ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում |
ԵԿԴ/0172/01/16 | ||||||
Գործ թիվ ԵԿԴ/0172/01/16 |
|||||||
|
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Հ. Ասատրյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ | |
Ե. Դանիելյանի | ||
Լ. Թադևոսյանի | ||
|
Ա. Պողոսյանի | |
|
Ս. Օհանյանի |
2 մարտի 2023 թվական |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2020 թվականի փետրվարի 27-ի որոշման դեմ ամբաստանյալ Ավթանդիլ Աշոտի Ավետիսյանի և պաշտպան Զ․Հարությունյանի վճռաբեկ բողոքները,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2015 թվականի նոյեմբերի 4-ին ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցվել է թիվ 69109715 քրեական գործը՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 253-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով։
2015 թվականի նոյեմբերի 12-ին Ավթանդիլ Աշոտի Ավետիսյանը ձերբակալվել է։
Նախաքննության մարմնի` 2015 թվականի նոյեմբերի 14-ի որոշմամբ Ավթանդիլ Ավետիսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-253-րդ հոդվածի 3-րդ մասով ու 38-253-րդ հոդվածի 3-րդ մասով:
Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2015 թվականի նոյեմբերի 14-ի որոշմամբ Ա․Ավետիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ երկու ամիս ժամկետով, որը հետագայում երկարացվել է։
Նախաքննության մարմնի՝ 2016 թվականի հունիսի 1-ի որոշմամբ Ա․Ավետիսյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 38-253-րդ հոդվածի 3-րդ մասով ու 38-253-րդ հոդվածի 3-րդ մասով։
Նախաքննության մարմնի՝ 2016 թվականի հունիսի 9-ի որոշմամբ Ա․Ավետիսյանի վերաբերյալ գործի նյութերն անջատվել են առանձին վարույթում՝ 69105316 համարի ներքո ու նույն թվականի հունիսի 20-ին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):
Առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի ապրիլի 6-ի որոշմամբ Ա․Ավետիսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինվել է գրավով՝ գրավի չափ սահմանվելով՝ 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամը:
2․ Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի հունվարի 22-ի դատավճռով Ա․Ավետիսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով ու երկու դրվագ 38-253-րդ հոդվածի 3-րդ մասով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով՝ ազատազրկում՝ 4 (չորս) տարի 6 (վեց) ամիս ժամկետով, 38-253-րդ հոդվածի 3-րդ մասով՝ ազատազրկում՝ 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով, 38-253-րդ հոդվածի 3-րդ մասով՝ ազատազրկում՝ 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով։ ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված կարգով` նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, Ա․Ավետիսյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 5 (հինգ) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի համաձայն՝ նշանակված պատժին հաշվակցվել է կալանքի տակ գտնվելու 1 (մեկ) տարի 4 (չորս) ամիս 24 (քսանչորս) օրը և Ա․Ավետիսյանին թողնվել է կրելու ազատազրկում՝ 3 (երեք) տարի 7 (յոթ) ամիս 6 (վեց) օր ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա պատիժը պայմանականորեն չի կիրառվել, և սահմանվել է փորձաշրջան՝ 3 (երեք) տարի ժամկետով։ Նույն դատական ակտով վճռվել է ներկայացված քաղաքացիական հայցը մասնակիորեն բավարարել, ու Ա․Ավետիսյանից հօգուտ տուժող «Վիվառո Բեթինգ» և «Վիվառո Գեյմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների բռնագանձել 1․912․600 (մեկ միլիոն ինը հարյուր տասներկու հազար վեց հարյուր) ՀՀ դրամ` որպես հանցագործության հետևանքով պատճառված վնասի հատուցում։
3․ Մեղադրողի և պաշտպանի վերաքննիչ բողոքների հիման վրա քննության առնելով քրեական գործը` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան), 2020 թվականի փետրվարի 27-ին որոշում է կայացրել պաշտպանի բողոքը մերժելու, մեղադրողի բողոքը բավարարելու, Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի հունվարի 22-ի դատավճիռը մասնակիորեն բեկանելու ու փոփոխելու մասին։ Ա․Ավետիսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացվել է և Առաջին ատյանի դատարանի կողմից հանցանքների համակցության կանոններով նշանակված պատժին հաշվակցվել է կալանքի տակ գտնվելու 1 (մեկ) տարի 4 (չորս) ամիս 25 (քսանհինգ) օրն ու Ա․Ավետիսյանին թողնվել է կրելու ազատազրկում՝ 3 (երեք) տարի 7 (յոթ) ամիս 5 (հինգ) օր ժամկետով: Պատժի կրման սկիզբը հաշվվել է փաստացի արգելանքի վերցնելու պահից։
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ամբաստանյալ Ա․Ավետիսյանը և պաշտպան Զ․Հարությունյանը բերել են վճռաբեկ բողոքներ, որոնք Վճռաբեկ դատարանի` 2020 թվականի նոյեմբերի 3-ի որոշմամբ ընդունվել են վարույթ1:
Վճռաբեկ դատարանը 2022 թվականի հունիսի 6-ի որոշմամբ սահմանել է վճռաբեկ բողոքների քննության գրավոր ընթացակարգ:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
Վճռաբեկ բողոքների հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքները քննվում են հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
I. Պաշտպան Զ․Հարությունյանի բողոքի փաստարկները.
5. Բողոքի հեղինակը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ նյութական և դատավարական իրավունքի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ինչպես նաև դատարանի կիրառած նյութական իրավունքի նորմի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր։
Այսպես՝ բողոքի հեղինակը նշել է, որ գործով առկա չէ ապացույցների համակցություն, որը, հաղթահարելով անմեղության կանխավարկածը, անաչառ դիտորդի մոտ կձևավորի հիմնավոր կասկածից վեր համոզվածություն Ա․Ավետիսյանի մեղավորության վերաբերյալ։
Մասնավորապես՝ բողոք բերած անձը փաստարկելով, որ առանց հանցակիցների բացահայտման և հանցանքի կատարման դրդապատճառը պարզելու անհնար է ողջամտորեն փաստել, որ նրանց գործողությունները համակարգվել են որևէ անձի կողմից, գտել է, որ անգամ Ա․Ավետիսյանին մեղսագրված գործողությունները հաստատված համարելու պայմաններում, չի բացառվում կասկածն առ այն, որ Ա․Բաղդասարյանը մոլորության մեջ է գցել Ա․Ավետիսյանին՝ հայտարարելով, որ կապի մեջ է կատարողների հետ՝ Ա․Ավետիսյանից գումար կորզելու նպատակ հետապնդելով, ուստի, քանի դեռ այդ հավանականությունը բացառված չէ, անհնար է գալ այն եզրահանգման, որ Ա․Ավետիսյանը կազմակերպել է հանցանքի կատարում։
Վերոգրյալի հետ մեկտեղ, փաստարկվել է, որ սույն գործով քննություն չի կատարվել նաև ենթադրյալ համակարգչային սաբոտաժները մեկ միասնական դիտավորությամբ կատարված լինելու ուղղությամբ, ուստի, ըստ բողոքաբերի, մեկ միասնական դիտավորությունը հերքող փաստական տվյալների բացակայության պայմաններում Ա․Ավետիսյանի ենթադրյալ գործողությունները դիտվում են իբրև մեկ հանցագործություն։
Բացի այդ, նշելով, որ համակարգչային սաբոտաժը սուբյեկտիվ կողմից կարող է կատարվել միայն ուղղակի դիտավորությամբ, բողոքի հեղինակը գտել է, որ գործում բացակայում է ինչպես նշված հանցանքը կատարելու, այնպես էլ ծանր հետևանք առաջացնելու ուղղակի դիտավորության մասին վկայող որևէ փաստական տվյալ։
Ծանր հետևանք առաջացնելու դիտավորության կապակցությամբ բողոք բերած անձը կրկնելով, որ ենթադրյալ հանցագործության հանցակիցները բացահայտված չեն, գտել է, որ չփարատված է կասկածն առ այն, որ Ա․Ավետիսյանը չի ցանկացել որևէ բացասական հետևանք առաջացնել տուժող կազմակերպությունների համար կամ առաջացած հետևանքները ենթադրյալ հանցակիցների ինքնուրույն որոշման և ընտրված մեթոդիկայի արդյունք են։
Վերոշարադրյալի հետ մեկտեղ, նյութական իրավունքի վերլուծության արդյունքում, բողոքի հեղինակը եզրահանգել է, որ ծանր հետևանքն առավել բարձր հասարակական վտանգավորության աստիճան կրող է և ըստ էության համարժեք է այնպիսի հանցավոր հետևանքի, ինչպիսին է մարդուն կյանքից զրկելը, բնապահպանական բնույթի աղետների և վթարների առաջացումը, պետական գաղտնիք հանդիսացող տեղեկատվության ոչնչացումը, գույքային վնասը և այլն։ Ընդ որում, օրենսդրությամբ որոշակիացված չլինելու դեպքում գույքային վնասի՝ ծանր հետևանք դիտարկելու համար, անհրաժեշտ է վերջինիս դրամական արտահայտությունը համադրել տուժողի սոցիալական դրությանը։
Նշվածի հաշվառմամբ բողոքաբերը գտել է, որ կազմակերպության բնականոն գործունեության կազմալուծումը կամ գործարար համբավին վնաս պատճառելը՝ հիշյալ հանրորեն վտանգավոր հետևանքներին առերևույթ անհամարժեքության պատճառաբանությամբ, չեն կարող դիտարկվել որպես ծանր հետևանք։ Միևնույն ժամանակ, բողոքաբերը փաստարկելով, որ Ա․Ավետիսյանի ենթադրյալ հանցավոր արարքների հետևանքով պատճառված գույքային վնասի վերաբերյալ տվյալներ առկա են միայն «Վիվառո Բեթինգ» և «Վիվառո Գեյմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների դրվագով, նշել է, որ ներկայացված քաղաքացիական հայցում արձանագրված գույքային վնասը՝ 13․616․872 ՀՀ դրամը չի կարող գնահատվել որպես ծանր հետևանք, քանի որ վերաբերելի հարկային տարվա արդյունքով արձանագրված հիշյալ ընկերությունների շրջանառությունն էապես գերազանցել է այն։ Նշվածին համատեղ բողոքի հեղինակը գտել է նաև, որ տուժող ճանաչված ընկերությունների գործարար համբավին պատճառված վնասի վերաբերյալ պնդումն իրական չի կարող համարվել՝ ենթադրյալ հանցավոր արարքները կատարելուն հաջորդող ժամանակահատվածում հիշյալ ընկերությունների կողմից «հազար խոշոր հարկատուներ» ցուցակում ունեցած առաջխաղացման փաստարկմամբ։
5․1․ Անդրադառնալով քաղաքացիական հայցին, բողոքաբերը նշել է, որ որպես պատճառված վնաս դիտարկված գույքային վնասի և ենթադրյալ հանցագործության միջև առկա չէ պատճառահետևանքային կապ։
5․2․ Անդրադառնալով համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալու մեղադրանքին, բողոքաբերը փաստարկել է, որ այն հիմնավորող ապացույցներից տուժող Ա․Թյությունջյանի ցուցմունքը՝ իր և ամբաստանյալի հոր միջև տեղի ունեցած հանդիպման և որդու դեմ չբողոքելու խնդրանքի վերաբերյալ, արժանահավատ չի կարող գնահատվել։ Ըստ բողոքաբերի՝ քննարկվող մեղադրանքի տեսանկյունից դա ապացուցողական նշանակություն ունեցող միակ փաստական հանգամանքն է, որը չի համապատասխանում իրականությանը։ Այս համատեքստում բողոքի հեղինակը նշել է, որ Աշոտ Ավետիսյանին գրավոր հարցման ենթարկելու վերաբերյալ արձանագրությունը ներկայացվել է դատարան և միջնորդվել է նրան հարցաքննելու, ինչը ոչ իրավաչափ մերժվել է, ուստի խախտվել է մրցակցության դատավարական սկզբունքը։
Ինչ վերաբերում է համակարգչի զննության արձանագրությանը, ապա այն չի հանդիսացել Ա․Ավետիսյանի անձնական օգտագործման համակարգիչը և օգտագործվել է նրա կողմից շահագործվող հանրային սննդի կետի հաճախորդների կողմից։ Բացի այդ, ըստ բողոքի հեղինակի, որևէ անձի էլեկտրոնային փոստարկղ մուտք գործելու անհրաժեշտ տեղեկատվությունն ունենալու հանգամանքը չի կարող մեկնաբանվել որպես հանցավոր արարք, քանի որ անհնար է բացառել, որ նշվածը սխալմունքի արդյունքում է հայտնվել համակարգչում, հատկապես այն պայմաններում, երբ նույն համակարգչում բացակայում է համապատասխան տեղեկատվությանը տիրանալու պատվեր տալու և դրա դիմաց վճարելու վերաբերյալ հաղորդակցությունը։ Բացի այդ, տուժողն իր ցուցմունքում հայտնել է նաև, որ որևէ անձ իր էլեկտրոնային փոստարկղ մուտք չի գործել, ինչը, ըստ բողոք բերած անձի, ևս ապացուցում է Ա․Ավետիսյանի անմեղությունը։
Ըստ բողոքաբերի՝ չի բացառվում նաև, որ ենթադրյալ պատվեր կատարողը հանդիսանա ավտոմատացված համակարգ, որը գործում է ինքնավար և չի պահանջում որևէ ֆիզիկական անձի ներգրավվածություն, ուստի ողջամիտ է խմբի գույություն չունենալու մասին ենթադրությունը։
6․ Անդրադառնալով ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի դիրքորոշմանը, բողոքի հեղինակը նշել է, որ ստորադաս դատարանն առհասարակ գնահատման չի ենթարկել գործի քննության տևողությունը, ընտրված խափանման միջոցը փոփոխելուց հետո Ա․Ավետիսյանի դրսևորած վարքագիծը, մասնավորապես այն, որ նա կազմել է ընտանիք, գտել է աշխատանք և դրսևորել պատշաճ վարքագիծ, վերջինիս ընտանիքի կյանքի պայմանների վրա ազդեցությունը, հատկապես այն պայմաններում, երբ Ա․Ավետիսյանի կինը հղի է։ Ըստ բողոքաբերի, նշված հանգամանքները վկայում են հասարակությունում Ա․Ավետիսյանի վերաինտեգրված լինելու և նրան կրկին մեկուսացնելու անհրաժեշտության բացակայության մասին։
7. Հիմք ընդունելով վերոշարադրյալը` բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2020 թվականի փետրվարի 27-ի որոշումը և ճանաչել ու հռչակել Ա.Ավետիսյանի անմեղությունը` ՀՀ քրեական օրենսգրքի 38-253-րդ հոդվածի 3-րդ մասով, 38-253-րդ հոդվածի 3-րդ մասով և 254-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքում կամ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կարգով ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել։
II. Ամբաստանյալ Ա․Ավետիսյանի բողոքի փաստարկները.
8․ Բողոքի հեղինակը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ նյութական իրավունքի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ինչպես նաև առկա է իրավունքի զարգացման խնդիր։
Բողոքաբերի պնդմամբ, իր նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրելու առնչությամբ Առաջին ատյանի դատարանի տրված լուծման իրավաչափությունը ստուգելիս Վերաքննիչ դատարանը պատշաճ գնահատման չի արժանացրել իր առողջական վիճակը, ինչով պայմանավորված ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինվել է գրավով, ազատության մեջ գտնվելու ընթացքում պատշաճ վարքագիծ դրսևորելը, ամուսնանալը, աշխատելը, դրական բնութագրվելը, ընտանիքի կյանքի պայմանների վրա նշանակված պատիժը կրելու ազդեցությունը, հատկապես այն դեպքում, երբ կինը հղի է, ինչպես նաև պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը։
Նշվածի, ինչպես նաև գործի քննության տևողության հաշվառմամբ, բողոք բերած անձը եզրահանգել է, որ իր նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը կհամապատասխանի օրինականության, արդարության և պատժի անհատականացման հիմնարար սկզբունքներին։
Վերոգրյալի հետ մեկտեղ, բողոքաբերը փաստարկել է, որ մեղքը չընդունելն ու պատճառված վնասը հատուցված չլինելը հակակշռող գործոններ չեն կարող դիտարկվել, քանի որ պաշտպանության իրավունքից օգտվելը չի կարող մեկնաբանվել ի վնաս անձի։
9․ Վերոգրյալի հաշվառմամբ բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2020 թվականի փետրվարի 27-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի հունվարի 22-ի դատավճռին։
Վճռաբեկ բողոքների քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
10․ Ավթանդիլ Ավետիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 38-253-րդ հոդվածի 3-րդ մասով և 38-253-րդ հոդվածի 3-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա․ ««Մոսկովյան մշակութագործարարական կենտրոն ««Դոմ Մոսկվի» Երևանում» ՍՊ ընկերության տնօրեն Ա․Թյությունջյանի կողմից օգտագործվող՝ dommoskvy@mail.ru էլեկտրոնային փոստարկղի գաղտնաբառին ապօրինի տիրանալու և դրա միջոցով տվյալ փոստարկղով փոխանցվող տեղեկատվությանը հասանելիություն ստանալու նպատակով, 2015 թվականի հուլիսի 15-ին, dommoskvy@mail.ru փոստարկղի գաղտնաբառի ապօրինի տիրանալու շուրջ նախնական համաձայնության է եկել boroccomr@gmail.com էլեկտրոնային փոստարկղն օգտագործող անհայտ անձի հետ, ով համակարգչային տեխնիկայի կիրառմամբ ապօրինի տիրացել և գումարի դիմաց 2015 թվականի հուլիսի 15-ին Ա․Ավետիսյանի կողմից օգտագործվող tttigran@inbox.ru էլեկտրոնային փոստարկղին փոխանցել է dommoskvy@mail.ru էլեկտրոնային փոստարկղ մուտք իրականացնելու համար անհրաժեշտ՝ տվյալ էլեկտրոնային փոստարկղի գաղտնաբառը: Ա․Ավետիսյանն ապօրինի տիրանալով համակարգչային տեղեկատվություն հանդիսացող dommoskvy@mail.ru էլեկտրոնային փոստարկղի գաղտնաբառին հնարավորություն է ստացել ապօրինի մուտք իրականացնել նշված փոստարկղ:
Այնուհետև, Ա․Ավետիսյանը, ծրագրավորել է համակարգչային սաբոտաժ իրականացնելու միջոցով խափանել «Վիվառո Բեթինգ» և «Վիվառո Գեյմ» ՍՊ ընկերությունների կողմից օգտագործվող www.vivarobet.am կայքի աշխատանքն ու կազմալուծել ընկերությունների բնականոն գործունեությունը: Համակարգչային սաբոտաժ իրականացնելուն ուղղված իր հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով, Ուկրաինայում գտնվող իր ծանոթ Ա․Բաղդասարյանի օժանդակությամբ կազմակերպել և ղեկավարել է անմիջականորեն համակարգչային հարձակում իրականացնող մի խումբ անձանց կողմից գումարի դիմաց կայքի ուղեփակման ուղղված գործողությունները: Այսպես, Ա․Բաղդասարյանի միջոցով ստացած պատվերի շրջանակներում, 2015 թվականի նոյեմբերի 3-ին, նշված անհայտ անձինք, ժամը 15:00-ի սահմաններից մինչև նոյեմբերի 4-ը՝ ժամը 04:30-ն ընկած ժամանակահատվածում, DDoS տեսակի համակարգչային հարձակման են ենթարկել www.vivarobet.am կայքը, ինչի արդյունքում վրա են հասել Ա․Ավետիսյանի, Ա․Բաղդասարյանի և անմիջականորեն համակարգչային հարձակում իրականացրած անձանց դիտավորությամբ նախատեսված ծանր հետևանքները, այն է` տևական ժամանակով խափանվել է կայքը, որից օգտվող տասնյակ հազարավոր հաճախորդներ զրկվել են հնարավորությունից օգտվել «Վիվառո Բեթինգ» և «Վիվառո Գեյմ» ՍՊ ընկերությունների կողմից մատուցվող ծառայություններից, ինչի հետևանքով ընկերությունների գործարար համբավին պատճառվել է ծանր վնաս, ինչպես նաև կազմալուծվել է նշված ընկերությունների բնականոն աշխատանքը, որի հետևանքով երկու ընկերությունների 1.284 աշխատակից տևական ժամանակով մատնվել են պարապուրդի: DDoS տեսակի համակարգչային հարձակումը դադարեցնելու դիմաց Ավթանդիլ Ավետիսյանը «Վիվառո Բեթինգ» և «Վիվառո Գեյմ» ՍՊ ընկերությունների գլխավոր տնօրեն Հ․Համբարձումյանից պահանջել է վճարել 5.000 ԱՄՆ դոլար: Հ․Համբարձումյանն առավել ծանր հետևանքներից խուսափելու նպատակով, համաձայնել է Ա․Ավետիսյանին վճարել նրա պահանջած գումարը, որից 2015 թվականի նոյեմբերի 4-ին, 9-ին և 10-ին Ա․Ավետիսյանն ստացել է ընդամենը` 1.912.600 ՀՀ դրամին համարժեք 4.000 ԱՄՆ դոլար, այդ թվում նաև DDoS տեսակի համակարգչային հարձակումներ հետագայում չիրականացնելու համար:
Բացի այդ, Ա․Ավետիսյանը ծրագրավորել է համակարգչային սաբոտաժ իրականացնելու միջոցով խափանել «Ինտերլոտո» ՍՊ ընկերության www.sport.totogaming.am կայքի աշխատանքը և դիտավորությամբ առաջացնելով ծանր հետևանքներ` կազմալուծել ընկերության բնականոն գործունեությունը: Համակարգչային սաբոտաժ իրականացնելուն ուղղված իր հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով, Ուկրաինայում գտնվող իր ծանոթ Ա․Բաղդասարյանի օժանդակությամբ կազմակերպել և ղեկավարել է անմիջականորեն համակարգչային հարձակում իրականացնող մի խումբ անձանց կողմից գումարի դիմաց կայքի ուղեփակման ուղղված գործողությունները: Այսպես, Ա․Բաղդասարյանի միջոցով ստացած պատվերի շրջանակներում, 2015 թվականի նոյեմբերի 10-ին՝ ժամը 09:25-ից մինչև ժամը 15:30-ն ընկած ժամանակահատվածում, նշված անհայտ անձինք DDoS տեսակի համակարգչային հարձակման են ենթարկել www.sport.totogaming.am կայքը, ինչի արդյունքում վրա են հասել Ա․Ավետիսյանի, Ա․Բաղդասարյանի և անմիջականորեն համակարգչային հարձակում իրականացրած անձանց դիտավորությամբ նախատեսված ծանր հետևանքները, այն է` տևական ժամանակով խափանվել է կայքը, որից օգտվող տասնյակ հազարավոր հաճախորդներ զրկվել են հնարավորությունից օգտվել ընկերության կողմից մատուցվող ծառայություններից, ինչի հետևանքով ընկերության գործարար համբավին պատճառվել է ծանր վնաս, ինչպես նաև կազմալուծվել է ընկերության բնականոն աշխատանքը, որի հետևանքով ընկերության 419 աշխատակից տևական ժամանակով մատնվել են պարապուրդի»2։
11. Առաջին ատյանի դատարանը, Ա․Ավետիսյանին մեղավոր ճանաչելով առաջադրված մեղադրանքում, արձանագրել է, որ «(․․․) [Թ]ույլատրելի և արժանահավատ ապացույցների համադրման ու գնահատման արդյունքում [Առաջին ատյանի] դատարանը գալիս է այն եզրահանգման, որ (․․․) [ա]պացուցված է Ա․Ավետիսյանի մեղավորությունը ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 38-253-րդ հոդվածի 3-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 38-253-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարքները կատարելու մեջ»3։
11․1․ Առաջին ատյանի դատարանն Ա․Ավետիսյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով հաշվի է առել․ «[Ա]մբաստանյալի անձը, այն որ երիտասարդ է, ամուսնացած է, կատարած արարքի հանրության համար վտանգավորության աստիճանը և բնույթը, այդ թվում` նրա գործողությունների վտանգավորության աստիճանը, կատարած հանցագործություններից հետո նրա դրսևորած վարքագիծը, այն, որ զերծ է մնացել նոր հանցագործություններ կատարելուց, նախկինում դատապարտված կամ որևէ այլ կերպ արատավորված չլինելու հանգամանքը, ինչպես նաև այն որ ամբաստանյալ Ա․Ավետիսյանն ունի առողջական խնդիրներ և նրա մոտ ախտորոշվել է երկկողմանի ԹԶԹԷ-պնևմոնիա, խրոնիկ ասթոմիդ բրոնխիտ սրացման շրջանում, ձախ նստատեղի ինֆեկցված լիպոմա և ըստ բժշկական տեղեկանքի Ա․Ավետիսյանին հարկավոր է շարժուն կյանք, խուսափել գիրանալուց, չափից ավելի խոնավությունից, սուր և հիվանդածին օդից, անհրաժեշտ է բժշկական հսկողություն և անհատական խնամողի կարիք, [ազատության մեջ գտնվելով] դրսևորել է պատշաճ վարքագիծ և դատարանի կանչով ներկայացել դատական նիստերին, բացի այդ Հայ-Ռուսական Համալսարանի ռեկտոր Ա.Դարբինյանի կողմից տրված բնութագրի համաձայն բնութագրվում է դրականորեն, ՀՌՀ ուսանողական խորհրդի նախագահի և ՀՌՀ ռեկտորի կողմից ունի ստացած պատվոգրեր, պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, (․․․)»4։
12. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն՝ «(…) ՀՀ քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի իմաստով, ի թիվս այլոց, ծանր հետևանք կարող է դիտարկվել նաև կազմակերպությունների բնականոն գործունեության կազմալուծումը: Այս համատեքստում Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ «Վիվառո Բեթինգ», «Վիվառո Գեյմ» և «Ինտերլոտո» ՍՊ ընկերությունների բնականոն գործունեությունը մեծապես պայմանավորված է եղել այդ ընկերությունների կողմից օգտագործվող ինտերնետային կայքերի անխափան աշխատանքով, որպիսի պայմաններում այդ կայքերի վրա DDoS տեսակի համակարգչային հարձակումը և դրանց աշխատանքի տևական խափանումը ՀՀ քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի իմաստով պետք է դիտարկվեն որպես ծանր հետևանքներ, քանի դրանց արդյունքում կազմալուծվել է «Վիվառո Բեթինգ», «Վիվառո Գեյմ» և «Ինտերլոտո» ՍՊ ընկերությունների բնականոն գործունեությունը: Ընդ որում` Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ «Վիվառո Բեթինգ», «Վիվառո Գեյմ» ու «Ինտերլոտո» ՍՊ ընկերությունների կողմից օգտագործվող ինտերնետային կայքերի վրա DDoS տեսակի համակարգչային հարձակումը և դիտավորությամբ դրանց աշխատանքի տևական խափանումն Ա․Ավետիսյանի կողմից կազմակերպելու հանգամանքը հաստատվում է Առաջին ատյանի դատարանի մեղադրական դատավճռի հիմքում դրված` քրեական գործին վերաբերող փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ:
Ինչ վերաբերում է Ա․Ավետիսյանին 2 (երկու) դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 38-253-րդ հոդվածի 3-րդ մասով մեղսագրված արարքները մեկ միասնական դիտավորությամբ կատարված լինելու վերաբերյալ պաշտպանի վերաքննիչ բողոքի փաստարկներին, ապա Վերաքննիչ դատարանը դրանք ընդունելի չի համարում` նկատի ունենալով, որ Ա․Ավետիսյանի կողմից DDoS տեսակի համակարգչային հարձակումներ են կազմակերպվել տարբեր ինտերնետային կայքերի («www.vivarobet.am» և «www.sport.totogaming.am») վրա, որոնք իրենց հերթին օգտագործվել են տարբեր ընկերությունների կողմից (,Վիվառո Բեթինգե, «Վիվառո Գեյմ» և «Ինտերլոտո» ՍՊ ընկերություններ): Բացի այդ, սույն քրեական գործով ձեռք չի բերվել փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջություն առ այն, որ ամբաստանյալ Ա․Ավետիսյանի մոտ առկա է եղել «www.vivarobet.am» և «www.sport.totogaming.am» կայքերի վրա DDoS տեսակի համակարգչային հարձակումներ կազմակերպելու միասնական դիտավորություն և նպատակ: Այլ կերպ ասած` քրեական գործում բացակայում են տվյալներ այն մասին, որ ամբաստանյալ Ա․Ավետիսյանը նախնական մտադրություն է ունեցել կատարելու կոնկրետ հանցանքը մեկից ավելի, որոշակի ժամանակային ընդմիջումներով առանձնացված նույնական արարքներով»5։
13․ Վկա, «Վիվառո Գեյմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության աշխատակից Գ․Հակոբյանն իր ցուցմունքով, ի թիվս այլնի, հայտնել է, որ «Avtandil» օգտահաշիվն օգտագործողն իրենց մշտական հաճախորդն է։ Վերջինից բազմաթիվ դժգոհություններ են ստացել կայքէջի աշխատանքի հետ կապված, և կարգադրել է նրան հրավիրել իրենց ընկերության գրասենյակ։ 2015 թվականի հոկտեմբերի 20-ից մինչև 25-ն ընկած ժամանակահատվածում հանդիպել է նշված օգտահաշվի օգտատեր Ավթանդիլ Ավետիսյանի հետ, որի ընթացքում վերջինս նաև գործնական առաջարկ է արել, ինչի մասին տեղեկացրել է գլխավոր տնօրեն Հ․Համբարձումյանին ու 2015 թվականի նոյեմբերի 3-ին՝ ժամը 17-ի սահմաններում տեղի է ունեցել նրանց հանդիպումը, որից հետո ինքը ճանապարհել է Ա․Ավետիսյանին։ Այդ ընթացքում Ա․Ավետիսյանը տեղեկացրել է, որ տվյալ պահին իրենց կայքէջը ենթարկվում է «DDoS» տեսակի համակարգչային հարձակման։ Թեև այդ պահին իրենց կայքէջը լուրջ խափանումներով է աշխատել, չի կարևորել վերջինիս ասածը, սակայն հասկանալով, որ իրենք չեն կարողանում լուծել առաջացած խնդիրը, որոշել է Հ․Համբարձումյանին տեղեկացնել Ա․Ավետիսյանի հետ ունեցած հիշյալ զրույցի մասին։ Հ․Համբարձումյանի հանձնարարությամբ կապ է հաստատել Ա․Ավետիսյանի հետ ու նրանից տեղեկացել հարձակում իրականացնելու վայրի և շարժառիթների վերաբերյալ, միևնույն ժամանակ վերջինս հայտնել է, որ պատրաստակամ է օգնել, ավելացնելով նաև, որ հարձակումը կատարվում է լուրջ հաքերների կողմից և լավ կլինի վճարել նրանց պահանջված գումարը6։
13․1․ Վկա, «Վիվառո Բեթինգ» և «Վիվառո Գեյմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների գլխավոր տնօրեն Հ․Համբարձումյանն իր ցուցմունքով, ի թիվս այլնի, հայտնել է, որ 2015 թվականի հոկտեմբերի 20-ից մինչև 25-ն ընկած ժամանակահատվածում իր կողմից ղեկավարվող ընկերության աշխատակից Գ․Հակոբյանից տեղեկացել է, որ իրենց մշտական հաճախորդներից Ա․Ավետիսյանը գործնական առաջարկով ցանկանում է հանդիպել իր հետ։ Հանդիպումից որոշակի ժամանակ անց Գ․Հակոբյանն իրեն հայտնել է, որ ըստ Ա․Ավետիսյանի՝ իրենց կայքէջի վրա իրականացվում է «DDoS» տեսակի համակարգչային հարձակում։ Հասկանալով, որ իրենց մասնագետները չեն կարողանում լուծել խնդիրը, Գ․Հակոբյանին կարգադրել է կապնվել Ա․Ավետիսյանի հետ՝ պարզելու թե վերջինս արդյո՞ք կարող է օգնել իրենց։ Որոշակի ժամանակ անց Գ․Հակոբյանը տեղեկացրել է, որ Ա․Ավետիսյանին հայտնի է հարձակումը կազմակերպելու վայրը, շարժառիթները և նա պատրաստակամ է օգնելու։ Միևնույն ժամանակ, հայտնել է, որ կայքէջի բնականոն աշխատանքը վերականգնելու համար պահանջվել է 1-3 օր7։
13․2․ Վկա, «Ինտերլոտո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներկայացուցիչ Հ․Վարդանյանն իր ցուցմունքով, ի թիվս այլնի, հայտնել է, որ «DDoS» տեսակի համակարգչային հարձակման հետևանքով կայքէջի բնականոն աշխատանքի վերականգման համար պահանջվել է 1-3 օր8։
13․3․ Ա.Ավետիսյանի և այլ անձանց միջև կատարված հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման ձայնագրառումներով լազերային սկավառակի զննության արձանագրության համաձայն` Ա.Ավետիսյանը, ի թիվս այլնի, 2015 թվականի նոյեմբերի 7-ին` ժամը 18:02-ին, իր կողմից օգտագործվող 094-08-80-30 հեռախոսահամարից 099-66-99-61 հեռախոսահամարի բաժանորդի հետ ունեցել է հետևյալ բովանդակությամբ հեռախոսազրույց (հատվածներ հեռախոսազրույցից).
«[Ավթանդիլ]։ - Ապե, Դու «Տոտո» Վիխդ ունես։
[Գուլարյան]։ - Ապե, էն վախտ հարցրել ես։
[Ավթանդիլ]։ - Ապե, հիմա, որ «Տոտոյի» սայթը պարկցնենք, քո ջոգելով կկարանանք մեր վրա, որ դուրս գան պոկվենք, քո ջոգելով։
[Գուլարյան]։ - Մարդ կպցնենք, ընենց անենք մեր վրա դուրս գան։
[Ավթանդիլ]։ - Հա։
[Գուլարյան]։ - Չեմ իմանում, դու էն պարտքը տվիր»9։
Ա.Ավետիսյանը 2015 թվականի նոյեմբերի 9-ին` ժամը 17:22-ին, իր կողմից օգտագործվող 094-08-80-30 հեռախոսահամարից 380-97-90-43-572 հեռախոսահամարն օգտագործող Արման Բաղդասարյանի հետ ունեցել է հետևյալ բովանդակությամբ հեռախոսազրույց (հատվածներ հեռախոսազրույցից).
[Ավթանդիլ]։ - ապե, էն թեմայով, հիշում ես, որ քեզ զանգել էի։
[Արման]։ - Հա։
[Ավթանդիլ]։ - Փողերը գցին, չտվին։
[Արման]։ - Ո՞վ Վիվառոն։
[Ավթանդիլ]։ - Հա, ձգձգում են ապե, չեն տալիս էլի։
(․․․)
[Ավթանդիլ]։ - Ասենք եթե էլի փողը չտան ես իմ ջեբից կտամ էլի էտ փողը, եթե բան ա մեկ էլ պարկցնենք էլի, Տոտոն ու Գուդվինը։
[Արման]։ - Հա, սաղ իրար հետ հա։
[Ավթանդիլ]։ - Հա կամ մեկնումեկն էլի, կամ Տոտոն, Գուդվինը, մեկ ա, տարբերություն չկա։ Հիմա կարաս դու իրանց ասես ասենք Տոտոն էլ պարկցնեն։
(․․․)
[Արման]։ - (․․․) մի հատ դու ինձի գրի էլ բանով, վայբերով կոնկրետ սայթը գրի էլի կամ sms:
[Ավթանդիլ]։ - Ապե, վայբեր չունեմ, ցավդ տանեմ, Facebook-ով հեսա կգրեմե10։
14․ Ամբաստանյալ Ա.Ավետիսյանը վճռաբեկ բողոքին կից ներկայացրել է «Սլավմեդ» բժշկական կենտրոնի՝ 2020 թվականի հուլիսի 24-ի կազմված՝ իր կնոջ հղիության մեջ գտնվելու և ծննդաբերության ենթադրյալ ժամկետի՝ 2021 թվականի հունվարի 5-ին, վերաբերյալ տեղեկանքը11։
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 1-ին մասի հանցակազմի ծանրացնող հանգամանքի՝ ծանր հետևանք առաջացնելու հատկանիշի մեկնաբանման կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու խնդիր, ուստի անհրաժեշտ է համարում արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի միասնականությունն ապահովելու համար։
15. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավոր է արդյո՞ք Ա․Ավետիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 38-253-րդ հոդվածի 3-րդ մասով ու 38-253-րդ հոդվածի 3-րդ մասով առաջադրված մեղադրանքում մեղավոր ճանաչելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունը։
I. «Վիվառո Բեթինգ», «Վիվառո Գեյմ» և «Ինտերլոտո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին պատկանող «www.vivarobet.am» ու «www.sport.totogaming.am» կայքէջերի ուղեփակմանն ուղղված գործողություններն Ա․Ավետիսյանի կողմից կազմակերպելու հիմնավորվածությունը։
Պաշտպանի բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում ստուգման ենթարկելով քրեական գործի փաստական հանգամանքների բացահայտման ու քրեական օրենքի կիրառման ճշտությունը, գործը քննելիս և լուծելիս քրեադատավարական օրենքի պահանջների պահպանումը, ինչպես նաև ուսումնասիրության ու գնահատման ենթարկելով քրեական գործում առկա նյութերը` Վճռաբեկ դատարանը հանգում է հետևության, որ ստորադաս դատարաններն Ա.Ավետիսյանի կողմից «www.vivarobet.am» ու «www.sport.totogaming.am» կայքէջերի ուղեփակմանն ուղղված գործողությունները՝ օգտագործողների համար դրանք անհասանելի դարձնելը կազմակերպելու վերաբերյալ հանգել են ճիշտ հետևության։
Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ա.Ավետիսյանի կողմից հիշյալ ընկերությունների կայքէջերի ուղեփակմանն ուղղված գործողությունները կազմակերպելը հաստատված, իսկ բողոքաբերի պատճառաբանությունները հերքված են վկաներ Հ․Համբարձումյանի, Գ․Հակոբյանի, Տ․Փարսադյանի, Հ․Վարդանյանի, Կ․Գրիգորյանի, Ա․Խաչատրյանի, Մ․Խաչատրյանի ցուցմունքներով, դատահամակարգչատեխնիկական փորձաքննությունների եզրակացություններով, բջջային հեռախոսը, հեռախոսային խոսակցությունների վերահսկման արդյունքները և հեռախոսահամարների մուտքային ու ելքային հեռախոսազանգերի վերծանումները զննելու մասին արձանագրություններով, և իրեղեն ու որպես այլ փաստաթուղթ ապացույց ճանաչված փաստաթղթերով12։
Նշվածի հետ մեկտեղ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել նաև, որ Ա.Ավետիսյանի քրեական պատասխանատվության հիմքը հանցանք կատարելն է, ուստի բողոքաբերի՝ սույն որոշման 5-րդ կետում նշված՝ Ա․Բաղդասարյանի՝ ի սկզբանե հանցակցելու մտադրություն չունենալու և մոլորության մեջ գցելով գումար հափշտակելու հավանական մտադրության փաստարկը ողջամիտ չի կարող գնահատվել, ընդ որում, ապացույցների բավարար համակցությամբ՝ հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշին համապատասխան, ապացուցված է Ա․Ավետիսյանի՝ Ա․Բաղդասարյանի միջոցով հանցանքների կազմակերպումն ու ղեկավարումը, ինչպես նաև միջնորդավորված՝ Ա․Բաղդասարյանի միջոցով, կատարող(ների)ի հետ կապի մեջ գտնվելը։
Հիշյալ կայքէջերի ուղեփակումները միասնական դիտավորությամբ կատարելու վերաբերյալ բողոքաբերի դիրքորոշման կապակցությամբ հարկ է նաև նշել, որ քրեական գործում առկա է արժանահավատ ապացույցների բավարար համակցություն13՝ հանցագործությունների իրական համակցությունը շարունակվող հանցագործությունից սահմանազատելու14 վերաբերյալ հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշին համապատասխան եզրահանգում անելու համար։ Տվյալ դեպքում, կատարված արարքները թեպետ եղել են նման և ուղղված են եղել միևնույն օբյեկտի դեմ, սակայն գործի փաստական հանգամանքների ամբողջական վերլուծությունից հետևում է, որ Ա․Ավետիսյանը գործել է ոչ թե միասնական և նախնական դիտավորությամբ, այլ յուրաքանչյուր դեպքում կրկին ծագած դիտավորությամբ15։
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ որպես այլ փաստաթուղթ ապացույց ճանաչված՝ հեռախոսային խոսակցությունների վերահսկման արդյունքները զննելու մասին արձանագրությամբ արձանագրված փաստական տվյալները, համաձայն որոնց՝ «Vivarobet.am» կայքէջն ուղեփակելուց հետո, այն շահագործող ընկերությունների ներկայացուցչից պահանջվող գումարն ամբողջությամբ չստանալով Ա․Ավետիսյանը հետաքրքրվել է «sport.totogaming.am» կայքէջի ուղեփակման հնարավորությամբ, ընդ որում քննարկելով նաև ուղեփակվող կայքէջի այլ տարբերակ16, բացառում են համակարգչային սաբոտաժներ կատարելը նախապես պլանավորված լինելու և միասնական հանցավոր մտադրության իրականացման ընդհանուր նպատակ ունենալու հանգամանքը։ Ուստի, ամբաստանյալի մոտ մեկ միասնական դիտավորության առկայության մասին բողոքաբերի դիրքորոշումը չի բխում տվյալ գործի նյութերից։
16․ Վերոգրյալից ելնելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ա.Ավետիսյանի կողմից երկու դրվագ համակարգչային սաբոտաժ, այն է՝ «Վիվառո Բեթինգ», «Վիվառո Գեյմ» և «Ինտերլոտո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին պատկանող «www.vivarobet.am» ու «www.sport.totogaming.am» կայքէջերի ուղեփակումները կազմակերպելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունը, հիմնավոր է:
II. Ամբաստանյալ Ա.Ավետիսյանի արարքում համակարգչային սաբոտաժի՝ դիտավորությամբ ծանր հետևանք առաջացնելու ծանրացնող հանգամանքի հատկանիշի առկայության հիմնավորվածությունը։
17․ ՀՀ քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի համաձայն՝ «1. Համակարգչային տեղեկատվությունը կամ ծրագրերը ոչնչացնելը, ուղեփակելը (մեկուսացնելը) կամ ոչ պիտանի վիճակի բերելը, համակարգչային սարքավորումները շարքից դուրս բերելը կամ համակարգիչը, համակարգչային համակարգը, ցանցը կամ մեքենայական կրիչները վնասելը (նենգադուլը)՝
3. Սույն հոդվածի առաջին (․․․) մասով նախատեսված արարքները, որոնք դիտավորությամբ առաջացրել են ծանր հետևանքներ»։
Մեջբերված իրավանորմի վերլուծությունից երևում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցակազմը նյութական է, և համակարգչային սաբոտաժը ենթակա է որակման քրեաիրավական նշված նորմով, եթե այդ արարքը դիտավորությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ Հետևաբար, քննարկվող ծանրացնող հանգամանքի առկայության կամ բացակայության հարցը ստուգելիս անհրաժեշտ է ոչ միայն հիմնական հանցակազմի օբյեկտիվ կողմը բնութագրող գործողություններից մեկը կատարելու արդյունքում ծանր հետևանքների առաջացումը, այլև ծանր հետևանքների առաջացումն անձի դիտավորության մեջ ընդգրկված լինելը: Այլ կերպ՝ հանցավորը պետք է գիտակցի արարքի ծանր հետևանքներ առաջացնելու փաստը, նախատեսի համակարգչային սաբոտաժի միջոցով ծանր հետևանքներ առաջացնելը և ցանկանա կամ գիտակցաբար թույլ տա դրանք։ Հետևաբար, քննարկվող որակյալ հանցակազմը կարող է կատարվել ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի դիտավորությամբ։ Միևնույն ժամանակ, քննարկվող հանցանքն անձին կարող է մեղսագրվել միայն այն դեպքում, երբ հաստատվում է կատարված արարքի և վրա հասած հետևանքների միջև պատճառական կապի առկայությունը։
18․ Սահմանադրական դատարանն իր որոշումներում և Վճռաբեկ դատարանն իր նախադեպային իրավունքում մշտապես կարևոր են համարել ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ օրենքում առկա գնահատողական բնույթ կրող եզրույթները կամ ձևակերպումներն իրենց մեկնաբանությունն ու հստակեցումն են ստանում դատարանի կողմից կոնկրետ գործի հանգամանքների հաշվառմամբ և գնահատվում են դատարանի իրավակիրառ հայեցողության լիազորությունների իրականացման շրջանակներում, որը պետք է լինի հնարավորինս հստակ, որոշակի և հիմնավորված17։
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ քրեական օրենսգրքում ամրագրված «ծանր հետևանքներ» եզրույթն անհրաժեշտ է սահմանազատել «հանցագործությամբ պատճառված վնաս» եզրույթից․ ծանր հետևանքը յուրաքանչյուր դեպքում հանդիսանում է հանցագործությամբ պատճառված վնաս, սակայն հանցագործությամբ պատճառված վնասը միշտ չէ, որ կարող է գնահատվել որպես ծանր հետևանք, ուստի դատական ակտ կայացնելիս դատարանը յուրաքանչյուր դեպքում պետք է կատարի գործի կոնկրետ հանգամանքների բազմակողմանի ուսումնասիրություն՝ ծանր հետևանքի առկայության կամ բացակայության փաստը պատճառաբանված եզրահանգումների տեսքով արձանագրելու համար։ Այլ կերպ, այն սահմանափակված է կոնկրետ իրավիճակով և յուրաքանչյուր դեպքում իրավակիրառ պրակտիկան է կոչված որոշակիացնելու այն չափորոշիչները, որոնց դեպքում հանրորեն վտանգավոր արարքի արդյունքում առաջացած հետևանքները կարող են գնահատվել որպես ծանր կամ ոչ ծանր:
Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածով նախատեսված հանցագործության ծանրացնող հանգամանքը՝ ծանր հետևանքը, կարող է կրել ինչպես նյութական, այնպես էլ ոչ նյութական բնույթ։
Այդպիսի հետևանք կարող են համարվել, ի թիվս այլնի, արտադրական կամ այլ բնույթի վթարը, աղետը, առանձնակի արժեք ունեցող տվյալի ոչնչացումը, փոփոխությունը, ուղեփակումը (մեկուսացում) կամ պատճենահանումը, տրանսպորտի աշխատանքի կամ արտադրական գործընթացի խաթարումը, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների, հիմնարկների ու ձեռնարկությունների աշխատանքի խաթարումը, հեղինակազրկումը, մարդու իրավունքների և ազատությունների ոտնահարումը, նշված հետևանքներին համարժեք կամ համաբնույթ վտանգավորություն ներկայացնող այլ վնասը։
Նյութական վնասը կարող է արտահայտվել, օրինակ, անձանց առողջությանը վնաս պատճառելով (ֆիզիկական վնաս) կամ տեխնիկային կամ այլ գույքին վնաս պատճառելով (գույքային վնաս)։ Ընդ որում, նյութական վնասի դեպքում ծանր հետևանք կարող է համարվել առանձնապես խոշոր չափերի գույքային վնասը կամ համարժեք վտանգավորություն ներկայացնող վնասի այլ չափը18․ հիշյալ շեմը չգերազանցող վնասի դեպքում, համակարգչային սաբոտաժի հետևանքով պատճառված նյութական վնասի՝ ծանր հետևանքների առաջացման հարցը գնահատելիս, անհրաժեշտ է գույքային վնասի դրամային արտահայտությունը համադրել տուժողի սոցիալական դրությանը:
Գործնականում առանձնակի բարդություն է ներկայացնում կատարվածի արդյունքում ծանր հետևանքներ առաջացնելն արձանագրելն այն դեպքում, երբ այն ոչ նյութական բնույթ է կրում։ Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ ինքնին համակարգչային սաբոտաժի յուրաքանչյուր դեպքում պատճառվում է որոշակի վնաս, սակայն անձանց կամ կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին պատճառված վնասի առկայությունը դեռևս բավարար չէ համակարգչային սաբոտաժը քննարկվող ծանրացնող հանգամանքով որակելու համար, անհրաժեշտ է որպեսզի առաջացած հետևանքը լինի ծանր։ Հետևաբար, ոչ նյութական վնասի դեպքում ծանր հետևանքների առաջացման հարցը գնահատելիս, անհրաժեշտ է հաշվի առնել համակարգչային տեղեկատվության արժեքավորությունը և դրա ծավալը, հասցված վնասի բնույթը, վնասակար հետևանքները վերացնելու համար պահանջված ժամանակի տևողությունը, տուժած օգտագործողների քանակը, հիմնարկների ու ձեռնարկությունների բնականոն գործունեության խափանման աստիճանը, ոտնահարված իրավունքների և ազատությունների բնույթը, դրանց ոտնահարման աստիճանն ու այլ հանգամանքները։
19․ Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ քրեական հետապնդման մարմինը գտել է, որ «www.vivarobet.am» ու «www.sport.totogaming.am» կայքէջերի ուղեփակման արդյունքում առաջացել են Ա․Ավետիսյանի և հանցակիցների դիտավորությամբ ընդգրկված ծանր հետևանքները՝ առաջադրված մեղադրանքում այդպիսիք ձևակերպելով հետևյալ կերպ․ տևական ժամանակով խափանվել են «www.vivarobet.am» ու «www.sport.totogaming.am» կայքէջերը, որոնցից օգտվող տասնյակ հազարավոր հաճախորդներ զրկվել են հնարավորությունից օգտվել «Վիվառո Բեթինգ», «Վիվառո Գեյմ» և «Ինտերլոտո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների կողմից մատուցվող ծառայություններից, ինչի հետևանքով ընկերությունների գործարար համբավին պատճառվել է ծանր վնաս, ինչպես նաև կազմալուծվել է հիշյալ ընկերությունների բնականոն աշխատանքը, որի հետևանքով այդ կազմակերպությունների՝ համապատասխանաբար 1284 և 419 աշխատակից տևական ժամանակով մատնվել են պարապուրդի19։
Առաջին ատյանի դատարանը դատաքննությամբ հետազոտված ապացույցների գնահատման արդյունքում ապացուցված է համարել «www.vivarobet.am» ու «www.sport.totogaming.am» կայքէջերի ուղեփակմամբ դրանք շահագործող «Վիվառո Բեթինգ», «Վիվառո Գեյմ» և «Ինտերլոտո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների համար ծանր հետևանքներ առաջացնելու Ա․Ավետիսյանի դիտավորությունը՝ սույն գործի փաստական հանգամանքների համատեքստում որպես ծանր հետևանքներ դիտարկելով այն, որ վերոհիշյալ կայքէջերի աշխատանքը տևական ժամանակահատվածով խափանվել է և կազմալուծվել վերոգրյալ կազմակերպությունների բնականոն գործունեությունը20։
Վերաքննիչ դատարանն էլ իր համաձայնությունն է արտահայտել Առաջին ատյանի դատարանի այս դիրքորոշման հետ՝ ընդգծելով, որ քննարկվող հոդվածի իմաստով ծանր հետևանք կարող է դիտարկվել նաև կազմակերպության բնականոն գործունեության կազմալուծումը։ Տվյալ դեպքում տուժող ընկերությունների բնականոն գործունեությունը պայմանավորված է եղել ուղեփակված կայքէջերի անխափան աշխատանքով, ուստի դրանց ուղեփակումը և աշխատանքի տևական խափանումը, պետք է դիտարկել որպես ծանր հետևանք, քանի որ դրա արդյունքում խաթարվել է հիշյալ ընկերությունների բնականոն գործունեությունը21։
20․ Սույն որոշման 18-րդ կետում արտահայտված իրավական դիրքորոշումները կիրառելով նախորդ կետում վկայակոչված փաստերի նկատմամբ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալի արարքում համակարգչային սաբոտաժի՝ դիտավորությամբ ծանր հետևանքներ առաջացնելու որակյալ հանցակազմի հատկանիշների առկայությունն արձանագրելիս, ստորադաս դատարանները պատշաճ իրավական գնահատականի չեն արժանացրել սույն գործով առանցքային նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ։
Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ Ա․Ավետիսյանին մեղսագրված ծանր հետևանքների արտաքին հատկանիշների դրսևորման հետևյալ ձևերին՝
- «Վիվառո Բեթինգ», «Վիվառո Գեյմ» և «Ինտերլոտո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների բնականոն գործունեության խաթարմանը,
- հիշյալ կազմակերպությունների գործարար համբավին ծանր վնաս պատճառված լինելուն22։
Վերոհիշյալ փաստարկներից առաջինի կապակցությամբ հարկ է նշել, որ «Վիվառո Բեթինգ», «Վիվառո Գեյմ» և «Ինտերլոտո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների գործունեության անընդհատության խափանումը, ըստ Վճռաբեկ դատարանի, ինքնին բավարար չէ նրանց բնականոն գործունեությունը հաստատապես խաթարված համարելու համար։ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, կազմակերպության բնականոն գործունեության բուն էությունը կանխորոշված է գործունեության, հետապնդվող իրավաչափ նպատակների և շահերի իրացման կայուն անհրաժեշտությամբ։ Հետևաբար, Վճռաբեկ դատարանի համոզմամբ` բնականոն գործունեությունը պետք է մեկնաբանել նեղ իմաստով՝ ներառելով մի կողմից պետության, մյուս կողմից աշխատակիցների, հաճախորդների և գործընկերների հանդեպ ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարումը։ Ստանձնած պարտավորությունները պատշաճ կատարելու հնարավորության բացակայության արդյունքում է խաթարվում կազմակերպության բնականոն գործունեությունը։ Այլ խոսքով՝ կազմակերպության գործունեության անընդհատության խափանումը չի հավաստում բնականոն գործունեության խաթարումն այնքան ժամանակ, քանի դեռ չի հանգեցրել ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարման անհնարինության։ Հակառակ մեկնաբանության պարագայում ստացվում է, որ կազմակերպության գործունեության անընդհատության խափանումը յուրաքանչյուր դեպքում ինքնաբերաբար հանգեցնում է կազմակերպության բնականոն գործունեության խաթարման, ինչն անընդունելի է: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ յուրաքանչյուր նման իրավիճակում վարույթն իրականացնող դատավարական սուբյեկտը, ելնելով գործի կոնկրետ փաստական հանգամանքներից, պարտավոր է ողջամտության սահմաններում գնահատել կազմակերպության գործունեության խափանման աստիճանը՝ հաշվի առնելով սույն որոշմամբ վկայակոչված չափանիշները։ Եթե կպարզվի, որ հանցավոր գործունեության արդյունքում առաջացել է կազմակերպության ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարման անհնարինություն, ապա դա կարող է հիմք հանդիսանալ կազմակերպության բնականոն գործունեությունը խաթարված համարելու։
Տվյալ դեպքում, թեև Ա․Ավետիսյանի կողմից «www.vivarobet.am» ու «www.sport.totogaming.am» կայքէջերի ուղեփակմանն ուղղված գործողությունները կազմակերպելու հետևանքով տուժող ընկերությունները ժամանակավոր զրկվել են ծառայությունները մատուցելու հնարավորությունից, այնուամենայնիվ հիշյալ կայքէջերի ուղեփակումը տևել է՝ համապատասխանաբար մոտ 13 և 6 ժամ23, վնասակար հետևանքները կարճ ժամանակահատվածում վերացվել են24, իսկ կայքէջերի ուղեփակման հետևանքով հիշյալ ընկերությունների ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարման անհնարինության առաջացման մասին վկայող փաստական տվյալներ սույն քրեական գործում առկա չեն։ Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մեղադրանքում ձևակերպված՝ համակարգչային սաբոտաժի հետևանքով տուժող կազմակերպությունների բնականոն գործունեության խափանման աստիճանը բնութագրող փաստական տվյալներն ինքնին բավարար չեն եզրահանգելու, որ Ա․Ավետիսյանի գործողությունների արդյունքում խաթարվել է տուժող կազմակերպությունների բնականոն գործունեությունը։
Վերոգրյալի հետ մեկտեղ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ առաջադրված մեղադրանքում որպես ծանր հետևանքը բնութագրող փաստական տվյալ մատնանշված՝ համակարգչային սաբոտաժի արդյունքում առաջացած՝ «Վիվառո Բեթինգ» ու «Վիվառո Գեյմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների՝ 1284 և «Ինտերլոտո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ 419 աշխատակցի պարապուրդի, ինչպես նաև նշված ընկերությունների ծառայություններից օգտվելու հնարավորությունից զրկված տասնյակ հազարավոր հաճախորդների մասին հետևությունը, վարույթն իրականացնող մարմինը հիմնավորել է բացառապես հիշյալ ընկերությունների ներկայացուցիչների ցուցմունքներով և դիմումներով հայտնված տվյալներով25։ Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարույթն իրականացնող մարմինն իր այդ հետևությունը պատշաճ ապացույցների բավարար համակցությամբ չի հիմնավորել։
Վերոգրյալից ելնելով Վճռաբեկ դատարանը չափազանց ընդհանրական է համարում ստորադաս դատարանների կողմից հիմք ընդունած այն մոտեցումը, որ տուժող կազմակերպությունների կողմից շահագործվող հիշյալ կայքէջերի ուղեփակման և դրանց աշխատանքի տևական խափանման արդյունքում խաթարվել է այդ ընկերությունների բնականոն գործունեությունը, իսկ կազմակերպության բնականոն գործունեության խաթարումը որպես ծանր հետևանք չդիտարկելու բողոքաբերի դիրքորոշումը26 չի համապատասխանում ՀՀ քրեական օրենսգրքի պահանջներին27։
Անդրադառնալով տուժող կազմակերպությունների գործարար համբավին պատճառված վնասը որպես ծանր հետևանք դիտարկելուն, Վճռաբեկ դատարանը նախ իր անհամաձայնությունն է հայտնում բողոքի հեղինակի այն պնդմանը, թե տուժողի գործարար համբավին պատճառված վնասն առհասարակ չի կարող գնահատվել որպես ծանր հետևանք28։ Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ գործարար համբավին պատճառված վնասը կարող է գնահատվել որպես ծանր հետևանք, երբ այն համապատասխանի հեղինակության կորստի հարաբերականորեն բարձր աստիճանի։ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, ծառայության մատուցման անընդհատության խափանումը կարող է նաև վնասել շահույթ հետապնդող կազմակերպության հեղինակությանը, ինչը, սակայն ինքնին, գործարարության ոլորտում կազմակերպությանը տրված գնահատականների փոփոխության մասին վկայող այլ հանգամանքների բացակայության պայմաններում, չի կարող ազդել կազմակերպության գործարար հատկանիշների վրա այն աստիճան, որ գործարար համբավին պատճառված վնասը համարվի ծանր հետևանք։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ա․Ավետիսյանին առաջադրված մեղադրանքի բովանդակությունն այս առնչությամբ չի համապատասխանում «մեղադրանքի» վերաբերյալ միջազգային և ներպետական պահանջներին ու Վճռաբեկ դատարանի կողմից Գևորգ Ճաղարյանի և մյուսների գործով որոշմամբ սահմանված չափանիշներին29։ Մասնավորապես, մեղադրանքի փաստական նկարագրությունը չի պարունակում այնպիսի փաստական տվյալներ, որոնք հնարավորություն կընձեռեին հիմնավորված կերպով եզրահանգելու ծանր հետևանքի դրսևորման այդ ձևի առկայության մասին, այն է՝ մեղադրանքի բովանդակությունից հնարավոր չէ պատկերացում կազմել, թե հիշյալ կազմակերպությունների գործարար հատկանիշներն ինչպիսի՞ փոփոխության են ենթարկվել և ինչպե՞ս է որոշվել, որ նրանց գործարար համբավին պատճառվել է ծանր հետևանք առաջացնող վնաս։ Այս համատեքստում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում կրկնել, որ յուրաքանչյուր դեպքում արարքում քննարկվող հանցակազմի առկայությունը հավաստելու համար պետք է փաստել ոչ միայն ծանր հետևանքի առկայությունը, այլև այն, թե տվյալ գործով կոնկրետ ինչում է վերջինս դրսևորվել։
Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նկատել, որ տուժող կազմակերպությունների գործարար համբավին պատճառված վնասը որպես ծանր հետևանք գնահատելու մասին մեղադրանքի կողմի հետևությունը հաստատող պատշաճ ապացույցների բավարար համակցություն սույն գործով առկա չէ։
Վերոգրյալ պայմաններում փաստելը, որ կայքէջերի ուղեփակման արդյունքում «Վիվառո Բեթինգ», «Վիվառո Գեյմ» և «Ինտերլոտո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների գործարար համբավին պատճառվել է ծանր հետևանք առաջացնող վնաս, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, վտանգում է արդար դատաքննության պահանջի պահպանման երաշխիքը։
21․ Այսպիսով, սույն որոշման 18-րդ կետում արտահայտված դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով 19-20-րդ կետերում ներկայացված փաստական տվյալներն ու դրանց տրված վերլուծությունը՝ Վճռաբեկ դատարանը, չհերքելով Ա.Ավետիսյանի ոչ իրավաչափ արարքների արդյունքում «Վիվառո Բեթինգ», «Վիվառո Գեյմ» և «Ինտերլոտո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին որոշակի վնաս պատճառելու փաստը, միևնույն ժամանակ, արձանագրում է, որ սույն գործով չի հիմնավորվել, որ Ա.Ավետիսյանի՝ հիշյալ ընկերությունների կողմից շահագործվող կայքէջերի ուղեփակմանն ուղղված գործողությունների արդյունքում առաջացել են այնպիսի հետևանքներ, որոնք կարող էին ՀՀ քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի իմաստով գնահատվել որպես ծանր։
22․ Ամփոփելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «www.vivarobet.am» ու «www.sport.totogaming.am» կայքէջերի ուղեփակման արդյունքում ծանր հետևանքներ առաջացած լինելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավոր չեն։
III. Ամբաստանյալ Ա.Ավետիսյանի կողմից մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևության հիմնավորվածությունը։
23․ Պաշտպանի բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում ստուգման ենթարկելով քրեական գործի փաստական հանգամանքների բացահայտման ու քրեական օրենքի կիրառման ճշտությունը, գործը քննելիս և լուծելիս քրեադատավարական օրենքի պահանջների պահպանումը, ինչպես նաև ուսումնասիրության ու գնահատման ենթարկելով քրեական գործում առկա նյութերը` Վճռաբեկ դատարանը հանգում է հետևության, որ ստորադաս դատարաններն Ա.Ավետիսյանի կողմից համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալու վերաբերյալ հանգել են ճիշտ հետևության։
Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ա.Ավետիսյանի կողմից համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալը հաստատված, իսկ բողոքաբերի պատճառաբանությունները հերքված են տուժող Ա.Թյությունջյանի ցուցմունքով, դյուրակիր համակարգիչը, էլեկտրոնային փոստարկղի նամակագրությունները, «facebook» սոցիալական կայքի՝ տուժող Ա.Թյությունջյանի անհատական էջի նամակագրությունը, Ա.Թյությունջյանի հեռախոսահամարի ելքային ու մուտքային հեռախոսազանգերի վերծանումները զննելու մասին արձանագրություններով և իրեղեն ու որպես այլ փաստաթուղթ ապացույց ճանաչված փաստաթղթերով30։
Տուժող Ա․Թյությունջյանի ցուցմունքն անարժանահավատ գնահատելու բողոքաբերի պնդման առնչությամբ հարկ է նկատել նաև, որ հիշյալ ցուցմունքի արժանահավատությունը հավաստվում է տուժող Ա.Թյությունջյանի՝ «facebook» սոցիալական կայքի անհատական էջի նամակագրության և նրա հեռախոսահամարի մուտքային ու ելքային հեռախոսազանգերի վերծանումների զննությամբ արձանագրված տվյալների համակցությամբ, համաձայն որոնց՝ Ա.Թյությունջյանին միջնորդել են հանդիպել ամբաստանյալի ծնող Աշոտ Ավետիսյանի հետ, Աշոտ Ավետիսյանն իր կողմից շահագործվող բջջային հեռախոսահամարից զանգահարել է Ա․Թյությունջյանին31։
Նշվածի հետ մեկտեղ, բողոքաբերի՝ առգրավված դյուրակիր համակարգիչն անձանց անորոշ շրջանակի կողմից շահագործվելու փաստարկը ևս համոզիչ չի կարող գնահատվել։ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ բողոքաբերի կողմից չեն մատնանշվել կոնկրետ փաստական տվյալներ, որոնք կհիմնավորեին այն, մինչդեռ, ըստ գործում առկա փաստական տվյալների, դյուրակիր համակարգիչն առգրավվել է Ա․Ավետիսյանի անձնական խուզարկությամբ32, որում բացված էլեկտրոնային փոստարկղում առկա է եղել «dommoskvy@mail.ru» էլեկտրոնային փոստարկղի վերաբերյալ պատվերը կատարված լինելու մասին հաղորդակցություն33, իսկ այն առգրավված համակարգչում բացված փոստարկղում սխալմունքի արդյունքում հայտնվելու վերաբերյալ բողոքաբերի փաստարկը կառուցված է ենթադրության վրա։
Նախնական համաձայնությամբ կատարված լինելու վերաբերյալ չփարատված կասկածի մասին բողոքաբերի դիրքորոշումն անընդունելի գնահատելու Վճռաբեկ դատարանի եզրահանգումը հիմնվում է այն տրամաբանության վրա, որ համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալու գործառույթը կատարող ավտոմատացված համակարգը ևս մարդու գործողության արդյունք է, ով նպատակ է հետապնդում այդ կերպ կատարել համակարգչային տեղեկատվության անվտանգության դեմ ոտնձգող հակաիրավական արարք(ներ), և պայմանավորված վտանգավորության աստիճանով, արարքների որոշ դրսևորման ձևերը քրեական օրենքով նախատեսված են հանցավոր ճանաչվող արարքների շրջանակում։
24․ Վերոգրյալի հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Ա.Ավետիսյանի կողմից մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունը հիմնավոր է։
25․ Հիմք ընդունելով սույն որոշմամբ կատարված վերլուծությունը, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ստորադաս դատարանները, Ա.Ավետիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 38-253-րդ հոդվածի 3-րդ մասով և 38-253-րդ հոդվածի 3-րդ մասով մեղավոր ճանաչելով, թույլ են տվել քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում, ինչը, համաձայն 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) 397-րդ հոդվածի, հիմք է ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու համար։ Միևնույն ժամանակ, սույն որոշման 16-րդ, 22-րդ և 24-րդ կետերում արված եզրահանգումների լույսի ներքո, մի կողմից նկատի ունենալով գործը ողջամիտ ժամկետում քննելու պահանջի ապահովման անհրաժեշտությունը34, մյուս կողմից՝ հաշվի առնելով, որ ստորադաս դատարանների կողմից հաստատված փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս փոփոխելու կայացված դատական ակտերը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով թույլ տրված խախտումը վերացնելու ամենապատշաճ միջոցը ստորադաս դատարանների դատական ակտերը փոփոխելն է։
25․1․ Ուստի հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի հունվարի 22-ի և Վերաքննիչ դատարանի՝ 2020 թվականի փետրվարի 27-ի դատական ակտերը պետք է բեկանել, Ա․Ավետիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 38-253-րդ հոդվածի 3-րդ մասով և 38-253-րդ հոդվածի 3-րդ մասով առաջադրված մեղադրանքը վերաորակել նույն օրենսգրքի 38-253-րդ հոդվածի 1-ին մասով և 38-253-րդ հոդվածի 1-ին մասով։
Միևնույն ժամանակ, Ա․Ավետիսյանին առաջադրված մեղադրանքը վերաորակելու պայմաններում, առկա է քրեական հետապնդումը բացառող հանգամանք, ուստի հաշվի առնելով վճռաբեկ վերանայման սահմանների35 և քրեական հետապնդումը բացառող՝ վերաբերելի հիմքի36 առնչությամբ ձևավորված նախադեպային իրավունքը, ինչպես նաև այն, որ վերաորակված մեղադրանքով օրենքով սահմանված վաղեմության ժամկետները ենթակա են հաշվարկման 2015 թվականի նոյեմբերի 10-ից` յուրաքանչյուր հանցագործության համար ինքնուրույն37, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հիշյալ արարքների՝ որպես ոչ մեծ ծանրության հանցագործությունների38 համար ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված քրեական պատասխանատվության ենթարկելու երկամյա ժամկետը39 լրացել է 2017 թվականի նոյեմբերի 10-ին, իսկ այդ պահի դրությամբ, Ա․Ավետիսյանի նկատմամբ օրինական ուժի մեջ մտած դատական ակտ առկա չի եղել: Հետևաբար, վերջինիս նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 38-253-րդ հոդվածի 1-ին մասով և 38-253-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը պետք է դադարեցնել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով:
25․2․ Վերոգրյալի հետ մեկտեղ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ա.Ավետիսյանի կողմից կատարված՝ 2003 ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքի վրա, հետադարձության կարգով պետք է տարածել 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի կարգավորումները։
Մասնավորապես, նշված օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն՝ «2. Արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակիորեն վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ: Նշված դեպքում այն տարածվում է մինչև դրա ուժի մեջ մտնելը հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած այն անձանց վրա, որոնց վերաբերյալ դեռևս առկա չէ օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատավարական ակտ: (…)»։
Վերոգրյալ հոդվածի վերլուծությունից պարզ է դառնում, որ պատիժը մեղմացնող օրենսդրությանը հետադարձ ուժ տալու համար վճռորոշ նշանակություն ունի այն հանգամանքը, թե մինչ այդ օրենսդրությունն ուժի մեջ մտնելը հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձանց վերաբերյալ առկա է արդյո՞ք օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատավարական ակտ, թե ոչ: Եթե նման ակտ առկա չէ, ապա պատիժը մեղմացնող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ, այսինքն տարածվում է մինչ այդ օրենսդրությունն ուժի մեջ մտնելը հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձանց վրա:
2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի համաձայն՝ «1. Համակարգչում, համակարգչային համակարգում, ցանցում կամ մեքենայական կրիչների վրա պահվող տեղեկատվությունն առանց թույլտվության պատճենահանելը կամ այլ կերպ դրան ապօրինի տիրանալը կամ համակարգչային կապի միջոցների օգտագործմամբ հաղորդվող տեղեկատվությունը որսալը՝
(․․․)
3․ Սույն հոդվածի առաջին (․․․) մասով նախատեսված արարքները, որոնք՝
(․․․)
2) կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
(․․․)
պատժվում են ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով»։
2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն. «1. Համակարգչում, համակարգչային համակարգում, համակարգչային ցանցում կամ համակարգչային այլ սարքավորման վրա պահվող ընդհանուր օգտագործման համար չնախատեսված տվյալն առանց օրենքով կամ պայմանագրով կամ իրավաչափ այլ հիմքով նախատեսված թույլտվության որսալը կամ դրան տիրանալը, որը կատարվել է այդ տվյալն օգտագործելու կամ այլ անձանց օգտագործման համար հասանելի դարձնելու կամ այլ կերպ իրացնելու նպատակով`
(․․․)
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը`
(․․․)
6) կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ
(․․․)
պատժվում է տուգանքով` քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ երեքից յոթ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով»։
Վճռաբեկ դատարանը նախ և առաջ արձանագրում է, որ ամբաստանյալ Ա.Ավետիսյանին առաջադրված մեղադրանքը ներառում է 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի օբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշները բնութագրող փաստական տվյալներ40: Միաժամանակ, նախկին և գործող քրեական օրենսգրքերով, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ համակարգչային տվյալներին ապօրինի տիրանալու համար նախատեսված պատիժների համեմատական վերլուծության հիման վրա, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նոր ընդունված քրեական օրենսդրությունը համարվում է պատիժը մեղմացնող, քանի որ նշված արարքի համար որպես պատիժ նախատեսում է ազատազրկում՝ երկուցից հինգ տարի ժամկետով, մինչդեռ հանցանքը կատարելու պահին գործող օրենքով սահմանված էր ազատազրկում՝ չորսից տասը տարի ժամկետով։ Հետևաբար, նոր օրենսդրության գործողությունը տարածվում է մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնելը հանցանք կատարած անձի վրա։
Հիմք ընդունելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ա.Ավետիսյանին 2003 թվականի ապրիլի 18-ի ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով մեղսագրված արարքը պետք է որակել 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով։
Պատժի նշանակման համաչափության վերաբերյալ նախկինում արտահայտած դիրքորոշումների41 լույսի ներքո ուսումնասիրության և գնահատման ենթարկելով քրեական գործում առկա նյութերը, վերլուծելով Ա.Ավետիսյանի կատարած արարքի բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը, ինչպես նաև հաշվի առնելով Ա.Ավետիսյանի առողջական վիճակի վերաբերյալ տեղեկությունները, այն դիտարկելով ամբաստանյալի անձը բնութագրող այլ հանգամանքների, այն է` նախկինում դատապարտված չլինելու, դրական բնութագրվելու, պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայության42, ընտանեկան դրության43 համատեքստում, Վճռաբեկ դատարանը հանգում է հետևության, որ նրա նկատմամբ այդ հոդվածով պետք է պատիժ նշանակել ազատազրկում՝ 2 (երկու) տարի 6 (վեց) ամիս ժամկետով:
Վերոգրյալի հետ մեկտեղ` հաշվի առնելով, որ Ա.Ավետիսյանին մեղսագրվող արարքը կատարվել է մինչև 2018 թվականի հոկտեմբերի 21-ն ու Ա.Ավետիսյանի նկատմամբ՝ «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 2018 թվականի նոյեմբերի 1-ի ՀՀ օրենքը կիրառելու արգելքները բացակայում են, ուստի նշված օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի կիրառմամբ՝ Ա.Ավետիսյանը նշանակված պատժից ենթակա է ազատման։
26․ Վճռաբեկ դատարանը միաժամանակ գտնում է, որ Ա.Ավետիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված գրավն անհրաժեշտ է վերացնել և գրավի գումարը վերադարձնել գրավատուին: Հաշվի առնելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 163-րդ հոդվածի պահանջն առ այն, որ քրեական դատավարությունում քաղաքացիական հայցը լուծվում է դատավճռով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տուժող «Վիվառո Բեթինգ» և «Վիվառո Գեյմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների ներկայացուցչի քաղաքացիական հայցը պետք է թողնել առանց քննության: Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ քաղաքացիական հայցն առանց քննության թողնելու պայմաններում, գույքի վրա դրված կալանքը պետք է վերացնել44։ Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 155-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, քրեական դատավարությունում հարուցված քաղաքացիական հայցը, որը դատարանի կողմից թողնվել է առանց քննության, կարող է հետագայում հարուցվել քաղաքացիական դատավարության կարգով: Վերոգրյալով պայմանավորված, Վճռաբեկ դատարանը բողոքաբերի՝ սույն որոշման 5․1-րդ կետում մատնանշված փաստարկին անդրադառնալն առարկայազուրկ է համարում:
Հաշվի առնելով, որ սույն գործով ձևավորված դատական ծախսերն առաջացել են համակարգչային սաբոտաժի դրվագներով, մինչդեռ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 294-րդ հոդվածի 2-րդ մասի բովանդակային վերլուծությունից հետևում է, որ դատական ծախսերի հարցն ընդգրկված չէ անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու դեպքում դատարանի կողմից լուծման ենթակա հարցերի շրջանակում, հետևաբար քրեական հետապնդումը դադարեցնելու դեպքում դատական ծախսերը ենթակա չեն բռնագանձման, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ա.Ավետիսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 38-253-րդ հոդվածի 1-ին մասով և 38-253-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնելու պայմաններում, դատական ծախսերն ամբաստանյալ Ա.Ավետիսյանի վրա չեն կարող դրվել։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքները բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Ավթանդիլ Աշոտի Ավետիսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 38-253-րդ հոդվածի 3-րդ մասով, 38-253-րդ հոդվածի 3-րդ մասով և 254-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2019 թվականի հունվարի 22-ի դատավճիռը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2020 թվականի փետրվարի 27-ի որոշումը բեկանել և փոփոխել։
2․ Ավթանդիլ Աշոտի Ավետիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 38-253-րդ հոդվածի 3-րդ մասով և 38-253-րդ հոդվածի 3-րդ մասով առաջադրված մեղադրանքը վերաորակել նույն օրենսգրքի 38-253-րդ հոդվածի 1-ին մասով ու 38-253-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելու պատճառաբանությամբ։
3․ Ավթանդիլ Աշոտի Ավետիսյանի նկատմամբ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով պատիժ նշանակել ազատազրկում՝ 2 (երկու) տարի 6 (վեց) ժամկետով:
«Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի կիրառմամբ Ավթանդիլ Աշոտի Ավետիսյանին ազատել պատժից:
4․ Ավթանդիլ Աշոտի Ավետիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված գրավը վերացնել և վճարած գումարը վերադարձնել գրավատուին:
Տուժող «Վիվառո Բեթինգ» և «Վիվառո Գեյմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների ներկայացուցչի քաղաքացիական հայցը թողնել առանց քննության:
Ավթանդիլ Աշոտի Ավետիսյանին պատկանող անշարժ և շարժական գույքի վրա դրված կալանքը վերացնել:
Դատական ծախսերի հարցը համարել լուծված` այն Ավթանդիլ Աշոտի Ավետիսյանից բռնագանձման ենթակա չլինելու հիմքով:
5․ Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասերով թողնել անփոփոխ։
6․ Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
_____________________
1 Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի՝ սույն բողոքը քննվում է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:
2 Տե՛ս քրեական գործ, հատոր 5-րդ, թերթեր 261-315:
3 Տե՛ս քրեական գործ, հատոր 13-րդ, թերթեր 58-115:
4 Տե՛ս նույն տեղում։
5 Տե՛ս քրեական գործ, հատոր 14-րդ, թերթեր 109-133:
6 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 48-50։
7 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 54-59 և հատոր 4-րդ, թերթեր 279-283:
8 Տե՛ս քրեական գործ, հատոր 5-րդ, թերթեր 49-54։
9 Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 157-158։
10 Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 174-176։
11 Տե՛ս քրեական գործ, հատոր 15-րդ, թերթ 65։
12 Տե՛ս քրեական գործ, հատորներ 1-5-րդ։
13 Ապացույցների բավարարության չափանիշների վերաբերյալ մանրամասն տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշումը։
14 Այդ առնչությամբ առավել մանրամասն տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Հակոբ Մարտիրոսյանի գործով 2017 թվականի հունիսի 22-ի թիվ ԿԴ1/0006/01/15 որոշման 14-րդ կետը։
15 Շարունակվող հանցագործությանը բնորոշ օբյեկտիվ ու սուբյեկտիվ հատկանիշների առնչությամբ, որոնցով այն տարանջատվում է հանցագործությունների իրական համակցությունից, առավել մանրամասն տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Հակոբ Մարտիրոսյանի գործով վերը հիշատակված որոշման 12-րդ կետը։
16 Տե՛ս սույն որոշման 13․3-րդ կետը։
17 Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2011 թվականի ապրիլի 5-ի թիվ ՍԴՈ- 947 որոշման 8-րդ կետը, 2020 թվականի նոյեմբերի 24-ի թիվ ՍԴՈ-1561 որոշումը, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Հմայակ Դավթյանի գործով 2013 թվականի մայիսի 8-ի ՇԴ/0126/01/12, Վարուժան Բալայանի գործով 2019 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ ՍԴ1/0001/01/17 և Արմեն Վարդանյանի գործով 2019 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ ԿԴ3/0013/01/18 որոշումները։
18 Հարկ է նկատել, որ համապատասխան դիրքորոշումը համահունչ է 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի վերաբերելի իրավակարգավորումներին:
19 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը։
20 Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը և քրեական գործի հատոր 13-րդ, թերթեր 58-115։
21 Տե՛ս սույն որոշման 12-րդ կետը։
22 Տե՛ս սույն որոշման 19-րդ կետը։
23 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը։
24 Տե՛ս սույն որոշման 13․1-րդ և 13․2-րդ կետերը։
25 Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 54-59, 68, 95-97, հատոր 2, թերթեր 71-72, 81, հատոր 4, թերթեր 279-283, 297 և հատոր 5, թերթեր 49-54։
26 Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը։
27 Հարկ է նշել, որ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ օրենսդիրը, որոշակիացնելով համակարգչային սաբոտաժի արդյունքում առաջացած ծանր հետևանքների բնույթը՝ այդպիսին է դիտարկել նաև կազմակերպության գործունեության խաթարումը։
28 Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը։
29 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Գևորգ Ճաղարյանի և մյուսների գործով 2012 թվականի օգոստոսի 24-ի թիվ ԵՇԴ/0002/01/11 որոշման 21-րդ կետը։
30 Տե՛ս քրեական գործ, հատորներ 1-5-րդ։
31 Տե՛ս քրեական գործ, հատոր 5-րդ, թերթեր 171-172 և 189։
32 Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթ 45։
33 Տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 90-91։
34 Անձի՝ ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունքի առնչությամբ առավել մանրամասն տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Լիլիթ Վարդանյանի և Զարինե Այվազյանի գործով 2019 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ ԵԱՔԴ/0016/01/14 որոշումը։
35 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Մխիթար Էլոյանի և այլոց գործով 2011 թվականի հուլիսի 13-ի թիվ ԵԿԴ/0211/01/10 որոշումը։
36 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Անահիտ Սաղաթելյանի գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԳԴ5/0022/01/10, Սիրաժ Ղամբարյանի և այլոց գործով 2014 թվականի մարտի 28-ի թիվ ԵՇԴ/0055/01/11, Հրանտ Մազմանյանի գործով 2015 թվականի մարտի 27-ի թիվ ԵԿԴ/0121/11/14, Ֆարիդա Ավագիմյանի գործով 2017 թվականի ապրիլի 12-ի թիվ ԱՎԴ2/0016/01/14, Անդրանիկ Գրիգորյանի գործով 2017 թվականի օգոստոսի 30-ի թիվ ԵԿԴ/0180/01/15 որոշումները։
37 Մանրամասն տե'ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Սիրաժ Ղամբարյանի և այլոց գործով վերը նշված որոշման 21-րդ կետը և սույն որոշման 10-րդ կետը։
38 Տե՛ս ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասը, 19-րդ հոդվածի 2-րդ մասը և 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը։
39 Անձի վիճակը վատթարացնող օրենքին հետադարձ ուժ չտալու օրենսդրական պահանջի համաձայն՝ ամբաստանյալ Ա.Ավետիսյանի նկատմամբ կիրառելի է հանցավոր արարքը կատարելու պահին գործող` 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված, ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածով նախատեսված կարգավորումը:
40 Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը։
41 Տե'ս, Վճռաբեկ դատարանի` Ռուզաննա Գևորգյանի գործով 2022 թվականի սեպտեմբերի 16-ի թիվ ԱՐԴ/0008/01/20 որոշման 24-րդ կետը և այդ որոշմամբ վկայակոչված վերաբերելի որոշումները։
42 Տե'ս սույն որոշման 11․1-րդ կետը։
43 Տե'ս սույն որոշման 14-րդ կետը։
44 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Արթուր Անդրեասյանի գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԿԴ/0200/01/13 որոշման 20.2-րդ կետը։
Նախագահող` |
Հ. Ասատրյան |
Դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ |
Ե. Դանիելյան | |
Լ. Թադևոսյան | |
Ա. Պողոսյան | |
|
Ս. Օհանյան |