Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-262
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (04.07.2002-22.11.2003)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.12.15/40(172) Հոդ.958
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
06.11.2001
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.11.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.12.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2001 թվականի նոյեմբերի 6-ին

 

ԲԱՆԿԵՐԻ ԵՎ վարկային կազմակերպությունների ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

(վերնագիրը լրաց. 29.05.02 ՀՕ-368-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  1.

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Սույն օրենքով սահմանվում են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի և վարկային կազմակերպությունների (այսուհետ` բանկեր) անվճարունակության և սնանկության հասկացություններն ու հատկանիշները, անվճարունակության և սնանկության կանխարգելմանն ուղղված միջոցառումների անցկացման կարգն ու պայմանները, ինչպես նաև բանկերի սնանկության հետևանքով նրանց լուծարման, սույն օրենքի 42-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված կարգով գրանցումից չհանված բանկերի լուծարման ընթացակարգը: Սույն օրենքի 42-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված կարգով գրանցումից չհանված բանկերի լուծարային հանձնաժողովների (կառավարիչների) գործունեությունը համապատասխանեցվում է սույն օրենքի պահանջներին:

2. Բանկերի անվճարունակության և սնանկության գործերի վարույթի կարգը սահմանվում է սույն օրենքով, այլ օրենքներով և սույն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ` Կենտրոնական բանկ) իրավական ակտերով:

(1-ին հոդվածը խմբ. 29.05.02 ՀՕ-368-Ն)

 

Հոդված 2. ԲԱՆԿԻ ԱՆՎՃԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Բանկը համարվում է անվճարունակ, եթե`

ա) սպառել է իր հիմնական կապիտալի հիսուն տոկոսը և ավելին, կամ`

բ) ի վիճակի չէ բավարարել իր պարտատերերի օրինական պահանջները, կամ`

գ) բանկի ցուցանիշների ամփոփ գնահատականը ցածր է Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած բանկերի ցուցանիշների ամփոփ գնահատականի չափից, կամ`

դ) պարբերաբար խախտում է օրենքով սահմանված պարտադիր պահուստավորման նորմատիվը: Խախտման պարբերականությունը սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը, և պետք է միևնույնը լինի Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր բանկերի համար:

2. Բանկի անվճարունակությունը ճանաչվում է սույն հոդվածի 1-ին կետով սահմանված հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում` բացառապես Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ: Բանկի անվճարունակությունը կամ վճարունակությունը ճանաչելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշումը դատական կարգով բողոքարկման ենթակա չէ:

3. Սույն հոդվածի 1-ին կետով սահմանված անվճարունակության հիմքերից որևէ մեկը բացահայտելու դեպքում Կենտրոնական բանկը երկշաբաթյա ժամկետում`

ա) նշանակում է ժամանակավոր ադմինիստրացիա (այսուհետ` նաև ադմինիստրացիա) և հաստատում է բանկի ֆինանսական առողջացման ծրագիրը, կամ`

բ) բանկի սնանկության մասին դիմում է ներկայացնում դատարան:

 

Հոդված 3. ԲԱՆԿԻ ՍՆԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Բանկի սնանկությունը` Կենտրոնական բանկի դիմումի հիման վրա դատարանի կողմից հաստատված նրա անվճարունակությունն է: Նման դեպքում բանկը ենթակա է լուծարման` սույն օրենքով սահմանված կարգով:

2. Բանկը կարող է սնանկ ճանաչվել բացառապես Կենտրոնական բանկի դիմումի հիման վրա` ելնելով սույն օրենքի 24-րդ հոդվածով սահմանված հիմքերից որևէ մեկից:

 

Հոդված 4. ԲԱՆԿԻ ԱՈՒԴԻՏՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ

 

Բանկի աուդիտն իրականացնող կազմակերպությունը, սույն օրենքով սահմանված` բանկի անվճարունակության հիմքերից որևէ մեկի հայտնաբերման դեպքում, կարող է օրենսդրությամբ սահմանված կարգով Կենտրոնական բանկին անմիջապես տեղեկացնել դրա մասին` կցելով բոլոր փաստաթղթերը:

 

Գ Լ ՈՒ Խ  2.

 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱՆ

 

Հոդված 5. ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱՅԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

1. Ադմինիստրացիան բանկի կառավարման հատուկ մարմին է, որի ղեկավարին և անդամներին նշանակում է Կենտրոնական բանկը` սույն օրենքով սահմանված կարգով:

2. Ադմինիստրացիայի նշանակման խնդիրն է`

ա) բանկի վերակազմակերպման միջոցով նրա ավանդատուների ու բանկային հաշվի անվանատերերի պահանջների բավարարումը, և (կամ)`

բ) բանկի ակտիվները կամ բանկն ամբողջությամբ (որպես միասնական և գործող միավոր` իր բոլոր ակտիվներով և պասիվներով) վաճառելու միջոցով բանկի ֆինանսական կայունության վերականգնումը, և (կամ)`

գ) բանկի ակտիվները հնարավոր կարճ ժամկետում հավաքագրելու (իրացնելու) միջոցով բանկի ֆինանսական կայունության վերականգնումը, և (կամ)`

դ) բանկի կանոնադրական կապիտալն ավելացնելու կամ սույն օրենքով սահմանված կարգով փոխառությունների միջոցով ներդրումների ներգրավմամբ բանկի ֆինանսական կայունության վերականգնումը, և (կամ)`

ե) բանկի ստանձնած պարտավորությունները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով այլ անձի փոխանցելու միջոցով նրա ֆինանսական կայունության վերականգնումը, և (կամ)`

զ) Կենտրոնական բանկի կողմից սահմանված կարգով և պայմաններով` բանկային գործունեության լիցենզիայի մեկ տարատեսակը այլ տարատեսակի վերափոխելու միջոցով բանկի ֆինանսական կայունության վերականգնումը, և (կամ)`

է) բանկի ֆինանսական առողջացմանն ուղղված օրենքով չարգելված այլ միջոցառումների իրականացումը:

3. Ադմինիստրացիան գործում է ֆինանսական առողջացման ծրագրին համապատասխան: Ֆինանսական առողջացման ծրագիրը, դրանում կատարվող փոփոխություններն ու լրացումները հաստատում է Կենտրոնական բանկը: Ադմինիստրացիան կարող է Կենտրոնական բանկ ներկայացնել ֆինանսական առողջացման ծրագրում լրացումներ և փոփոխություններ կատարելու առաջարկություններ:

4. Ադմինիստրացիան գործում է սույն օրենքով, այլ օրենքներով և Կենտրոնական բանկի նորմատիվ ակտերով սահմանված կարգով:

5. Ադմինիստրացիայի գործունեության ընթացքում բանկի կառավարման բոլոր մարմինների լիազորություններն ամբողջությամբ անցնում են ադմինիստրացիայի ղեկավարին:

6. Ադմինիստրացիայի գործունեության ընթացքում արգելվում է բանկի մասնակցի (բաժնետիրոջ) պահանջի բավարարումը բանկի կանոնադրական կապիտալում նրա ունեցած բաժնի (ավանդի) առանձնացման մասով` կապված բանկի հիմնադիրների կազմից նրա դուրս գալու հետ, արգելվում է նաև բանկի մասնակիցների (բաժնետերերի, փայատերերի) պարտատիրոջ (պարտատերերի) պահանջով բանկի կանոնադրական կապիտալում մասնակցի (բաժնետիրոջ, փայատիրոջ) բաժնեմասի վրա բռնագանձում տարածելու նպատակով այդ բաժնեմասն առանձնացնելը կամ բաժնեմասին համապատասխան բանկի միջոցներից վճարում կատարելը (այդ թվում` բնեղենով):

Ադմինիստրացիայի գործունեության ընթացքում հակընդդեմ պարտավորությունների հաշվանցներ կարող են կատարվել միայն ադմինիստրացիայի համաձայնությամբ, եթե դրանք նախատեսված են բանկի ֆինանսական առողջացման ծրագրով:

Ադմինիստրացիայի գործունեության ընթացքում բանկի նկատմամբ պահանջները կարող են զիջվել միայն ադմինիստրացիայի համաձայնությամբ, եթե դա նախատեսված է բանկի ֆինանսական առողջացման ծրագրով:

 

Հոդված 6. ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱՅԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ

 

1. Կենտրոնական բանկն իրավասու է նշանակել ադմինիստրացիա (միանձնյա կամ կոլեգիալ)` սույն օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում:

2. Ադմինիստրացիա նշանակելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշումն ուժի մեջ է մտնում դրա ընդունման պահից: Ադմինիստրացիա նշանակելու մասին որոշմամբ Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է միաժամանակ հաստատել նաև սույն օրենքի 19-րդ հոդվածով սահմանված` բանկի ֆինանսական առողջացման ծրագիրը: Ադմինիստրացիա նշանակելու և բանկի ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասին Կենտրոնական բանկը եռօրյա ժամկետում ծանուցում է բանկին:

 

Հոդված 7. ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ

 

1. Ադմինիստրացիայի գործունեության ժամկետը սահմանվում է բանկի ֆինանսական առողջացման ծրագրով` մինչև երեք տարի ժամկետով: Սույն օրենքի 24-րդ հոդվածով սահմանված հիմքով Կենտրոնական բանկի կողմից բանկի սնանկության մասին դիմումը դատարան ներկայացնելիս, բանկի ադմինիստրացիայի գործունեությունը շարունակվում է մինչև դատարանի կողմից լուծարային կառավարիչ նշանակելը:

2. Ֆինանսական առողջացման ծրագրով սահմանված ժամկետը լրանալուց հետո Կենտրոնական բանկը կարող է այն երկարաձգել ևս երեք տարով: Ադմինիստրացիայի գործունեության ժամկետը երկարաձգելիս Կենտրոնական բանկը համապատասխան փոփոխություններ և (կամ) լրացումներ է կատարում ֆինանսական առողջացման ծրագրում:

 

Հոդված 8. ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱՅԻ ՂԵԿԱՎԱՐԸ

 

1. Ադմինիստրացիայի ղեկավարը` Կենտրոնական բանկի սահմանած կարգով և ժամկետներում, ձևավորում է ադմինիստրացիա, որը հաստատում է Կենտրոնական բանկի խորհուրդը:

2. Ադմինիստրացիայի ղեկավարը պատասխանատվություն է կրում ադմինիստրացիայի գործունեության համար` սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված կարգով:

3. Ադմինիստրացիայի ղեկավարը գործում է բանկի անունից` առանց լիազորագրի: Կենտրոնական բանկի համաձայնությամբ ադմինիստրացիայի ղեկավարը կարող է ադմինիստրացիայի անդամներին տալ լիազորագրեր:

 

Հոդված 9. ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱՅԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ՈՉ ՊԱՏՇԱՃ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ

 

1. Ադմինիստրացիայի ղեկավարն իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում բանկի նկատմամբ կրում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

2. Ադմինիստրացիայի ղեկավարի կողմից պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում Կենտրոնական բանկը`

ա) ժամանակավորապես կամ անժամկետ ազատում է նրան բանկի ադմինիստրացիայի ղեկավարի պարտականությունների կատարումից, և (կամ)`

բ) ուժը կորցրած է ճանաչում ադմինիստրացիայի ղեկավարի որակավորման վկայականը:

Կենտրոնական բանկի վերոհիշյալ որոշումն ադմինիստրացիայի ղեկավարի կողմից կարող է բողոքարկվել դատական կարգով, եթե միայն այն կայացվել է սույն օրենքով սահմանված ընթացակարգերի խախտմամբ: Որոշման բողոքարկումը չի կասեցնում այդ որոշման գործողությունը գործի ողջ դատական քննության ընթացքում:

3. Ադմինիստրացիայի ղեկավարն անձնական գույքային պատասխանատվություն է կրում իր ոչ օրինաչափ և (կամ) ռիսկային գործողությունների հետևանքով բանկին պատճառած վնասի համար:

 

Հոդված 10. ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱՅԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ և ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Ադմինիստրացիայի ղեկավարը, գործելով սույն օրենքի և բանկի ֆինանսական առողջացման ծրագրի հիման վրա`

ա) իրականացնում է բանկի կառավարման մարմինների` օրենքներով և հիմնադիր փաստաթղթերով սահմանած լիազորությունները.

բ) Կենտրոնական բանկ է ներկայացնում ֆինանսական առողջացման ծրագիրը, դրանում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկությունները.

գ) միջոցներ է ձեռնարկում բանկի գույքի և փաստաթղթերի պահպանության ուղղությամբ.

դ) պարզում է բանկի պարտատերերին, նրանց պահանջների չափը.

ե) միջոցներ է ձեռնարկում բանկի վարկային և դեբիտորական պարտքերի գանձման ուղղությամբ.

զ) դիմում է Կենտրոնական բանկ` բանկի պարտատերերի պահանջների բավարարումը սառեցնելու (մորատորիում) միջնորդությամբ.

է) բանկի կառավարման մարմիններից բանկի գործունեության վերաբերյալ ստանում է անհրաժեշտ տեղեկություններ և փաստաթղթեր.

ը) իրականացնում է բանկի` որպես գործող միասնական ամբողջության, կամ նրա ակտիվների և պասիվների մի մասի վաճառքը.

թ) բանկի անունից հայցով դիմում է դատարան և միջնորդ դատարան.

ժ) բանկի տարածքային ստորաբաժանումներում և բանկի դուստր ընկերություններում նշանակում է ադմինիստրացիայի ներկայացուցիչներ.

ժա) բանկի անունից կնքում է ծրագրից բխող պայմանագրեր, կարող է բանկի ղեկավարներին և աշխատակիցներին ազատել աշխատանքից և միակողմանիորեն դադարեցնել նրանց աշխատավարձի վճարումը.

ժբ) Կենտրոնական բանկի համաձայնությամբ` իրավունք ունի միակողմանիորեն փոփոխել բանկի ավանդային, վարկային պայմանագրերով սահմանված տոկոսադրույքները.

ժգ) իրականացնում է օրենքով չարգելված այլ լիազորություններ:

2. Ադմինիստրացիայի գործունեության աշխատակարգը սահմանում է ադմինիստրացիայի ղեկավարը` նախապես համաձայնեցնելով Կենտրոնական բանկի հետ: Ադմինիստրացիայի անդամները պարտավոր են կատարել ադմինիստրացիայի ղեկավարի` օրենքից բխող հանձնարարականները:

 

Հոդված 11. ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԲԱՆԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ և ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

1. Ադմինիստրացիա նշանակելու և բանկի ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշումն ուժի մեջ մտնելու պահից բանկի կառավարման մարմինների լիազորությունները կասեցվում են, իսկ գործադիր տնօրենի կամ նման պարտականություններ կատարող կառավարման այլ մարմնի լիազորությունները` դադարեցվում:

2. Ադմինիստրացիայի գործունեության ընթացքում բանկի կառավարման մարմիններն իրավունք չունեն ընդունել որոշումներ` օրենքով, բանկի հիմնադիր և ներքին փաստաթղթերով իրենց իրավասությանը վերապահված հարցերով:

3. Բանկի կառավարման մարմիններն ադմինիստրացիայի նշանակման պահից պարտավոր են անմիջապես ադմինիստրացիայի ղեկավարին հանձնել բանկի կնիքը, դրոշմակնիքները, ադմինիստրացիայի հետ համաձայնեցված ժամկետներում` հաշվապահական և այլ փաստաթղթերը, բանկի նյութական և այլ արժեքները:

4. Բանկի ղեկավարները և այլ աշխատակիցները պարտավոր են կատարել ադմինիստրացիայի ղեկավարի օրինական հանձնարարականները:

 

Հոդված 12. ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱՅԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման արդյունքում կամ դրանց իրականացման ընթացքում բանկի ֆինանսական առողջացման անհնարինության դեպքում ադմինիստրացիայի ղեկավարը պարտավոր է Կենտրոնական բանկ ներկայացնել գրավոր միջնորդություն` բանկի բանկային գործունեության լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու և բանկի նկատմամբ սնանկության վարույթ սկսելու միջնորդությամբ դատարան դիմելու անհրաժեշտության մասին:

2. Ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման արդյունքում կամ դրանց իրականացման ընթացքում բանկի ֆինանսական առողջացման դեպքում ադմինիստրացիայի ղեկավարը պարտավոր է Կենտրոնական բանկ ներկայացնել գրավոր միջնորդություն` ադմինիստրացիայի գործունեությունը դադարեցնելու և բանկը մասնակիցների (բաժնետերերի, փայատերերի) կառավարմանը վերադարձնելու մասին:

3. Կենտրոնական բանկի խորհուրդը` 15-օրյա ժամկետում, քննարկում է սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կետերով նախատեսված միջնորդությունը և կայացնում որոշում` այն մերժելու կամ բավարարելու մասին:

 

Հոդված 13. ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՎԵՃԵՐԸ

 

Ադմինիստրացիա նշանակելու և բանկի ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշումը ենթակա չէ դատական կարգով բողոքարկման:

 

Հոդված 14. ԲԱՆԿԻ ՊԱՐՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՍԱՌԵՑՈՒՄԸ

 

1. Ադմինիստրացիա նշանակելու դեպքում Կենտրոնական բանկը` ադմինիստրացիայի ղեկավարի միջնորդությամբ կամ իր հաստատած ծրագրով, իրավունք ունի ադմինիստրացիայի գործողության ամբողջ (կամ անհրաժեշտության դեպքում` կարճ) ժամանակահատվածով սառեցնել բանկի պարտատերերի պահանջների բավարարումը (մորատորիում): Մորատորիումի գործողությունը տարածվում է դրամական պարտավորությունների և պարտադիր վճարումների, ներառյալ` հարկերի գծով պարտավորությունների վրա, որոնք առաջացել են ադմինիստրացիայի նշանակումից առաջ, ինչպես նաև սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված պարտավորությունների և գործողությունների վրա:

2. Մորատորիումի գործողության ընթացքում`

ա) կասեցվում է դրամական պարտավորությունների և պարտադիր վճարումների, ներառյալ` հարկերի գծով պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար հաշվարկման, վճարման կամ գանձման ենթակա տուժանքների և այլ ֆինանսական պատժամիջոցների, ինչպես նաև վճարման ենթակա տոկոսների հաշվարկումը, վճարումը կամ գանձումը.

բ) չի թույլատրվում կատարողական և այլ փաստաթղթերով սահմանված անվիճելի կարգով որևէ բռնագանձում կամ գանձում.

գ) կասեցվում է գույքային բռնագանձումներով կատարողական փաստաթղթերի կատարումը (բացառությամբ սույն հոդվածի 4-րդ կետով սահմանված` գումարների բռնագանձման մասին կատարողական փաստաթղթերի), եթե դրանց վերաբերյալ կայացված դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտել մինչև ադմինիստրացիայի նշանակումը:

3. Սույն հոդվածով նախատեսված` բանկի պարտատերերի պահանջների սառեցման ժամկետի ավարտից հետո չեն հաշվարկվում, վճարվում, գանձվում կամ բռնագանձվում պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար օրենքներով կամ պայմանագրերով նախատեսված տուժանքները կամ ֆինանսական այլ պատժամիջոցները: Բանկի պարտատերերի պահանջների սառեցման ժամկետի ավարտից հետո դրամական պարտավորություններով կամ պարտադիր վճարումների գծով պարտավորությունների գումարի վրա ենթակա են հաշվեգրման միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելու հետ կապված տոկոսները, եթե դրանք չեն գերազանցում օրենքով կամ պայմանագրով սահմանված տոկոսների չափը: Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները, դրամական պարտավորություններով կամ պարտադիր վճարումների գծով օրենքով կամ պայմանագրով սահմանված տոկոսները գերազանցելու դեպքում, հաշվեգրվում են օրենքով կամ պայմանագրով նախատեսված տոկոսները:

Սույն կետով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները հաշվարկվում են միայն բանկի պարտատերերի պահանջների սառեցման ժամկետից հետո ընկած ժամանակահատվածի համար: Նշված տոկոսները չեն հաշվեգրվում պարտավորության գումարի վրա հաշվեգրված տուժանքների և այլ ֆինանսական պատժամիջոցների, ինչպես նաև տոկոսների գումարների վրա:

4. Մորատորիումի գործողությունը չի տարածվում`

ա) քաղաքացիների կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու հետևանքով առաջացած պահանջների,

բ) արձակման նպաստների և աշխատավարձերի վճարման, հեղինակային պայմանագրերով պարգևատրումների հետ կապված քաղաքացիների պահանջների,

գ) բանկի բնականոն գործունեության համար անհրաժեշտ ընթացիկ ծախսերի վճարման գծով պահանջների վրա:

 

Հոդված 15. ԲԱՆԿԻ ԿՆՔԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԻՑ ՄԻԱԿՈՂՄԱՆԻՈՐԵՆ ՀՐԱԺԱՐՎԵԼԸ

 

Ադմինիստրացիայի ղեկավարը, 30 օր առաջ տեղյակ պահելով իր մտադրության մասին, իրավունք ունի միակողմանիորեն լուծել բանկի կնքած այն պայմանագրերը, որոնք ուղղակիորեն կապված չեն բանկի բանկային գործունեության հետ, եթե դրանք ակնհայտորեն ոչ շահավետ պայմաններ են ստեղծել բանկի համար կամ դրանցով ստանձնած պարտավորությունների կատարումը կբերի բանկի ակտիվների էական նվազմանը: Սույն հոդվածով սահմանված կարգով բանկի կնքած պայմանագրերի լուծման դեպքում ադմինիստրացիայի ղեկավարը չի ազատվում մինչև պայմանագրի լուծման մասին մյուս կողմին ծանուցելը պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարումից, բացառությամբ այն դեպքերի, երբ ֆինանսական առողջացման ծրագրով դրանց կատարման վրա սահմանված է մորատորիում: Մորատորիումի առկայության դեպքում պարտավորությունները կատարվում են սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված կարգով:

 

Հոդված 16. ԲԱՆԿԻ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԱՆՎԱՎԵՐՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Ադմինիստրացիայի ղեկավարի դիմումի հիման վրա դատարանը կարող է անվավեր ճանաչել`

ա) ադմինիստրացիայի նշանակմանը նախորդող երեք տարվա ընթացքում բանկի կնքած այն գործարքները, որոնցով բանկի ղեկավարը, մասնակիցները (բաժնետերերը, փայատերերը) կամ նրանց հետ փոխկապակցված անձինք բանկից անհատույց կամ ակնհայտորեն շահավետ պայմաններով ստացել են որոշակի գույք (ներառյալ` շահաբաժինները).

բ) ադմինիստրացիայի նշանակմանը նախորդող երեք տարվա ընթացքում բանկի մասնակիցներին (բաժնետերերին, փայատերերին) բաշխված շահաբաժինները, նրանց կամ այլ անձանց օգտին անհատույց օտարված գույքը.

գ) ադմինիստրացիայի նշանակմանը նախորդող երեք տարվա ընթացքում կատարված այն գործարքները, որոնց արդյունքում բանկի կողմից տրամադրված գույքի իրական շուկայական արժեքն էականորեն գերազանցել է փոխարենն ստացված գույքի իրական շուկայական արժեքը, կամ այն գործարքները, որոնք ակնհայտորեն անշահավետ են եղել բանկի համար.

դ) ադմինիստրացիայի նշանակմանը նախորդող իննսուն օրվա ընթացքում բանկի` նախկինում ստանձնած պարտավորությունների դիմաց բանկի կատարած վճարումները կամ գույքի օտարումը, բացառությամբ բանկի բնականոն գործունեության համար ընթացիկ վճարումների:

2. Սույն հոդվածով նախատեսված գործարքներն անվավեր ճանաչելու հայցով ադմինիստրացիայի ղեկավարը կարող է դատարան դիմել իր նշանակումից հետո` մեկ տարվա ընթացքում:

 

Հոդված 17. ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱՅԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

Ադմինիստրացիան հաշվետու է Կենտրոնական բանկին:

Ադմինիստրացիայի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կարգը, պայմանները, այդ թվում` Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների ներկայացման հաճախականությունը, կարգը և պայմանները, սահմանում է Կենտրոնական բանկը:

 

Հոդված 18. ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

1. Ադմինիստրացիայի գործունեությունը դադարեցվում է Կենտրոնական բանկի կողմից, եթե`

ա) ֆինանսական առողջացման ծրագրի ժամկետի ավարտից հետո կամ դրա գործողության ընթացքում ցանկացած պահին իրականացվել են ծրագրով նախատեսված նպատակները, և Կենտրոնական բանկի խորհուրդը կայացրել է համապատասխան որոշում, կամ`

բ) ֆինանսական առողջացման ծրագրի ժամկետի ավարտից հետո կամ դրա գործողության ընթացքում ցանկացած պահին Կենտրոնական բանկի դիմումի համաձայն` դատարանը որոշում է կայացրել բանկի սնանկության և լուծարային կառավարիչ նշանակելու մասին:

2. Սույն հոդվածի 1-ին կետով սահմանված` Կենտրոնական բանկի խորհրդի որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

3. Սույն հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով սահմանված` Կենտրոնական բանկի խորհրդի որոշումն ուժի մեջ մտնելու պահից բանկի կառավարման մարմինների և ղեկավարների լիազորությունները համարվում են վերականգնված, բացառությամբ բանկի գործադիր տնօրենի կամ նման պարտականություններ կատարող կառավարման այլ մարմնի լիազորությունների, որոնք վերականգնման ենթակա չեն:

 

Գ Լ ՈՒ Խ  3.

 

ԲԱՆԿԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ

 

Հոդված 19. ԲԱՆԿԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ

 

1. Բանկի ֆինանսական առողջացման ծրագիրն ադմինիստրացիայի ղեկավարի ներկայացմամբ հաստատվում է Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ:

2. Բանկի ֆինանսական առողջացման միջոցառումների ծրագիրը պարտադիր կարգով պետք է պարունակի`

ա) բանկի ֆինանսական վիճակի գնահատականը.

բ) բանկի մասնակիցների (բաժնետերերի, փայատերերի) և այլ անձանց մասնակցության եղանակները բանկի ֆինանսական առողջացմանը.

գ) բանկի պահպանության ծախսերի կրճատմանն ուղղված միջոցառումները.

դ) լրացուցիչ եկամուտների ստացմանն ուղղված միջոցառումները.

ե) տարաժամկետված վարկերի և դեբիտորական պարտքերի վերադարձմանն ուղղված միջոցառումները.

զ) բանկի կազմակերպական կառուցվածքի փոփոխության ուղղությամբ իրականացվելիք միջոցառումները.

է) ընթացիկ իրացվելիության և հիմնական կապիտալի բավարար մակարդակի, այլ տնտեսական նորմատիվների վերականգնման հետ կապված միջոցառումները:

3. Բանկի ֆինանսական առողջացման ծրագրում կարող են ներառվել հետևյալ միջոցառումները`

ա) բանկի մասնակիցների (բաժնետերերի, փայատերերի) և այլ անձանց ֆինանսական օգնությունը կամ լրացուցիչ ներդրումները բանկի կանոնադրական կապիտալի ավելացման, վարկերի, փոխառությունների տրամադրման, ինչպես նաև պարտատոմսերի, այլ արժեթղթերի գնման ձևով.

բ) բանկի ակտիվների և պասսիվների կառուցվածքի փոփոխությունը, ինչպես նաև բանկի, որպես միասնական ամբողջության, կամ դրա մի մասի վաճառքը.

գ) բանկի կազմակերպական կառուցվածքի փոփոխությունը.

դ) բանկի վերակազմակերպումը.

ե) օրենքով չարգելված այլ միջոցառումներ:

4. Բանկի ֆինանսական առողջացման միջոցառումների ծրագրի ձևը, դրանում ներառվող պարտադիր այլ դրույթները սահմանում է Կենտրոնական բանկը:

5. Բանկի ֆինանսական առողջացման միջոցառումների ծրագրի իրականացման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Կենտրոնական բանկը` իր սահմանած կարգով:

6. Բանկի ֆինանսական առողջացման ծրագրի հաստատման պահից բանկը դուրս է գալիս «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տնտեսական նորմատիվների կարգավորման դաշտից: Կենտրոնական բանկը կարող է անվճարունակ բանկի համար սահմանել հիմնական և հատուկ տնտեսական նորմատիվների այլ սահմանաչափեր, հաշվարկման կարգ և հաշվարկում ընդգրկվող տարրերի կազմ:

 

Հոդված 20. ԲԱՆԿԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ և ԱՅԼ ԱՆՁԱՆՑ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ, ԼՐԱՑՈՒՑԻՉ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ

 

1. Բանկի մասնակիցների (բաժնետերերի, փայատերերի) և այլ անձանց ֆինանսական օգնությունը կամ լրացուցիչ ներդրումները կարող են իրականացվել հետևյալ ձևերով`

ա) բանկում բանկային ավանդի (դեպոզիտի) ներդրում, ընդ որում, բանկային ավանդի (դեպոզիտի) ներդրման պայմանները սահմանվում են ծրագրով.

բ) երաշխիքի տրամադրում բանկի վարկային պարտավորությունների համար, վարկերի, փոխառությունների տրամադրում, ինչպես նաև ստորադաս պարտատոմսերի գնում.

գ) վճարման հետաձգման կամ կետանցի տրամադրում.

դ) բանկի պարտքի փոխանցում` նրա պարտատերերի համաձայնությամբ.

ե) լրացուցիչ ներդրում բանկի կանոնադրական կապիտալում.

զ) բանկի պարտքի ներում.

է) օրենքով չարգելված այլ ձևերով:

2. Բանկային հաշիվներում և ավանդներում առկա դրամական միջոցները, Կենտրոնական բանկի համաձայնությամբ, բանկի պարտատիրոջ կողմից կարող են ուղղվել բանկի կանոնադրական կապիտալի մեծացմանը:

3. Բանկին ցույց տրվող ֆինանսական օգնության ձևերի և պայմանների մասին որոշումներն ընդունվում են բանկի և ֆինանսական օգնություն ցույց տվող անձի կողմից: Այդ որոշումներն ադմինիստրացիայի ղեկավարը պարտավոր է նախապես համաձայնեցնել Կենտրոնական բանկի հետ:

 

Հոդված 21. ԲԱՆԿԻ ԱԿՏԻՎՆԵՐԻ և ՊԱՍՍԻՎՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Բանկի ակտիվների կառուցվածքի փոփոխությունը կարող է նախատեսել`

ա) վարկային պորտֆելի որակի բարելավում.

բ) ակտիվների կառուցվածքի փոփոխում ըստ ժամկետների` համապատասխանեցնելով դրանք համապատասխան պարտավորությունների կատարումն ապահովող ժամկետների հետ.

գ) բանկի ծախսերի, այդ թվում` պարտքերի սպասարկման և նրա կառավարման գծով իրականացվող ծախսերի կրճատում.

դ) շահույթ չբերող ակտիվների, ինչպես նաև այն ակտիվների վաճառք, որոնց օտարումը չի խոչընդոտում բանկի կողմից բանկային գործառույթների պատշաճ իրականացմանը.

ե) ակտիվների կառուցվածքի այլ բնույթի փոփոխություններ.

զ) բանկի, որպես գործող միասնական ամբողջության, վաճառք:

2. Բանկի պասսիվների կառուցվածքի փոփոխությունը կարող է նախատեսել`

ա) ընդհանուր և կանոնադրական կապիտալի չափի մեծացում.

բ) պասսիվների ընդհանուր կառուցվածքում ընթացիկ և կարճաժամկետ պարտավորությունների տեսակարար կշռի կամ չափի իջեցում.

գ) պասսիվների ընդհանուր կառուցվածքում երկարաժամկետ և միջին ժամկետայնության պարտավորությունների տեսակարար կշռի մեծացում.

դ) պասսիվների կառուցվածքի այլ բնույթի փոփոխություններ:

 

Հոդված 22. ԲԱՆԿԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

 

Բանկի կազմակերպական կառուցվածքի փոփոխությունը կարող է իրականացվել`

ա) բանկի աշխատակիցների թվաքանակի և կազմի փոփոխությամբ.

բ) բանկի կառուցվածքի փոփոխությամբ.

գ) տարածքային կամ կառուցվածքային ստորաբաժանումների լուծարմամբ.

դ) այլ միջոցներով, որոնք կարող են նպաստել բանկի ֆինանսական առողջացմանը:

 

Հոդված 23. ԲԱՆԿԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

1. Բանկի վերակազմակերպումն իրականացվում է «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

2. Բանկի ֆինանսական առողջացման ծրագրով կարող է նախատեսվել բանկի կազմակերպական-իրավական ձևի փոփոխություն, որն իրականացվում է օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  4.

 

ԲԱՆԿԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 24. ԲԱՆԿԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՀԱՐՈՒՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

Բանկի սնանկության մասին դիմումով Կենտրոնական բանկը դատարան է դիմում, եթե`

ա) առկա է սույն օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը, կամ`

բ) ադմինիստրացիայի գործունեության ընթացքում Կենտրոնական բանկին ակնհայտ է դառնում, որ բանկը լուծարելու դեպքում հնարավոր է պահպանել բանկի միջոցների առավել մեծ քանակ, քան ադմինիստրացիայի գործունեությունը շարունակելիս, կամ չի հաջողվում վերականգնել բանկի կայուն վճարունակությունը:

 

Հոդված 25. ԲԱՆԿԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ

 

Բանկի նկատմամբ սնանկության վարույթ հարուցվում է բացառապես Կենտրոնական բանկի կողմից` նրա խորհրդի որոշմամբ:

 

Հոդված 26. ԲԱՆԿԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՆԱԽԱՁԵՌՆԵԼՈՒ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՄԲ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ԴԻՄԵԼԸ

 

1. Բանկի պարտատերերն իրավունք ունեն դիմել Կենտրոնական բանկ` սույն օրենքով սահմանված կարգով բանկի սնանկության մասին դիմումը դատարան ներկայացնելու միջնորդությամբ: Միջնորդությանը պետք է կցվեն բանկի դրամական պարտավորությունների առկայությունը և նրանց չափը հիմնավորող փաստաթղթերը:

2. Կենտրոնական բանկը սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված միջնորդությունը քննարկում և երկշաբաթյա ժամկետում որոշում է կայացնում այն բավարարելու կամ մերժելու մասին: Բացառիկ դեպքերում Կենտրոնական բանկի նախագահը կարող է երկարաձգել միջնորդության քննարկման ժամկետը ևս երկու շաբաթով: Կենտրոնական բանկը սույն կետով սահմանված որոշումն ուժի մեջ մտնելու պահից եռօրյա ժամկետում ուղարկում է այն պարտատիրոջը:

3. Կենտրոնական բանկի որոշումը պարտատիրոջ միջնորդությունը մերժելու մասին կարող է բողոքարկել միջնորդությունը ներկայացրած պարտատերը` Կենտրոնական բանկի որոշումն ուժի մեջ մտնելու պահից` տասնօրյա ժամկետում: Բողոքի քննության ժամանակ դատարանն առաջարկում է Կենտրոնական բանկին` ներկայացնել եզրակացություն սույն օրենքի 24-րդ հոդվածով սահմանված հիմքերի առկայության մասին կամ բանկի բանկային գործունեության լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշման պատճենը: Կենտրոնական բանկը, դատարանի առաջարկն ստանալուց հետո` 10-օրյա ժամկետում, պարտավոր է նշված փաստաթղթերն ուղարկել դատարան: Կենտրոնական բանկի` բանկային գործունեության լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին որոշման պատճենի ներկայացումը դատարան հիմք է հանդիսանում սնանկության գործի վարույթն սկսելու համար:

4. Սույն օրենքի 24-րդ հոդվածով սահմանված հիմքերի բացակայության մասին Կենտրոնական բանկի եզրակացությունն ստանալու կամ սահմանված ժամկետում վերոհիշյալ եզրակացությունը չստանալու դեպքում բանկին սնանկ ճանաչելու մասին դիմումը դատարանի կողմից վերադարձվում է պարտատիրոջը:

5. Բանկի պարտատերերն իրավունք ունեն Կենտրոնական բանկ կամ դատարան ներկայացնել լուծարային կառավարչի թեկնածություն:

 

Հոդված 27. ԲԱՆԿԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԴԻՄՈՒՄԸ ԴԱՏԱՐԱՆ

 

1. Սույն օրենքի 24-րդ հոդվածով սահմանված հիմքերի առկայության դեպքում Կենտրոնական բանկի խորհուրդը քննարկում և որոշում է կայացնում բանկի բանկային գործունեության լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին:

2. Բանկի բանկային գործունեության լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումն ուժի մեջ մտնելու պահից` հնգօրյա ժամկետում, Կենտրոնական բանկը դատարան է ներկայացնում բանկի սնանկության մասին դիմում` առաջարկելով լուծարային կառավարչի թեկնածություն (թեկնածություններ): Կենտրոնական բանկը դատարան է ներկայացնում իր խորհրդի որոշումը կամ որոշման պատճենը` բանկի բանկային գործունեության լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին, իսկ սույն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված հիմքով` նաև բանկի անվճարունակության հայտնաբերման մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշումը: Կենտրոնական բանկը դիմումին կից դատարան է ներկայացնում իր խորհրդի կողմից սահմանված հիմնավորող այլ փաստաթղթեր:

 

Հոդված 28. ԲԱՆԿԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՎԱՐՈՒՅԹՆ ՍԿՍԵԼԸ և ԲԱՆԿԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Բանկերի սնանկության մասին գործերը քննվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:

2. Դատարանի կողմից բանկի սնանկության մասին գործի քննության ժամանակ կիրառվում է միայն լուծարային վարույթ:

3. Բանկերի սնանկության վարույթի ընթացքում հաշտության համաձայնություն չի կարող կնքվել:

4. Բանկի սնանկության գործով դատավարությունում գործին մասնակցող անձինք են պարտապան բանկը, Կենտրոնական բանկը և լուծարային կառավարիչը:

 

Հոդված 29. ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԲԱՆԿԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ և ԲԱՆԿԻ ԼՈՒԾԱՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Կենտրոնական բանկի դիմումը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելուց հետո դատարանը քննում է գործը եռօրյա ժամկետում: Դատարանը որոշում է կայացնում Կենտրոնական բանկի դիմումը բավարարելու կամ մերժելու մասին: Դատարանի որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և բողոքարկման ենթակա չէ: Դատարանը մերժում է Կենտրոնական բանկի դիմումը, եթե Կենտրոնական բանկը որոշում է կայացրել սույն օրենքով սահմանված ընթացակարգի խախտումներով: Բանկի սնանկության մասին որոշում կայացնելիս դատարանը նշանակում է նաև լուծարային կառավարիչ` Կենտրոնական բանկի կամ պարտատերերի կողմից ներկայացված թեկնածուների թվից:

2. Դատարանի կողմից Կենտրոնական բանկի դիմումը բավարարելու և լուծարային կառավարիչ նշանակելու մասին որոշման կայացման պահից`

ա) լուծարային կառավարչին են անցնում բանկի գործերի կառավարման լիազորությունները.

բ) դադարեցվում են բանկի բոլոր տեսակի պարտավորությունների դիմաց տոկոսների և այլ նմանատիպ հատուցումների, օրենքով կամ պայմանագրով նախատեսված բոլոր տեսակի տուժանքների, տուգանքների, տույժերի, տոկոսների հաշվարկումը և գանձումը, վարձակալական և այլ վճարների, բոլոր տեսակի հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների հաշվարկումն ու գանձումը.

գ) սառեցվում են բանկի բոլոր, այդ թվում` ոչ ռեզիդենտ բանկերում գտնվող հաշիվները և թույլատրվում են միայն բանկին կատարվող վճարումները.

դ) դատարաններում կարճվում են բոլոր այն գործերի վարույթները, որտեղ բանկը ճանաչվել է պատասխանող, ինչպես նաև կասեցվում են բանկի գույքի վրա բռնագանձում տարածելու մասին դատարանների, միջնորդ դատարանների վճիռների, որոշումների կատարողական վարույթները: Սույն կետով սահմանված` կասեցված կամ կարճված վարույթների հետ կապված պահանջները պարտատերերը կարող են ներկայացնել լուծարային կառավարչին` սույն օրենքով սահմանված կարգով.

ե) լուծարային կառավարչի դիմումի հիման վրա պետական լիազորված մարմինը դիմումն ստանալու պահից` եռօրյա ժամկետում, լուծարվող բանկի ֆիրմային անվանման մեջ կատարում է փոփոխություն` ներառելով «լուծարվող բանկ» բառերը:

3. Կենտրոնական բանկի դիմումը մերժելու մասին դատարանի որոշումն ուժի մեջ մտնելու պահից` տասնօրյա ժամկետում, Կենտրոնական բանկը վերականգնում է բանկի բանկային գործունեության լիցենզիան, վերականգնվում են բանկի բոլոր կառավարման մարմինների, ղեկավարների` մինչև այդ կասեցված կամ դադարեցված լիազորությունները, բացառությամբ գործադիր տնօրենի կամ նման պարտականություններ կատարող կառավարման այլ մարմնի, որի լիազորությունները չեն վերականգնվում:

 

Գ Լ ՈՒ Խ  5.

 

ՍՆԱՆԿ ՃԱՆԱՉՎԱԾ ԲԱՆԿԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

Հոդված 30. ԲԱՆԿԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

1. Դատարանի կողմից սնանկ ճանաչված բանկի լուծարման ընթացակարգն սկսում է դատարանը` սույն օրենքի 29-րդ հոդվածով սահմանված որոշումն ուժի մեջ մտնելու պահից:

2. Բանկի կառավարման մարմինները, իսկ սույն օրենքով սահմանված կարգով ադմինիստրացիա նշանակված լինելու դեպքում` ադմինիստրացիայի ղեկավարը, պարտավոր է դատարանի կողմից բանկի սնանկության և լուծարային կառավարիչ նշանակելու մասին որոշման կայացման պահից` 15-օրյա ժամկետում, լուծարային կառավարչին հանձնել բանկի կնիքը, դրոշմակնիքները, փաստաթղթերը, նյութական և այլ արժեքները:

3. Լուծարային կառավարիչն իր նշանակումից հետո` եռօրյա ժամկետում, մամուլում և զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակում է պարտատերերի պահանջների ներկայացման ժամկետի և վայրի մասին տեղեկություններ: Պարտատերերի պահանջների ներկայացման ժամկետը չի կարող պակաս լինել երկու ամսից և գերազանցել վեցամսյա ժամկետը:

4. Լուծարային կառավարիչը սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված` պարտատերերի պահանջների ներկայացման ժամկետի ընթացքում ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ` բանկին ի պահ հանձնված գույքը դրա սեփականատերերին վերադարձնելու և այդ կապակցությամբ վերջնական հաշվարկներ կատարելու ուղղությամբ: Լուծարային կառավարիչը ծանուցումներ է ուղարկում գույքի սեփականատերերին` նշելով ժամկետը, որի ընթացքում նրանք կարող են պահանջել այդ գույքը: Նշված ժամկետը չի կարող լինել մեկ ամսից ավելի: Լուծարային կառավարչի ծանուցումն ստանալու պահից` մեկամսյա ժամկետում, գույքի սեփականատերերը պարտավոր են վերցնել բանկին ի պահ հանձնված գույքը: Եթե սույն կետով սահմանված մեկամսյա ժամկետում գույքի սեփականատերերը չեն դիմում բանկ, ապա լուծարային կառավարիչը գույքը հանձնում է ի պահ` օրենքով սահմանված կարգով կնքելով պայմանագիր:

5. Լուծարային կառավարիչը, սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված պարտատերերի պահանջների ներկայացման ժամկետի ընթացքում, ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ` բանկի պարտատերերին հայտնաբերելու և բանկի դեբիտորական պարտքերն ստանալու ուղղությամբ:

6. Լուծարային կառավարիչը պարտատերերի պահանջների ներկայացման ժամկետի ավարտից հետո` մեկշաբաթյա ժամկետում, կազմում, հաստատում և առնվազն 2000 տպաքանակ ունեցող մամուլում հրապարակում է միջանկյալ լուծարային հաշվեկշիռը, որը պարունակում է տեղեկություններ`

ա) լուծարվող բանկի գույքի կազմի մասին.

բ) պարտատերերի ներկայացրած պահանջների ցանկի մասին, այդ թվում` բանկի հաշվեկշռում արտացոլված կամ բանկին ներկայացված պահանջների ընդհանուր գումարը, յուրաքանչյուր ավանդատուին, վարկատուին կամ այլ պարտատիրոջը հասանելիք գումարի չափը և սույն օրենքի 31-րդ հոդվածով սահմանված` պահանջների բավարարման հերթականությունը, ինչպես նաև իր կողմից մերժված պահանջների առանձին ցանկը.

գ) այդ պահանջների քննարկման արդյունքների մասին.

դ) Կենտրոնական բանկի կողմից սահմանված այլ տեղեկություններ:

7. Լուծարային կառավարիչը պարտավոր է սույն հոդվածի 6-րդ կետով սահմանված կարգով միջանկյալ լուծարային հաշվեկշիռը հրապարակած թերթի մեկ օրինակը հրապարակման օրը ներկայացնել Կենտրոնական բանկ: Կենտրոնական բանկն իրավունք ունի պարտադրել լուծարային կառավարչին միջանկյալ լուծարային հաշվեկշիռը հրապարակել առնվազն 2000 տպաքանակ ունեցող այլ մամուլում:

8. Լուծարային կառավարիչը պարտատերերի պահանջները բավարարում է սույն օրենքի 31-րդ հոդվածով սահմանված հերթականությամբ, միջանկյալ լուծարային հաշվեկշռին համապատասխան` սկսած դրա հրապարակման օրվանից:

9. Լուծարային կառավարիչը պարտավոր է սույն օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ կետի «ե» ենթակետով սահմանված կարգով լուծարվող բանկի ֆիրմային անվանման մեջ փոփոխություն կատարելուց հետո ողջամիտ ժամկետում փոխել լուծարվող բանկի կնիքը, դրոշմակնիքը, կապարակնիքը, ձևաթղթերը` ներառելով «լուծարվող բանկ» բառերը:

 

Հոդված 31. ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԲԱՎԱՐԱՐՄԱՆ ՀԵՐԹԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Գրավով ապահովված պարտավորությունները բավարարվում են տվյալ պարտավորության ապահովման միջոց հանդիսացող գրավի առարկայի իրացումից ստացված գումարից` արտահերթ: Եթե պարտավորության արժեքը գերազանցում է տվյալ պարտավորության ապահովման միջոց հանդիսացող գրավի առարկայի իրացման արժեքը, ապա գրավով չապահովված պարտավորության մասը բավարարվում է այլ պարտատերերի նկատմամբ ունեցած պարտավորությունների հետ համատեղ:

2. Բանկի պարտավորությունները մարվում են լուծարային միջոցների հաշվին, հետևյալ հերթականությամբ`

ա) առաջին` ադմինիստրացիայի, լուծարային կառավարչի կողմից սույն օրենքով սահմանված լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ և հիմնավորված ծախսերը, այդ թվում` աշխատավարձը.

բ) երկրորդ` այն պարտատերերի պահանջները, որոնք բանկին վարկ կամ ավանդ են տրամադրել բանկի ադմինիստրացիայի նշանակումից հետո.

գ) երրորդ` Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձանց բանկային ավանդները` մինչև սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով դրամ կամ դրան համարժեք արտարժույթի չափով: Մեկ անձի` բանկում մեկից ավելի ավանդներ (հաշիվներ) ունենալու դեպքում նրա բոլոր ավանդները միավորվում են, և դրանց հանրագումարը համարվում է մեկ ավանդ.

դ) չորրորդ` երրորդ հերթում չընդգրկված բանկային ավանդները.

ե) հինգերորդ` բանկերի այլ պահանջները, որոնք բխում են վճարահաշվարկային և թղթակցային հարաբերություններից, բացառությամբ միջբանկային վարկերից բխող պահանջների.

զ) վեցերորդ` աշխատանքային գործունեության ընթացքում բանկի աշխատակիցների առողջությանը կամ կյանքին պատճառված վնասների հետ կապված պահանջները.

է) յոթերորդ` բանկի աշխատակիցների աշխատավարձը (բացառությամբ բանկի ղեկավարների), բայց ոչ ավելի բանկի աշխատակիցների համար սահմանված աշխատավարձի եռապատիկից.

ը) ութերորդ` պետական բյուջեի նկատմամբ բանկի պարտավորությունները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ պարտադիր վճարումները.

թ) իններորդ` պարտատերերի այլ պահանջները:

Սույն կետով սահմանված` բանկի պարտատերերի պահանջների բավարարման հերթականության «բ», «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով սահմանված պարտատերերի թվից բացառություն են կազմում բանկի հետ կապված անձինք, որոնց նկատմամբ բանկի պարտավորությունները բավարարվում են «թ» ենթակետով սահմանված հերթում:

Միևնույն հերթի պարտատերերն ունեն իրենց պահանջների բավարարման հավասար իրավունքներ:

Միևնույն հերթի պարտատերի պահանջները բավարարվում են նախորդ հերթի բոլոր պահանջները լրիվ բավարարելուց հետո:

3. Եթե լուծարային միջոցները չեն բավարարում որևէ հերթի բոլոր պարտատերերի պահանջներն ամբողջությամբ, ապա դրանք բավարարվում են համամասնորեն:

4. Լուծարային կառավարչի կողմից պարտատիրոջ պահանջները մերժելու կամ դրանք քննարկելուց խուսափելու դեպքում մինչև բանկի լուծարման հաշվեկշռի հաստատումը պարտատերն իրավունք ունի բողոքարկել լուծարային կառավարչի գործողությունները: Սույն կետով նախատեսված հայցադիմումը դատարանը քննում է եռօրյա ժամկետում: Դատարանի վճիռն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և բողոքարկման ենթակա չէ: Ընդ որում, եթե պարտատիրոջ պահանջը ենթակա է բավարարման այն հերթում, որով այդ պահին լուծարային կառավարիչն իրականացնում է պահանջների բավարարումը, ապա դատարանը կարող է կասեցնել լուծարային կառավարչի կողմից տվյալ հերթով պահանջների բավարարումը` մինչև որոշման կայացումը:

Եթե պարտատերը պահանջ է ներկայացրել պարտատերերի պահանջների ներկայացման` սույն օրենքով սահմանված ժամկետի ավարտից հետո, ապա նրա պահանջը բավարարվում է լուծարային այն միջոցների հաշվին, որոնք կմնան պարտատերերի ժամանակին ներկայացված պահանջների բավարարումից հետո:

5. Լուծարային կառավարչի կողմից մերժված պահանջները, եթե պարտատերը հայցով չի դիմել դատարան, ինչպես նաև դատարանի վճռով մերժված պահանջները համարվում են ներված: Եթե պարտատերը ներկայացրել է պահանջը պարտատերերի պահանջների ներկայացման` սույն օրենքով սահմանված ժամկետի ավարտից հետո, և պահանջը հնարավոր չէ բավարարել լուծարային միջոցները չբավարարելու պատճառով, ապա նրա պահանջը համարվում է մարված` անգամ, եթե առկա է տվյալ պահանջը ճանաչելու մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռը:

 

Հոդված 32. ԼՈՒԾԱՐՄԱՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ

 

1. Պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո լուծարային կառավարիչը կազմում է լուծարման հաշվեկշիռը և այն հաստատելու դիմումով ներկայացնում է դատարան:

2. Դատարանը 10-օրյա ժամկետում կայացնում է լուծարման հաշվեկշիռը հաստատելու կամ հաստատումը մերժելու մասին որոշում` նշելով մերժման հիմքերը: Լուծարման հաշվեկշռի հաստատման վարույթում գործին պարտադիր մասնակցող անձ է Կենտրոնական բանկը: Դատարանը մերժում է լուծարման հաշվեկշռի հաստատումը, եթե լուծարային կառավարչի կողմից խախտվել են սույն օրենքի պահանջները:

3. Դատարանի կողմից լուծարման հաշվեկշիռը չհաստատելու դեպքում լուծարային կառավարիչն իրավունք ունի 10-օրյա ժամկետում վերացնել դատարանի կողմից լուծարման հաշվեկշռի հաստատումը մերժելու հիմքերը և լուծարման հաշվեկշիռն հաստատելու մասին նոր դիմում ներկայացնել դատարան: Դատարանն այդ դիմումը քննում է սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով:

4. Սույն հոդվածով սահմանված կարգով դատարանի կողմից` լուծարման հաշվեկշիռը հաստատելու մասին դատարանի որոշումն ստանալու պահից եռօրյա ժամկետում, Կենտրոնական բանկը լուծարվող բանկը գրանցումից հանելու մասին գրառում է կատարում բանկերի գրանցումների մատյանում, որից հետո բանկը համարվում է լուծարված, իսկ նրա գործունեությունը` դադարած: Կենտրոնական բանկն այդ մասին ծանուցում է իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմնին:

 

Հոդված 33. ԼՈՒԾԱՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Բանկի լուծարային կառավարիչը բանկի պարտատերերի պահանջներն առավելագույն չափով բավարարելու նպատակով իրականացնում է սույն օրենքով իրեն վերապահված լիազորությունները, այդ թվում`

ա) իրավունք ունի միակողմանիորեն լուծել ցանկացած անձի հետ կնքված աշխատանքային, ծառայությունների մատուցման, գույքի վարձակալության և նման այլ պայմանագրերը.

բ) կնքել քաղաքացիաիրավական ցանկացած գործարք, որն անհրաժեշտ է սույն օրենքով իր վրա դրված պարտականություններն իրականացնելու համար.

գ) իր նշանակման պահից` երկամսյա ժամկետում, դատարան ներկայացնել սույն օրենքի 16-րդ հոդվածով սահմանված հայցադիմումները.

դ) հրապարակային սակարկություններով վաճառել բանկի միջոցները.

ե) իրականացնել օրենքով սահմանված այլ լիազորություններ:

2. Լուծարային կառավարիչը, Կենտրոնական բանկի սահմանած կարգով, իր գործունեության վերաբերյալ պարբերաբար, բայց ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ տեղեկություններ է հրապարակում մամուլում:

3. Լուծարային կառավարիչն իր գործունեության վերաբերյալ ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ հաշվետվություն է ներկայացնում դատարան: Հաշվետվությունը դատարան ներկայացնելուց հետո` եռօրյա ժամկետում, լուծարային կառավարիչը Կենտրոնական բանկ է ներկայացնում հաշվետվության պատճենը:

4. Դատարանն իրավունք ունի լուծարային կառավարչից պահանջել ցանկացած տեղեկություն` նրա գործունեության վերաբերյալ:

 

Հոդված 34. ԲԱՆԿԻ ԼՈՒԾԱՐԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

Բանկի լուծարային միջոցների մեջ ընդգրկվում են` սեփականության իրավունքով բանկին պատկանող գույքը (միջոցները, ներառյալ` պահանջի իրավունքները), գրավի առարկա համարվող գույքը` պայմանագրով նախատեսված բանկի պարտավորության դրամական արժեքը գերազանցող մասով, լուծարային կառավարչի հայցով դատարանի կողմից գործարքի անվավեր ճանաչման հետևանքով բանկին վերադարձված միջոցները, բանկի մասնակիցների (բաժնետերերի, փայատերերի) և ղեկավարների միջոցները` սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով սահմանված լրացուցիչ (սուբսիդիար) պատասխանատվության չափով, օրենսդրությամբ սահմանված այլ միջոցներ:

 

Հոդված 35. ԲԱՆԿԻ ԼՈՒԾԱՐԱՅԻՆ ՀԱՇԻՎԸ

 

1. Դատարանի կողմից բանկի սնանկության և լուծարային կառավարիչ նշանակելու մասին որոշման կայացման պահից` եռօրյա ժամկետում, լուծարային կառավարիչը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերից մեկում բացում է բանկի լուծարային հաշիվ, որի վրա հաշվեգրվում են բանկի բոլոր դրամական միջոցները, ինչպես նաև բանկի լուծարային միջոցների իրացումից ստացված գումարները: Լուծարման ընթացակարգում գտնվող բանկը, բացի սույն կետով սահմանված լուծարային հաշվից, այլ հաշիվներ չի կարող ունենալ:

2. Լուծարային հաշվի բացման, վարման, ինչպես նաև այլ բանկերում հաշիվների փակման կարգը սահմանվում է Կենտրոնական բանկի նորմատիվ ակտերով:

 

Հոդված 36. ԼՈՒԾԱՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ՈՉ ՊԱՏՇԱՃ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ

 

1. Լուծարային կառավարչի կողմից սույն օրենքով սահմանված պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում Կենտրոնական բանկն իրավունք ունի չեղյալ համարել նրան տրված որակավորման վկայականը և դիմել դատարան` լուծարային կառավարչի պարտականությունների կատարումից նրան ազատելու միջնորդությամբ:

2. Լուծարային կառավարչի կողմից իր պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը հիմք է մրցութային կառավարչի լիցենզիայի հետկանչման համար: Կենտրոնական բանկն այս մասին համապատասխան միջնորդությամբ կարող է դիմել իրավասու պետական մարմին:

3. Լուծարային կառավարիչն իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում կրում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

4. Լուծարային կառավարչի գործողությունները կարող են բողոքարկվել դատարան` բանկի պարտատերերի, պարտապանների, Կենտրոնական բանկի կողմից:

 

Հոդված 37. ԲԱՆԿԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ (ԲԱԺՆԵՏԵՐԵՐԻ, ՓԱՅԱՏԵՐԵՐԻ) ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Բանկին պարտադիր ցուցում տալու կամ նրա գործողություններն այլ ձևերով կանխորոշելու հնարավորություն ունեցող մասնակիցների (բաժնետերերի, փայատերերի) ուղղակի կամ անուղղակի գործողությունների հետևանքով բանկի սնանկության դեպքում այդ անձինք բանկի պարտավորությունների համար կրում են սուբսիդիար պատասխանատվություն:

2. Սուբսիդիար պատասխանատվություն որոշելու հայցով դատարան կարող են դիմել Կենտրոնական բանկը և լուծարային կառավարիչը:

 

Հոդված 38. ԻՆՔՆԱԼՈՒԾԱՐՎՈՂ ԲԱՆԿԻ ՍՆԱՆԿ ՃԱՆԱՉՈՒՄԸ

 

1. Եթե ինքնալուծարվող բանկի գույքի արժեքն անբավարար է բանկի պարտատերերի պահանջները բավարարելու համար, ապա բանկը լուծարվում է սույն օրենքով նախատեսված կարգով` սնանկության միջոցով: Սույն հոդվածով նախատեսված դեպքում լուծարվող բանկի սնանկության մասին դիմում կարող է ներկայացնել Կենտրոնական բանկը:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված անձանց դիմումը վարույթ ընդունելուց հետո` եռօրյա ժամկետում, դատարանը գործը քննում է սույն օրենքով սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  6.

 

ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱՅԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ԵՎ ԼՈՒԾԱՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

Հոդված 39. ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱՅԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄԸ և ԼՈՒԾԱՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ

 

1. Ադմինիստրացիայի ղեկավարը պետք է ունենա համապատասխան որակավորման վկայական (արտոնագիր), որը տրվում է Կենտրոնական բանկի կողմից:

2. Բանկի լուծարային կառավարիչը պետք է ունենա մրցութային կառավարչի լիցենզիա, որը տրվում է պետական լիազորված մարմնի կողմից, ինչպես նաև պետք է համապատասխանի Կենտրոնական բանկի սահմանած որակավորման պահանջներին:

3. Ադմինիստրացիայի ղեկավարի լիցենզավորման կարգը, ադմինիստրացիայի ղեկավարի և լուծարային կառավարչի թեկնածուներին ներկայացվող պահանջները, սահմանափակումները, վկայականների տրման և դրանց գործողության դադարման կարգն ու պայմանները սահմանում է Կենտրոնական բանկը:

 

Հոդված 40. ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱՅԻ և ԼՈՒԾԱՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԾԱԽՍԵՐԸ, ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Ադմինիստրացիայի գործունեության հետ կապված ծախսերը, ներառյալ` ադմինիստրացիայի անդամների աշխատանքի վարձատրությունը, իրականացվում է բանկի միջոցների հաշվին, իսկ լուծարային կառավարչինը` լուծարային միջոցների հաշվին:

2. Ադմինիստրացիայի ղեկավարի և անդամների վարձատրության չափը և այլ ծախսերը սահմանում է Կենտրոնական բանկը, իսկ լուծարային կառավարչինը` Կենտրոնական բանկի ներկայացմամբ` դատարանը: Լուծարային կառավարչի վարձատրության չափը չի կարող ավելի բարձր լինել, քան Կենտրոնական բանկի կողմից ադմինիստրացիայի ղեկավարի համար սահմանված վարձատրության չափը:

 

Գ Լ ՈՒ Խ  7.

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 41. ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԸ ՔՆՆՈՂ ԴԱՏԱՐԱՆԸ

 

1. Բանկերի սնանկության վերաբերյալ գործերը քննում է Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանը` միանձնյա կարգով:

2. Սույն օրենքով սահմանված` բանկի սնանկության գործի վարույթի ընթացքում լուծարային կառավարչի գործողությունների բողոքարկման հետ կապված բողոքները քննում է տվյալ բանկի սնանկությունը հաստատած դատարանը:

 

Հոդված 42. ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 1996 թվականի հունիսի 29-ի «Բանկերի սնանկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:

3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից`

ա) «Բանկերի սնանկացման մասին» վերոհիշյալ օրենքի համաձայն` նախնական խնամակալության մեջ գտնվող բանկերի նախնական խնամակալության համար սահմանված ժամկետի ավարտից հետո Կենտրոնական բանկը կարող է նշանակել ադմինիստրացիա և հաստատել ֆինանսական առողջացման ծրագիր կամ բանկի սնանկության մասին դիմում ներկայացնել դատարան, ընդ որում` Կենտրոնական բանկն ունի նաև սույն օրենքով սահմանված լիազորությունները.

բ) «Բանկերի սնանկացման մասին» վերոհիշյալ օրենքի համաձայն` խնամակալության մեջ գտնվող բանկերի խնամակալները ձեռք են բերում սույն օրենքով ադմինիստրացիայի համար սահմանված բոլոր լիազորությունները, ընդ որում` Կենտրոնական բանկն ունի նաև սույն օրենքով սահմանված լիազորությունները.

գ) «Բանկերի սնանկացման մասին» վերոհիշյալ օրենքի համաձայն` խնամակալության մեջ գտնվող բանկերի վերաբերյալ լուծարման մասին որոշումներ կայացնելիս այդ բանկերի նկատմամբ հարուցվում է սնանկության վարույթ, և լուծարման ընթացակարգն իրականացվում է սույն օրենքով սահմանված կարգով:

4. Մինչև լուծարային կառավարիչների` սահմանված կարգով պետական իրավասու մարմնի կողմից լիցենզավորումը, բանկի լուծարային կառավարիչներ կարող են նշանակվել անձինք, որոնք բավարարում են Կենտրոնական բանկի սահմանած պահանջներին:

5. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից` մինչև 1996 թվականի հունիսի 29-ը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարման ընթացակարգում գտնվող բանկերը համարվում են լուծարված, իսկ նրանց գործունեությունը` դադարած, եթե այդ բանկերի պարտատերերը սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից` երկամսյա ժամկետում, դատարան չեն ներկայացնում համապատասխան պահանջներ: Կենտրոնական բանկի կողմից այդ բանկերը հանվում են գրանցումից, և համապատասխան գրառում է կատարվում բանկերի գրանցումների մատյանում:

6. Մինչև հրապարակային սակարկությունների մասին օրենքի ընդունումը լուծարման ընթացակարգում գտնվող բանկի գույքի իրացումն իրականացվում է լուծարային կառավարչի կողմից կազմակերպվող հրապարակային սակարկություններով` Կենտրոնական բանկի սահմանած կարգով:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ 

Ռ. Քոչարյան


Երևան
30 նոյեմբերի 2001 թ. 
ՀՕ-262

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան