Գլխավոր տեղեկություն
Համար
N 1678-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (04.11.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 03.11.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.11.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.11.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.11.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 նոյեմբերի 2022 թվականի N 1678-Լ

 

«ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-392-07.10.2022-ԳԿ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկություններին:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

03.11.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

«ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-392-07.10.2022-ԳԿ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ նախագիծ) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ստորև ներկայացնում է իր դիտարկումներն ու առաջարկությունները:

1. Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվում է օրենքի 58-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել 6-րդ կետով, որի արդյունքում հեղինակազորումը կամ լիցենզիայի գործողությունը դադարեցվում է, եթե դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշումով անվավեր է ճանաչվել սույն օրենքի 46-րդ հոդվածի 9.1-ին մասով տրված լիցենզիան կամ դրա տրման մասին որոշումը:

Վերոնշյալի կապակցությամբ հայտնում ենք, որ «Լիցենզավորման մասին» օրենքի 37-րդ հոդվածի համաձայն՝ լիցենզիայի գործողությունը դադարեցվում է լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու միջոցով: Օրենքով նախատեսված հիմքերով լիցենզիայի գործողությունը համարվում է դադարեցված դատարանի համապատասխան վճիռն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող օրվանից, եթե դատարանի վճռով ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Ելնելով վերոգրյալից՝ առաջարկում ենք նախագիծը խմբագրել՝ «Լիցենզավորման մասին» օրենքին համապատասխանեցնելու նպատակով, մասնավորապես՝ «որոշումով» բառը փոխարինել «վճռով» բառով:

2. Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվում է օրենքի 58-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել 7-րդ կետով, ըստ որի հեղինակազորումը կամ լիցենզիայի գործողությունը դադարեցվում է, եթե օրենքով սահմանվել են լիցենզիայի գործողությունը դադարեցնելու այլ դեպքեր:

Օրենքով լիցենզիայի գործողությունը դադարեցնելու այլ դեպքեր նախատեսելու վերաբերյալ կարգավորումները լրացուցիչ հիմնավորման կարիք ունեն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրենքի 58-րդ հոդվածով սպառիչ սահմանված են լիցենզիայի գործողությունը դադարեցնելու դեպքերը:

3. Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ կետով առաջարկվում է օրենքի 58-րդ հոդվածը լրացնել 7-րդ մասով, համաձայն որի, եթե հանրային մուլտիպլեքսի օգտագործման լիցենզիա տալու մասին Կարգավորող պետական մարմնի որոշումը՝ պատշաճ հիմնավորված և պատճառաբանված չլինելու հիմքերով, դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշումով ճանաչվել է անվավեր, ապա ազատ սլոթով հեռարձակումը նույն պայմաններով, իրենց դիմումի հիման վրա, իրականացնում են մինչ այդ լիցենզավորված Հեռարձակողները՝ մինչև օրենքով սահմանված կարգով նոր լիցենզիայի մրցույթում հաղթող ճանաչվելը:

Տվյալ պարագայում հարկ ենք համարում նաև նշել, որ նախագծով առաջարկվող կարգավորումը խնդրահարույց է իրավական որոշակիության սկզբունքի պահանջների պահպանման տեսանկյունից, մասնավորապես, նախագծով օգտագործվում է «մինչ այդ լիցենզավորված հեռարձակող» արտահայտությունը, մինչդեռ նախագծից պարզ չէ, թե որ հեռարձակողների մասին է խոսքը:

Վերոգրյալի համատեքստում հարկ է նկատի ունենալ, որ Սահմանադրական դատարանն իր բազմաթիվ որոշումներում անդրադառնալով որոշակիության սահմանադրական սկզբունքին արտահայտել է հետևյալ դիրքորոշումները.

«1) … օրենքը պետք է համապատասխանի նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք վճիռներում արտահայտված այն իրավական դիրքորոշմանը, համաձայն որի՝ որևէ իրավական նորմ չի կարող համարվել «օրենք», եթե այն չի համապատասխանում իրավական որոշակիության (…) սկզբունքին, այսինքն՝ ձևակերպված չէ բավարար աստիճանի հստակությամբ, որը թույլ տա քաղաքացուն դրա հետ համատեղելու իր վարքագիծը» (ՍԴՈ-630)».

«2) … Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին հոդվածով ամրագրված իրավական պետության կարևորագույն հատկանիշներից է իրավունքի գերակայությունը, որի ապահովման գլխավոր պահանջներից են իրավական որոշակիության սկզբունքը, իրավահարաբերությունների կարգավորումը բացառապես այնպիսի օրենքներով, որոնք համապատասխանում են որակական որոշակի հատկանիշների` հստակ են, կանխատեսելի, մատչելի» (ՍԴՈ-1270)».

«3) … օրենսդրության մեջ օգտագործվող հասկացությունները պետք է լինեն հստակ, որոշակի և չհանգեցնեն տարաբնույթ մեկնաբանությունների կամ շփոթության» (ՍԴՈ-1176, ՍԴՈ-1449):

Միևնույն ժամանակ, ցանկանում ենք նշել, որ, եթե խոսքը վերաբերում է այն հեռարձակողներին, որոնց լիցենզիան դադարեցվել է դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա, ապա հարկ է նշել, որ նման կարգավորման նախատեսումը խնդրահարույց է «Լիցենզավորման մասին» օրենքի կարգավորումների տեսանկյունից: Մասնավորապես, վերոնշյալից ստացվում է, որ լիցենզավորման ենթակա գործունեությունն իրականացվելու է առանց համապատասխան լիցենզիայի:

Այնուամենայնիվ, առաջարկում ենք նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասով՝ օրենքի 58-րդ հոդվածում լրացվող նոր 7-րդ մասը շարադրել հետևյալ կերպ.

«7. Եթե Հանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման լիցենզիա տալու մասին Կարգավորող պետական մարմնի որոշումը դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է անվավեր, ապա այդ որոշման անվավեր ճանաչվելու պահին Հանրային մուլտիպլեքսի սլոթ օգտագործող Հեռարձակողը (Հեռարձակողները), իրենց դիմումի հիման վրա՝ նույն պայմաններով, շարունակում են իրականացնել հեռարձակում՝ մինչև օրենքով սահմանված կարգով սլոթի համար նոր լիցենզիայի տրամադրումը:»:

4. Նախագծում առկա են նաև օրենսդրական տեխնիկայի կանոնների խախտումներ, մասնավորապես՝

1) հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները, այն է՝ օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետևյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը և «օրենք» բառը, իսկ օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը՝ նախագծի 1-ին հոդվածում «Հայաստանի Հանրապետության» բառերն անհրաժեշտ է հանել.

2) նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասով առաջարկվում է օրենքի 58-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել 7-րդ մասով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախագծի բովանդակությունից բխում է, որ լրացումն առաջարկվում է կատարել օրենքի 58-րդ հոդվածով, ինչպես նաև ինկորպորացման ժամանակ առաջացող հետագա խնդիրներից խուսափելու նպատակով առաջարկում ենք խմբագրել վերոնշյալ հոդվածը.

3) նախագծի 3-րդ հոդվածով նախատեսվում է, որ հեռարձակումը շարունակելու իրավունքը գործում է մինչև օրենքի ընդունումը՝ հանրային մուլտիպլեքսի օգտագործման լիցենզիա տրամադրելու կարգավորող պետական մարմնի որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշումների վրա՝ տվյալ Հեռարձակողի դիմումի համաձայն: Բովանդակային առումով վերոնշյալ կարգավորումը պարզ չէ, ուստի անհրաժեշտ է այն վերանայել:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան