ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է Ազգային ժողովի կողմից
3 մարտի 1999 թ.
ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում փախստականի կարգավիճակ հայցող անձանց ժամանակավոր տեղավորելու, փախստականի կարգավիճակ տալու կամ այն մերժելու, փախստականի կարգավիճակը կորցնելու, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիներին կամ քաղաքացիություն չունեցող անձանց ժամանակավոր ապաստան տալու հիմքերը, կարգն ու պայմանները, Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի (այսուհետ` լիազորված մարմին) իրավասությունները, փախստականի կարգավիճակ հայցողի և փախստականի իրավունքներն ու պարտականությունները, նրանց իրավական ու սոցիալական պաշտպանվածության երաշխիքները:
(նախաբանը լրաց. 19.03.02 ՀՕ-314)
Գ Լ ՈՒ Խ I
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. | Օրենքում օգտագործվող հասկացությունները |
Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`
փախստական` Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձ, որն ըստ ռասայական, ազգային, կրոնական, որոշակի սոցիալական խմբի պատկանելության կամ քաղաքական համոզմունքների համար հետապնդումների զոհ դառնալու հիմնավոր երկյուղի պատճառով գտնվում է իր քաղաքացիական պատկանելության պետությունից դուրս և չի կարող կամ չի կամենում օգտվել այդ պետության պաշտպանությունից, կամ, չունենալով որևէ պետության քաղաքացիություն և գտնվելով իր նախկին հիմնական բնակության վայրի պետությունից դուրս, չի կարող կամ չի կամենում վերադառնալ այդ պետություն, կամ եթե անձը միաժամանակ մի քանի պետության քաղաքացի է, սակայն երկյուղ ունի, որ չի կարող օգտվել այդ պետություններից որևէ մեկի պաշտպանությունից.
փախստականի կարգավիճակ հայցող` անձ, որը դիմում է կամ մտադրություն ունի դիմելու լիազորված մարմնին` Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ստանալու համար.
հատուկ կացարան` փախստականի կարգավիճակ հայցողին բժշկական զննման ենթարկելու ժամանակամիջոցում ժամանակավոր բնակության համար հատկացված բնակելի տարածք.
ժամանակավոր կացարան` փախստականի կարգավիճակ հայցողին և փախստականին ժամանակավոր բնակության համար հատկացված բնակելի տարածք:
ժամանակավոր ապաստան՝ օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ժամանակավոր բնակության իրավունք՝ սույն օրենքի 21.1-ին հոդվածին համապատասխան:
(1-ին հոդվածը լրաց. 19.03.02 ՀՕ-314)
Հոդված 2. | Օրենքի գործողության շրջանակը |
Սույն օրենքի գործողությունը տարածվում է օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող այն անձանց վրա, ովքեր, գտնվելով Հայաստանի Հանրապետությունում, սույն օրենքով սահմանված կարգով դիմել կամ մտադիր են դիմել լիազորված մարմնին` փախստականի կարգավիճակ ստանալու համար կամ արդեն իսկ ձեռք են բերել փախստականի կարգավիճակ, կամ ստացել են մերժում:
Հոդված 3. | Փախստականների մասին օրենսդրությունը |
Փախստականի և փախստականի կարգավիճակ հայցողի իրավական վիճակը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով և օրենսդրական այլ ակտերով: Եթե սույն օրենքի նորմերը հակասում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի նորմերին, ապա գործում են միջազգային պայմանագրերի նորմերը:
Հոդված 4. | Փախստականի կարգավիճակը հաստատող փաստաթղթերը |
Փախստականի կարգավիճակ ստացած անձին լիազորված մարմինը տալիս է փախստականի վկայական և ճամփորդական փաստաթուղթ, որոնց ձևերը և տրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Փախստականի ճամփորդական փաստաթուղթը տրվում է «Փախստականի կարգավիճակի վերաբերյալ» 1951 թվականի Ժնևի կոնվենցիային համապատասխան:
Փախստականի վկայականը Հայաստանի Հանրապետությունում համարվում է փախստականի անձը հաստատող փաստաթուղթ և տրվում է փախստականի կարգավիճակ ստացած, 16 տարին լրացած բոլոր անձանց, իսկ ճամփորդական փաստաթուղթը` փախստականի վկայական ստացած անձանց` ըստ ցանկության:
Սույն օրենքով սահմանված կարգով` փախստականի կարգավիճակ ստացած, 16 տարին չլրացած փախստականների մասին տվյալները նշվում են նրանց ծնողների` փախստականի վկայականում և ճամփորդական փաստաթղթում կամ այլ օրինական ներկայացուցչի համապատասխան փաստաթղթերում:
Փախստականի կարգավիճակ ստացած անձանց երեխաները 16 տարին լրանալուց հետո կարող են դիմել լիազորված մարմնին` փախստականի վկայական և ճամփորդական փաստաթուղթ ստանալու համար:
Գ Լ ՈՒ Խ II
ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՏԱԼՈՒ ԵՎ ՄԵՐԺԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ
Հոդված 5. | Փախստականի կարգավիճակ տալու հիմքերը |
(հոդվածն ուժը կորցրել է 03.03.04 ՀՕ-49-Ն)
Հոդված 6. | Փախստականի կարգավիճակ տալու բացառման հիմքերը |
(վերնագիրը խմբ. 03.03.04 ՀՕ-49-Ն)
Փախստականի կարգավիճակ չի տրվում այն անձին, որը`
ա) նախքան Հայաստանի Հանրապետություն մուտք գործելը կատարել է խաղաղության և մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործություն, ինչպես սահմանված է այդ հանցագործությունների վերաբերյալ միջազգային պայմանագրերում.
բ) նախքան Հայաստանի Հանրապետություն մուտք գործելը կատարել է ոչ քաղաքական բնույթի ծանր հանցագործություն.
գ) մեղավոր է ճանաչվել Միավորված ազգերի կազմակերպության նպատակներին և սկզբունքներին հակասող արարքներ կատարելու մեջ:
(6-րդ հոդվածը խմբ. 03.03.04 ՀՕ-49-Ն)
Գ Լ ՈՒ Խ III
ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՀԱՅՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՄՈՒՏՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Հոդված 7. | Փախստականի կարգավիճակ հայցող անձանց մուտքը Հայաստանի Հանրապետություն |
Փախստականի կարգավիճակ հայցող, ինչպես նաև այլ պետություններից զանգվածաբար Հայաստանի Հանրապետություն եկող անձինք Հայաստանի Հանրապետություն են մուտք գործում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Փախստականի կարգավիճակ հայցողը փախստականի կարգավիճակ ստանալու դիմումը կարող է ներկայացնել ինչպես Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու դեպքում, այնպես էլ Հայաստանի Հանրապետության սահմանակետում` լիազորված մարմնի ներկայացուցչին: Հայաստանի Հանրապետություն մուտքի թույլտվություն չունենալու դեպքում փախստականի կարգավիճակ հայցելու դիմումը հիմք է հանդիսանում փախստականի կարգավիճակ հայցողին անարգել մուտք գործել Հայաստանի Հանրապետություն և օգտվել սույն օրենքով սահմանված իրավունքներից:
Անձը Հայաստանի Հանրապետության տարածք ապօրինի մուտքի կամ Հայաստանի Հանրապետության տարածքում ապօրինի գտնվելու համար պատասխանատվության ենթակա չէ, եթե նա, ուղղակիորեն գալով այն երկրի տարածքից, որտեղ նրա կյանքին կամ ազատությանը վտանգ է սպառնում սույն օրենքի 1 հոդվածի իմաստով, անհապաղ ներկայանում է լիազորված մարմին և գրավոր դիմում է Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ստանալու համար:
(7-րդ հոդվածը փոփ., լրաց. 03.03.04 ՀՕ-49-Ն)
Հոդված 8. | Փախստականի կարգավիճակ հայցողի բնակեցումը հատուկ կացարանում |
Լիազորված մարմինը փախստականի կարգավիճակ հայցողին, Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելուց հետո, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով անհրաժեշտ բժշկական զննման ենթարկելու, փաստաթղթային ստուգումներ անցկացնելու և կեցությունն ապահովելու համար բնակեցնում է հատուկ կացարանում փախստականի կարգավիճակ ստանալու վերաբերյալ դիմումի քննարկման ժամանակահատվածում, որը չի կարող գերազանցել եռամսյա ժամկետը:
Փախստականի կարգավիճակ հայցող` առանց ծնողների կամ առանց օրինական ներկայացուցչի երեխայի (այսուհետ` երեխա) մասին լիազորված մարմինը 5-օրյա ժամկետում տեղեկացնում է երեխայի փաստացի գտնվելու վայրի` խնամակալության և հոգաբարձության մարմին:
Հայաստանի Հանրապետության խնամակալության և հոգաբարձության մարմինը երեխային տեղավորում է մանկական կազմակերպությունում, ինչպես նաև նրա խնամքի, դաստիարակության և իրավունքների պաշտպանության, ներառյալ` փախստականի կարգավիճակ ստանալու մասին դիմումի քննարկման ընթացքում նրա իրավունքները և օրինական շահերը ներկայացնելու նպատակով նշանակում է խնամակալ` օրենքով սահմանված կարգով:
Լիազորված մարմինն անհրաժեշտության դեպքում աջակցություն է ցույց տալիս Միավորված ազգերի կազմակերպության և իրավասու այլ միջկառավարական կազմակերպությունների կամ Միավորված ազգերի կազմակերպության հետ համագործակցող ոչ կառավարական այլ կազմակերպությունների ջանքերին` այդպիսի երեխային պաշտպանություն և օգնություն ցույց տալու և ցանկացած այլ փախստական երեխայի ծնողների և ընտանիքի այլ անդամների որոնումների գործում` իր ընտանիքի հետ միանալու համար անհրաժեշտ տեղեկություններ ստանալու նպատակով:
Մինչև իր դիմումի վերջնական պատասխան ստանալը փախստականի կարգավիճակ հայցողն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության տարածքում տեղաշարժվել, բնակության վայրը ընտրել` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
(8-րդ հոդվածը խմբ., լրաց. 03.03.04 ՀՕ-49-Ն)
Հոդված 9. | Փախստականի կարգավիճակ հայցողին և փախստականին ժամանակավոր կացարանով ապահովելը |
Հայաստանի Հանրապետություն մուտք գործած անձը, սույն օրենքի 8 հոդվածով նախատեսված` բժշկական զննման ենթարկվելուց և փաստաթղթային ստուգումներից հետո տեղավորվում է ժամանակավոր կացարաններում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Հոդված 10. | Փախստականի կարգավիճակ հայցողի իրավունքները և դրանց երաշխիքները |
Փախստականի կարգավիճակ հայցողն իրավունք ունի`
ա) ստանալ թարգմանչական, իրավական խորհրդատվության անվճար ծառայություններ, բժշկական օգնություն և սպասարկում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, ինչպես նաև` տեղեկատվություն ազգականների վերաբերյալ.
բ) ստանալ միանվագ նպաստ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ու չափով.
գ) հետ վերցնել փախստականի կարգավիճակ հայցողի դիմումը:
Փախստականի կարգավիճակ հայցողն օգտվում է սույն օրենքի 19 հոդվածով նախատեսված երաշխիքներից, ինչպես նաև կարող է դիմել Միավորված ազգերի կազմակերպության Փախստականների գերագույն հանձնակատարի ներկայացուցչին:
Հոդված 11. | Փախստականի կարգավիճակ հայցողի պարտականությունները |
Ժամանակավոր կացարաններում տեղավորված անձինք, մինչև փախստականի կարգավիճակ ստանալու մասին իրենց գրավոր դիմումը քննարկելը և դրա վերաբերյալ որոշում ընդունելը, պարտավոր են`
ա) պահպանել Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը և լիազորված մարմնի` ժամանակավոր կացարաններում բնակվելու համար սահմանած կարգն ու կանոնները.
բ) Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու ցանկության դեպքում այդ մասին հայտնել լիազորված մարմնին.
գ) վերջնական մերժում ստանալուց հետո` հնգօրյա ժամկետում, դուրս գալ Հայաստանի Հանրապետությունից, եթե իրավասու պետական մարմինների սահմանած կարգով նման պահանջ է ներկայացվել.
դ) ենթարկվել պարտադիր բժշկական զննման:
Գ Լ ՈՒ Խ IV
ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՍՏԱՆԱԼԸ
Հոդված 12. | Փախստականի կարգավիճակ ստանալու համար դիմում տալու կարգը |
Հայաստանի Հանրապետություն մուտք գործած անձինք` ըստ իրենց ժամանակավոր կացարանների գտնվելու վայրի, սահմանված կարգով, գրավոր դիմում են լիազորված մարմնին` փախստականի կարգավիճակ ստանալու համար: Փախստականի կարգավիճակ ստանալու դիմում ներկայացրած անձինք ստանում են փախստականի կարգավիճակ հայցողի վկայական:
Փախստականի կարգավիճակ ստանալու համար դիմելու իրավունք ունի յուրաքանչյուր օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ` առանց տարիքային սահմանափակման:
(մասն ուժը կորցրել է 03.03.04 ՀՕ-49-Ն)
Փախստականի կարգավիճակ ստանալու համար դիմումները պարտադիր ընդունվում և սահմանված կարգով գրանցվում են:
Փախստականի կարգավիճակ ստանալու մասին դիմումի ձևը և գրանցման կարգը սահմանում է լիազորված մարմինը:
Դիմողն ազատվում է փախստականի կարգավիճակի համար դիմումը քննարկելու և դրա վերաբերյալ որոշում ընդունելու հետ կապված ծախսերից:
(մասն ուժը կորցրել է 03.03.04 ՀՕ-49-Ն)
(12-րդ հոդվածը լրաց. 05.03.01 ՀՕ-152, խմբ., փոփ. 03.03.04 ՀՕ-49-Ն)
Հոդված 13. | Դիմումի քննարկման ժամկետները |
Փախստականի կարգավիճակ ստանալու համար ներկայացված դիմումները քննարկվում են մեկամսյա ժամկետում:
Այն դեպքում, երբ դիմումի քննարկումը պահանջում է լրացուցիչ ուսումնասիրություն, քննարկումը կարող է երկարաձգվել մինչև երեք ամիս:
Հոդված 14. | Փախստականի կարգավիճակ ստանալու դիմումի մերժումը |
(հոդվածն ուժը կորցրել է 03.03.04 ՀՕ-49-Ն)
Հոդված 15. | Փախստականի կարգավիճակ տալու մերժման որոշումը գանգատարկելը |
Լիազորված մարմինը որոշում է ընդունում փախստականի կարգավիճակ տալու կամ այն մերժելու վերաբերյալ, որի մասին եռօրյա ժամկետում գրավոր տեղեկացնում է դիմողին:
Դիմումը մերժելու դեպքում նշվում են սույն օրենքով նախատեսված այն հիմքերը, որոնք մերժման պատճառ են հանդիսացել:
Դիմումի մերժումը կարող է գանգատարկվել վերադասության և դատական կարգով` մեկամսյա ժամկետում:
Եթե փախստականի կարգավիճակ հայցողը դիմել է դատարան, ապա մինչև գանգատի վերաբերյալ` դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելն անձն օգտվում է փախստականի կարգավիճակ հայցողի իրավունքներից, և արգելվում է նրա վտարումը Հայաստանի Հանրապետությունից:
Հոդված 16. | Փախստականի կարգավիճակ տալու մերժման իրավական հետևանքները |
Փախստականի կարգավիճակ տալու վերջնական մերժումը` ներառյալ բողոքարկման գործընթացի ավարտը, իրավասու մարմինների համար հիմք է հանդիսանում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետությունից վտարելու փախստականի կարգավիճակ հայցողին, եթե նա հրաժարվում է սահմանված ժամկետում կամավոր մեկնել, բացառությամբ այն դեպքերի, երբ առկա են Հայաստանի Հանրապետությունում նրա մնալու համար սահմանված այլ օրինական հիմքեր:
Հայաստանի Հանրապետությունից փախստականի կարգավիճակ հայցողի վտարումը կասեցվում է այն դեպքում, երբ նա Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելիս կատարել է հանցագործություն` մինչև նրա նկատմամբ դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Անձի վտարումը կարող է հետաձգվել, եթե նա Հայաստանի Հանրապետության, նրա քաղաքացիների կամ նրա տարածքում գործող կամ գտնվող այլ անձանց հանդեպ ունի այնպիսի պարտականություններ, որոնց կատարումը պահանջում է այդ անձի ներկայությունը Հայաստանի Հանրապետությունում:
Հոդված 17. | Մերժում ստացած փախստականի կարգավիճակ հայցողի, փախստականի կարգավիճակը կորցրած կամ կարգավիճակից զրկված անձի վտարումը |
Մերժում ստացած փախստականի կարգավիճակ հայցող, ինչպես նաև փախստականի կարգավիճակը կորցրած կամ կարգավիճակից զրկված անձանց, ովքեր հրաժարվում են լիազորված մարմնի կողմից ընդունված որոշման համաձայն սահմանված ժամկետում կամավոր մեկնել, վտարումը Հայաստանի Հանրապետությունից իրականացվում է օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Մերժում ստացած փախստականի կարգավիճակ հայցող անձը վտարվում է այն երկիր, որի քաղաքացին է կամ որևէ այլ երկիր, որտեղ մեկնելու ցանկություն է հայտնել, եթե տվյալ երկիրը նրան ընդունելու պատրաստակամություն է հայտնել:
Փախստականի կարգավիճակը կորցրած անձը վտարվում է միայն դատական կարգով:
(17-րդ հոդվածը փոփ. 03.03.04 ՀՕ-49-Ն)
Գ Լ ՈՒ Խ V
ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 18. | Փախստականի իրավունքները և պարտականությունները |
Փախստականը Հայաստանի Հանրապետությունում ունի օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց համար սահմանված իրավունքներն ու պարտականությունները, այդ թվում` մտքի, խոսքի, խղճի և դավանանքի ազատության իրավունք:
Փախստականն իրավունք ունի ազատ տեղաշարժվել և սահմանված կարգով ընտրել բնակավայր:
Փախստականն ունի անձնական և ընտանեկան կյանքին անօրինական միջամտելուց օրենքով պաշտպանելու, անձի և բնակարանի անձեռնմխելիության, հաղորդակցության գաղտնիության, պատվի և արժանապատվության, կյանքի և առողջության, անձնական ազատության և գույքի դեմ ոտնձգություններից դատական պաշտպանության` Հայաստանի Հանրապետության քաղաքացուն հավասար իրավունքներ:
Փախստականն ունի սեփականության, աշխատանքի և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Փախստականն ընտանեկան հարաբերություններում ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացուն հավասար իրավունքներ և պարտականություններ:
Փախստականն իրավունք ունի ստանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, ծառայել զինված ուժերում` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Փախստականն ունի իր ընտանիքի հետ միավորման իրավունք: Փախստականի ընտանիքի անդամը կարող է ստանալ Հայաստանի Հանրապետություն մուտքի արտոնագիր և Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ, եթե չկան դրանք արգելող օրենքով սահմանված հիմքեր:
Փախստականի ընտանիքի անդամին Հայաստանի Հանրապետություն մուտքի արտոնագիր և Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ տալու համար պետական տուրքի գծով սահմանվում են արտոնություններ` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
Փախստականն օգտվում է սոցիալական պաշտպանվածության իրավունքից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Փախստականը Հայաստանի Հանրապետությունում չունի ընտրական իրավունք, (բացառությամբ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունքից), չի կարող անդամագրվել Հայաստանի Հանրապետության որևէ կուսակցության, չի կարող ընտրվել կամ նշանակվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պաշտոններում:
