ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ԲԴԽ-48-Ո-Կ-15
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՄՈՒՐԱԴ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ`
ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ՝
նախագահությամբ՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ |
Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ |
մասնակցությամբ՝ անդամներ |
Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆԻ Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ Ե. ԹՈՒՄԱՆՅԱՆՑԻ Դ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻ |
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆԻ | |
Մ․ ՄԱԿՅԱՆԻ | |
Ք. ՄԿՈՅԱՆԻ Ա. ՎԱՐԴԱՆՅԱՆԻ | |
Վ. ՔՈՉԱՐՅԱՆԻ | |
Արդարադատության նախարարի տեղակալ |
Լ. ԲԱԼՅԱՆԻ |
Արդարադատության նախարարի ներկայացուցիչներ |
Հ. ՍԱՆՈՅԱՆԻ Ա. ՍՈՒՋՅԱՆԻ |
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր
քարտուղարությամբ՝ |
Թ. ՂՈՒԿԱՍՅԱՆԻ |
2023 թվականի հունիսի 12-ին | ք. Երևանում |
դռնբաց նիստում, քննության առնելով Արդարադատության նախարարի պարտականությունները կատարողի՝ «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Մուրադ Հովակիմյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» 2023 թվականի ապրիլի 20-ի թիվ 30-Ա որոշումը և կից ներկայացված փաստաթղթերը.
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի նախապատմությունը
Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել Վարչապետի աշխատակազմի 18.11.2022 թվականի թիվ 14/14.7/38025-2022 գրությամբ Արդարադատության նախարարություն վերահասցեագրված Կարեն Կիրակոսյանի ներկայացուցիչ Նորայր Յուզբաշյանի դիմումը, որի ուսումնասիրության հիման վրա Արդարադատության նախարարության վերահսկողական վարչության պետի կողմից 05.12.2022 թվականին Արդարադատության նախարարին է ներկայացվել զեկուցագիր:
Արդարադատության նախարարի 02.03.2023 թվականի թիվ 16-Ա որոշմամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ նաև՝ Դատարան) դատավոր Մուրադ Հովակիմյանի (այսուհետ նաև՝ Դատավոր) նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ։
Արդարադատության նախարարի պարտականությունները կատարողի 20.04.2023 թվականի թիվ 30-Ա որոշմամբ միջնորդություն է ներկայացվել Բարձրագույն դատական խորհուրդ (այսուհետ նաև՝ Խորհուրդ)՝ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
2. Վարույթ հարուցած մարմնի դիրքորոշումը
Վարույթ հարուցած մարմինը նշել է, որ ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածների 1-ին մասերի, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 8-րդ հոդվածի 1-ին մասի, Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին մասի, 129-րդ հոդվածի 1-ին մասի,132-րդ հոդվածի 1-ին մասի, 203-րդ հոդվածի 3-րդ մասի համադրված վերլուծությունից հետևում է, որ հայցի ապահովումն օրենսդրությամբ նախատեսված՝ անձանց իրավունքների պաշտպանության կարևոր երաշխիքներից մեկն է: Հայցի ապահովման ինստիտուտի նշանակությունը կայանում է նրանում, որ դրանով պաշտպանվում են հայցվորի օրինական շահերն այն դեպքերից, երբ պատասխանողը կարող է գործել անբարեխիղճ, կամ երբ նման միջոց չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը կամ էական վնաս հասցնել միջնորդություն ներկայացնող անձին, իսկ քննարկման առարկա հանդիսացող թիվ ԵԴ/13789/02/22 քաղաքացիական գործի (այսուհետ նաև՝ Գործ) առանձնահատկությամբ պայմանավորված նաև՝ երեխայի լավագույն շահերի ապահովման անհրաժեշտության դեպքում:
Օրենսդիրը միաժամանակ, հաշվի առնելով հայցի ապահովման դատավարական ինստիտուտի առանձնահատկությունները, հստակ սահմանել է, որ հայցի ապահովման միջոց ձեռնարկելու, հայցի ապահովման մեկ միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու կամ հայցի ապահովման միջոցը ձևափոխելու լիազորությամբ օժտված է բացառապես դատարանը, որն իր այդ լիազորությունն իրականացնում է համապատասխան որոշում ընդունելով:
Վարույթ հարուցող մարմինը վկայակոչել է նաև «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասը, 18-րդ հոդվածի 1-ին և 10-րդ մասերը, 23-րդ հոդվածի 2-րդ մասը, 30-րդ հոդվածի 1-ին մասը, 33-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը և Խորհրդի 22.06.2022 թվականի թիվ ԲԴԽ-49-Ո-Կ-10 և 22.12.2022 թվականի ԲԴԽ-16-Ո-Կ-26 որոշումները և նշել է, որ վերոգրյալ իրավական նորմերի և Գործի փաստական հանգամանքների համադրմամբ կատարված վերլուծության արդյունքում պարզ է դառնում, որ Դատարանի վարույթում քննվող Գործի շրջանակներում կայացված հայցի ապահովման բնույթի թվով չորս կատարողական թերթերը տրվել են դատավարական ժամկետների խախտումներով, որոնցից՝ Դատարանի 25.07.2022 թվականի որոշման հիման վրա կազմված կատարողական թերթը (կատարողական թերթ համար ԿԹ-675363-2022) էական խախտմամբ՝ որոշումը կայացնելուն հաջորդող 57-րդ օրը՝ 20.09.2022 թվականին, և «կատարողական թերթը ենթակա է անհապաղ կատարման» նշումով գեներացվել «ԱրմԼէքս» համակարգում: Մինչդեռ, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ անհապաղ կատարման ենթակա դատական ակտի հարկադիր կատարման համար կատարողական թերթը տրվում է անհապաղ, իսկ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի համաձայն՝ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին որոշման հիման վրա կազմված կատարողական թերթը դատարանն անհապաղ ուղարկում է հարկադիր կատարման:
Տվյալ դեպքում Դատարանի կողմից Գործով 05.04.2022 թվականի, 21.06.2022 թվականի, 17.11.2022 թվականի որոշումների հիման վրա համապատասխանաբար կազմված կատարողական թերթերը տրվել են օրենքով սահմանված ժամկետների խախտմամբ, իսկ Դատարանի 25.07.2022 թվականի որոշման հիման վրա կազմված կատարողական թերթը (այսուհետ նաև՝ Կատարողական թերթ) տրվել է որոշումը կայացնելուն հաջորդող 57-րդ օրը՝ 20.09.2022 թվականին, ինչը չի կարող դիտարկվել որպես դատավարական ժամկետի ողջամիտ խախտում այն դեպքում, երբ անհապաղ կատարման ենթակա դատական ակտի հարկադիր կատարման համար կատարողական թերթը տրվում է անհապաղ:
Արդյունքում Դատարանի կողմից խախտվել են Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասի, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 10-րդ մասի պահանջները:
Վարույթ հարուցած մարմինը, վկայակոչելով Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետը, ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի 2006 թվականի թիվ 2006/23 բանաձևով հաստատված Դատավորների վարքագծի բանգալորյան սկզբունքների (այսուհետ՝ Բանգալորյան սկզբունքներ) 4-րդ և 6.5-րդ կետերը, Բանգալորյան սկզբունքների մեկնաբանությունները, նշել է, որ յուրաքանչյուր դեպքում, երբ անձն ընտրում է իր իրավունքների պաշտպանության դատական կարգը՝ վստահելով իր մասնակցությամբ վեճի լուծումը դատարանին և ունենալով լեգիտիմ ակնկալիք, որ դատարանը հնարավորինս սեղմ ժամկետներում կքննի և կլուծի իր գործը, իսկ դատարանը չի պահպանում օրենքով սահմանված դատավարական ժամկետները (օրենքով սահմանված ողջամիտ ժամկետները), ապա նման վարքագիծը ոչ միայն հանգեցնում է առանց արդարադատության շահերին վնասելու` ողջամիտ ժամկետում և նվազագույն դատական ծախսերի կատարմամբ օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը քննելու և լուծելու վարքագծի կանոնի, այլև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց զերծ մնալու վարքագծի կանոնի խախտման:
Ողջամիտ ժամկետում գործի քննության հարցին անդրադարձել է նաև Եվրոպական դատարանն իր մի շարք որոշումներով (տե՛ս Stögmüller v. Austria (1602/62) գործով Եվրոպական դատարանի 10.11.1969 թվականի վճիռը, տե՛ս H. v. France (10073/82) գործով Եվրոպական դատարանի 24.10.1989 թվականի վճիռը), Սահմանադրական դատարանն իր 16.03.2021 թվականի թիվ ՍԴՈ-1585 որոշմամբ: Ընդ որում՝ Եվրոպական դատարանի պրակտիկայում դատական ակտի հարկադիր կատարումը ևս դիտարկվում է դատական պաշտպանության իրավունքի բովանդակության և արդյունավետ միջոցների շրջանակներում, առանց որի դատական ամբողջ գործունեությունը կարող է հավասարվել ոչնչի: Ըստ Եվրոպական դատարանի պրակտիկայի՝ ողջամիտ ժամկետում գործի քննության իրականացումն իր մեջ ներառում է ոչ միայն դատարանի կողմից իրականացվող դատական վարույթը, այլ նաև դատարանի կողմից իրականացվող այն գործողությունները, որոնք ուղղված են դատական ակտի պատշաճ կատարմանը:
Վարույթ հարուցած մարմինը հայտնել է, որ տվյալ դեպքում Քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված որոշ տեսակի գործերի քննության համար նախատեսված ժամկետների առկայության դեպքում դատարանները պարտավոր են գործի քննության իրականացումը և դատական ակտի կատարմանն ուղղված դատավարական գործողություններն ապահովել այդ ժամկետում, հակառակ դեպքում, դրա անցմամբ կատարված քննությունը կարող է որակվել որպես արդար դատաքննության կարևոր բաղադրատարր հանդիսացող՝ գործի ողջամիտ ժամկետում քննության իրականացման խախտում այն դեպքում, երբ այդ գործերի համար օրենսդրի կողմից նախատեսվել է ողջամտության չափանիշի առավելագույնս ընդգծված սահմանը:
Քննարկվող դեպքում Դատարանի կողմից դատավարական ժամկետները չպահպանելու հետևանքով խախտվել է հակընդդեմ հայցվոր Կարեն Կիրակոսյանի (այսուհետ նաև՝ Հակընդդեմ հայցվոր կամ Պատասխանող)՝ իր իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի, ինչպես նաև արդար դատաքննության իրավունքի տարր հանդիսացող՝ իր գործի ողջամիտ ժամկետում քննության իրավունքի իրականացումը:
Մասնավորապես Հակընդդեմ հայցվորը, օգտվելով տնօրինչականության սկզբունքից, հակընդդեմ հայցադիմումով 21.06.2022 թվականին Դատարան է ներկայացրել է նաև հայցի ապահովում կիրառելու մասին միջնորդություն, որը բավարարվել է մասնակի, և որոշվել. «1. Մինչև տվյալ գործով վերջնական դատական ակտի կայացումը՝ արգելել Լաուրա Խաչատուրի Երիցյանին և/կամ այլ անձանց որևէ կերպ խոչընդոտել Կարեն Գառնիկի Կիրակոսյանին տեսակցելու, շփվելու 2020թ. ապրիլի 16-ին ծնված Գաբրիելլա Կարենի Կիրակոսյանի հետ, մասնակցելու վերջինիս դաստիարակությանը (...)»:
Նշվածից հետևում է, որ Դատարանի կողմից վերոնշյալ որոշումը կայացվելուց հետո Հակընդդեմ հայցվորին հնարավորություն է տրվել մինչև Գործով վերջնական դատական ակտի կայացումը՝ հակընդդեմ հայցն ապահովելու նպատակով անարգել տեսակցել, շփվել Գաբրիելլա Կարենի Կիրակոսյանի (այսուհետ նաև՝ Երեխա) հետ, մասնակցելու վերջինիս դաստիարակությանը, ինչու չէ նաև՝ վերջինիս խնամքի և կրթության հոգածության հարցերին:
Այնուհետև Դատարանի 25.07.2022 թվականի որոշման շրջանակներում հակընդդեմ պատասխանող Լաուրա Խաչատուրի Երիցյանին (այսուհետ նաև՝ Հայցվոր կամ Հակընդդեմ պատասխանող) և/կամ այլ անձի (անձանց) արգելվել է Երեխային դուրս բերել Հայաստանի Հանրապետությունից:
Մինչդեռ կատարողական թերթը Դատավորի կողմից ուշացումով տրամադրելու հետևանքով Հակընդդեմ հայցվորն այլևս զրկված է եղել Երեխայի հետ տեսակցելու, շփվելու, վերջինիս դաստիարակությանը, խնամքի և կրթության հոգածության հարցերին մասնակցելու հնարավորությունից, ինչը վկայում է, որ Հակընդդեմ հայցվորի՝ իր իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի և արդար դատաքննության իրավունքի տարր կազմող գործի ողջամիտ ժամկետում քննության իրավունքի խախտումները հանգեցրել են դատավարական հետևանքների: Մասնավորապես դատավարության մի կողմի համար և, առհասարակ, ապագայում Գործով եզրափակիչ դատական ակտի կատարման տեսանկյունից Դատավորի կողմից թույլ տրված խախտումն առաջացրել է անդառնալի հետևանք, քանի որ դրա խախտման հետևանքով Երեխան լքել է ՀՀ տարածքը, արդյունքում՝ միջանկյալ դատական ակտը մնալով անկատար: Ընդ որում, նույնիսկ այն դեպքում, երբ Դատավորի կողմից թույլ տրված ուշացումը կազմեր մի քանի օր, ապա անառարկելիորեն չէր կարող տեղի ունենալ քննարկվող իրավիճակը: Արդյունքում, առկա է.
1. դատավորի կողմից թույլ տրված ողջամիտ ժամկետի էական խախտում,
2. դատական ակտի կատարման տեսանկյունից առաջացել է անդառնալի հետևանք՝ Երեխան գտնվում է ՀՀ տարածքից դուրս,
3. առկա է պատճառահետևանքային կապ՝ Դատավորի կողմից թույլ տրված խախտման և առաջացած հետևանքի միջև:
Պատճառահետևանքային կապը հիմնավորվում է այն հանգամանքով, որ, եթե Դատավորի կողմից դատական ակտը համակարգում գեներացվեր օրենքով սահմանված ժամկետում (այլ ոչ թե 57 օր անց), ապա Երեխան այդքան օր հետո չէր լքի ՀՀ տարածքը:
Գործով Դատարանի 25.07.2022 թվականի որոշման հիման վրա կազմված կատարողական թերթը «ԱրմԼէքս» համակարգում գեներացնելու (տրամադրելու) համար սահմանված ժամկետները Դատարանի կողմից էապես խախտելու հանգամանքը դատավարության կողմերի, ինչպես նաև անկողմնակալ դիտորդի մոտ առաջացնում է ողջամիտ կասկած՝ Դատավորի կողմից առանց արդարադատության շահերին վնասելու` ողջամիտ ժամկետում օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը քննելուն և լուծելուն ուղղված անհրաժեշտ շրջահայացություն և պատշաճ վարքագիծ ցուցաբերելու առնչությամբ: Դատարանի նման գործելակերպն ուղղակի ազդեցություն է ունենում դատարանի գործունեության արդյունավետության վրա, որն իր հերթին նվազեցնում է հանրության վստահությունն արդարադատության նկատմամբ և հեղինակազրկում է դատական իշխանությունը:
Արդյունքում Դատավորի կողմից Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասի, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 10-րդ մասի պահանջների խախտումները` որպես հետևանք, հանգեցրել են նաև Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված վարքագծի կանոնների խախտման:
Վարույթ հարուցած մարմինը, վկայակոչելով Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերը, նշել է, որ վարույթի փաստական հանգամանքների, Դատավորի կողմից ներկայացված բացատրության և կատարված իրավական վերլուծության համադրման արդյունքում Դատավորի կողմից դատավարական իրավունքի նորմերի խախտումը կատարվել է իր մեղավորությամբ, որը դրսևորվել է կոպիտ անփութությամբ, քանի որ Դատավորը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը՝ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասի, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 10-րդ մասի, 23-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ Կատարողական թերթը «ԱրմԼէքս» համակարգում գեներացնելու (տրամադրելու) դատավարական պարտականությունը, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ դատավարական ժամկետների պահպանմամբ իր վրա դրված պարտականությունները կատարելու համար:
Վերոգրյալից հետևում է, որ սույն միջնորդությամբ ներկայացված՝ Դատավորի կողմից կոպիտ անփութությամբ դատավարական նորմերի խախտումներ կատարելու հետ միաժամանակ վերջինս կոպիտ անփութությամբ թույլ է տրվել նաև դատավորի վարքագծի կանոնների խախտում՝ ի պաշտոնե գործելիս առանց արդարադատության շահերին վնասելու` ողջամիտ ժամկետում չքննելով և չլուծելով իր իրավասությանը վերապահված հարցերը և ցանկացած գործունեություն իրականացնելիս և բոլոր հանգամանքներում զերծ չմնալով դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց:
Անդրադառնալով Դատավորի կողմից ներկայացված բացատրությանն առ այն, որ Ներկայացուցիչը 13.03.2023 թվականին Դատարան է ներկայացրել հայցերն առանց քննության թողնելու մասին միջնորդություն՝ դրան կից ներկայացնելով կողմերի մասնակցությամբ ՌԴ դատարանի 23.09.2022 թվականի թիվ 2-8270/2022 գործով նոտարական կարգով վավերացված ռուսերենից հայերեն լեզվով թարգմանությամբ վճիռը, որպիսի հանգամանքով պայմանավորված Դատավորը գտել է, որ անկախ Կատարողական թերթը ժամկետի խախտմամբ տրամադրելու հանգամանքից, այն չի կարող դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի հարուցման հիմք հանդիսանալ, վարույթ հարուցած մարմինը նշել է, որ Օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի վերլուծությունից հետևում է, որ դատավորը չի կարող ենթարկվել կարգապահական պատասխանատվության այնպիսի խախտման դեպքում, որն ունի նվազ նշանակություն և այդ խախտմամբ կասկածի տակ չի դրվում տվյալ դատավորի համապատասխանությունը դատավորի կարգավիճակին և իր էությամբ չի հեղինակազրկում դատական իշխանությունը: Մինչդեռ, տվյալ դեպքում Դատավորի կողմից թույլ տրված խախտումը դատավարության կողմի համար առաջացրել է այնպիսի հետևանք, որը չի կարող որակվել որպես նվազ նշանակություն ունեցող, ավելին՝ Դատավորը դրանով հեղինակազրկել է դատական իշխանությունը, քանի որ յուրաքանչյուր ոք դիմելով դատական պաշտպանության՝ հայցում է իր իրավունքների լիարժեք վերականգնում, բայց ոչ երբեք դատարանի կողմից այնպիսի խոչընդոտների ստեղծում, որոնք դժվար կամ անհնարին կդարձնեն հետագայում դատական ակտի կատարումը, որպիսի իրավաչափ նպատակ է հետապնդում հենց հայցի ապահովման դատավարական ինստիտուտը:
Անդրադառնալով Դատավորի բացատրությամբ նշված այն փաստարկին, որ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը (այսուհետ նաև՝ Ծառայություն) հասցեագրված Կատարողական թերթը ժամկետի խախտմամբ ուղարկելու հանգամանքը պայմանավորված է եղել գերծանրաբեռնվածությամբ, որի պայմաններում Դատավորը հնարավորություն չի ունեցել հետևելու Գործի ընթացքին, ապա վարույթ հարուցող մարմինը նշել է, որ Խորհուրդն իր որոշման շրջանակներում անդրադարձել է նաև դատավարական ժամկետների խախտումներն արդարացնող հանգամանքներին՝ նշելով, որ. «(…) դատավարական ժամկետների ողջամիտ խախտումները կարող են արդարացվել միայն բացառիկ, դատավարության մասնակիցների հիմնարար իրավունքների պաշտպանության կամ երաշխավորման անհրաժեշտությամբ, այսինքն այնպիսի իրավիճակներում, երբ դատարանները կհիմնավորեն, որ դատավարական ժամկետների խախտման արդյունքում պաշտպանվել է առավել կարևոր շահ կամ պայմանավորված լինեն դատավարության մասնակիցների վարքագծով:»:
29.05.2023 թվականին կայացած դատական նիստում Վարույթ հարուցած մարմնի ներկայացուցիչը պնդել է ներկայացված միջնորդությունը և խնդրել այն բավարարել:
3․ Դատավորի դիրքորոշումը հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ
Դատավորը վարույթ հարուցող մարմին ներկայացրած բացատրությամբ միջնորդել է կարճել կարգապահական վարույթը հետևյալ հիմնավորումներով.
Դատարանը 25.07.2022 թվականին որոշում է կայացրել հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մասնակի բավարարելու մասին: Նշված որոշմամբ արգելվել է Հայցվորին և/կամ այլ անձի (անձանց) ՀՀ-ից դուրս բերել Երեխային: Այդ որոշման հիման վրա Դատարանի կողմից Կատարողական թերթը տրվել է 20.09.2022 թվականին:
Կարեն Կիրակոսյանի ներկայացուցիչ Նորայր Յուզբաշյանի (այսուհետ նաև՝ Ներկայացուցիչ) 13.03.2023 թվականին Դատարան է ներկայացրել հայցերն առանց քննության թողնելու մասին միջնորդություն՝ պատճառաբանելով, որ.
1) 15.02.2022 թվականին «դիմումը վարույթ ընդունելու մասին» որոշմամբ ՌԴ Կրասնադար քաղաքի Պրիկուբանսկի շրջանի դատարանը (այսուհետ նաև՝ ՌԴ դատարան) վարույթ է ընդունել Հայցվորի հայցադիմումն ընդդեմ Պատասխանողի՝ ամուսնալուծության, երեխայի բնակության վայրը մոր մոտ սահմանելու մասին:
2) ՌԴ դատական գործի շրջանակներում Հայցվորի անունից ներկայացվել է հակընդդեմ հայց՝ ամուսնալուծության, երեխայի բնակության վայրը հոր մոտ սահմանելու մասին:
3) 23.09.2022 թվականին ՌԴ դատական գործով կայացվել է վճիռ, որի համաձայն՝ Հայցվորի և Պատասխանողի ամուսնությունը լուծվել է, երեխայի բնակության վայրը մոր հետ որոշելու պահանջը մերժվել, իսկ երեխայի բնակության վայրը հոր մոտ որոշելու պահանջը բավարարվել:
Ներկայացուցիչը հայցերն առանց քննության թողնելու մասին միջնորդությանը կից Դատարան է ներկայացրել նաև ՌԴ դատարանի 23.09.2022 թվականի թիվ 2-8270/2022 գործով նոտարական կարգով վավերացված ռուսերենից հայերեն լեզվով թարգմանությամբ վճիռը:
Դատավորը, վկայակոչելով Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասը և 5-րդ մասը, 132-րդ հոդվածի 1-ին մասը հայտնել է, որ. «Նշված՝ 2022թ. հուլիսի 25-ի որոշման հիման վրա դատարանը կատարողական թերթը 2022թ. սեպտեմբերի 20-ին էլեկտրոնային եղանակով ուղարկվել է հարկադիր կատարումն ապահովող ծառայություն (հիմք` 2022թ. սեպտեմբերի 20-ին տրված կատարողական թերթ):
Փաստորեն դատարանը 2022թ. հուլիսի 25-ի որոշմամբ կիրառված հայցի ապահովման միջոցը հարկադիր կատարման ծառայությանն է ուղարկել 2022թ. սեպտեմբերի 20-ին, այսինքն՝ 56 օր ուշացումով: Սակայն դատարանի գնահատմամբ ժամկետի խախտմամբ ուղարկված կատարողական թերթը իրավական հետևանքներ չի առաջացրել, քանի որ 2022թ. մայիսի 28-ից մինչև 2022թ. սեպտեմբերի 24-ն ընկած ժամանակահատվածում կողմերի երեխան գտնվել է Հայաստանի Հանրապետությունում:»:
Էլեկտրոնային «www.armlex.am» համակարգից երևում է, որ Դատարանի կողմից 20.09.2022 թվականին տրված Կատարողական թերթը Ծառայության կողմից 23.09.2022 թվականին ընդունվել է վարույթ, որից հետո է, որ Երեխան դուրս է տարվել ՀՀ-ից:
Կողմերի Երեխայի՝ 28.05.2022 թվականից մինչև 24.09.2022 թվականն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում գտնվելը հիմնավորվում է գործի նյութերում առկա Ազգային անվտանգության ծառայության դեպարտամենտի պետի տեղակալ Գ. Բալայանի կողմից Ներկայացուցչին հասցեագրված 28.10.2022 թվականի թիվ 2/6/3-860 գրությամբ, որի համաձայն՝ Երեխան 01.01.2022 թվականից մինչև 26.10.2022 թվականն ընկած ժամանակահատվածում ՀՀ պետական սահմանը հատել է հետևյալ օրերին՝ մուտք - 09.03.2022 թվական, ելք - 17.05.2022 թվական, մուտք - 28.05.2022 թվական, ելք - 24.09.2022 թվական:
Դատավորը նշել է նաև, որ Դատարանի կողմից Ծառայությանը հասցեագրված Կատարողական թերթը ժամկետի խախտմամբ ուղարկելու հանգամանքը պայմանավորված է եղել գերծանրաբեռնվածությամբ, որի պայմաններում ինքը հնարավորություն չի ունեցել հետևելու Գործի ընթացքին:
Վերը նշված հանգամանքների առկայության պայմաններում Դատավորը գտել է, որ անկախ Կատարողական թերթը ժամկետի խախտմամբ տրամադրելու հանգամանքից, այն չի կարող Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմք հանդիսանալ:
Դատավորի կողմից Օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում պատասխան չի ներկայացվել Խորհրդին:
29.05.2022 թվականին կայացած դատական նիստի ընթացքում Դատավորը պնդել է նախարարին ներկայացված պատասխանը և ընդունել, որ իր կողմից թույլ է տրվել քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետի խախտում և հայտնել, որ ժամկետի խախտմամբ ուղարկված կատարողական թերթն իրավական հետևանքներ չի առաջացրել:
4. Հարուցված կարգապահական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները
1) Գործով Դատարանի 05.04.2022 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել Լաուրա Խաչատուրի Երիցյանի ընդդեմ Կարեն Գառնիկի Կիրակոսյանի, իրավասու մարմին՝ ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմին` երեխայի բնակության վայրը մոր բնակության վայրով սահմանելու պահանջի մասին հայցադիմումը (այսուհետ՝ Հայցադիմում):
Դատարանի նույն օրվա՝ 05.04.2022 թվականի մեկ այլ որոշմամբ Հայցվորի կողմից ներկայացված՝ հայցի ապահովում կիրառելու մասին միջնորդությունը բավարարվել է և հայցի ապահովման նպատակով արգելվել է Պատասխանողին Հայաստանի Հանրապետությունից դուրս բերել 16.04.2020 թվականին ծնված Գաբրիէլլա Կարենի Կիրակոսյանին:
05.04.2022 թվականին բավարարված միջնորդության հիմքով կատարողական թերթը «ԱրմԼէքս» համակարգում գեներացվել է 13.04.2022 թվականին, ինչը նույն օրը մուտքագրվել է Ծառայության ընդհանուր բաժին, այնուհետև Ծառայության Երևան քաղաքի ոչ գույքային բնույթի կատարողական վարույթների հատուկ բաժնում 13.04.2022 թվականին կայացվել են «Կատարողական վարույթ հարուցելու մասին», «Պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն պարտադրելու կամ որոշակի գործողությունների կատարումից ձեռնպահ մնալուն հարկադրելու մասին» և «Որոշակի գործողություններ կատարելուն պարտավորեցնելու մասին» որոշումներ:
2) Գործով Դատարանի 21.06.2022 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել Կարեն Գառնիկի Կիրակոսյանի հակընդդեմ հայցն ընդդեմ Լաուրա Խաչատուրի Երիցյանի՝ տեսակցության կարգ սահմանելու պահանջի մասին:
Դատարանի նույն օրվա մեկ այլ որոշմամբ Հակընդդեմ հայցվորի կողմից ներկայացված՝ հայցի ապահովում կիրառելու մասին միջնորդությունը բավարարվել է մասնակի:
Նշված որոշման հիման վրա կազմված կատարողական թերթը «ԱրմԼէքս» համակարգում գեներացվել է 07.07.2022 թվականին, որը 11.07.2022 թվականին մուտքագրվել է Ծառայության Կոտայքի մարզային բաժնի Աբովյանի տարածաշրջանի բաժանմունք, որտեղ 12.07.2022 թվականին կայացվել են «Կատարողական վարույթ հարուցելու մասին» և «Որոշակի գործողություններ կատարելուն պարտադրելու կամ որոշակի գործողությունների կատարումից ձեռնպահ մնալուն հարկադրելու մասին» որոշումներ:
3) Գործով Դատարանի 25.07.2022 թվականի որոշմամբ Հակընդդեմ հայցվորի կողմից ներկայացված՝ հայցի ապահովում կիրառելու մասին միջնորդությունը բավարարվել է մասնակի, որոշվել է.
«Արգելել սկզբնական հայցով հայցվոր, հակընդդեմ հայցով պատասխանող Լաուրա Խաչատուրի Երիցյանին և/կամ այլ անձի (անձանց) Հայաստանի Հանրապետությունից դուրս բերել 2020թ. ապրիլի 16-ին ծնված Գաբրիէլլա Կարենի Կիրակոսյանին:»:
Նշված որոշման հիման վրա կազմված կատարողական թերթը «Կատարողական թերթը ենթակա է անհապաղ կատարման» նշումով «ԱրմԼէքս» համակարգ է գեներացվել 20.09.2022 թվականին:
4) Կատարողական թերթը 23.09.2022 թվականին մուտքագրվել է Ծառայության Կոտայքի մարզային բաժնի Աբովյանի տարածաշրջանի բաժանմունք, որտեղ 27.09.2022 թվականին կայացվել են «Կատարողական վարույթ հարուցելու մասին» և «Որոշակի գործողություններ կատարելուն պարտավորեցնելու մասին» և «Պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն պարտադրելու կամ որոշակի գործողությունների կատարումից ձեռնպահ մնալուն հարկադրելու մասին» որոշումներ:
5) Հայցի ապահովմանն ուղղված կատարողական գործողություններ ձեռնարկելու արդյունքում 26.10.2022 թվականին վարույթն իրականացնող հարկադիր կատարողի կողմից կայացվել է «Կատարողական վարույթն ավարտելու մասին» որոշում:
6) 11.10.2022 թվականին Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող Ս. Մեղրյանը ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ գեներալ-մայոր Տիգրան Հարությունյանին ուղարկված գրությամբ հայտնել է որ.
«Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից թիվ ԵԴ/13789/02/22 քաղաքացիական գործով 20.09.2022 թվականին տրված կատարողական թերթի համաձայն պետք է՝ արգելել սկզբնական հայցով հայցվոր, հակընդդեմ հայցով պատասխանող Լաուրա Խաչատուրի Երիցյանի և/կամ այլ անձի անձանց Հայաստանի Հանրապետությունից դուրս բերել 2020թ. Ապրիլի 16-ին ծնված Գաբրիէլլա Կարենի Կիրակոսյանին:
Նշված կատարողական թերթի հիման վրա Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Կոտայքի մարզային բաժնի Աբովյանի տարածաշրջանային բաժանմունքում հարուցվել է թիվ 09555911 կատարողական վարույթը, որի շրջանակներում 27.09.2022թ. կայացվել է «Որոշակի գործողություններ կատարելուն պարտավորեցնելու մասին» որոշումը:
Վերոգրյալի հիման վրա խնդրում եմ Ձեր հանձնարարականն իրավասու ստորաբաժանմանը՝ վերը նշված որոշման կատարումն ապահովելու համար»:
7) Ազգային անվտանգության ծառայության դեպարտամենտի պետի տեղակալի 11.11.2022 թվականի թիվ 2/6/3-877 գրության համաձայն՝ 16.04.2020 թվականին ծնված Գաբրիէլլա Կարենի Կիրակոսյանը 24.09.2022 թվականին ելք է գործել Հայաստանի Հանրապետությունից, որից հետո նրա Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու վերաբերյալ տվյալներ չկան:
8) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության դեպարտամենտի պետի տեղակալ Գ. Բալայանը 2022 թվականի հոկտեմբերի 28-ին ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Ն. Յուզբաշյանին ուղղված թիվ 2/6/3-860 գրությամբ հայտնել է, որ.
«Ի պատասխան 21.10.2022թ. հ.652244 հարցման հայտնում ենք, որ 01.01.2022թ-ից մինչև 26.10.2022թ-ն ընկած ժամանակահատվածում սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում առկա տվյալների համաձայն Գաբրիէլլա Կարենի Կիրակոսյանը ծնվ. (16.04.2020թ.) ՀՀ պետական սահմանը հատել է հետևյալ օրերին՝ մուտք-09.03.2022թ. ելք-17.05.2022թ., մուտք-28.05.2022թ. ելք-24.09.2022թ.:…»:
5. Հարուցված կարգապահական վարույթի շրջանակներում էական նշանակություն ունեցող իրավական հարցադրումները
Հաշվի առնելով Արդարադատության նախարարի պարտականությունները կատարողի կողմից միջնորդությունում բերված փաստարկներն ու հիմնավորումները և դրանց դեմ Դատավորի կողմից ներկայացված դիրքորոշումը` Խորհուրդը Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը լուծելու համար էական է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրումներին.
5.1. արդյո՞ք դատավորը որոշման հիման վրա կազմված կատարողական թերթը տվել է դատավարական ժամկետի խախտմամբ,
5.2. արդյո՞ք թիվ ԵԴ/13789/02/22 քաղաքացիական գործով Դատավորի կողմից թույլ է տրվել դատավարական նորմի խախտում,
5.3. Դատավորի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմերի և դատավորի վարքագծի կանոնների խախտումները կատարվել են դիտավորությամբ, թե՞ կոպիտ անփութությամբ:
6․ Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննարկելով Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, լսելով Նախարարի պարտականությունները կատարողի հաղորդումը, ինչպես նաև վերջինիս ներկայացուցիչների դիրքորոշումները, Դատավորի դիրքորոշումը, ուսումնասիրելով կարգապահական վարույթի նյութերը և հետազոտելով ապացույցները՝ Խորհուրդը գտնում է, որ Նախարարի պարտականությունները կատարողի կողմից ներկայացված միջնորդությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են՝
1) արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտումը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ.
2) դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված՝ դատավորի վարքագծի կանոնները խախտելը, բացառությամբ սույն օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով սահմանված կանոնի, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ:
Խորհուրդն արձանագրում է, որ Նախարարի պարտականությունները կատարողի կողմից կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդության հիման վրա Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննության է առնում Օրենսգրքի 152-րդ հոդվածում ամրագրված դրույթի պահանջներին համապատասխան, այն է՝ «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը Բարձրագույն դատական խորհրդում կատարվում է միայն դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար միջնորդություն ներկայացնելու մասին որոշմամբ նշված կարգապահական խախտման սահմաններում»: Այդ կապակցությամբ Բարձրագույն դատական խորհրդի իրավական հետազոտման առարկան սահմանափակվում է միջնորդությամբ ներկայացված հիմքերի և հիմնավորումների շրջանակներում:
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նաև՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք: (…)»:
Օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի քննությունը և լուծումը պետք է իրականացվեն ողջամիտ ժամկետում: Իսկ 3-րդ մասի համաձայն՝ եթե գործի քննության և լուծման համար օրենքով սահմանված է հատուկ ժամկետ, ապա այն պետք է քննվի և լուծվի այդ ժամկետում: Նման ժամկետի երկարաձգումը թույլատրվում է բացառապես օրենքով սահմանված դեպքերում և կարգով:
Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կիրառում է հայցի ապահովման միջոցներ, եթե նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել, դժվարացնել դատական ակտի կատարումը, հանգեցնել վեճի առարկա հանդիսացող գույքի փաստացի կամ իրավական վիճակի փոփոխության կամ էական վնաս հասցնել միջնորդություն ներկայացնող անձին:
Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ հայցի ապահովման միջոցներն են` պատասխանողին որոշակի գործողություններ կատարելն արգելելը:
Նույն օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին որոշման հիման վրա կազմված կատարողական թերթը դատարանն անհապաղ ուղարկում է հարկադիր կատարման:
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կատարողական թերթը տրվում է` դատարանի վճիռների, դատավճիռների, որոշումների և դատարանի արձակած վճարման կարգադրությունների հիման վրա:
Նույն օրենքի 18-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ անհապաղ կատարման ենթակա դատական ակտի հարկադիր կատարման համար կատարողական թերթը տրվում է անհապաղ:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարան), քննելով Խաչատրյաններն ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործը, 01.03.2010 թվականի վճռում նշել է. «Դատարանը կրկնում է, որ 6-րդ հոդվածի 1-ին կետը պաշտպանում է քաղաքացիական իրավունքների և պարտականությունների հետ կապված հայց հարուցելու յուրաքանչյուրի իրավունքը: Այդպիսով, այն ներառում է «դատարան դիմելու իրավունք»-ը, որի ասպեկտներից մեկը հանդիսանում է դատարանի մատչելիության իրավունքը, այսինքն` դատարանում քաղաքացիական գործերով վարույթ հարուցելու իրավունքը: Մինչդեռ այդ իրավունքը կլիներ անիրական, եթե Պայմանավորվող Պետության իրավական համակարգը թույլ տար, որ վերջնական, պարտադիր դատական որոշումները մնան չկատարված` ի վնաս մի կողմի: Անընդունելի կլիներ, եթե 6-րդ հոդվածի 1-ին կետը մանրամասն նկարագրեր կողմերին տրված դատավարական երաշխիքները (արդարացի, հրապարակային դատավարություն և գործերի քննության անընդհատության սկզբունք)՝ առանց դատական որոշումների կատարման երաշխիքների: Կոնվենցիայի 6-րդ հոդվածի մեկնաբանումը միայն դատարանի մատչելիության և դատավարությունների անցկացման իրավունքի շրջանակներում, հավանաբար, կառաջացներ մի իրավիճակ, որն անհամատեղելի կլիներ իրավունքի գերակայության սկզբունքի հետ, որը Պայմանավորվող Պետությունները Կոնվենցիան վավերացնելիս պարտավորվել են հարգել: Ցանկացած դատարանի կողմից ընդունված դատական որոշման կատարումը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի իմաստով պետք է դիտվի որպես «դատավարության» բաղկացուցիչ մաս (տե`ս, Բուրդովն ընդդեմ Ռուսաստանի գործով Եվրոպական դատարանի 04.09.2002 թվականի վճիռը, կետ 34)»:
ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում անդրադարձել է հայցի ապահովման դատավարական ինստիտուտի սահմանման օրենսդրական նպատակին: ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ հայցի ապահովումն օրենսդրությամբ նախատեսված՝ անձանց իրավունքների պաշտպանության կարևոր երաշխիքներից մեկն է: Այն ուղղված է անձանց խախտված գույքային իրավունքների իրական ու ամբողջ ծավալով վերականգնելուն: Հայցի ապահովման ինստիտուտի նշանակությունը կայանում է նրանում, որ դրանով պաշտպանվում են հայցվորի օրինական շահերն այն դեպքերից, երբ պատասխանողը կարող է գործել անբարեխիղճ, կամ երբ այդպիսի միջոցները չկիրառելն անհնարին կարող է դարձնել դատական ակտի կատարումը (տե`ս, Մհեր Ավետիսյանը և մյուսներն ընդդեմ «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ-ի թիվ ԵԿԴ/1807/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 21.11.2015 թվականի որոշում):
ՀՀ սահմանադրական դատարանը, անդրադառնալով ողջամիտ ժամկետում գործի քննության սկզբունքի կիրառման հարցերին, նշել է. «(…) գործը ողջամիտ ժամկետում քննելու պահանջն արդար դատաքննության իրավունքի անկյունաքարերից մեկն է, և դրա խախտումը կարող է խաթարել արդարադատության բուն էությունը, ուղղակիորեն վտանգել արդարադատության իրականացման ողջ գործընթացի արդյունավետությունը և կասկածի տակ դնել այդ գործընթացի վստահելիությունը: Միջազգայնորեն ընդունված է այն մոտեցումը, որի համաձայն՝ «ուշացած արդարադատությունը հավասար է մերժված արդարադատության» (օրինակ՝ ECHR, Cases of Vazagashvili and Shanava v. Georgia, application no. 50375/07, 18/07/2019, and Lopatin and Medvedskiy v. Ukraine, applications nos. 2278/03 and 6222/03, 20/05/2010), քանի որ գործի քննության անհարկի ձգձգումները, նույնիսկ անկախ գործի ելքից, անարդյունավետ են դարձնում մարդու իրավունքների պաշտպանությունը։
Վերոգրյալ իրավանորմերի և դիրքորոշումների լույսի ներքո Խորհուրդը կարևոր է համարում նշել, որ արդար դատաքննության իրավունքի ինքնուրույն բաղադրիչներից է դատական պաշտպանության դիմած անձի՝ գործի ողջամիտ ժամկետում քննության իրավունքը: Այդ իրավունքի արդյունավետ իրականացումն ապահովելու համար պետությունը կրում է անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր սահմանելու պարտականություն, որի ապահովմանն են նպատակաուղղված առանձին դատավարական գործողություններ կատարելու և կոնկրետ գործերի ըստ էության քննության համար օրենսդրի կողմից հատուկ ժամկետների սահմանումը: Այդպիսի ժամկետների սահմանումը դատարանների համար առաջացնում է ուղղակի պարտականություն՝ դատավարական գործողությունները կատարել և գործերի քննությունն իրականացնել օրենսդրությամբ սահմանված ժամկետում:
Օրենսդրի կողմից ժամկետների սահմանումը և պահպանումն իրավական որոշակիության սկզբունքի պահպանման երաշխիք են:
Դատարանների օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը, ի թիվս այլ հատկանիշների, օժտված են նաև կատարելիության հատկանիշով։ Դատական ակտի կատարումն իրավունքի պաշտպանության մեխանիզմի կարևորագույն բաղկացուցիչ տարրն է հանդիսանում։ Պետությունը պարտավորեցնում է դատական ակտի կատարման հետ առնչություն ունեցող բոլոր սուբյեկտներին իրականացնել բոլոր անհրաժեշտ գործողությունները՝ դատական ակտը կատարելու համար։
Խորհուրդն իր թիվ ԲԴԽ-7-Ո-Կ-02 որոշմամբ արձանագրել է. «(…) հաշվի առնելով դատավորի անկախության սահմանադրական և միջազգային իրավական պահանջները և այդ համատեքստում գնահատելու համար դատավորի կողմից կատարված իրավունքի խախտման ու դրանով պայմանավորված կարգապահական պատասխանատվության ենթարկելու առկայության կամ բացակայության իրավական հիմքը, որոշիչ նշանակություն է ձեռք բերում նրա կողմից կատարված իրավունքի խախտման կարևորության աստիճանը: (…)»:
Նույն որոշմամբ Խորհուրդն արձանագրել է, որ «(…) սուբյեկտիվ իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը, որն իրականացվում է դատարանի կողմից օբյեկտիվ իրավունքի կիրառմամբ, իր հանրային իրավական ընկալման տիրույթում կոչված է ապահովելու գործող իրավակարգի անշեղ կենսագործումը: Այդ առումով իրավունքի յուրաքանչյուր խախտում այս կամ այն կերպ բացասաբար է անդրադառնում իրավակարգի բնականոն գործելու վրա: Միաժամանակ հարկ է նշել, որ կախված իրավախախտման հետևանքից, այն տարաբնույթ անդրադարձ կարող է ունենալ պետության իրավակարգի գործառնական խնդիրների լուծման վրա: Այն բոլոր դեպքերում, երբ իրավունքի խախտումն առաջ չի բերում որևէ սուբյեկտիվ իրավունքից զրկում կամ դրա սահմանափակում, ինչպես նաև իրավունքի սուբյեկտի մոտ չի առաջացնում օրենքով չնախատեսված պարտականություններ կամ այդպիսիք առաջանալու հնարավորություն, ապա իրավունքի նման խախտումը զանցակազմի նյութական բաղադրիչի առկայության պայմաններում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով կարող է որակվել որպես նվազ կարևորություն ունեցող և դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք չհանդիսացող, թեկուզև այն առերևույթ պարունակել է կարգապահական խախտում համարվող արարքի հատկանիշներ(…)»:
Վերոշարադրյալ իրավական վերլուծությունների լույսի ներքո անդրադառնալով սույն միջնորդության հիմքերին և հիմնավորումներին` Խորհուրդն արձանագրում է հետևյալը.
Այսպես, 29.05.2022 թվականին կայացած դատական նիստի ընթացքում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Մուրադ Հովակիմյանը պնդել է նախարարին ներկայացված պատասխանը և ընդունել, որ իր կողմից թույլ է տրվել քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետի խախտում, սակայն ժամկետի խախտմամբ ուղարկված կատարողական թերթը իրավական հետևանքներ չի առաջացրել:
Քննարկվող պարագայում թիվ ԵԴ/13789/02/22 քաղաքացիական գործով սկզբնական հայցով պատասխանող և հակընդդեմ հայցով հայցվոր Կարեն Գառնիկի Կիրակոսյանի ներկայացուցիչ Նորայր Յուզբաշյանի կողմից ներկայացված հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը դատարանի 25.07.2022 թվականի որոշմամբ բավարարվել է մասնակի և որոշվել՝ «Արգելել սկզբնական հայցով հայցվոր, հակընդդեմ հայցով պատասխանող Լաուրա Խաչատուրի Երիցյանին և/կամ այլ անձի (անձանց) Հայաստանի Հանրապետությունից դուրս բերել 2020թ. ապրիլի 16-ին ծնված Գաբրիէլլա Կարենի Կիրակոսյանին…»:
Դատավորը 25.07.2022 թվականին իր կողմից կայացված միջնորդությունը մասնակի բավարարելու մասին որոշման հիման վրա կազմված կատարողական թերթը 20.09.2022 թվականին՝ 56 օր հետո «կատարողական թերթը ենթակա է անհապաղ կատարման» նշումով գեներացրել է «ԱրմԼէքս» համակարգում, ինչից հետո կատարողական թերթը 23.09.2022 թվականին մուտքագրվել է Ծառայության Կոտայքի մարզային բաժնի Աբովյանի տարածաշրջանի բաժանմունք, որտեղ անհապաղ կատարման ենթակա կատարողական թերթը ստանալուց հետո երրորդ աշխատանքային օրը՝ 27.09.2022 թվականին, կայացվել են «Կատարողական վարույթ հարուցելու մասին» և «Որոշակի գործողություններ կատարելուն պարտավորեցնելու մասին» և «Պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն պարտադրելու կամ որոշակի գործողությունների կատարումից ձեռնպահ մնալուն հարկադրելու մասին» որոշումներ, սակայն մինչ կատարողական վարույթի հարուցումը՝ 24.09.2022 թվականին 2020թ. ապրիլի 16-ին ծնված Գաբրիէլլա Կարենի Կիրակոսյանը Դատարանի և դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից օրենսդրությամբ սահմանված ժամկետների չպահպանման արդյունքում դուրս է բերվել Հայաստանի Հանրապետությունից:
Տվյալ դեպքում Խորհուրդն արձանագրում է, որ 2020թ. ապրիլի 16-ին ծնված Գաբրիէլլա Կարենի Կիրակոսյանի 24.09.2022 թվականին Հայաստանի Հանրապետությունից ելք գործած լինելը պայմանավորված է ինչպես Դատավորի կողմից 25.07.2022 թվականին կայացված որոշումը անհապաղ հարկադիր կատարման ուղարկելու փոխարեն 57-րդ օրը՝ 20.09.2022 թվականին հարկադիր կատարման ուղարկելու, այնպես էլ 23.09.2022 թվականին Ծառայության Կոտայքի մարզային բաժնի Աբովյանի տարածաշրջանի բաժանմունք մուտքագրված կատարողական թերթի հիման վրա 27.09.2022 թվականին՝ ոչ անհապաղ «Որոշակի գործողություններ կատարելուն պարտավորեցնելու մասին» որոշում կայացնելու և այն 11.10.2022 թվականին «Mulberry» էլեկտրոնային համակարգի միջոցով Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող Ս. Մեղրյանի կողմից ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ գեներալ-մայոր Տիգրան Հարությունյանին ուղարկելու հանգամանքներով, որի արդյունքում խաթարվել է հայցի ապահովման ինստիտուտի նպատակի իրագործումը:
Խորհուրդը հարկ է համարում արձանագրել նաև, որ թեև 25.07.2022 թվականին Դատավորի կողմից կայացված միջնորդությունը մասնակի բավարարելու մասին որոշման հիման վրա՝ որոշման ընդունումից հետո 57-րդ օրը կատարողական թերթը տալը իր մեջ պարունակում է դատավարական ժամկետների խախտման հատկանիշներ, սակայն 2020թ. ապրիլի 16-ին ծնված Գաբրիէլլա Կարենի Կիրակոսյանի 24.09.2022 թվականին Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու և Դատավորի կողմից թույլ տրված դատավարական ժամկետի խախտման հատկանիշներ պարունակող վերոնշյալ արարքի միջև ուղղակի կապը բացակայում է:
Բացի այդ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության դեպարտամենտի պետի տեղակալ Գ. Բալայանի 2022 թվականի հոկտեմբերի 28-ին ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Ն. Յուզբաշյանին ուղղված թիվ 2/6/3-860 գրությունից հետևում է, որ Դատարանի կողմից 25.07.2022 թվականին հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը մասնակի բավարարելու պահից մինչև որոշման հիման վրա կազմված կատարողական թերթը 23.09.2022 թվականին դատական ակտերի հարկադիր կատարման համապատասխան տարածքային ստորաբաժանում մուտքագրվելու պահը, 2020թ. ապրիլի 16-ին ծնված Գաբրիէլլա Կարենի Կիրակոսյանը Հայաստանի Հանրապետության սահմանը չի հատել, ինչը, ի թիվս վերոնշյալ փաստերի, Խորհրդին բավարար հիմք է տալիս արձանագրելու, որ սույն որոշման շրջանակներում քննարկման առարկա հանդիսացող դատավարական ժամկետի խախտումը թեև ձևականորեն պարունակում է Օրենսգրքով սահմանված՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի հատկանիշներ, սակայն ունի նվազ կարևորություն, ինչը կասկածի տակ չի դնում Դատավորի համապատասխանությունը դատավորի կարգավիճակին և իր էությամբ չի կարող հեղինակազրկել դատական իշխանությունը:
Ինչ վերաբերում է Դատավորի այն փաստարկին, ըստ որի՝ Դատարանի կայացրած դատական ակտը օրենքով նախատեսված ժամկետից ուշ հարկադիր կատարման ուղարկվելը պայմանավորված է եղել Դատավորի գերծանրաբեռնվածության հանգամանքներով, ապա Խորհուրդը հարկ է համարում արձանագրել, որ դրանք, ըստ էության, չեն բովանդակում այնպիսի բացառիկ հանգամանքներ, որոնց հիմքով հնարավոր կլինի տվյալ իրավիճակում ենթադրյալ խախտումը համարել արդարացված որևէ ողջամիտ պատճառաբանությամբ կամ հաստատված համարվել, որ դատավարական ժամկետների խախտման արդյունքում պաշտպանվել է առավել կարևոր շահ:
Միաժամանակ Խորհուրդը, ինչպես նախկին կարգապահական վարույթներով, այնպես էլ սույն կարգապահական վարույթի շրջանակներում հարկ է համարում կրկին արձանագրել, որ, այդուհանդերձ, ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի N 1441-Լ որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1133-Լ որոշմամբ և Բարձրագույն դատական խորհրդի գործունեության 2019 թվականի տարեկան հաղորդմամբ արձանագրված դատարանների գերծանրաբեռնվածության փաստի ուժով դատավարական ժամկետների խախտումներ կարող են տեղի ունենալ, մինչդեռ, դրանք պետք է լինեն ողջամիտ և արդարացված այնքանով, որ չհանգեցնեն դատավարության մասնակիցների հիմնարար իրավունքների և ազատությունների էական սահմանափակումների և խախտումների: Դատավարական ժամկետների պահպանման օբյեկտիվ անհնարինության պայմաններում, այդուհանդերձ, յուրաքանչյուր դեպքում դատավորները պետք է բացառեն դրանց պահպանման առումով անտարբերության, դատավարության մասնակիցներից և որևէ մեկի նկատմամբ կողմնակալության տպավորության հնարավորությունը, որը կարող է ձևավորվել անկողմնակալ դիտորդի տեսանկյունից1։
Հիմք ընդունելով վերոշարադրյալ պատճառաբանություններն ու հիմնավորումները՝ Խորհուրդը գալիս է այն եզրահանգման, որ տվյալ դեպքում կիրառելի է Օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասը, քանի որ Դատավորի կողմից թույլ տրված արարքն իր նվազ կարևորության պատճառով կարգապահական խախտում չի համարվում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասով, 142-րդ հոդվածի 2-րդ մասով, 154-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 155-րդ հոդվածով՝ Խորհուրդը.
Ո Ր Ո Շ Ե Ց
1․ Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Արմենուհի Հարությունյանի միջնորդությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Մուրադ Հովակիմյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, մերժել:
2․ Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:
____________________
1 Տես, Բարձրագույն դատական խորհրդի 22.09.2022թ. թիվ ԲԴԽ-72-Ո-Կ-17 որոշումը:
Բարձրագույն դատական խորհրդի
նախագահ |
Կ. Անդրեասյան |
անդամներ` |
Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
Ե. Թումանյանց | |
Դ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ | |
Ն. Հովսեփյան | |
Մ. Մակյան | |
Ք. ՄԿՈՅԱՆ | |
Ա. ՎԱՐԴԱՆՅԱՆ | |
Վ. Քոչարյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 հուլիսի 2023 թվական: