ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2001 թվականի հոկտեմբերի 24-ին
ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
ՀՈԴՎԱԾ 1. | ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ |
Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության կազմակերպման, ղեկավարման, այդպիսի ծառայության անցնելու և ծառայությունը դադարեցնելու, ծառայողական առաջխաղացման, դիվանագիտական աստիճաններ շնորհելու, դիվանագիտական ծառայություն իրականացնող անձանց իրավական վիճակի սահմանման, ծառայության ընթացքում ու դրանից հետո այդ անձանց և նրանց ընտանիքների անդամների սոցիալական երաշխիքների, դիվանագիտական ծառայության մարմինների ֆինանսավորման սկզբունքների, ինչպես նաև դիվանագիտական ծառայության հետ կապված այլ հարաբերություններ:
ՀՈԴՎԱԾ 2. | ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ |
1. Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների և դրանցում դիվանագիտական ծառայություն իրականացնող անձանց (այսուհետ` դիվանագետ) վրա:
2. Սույն օրենքի գործողությունը չի տարածվում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում քաղաքացիական ծառայողների, ինչպես նաև աշխատանքային պայմանագրով վարչատեխնիկական կամ սպասարկման գործառույթներ իրականացնող անձանց վրա:
Օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների վարչատեխնիկական կամ սպասարկման անձնակազմում օտարերկրյա քաղաքացիների կամ այդ պետության մշտական բնակիչներ համարվող` քաղաքացիություն չունեցող անձանց աշխատանքի ընդունելու դեպքում հաշվի են առնվում նաև տվյալ պետության օրենսդրության, ինչպես նաև այդ պետության հետ կնքված` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի համապատասխան պահանջները:
ՀՈԴՎԱԾ 3. | ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ և ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ |
1. Դիվանագիտական ծառայությունը մասնագիտական գործունեություն է, որը սույն օրենքի 5-րդ հոդվածում նշված մարմիններում կատարվում է` սույն օրենքով և այլ իրավական ակտերով այդ մարմիններին վերապահված խնդիրների լուծման ու գործառույթների իրականացման նպատակով:
Դիվանագիտական գործունեություն է համարվում Հայաստանի Հանրապետության Նախագահի և նրա աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության վարչապետի, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի, հանրապետական գործադիր մարմինների, Հայաստանի Հանրապետության հատուկ առաքելությունների, պատվիրակությունների, բանակցային խմբերի կողմից միջազգային հարաբերություններում և միջազգային կապերում սույն օրենքի 4-րդ հոդվածում նշված խնդիրների լուծմանն ուղղված գործունեությունը:
2. Դիվանագիտական ծառայությունը պետական ծառայության բաղկացուցիչ մասն է:
ՀՈԴՎԱԾ 4. | ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ |
Դիվանագիտական ծառայության խնդիրներն են` Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականություն իրականացնելը, միջազգային հարաբերություններում Հայաստանի Հանրապետության շահերը և իրավունքները պատշաճ ու հետևողական ներկայացնելը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելը:
ՀՈԴՎԱԾ 5. | ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ |
1. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններն են`
ա) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմը.
բ) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումները.
գ) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության` օտարերկրյա պետություններում գործող կառուցվածքային ստորաբաժանումները (օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմինները)`
- Հայաստանի Հանրապետության դեսպանությունները,
- միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությունները,
- Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկները:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված դիվանագիտական ծառայության մարմինները կազմում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համակարգը:
(5-րդ հոդվածը խմբ., փոփ. 11.06.04 ՀՕ-106-Ն)
ՀՈԴՎԱԾ 6. | ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ |
1. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և այլ իրավական ակտերով:
2. Դիվանագետների աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ, եթե դիվանագիտական ծառայության մասին օրենսդրությամբ այդ հարաբերությունները կարգավորող առանձնահատկություններ սահմանված չեն:
3. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված է սույն օրենքով, ապա կիրառվում են պայմանագրերի նորմերը:
Գ Լ ՈՒ Խ 2.
ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
ՀՈԴՎԱԾ 7. | ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ |
1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը Հայաստանի Հանրապետության Նախագահի ընդհանուր ղեկավարությամբ մշակում և իրականացնում է արտաքին գործերի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը, ինչպես նաև կազմակերպում և ղեկավարում է դիվանագիտական ծառայությունը` սույն օրենքով և այլ իրավական ակտերով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում:
2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գլխավորում է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը համակարգում է միջազգային հարաբերությունների և կապերի ոլորտում գործադիր իշխանության հանրապետական և տարածքային մարմինների գործունեությունը:
(7-րդ հոդվածը փոփ. 11.06.04 ՀՕ-106-Ն)
ՀՈԴՎԱԾ 8. | ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ |
1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ղեկավարում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը, իսկ նրա բացակայության դեպքում` արտաքին գործերի նախարարի տեղակալը:
2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը նշանակվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ նախատեսված կարգով:
3. Արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնը հայեցողական պաշտոն է: Արտաքին գործերի նախարարի տեղակալները նշանակվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
4. Գլխավոր քարտուղարը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ղեկավարն է և ապահովում է դիվանագիտական ծառայության շարունակականությունը: Գլխավոր քարտուղարի պաշտոնը դիվանագիտական ծառայության բարձրագույն պաշտոնն է:
Գլխավոր քարտուղարը նշանակվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
5. Արտաքին գործերի նախարարի տեղակալների և գլխավոր քարտուղարի իրավասությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կանոնադրությամբ, որը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(8-րդ հոդվածը խմբ. 11.06.04 ՀՕ-106-Ն)
ՀՈԴՎԱԾ 9. | ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆԸ |
1. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունը սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված կարգով օտարերկրյա պետությունում հավատարմագրված Հայաստանի Հանրապետության դեսպանությունն է և միջազգային կազմակերպությունում հավատարմագրված Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությունը:
Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունը սույն օրենքով և այլ իրավական ակտերով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում իրականացնում է պաշտոնական հարաբերություններ համապատասխան օտարերկրյա պետությունում և միջազգային կազմակերպությունում:
2. (2-րդ մասն ուժը կորցրել է 11.06.04 ՀՕ-106-Ն)
3. Օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դեսպանությունները և միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությունները գործում են իրենց կանոնադրությունների համաձայն, որոնք հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
4. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությանը կից կարող են գործել`
ա) Հայաստանի Հանրապետության այլ (ռազմական, առևտրական և այլ) ներկայացուցիչներ (կցորդներ) կամ ներկայացուցչություններ.
բ) նաև այլ` մասնագիտացած միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչներ կամ ներկայացուցչություններ:
Սույն մասի «ա» և «բ» կետերում նշված ներկայացուցիչները կամ ներկայացուցչությունները գործում են Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության ընդհանուր քաղաքական ղեկավարությամբ:
Սույն մասի «ա» և «բ» կետերում ներկայացուցիչների նշանակման, ինչպես նաև ներկայացուցչությունների գործունեության և կարգավիճակի հետ կապված հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով:
Սույն մասի «ա» և «բ» կետերում նշված ներկայացուցիչները և ներկայացուցչության անձնակազմը կարող են օգտվել դիվանագետների համար սահմանված իրավունքներից և արտոնություններից, որոնց շրջանակը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(9-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 11.06.04 ՀՕ-106-Ն)
ՀՈԴՎԱԾ 10. | ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՈՒՄԸ և ԼՈՒԾԱՐՈՒՄԸ |
1. Օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունն ստեղծվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով` Հայաստանի Հանրապետության և տվյալ օտարերկրյա պետության միջև նախնական համաձայնության հիման վրա:
Օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը կարող է լուծարվել Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով` տվյալ օտարերկրյա պետության հետ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական հարաբերությունները խզելու, ինչպես նաև դեսպանության պահպանումը որևէ պատճառով նպատակահարմար չլինելու դեպքերում:
Տվյալ պետության հետ դիվանագիտական կապերը վերականգնվելու կամ որևէ այլ պատճառով օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը լուծարելուց հետո դրա վերականգնման անհրաժեշտություն առաջանալու դեպքում օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության վերաբացումը կատարվում է սույն մասի առաջին պարբերությամբ սահմանված կարգով:
2. Միջազգային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությունն ստեղծվում և լուծարվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով` տվյալ միջազգային կազմակերպության հիմնադիր փաստաթղթերի կամ տվյալ միջազգային կազմակերպությունում ընդունված կարգի համաձայն:
3. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների ստեղծման և լուծարման կազմակերպական հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով:
4. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունները, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված կարգով և պայմաններով, կարող են միաժամանակ հավատարմագրվել մեկից ավելի օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում:
5. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունը, անհրաժեշտության դեպքում, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված կարգով և պայմաններով, կարող է որևէ օտարերկրյա պետության շահերը ներկայացնել օտարերկրյա այլ պետությունում կամ միջազգային կազմակերպությունում: Որևէ օտարերկրյա պետության դիվանագիտական ներկայացուցչությունը կարող է Հայաստանի Հանրապետության շահերը ներկայացնել այլ օտարերկրյա պետությունում կամ միջազգային կազմակերպությունում` ընդունող պետության կամ միջազգային կազմակերպության հետ նախնական համաձայնության դեպքում:
(10-րդ հոդվածը փոփ. 11.06.04 ՀՕ-106-Ն)
ՀՈԴՎԱԾ 11. | ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ |
1. Օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության խնդիրներն են`
ա) ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը համապատասխան օտարերկրյա պետությունում (այսուհետ` դեսպանընկալ պետություն) և ապահովել պաշտոնական հարաբերություններն այդ պետության հետ.
բ) խրախուսել և ամրապնդել Հայաստանի Հանրապետության ու դեսպանընկալ պետության միջև բարեկամական հարաբերությունները (ներառյալ` քաղաքական, տնտեսական, մշակութային, գիտական և այլ բնագավառներ), նպաստել փոխշահավետ կապերի զարգացմանը.
գ) պաշտպանել Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև նրա քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքները և օրինական շահերը դեսպանընկալ պետությունում.
դ) պարզաբանել Հայաստանի Հանրապետության արտաքին և ներքին քաղաքականությունը.
ե) նպաստել դեսպանընկալ պետության հետ կնքած միջազգային պայմանագրերի կատարմանը.
զ) վարել բանակցություններ դեսպանընկալ պետության իշխանությունների և այդ պետությունում հավատարմագրված դեսպանությունների ու միջազգային կազմակերպությունների հետ.
է) իրականացնել միջազգային իրավունքի նորմերի և Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն հյուպատոսական գործողություններ.
ը) օրինական միջոցներով հավաքել, մշակել ու Հայաստանի Հանրապետության իշխանություններին տրամադրել տեղեկություններ դեսպանընկալ պետությունում տեղի ունեցող իրադարձությունների, քաղաքական և տնտեսական իրավիճակի մասին.
թ) նպաստել Հայաստանի Հանրապետության և դեսպանընկալ պետության հայ համայնքի համակողմանի կապերի ամրապնդմանն ու զարգացմանը:
2. Միջազգային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչության խնդիրներն են`
ա) ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը համապատասխան միջազգային կազմակերպությունում և ապահովել պաշտոնական հարաբերություններ միջազգային կազմակերպության հետ, ինչպես նաև այդ միջազգային կազմակերպություններում օտարերկրյա պետությունների մշտական ներկայացուցչությունների հետ.
բ) պաշտպանել Հայաստանի Հանրապետության շահերը տվյալ միջազգային կազմակերպությունում.
գ) պարզաբանել Հայաստանի Հանրապետության արտաքին և ներքին քաղաքականությունը.
դ) նպաստել համապատասխան միջազգային կազմակերպության հետ կամ դրա շրջանակներում կնքած միջազգային պայմանագրերի կատարմանը.
ե) վարել բանակցություններ միջազգային կազմակերպության հետ, ինչպես նաև այդ միջազգային կազմակերպություններում օտարերկրյա պետությունների մշտական ներկայացուցչությունների հետ.
զ) օրինական միջոցներով հավաքել, մշակել և Հայաստանի Հանրապետության մարմիններին տրամադրել տեղեկություններ տվյալ միջազգային կազմակերպությունում տեղի ունեցող իրադարձությունների մասին:
3. Օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունները և միջազգային կազմակերպությունում մշտական ներկայացուցչություններն իրականացնում են Հայաստանի Հանրապետության օրենքներով և (կամ) միջազգային պայմանագրերով իրենց վերապահված այլ խնդիրներ:
(11-րդ հոդվածը փոփ., լրաց., խմբ. 11.06.04 ՀՕ-106-Ն)
ՀՈԴՎԱԾ 12. | ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ |
1. Դիվանագիտական ներկայացուցչության ղեկավար կարող է լինել Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը (այսուհետ` դեսպան) կամ գործերի հավատարմատարը` տվյալ պետության հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ինչպես նաև միջազգային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչը (այսուհետ` մշտական ներկայացուցիչ):
2. Դեսպանի, ինչպես նաև մշտական ներկայացուցչի պաշտոնները հայեցողական պաշտոններ են:
Դեսպանին և մշտական ներկայացուցչին նշանակում և ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:
Հայաստանի Հանրապետության գործերի հավատարմատարին նշանակում և ազատում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը:
3. Դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի ժամանակավոր բացակայության դեպքում նրա պարտականություններն ամբողջ ծավալով կատարում է Հայաստանի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատարը:
Հայաստանի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատարին նշանակում է տվյալ դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի համաձայնությամբ:
(12-րդ հոդվածը լրաց., խմբ. 11.06.04 ՀՕ-106-Ն)
ՀՈԴՎԱԾ 13. | ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ` ԻՐ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՍԿԻԶԲԸ և ԱՎԱՐՏԸ |
1. Դեսպանն իր պարտականությունների կատարմանն է անցնում դեսպանընկալ պետության ղեկավարին այդ պաշտոնում իր նշանակվելու մասին Հայաստանի Հանրապետության Նախագահի տված հավատարմագիրը հանձնելուց կամ այդ պետության արտաքին գործերի պետական մարմնի ղեկավարին իր ժամանման մասին ծանուցելուց և հավատարմագրի կրկնօրինակը նրան հանձնելուց հետո` դեսպանընկալ պետությունում ընդունված կարգի համաձայն:
2. Հայաստանի Հանրապետության գործերի հավատարմատարն իր պարտականությունների կատարմանն է անցնում այդ պաշտոնում իր նշանակվելու մասին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի նամակը դեսպանընկալ պետության արտաքին գործերի պետական մարմնի ղեկավարին հանձնելուց անմիջապես հետո կամ այդ պետությունում ընդունված կարգի համաձայն:
21. Մշտական ներկայացուցիչը իր պարտականությունների կատարմանն է անցնում միջազգային կազմակերպության ղեկավարին (գլխավոր քարտուղարին) իր նշանակման մասին նամակը հանձնելուց հետո:
3. Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի լիազորությունները դադարեցվում են հետևյալ դեպքերում.
ա) Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով.
բ) դեսպանընկալ պետության կողմից անցանկալի անձ (persona non grata) հայտարարվելու.
գ) իր գործառույթները կատարելու անհնարինության.
դ) միջազգային իրավունքի նորմերով նախատեսված այլ հանգամանքների առկայության.
ե) սույն օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «գ», «ե», «է», «ը», «ժ»-«ժգ» կետերում նշված հիմքերի առկայության դեպքերում:
Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականությունները դադարում են նրա մահվան դեպքում:
4. Մինչև դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի պաշտոնում նշանակվելը դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցրած անձը` դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի պաշտոնում իր պաշտոնավարության ավարտից հետո թափուր պաշտոնի առկայության դեպքում նշանակվում է դիվանագիտական ծառայության պաշտոնի` առանց մրցույթի:
Այն անձը, որը մինչև դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի պաշտոնում նշանակվելը դիվանագիտական ծառայության պաշտոն չի զբաղեցրել, դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի պաշտոնում իր պաշտոնավարության ավարտից հետո չի կարող նշանակվել դիվանագիտական ծառայության պաշտոնի, բացառությամբ արտաքին գործերի նախարարի համապատասխան որոշման:
(13-րդ հոդվածը փոփ., լրաց., խմբ. 11.06.04 ՀՕ-106-Ն)
ՀՈԴՎԱԾ 14. | ՀԱՏՈՒԿ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԴԵՍՊԱՆԸ և ՀԱՏՈՒԿ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
Միջազգային հարաբերություններում որոշակի խնդիրներ լուծելու նպատակով Հայաստանի Հանրապետության Նախագահը կարող է նշանակել հատուկ հանձնարարություններով դեսպան կամ ստեղծել հատուկ առաքելություններ, որոնց կազմում կարող են ընդգրկվել ինչպես դիվանագետներ, այնպես էլ այլ անձինք:
ՀՈԴՎԱԾ 15. | ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ և ԼՈՒԾԱՐՈՒՄԸ |
1. Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկն ստեղծվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով` Հայաստանի Հանրապետության և տվյալ օտարերկրյա պետության նախնական համաձայնության հիման վրա:
Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկը լուծարվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով:
2. Հյուպատոսական հիմնարկը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանում է, որն իր գործունեությամբ ենթակա և հաշվետու է նրան:
Հյուպատոսական հիմնարկը տվյալ օտարերկրյա պետությունում իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության դեսպանության անմիջական քաղաքական ղեկավարությամբ:
3. Հյուպատոսական հիմնարկի ստեղծման և լուծարման կազմակերպական հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով:
ՀՈԴՎԱԾ 16. | ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ |
Հյուպատոսական հիմնարկի ղեկավարի պաշտոնի նշանակման և պաշտոնից ազատման, ինչպես նաև հյուպատոսական հիմնարկների գործունեության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են հյուպատոսական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
Գ Լ ՈՒ Խ 3.
ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԸ
ՀՈԴՎԱԾ 17. | ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ |
(վերնագիրը խմբ. 11.06.04 ՀՕ-106-Ն)
1. Դիվանագիտական պաշտոնները դասակարգվում են ըստ դիվանագիտական հայեցողական պաշտոնների և դիվանագիտական ծառայության պաշտոնների:
2. Դիվանագիտական հայեցողական պաշտոններն են`
ա) արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնը.
բ) արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը.
գ) միջազգային կազմակերպությունում մշտական ներկայացուցչի պաշտոնը.
դ) արտաքին գործերի նախարարի խորհրդականի պաշտոնը.
ե) արտաքին գործերի նախարարի մամլո քարտուղարի պաշտոնը.
զ) արտաքին գործերի նախարարի օգնականի պաշտոնը:
3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված պաշտոնները համարվում են դիվանագիտական պաշտոններ, եթե այդ պաշտոններում նշանակված անձինք ունեն սույն օրենքին համապատասխան շնորհված դիվանագիտական աստիճան:
4. Դիվանագիտական ծառայության պաշտոններն են`
ա) արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնը.
բ) արտաքին գործերի նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը.
գ) արտաքին գործերի նախարարության աշխատակազմի վարչության պետի (կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի) պաշտոնը.
դ) արտաքին գործերի նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանման ղեկավարի տեղակալի պաշտոնը.
ե) արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի պաշտոնը.
զ) գործերի հավատարմատարի պաշտոնը.
է) գլխավոր հյուպատոսի պաշտոնը.
ը) խորհրդականի պաշտոնը.
թ) հյուպատոսի պաշտոնը.
ժ) փոխհյուպատոսի պաշտոնը.
ժա) հյուպատոսական գործակալության ղեկավարի պաշտոնը.
ժբ) բաժնի վարիչի (պետի) պաշտոնը.
ժգ) առաջին քարտուղարի պաշտոնը.
ժդ) երկրորդ քարտուղարի պաշտոնը.
ժե) երրորդ քարտուղարի պաշտոնը.
ժզ) կցորդի պաշտոնը:
5. Սույն հոդվածի 4-րդ մասի «ա» և «բ» կետերում նշված պաշտոններ զբաղեցնող անձանց վրա չեն տարածվում սույն օրենքով սահմանված մրցույթի, ատեստավորման, վերապատրաստման, նշանակման և ազատման հետ կապված նորմերը:
(17-րդ հոդվածը լրաց. 19.11.02 ՀՕ-445-Ն, խմբ. 11.06.04 ՀՕ-106-Ն)
ՀՈԴՎԱԾ 18. | ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԸ |
1. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական աստիճանները հատուկ դասային աստիճաններ են, որոնք դիվանագետներին շնորհվում են դիվանագիտական ծառայության անցնելիս և ծառայության ընթացքում: Դիվանագիտական աստիճանները բնութագրում են մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին համապատասխանող որակավորումը:
2. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական աստիճանները լինում են բարձրագույն դիվանագիտական և դիվանագիտական:
Հայաստանի Հանրապետության բարձրագույն դիվանագիտական աստիճաններն են`
ա) Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի աստիճանը.
բ) Հայաստանի Հանրապետության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի աստիճանը:
Հայաստանի Հանրապետության դիվանագիտական աստիճաններն են`
ա) առաջին դասի խորհրդականի աստիճանը.
բ) երկրորդ դասի խորհրդականի աստիճանը.
գ) առաջին դասի առաջին քարտուղարի աստիճանը.
դ) երկրորդ դասի առաջին քարտուղարի աստիճանը.
ե) երկրորդ քարտուղարի աստիճանը.
զ) երրորդ քարտուղարի աստիճանը.
է) կցորդի աստիճանը:
ՀՈԴՎԱԾ 19. | ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ և ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԻ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ |
Դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնելու համար նվազագույն դիվանագիտական աստիճանները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(19-րդ հոդվածը խմբ. 11.06.04 ՀՕ-106-Ն)
ՀՈԴՎԱԾ 20. | ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ և դրանցից զրկելու ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻՆՔ |
(վերնագիրը լրաց. 11.06.04 ՀՕ-106-Ն)
1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դիվանագիտական աստիճանները շնորհում և դրանցից զրկում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:
2. Հայաստանի Հանրապետության այլ դիվանագիտական աստիճանները շնորհում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը` արտաքին գործերի նախարարության մրցութային-ատեստավորող հանձնաժողովի եզրակացության հիման վրա:
(20-րդ հոդվածը լրաց. 11.06.04 ՀՕ-106-Ն)
ՀՈԴՎԱԾ 21. | ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՇՆՈՐՀՈՒՄԸ |
1. Կցորդի դիվանագիտական աստիճանը շնորհվում է սույն օրենքով սահմանված փորձաշրջանը հաջողությամբ անցած անձին:
2. Հերթական դիվանագիտական աստիճանը շնորհվում է, երբ դիվանագետը համապատասխանաբար ավելի ցածր դիվանագիտական աստիճանով ծառայել է հետևյալ ժամկետներում.
ա) կցորդ, երրորդ քարտուղար, երկրորդ քարտուղար` առնվազն 3 տարի.
բ) երկրորդ դասի առաջին քարտուղար, առաջին դասի առաջին քարտուղար, երկրորդ դասի խորհրդական, առաջին դասի խորհրդական` առնվազն 2 տարի:
3. Սույն օրենքի 35-րդ հոդվածով նախատեսված դեպքերում կարող է արտահերթ դիվանագիտական աստիճան կամ հերթական դիվանագիտական աստիճան շնորհվել սույն հոդվածի երկրորդ կետում նշված ժամկետից շուտ` արտահերթ ատեստավորումից հետո:
4. Դիվանագիտական աստիճանի արտահերթ կամ ժամկետից շուտ շնորհումը կարող է իրականացվել ծառայության ընթացքում ոչ ավելի, քան երկու անգամ:
5. Սույն օրենքի 26-րդ հոդվածով նախատեսված թափուր պաշտոն զբաղեցնելու կրկնակի ներքին մրցույթով թեկնածու չընտրվելու դեպքում արտաքին մրցույթով անցած անձին շնորհվում է տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար անհրաժեշտ նվազագույն դիվանագիտական աստիճանը:
(21-րդ հոդվածը խմբ. 11.06.04 ՀՕ-106-Ն)
ՀՈԴՎԱԾ 22. | ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ |
1. Բարձրագույն դիվանագիտական աստիճանները շնորհվում են ցմահ:
2. Դիվանագիտական աստիճաններ ունեցող անձինք պահպանում են այդ աստիճանները Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համակարգից կենսաթոշակի անցնելու դեպքում:
3. Սույն օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «գ», «զ», «է», «ը» կետերի համաձայն` դիվանագիտական ծառայությունից ազատված դիվանագետների աստիճանները վերականգնվում են մրցութային-ատեստավորող հանձնաժողովի դրական եզրակացության հիման վրա դիվանագետի` համապատասխան պաշտոնով նորից դիվանագիտական ծառայության անցնելու դեպքում:
Դիվանագիտական աստիճանի վերականգնման դեպքում հերթական դիվանագիտական աստիճանը շնորհվում է սույն օրենքի 21-րդ հոդվածով սահմանված ժամկետների պահպանմամբ:
(22-րդ հոդվածը փոփ., լրաց. 11.06.04 ՀՕ-106-Ն)
ՀՈԴՎԱԾ 23. | ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆԻՑ ԶՐԿԵԼԸ |
Սույն օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի «բ», «ե», «թ»-«ժդ» կետերում սահմանված հիմքերով դիվանագիտական ծառայությունից ազատվելու դեպքում Հայաստանի Հանրապետության Նախագահը և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը ազատված անձանց զրկում են շնորհած դիվանագիտական աստիճաններից:
(23-րդ հոդվածը փոփ. 11.06.04 ՀՕ-106-Ն)
Գ Լ ՈՒ Խ 4.
ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻՆ ՆՇԱՆԱԿՎԵԼԸ
ՀՈԴՎԱԾ 24. | ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻՆՔ |
Դիվանագիտական ծառայության պաշտոնի նշանակվելու իրավունք ունի միայն Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, ով տիրապետում է հայերենին, առնվազն երկու օտար լեզվի, ունի բարձրագույն կրթություն և բավարարում է արտաքին գործերի նախարարության հաստատած` համապատասխան պաշտոնի նկարագրի պահանջները:
Դիվանագիտական ծառայության պաշտոնի նշանակվելու համար անհրաժեշտ մասնագիտությունների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
ՀՈԴՎԱԾ 25. | ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ |
Դիվանագիտական ծառայության պաշտոնի չեն կարող նշանակվել այն անձինք, ովքեր`
ա) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ են ճանաչվել.
բ) դատական կարգով զրկվել են որոշակի պաշտոն զբաղեցնելու իրավունքից.
գ) տառապում են այնպիսի հիվանդությամբ, որը ծառայության ընթացքում կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունների և լիազորությունների իրականացմանը: Այդ հիվանդությունների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
դ) դատապարտվել են հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով չի հանվել կամ չի մարվել:
ՀՈԴՎԱԾ 26. | ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՄՐՑՈՒՅԹԸ |
1. Դիվանագիտական ծառայության թափուր պաշտոնի առկայության դեպքում, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի, այդ պաշտոնն զբաղեցվում է արտաքին կամ ներքին մրցույթով, որի անցկացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
2. Արտաքին մրցույթ անցկացվում է միայն կցորդի թափուր պաշտոնն զբաղեցնելու, ինչպես նաև սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված կրկնակի ներքին մրցույթով թափուր պաշտոնը չհամալրվելու դեպքում:
Արտաքին մրցույթ անցկացնելու մասին մրցութային-ատեստավորող հանձնաժողովի հայտարարությունը հրապարակվում է մրցույթն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ` առնվազն հազար տպաքանակ ունեցող մամուլով և զանգվածային լրատվության այլ միջոցներով:
3. Ներքին մրցույթին մասնակցել կարող են միայն այն դիվանագետները, ովքեր ունեն տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար անհրաժեշտ դիվանագիտական աստիճան:
Ներքին մրցույթ անցկացնելու մասին սույն օրենքով նախատեսված մրցութային-ատեստավորող հանձնաժողովի հայտարարությունը հայտարարվում է մրցույթն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ:
Ներքին մրցույթով հաղթող չճանաչվելու կամ ներքին մրցույթ չկայանալու դեպքում հայտարարվում է կրկնակի մրցույթ` առավելագույնը վեց ամիս հետո: Այդ ընթացքում նշանակվում է ժամանակավոր պաշտոնակատար:
4. Մրցույթի արդյունքները հայտարարվում են մրցույթն անցկացնելուց հետո` եռօրյա ժամկետում:
5. Մրցույթի արդյունքները հայտարարելուց հետո` եռօրյա ժամկետում, մրցութային-ատեստավորող հանձնաժողովը մրցույթով ընտրված մասնակցի (մասնակիցների) վերաբերյալ արտաքին գործերի նախարարին տալիս է եզրակացություն:
6. Պաշտոնի չնշանակված արտաքին մրցույթով ընտրված անձը, սույն օրենքի 36-րդ հոդվածի համաձայն, ընդգրկվում է դիվանագիտական ծառայության կադրերի ռեզերվում:
(26-րդ հոդվածը խմբ. 11.06.04 ՀՕ-106-Ն)
ՀՈԴՎԱԾ 27. | ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ |
1. Մրցույթով անցած անձը դիվանագիտական ծառայության պաշտոնում նշանակվում է անժամկետ:
2. Դիվանագիտական ծառայության պաշտոնում նշանակվելու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Դիվանագիտական ծառայության պաշտոնի նշանակումը կատարվում է արտաքին գործերի նախարարի` մրցութային-ատեստավորող հանձնաժողովի եզրակացությունն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում:
4. Օրենքով նախատեսված դեպքերում դիվանագիտական ծառայության պաշտոնում նշանակումը կարող է կատարվել նաև առանց մրցույթի:
5. Սույն օրենքի 28-րդ հոդվածում նախատեսված փորձաշրջանի անբավարար արդյունքի դեպքում տվյալ դիվանագիտական ծառայության պաշտոնին է նշանակվում սույն օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետում նշված անձը, եթե նշված ժամկետում տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար սույն օրենքով սահմանված այլ հիմքեր չեն առաջացել:
(27-րդ հոդվածը լրաց. 11.04.03 ՀՕ-533-Ն, փոփ., լրաց. 11.06.04 ՀՕ-106-Ն)
ՀՈԴՎԱԾ 28. | ՓՈՐՁԱՇՐՋԱՆԸ |
1. Արտաքին մրցույթով առաջին անգամ դիվանագիտական ծառայության պաշտոնի նշանակվող անձը նշանակվում է մինչև վեց ամիս փորձաշրջանով: Փորձաշրջանի անցկացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
2. Փորձաշրջանի անբավարար արդյունքի դեպքում փորձաշրջան անցնող անձին այդ մասին հայտնվում է գրավոր:
ՀՈԴՎԱԾ 29. | ԴԻՎԱՆԱԳԵՏ ՀԱՄԱՐՎԵԼԸ |
Դիվանագետ է համարվում դիվանագիտական աստիճան ունեցող անձը:
Արտաքին մրցույթով առաջին անգամ դիվանագիտական ծառայության պաշտոնի նշանակված անձը դիվանագետ է համարվում, երբ նրան շնորհվում է համապատասխան դիվանագիտական աստիճան, և տալիս է դիվանագետի երդումը:
(29-րդ հոդվածը խմբ. 11.06.04 ՀՕ-106-Ն)
ՀՈԴՎԱԾ 30. | ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ԵՐԴՈՒՄԸ |
Առաջին անգամ դիվանագիտական ծառայության պաշտոնի նշանակվող անձը մրցութային-ատեստավորող հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի ներկայությամբ տալիս է հետևյալ բովանդակությամբ երդում.
«Ստանձնելով Հայաստանի Հանրապետության դիվանագետի պաշտոնը` հանդիսավոր երդվում եմ հավատարմորեն ծառայել Հայաստանի Հանրապետությանը և հայ ժողովրդին, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, արժանապատվորեն կրել դիվանագետի բարձր կոչումը»:
Դիվանագետն ստորագրում է երդման տեքստը, և նրան հանդիսավորությամբ շնորհվում է Հայաստանի Հանրապետության դիվանագետի վկայական:
Գ Լ ՈՒ Խ 5.
ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔԸ
ՀՈԴՎԱԾ 31. | ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔԸ |
1. Դիվանագետի ծառայությունն սկսվում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմում կամ աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումում:
Չի թույլատրվում առաջին անգամ դիվանագիտական ծառայության պաշտոնի նշանակվող անձի նշանակումն անմիջապես օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնում:
2. Դիվանագետի ծառայությունն ընթանում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմում կամ առանձնացված ստորաբաժանումում և օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնում իրար հաջորդող երկու տարի տևող աշխատանքային փուլերով:
Անհրաժեշտության դեպքում երկամյա ժամկետը կարող է երկարաձգվել, սակայն մեկ տարուց ոչ ավելի ժամկետով:
3. Օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնում դիվանագետի ծառայությունը կարող է վաղաժամկետ դադարեցվել`
ա) անձնական դիմումի համաձայն.
բ) դեսպանընկալ պետության կողմից անցանկալի անձ (persona non grata) հայտարարվելու դեպքում.
գ) իր գործառույթները կատարելու անհնարինության դեպքում.
դ) միջազգային իրավունքի նորմերով նախատեսված այլ հանգամանքների առկայության դեպքում:
(31-րդ հոդվածը խմբ. 11.06.04 ՀՕ-106-Ն)
ՀՈԴՎԱԾ 32. | ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ՏԵՂԱՓՈԽՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՑ ԿԱՄ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄԻՑ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆ |
(վերնագիրը խմբ. 11.06.04 ՀՕ-106-Ն)
1. Դիվանագետին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմից կամ աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումից օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմին տեղափոխելիս (տեղափոխում) հաշվի է առնվում դիվանագետի դիվանագիտական աստիճանը:
2. Տեղափոխումն իրականացվում է կամ հավասարազոր պաշտոնների միջև (ռոտացիա)` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, կամ ավելի բարձր պաշտոնի` սույն օրենքով նախատեսված ներքին մրցույթի հիման վրա:
3. Օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնում աշխատանքային փուլի ժամկետը լրանալուց անմիջապես հետո չի թույլատրվում դիվանագետի նոր նշանակումը մեկ այլ օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնում: Անհրաժեշտության դեպքում, դիվանագետի համաձայնությամբ, թույլատրվում է դիվանագետի տեղափոխումը օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության այլ մարմին ոչ պակաս, քան մեկ տարի ժամկետով, պայմանով, որ պահպանվի սույն օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասում նշված ժամկետային սահմանափակումը:
(32-րդ հոդվածը խմբ. 11.06.04 ՀՕ-106-Ն)
ՀՈԴՎԱԾ 33. | ԳՈՐԾՈՒՂՈՒՄԸ |
(վերնագիրը խմբ. 11.06.04 ՀՕ-106-Ն)
1. Դիվանագետը, իր համաձայնությամբ, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից կարող է գործուղվել Հայաստանի Հանրապետության համապատասխան պետական մարմին` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և տվյալ պետական մարմնի միջև պայմանավորվածության համաձայն:
Այդ դեպքում դիվանագետը պահպանում է իր դիվանագիտական աստիճանը, օգտվում է դիվանագետի համար սահմանված իրավունքներից, կարող է ընդհանուր հիմունքներով ստանալ հաջորդ դիվանագիտական աստիճանը և մասնակցել թափուր պաշտոնի համար հայտարարված ներքին մրցույթին:
Գործուղման ժամկետը մտցվում է դիվանագիտական ծառայության ստաժի մեջ:
Դիվանագետի գործուղման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
2. Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմիններից համապատասխան ծառայողներ կարող են գործուղվել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և դեպքերում:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից պետական մարմիններ և Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմիններից Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն գործուղման դեպքում դիվանագիտական ծառայության և քաղաքացիական ծառայության կամ այլ ծառայությունների հավասարազոր պաշտոնների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(33-րդ հոդվածը խմբ. 11.06.04 ՀՕ-106-Ն)
ՀՈԴՎԱԾ 34. | ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ |
1. Ատեստավորումն իրականացվում է զբաղեցրած պաշտոնին դիվանագետի` համապատասխանությունը որոշելու և աստիճանային առաջխաղացումն ապահովելու նպատակով:
2. (2-րդ մասն ուժը կորցրել է 11.06.04 ՀՕ-106-Ն)
3. Դիվանագետների ատեստավորումն անցկացվում է սույն օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասում նշված ժամկետները լրանալուց հետո` մեկ տարվա ընթացքում:
4. (4-րդ մասն ուժը կորցրել է 11.06.04 ՀՕ-106-Ն)
5. Դիվանագետի արտահերթ ատեստավորումն անցկացվում է հերթական ատեստավորումից առնվազն մեկ տարի հետո` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հրամանի հիման վրա, պաշտոնի նկարագիրը փոփոխվելու դեպքում կամ դիվանագետի ցանկությամբ:
6. Ատեստավորումն անցկացվում է դիվանագետի պարտադիր մասնակցությամբ:
7. Դիվանագետի ատեստավորումն անցկացնելու կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(34-րդ հոդվածը փոփ., խմբ. 11.06.04 ՀՕ-106-Ն)
ՀՈԴՎԱԾ 35. | ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ |
1. Դիվանագետի վերապատրաստումն անցկացվում է դիվանագետի ատեստավորման արդյունքների հիման վրա:
2. Դիվանագետի վերապատրաստման հետ կապված ծախսերը կատարվում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության` պետական բյուջեով հաստատված միջոցների հաշվին, օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների միջոցների հաշվին` նրանց հրավերով, ինչպես նաև օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:
3. Վերապատրաստման նպատակով վեց ամսից ավելի ժամկետով ուսման մեկնելու դեպքում ուսման մեկնող դիվանագետի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև կնքվում է պայմանագիր, որի համաձայն ուսման մեկնողը պարտավորվում է ուսման ավարտից հետո` առնվազն երեք տարի, աշխատել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համակարգում: Նշված պայմանը խախտելու դեպքում նա պարտավոր է փոխհատուցել ուսման ծախսերը:
(35-րդ հոդվածը խմբ. 11.06.04 ՀՕ-106-Ն)
ՀՈԴՎԱԾ 36. | ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎԸ |
1. Դիվանագիտական ծառայության կադրերի ռեզերվում գրանցվում են այն դիվանագետները, ովքեր ազատվել են աշխատանքից հետևյալ հիմքերով.
ա) միջազգային կազմակերպություններում, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համաձայնությամբ, որպես միջազգային ծառայողներ աշխատանքի անցնելու կապակցությամբ, միջազգային կազմակերպությունում պաշտոնավարության ավարտից հետո.
բ) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համաձայնությամբ` մեկ տարուց ավելի ուսանելու կամ գիտական գործունեությամբ զբաղվելու կապակցությամբ.
գ) սույն օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետում նշված պաշտոններում պաշտոնավարության ավարտից հետո.
դ) սույն օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի «զ» և «ը» կետերում նախատեսված դեպքերում.
ե) իրենց դիվանագետ ամուսինների հետ օտարերկրյա պետություն մեկնելու պատճառով` օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնում վերջիններիս ծառայելու կապակցությամբ` ամուսնու ծառայության ավարտից հետո:
2. Կադրերի ռեզերվում գրանցվում են նաև`
ա) սույն օրենքի 31-րդ հոդվածի 3-րդ մասում նշված դիվանագետները.
բ) դիվանագիտական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացված արտաքին մրցույթում հաղթող ճանաչված, սակայն պաշտոնի չնշանակված անձինք:
3. Դիվանագիտական ծառայության կադրերի ռեզերվում գտնվելու ժամկետը մեկ տարի է: Կադրերի ռեզերվում գտնվելն իրավունք է տալիս դիվանագետին թափուր պաշտոնի առկայության դեպքում վերականգնվել դիվանագիտական ծառայությունում` սույն օրենքի 26-րդ հոդվածում նախատեսված ներքին մրցույթով:
4. Կադրերի ռեզերվում գտնվելու ժամկետը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասի «բ» կետում նշված դեպքի, հաշվարկվում է դիվանագիտական ծառայության ստաժի մեջ:
5. Կադրերի ռեզերվում դիվանագետներին գրանցելու և ռեզերվից հանելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(36-րդ հոդվածը խմբ. 11.06.04 ՀՕ-106-Ն)
Գ Լ ՈՒ Խ 6.
ՄՐՑՈՒԹԱՅԻՆ-ԱՏԵՍՏԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ
ՀՈԴՎԱԾ 37. | ՄՐՑՈՒԹԱՅԻՆ-ԱՏԵՍՏԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ և ԿԱԶՄԸ |
Դիվանագիտական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի և ատեստավորում անցկացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում ստեղծվում է մրցութային-ատեստավորող հանձնաժողով:
Մրցութային-ատեստավորող հանձնաժողովում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները: Մրցութային-ատեստավորող հանձնաժողովի կազմում կարող են ընդգրկվել նաև միջազգային հարաբերությունների բնագավառի գիտական աշխատողներ:
Մրցութային-ատեստավորող հանձնաժողովի կազմը և աշխատակարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը:
Գ Լ ՈՒ Խ 7.
ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՈՒՄԸ, ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
ՀՈԴՎԱԾ 38. | ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ԽՐԱԽՈՒՍԱՆՔԻ ՄԻՋՈՑՆԵՐԸ |
1. Ծառայողական պարտականությունները, հատուկ առաջադրանքները լավագույնս կատարելու, երկարամյա ծառայության, անբասիր աշխատանքի, ծառայության մեջ ունեցած նվաճումների համար դիվանագետների նկատմամբ կարող են կիրառվել խրախուսանքի հետևյալ միջոցները.
ա) շնորհակալության հայտարարում.
բ) միանվագ դրամական պարգևատրում.
գ) հուշանվերով պարգևատրում.
դ) լրացուցիչ վճարովի արձակուրդի տրամադրում.
ե) օրենքով սահմանված կարգով աշխատավարձի բարձրացում.
զ) կարգապահական տույժի հանում:
Դիվանագետների նկատմամբ կարող են կիրառվել օրենքով սահմանված խրախուսանքի այլ միջոցներ:
2. Խրախուսանքի միջոցներ կիրառում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը:
Օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնի ղեկավարը կիրառում է սույն հոդվածի 1-ին մասի «ա»-«գ» կետերում նշված խրախուսանքի միջոցները` այդ մասին անհապաղ տեղեկացնելով արտաքին գործերի նախարարությանը:
(38-րդ հոդվածը լրաց., խմբ. 11.06.04 ՀՕ-106-Ն)
ՀՈԴՎԱԾ 39. | ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԵՐԸ |
1. Ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու կամ անպատշաճ կատարելու, ծառայողական լիազորությունները գերազանցելու, աշխատանքային կարգապահության կանոնները և դիվանագիտական էթիկան խախտելու դեպքում դիվանագետի նկատմամբ սույն օրենքով սահմանված կարգով կիրառվում են հետևյալ կարգապահական տույժերը.
ա) նախազգուշացում.
բ) նկատողություն.
գ) խիստ նկատողություն.
դ) օրենքով սահմանված կարգով աշխատավարձի իջեցում (մինչև երեք ամիս ժամկետով):
2. Կարգապահական տույժերը կիրառում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը:
Օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարները կիրառում են սույն հոդվածի 1-ին մասի «ա»-«գ» կետերում նշված կարգապահական տույժերը` այդ մասին անհապաղ տեղեկացնելով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին:
3. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի նկատմամբ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը կիրառում է միայն սույն հոդվածի 1-ին մասի «ա»-«գ» կետերում նշված տույժերը:
(39-րդ հոդվածը խմբ., փոփ. 11.06.04 ՀՕ-106-Ն)
ՀՈԴՎԱԾ 40. | ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ |
1. Դիվանագետն զբաղեցրած պաշտոնից ազատվում է հետևյալ դեպքերում.
ա) անձնական դիմում ներկայացնելիս.
բ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելիս.
գ) օրենքով սահմանված քաղաքական կամ հայեցողական պաշտոններում ընտրվելիս կամ նշանակվելիս.
դ) դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնելու համար` սույն օրենքով սահմանված առավելագույն տարիքը լրանալիս.
ե) սույն օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի «բ»-«դ» կետերով նախատեսված կարգապահական տույժերից որևէ մեկը մեկ տարվա ընթացքում կրկին կիրառելիս.
զ) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով մեկ տարվա ընթացքում ավելի քան վեց ամիս աշխատանքի չներկայանալիս (չհաշված հղիության և ծննդաբերության արձակուրդը).
է) սույն օրենքի 25-րդ հոդվածի «գ» ենթակետով նախատեսված հիվանդություններից որևէ մեկով հիվանդանալիս.
ը) հաստիքները կրճատվելիս և (կամ) դիվանագիտական ծառայության մարմինը լուծարվելիս.
թ) ատեստավորման հետևանքով զբաղեցրած պաշտոնին անհամապատասխանությունը որոշելիս.
ժ) սույն օրենքի 44-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումները խախտելիս.
ժա) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտվելիս.
ժբ) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելիս.
ժգ) դատական կարգով դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկվելիս:
2. Դիվանագետի պարտականությունները դադարում են նրա մահվան դեպքում:
3. Սույն հոդվածի 1-ին մասի «զ» և «թ» կետերով նախատեսված հիմքերով զբաղեցրած պաշտոնից ազատվել չեն կարող հղի և մինչև երեք տարեկան երեխա խնամող դիվանագետները:
4. Դիվանագիտական ծառայության պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը:
(40-րդ հոդվածը փոփ. 11.06.04 ՀՕ-106-Ն)
ՀՈԴՎԱԾ 41. | ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՏԱՐԻՔԸ |
1. Դիվանագիտական ծառայության պաշտոնում պաշտոնավարման առավելագույն տարիքը 65 տարին է:
2. Դիվանագիտական ծառայության պաշտոնում պաշտոնավարության առավելագույն տարիքը լրանալու դեպքում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հրամանով դիվանագետը կարող է մինչև երեք տարի ժամկետով շարունակել պաշտոնավարել:
Գ Լ ՈՒ Խ 8.
ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀՈԴՎԱԾ 42. | ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ |
Դիվանագետի հիմնական իրավունքներն են`
ա) զբաղեցրած պաշտոնում իր իրավունքները և պարտականությունները սահմանող իրավական ակտերին ծանոթանալը.
բ) իր անձնական գործի բոլոր նյութերին, իր գործունեության բոլոր գնահատականներին և այլ փաստաթղթերին ծանոթանալն ու բացատրություններ ներկայացնելը.
գ) ծառայողական պարտականությունների կատարման համար սահմանված կարգով անհրաժեշտ տեղեկություններ և նյութեր ստանալը.
դ) իր լիազորությունների շրջանակներում որոշումներ ընդունելը (անհրաժեշտության դեպքում` խորհրդակցելով անմիջական ղեկավարի հետ) և հարցերի քննարկումներին մասնակցելը.
ե) աշխատանքի, աշխատավարձի, առողջության պաշտպանությունը, անվտանգ և անհրաժեշտ աշխատանքային պայմաններով ապահովվածությունը.
զ) սոցիալական ապահովությունը.
է) սահմանված կարգով դիվանագիտական աստիճանի բարձրացումը.
ը) վերապատրաստումը.
թ) մրցույթի և ատեստավորման արդյունքները բողոքարկելը, այդ թվում` դատական կարգով.
ժ) դիվանագիտական ծառայության կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը:
Դիվանագետն ունի սույն օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ:
ՀՈԴՎԱԾ 43. | ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
Դիվանագետի հիմնական պարտականություններն են`
ա) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների և այլ իրավական ակտերի պահանջները կատարելը.
բ) մասնագիտական և այլ անհրաժեշտ գիտելիքներ ապահովելը.
գ) օրենսդրությամբ իրեն վերապահված պարտականությունները ճշգրիտ և ժամանակին կատարելը.
դ) ղեկավար անձանց` իրենց լիազորությունների շրջանակներում և սահմանված կարգով տրված հանձնարարականներն ու ընդունած որոշումները կատարելը.
ե) մարդու և քաղաքացու իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությունն ապահովելը.
զ) արտաքին գործերի նախարարության հաստատած` աշխատանքային կարգապահության կանոնների պահպանումը.
է) իր լիազորությունների շրջանակներում առաջարկություններ, դիմումներ և բողոքներ քննության առնելն ու օրենսդրությամբ սահմանված կարգով դրանց ընթացք տալը.
ը) պետական, ծառայողական և օրենքով պահպանվող այլ գաղտնիքն օրենքով սահմանված կարգով պահպանելը, այդ թվում` դիվանագիտական ծառայության պաշտոնից ազատվելուց հետո` օրենքով նախատեսված ժամկետի ընթացքում.
թ) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` դիվանագետի էթիկայի կանոնները պահպանելը.
ժ) իր եկամուտների հայտարարագիրը ներկայացնելը` օրենքով սահմանված կարգով:
Դիվանագետն ունի նաև օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված այլ պարտականություններ:
ՀՈԴՎԱԾ 44. | ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ |
1. Դիվանագետն իրավունք չունի`
ա) կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից.
բ) անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ.
գ) իր ծառայողական դիրքը, աշխատանքային միջոցներն օգտագործել կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների (այդ թվում` կրոնական միավորումների) շահերի համար, այլ քաղաքական կամ կրոնական գործունեություն իրականացնելու համար.
դ) խախտել պետական, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող փաստաթղթերի հետ աշխատելու` օրենսդրությամբ սահմանված պահանջները, այդ թվում` հրաժարվել գաղտնիքին առնչվելու թույլտվության ձևակերպման սահմանված ընթացակարգն անցնելը.
ե) ստանալ հոնորար իր ծառայողական պարտականությունների կատարումից բխող` իր նախապատրաստած հրապարակումների կամ ելույթների համար.
զ) ոչ ծառայողական նպատակներով օգտագործել դիվանագիտական ծառայության մարմնի նյութատեխնիկական, ֆինանսական և տեղեկատվական միջոցները, պետական այլ գույքն ու ծառայողական տեղեկատվությունը.
է) իր ծառայողական պարտականությունների համար այլ անձանցից ընդունել նվերներ, գումարներ կամ ծառայություններ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի:
2. Դիվանագետին արգելվում է համատեղ աշխատել մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, վերջինիս զավակ, եղբայր և քույր) հետ, եթե նրանց ծառայությունը կապված է միմյանց նկատմամբ անմիջական ենթակայության կամ վերահսկողության հետ:
3. Դիվանագիտական ծառայության պաշտոնի նշանակվելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, դիվանագետը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պարտավոր է առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում 10 և ավելի տոկոս բաժնեմաս ունենալու դեպքում դա հանձնել հավատարմագրային կառավարման: Դիվանագետն իրավունք ունի հավատարմագրային կառավարման հանձնված գույքից ստանալ եկամուտներ:
(44-րդ հոդվածը փոփ. 11.06.04 ՀՕ-106-Ն)
ՀՈԴՎԱԾ 45. | ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ |
Պետությունը դիվանագետի համար երաշխավորում է`
ա) ծառայողական պարտականությունների կատարման համար անվտանգ և անհրաժեշտ աշխատանքային պայմանների ապահովում.
բ) ամենամյա վճարովի արձակուրդ.
գ) օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմնում ծառայելու ընթացքում բժշկական ապահովագրության վճար (նաև` նրա ընտանիքի անդամներին)` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքով այդ նպատակով նախատեսված միջոցների հաշվին` ըստ ներկայացված բժշկական ապահովագրության պայմանագրերի.
դ) վերապատրաստում` այդ ընթացքում պահպանելով նրա պաշտոնը և դրա համար նախատեսված աշխատավարձը.
ե) ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում ստացած հաշմանդամության դեպքում` նրան, իսկ զոհվելու դեպքում նրա ընտանիքի անդամներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան նպաստներով ապահովում` պատճառված վնասի հատուցմամբ.
զ) ծառայողական պարտականությունների կատարման հետ կապված` նրա և նրա ընտանիքի անդամների անվտանգության ապահովում բռնությունից, ահաբեկումից և այլ ոտնձգություններից.
է) ծառայողական գործուղումների հետ կապված տրանսպորտային, բնակարանային և այլ ծախսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոխհատուցում.
ը) կենսաթոշակի անցնելու դեպքում դիվանագիտական աստիճանի համար լրավճար` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափով.
թ) («թ» կետն ուժը կորցրել է 11.06.04 ՀՕ-106-Ն)
ժ) օրենքով սահմանված այլ երաշխիքներ:
(45-րդ հոդվածը լրաց., փոփ. 11.06.04 ՀՕ-106-Ն)
ՀՈԴՎԱԾ 46. | ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ԴՐԱՄԱԿԱՆ ԲԱՎԱՐԱՐՈՒՄԸ և ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԸ |
1. Դիվանագետների դրամական բավարարումը բաղկացած է պաշտոնային դրույքաչափից և դիվանագիտական աստիճանի համար հավելավճարից:
Դիվանագետի պաշտոնային դրույքաչափը և դիվանագիտական աստիճանի համար հավելավճարը սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. Օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնում ծառայող դիվանագետին, դրամական բավարարումից բացի, վճարվում է ամսական փոխհատուցում օտարերկրյա պետությունում ծառայության հետ կապված ծախսերի համար` համաձայն տվյալ երկրի կենսամակարդակի հիման վրա հաշվարկված գործակցի` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափով:
3. Օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնում ծառայող դիվանագետին վճարվում է նաև փոխհատուցում ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվարկով` յուրաքանչյուրին` սույն հոդվածի 2-րդ մասում նշված փոխհատուցման 10 տոկոսի չափով: Ամուսնու մասով փոխհատուցման վճարումը դադարեցվում է, երբ նա անցնում է աշխատանքի տվյալ երկրում:
4. Օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնում ծառայող դիվանագետի հետ բնակվող երեխաների` միջնակարգ ուսումնական հաստատությունում ուսման ծախսերը հոգալու նպատակով դիվանագետին վճարվում է փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և չափով, մինչև երեխայի 18 տարին լրանալը:
5. Օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնում ծառայող դիվանագետին տրամադրվում է նրա դիվանագիտական աստիճանին, զբաղեցրած պաշտոնին և ընտանիքի անդամների թվին համապատասխան` բնակարանի համար հավելավճար` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափով:
6. Օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնում ծառայության մեկնող դիվանագետի և նրա ընտանիքի անդամների` Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա պետություն կամ օտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալու ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
7. Դիվանագետն իրավունք ունի ստանալ նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լրավճարներ:
8. Սույն հոդվածում օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնում ծառայող դիվանագետի ընտանիքի անդամներ են համարվում նրա ամուսինը և մինչև 18 տարեկան երեխաները:
(46-րդ հոդվածը փոփ. 11.06.04 ՀՕ-106-Ն)
ՀՈԴՎԱԾ 47. | ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԱԾ ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ԱՄՈՒՍՆՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ |
1. Օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմին ծառայության մեկնած դիվանագետի ամուսինն օտարերկրյա պետությունից վերադառնալուց հետո վերականգնվում է աշխատանքի պետական հիմնարկներում և զբաղեցնում է պաշտոն` մինչև օտարերկրյա պետություն մեկնելն ստացած աշխատավարձից ոչ պակաս աշխատավարձով, եթե օրենքով այլ բան սահմանված չէ:
2. Այն ժամանակաշրջանը, որն ամուսինն անց է կացրել օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմին ծառայության մեկնած իր ամուսնու հետ, ներառվում է նրա պետական սոցիալական ապահովագրության ժամանակաշրջանում, և նա ապահովվում է նախատեսված սոցիալական ապահովագրության մուծումներով` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
3. Դիվանագետի ամուսինն իրավունք ունի աշխատել այն երկրում, որտեղ ծառայում է նրա ամուսինը, եթե այդ հնարավորությունը սահմանված է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով կամ թույլատրվում է տվյալ երկրի ներպետական օրենսդրությամբ: Այդ մասին դիվանագետը նախապես պետք է տեղյակ պահի Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը:
Գ Լ ՈՒ Խ 9.
ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐԵՐ
ՀՈԴՎԱԾ 48. | ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՆՁՆԱԳԻՐԸ |
Հայաստանի Հանրապետության դիվանագիտական անձնագիրը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից տրվող` անձը հաստատող փաստաթուղթ է, որը հաստատում է, որ դրա կրողը դիվանագետ կամ, սույն օրենքի 49-րդ հոդվածի համաձայն, դրա կրելու իրավունքն ունեցող անձ է:
ՀՈԴՎԱԾ 49. | ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՆՁՆԱԳԻՐ ԿՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻՆՔ |
1. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական անձնագրեր տրվում են Հայաստանի Հանրապետության Նախագահին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներին, Հայաստանի Հանրապետության վարչապետին, Հայաստանի Հանրապետության կառավարության անդամներին, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահին, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահին, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին, Ամենայն Հայոց կաթողիկոսին, Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի անդամներին, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին, Հայաստանի Հանրապետության օրենքներով ստեղծված մշտապես գործող հանձնաժողովների (խորհուրդների) նախագահներին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին (Երևանի քաղաքապետին), դիվանագետներին, սույն օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասում նշված ներկայացուցիչներին և ներկայացուցչության համապատասխան աշխատակիցներին, իսկ առանձին դեպքերում` այլ անձանց` Հայաստանի Հանրապետության Նախագահի թույլտվությամբ:
2. Դիվանագիտական անձնագրեր են տրվում նաև Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի ընտանիքի անդամներին:
Դիվանագիտական անձնագրեր տրվում են օտարերկրյա պետություն դիվանագիտական ծառայության մեկնած դիվանագետի ամուսնուն, ինչպես նաև մինչև 21 տարեկան չամուսնացած և խնամքի տակ գտնվող երեխաներին` դիվանագետի հետ օտարերկրյա պետություն մեկնելիս:
(49-րդ հոդվածը լրաց., խմբ. 11.06.04 ՀՕ-106-Ն)
ՀՈԴՎԱԾ 50. | ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐԵՐ ՏԱԼՈՒ և ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ |
1. Դիվանագիտական անձնագրերի վավերականության ժամկետը հինգ տարի է: Դիվանագիտական անձնագրերի վավերականության ժամկետը կարող է երկարաձգվել մինչև հինգ տարի ժամկետով:
Պաշտոնավարության ավարտից հետո համապատասխան պաշտոնատար անձինք իրենց դիվանագիտական անձնագրերը հանձնում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:
2. Սույն օրենքի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն չհանձնված, ինչպես նաև կորած դիվանագիտական անձնագրերը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարում է անվավեր: Այդ մասին սահմանված կարգով տեղեկացվում են Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների համապատասխան մարմինները:
3. Դիվանագիտական անձնագրեր տալու, հաշվառելու և հետ վերցնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը:
(50-րդ հոդվածը լրաց. 11.06.04 ՀՕ-106-Ն)
Գ Լ ՈՒ Խ 10.
ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
ՀՈԴՎԱԾ 51. | ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ |
1. Դիվանագիտական ծառայության մարմինները ֆինանսավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից:
2. Օտարերկրյա պետությունում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինները պետական բյուջեի միջոցներից բացի կարող են ֆինանսավորվել նաև այլ աղբյուրներից` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Գ Լ ՈՒ Խ 11.
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
ՀՈԴՎԱԾ 52. | ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
2. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել`
ա) 1992 թվականի մայիսի 5-ի «Հայաստանի Հանրապետության դիվանագիտական աստիճանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը.
բ) 1992 թվականի հունիսի 6-ի «Օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:
ՀՈԴՎԱԾ 53. | ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿՆԵՐԻ, ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐԵՐԻ, ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԻ և ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՑՈՒՄԸ |
(53-րդ հոդվածն ուժը կորցրել է 11.06.04 ՀՕ-106-Ն)
ՀՈԴՎԱԾ 54. | ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ 24-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ |
(54-րդ հոդվածն ուժը կորցրել է 11.06.04 ՀՕ-106-Ն)
ՀՈԴՎԱԾ 55. | ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ԵՐԴՈՒՄ ՏԱԼԸ |
(55-րդ հոդվածն ուժը կորցրել է 11.06.04 ՀՕ-106-Ն)
ՀՈԴՎԱԾ 56. | ԲԺՇԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԸ և ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՂ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՈՒՍՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՀՈԳԱԼԸ |
(56-րդ հոդվածն ուժը կորցրել է 11.06.04 ՀՕ-106-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
Երևան |