Փախստականը վճարում է հարկեր, տուրքեր և կատարում այլ պարտադիր վճարումներ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Փախստականն իր իրավունքներից ու ազատություններից օգտվելիս չպետք է վնաս հասցնի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, այլ անձանց օրինական շահերին, իրավունքներին ու ազատություններին, հասարակական կարգին, ընդհանուր բարեկեցությանը, Հայաստանի Հանրապետության անվտանգությանը:
Փախստականի կարգավիճակ ստացած անձը պարտավոր է պահպանել Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները:
Սույն օրենքով չնախատեսված այլ իրավունքների և պարտականությունների հարցում փախստականն օգտվում է օտարերկրյա քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իրավունքներից:
(18-րդ հոդվածը լրաց. 05.03.01 ՀՕ-152, 03.03.04 ՀՕ-49-Ն)
Հոդված 19. | Փախստականին տրված իրավունքների երաշխիքները |
Փախստականը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն տրված իրավունքներն ու ազատություններն իրականացնելիս օգտվում է Հայաստանի Հանրապետության հովանավորությունից ու գտնվում է նրա պաշտպանության ներքո:
Փախստականին իրավունք չունեն վտարել Հայաստանի Հանրապետությունից, բացի սույն օրենքով նախատեսված դեպքերից:
Փախստականին ձերբակալելու, կալանավորելու, քրեական պատասխանատվության ենթարկելու կամ Հայաստանի Հանրապետությունից նրա ելքն արգելելու դեպքում համապատասխան պաշտոնատար անձինք պարտավոր են ոչ ուշ, քան քսանչորս ժամվա ընթացքում, այդ մասին տեղեկացնել լիազորված մարմնին և Հայաստանի Հանրապետությունում Միավորված ազգերի կազմակերպության Փախստականների գերագույն հանձնակատարի ներկայացուցչին:
Փախստականը չի կարող վտարվել կամ որևէ կերպ վերադարձվել այն երկրի տարածք, որտեղ նրա կյանքին կամ ազատություններին վտանգ է սպառնում իր ռասայական, ազգային, կրոնական, որոշակի սոցիալական խմբի պատկանելության կամ քաղաքական համոզմունքների պատճառով:
Սույն հոդվածի 4-րդ մասի գործողությունը չի տարածվում այն փախստականի վրա, որը հիմնավոր պատճառներով վտանգավոր է համարվում Հայաստանի Հանրապետության անվտանգության համար կամ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված լինելով առանձնապես ծանր հանցագործության համար` վտանգ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը, հասարակական կարգին, քաղաքացիների իրավունքներին և ազատություններին:
(19-րդ հոդվածը խմբ., լրաց. 03.03.04 ՀՕ-49-Ն)
Գ Լ ՈՒ Խ VI
ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
Հոդված 20. | Փախստականի կարգավիճակի դադարեցման հիմքերը |
Անձը կորցնում է փախստականի կարգավիճակը, եթե`
ա) կամավոր կերպով կրկին ընդունել է այն երկրի պաշտպանությունը, որի քաղաքացին էր նա.
բ) կորցրած լինելով իր քաղաքացիությունը` կամավոր կերպով վերստանձնել է այն.
գ) ձեռք է բերել Հայաստանի Հանրապետության կամ որևէ պետության քաղաքացիություն և օգտվում է այն պետության պաշտպանությունից, որի քաղաքացին է դարձել.
դ) կամավոր կերպով վերահաստատվել է այն երկրում, որը լքել էր կամ որից մեկնել էր հալածանքի երկյուղի պատճառով.
ե) այլևս չի կարող մերժել այն երկրի պաշտպանությունը, որի քաղաքացին էր նա, որովհետև այն հանգամանքները, որոնց պատճառով նա ճանաչվել էր փախստական, դադարել են գոյություն ունենալ.
զ) լինելով քաղաքացիություն չունեցող անձ` ի վիճակի է վերադառնալ իր նախկին բնակության երկիրը, քանի որ այն հանգամանքները, որոնց պատճառով նա ճանաչվել էր փախստական, դադարել են գոյություն ունենալ.
է) (կետն ուժը կորցրել է 03.03.04 ՀՕ-49-Ն)
ը) (կետն ուժը կորցրել է 03.03.04 ՀՕ-49-Ն)
Փախստական երեխաները կորցնում են փախստականի կարգավիճակը, եթե օրենքով սահմանված կարգով նրանց ծնողները ձեռք են բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, կամ նրանց որդեգրում են Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա քաղաքացիները, բացառությամբ այն դեպքերի, երբ որդեգրողները քաղաքացիություն չունեցող անձինք են կամ Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ստացած օտարերկրյա քաղաքացիներ:
(20-րդ հոդվածը փոփ., խմբ. 03.03.04 ՀՕ-49-Ն)
Հոդված 21. | Փախստականի կարգավիճակից զրկելը |
Անձը զրկվում է փախստականի կարգավիճակից, եթե ի հատ են եկել հանգամանքներ, որոնք նախկինում հայտնի չեն եղել, և որոնք սահմանված են օրենքի 6 հոդվածով և հիմք են հանդիսանում անձին զրկելու փախստականի կարգավիճակից:
Գ Լ ՈՒ Խ VI.1
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ԿԱՄ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՊԱՍՏԱՆ ՏԱԼԸ
Հոդված 21.1. | Օտարերկրյա քաղաքացուն կամ քաղաքացիություն չունեցող անձին ժամանակավոր ապաստան տալու հիմքերը |
Օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձն իրավունք ունի դիմել լիազորված մարմին և ստանալ ժամանակավոր ապաստան՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Օտարերկրյա քաղաքացուն կամ քաղաքացիություն չունեցող անձին Հայաստանի Հանրապետությունում տրվում է ժամանակավոր ապաստան, եթե՝
ա) նրա տվյալները համապատասխանում են փախստական ճանաչվելու համար սույն օրենքով նախատեսված պահանջներին, սակայն գրավոր դիմում է լիազորված մարմին՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ժամանակավոր ապաստան ստանալու համար.
բ) նրա տվյալները չեն համապատասխանում փախստական ճանաչվելու համար սույն օրենքով նախատեսված պահանջներին, սակայն նա չի կարող կամ չի կամենում վերադառնալ իր քաղաքացիական պատկանելության կամ հիմնական բնակության վայրի պետություն՝ խոշտանգումների, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող այլ վերաբերմունքի ենթարկվելու վտանգի պատճառով, կամ եթե այդ պետությունում իր կյանքին կամ ազատությանը վտանգ է սպառնում զինված հակամարտությունների հետևանքով:
Ժամանակավոր ապաստանը տրվում է մեկ տարի ժամկետով: Ժամկետը լրանալուց հետո դա կարող է երկարաձգվել ժամանակավոր ապաստան տալու հիմքերի առկայության դեպքում:
Հոդված 21.2. | Ժամանակավոր ապաստան ստանալու դիմում ներկայացրած և ժամանակավոր ապաստան ստացած անձանց իրավունքները և պարտականությունները |
Ժամանակավոր ապաստան ստանալու համար լիազորված մարմին դիմում ներկայացրած անձինք ունեն փախստականի կարգավիճակ հայցողների համար սույն օրենքով սահմանված իրավունքները (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով միանվագ նպաստ ստանալու իրավունքի) և պարտականությունները:
Ժամանակավոր ապաստան ստացած անձինք ունեն փախստականի կարգավիճակ ստացած անձանց համար սույն օրենքով սահմանված իրավունքները (բացառությամբ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունքի) և պարտականությունները:
Հոդված 21.3. | Ժամանակավոր ապաստանը հաստատող փաստաթուղթը |
Ժամանակավոր ապաստան ստացած անձին լիազորված մարմինը տալիս է ժամանակավոր ապաստանի վկայական, որի տրման կարգը և նկարագիրը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Ժամանակավոր ապաստանի վկայականը հիմք է Հայաստանի Հանրապետության տարածքում անձի օրինական բնակության համար:
Հոդված 21.4. | Ժամանակավոր ապաստանի դադարեցումը և անձին ժամանակավոր ապաստանից զրկելը |
Ժամանակավոր ապաստանը դադարեցվում է, եթե՝
ա) դադարել են այն հանգամանքները, որոնք հիմք են անձին Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր ապաստան տալու համար.
բ) անձը Հայաստանի Հանրապետությունում ստացել է փախստականի կամ որևէ այլ օրինական կացության կարգավիճակ.
գ) անձը ձեռք է բերել Հայաստանի Հանրապետության կամ որևէ այլ օտարերկրյա պետության քաղաքացիություն.
դ) անձը մեկնել է մշտական բնակության Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս.
ե) լրացել է սույն օրենքի 21.1-ին հոդվածով սահմանված ժամկետը:
Անձը զրկվում է ժամանակավոր ապաստանից, եթե նա՝
ա) հաղորդել է ակնհայտ սխալ տեղեկություններ կամ ներկայացրել է կեղծ փաստաթղթեր, որոնք հիմք են հանդիսացել նրան ժամանակավոր ապաստանի իրավունք տալու համար.
բ) կարող է վնասել Հայաստանի Հանրապետության անվտանգությանը:
Հոդված 21.5. | Անձի վտարումը ժամանակավոր ապաստանը դադարեցվելու կամ անձին ժամանակավոր ապաստանից զրկելու դեպքում |
Ժամանակավոր ապաստանը դադարեցվելու կամ ժամանակավոր ապաստանից զրկվելու դեպքում անձը պարտավոր է իրավասու պետական մարմինների առաջարկով հնգօրյա ժամկետում մեկնել Հայաստանի Հանրապետության տարածքից, եթե չունի Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվելու այլ օրինական հիմքեր:
Անձը, որը հրաժարվում է սահմանված ժամկետում մեկնել Հայաստանի Հանրապետության տարածքից, ենթակա է վտարման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
(VI.1 գլուխը լրաց. 19.03.02 ՀՕ-314)
Գ Լ ՈՒ Խ VII
ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆԸ
Հոդված 22. | Փախստականների հարցերով զբաղվող լիազորված մարմնի իրավասությունը |
Հայաստանի Հանրապետության տարածքում անձին փախստականի կարգավիճակ տալու, մերժելու, դադարեցնելու, զրկելու իրավունքը վերապահվում է փախստականների հարցերով զբաղվող լիազորված պետական մարմնին:
Լիազորված մարմինը կազմակերպում է փախստականի կարգավիճակ հայցողի ընդունումը, տեղավորումը և սոցիալական պաշտպանվածության ապահովումը` սույն օրենքի պահանջներին համապատասխան և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Գ Լ ՈՒ Խ VIII
ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ
Հոդված 23. | Փախստականների կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ձեռքբերումը |
Փախստականները Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն են ձեռք բերում «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Պետական համապատասխան մարմիններն իրենց իրավասության շրջանակներում օժանդակում են փախստականներին` ձեռք բերելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն:
Գ Լ ՈՒ Խ IX
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ
Հոդված 24. | Պատասխանատվությունն օրենքի խախտման համար |
Սույն օրենքի պահանջները խախտող անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Գ Լ ՈՒ Խ X
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹ
⚖Հոդված 25. | 1988-1992 թվականներին Հայաստանի Հանրապետությունում բռնագաղթված անձանց մասին |
1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն բռնագաղթված և փախստականների հարցերով զբաղվող պետական մարմնում որպես փախստական հաշվառված անձինք հանդիսանում են փախստական` սույն օրենքի իմաստով:
(25-րդ հոդվածը խմբ. 03.03.04 ՀՕ-49-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
Երևան |