ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում |
ԵԴ/0752/06/22 | ||||
Գործ թիվ ԵԴ/0752/06/22 |
|||||
|
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Հ. Ասատրյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ | |
Ե. Դանիելյանի | ||
Լ. Թադևոսյանի | ||
|
Ա. Պողոսյանի | |
|
Ս. Օհանյանի |
25 հունվարի 2023 թվական |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Ավաթ Էբրահիմի Ամինիի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2022 թվականի սեպտեմբերի 8-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Պողոսյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում 2022 թվականի հուլիսի 19-ին ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասով և 44-469-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով նախաձեռնվել է թիվ 58225522 քրեական վարույթը։
Նախաքննության մարմնի՝ 2022 թվականի հուլիսի 19-ի որոշմամբ Ավաթ Էբրահիմի Ամինին ձերբակալվել է:
2022 թվականի հուլիսի 20-ին ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Հ.Երեմյանի որոշմամբ՝ թիվ 58225522 քրեական վարույթով Ավաթ Ամինիի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասով և 44-469-րդ հոդվածի 1-ին մասով, հարուցվել է հանրային քրեական հետապնդում։
2022 թվականի հուլիսի 21-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի քննիչ Հ.Մարտիրոսյանը միջնորդություն է հարուցել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ մեղադրյալ Ավաթ Ամինիի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին։
2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2022 թվականի հուլիսի 22-ի որոշմամբ Ա.Ամինիի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին նախաքննության մարմնի միջնորդությունը մերժվել է:
3. Դատախազ Հ.Երեմյանի հատուկ վերանայման բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան), 2022 թվականի սեպտեմբերի 8-ի որոշմամբ հատուկ վերանայման բողոքը մերժել է՝ անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի` 2022 թվականի հուլիսի 22-ի որոշումը:
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Պողոսյանը հատուկ վերանայման վճռաբեկ բողոք է բերել, որը Վճռաբեկ դատարանի` 2022 թվականի հոկտեմբերի 28-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
5. Բողոքի հեղինակը, ներկայացված հատուկ վերանայման վճռաբեկ բողոքում մատնանշելով Վճռաբեկ դատարանի մի շարք նախադեպային որոշումներ, ինչպես նաև քրեադատավարական իրավանորմեր, նշել է, որ ստորադաս դատարանները թույլ են տվել միջազգային պայմանագրերի, քրեական և քրեադատավարական օրենքների խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են և ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա: Մասնավորապես, բողոքաբերը նշել է, որ մեղադրյալ Ա.Ամինիի կողմից հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայությունը հաստատելու նպատակով նախաքննական մարմինը միջնորդությանը կից դատարան է ներկայացրել բավարար փաստական տվյալների համակցություն, որոնցից ակնհայտ է մեղսագրվող հանցանքին նրա առնչության վերաբերյալ հիմնավոր կասկածը: Սակայն ստորադաս դատարանները հաշվի չեն առել Միավորված ազգերի կազմակերպության «Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ» կոնվենցիան լրացնող՝ «Ցամաքով, ծովով և օդով միգրանտների անօրինական ներս բերելու դեմ արձանագրության» 11-րդ հոդվածի, Եվրոպայի խորհրդի 2005 թվականի մայիսի 16-ի՝ «Մարդկանց շահագործման (թրաֆիկինգ) դեմ պայքարի մասին» կոնվենցիայի 7-րդ հոդվածի, «Քաղաքացիական ավիացիայի մասին» միջազգային կոնվենցիայի (Չիկագոյի կոնվենցիա) 9-րդ հավելվածի 3.31-րդ կետի, ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասով և 469-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված նորմերը, որոնք պետք է կիրառվեին:
Ըստ բողոքաբերի՝ Հայաստանի Հանրապետությունը միջազգային պարտավորություն է ստանձնել յուրաքանչյուր տրանսպորտային ընկերության կամ տրանսպորտային որևէ միջոցի սեփականատիրոջ կամ շահագործողի համար պարտականություն սահմանել ստուգելու, թե արդյո՞ք բոլոր ուղևորների մոտ կան ընդունող պետություն մուտք գործելու համար անհրաժեշտ փաստաթղթերը:
Վերը նշված պարտավորությունը կատարելու համար, «Քաղաքացիական ավիացիայի մասին» միջազգային կոնվենցիայի 9-րդ հավելվածի 3.31-րդ կետի հիմքով, ՀՀ սահմանապահ զորքերի ծառայողները, «Պետական սահմանի մասին» օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, ստուգում են Հայաստանի Հանրապետությունից ելք կատարող ուղևորների մոտ Ավստրիայի Հանրապետություն մուտք գործելու համար պատշաճ թույլտվության առկայությունը, առանց որի թույլ չի տրվում Ավստրիայի Հանրապետություն մուտք գործելու նպատակով ուղևորի՝ Հայաստանի Հանրապետությունից ելք կատարելու համար օդանավ նստեցումը: Այսինքն, Ավստրիայի Հանրապետություն մուտք գործելու պատշաճ թույլտվությունը անհրաժեշտ պայման է նաև օդային տրանսպորտով Հայաստանի Հանրապետությունից Ավստրիա մեկնելու նպատակով ՀՀ պետական սահմանը հատելու համար:
Պատշաճ թույլտվություն ունենալու վերաբերյալ կեղծ փաստաթղթով սահմանի հատումը համարվում է ՀՀ պետական սահմանի հատում՝ առանց պատշաճ թույլտվության:
Բողոքաբերը փաստել է, որ համաձայն գործի նյութերի՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Ավաթ Ամինին Ավստրիայի Հանրապետություն մեկնելու համար ձեռք է բերել և հաշվառում իրականացնող աշխատակցին ու ՀՀ սահմանապահ զորքերի զինծառայողին ներկայացրել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կացության կեղծ քարտ, որով հիմնավորվում է Ավաթ Ամինիին մեղսագրվող հանցանքին նրա առնչության վերաբերյալ հիմնավոր կասկածը:
6. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել ստորադաս դատարանների դատական ակտերը, կայացնել դրանց փոխարինող դատական ակտ՝ բավարարելով Ավաթ Ամինիի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. Ավաթ Ամինիի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասով և 44-469-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում այն բանի համար, որ «(...) [Ն]ա առանց սահմանված փաստաթղթերի և պատշաճ թույլտվության փորձել է ապօրինի հատել ՀՀ պետական սահմանը, ինչպես նաև օգտագործել է իրավունք վերապահող կեղծ փաստաթուղթ.
Այսպես.
Ավաթ Ամինին դեռևս չպարզված ժամանակ և հանգամանքներում ձեռք է բերել պետական մարմնի կողմից տրվող, իրավունք վերապահող կեղծ փաստաթուղթ՝ իր անհատականացնող տվյալներով և լուսանկարով Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թիվ R 153020340 համարի կացության կեղծ քարտը, որը 2022 թվականի հուլիսի 19-ին ներկայացրել է «Զվարթնոց» օդանավակայանում հաշվառում իրականացնող աշխատակցին, որից հետո այն ներկայացրել է նաև ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի «Զվարթնոց» սահմանային վերահսկողության բաժնի ծառայողներին և այդ կերպ օգտագործելով իրավունք վերապահող նշված կեղծ փաստաթուղթը, ապօրինի՝ առանց սահմանված փաստաթղթերի և պատշաճ թույլտվության, փորձել է հատել ՀՀ պետական սահմանը և Երևան-Վիեննա թիվ 642 չվերթով մեկնել ՀՀ-ից, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով ՀՀ պետական սահմանի ապօրինի հատումը չի իրագործվել, քանի որ բռնվել է ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայողների կողմից (…)»1:
8. Առաջին ատյանի դատարանի որոշման համաձայն՝ «(...) [Ք]ննարկելով ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասով և 44-469-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքները Ավաթ Էբրահիմի Ամինիի կողմից կատարելու հիմնավոր կասկածի առկայության կամ բացակայության հարցը՝ Դատարանը (…) արձանագրում է, որ միջնորդության հիմնավորվածությունը հաստատող նյութերում առկա չէ որևէ փաստական տվյալ, որով կհաստատվեր ՀՀ-ից ելքի համար թիվ R 153020340 կացության ակտի պարտադիր լինելու հանգամանքը։ Ավելին՝ Քննիչն իր բացատրություններով ևս չվկայակոչեց նաև որևէ օրենսդրական կամ նորմատիվ իրավական ակտ, որով դեպի Մեծ Բրիտանիայի Թագավորություն Հայաստանի Հանրապետությունից ելքը կարգելվեր, եթե բացի վավեր անձնագրից առկա չլիներ պարտադիր համարվող որևէ փաստաթուղթ (տվյալ դեպքում թիվ R 153020340 կացության ակտը)։ Ընդ որում վարույթի առարկային վերաբերող նյութերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Ավաթ Ամինի ԻԻՀ անձնագիրը եղել է վավեր և նա հնարավորություն է ունեցել 2022 թվականի հուլիսի 15-ին Մեղրիի անցակետով անարգել մուտք գործել Հայաստանի Հանրապետություն։
Դատարանը հարկ է համարում նշել, որ այն պայմաններում, երբ չի հիմնավորվել ՀՀ-ից ելքի համար վավեր անձնագրից բացի այլ պարտադիր փաստաթղթի առկայության պահանջը, ապա օտարերկրյա պետություն մուտքի թույլտվություն պարունակող փաստաթուղթը կեղծված լինելու հանգամանքը թեև կարող է խնդիրներ առաջացնել այլ երկիր մուտք գործելու համար, այնուհանդերձ որևէ կերպ չի կարող դիտվել որպես ՀՀ-ից ելքի թույլտվություն պարունակող սահմանված փաստաթուղթ։
Վերոգրյալի պայմաններում Դատարանն արձանագրում է, որ վարույթի առարկային վերաբերող նյութերը չեն պարունակում կասկածների արժանահավատությունն ու բարեխղճությունը հավաստող բավարար փաստական տվյալներ, որոնք համակցության մեջ թույլ կտային անկողմնակալ դիտորդին եզրակացնելու, որ Ավաթ Էբրահիմի Ամինին թիվ R 153020340 կացության ակտը օգտագործելով է փորձել ապօրինի հատել Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։
Բացի այդ, Դատարանին չի ներկայացվել որևէ տեղեկություն, փաստ կամ ապացույց, որ թիվ R 153020340 կացության ակտը Ավաթ Էբրահիմի Ամինիի կողմից ձեռք է բերվել Հայաստանի Հանրապետության տարածքում։
Այսպիսով.
Դատարանն արձանագրում է, որ չի հաստատվում մեղադրյալի կողմից իրեն վերագրվող հանցանքը կատարելու հիմնավոր կասկածը (…)»2:
9. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն՝ «(...) [Վ]երաքննիչ դատարանը համադրելով արձանագրված փաստական հանգամանքները (…) արձանագրում է, որ սույն գործով չեն ներկայացվել համապատասխան փաստեր և տեղեկություններ պարունակող փաստական տվյալներ, որոնք (…) բավարար հիմք են տալիս ողջամիտ ենթադրություն անելու առ այն, որ դեպքը, որի կատարման մեջ մեղադրվում է Ավաթ Էբրահիմի Ամինին, իրական է և համընկնում է նրան վերագրվող ենթադրյալ հանցագործությունների դեպքին:
(…) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ իրավաչափ են Առաջին ատյանի դատարանի հետևություններն առ այն, որ մեղադրյալ Ավաթ Էբրահիմի Ամինին առնչություն չունի իրեն վերագրվող հանցանքների կատարմանը։ (…)»3:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք ստորադաս դատարանների հետևություններն այն մասին, որ ներկայացված նյութերը բավարար չեն Ա.Ամինիի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասով և 44-469-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունները կատարելու հիմնավոր կասկածի առկայությունը հաստատելու համար։
11. ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք։ Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով`
(…)
4) անձին իրավասու մարմին ներկայացնելու նպատակով, երբ առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով (…)»։
12. Վերահաստատելով և զարգացնելով կալանավորման պայմաններից «հիմնավոր կասկածի» գնահատման սահմանների վերաբերյալ Վահրամ Գևորգյանի4, Հարություն Խաչատրյանի5 գործերով արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն Էդգար Եղիազարյանի գործով ընդգծել է, որ իրավասու մարմինը պետք է ներկայացնի փաստեր կամ տեղեկություններ, որոնք կհամոզեն դատարանին, որ անձը հիմնավոր կերպով է կասկածվում (մեղադրվում) ենթադրյալ հանցագործության կատարման մեջ։ Այսինքն՝ քրեական հետապնդման մարմինները պետք է ներկայացնեն կասկածը հիմնավորող որոշակի փաստական հանգամանքներ, իսկ դրա վերաբերյալ դատարանի հետևությունները պետք է լինեն պատճառաբանված և, միևնույն ժամանակ, չպետք է պարունակեն իրավական գնահատականներ անձի մեղավորության կամ անմեղության հարցի առնչությամբ6։
Վճռաբեկ դատարանը, ի թիվս այլնի, ընդգծել է հետևյալ հանգամանքները՝
- հիմնավոր կասկածը չի պահանջում կատարված արարքի մեջ մեղադրյալի մեղավորությունն ապացուցող՝ հիմնավոր կասկածից վեր ապացուցման չափանիշին համապատասխան բավարար փաստերի առկայություն, այնուամենայնիվ, «կասկածը» պետք է լինի ողջամիտ, այն պետք է հիմնված լինի օրենքով սահմանված կարգով ձեռքբերված որոշակի փաստական տվյալների վրա (որոնք կվկայեն կատարված արարքին անձի առնչությունը և դեպքի, իրադարձության համընկնումն այն հանցանքին, որի առերևույթ կատարման մեջ անձը կասկածվում (մեղադրվում) է), իսկ դրա առկայության կամ բացակայության վերաբերյալ դատարանի հետևությունները պետք է լինեն հիմնավորված և պատճառաբանված,
- մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելիս, մասնավորապես՝ կալանավորման վերաբերյալ միջնորդությունը քննելիս դատարանն իրավասու չէ քննարկման առարկա դարձնելու այնպիսի հարցեր, որոնք դուրս են այդ պահին իր առջև դրված խնդիրների շրջանակից7, ուստիև հիմնավոր կասկածի առկայությունը ստուգելիս դատարանն իրավասու չէ կանխորոշելու մեղքի հարցը, իրավական գնահատական տալու անձի մեղավորությանը կամ անմեղությանը, անմիջականորեն փաստելու անձի արարքում հանցակազմի առկայությունը կամ բացակայությունը։ Միևնույն ժամանակ, դատարանը, վերոգրյալ հարցերի շուրջ իրավական գնահատականներ չտալով, իրավասու է որոշում կայացնել կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու կամ ժամկետը երկարացնելու կամ վերահաստատելու վերաբերյալ քրեական հետապնդման մարմնի ներկայացրած միջնորդությունը մերժելու մասին` այն դեպքում, երբ հավաստում է քրեական գործով վարույթը բացառող հանգամանքի առերևույթ առկայությունը և դրա հնարավոր կիրառելիությունը։ Ընդ որում, քրեական գործով վարույթը բացառող այդ հանգամանքի առերևույթ առկայության մասին վկայությունը պետք է լինի ոչ թե ներկայացված նյութերի, այդ թվում՝ ապացույցների` գործն ըստ էության քննելու և լուծելու ժամանակ պահանջվող աստիճանի չափ բազմակողմանի և խորը վերլուծության արդյունք, այլ այդպիսի վկայությունը պետք է հիմնված լինի ներկայացված նյութերից բխող համեմատաբար ակնհայտ փաստերի վրա (օրինակ՝ արարքը, որի կատարման մեջ մեղադրվում է անձը, դրա կատարման պահին հանցագործություն չի համարվել8, կամ որպես մեղադրյալ է ներգրավվել քրեական պատասխանատվության ենթարկվելու տարիքի չհասած անձը, կամ անցել են վաղեմության ժամկետները, ընդունվել է համաներման ակտ և այլն)9։
13. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ
- Նախաքննության մարմինն Ավաթ Ամինիի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասով և 44-469-րդ հոդվածի 1-ին մասով հարուցել է հանրային քրեական հետապնդում այն բանի համար, որ նա առանց սահմանված փաստաթղթերի և պատշաճ թույլտվության փորձել է ապօրինի հատել ՀՀ պետական սահմանը, ինչպես նաև օգտագործել է իրավունք վերապահող կեղծ փաստաթուղթ10:
- Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ միջնորդության հիմնավորվածությունը հաստատող նյութերում առկա չէ որևէ փաստական տվյալ, որով կհաստատվեր Հայաստանի Հանրապետությունից ելքի համար թիվ R 153020340 կացության ակտի պարտադիր լինելու հանգամանքը։ Վարույթի առարկային վերաբերող նյութերը չեն պարունակում կասկածների արժանահավատությունն ու բարեխղճությունը հավաստող բավարար փաստական տվյալներ, որոնք համակցության մեջ թույլ կտային անկողմնակալ դիտորդին եզրակացնելու, որ Ա.Ամինին թիվ R 153020340 կացության ակտն օգտագործելով է փորձել ապօրինի հատել Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։ Առաջին ատյանի դատարանը նշել է նաև, որ դատարանին չի ներկայացվել որևէ տեղեկություն, փաստ կամ ապացույց, որ թիվ R 153020340 կացության ակտն Ավաթ Էբրահիմի Ամինիի կողմից ձեռք է բերվել Հայաստանի Հանրապետության տարածքում։ Արդյունքում, Առաջին ատյանի դատարանը գտել է, որ չի հաստատվում մեղադրյալի կողմից իրեն վերագրվող հանցանքը կատարելու հիմնավոր կասկածը11:
- Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատական ակտը, իր հերթին փաստել է որ իրավաչափ են Առաջին ատյանի դատարանի հետևություններն առ այն, որ մեղադրյալ Ա.Ամինին առնչություն չունի իրեն վերագրվող հանցանքների կատարմանը12։
14. Նախորդ կետում վկայակոչված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 11-12-րդ կետերում մեջբերված իրավադրույթների և իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ինչպես Առաջին ատյանի դատարանը՝ Ա.Ամինիի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը քննության առնելիս, այնպես էլ Վերաքննիչ դատարանը՝ Առաջին ատյանի դատարանի դատական ակտի օրինականությունն ու հիմնավորվածությունը ստուգելիս, պատշաճ իրավական գնահատման չեն ենթարկել մի շարք հանգամանքներ։
Նախևառաջ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թե՛ Առաջին ատյանի դատարանը, և թե՛ Վերաքննիչ դատարանը, գտնելով, որ Ա.Ամինիի առնչությունը ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասով և 44-469-րդ հոդվածի 1-ին մասով նրան առաջադրված մեղադրանքին չի հաստատվում, պատշաճ ուշադրության չեն արժանացրել քննիչի կողմից միջնորդությանը կից դատարան ներկայացված հետևյալ փաստական տվյալները: Մասնավորապես.
- ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի ծառայող Ռ.Գրիգորյանի կողմից ներկայացված «առերևույթ հանցանքի մասին հաղորդումը» և նույնաբովանդակ «զեկուցագիրը», որոնց համաձայն՝ 2022 թվականի հուլիսի 19-ին՝ ժամը 03:30-ի սահմաններում, Երևան-Վիեննա թիվ 642 չվերթի ուղևորների հաշվառման ժամանակ ԻԻՀ քաղաքացի Ա.Ամինին հաշվառում իրականացնող աշխատակիցներին է ներկայացրել իր լուսանկարով և տվյալներով լրացված՝ թիվ R 153020340 սերիա համարի Միացյալ Թագավորության կացության կարգավիճակի քարտը, այնուհետև նույն փաստաթուղթը ներկայացրել է նաև սահմանային վերահսկողության ժամանակ, որտեղ փաստաթղթային ստուգման ընթացքում 6-րդ սահմանապահ խցիկի զինծառայող Էդվարդ Հակոբյանը պարզել է, որ նշված կացության քարտը կեղծ է: Հարցումային աշխատանքի ընթացքում Ա.Ամինին հայտնել է, որ նշված կացության քարտը ձեռք է բերել Թեհրան քաղաքում, ոմն Ռեզայից 2000 ԱՄՆ դոլարի դիմաց13,
-«անձանց և փաստաթղթերը հատուկ ստուգման ենթարկելու» մասին թիվ 1/190701 ակտը, համաձայն որի՝ Ա.Ամինիի կողմից ներկայացված բրիտանական նմուշի կացության քարտն ամբողջությամբ կեղծ է14,
- սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգից Ա.Ամինիի վերաբերյալ սահմանահատումների պատմությունը, որի զննությամբ պարզվել է, որ վերջինս 2022 թվականի հուլիսի 15-ին «Մեղրի» անցակետով որպես հետիոտն մուտք է գործել Հայաստանի Հանրապետություն, իսկ 2022 թվականի հուլիսի 19-ին փորձել է Երևան-Վիեննա թիվ 642 չվերթով մեկնել Հայաստանի Հանրապետությունից, սակայն վերջինիս սահմանահատումը կասեցվել է, քանի որ ներկայացրել է կացության կեղծ քարտ15:
15. Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, քննիչի կողմից միջնորդությանը կից ներկայացված և գործում առկա փաստական տվյալների համակցությունը դատավարության տվյալ փուլում ողջամտորեն բավարար էր գալու այն եզրահանգման, որ մեղադրյալ Ավաթ Ամինին առնչություն ունի իրեն մեղսագրվող արարքներին: Մասնավորապես, այդ փաստական տվյալները բավարար են հիմնավորված ենթադրություն անելու, որ մեղադրյալ Ա.Ամինին կեղծ փաստաթղթի օգտագործմամբ փորձել է ապօրինի հատել Հայաստանի Հանրապետության պետական սահմանը: Այլ կերպ՝ առկա փաստական տվյալները բավարար էին փաստելու, որ առկա է մեղադրյալ Ա.Ամինիի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասով և 44-469-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքի կատարման հիմնավոր կասկածը:
Ինչ վերաբերում է ստորադաս դատարանների այն փաստարկմանը, որ Ավաթ Ամինիի ԻԻՀ անձնագիրը եղել է վավեր և նա հնարավորություն է ունեցել 2022 թվականի հուլիսի 15-ին Մեղրիի անցակետով անարգել մուտք գործել Հայաստանի Հանրապետություն, ինչպես նաև այն դատողությանը, որ օտարերկրյա պետություն մուտքի թույլտվություն պարունակող փաստաթուղթը որևէ կերպ չի կարող դիտվել որպես Հայաստանի Հանրապետությունից ելքի թույլտվություն պարունակող փաստաթուղթ, ապա դրանք Վճռաբեկ դատարանի գնահատմամբ տվյալ փուլում կարող էին քննարկման առարկա դառնալ այն պարագայում, եթե Ա.Ամինին Հայաստանի Հանրապետությունից փորձեր մեկնել ԻԻՀ։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այդ առումով որևէ նշանակություն չի կարող ունենալ նաև այն փաստը, թե ներկայացված կացության քարտը ձեռք է բերվել Հայաստանի Հանրապետության, թե այլ երկրի տարածքում:
16. Վերոգրյալի հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ ստորադաս դատարանների հետևություններն այն մասին, որ ներկայացված նյութերը բավարար չեն Ա.Ամինիի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասով և 44-469-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու հիմնավոր կասկածի առկայությունը հաստատելու համար, հիմնավոր չեն։
17. Այսպիսով, ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները, սույն գործով դատական ակտեր կայացնելիս, թույլ են տվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի էական խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են, քանի որ ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի՝ հիմք է Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի հուլիսի 22-ի որոշումը և այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի` 2022 թվականի սեպտեմբերի 8-ի որոշումը բեկանելու համար:
17.1. Վերոգրյալի համատեքստում հարկ է նշել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 400-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ Վճռաբեկ դատարանում հատուկ վերանայման արդյունքով Վճռաբեկ դատարանը լիազորված է ամբողջությամբ կամ որոշակի մասով դատական ակտը բեկանելուց հետո՝ բեկանված մասով կայացնել դրան փոխարինող դատական ակտ:
Նման պայմաններում, անդրադառնալով հատուկ վերանայման արդյունքում դատական ակտը բեկանելուց հետո Վճռաբեկ դատարանի կողմից վարույթը համապատասխան ստորադաս դատարան նոր քննության փոխանցելու հնարավորությանը, հարկ է նշել, որ 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ մասի՝ «Գործն ըստ էության չլուծող դատական ակտերի վերանայման արդյունքում վճռաբեկ դատարանը (…) կայացնում է նոր դատական ակտ» կարգավորման համատեքստում Վճռաբեկ դատարանը Հրայր Հովսեփյանի գործով իրավական դիրքորոշում է ձևավորել առ այն, որ թեև գործն ըստ էության չլուծող դատական ակտերի վերանայումը, որպես կանոն, պետք է ավարտվի Վճռաբեկ դատարանում` վերջնական որոշում կայացնելու միջոցով, սակայն որոշ դեպքերում, անձի` դատարանի մատչելիության և դատական պաշտպանության իրավունքների արդյունավետ իրականացման երաշխիքների պաշտպանությունը, ինչպես նաև Վճռաբեկ և Վերաքննիչ դատարանների միջև ձևավորված գործառութային կապի և դատական վերանայման ծավալի վերընթաց նվազման սկզբունքի արդյունավետ կենսագործումը կարող է ապահովվել միայն Վճռաբեկ դատարանի կողմից գործը նոր քննության ուղարկելու արդյունքում 16։
Հաշվի առնելով, որ վերոնշյալ իրավական երաշխիքների կենսագործման նպատակով հատուկ վերանայման շրջանակներում վարույթը համապատասխան ստորադաս դատարան նոր քննության փոխանցելու անհրաժեշտությունը որոշ դեպքերում կարող է առաջ գալ նաև 2021 հունիսի 30-ին ընդունված և 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած՝ ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի՝ 400-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի շրջանակներում, ուստի Վճռաբեկ դատարանը վերահաստատում է Հրայր Հովսեփյանի գործով արտահայտված իրավական դիրքորոշումները և գտնում, որ դրանք շարունակում են վերաբերելի մասով (mutatis mutandis) կիրառելի լինել նաև նոր օրենսգրքով նախատեսված վերոնշյալ կարգավորման նկատմամբ։
18. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում վարույթը պետք է փոխանցել Առաջին ատյանի դատարան՝ կալանավորման հիմքերի մասով նոր քննության։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ 361-րդ, 363-րդ և 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Մեղադրյալ Ավաթ Էբրահիմի Ամինիի վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի հուլիսի 22-ի որոշումը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2022 թվականի սեպտեմբերի 8-ի որոշումը բեկանել և վարույթը փոխանցել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
_______________________
1 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 26-27:
2 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 47-55:
3 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 44-56:
4 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Վահրամ Գևորգյանի գործով 2011 թվականի փետրվարի 24-ի թիվ ԵԿԴ/0678/06/10 որոշումը, կետեր 20-23։
5 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Հարություն Խաչատրյանի գործով 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ՏԴ2/0009/06/11 որոշումը, կետեր 13 և 15:
6 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Էդգար Եղիազարյանի գործով 2017 թվականի հունիսի 22-ի թիվ ԵԱՆԴ/0017/06/16 որոշումը, կետ 14:
7 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Ներսես Միսակյանի գործով 2009 թվականի ապրիլի 10-ի թիվ ԱՐԴ1/0003/11/08 որոշումը։
8 Այդ առումով մանրամասն տե՛ս, օրինակ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Խաչատրյանը և այլք ընդդեմ Հայաստանի գործով 2012 թվականի նոյեմբերի 27-ի վճիռը, գանգատ թիվ 23978/06։
9 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Էդգար Եղիազարյանի գործով վերը նշված որոշումը, կետ 15:
10 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:
11 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։
12 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:
13 Տե՛ս, նյութեր, հատոր 1-ին թերթեր 14-15:
14 Տե՛ս, նյութեր, հատոր 1-ին թերթեր 13:
15 Տե՛ս, նյութեր, հատոր 1-ին թերթեր 16-18:
16 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Հրայր Հովսեփյանի գործով 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/18 որոշումը, կետ 27:
Նախագահող` |
Հ. Ասատրյան |
Դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ |
Ե. Դանիելյան | |
Լ. Թադևոսյան | |
Ա. Պողոսյան | |
|
Ս. Օհանյան |