և Արտաշ Մկրտիչյանի մոտ երբ է առաջացել վնասի հատուցմամբ պայմանավորված հետադարձ պահանջի իրավունքով վիճելի գումարները Բյուրոյին վճարելու պարտականությունը:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն քաղաքացիական գործով կողմերի միջև իրավահարաբերությունները ծագել են ապահովագրության ոլորտում, մասնավորապես` Բյուրոյի, տուժող` Անահիտ Նահապետյանի և վնաս պատճառած անձանց` Ընկերության և Արտաշ Մկրտիչյանի միջև: Այսինքն՝ Անահիտ Նահապետյանին հատուցվել է Ընկերության և Արտաշ Մկրտիչյանի կողմից պատճառված վնասը, իսկ Բյուրոն «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` ձեռք է բերել հետադարձ պահանջի իրավունք, ինչը հաստատվել է նաև ստորադաս դատարանների կողմից:

Այսինքն՝ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Բյուրոն ունի հետադարձ պահանջի ուժով տուժողին վճարված 291.000 ՀՀ դրամ գումարն Ընկերությունից և Արտաշ Մկրտիչյանից ստանալու իրավունք, իսկ վերջիններս ունեն այդ գումարը Բյուրոյին հանձնելու պարտականություն:

Վերոգրյալի համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պարտավորության կատարման պահի առաջ գալը պայմանավորված է կոնկրետ որոշակի ժամանակահատվածի կամ հանգամանքի վրա հասնելով կամ ավարտով և տվյալ դեպքում Ընկերության և Արտաշ Մկրտիչյանի մոտ Բյուրոյի հանդեպ պարտավորությունը ոչ թե ծագել է Դատարանի վճռով կամ Վերաքննիչ դատարանի որոշմամբ, այլ դրանցով հաստատվել է արդեն իսկ առկա` Ընկերության և Արտաշ Մկրտիչյանի կողմից կատարման ենթակա, սակայն չկատարված պարտավորությունը: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վեճին լուծում տալու և պարտավորության կետանցի պահը որոշելու համար, Վերաքննիչ դատարանը պարտավոր էր ելակետային համարել ոչ թե իր կողմից կայացված դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը, այլ՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 352-րդ հոդվածի իրավակարգավորումը:

Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 352-րդ հոդվածի վերլուծությունից բխում է, որ պարտավորության կետանցը վրա է հասնում պահանջի իրավաբանական փաստի իրացման արդյունքում: Ընդ որում, նույն հոդվածի իրավակարգավորումից հետևում է նաև, որ պարտավորությունը պարտատիրոջ կողմից պահանջված կարող է համարվել բոլոր այն դեպքերում, երբ պարտապանն իրազեկված է պահանջի մասին: Նշվածից բացառություն են կազմում այն դեպքերը, երբ պարտավորությունը նախատեսում է կամ հնարավորություն է ընձեռում որոշել դրա օրը կամ ժամանակահատվածը (այսինքն՝ երբ պարտավորությունը ժամկետային է):

Հետևաբար` սույն վեճի լուծման և պարտավորության կետանցի պահը որոշելու համար, վերը ներկայացված իրավանորմի կիրառմամբ, նախ հարկավոր է տարանջատել Սամվել Ընկերության և Արտաշ Մկրտիչյանի կողմից Բյուրոյի հետադարձ պահանջի հանդեպ վճարման պարտականության ծագման պահը վճարման ծանուցման պահից:

Տվյալ դեպքում այն պահից, երբ Ընկերության և Արտաշ Մկրտիչյանի մոտ ծագել է Բյուրոյին վիճարկվող գումարը վերադարձնելու պարտականություն, այդ պարտականության չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումը ենթակա է որակման որպես պարտավորության կատարման կետանցում: Այն հարցը, թե երբ է վերջիններիս մոտ ծագել վիճարկվող գումարի վերադարձման պարտականությունը, պայմանավորված է այն ժամանակահատվածի վրա հասնելու հանգամանքով, որի դեպքում պատասխանող կողմը պարտավորված է եղել կատարելու օրենքով նախատեսված գումարի վճարման պահանջը:

23.08.2019 թվականին «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ՓԲԸ-ն «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» հասարակական կազմակերպությանն ուղարկած ծանուցմամբ տեղեկացվել է Անահիտ Նահապետյանին կատարված 291.000 ՀՀ դրամ հատուցման վերաբերյալ: Միաժամանակ Բյուրոյի կողմից վերոնշյալ պարտավորության վերաբերյալ Ընկերությանը և Արտաշ Մկրտիչյանին 23.08.2019 թվականին ուղարկվել են վնասի հատուցմամբ պայմանավորված հետադարձ պահանջի իրավունքի իրականացման ծանուցումներ, ըստ որոնց` Բյուրոն Ընկերությանը և Արտաշ Մկրտիչյանին առաջարկել է վճարել 291.000 ՀՀ դրամ հատուցման գումարը:

Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Բյուրոյի կողմից Ընկերությանը և Արտաշ Մկրտիչյանին ուղարկված ծանուցումից հետևում է, որ որպես պարտավորության մարման հնարավոր տարբերակ վերջիններիս առաջարկվել է ծանուցման ելքի ամսաթվից հետո առավելագույնը մեկ ամսվա ընթացքում վճարել պարտավորության ամբողջ գումարն առանց ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների: Որպես պարտավորության մարման այլընտրանքային տարբերակ առաջարկվել է որոշման ելքի ամսաթվից հետո առավելագույնը 1 ամսվա ընթացքում վճարել առնվազն 75.000 ՀՀ դրամ և Բյուրոյի հետ կնքել համաձայնագիր` պարտավորության մնացորդային գումարը` ներառյալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսներն առավելագույնը 6 ամսվա ընթացքում` ամսական առնվազն 1/6 չափով հավասարաչափ մարումներ կատարելու միջոցով վճարելու վերաբերյալ։ Մինչդեռ Արտաշ Մկրտիչյանը 04.09.2019 թվականին ստանալով տվյալ ծանուցումը՝ այդ ընթացքում Բյուրոյին որևէ վճարում չի կատարել։ Հետևաբար սույն գործով հայտնի է Արտաշ Մկրտիչյանի կողմից Բյուրոյի հետադարձ պահանջի համաձայն վճարման պարտականության մասին ծանուցման պահը (04.09.2019 թվական) և կետանցի օրը (05.10.2019 թվական): Ուստի սույն գործով 291.000 ՀՀ դրամի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետի իրավակարգավորումը պետք է կիրառել 05.10.2019 թվականից մինչև պարտավորության կատարման օրը։

Ինչ վերաբերում է Ընկերության կողմից Բյուրոյի հետադարձ պահանջի համաձայն վճարման պարտականության մասին ծանուցման պահը որոշելուն, ապա այն պետք է պարզել գործի նոր քննության շրջանակներում, քանի որ վերջինիս կողմից ծանուցումը ստանալու վերաբերյալ գործում ապացույց առկա չէ:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան նոր քննության ուղարկելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: 

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ) գլխի կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.09.2019 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան`վրպ. նոր քննության։ 

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Զեկուցող

Տ. Պետրոսյան

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Գ. Հակոբյան

Ս․ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ա ՄԿՐՏՉՅԱՆ

Է. Սեդրակյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 օգոստոսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան