Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 19
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (12.12.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 04.05.2023
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
09.12.2022
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
09.12.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.12.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 դեկտեմբերի 2022 թվականի

թիվ 19

քաղ. Բիշքեկ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 12-րդ հոդվածի 2-րդ կետի 22-րդ ենթակետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.

1. Ստեղծել օժանդակ մարմին՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ էներգետիկայի ոլորտում լիազորված մարմինների ղեկավարների խորհուրդ։

2. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ էներգետիկայի ոլորտում լիազորված մարմինների ղեկավարների խորհրդի մասին հիմնադրույթը։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի

Հանրապետությունից՝

Բելառուսի

Հանրապետությունից՝

Ղազախստանի

Հանրապետությունից՝

Ղրղզստանի

Հանրապետությունից՝

Ռուսաստանի

Դաշնությունից՝

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական բարձրագույն

խորհրդի 2022 թվականի դեկտեմբերի 9-ի

թիվ 19 որոշմամբ

 

ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹ

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ էներգետիկայի ոլորտում լիազորված մարմինների ղեկավարների խորհրդի մասին

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ էներգետիկայի ոլորտում լիազորված մարմինների ղեկավարների խորհուրդը (այսուհետ համապատասխանաբար՝ անդամ պետություններ, լիազորված մարմիններ, Ղեկավարների խորհուրդ) ստեղծվում է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին (այսուհետ՝ Պայմանագիր) համապատասխան՝ որպես օժանդակ մարմին՝ անդամ պետությունների կողմից համակարգված էներգետիկ քաղաքականության իրականացման համար։

«Լիազորված մարմիններ» ասելով պետք է հասկանալ էներգետիկայի ոլորտում անդամ պետության կողմից լիազորված պետական մարմիններ։

2. Ղեկավարների խորհուրդն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Պայմանագրով, Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) իրավունքը կազմող միջազգային այլ պայմանագրերով և ակտերով, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգով, ինչպես նաև սույն հիմնադրույթով։

 

II. Ղեկավարների խորհրդի հիմնական խնդիրները, գործառույթները և լիազորությունները

 

3. Ղեկավարների խորհրդի հիմնական խնդիրներն են՝

ա) էներգետիկայի ոլորտում անդամ պետությունների երկարաժամկետ ու փոխշահավետ համագործակցության ապահովումը.

բ) համակարգված էներգետիկ քաղաքականության իրականացմանն օժանդակելը.

գ) Միության էներգետիկ ռեսուրսների ընդհանուր շուկաների փուլ առ փուլ ձևավորմանն օժանդակելը.

դ) էներգետիկայի ոլորտում ինտեգրումը զարգացնելու ուղղություններն ու հեռանկարները սահմանող մոտեցումների մշակումը՝ հաշվի առնելով անդամ պետությունների պայմանավորվածությունները.

ե) անդամ պետությունների ընդհանուր էներգետիկ ներուժի արդյունավետ օգտագործմանն օժանդակելը.

զ) էներգաարդյունավետության և էներգախնայողության ոլորտում անդամ պետությունների փոխգործակցությանն օժանդակելը։

4. Ղեկավարների խորհուրդն իրեն վերապահված խնդիրների իրագործման համար իրականացնում է հետևյալ գործառույթները՝

ա) օժանդակություն է ցուցաբերում Միության մարմինների այն ակտերի նախագծերի վերաբերյալ անդամ պետությունների համաձայնեցված դիրքորոշումների մշակման հարցում, որոնց մասով առկա են տարաձայնություններ՝ հետևյալ հարցերով՝

համակարգված էներգետիկ քաղաքականության իրագործման արդյունավետ մեխանիզմների և գործիքների ձևավորում.

Միության էներգետիկ ռեսուրսների ընդհանուր շուկաների գործունեության վրա ազդող խոչընդոտների (արգելքների, սահմանափակումների, բացառումների) վերացում.

էներգետիկայի ոլորտում անդամ պետությունների կադրային ներուժի ներգրավում և օգտագործում.

լիազորված մարմինների փոխգործակցության (այդ թվում՝ տեղեկատվական) կատարելագործում.

Ղեկավարների խորհրդի խնդիրների լուծման համար անհրաժեշտ այլ հարցեր.

բ) համաձայնեցված առաջարկներ է մշակում այն հարցերի վերաբերյալ, որոնք կարգավորված չեն Էլեկտրաէներգետիկայի հարցերով խորհրդատվական կոմիտեի և (կամ) Նավթի ու գազի հարցերով խորհրդատվական կոմիտեի շրջանակներում, այդ թվում՝ կապված են Միության մարմինների՝ Միության էներգետիկ ռեսուրսների ընդհանուր շուկաները կարգավորող ակտերի նախագծերի մշակման հետ.

գ) մասնակցում է էներգետիկ քաղաքականության հետ կապված միջճյուղային հարցերի վերաբերյալ համաձայնեցված որոշումների մշակմանը.

դ) անդամ պետությունների պետական իշխանության մարմիններից և կազմակերպություններից պահանջում է էներգետիկայի ոլորտում անհրաժեշտ տեղեկատվությունը.

ե) անդամ պետությունների կողմից էներգետիկայի հարցերով Միության իրավունքի իրագործման շրջանակներում իրականացնում է այլ գործառույթներ։

5. Ղեկավարների խորհուրդը որոշումներ է ընդունում, Միության մարմինների համար Պայմանագրի XX բաժնի դրույթների իրագործումն ապահովելուն ուղղված առաջարկներ և հանձնարարականներ է նախապատրաստում։

 

III. Ղեկավարների խորհրդի կազմը

 

6. Ղեկավարների խորհրդի կազմը ձևավորվում է լիազորված մարմինների ղեկավարներից։ Ղեկավարների խորհրդի կազմում ընդգրկվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կոլեգիայի այն անդամը, որի իրավասությանն են վերապահված էներգետիկայի հետ կապված հարցերը։

7. Ղեկավարների խորհրդի նախագահը Հանձնաժողովի կոլեգիայի այն անդամն է, որի իրավասությանն են վերապահված էներգետիկայի հետ կապված հարցերը։

8. Ղեկավարների խորհրդի նախագահը՝

ա) ապահովում է Ղեկավարների խորհրդի գործունեության կազմակերպումը.

ձևավորում, համաձայնեցնում և հաստատում է Ղեկավարների խորհրդի նիստի օրակարգը՝ հաշվի առնելով Միության մարմինների հանձնարարությունները և (կամ) Ղեկավարների խորհրդի անդամների առաջարկները, որոշում է նիստի անցկացման ամսաթիվը, ժամը և վայրը.

փոխգործակցում է անդամ պետությունների պետական իշխանության մարմինների, գիտական և կրթական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների, անդամ պետությունների գործարար համայնքների, միջազգային կազմակերպությունների և անկախ փորձագետների հետ.

բ) վարում է Ղեկավարների խորհրդի նիստերը.

գ) ստորագրում է Ղեկավարների խորհրդի նիստերի արձանագրությունները:

9. Ղեկավարների խորհրդի նիստին կարող են մասնակցել Հանձնաժողովի այն պաշտոնատար անձինք և աշխատակիցները, որոնց իրավասությանն են վերապահված Ղեկավարների խորհրդի նիստում քննարկվող հարցերը, անդամ պետությունների լիազորված և այլ պետական մարմինների, գիտական և կրթական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների, գործարար համայնքների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները և անկախ փորձագետները (այսուհետ՝ նիստի մասնակիցներ)։

10. Լիազորված մարմիններն իրենց ղեկավարների կազմում կատարված փոփոխությունների մասին ժամանակին տեղեկացնում են Ղեկավարների խորհրդի նախագահին։

 

IV. Ղեկավարների խորհրդի աշխատակարգը

 

11. Ղեկավարների խորհրդի անդամները Ղեկավարների խորհրդի նիստերին մասնակցում են անձամբ կամ իրենց լիազորված ներկայացուցիչների միջոցով։ Ղեկավարների խորհրդի նիստին լիազորված ներկայացուցչի մասնակցության դեպքում Ղեկավարների խորհրդի անդամն այդ մասին գրավոր տեղեկացնում է Ղեկավարների խորհրդի նախագահին։

Ղեկավարների խորհրդի նիստն իրավազոր է համարվում՝ դրան յուրաքանչյուր անդամ պետությունից Ղեկավարների խորհրդի անդամների կամ նրանց լիազորված ներկայացուցիչների մասնակցության պայմանով՝ նիստի օրակարգի հարցերին համապատասխան։

12. Ղեկավարների խորհրդի նիստերն անցկացվում են ըստ անհրաժեշտության, որպես կանոն՝ Հանձնաժողովի սենքերում։

Ղեկավարների խորհրդի նիստը կարող է նաև անցկացվել ցանկացած անդամ պետությունում՝ Ղեկավարների խորհրդի բոլոր անդամների հետ համաձայնեցմամբ: Այս դեպքում ընդունող անդամ պետությունը Հանձնաժողովին աջակցություն է ցուցաբերում Ղեկավարների խորհրդի նիստի կազմակերպման և անցկացման հարցում։

Ղեկավարների խորհրդի անդամների առաջարկների հիման վրա Ղեկավարների խորհրդի նիստը կարող է անցկացվել տեսաժողովի ռեժիմով:

13. Ղեկավարների խորհրդի նիստի անցկացման մասին որոշումն ընդունվում է Ղեկավարների խորհրդի նախագահի կողմից՝ Ղեկավարների խորհրդի անդամների հետ համաձայնեցմամբ։

14. Ղեկավարների խորհրդի նիստի օրակարգին առնչվող նյութերը ներառում են`

ա) քննարկվող հարցերին առնչվող տեղեկանքներ և արձանագրային որոշումների նախագծեր.

բ) քննարկման համար առաջարկվող փաստաթղթերի նախագծեր (առկայության դեպքում).

գ) անհրաժեշտ տեղեկատվական և վերլուծական նյութեր։

15. Ղեկավարների խորհրդի անդամներն իրավունք ունեն ներկայացնելու Ղեկավարների խորհրդի նիստի օրակարգում լրացուցիչ հարցեր ներառելու կամ Ղեկավարների խորհրդի նիստի օրակարգից հարցեր հանելու (եթե պահանջվում է լրացուցիչ մշակում) վերաբերյալ առաջարկներ (ներկայացնելով համապատասխան հիմնավորումներ)՝ ոչ ուշ, քան Ղեկավարների խորհրդի նիստի անցկացման օրվանից 10 օրացուցային օր առաջ։ Նշված ժամկետը լրանալուց հետո ստացված առաջարկները Ղեկավարների խորհրդի նիստի օրակարգում ներառվում են բոլոր անդամ պետություններից Ղեկավարների խորհրդի անդամների (լիազորված ներկայացուցիչների) համաձայնության դեպքում։

Ղեկավարների խորհրդի նիստի օրակարգում ներառելու համար հարցեր առաջարկած՝ Ղեկավարների խորհրդի անդամներն ապահովում են համապատասխան նյութերի և տեղեկատվության ներկայացումը Ղեկավարների խորհրդի նախագահին։

16. Ղեկավարների խորհրդի նիստում հարցերի քննարկման ժամանակ Ղեկավարների խորհրդի անդամներն ունեն հավասար իրավունքներ։

17. Ղեկավարների խորհուրդը որոշումներ է ընդունում ընդհանուր համաձայնությամբ (կոնսենսուսով)։

18. Ղեկավարների խորհրդի նիստի արդյունքները ձևակերպվում են արձանագրությամբ, որում ամրագրվում են Ղեկավարների խորհրդի անդամների դիրքորոշումները։

Ղեկավարների խորհրդի նիստի արձանագրությունը Ղեկավարների խորհրդի նախագահի կողմից ստորագրվում է ոչ ուշ, քան Ղեկավարների խորհրդի նիստի անցկացման օրվանից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում։

Ղեկավարների խորհրդի նիստերի արձանագրությունները պահվում են էներգետիկայի ոլորտում Հանձնաժողովի գործառույթների իրականացումն ապահովող՝ Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումում։

19. Ղեկավարների խորհրդի գործունեության կազմակերպատեխնիկական ապահովումն իրականացնում է էներգետիկայի ոլորտում Հանձնաժողովի գործառույթների իրականացումն ապահովող՝ Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումը, որը՝

ա) նախապատրաստում է Ղեկավարների խորհրդի նիստի օրակարգի նախագիծը և դրան առնչվող նյութերը.

բ) ուղարկում է Ղեկավարների խորհրդի անդամներին և նիստի մասնակիցներին Ղեկավարների խորհրդի նիստի օրակարգի նախագիծը և դրան առնչվող նյութերը՝ ոչ ուշ, քան Ղեկավարների խորհրդի նիստի անցկացման օրվանից 15 օրացուցային օր առաջ, իսկ բացառիկ դեպքերում՝ ոչ ուշ, քան Ղեկավարների խորհրդի նիստի անցկացման օրվանից 3 աշխատանքային օր առաջ.

գ) տեղեկացնում է Ղեկավարների խորհրդի անդամներին և նիստի մասնակիցներին Ղեկավարների խորհրդի նիստի անցկացման ամսաթվի, ժամի և վայրի մասին.

դ) վարում է Ղեկավարների խորհրդի նիստի արձանագրությունը.

ե) ուղարկում է Ղեկավարների խորհրդի նիստի արձանագրության պատճենները Ղեկավարների խորհրդի անդամներին՝ Ղեկավարների խորհրդի նախագահի կողմից դրա ստորագրման օրվանից ոչ ուշ, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում.

զ) իրականացնում է Ղեկավարների խորհրդի նիստի արձանագրությամբ նախատեսված միջոցառումների իրագործման մշտադիտարկում և տեղեկացնում է Ղեկավարների խորհրդի անդամներին դրա արդյունքների մասին։

20. Ղեկավարների խորհրդի անդամների և լիազորված մարմինների ներկայացուցիչների՝ Ղեկավարների խորհրդի գործունեությանը մասնակցելու հետ կապված ծախսերը հոգում են նրանց ուղարկող անդամ պետությունները։

Անդամ պետությունների գիտական և կրթական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների, գործարար համայնքների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների և անկախ փորձագետների՝ Ղեկավարների խորհրդի գործունեությանը մասնակցելու հետ կապված ծախսերը նշված անձինք հոգում են ինքնուրույն։

Հանձնաժողովի կոլեգիայի անդամի, Հանձնաժողովի պաշտոնատար անձանց և աշխատակիցների՝ Ղեկավարների խորհրդի գործունեությանը մասնակցելու հետ կապված ծախսերը հոգում է Հանձնաժողովը։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մայիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
25.12.2023, թիվ 19 ---------
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան