«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
7 հունիսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 մայիսի 2003 թվականի N 645-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆԱՎԱՐՏ ԿԻՍԱԿԱՌՈՒՅՑ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՆՈՒԹԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 23.02.17 N 160-Ն, 06.07.23 N 1085-Ն)
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը փոփ. 23.02.17 N 160-Ն)
1. Սահմանել Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անավարտ կիսակառույց շինությունների բնութագրման կարգը՝ համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 23.02.17 N 160-Ն, 06.07.23 N 1085-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆԱՎԱՐՏ ԿԻՍԱԿԱՌՈՒՅՑ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՆՈՒԹԱԳՐՄԱՆ
(վերնագիրը փոփ. 23.02.17 N 160-Ն, 06.07.23 N 1085-Ն)
1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով սահմանված անշարժ գույքի հարկով հարկվող օբյեկտ համարվող անավարտ կիսակառույց շինությունների (այսուհետ՝ շինություններ)՝ ըստ ավարտվածության աստիճանի բնութագրման չափանիշները:
(1-ին կետը փոփ. 23.02.17 N 160-Ն, 06.07.23 N 1085-Ն)
2. Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանող օրենքով՝ շինությունները (բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարաններ, անհատական բնակելի տներ, այգետնակներ (ամառանոցներ) և դրանց կից շինություններ, բազմաբնակարան բնակելի շենքեր, բազմաբնակարան բնակելի շենքի ոչ բնակելի տարածքներ, բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված հասարակական ու արտադրական նշանակության շինություններ, առանձին կանգնած հասարակական, արտադրական նշանակության և դրանց կից շինություններ, ավտոտնակներ (ավտոկայանատեղիներ, ավտոհանգրվաններ) ըստ ավարտվածության դասվում են՝
1) 0-50 տոկոս (ներառյալ) ավարտվածության աստիճան ունեցող շինություններ՝ շինությունները համարվում են 0-50 տոկոս (ներառյալ) ավարտվածության աստիճան ունեցող, եթե կառուցված են շինության պատերը և միջհարկային ծածկը.
2) 51-80 տոկոս (ներառյալ) ավարտվածության աստիճան ունեցող շինություններ՝ շինությունները համարվում են 51-80 տոկոս (ներառյալ) ավարտվածության աստիճան ունեցող, եթե կառուցված են շինության հիմնահարկը (հիմնահարկերը) և տանիքը.
3) 81 տոկոս և ավելի ավարտվածության աստիճան ունեցող շինություններ՝ շինությունները համարվում են 81 տոկոս և ավելի ավարտվածության աստիճան ունեցող, եթե լիովին ավարտված չեն հարդարման ու հարակից աշխատանքները:
(2-րդ կետը փոփ. 23.02.17 N 160-Ն, 10.12.20 N 2014-Ն, խմբ. 06.07.23 N 1085-Ն)
3. Անավարտ կիսակառույց շինություններ են համարվում նաև քաղաքաշինական փաստաթղթերի հիման վրա դեռևս չկառուցված կամ սույն կարգի 2-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերում չընդգրկված շինությունները։
(3-րդ կետը լրաց. 06.07.23 N 1085-Ն)
(հավելվածը փոփ. 23.02.17 N 160-Ն, 10.12.20 N 2014-Ն, փոփ., խմբ., լրաց. 06.07.23 N 1085-Ն)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Մ. ԹՈՓՈՒԶՅԱՆ |