ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 օգոստոսի 2019 թվականի N 1071-Ա
ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1.2-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման, դեղերի շրջանառության, բժշկական արտադրատեսակների շրջանառության, առողջապահության (այդ թվում՝ իր իրավասության սահմաններում բնակչության բժշկական օգնության և սպասարկման, արյան և դրա բաղադրամասերի որակի, անվտանգության և փոխներարկումային բժշկական օգնության, մարդու վերարտադրողական առողջության պահպանման, հոգեբուժական օգնության իրականացման, մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու, մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման), իր իրավասության սահմաններում գովազդի, աշխատանքային իրավունքի՝ ներառյալ աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման, ինչպես նաև, մանկական սննդի և հարակից ապրանքների շրջանառության ոլորտների նկատմամբ վերահսկողություն իրականացնող լիազոր մարմին ճանաչել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը:
(1-ին կետը փոփ. 18.06.20 N 1006-Ա, լրաց. 17.08.23 N 1388-Ա)
2. Շրջակա միջավայրի պահպանության, այդ թվում՝ մթնոլորտային օդի պահպանության, ջրային ռեսուրսների, հողերի, կենդանական և բուսական աշխարհի, ներառյալ՝ անտառների ու բնության հատուկ պահպանվող տարածքների, ընդերքի օգտագործման և պահպանության, այլ բնական ռեսուրսների օգտագործման, վերարտադրության և պահպանության, վտանգավոր նյութերի և արտադրության ու սպառման թափոնների (բացառությամբ՝ ռադիոակտիվ) գործածության, ռադիոակտիվ նյութերով աղտոտվածության, բնապահպանական պետական փորձաքննության, բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների, բնապահպանական վարչական վիճակագրության ոլորտների նկատմամբ վերահսկողություն իրականացնող լիազոր մարմին ճանաչել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը:
3. Նախադպրոցական կրթության, հանրակրթության, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտների նկատմամբ վերահսկողություն իրականացնող լիազոր մարմին ճանաչել Կրթության տեսչական մարմինը:
4. Ոչ պարենային արտադրանքի տեխնիկական կանոնակարգերով և տեխնիկական անվտանգության ոլորտում Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջների պահպանման, չափումների միասնականության ապահովման, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման պայմանների պահպանման, թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մասնագիտացված, այդ թվում` մանրածախ առուվաճառքի և դրանցով գործարքների իրականացման, համապատասխանության գնահատման, արտադրական կանեփի արտադրության, ինչպես նաև արտահանման, ներմուծման կամ մեծածախ առևտրի օրինական շրջանառություն իրականացնելու ոլորտների նկատմամբ վերահսկողություն իրականացնող լիազոր մարմին ճանաչել Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը:
(4-րդ կետը լրաց. 15.07.21 N 1157-Ա, 22.09.22 N 1454-Ա)
5. Սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի, կերի անվտանգության, բուսասանիտարիայի, անասնաբուժության ոլորտների նկատմամբ վերահսկողություն իրականացնող լիազոր մարմին ճանաչել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը:
6. Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության, տրանսպորտի, էներգետիկայի, գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների և հողօգտագործման, տիեզերական գործունեության ոլորտների նկատմամբ վերահսկողություն իրականացնող լիազոր մարմին ճանաչել Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը:
(6-րդ կետը լրաց. 27.08.20 N 1402-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. օգոստոսի 27 Երևան |