ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 մարտի 2023 թվականի N 448-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1118-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 6-րդ և 8-րդ մասերը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 3-րդ մասը և 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնության կիրառման կարգը հաստատելու և լիազոր մարմին ճանաչելու մասին» N 1118-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«Հիմք ընդունելով «Եվրասիական տնտեսական միության» մասին պայմանագրի 6-րդ հավելվածի «Միասնական սակագնային կարգավորման» արձանագրության 4-րդ կետը և «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 6-րդ և 8-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.»։
2. Որոշման հավելվածի 12-րդ կետում «ծրագրի իրականացման ժամկետը» բառերը փոխարինել «ծրագրի իրականացման վերջնաժամկետը» բառերով։
3. Որոշման հավելվածի 12-րդ կետով նախատեսված կարգավորումը, որի համաձայն ներմուծման սկզբնաժամկետը չի կարող լինել ավելի շուտ, քան սույն հավելվածի 13-րդ կետով նախատեսված հայտի` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն ներկայացման հաջորդ օրը, տարածվում է 2021 թվականի ապրիլի 24-ից հետո ծագած հարաբերությունների վրա։
4. 2021 թվականի ապրիլի 24-ից մինչև 2022 թվականի հուլիսի 28-ը ընկած ժամանակահատվածում որոշմամբ հաստատված կարգին համապատասխան մաքսատուրքից ազատման արտոնություն ստացած կազմակերպությունները, որոնց մասով առաջացել է ապրանքների ներմուծման սկզբնաժամկետը փոխելու և որոշմամբ հաստատված կարգի 12-րդ կետին համապատասխանեցնելու անհրաժեշտություն՝ կարող են սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո առավելագույնը 3 ամսվա ընթացքում ներկայացնել հայտ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. ՓաշինՅԱՆ |
Երևան |
31.03.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 մարտի 2023 թվական: