Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (11.11.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.08.21-2023.09.03 Պաշտոնական հրապարակման օրը 23.08.2023
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
11.11.2022
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
11.11.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.11.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ/2286/02/18

2022 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ/2286/02/18

Նախագահող դատավոր`

 Գ. Խանդանյան

Դատավորներ`

 Ա. Մխիթարյան

 Ն Կարապետյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Մ. Դրմեյան

զեկուցող

Տ. Պետրոսյան

Ս. Անտոնյան

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Գ. Հակոբյան

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ

Է. Սեդրակյան

 

2022 թվականի նոյեմբերի 11-ին

գրավոր ընթացակարգով քննելով Հակոբ Սայադյանի սնանկության գործով կառավարիչ Կամո Հարոյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.07.2020 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Հակոբ Սայադյանի սնանկության գործով կառավարիչ Կամո Հարոյանի (այսուհետ նաև՝ Կառավարիչ) ընդդեմ Լաուրա Ավետիսյանի, երրորդ անձինք` Ռոբերտ Սայադյան և Նունե Սայադյան՝ պարտապանին պատճառված վնասը հետ ստանալու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Հակոբ Սայադյանի սնանկության գործով կառավարիչ Կամո Հարոյանը պահանջել է Լաուրա Ավետիսյանից հօգուտ Հակոբ Սայադյանի սնանկության հատուկ հաշվին բռնագանձել 4.941.000 ՀՀ դրամ՝ որպես վնասի հատուցում, ինչպես նաև 200.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:

ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ս. Սահակյան) (այսուհետ` Դատարան) 17.02.2020 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 16.07.2020 թվականի որոշմամբ Հակոբ Սայադյանի սնանկության գործով կառավարիչ Կամո Հարոյանի վերաքննիչ բողոքը մերժվել է` Դատարանի 17.02.2020 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հակոբ Սայադյանի սնանկության գործով կառավարիչ Կամո Հարոյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետը, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Ըստ ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 30.01.2018 թվականի թիվ ԱՎԴ1/0035/04/16 վճռի՝ «Դիմումի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը» բաժնի՝ ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը թիվ ԱՎԴ/2494/02/14 քաղաքացիական գործով 25.09.2015 թվականին վճռել է Հակոբ Սայադյանից հօգուտ Հրաչ Մարգարյանի բռնագանձել 1.230.000 ՀՀ դրամ գումար, 25.000 ՀՀ դրամ պետական տուրքի գումար և 60.000 ՀՀ դրամ փաստաբանի խելամիտ վարձատրության գումար, ինչը վկայում է Հակոբ Սայադյանի՝ իր պարտատիրոջ նկատմամբ ունեցած պարտավորությունների կատարումից խուսափելու մտադրություն ունենալու մասին: Բացի այդ, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով սահմանված երեք տարվա ժամկետը պարտապանին սնանկ ճանաչելուն նախորդող երեք տարվա ընթացքում (27.04.2015 թվականից մինչև 30.01.2018 թվականն ընկած ժամանակահատվածում) անցած լինել չի կարող, այդ ժամկետն անցած կարող էր լինել առնվազն 27.04.2018 թվականին: Ավելին, անձը, ունենալով անշարժ գույք և միաժամանակ չկատարված գույքային պարտավորություններ, իր գույքն ակնհայտ ցածր գնով, ձևականորեն վաճառել է իր ընտանիքի անդամին և շարունակում է բնակվել նույն տանը՝ այդ կերպ խուսափելով իր պարտավորությունները կատարելուց, հետևաբար հայցը ենթակա էր բավարարման:

Բացի այդ, քննարկվող պարագայում «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:

 

Վերոգրյալի հիման վրա խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի 16.07.2020 թվականի որոշումը՝ հայցը բավարարել կամ գործն ուղարկել նույն դատարան կամ ՀՀ սնանկության դատարան՝ նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Հակոբ Սայադյանի, Ռոբերտ Սայադյանի և Նունե Սայադյանի ու Լաուրա Ավետիսյանի միջև 27.04.2015 թվականին կնքվել է անշարժ գույքի բաժնեմասերի առուվաճառքի պայմանագիր (այսուհետ նաև՝ Պայմանագիր):

Պայմանագրի 1.1 կետի համաձայն՝ Հակոբ, Ռոբերտ և Նունե Սայադյանները վաճառել են, իսկ Լաուրա Ավետիսյանը գնել է Արտաշատ քաղաքի Ս. Հակոբյան փողոց 29 հասցեում գտնվող անշարժ գույքի 263.7 քմ բնակելի տան, 72.6 քմ անասնաշենքի և 0.0422 հա տնամերձ հողամասի սեփականության իրավունքի նկատմամբ իրենց պատկանող բաժնեմասերը (այսուհետ նաև՝ Օբյեկտ):

Պայմանագրի 1.2 կետի համաձայն՝ Օբյեկտը սեփականության իրավունքով պատկանում է Հակոբ Սայադյանին (1/4), Ռոբերտ Սայադյանին (1/4), Լաուրա Ավետիսյանին (1/4), Նունե Սայադյանին (1/4):

Պայմանագրի 3.1 կետի համաձայն՝ Վաճառողները վաճառում են, իսկ Գնորդը գնում է օբյեկտը 1.000.000 ՀՀ դրամով (գ.թ. 12-13):

2) Ի պատասխան սնանկության գործով կառավարիչ Կամո Հարոյանի հարցման՝ «Ա.Գ.Էսթեյթ» ՍՊԸ-ի կողմից 17.08.2018 թվականին տրված թիվ Գ 006 գրությամբ հայտնվել է, որ ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, Ս. Հակոբյան փողոցում տեղակայված բնակելի տան (որը երկհարկանի է, շինությունն ունի միջին տեխնիկական վիճակ, միջին վիճակի ներքին հարդարում, բաղկացած է նաև օժանդակ շինություններից, ունի առանձնացված հողամաս բակային տարածքով) 1 քմ մակերեսի շուկայական արժեքը 2015 թվականի ապրիլ ամսին կարող է գտնվել 80000 ՀՀ դրամ/քմ-100.000 ՀՀ դրամ/քմ միջակայքում, իսկ Հակոբ Սայադյանի բաժնեմասի շուկայական արժեքը կազմել է 5.274.000 ՀՀ դրամ (գ.թ. 15):

3) Թիվ ԱՎԴ1/0035/04/16 սնանկության գործով ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 30.01.2018 թվականի վճռով Հակոբ Սայադյանը ճանաչվել է սնանկ:

Նշված վճռի «Դիմումի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը» բաժնի 1-ին կետի համաձայն՝ թիվ ԱՎԴ/2494/02/14 քաղաքացիական գործով 25.09.2015 թվականի վճռով ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը հայցը բավարարել է՝ վճռել է Հակոբ Սայադյանից հօգուտ Հրաչ Մարգարյանի բռնագանձել 1.230.000 ՀՀ դրամ՝ որպես փոխառության գումար, 25.000 ՀՀ դրամ՝ որպես հայցվորի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար, 60.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար (գ.թ.26-27):

4) Դատարանը, քննության առնելով թիվ ԱՎԴ/2286/02/18 քաղաքացիական գործով ապացուցման պարտականությունը բաշխելու հարցը, 06.05.2019 թվականի որոշմամբ որոշել է հայցվոր Հակոբ Սայադյանի սնանկության գործով կառավարիչ Կամո Հարոյանի վրա պարտականություն դնել ապացուցելու, որ Հակոբ Սայադյանը ճանաչվել է սնանկ, Կամո Հարոյանը հանդիսանում է Հակոբ Սայադյանի սնանկության գործով կառավարիչ, որ կառավարիչը դիմել է դատարան սնանկ ճանաչելու մասին դիմում դատարան ներկայացնելուց հետո մեկ տարվա ընթացքում, որ կառավարչի պահանջը վերաբերում է պարտապանին սնանկ ճանաչելուն նախորդող երեք տարվա ընթացքում կնքած գործարքին, և որ գործարքի հետևանքով պարտապանին պատճառվել է վնաս՝ գույքի իրացման արժեքի և գործարքի կատարման պահի դրությամբ, որը հետևանք է իրացման արժեքի և գործարքի կատարման պահի դրությամբ դրա շուկայական արժեքի տարբերությանը (գ.թ.100):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ինչպես նաև նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է`

1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ դատարանի կիրառած նյութական իրավունքի նորմի` «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր,

2) Վերաքննիչ դատարանի կողմից առերևույթ թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի այնպիսի խախտում, որ խաթարել է արդարադատության բուն էությունը:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն իրավական հարցադրմանը, թե «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետը կիրառելիս արդյո՞ք պարտադիր է գործարքները, փոխանցումները և գույքի օտարումները կատարելիս պարտապանի կողմից պարտավորությունը կատարելուց խուսափելու մտադրության առկայության ապացուցումը։

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի համաձայն՝ կառավարիչը պարտատերերի պահանջների վերջնական ցուցակի հաստատումից հետո՝ վեց ամսվա ընթացքում, դիմում է դատարան դատական կարգով հետ ստանալու պարտապանին սնանկ ճանաչելուն նախորդող երեք տարվա ընթացքում կատարված գործարքների, փոխանցումների և գույքի օտարումների հետևանքով պարտապանին պատճառված վնասը, որը հետևանք է գույքի, ծառայության, աշխատանքի իրացման արժեքի և գործարքի կատարման պահի դրությամբ դրա շուկայական արժեքի տարբերության, բացառությամբ եթե գործարքը կնքվել է հրապարակային սակարկության հիման վրա:

Նշված նորմի ուսումնասիրությունից բխում է, որ կառավարչի՝ նույն նորմով սահմանված լիազորությունն իրականացնելու համար օրենսդրի կողմից նախատեսվել է որոշակի պայմանների միաժամանակյա առկայություն, մասնավորապես՝

Ներմուծեք նկարագրությունը_1371 պարտապանին պատճառված վնասը հետ ստանալու համար դատարան դիմելը կարող է տեղի ունենալ պարտատերերի պահանջների վերջնական ցուցակի հաստատումից հետո՝ վեց ամսվա ընթացքում,

Ներմուծեք նկարագրությունը_1371 պարտապանին պատճառված վնասը պետք է պատճառված լինի վերջինիս սնանկ ճանաչելուն նախորդող երեք տարվա ընթացքում կատարված գործարքների, փոխանցումների և գույքի օտարումների հետևանքով,

Ներմուծեք նկարագրությունը_1371 պարտապանին պատճառված վնասը պետք է լինի գույքի, ծառայության, աշխատանքի իրացման արժեքի և գործարքի կատարման պահի դրությամբ դրա շուկայական արժեքի տարբերության հետևանք, այսինքն՝ գույքի, ծառայության, աշխատանքի իրացման արժեքի և գործարքի կատարման պահի դրությամբ դրա շուկայական արժեքի տարբերությունը «Սնանկության մասին» ՀՀ օրենքի իմաստով դիտվում է որպես կատարած գործարքների, փոխանցումների և գույքի օտարումների հետևանքով առաջացած վնաս,

Փաստորեն, սնանկ ճանաչված պարտապանի և պահանջատերերի շահերը պաշտպանելու նպատակով օրենսդիրը հնարավորություն է ընձեռել պարտապանի սնանկության գործով կառավարչին դատական կարգով հետ ստանալու պարտապանի կողմից նշված իրավանորմով սահմանված ժամկետներում և սահմանված կարգով կատարված օտարումների հետևանքով պատճառված վնասը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետում նշված «վնաս» հասկացության բովանդակությունը կազմում է գույքի իրացման արժեքի և գործարքի կատարման պահի դրությամբ դրա շուկայական արժեքի տարբերությունը: Այլ կերպ ասած, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով ներկայացվող պահանջը վերաբերում է օտարված գույքի շուկայական արժեքի հնարավոր պակասող մասին:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ Սահմանադրական դատարանի 31012017 թվականի թիվ ՍԴՈ-1340 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումն այն մասին, որ օրենքի դրույթով սահմանված պայմաններին համապատասխանող փոխանցումներն ինքնին չեն կարող վկայել պարտատերերի նկատմամբ ունեցած պարտավորության կատարումից խուսափելու՝ պարտապանի մտադրության մասին, վերաբերում է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի «ա» կետով սահմանված պարտապանի կողմից կատարված անհատույց փոխանցումները սնանկության կառավարչի կողմից հետ ստանալու իրավակարգավորմանը։ Այլ է իրավիճակը «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով սահմանված իրավակարգավորման պարագայում, քանի որ այդ դեպքում խոսքը վերաբերում է ոչ թե սնանկ ճանաչված անձի կողմից կատարված անհատույց փոխանցումներին, այլ գույքի, ծառայությունների, աշխատանքի իրացման արժեքի և գործարքի կատարման պահի դրությամբ դրա շուկայական արժեքի տարբերությանը։ Այդ պարագայում արդեն գործարքը կատարած անձի կողմից պարտավորության կատարումից չարամտորեն խուսափելու մտադրության առկայությունն ապացուցելը էական նշանակություն չունի, այլ էական է գույքի, ծառայության, աշխատանքի իրացման արժեքի և գործարքի կատարման պահի դրությամբ դրա շուկայական արժեքի տարբերության պարզումը, որպիսի տարբերությունն էլ օրենսդիրը համարել է պարտապանին պատճառված վնաս։

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն՝ Դատարան ներկայացրած հայցադիմումով Հակոբ Սայադյանի սնանկության գործով կառավարիչ Կամո Հարոյանը հայտնել է, որ Հակոբ Սայադյանի, Ռոբերտ Սայադյանի, Նունե Սայադյանի ու Լաուրա Ավետիսյանի միջև 27.04.2015 թվականին կնքվել է անշարժ գույքի բաժնեմասերի առուվաճառքի պայմանագիր, որով Հակոբ Սայադյանը, Ռոբերտ Սայադյանն ու Նունե Սայադյանը 1.000.000 ՀՀ դրամով վաճառել են, իսկ Լաուրա Ավետիսյանը գնել է Արտաշատ քաղաքի Ս. Հակոբյան փողոց 29 հասցեում գտնվող անշարժ գույքի սեփականության իրավունքի նկատմամբ վերջիններիս պատկանող բաժնեմասերը: Այնուհետև, թիվ ԱՎԴ1/0035/04/16 սնանկության գործով ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 30.01.2018 թվականի վճռով Հակոբ Սայադյանը ճանաչվել է սնանկ, իսկ նույն դատարանի 05.02.2018 թվականի որոշմամբ Հակոբ Սայադյանի սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Կամո Հարոյանը: Վերջինիս ուղղված պատասխան գրությամբ «Ա.Գ.Էսթեյթ» ՍՊԸ-ն հայտնել է, որ ՀՀ Արարատի մարզի ք. Արտաշատ, Ս. Հակոբյան փողոցում տեղակայված բնակելի տան (որը երկհարկանի է, շինությունն ունի միջին տեխնիկական վիճակ, միջին վիճակի ներքին հարդարում, բաղկացած է նաև օժանդակ շինություններից, ունի առանձնացված հողամաս բակային տարածքով) 1 քմ մակերեսի շուկայական արժեքը 2015 թվականի ապրիլ ամսին կարող է գտնվել 80.000 ՀՀ դրամ/քմ -100.000 ՀՀ դրամ/քմ միջակայքում:

Վերոգրյալի հիմքով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ 27.04.2015 թվականի թիվ 1141 անշարժ գույքի բաժնեմասերի առուվաճառքի պայմանագրով պարտապան Հակոբ Սայադյանին պատճառվել է 4.941.000 ՀՀ դրամի վնաս, խնդրել է պատասխանող Լաուրա Ավետիսյանից Կամո Սայադյանի սնանկության հատուկ հաշվին բռնագանձել 4.941.000 ՀՀ դրամ:

Դատարանն, արձանագրելով, որ 27.04.2015 թվականին կնքված անշարժ գույքի բաժնեմասերի առուվաճառքի պայմանագիրը չի վկայում Հակոբ Սայադյանի կողմից պարտատերերի նկատմամբ ունեցած պարտավորությունների կատարումից խուսափելու մտադրության մասին, քանի որ Հակոբ Սայադյանը սնանկ է ճանաչվել այդ պայմանագրի կնքումից շուրջ 3 տարի անց՝ 30.01.2018 թվականին, 17.02.2020 թվականի վճռով Կառավարչի հայցը մերժել է:

Վերաքննիչ դատարանն, արձանագրելով, որ առուվաճառքի պայմանագիրը կնքվել է 27.04.2015 թվականին, իսկ Հակոբ Սայադյանը սնանկ է ճանաչվել 30.01.2018 թվականին, եկել է այն եզրահանգման, որ երեք տարվա ժամկետն անցած լինելու պարագայում նման հայցն ի սկզբանե ենթակա էր մերժման, այսինքն՝ սա արդեն իսկ բավարար է սնանկության կառավարչի այլ փաստարկներին անդրադարձ չկատարելու համար, այնուամենայնիվ, ընդգծել է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետը վերաբերում է սնանկության գործով կառավարչի կողմից պարտապանին սնանկ ճանաչելուն նախորդող երեք տարվա ընթացքում կատարված գործարքների, փոխանցումների և գույքի օտարումների հետևանքով պարտապանին պատճառված այն վնասը դատական կարգով բռնագանձելու դեպքերին, որը հետևանք է գույքի, ծառայության, աշխատանքի իրացման արժեքի և գործարքի կատարման պահի դրությամբ դրա շուկայական արժեքի տարբերության: Ընդ որում, ՀՀ սահմանադրական դատարանն իր 31012017 թվականի թիվ ՍԴՈ-1340 որոշմամբ հստակ ամրագրել է, որ ապացուցման ենթակա է նաև պարտավորության կատարումից չարամտորեն խուսափելու հանգամանքը, մինչդեռ սույն գործով հայցվորը որևէ ապացույց չի ներկայացրել առ այն, որ 27.04.2015 թվականի պայմանագիրը կնքելիս Հակոբ Սայադյանը մտադրություն է ունեցել խուսափել իր պարտատերերի նկատմամբ ունեցած պարտավորությունների կատարումից: Միայն այն հանգամանքը, որ այդ ժամանակ հայց է ներկայացված եղել Հակոբ Սայադյանի դեմ, դեռևս բավարար չէ արձանագրելու համար, որ կնքված գործարքի նպատակը եղել է պարտավորությունների կատարումից խուսափելը: Արդյունքում, Վերաքննիչ դատարանն իրավաչափ է որակել Դատարանի՝ հայցը մերժելու կապակցությամբ դատական ակտում կատարած եզրահանգումները և 16.07.2020 թվականի որոշմամբ Հակոբ Սայադյանի սնանկության գործով կառավարիչ Կամո Հարոյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը մերժել է:

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը, սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությանը, արձանագրում է հետևյալը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով սահմանված է կառավարչի կողմից պարտապանին պատճառված վնասը դատական կարգով հետ ստանալու կարգն ու ժամկետները, որը, որպես ժամկետային սահմանափակում, նախատեսում է միայն պարտապանին պատճառված այն վնասը, որն առաջացել է պարտապանին սնանկ ճանաչելուն նախորդող երեք տարվա ընթացքում կատարված գործարքների, փոխանցումների և գույքի օտարումների հետևանքով:

Սույն գործի փաստերը համադրելով նշված իրավակարգավորման հետ, Վճռաբեկ դատարանը նախևառաջ արձանագրում է, որ ներկայացված հայցապահանջը վերաբերում է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով նախատեսված՝ պարտապանին սնանկ ճանաչելուն նախորդող երեք տարվա ընթացքում կատարված գործարքի՝ գույքի օտարման հետևանքով պարտապանին պատճառված վնասին:

Տվյալ դեպքում Հակոբ, Ռոբերտ և Նունե Սայադյանների ու Լաուրա Ավետիսյանի միջև քննարկվող անշարժ գույքի բաժնեմասերի առուվաճառքի պայմանագիրը կնքվել է 27.04.2015 թվականին, իսկ Հակոբ Սայադյանը սնանկ ճանաչվել է 30.01.2018 թվականին, այսինքն՝ գործարքը կատարվել է պարտապանին սնանկ ճանաչելուն նախորդող երեք տարվա ընթացքում, հետևաբար, Հակոբ Սայադյանի սնանկության գործով կառավարիչ Կամո Հարոյանը, որպես 27.04.2015 թվականի թիվ 1141 անշարժ գույքի բաժնեմասերի առուվաճառքի պայմանագրով Հակոբ Սայադյանին պատճառված վնասի հատուցում, Լաուրա Ավետիսյանից հօգուտ Հակոբ Սայադյանի սնանկության հատուկ հաշվին 4.941.000 ՀՀ դրամ բռնագանձելու վերաբերյալ պահանջ ներկայացնելիս պահպանել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով սահմանված երեք տարվա ժամկետը, ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունն առ այն, որ սույն գործով երեք տարվա ժամկետն անցած լինելու պարագայում նման հայցն ի սկզբանե ենթակա էր մերժման, իրավաչափ չէ:

Ինչ վերաբերում է ստորադաս դատարանների այն պատճառաբանություններին, որ 27.04.2015 թվականին կնքված անշարժ գույքի բաժնեմասերի առուվաճառքի պայմանագիրը չի վկայում Հակոբ Սայադյանի կողմից պարտատերերի նկատմամբ ունեցած պարտավորությունների կատարումից խուսափելու մտադրության մասին և, որ հայցվորը չի ապացուցել, որ նման պայմանագիր կնքելիս Հակոբ Սայադյանը մտադրություն է ունեցել խուսափել իր պարտատերերի նկատմամբ ունեցած պարտավորությունների կատարումից, Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ հայցվորի կողմից ներկայացված հայցապահանջը վերաբերում է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով նախատեսված՝ պարտապանին սնանկ ճանաչելուն նախորդող երեք տարվա ընթացքում կատարված գործարքի, փոխանցման և գույքի օտարումների հետևանքով պարտապանին պատճառված վնասը հետ ստանալուն, որպիսի իրավահարաբերությունը կարգավորվում է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով, որը հստակ սահմանում է, որ կառավարիչը դիմում է դատարան դատական կարգով հետ ստանալու պարտապանին սնանկ ճանաչելուն նախորդող երեք տարվա ընթացքում կատարված գործարքների, փոխանցումների և գույքի օտարումների հետևանքով պարտապանին պատճառված վնասը, որը հետևանք է գույքի, ծառայության, աշխատանքի իրացման արժեքի և գործարքի կատարման պահի դրությամբ դրա շուկայական արժեքի տարբերության:

Տվյալ դեպքում վկայակոչված վնասն առաջացել է 27.04.2015 թվականի անշարժ գույքի բաժնեմասերի առուվաճառքի պայմանագրի արդյունքում, քանի որ տվյալ պայմանագրի ուժով պարտապանին պատկանող գույքը օտարվել է 1.000.000 ՀՀ դրամով, մինչդեռ ըստ «Ա.Գ.Էսթեյթ» ՍՊԸ-ի կողմից տրամադրված տեղեկատվության՝ 2015 թվականի ապրիլ ամսվա դրությամբ ք. Արտաշատ, Ս. Հակոբյան 29 հասցեում գտնվող անշարժ գույքում պարտապան Հակոբ Սայադյանի բաժնեմասի շուկայական արժեքը կազմել է 5.274.000 ՀՀ դրամ, այսինքն՝ պատճառված վնասը հետևանք է պարտապանի գույքի իրացման արժեքի և գործարքի կատարման պահի դրությամբ դրա շուկայական արժեքի տարբերության, հետևաբար վերը վկայակոչված որոշմամբ արտահայտած դիրքորոշումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի հիմքով պահանջ ներկայացնելիս ապացուցման ենթակա պետք է լինի ոչ թե պարտատերերի նկատմամբ ունեցած պարտավորության կատարումից խուսափելու հանգամանքը, այլ այն, թե որքան է կազմել գույքի իրացման արժեքի և գործարքի կատարման պահի դրությամբ դրա շուկայական արժեքի տարբերությունը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։ Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության, իսկ բոլոր ապացույցներն իրենց համակցության մեջ` փաստի հաստատման համար բավարարության տեսանկյունից:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը՝ հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը (տե՛ս, Ռուզաննա Թորոսյանն ընդդեմ Նվեր Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործի լուծման համար էական նշանակություն ունի վիճարկվող գույքի իրացման արժեքի և գործարքի կատարման պահի դրությամբ դրա շուկայական արժեքի տարբերության պարզման հանգամանքը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները գործում առկա ապացույցները չեն ենթարկել լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտման՝ հաշվի առնելով դրանց համակցությունը, փոխադարձ կապը, ինչի արդյունքում սույն գործով չի պարզվել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով սահմանված՝ կառավարչի կողմից պարտապանին սնանկ ճանաչելուն նախորդող երեք տարվա ընթացքում կատարված գործարքով՝ գույքի օտարման հետևանքով պարտապանին պատճառված վնասը դատական կարգով հետ ստանալու համար անհրաժեշտ բոլոր պայմանների առկայությունը կամ բացակայությունը, ինչպես նաև գործարքի կատարման հետևանքով պարտապան Հակոբ Սայադյանի բաժնի շուկայական արժեքի և իրացման արժեքի տարբերության չափը, ուստի առկա է վերն արտահայտված իրավական դիրքորոշումներին համապատասխան սույն գործի նոր քննության անհրաժեշտություն:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտն ամբողջությամբ բեկանելու և գործը համապատասխան ստորադաս ատյան նոր քննության ուղարկելու լիազորությունը՝ սույն որոշմամբ արտահայտած դիրքորոշումների համատեքստում գործի հանգամանքները պարզելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան։

Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքի բավարարման արդյունքում Վերաքննիչ դատարանի դատական ակտը ենթակա է բեկանման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պայմաններում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.07.2020 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող

Մ. Դրմեյան

Զեկուցող

Տ. Պետրոսյան

Ս. Անտոնյան

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Գ. Հակոբյան

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ

Է. Սեդրակյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 օգոստոսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան