Գլխավոր տեղեկություն
Համար
N 1549-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (07.10.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 06.10.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.10.2022
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.10.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.10.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 հոկտեմբերի 2022 թվականի N 1549-Լ

 

«ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Պ-35619.08.2022-ԳԿ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկություններին:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

 

06.10.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

«ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ (Պ-356-19.08.2022-ԳԿ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և

«Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (այսուհետ նաև՝ փաթեթ) վերաբերյալ հայտնում ենք հետևյալը.

1. «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ հայտնում ենք՝

1) օրենքի նախագծով նախատեսվում է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 43-րդ հոդվածը լրացնել նոր՝ 4-րդ մասով, ըստ որի՝

«4. Սույն հոդվածի 1–ին մասի 1–ին կետով սահմանված անունը չի կարող համընկնել կամ շփոթելու աստիճան նման լինել ընկերության ապրանքային նշանի կամ անվան հետ, իրենց գովազդներում օգտագործված գրաֆիկական, ձայնային նշաններին նույնական կամ շփոթելու աստիճան նման նշաններին, որը վերջին հինգ տարում զբաղվել է շահումով խաղի (ինտերնետ շահումով խաղի) կամ վիճակախաղի կազմակերպչի գործունեությամբ:»:

Վերոնշյալի կապակցությամբ հայտնում ենք հետևյալը.

1) «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը վերաբերում է Հեռարձակողի կարգավիճակ ստանալու կապակցությամբ կարգավորող պետական մարմին ներկայացվող հեղինակազորման հայտում նշվող տեղեկատվությանը, մասնավորապես՝ հայտատուի անվանմանը, մինչդեռ նշված հայտում ներառվող պարտադիր պահանջներից է նաև տեսալսողական ծրագրի անվանումը (5-րդ կետ), որի կապակցությամբ նույնաբովանդակ արգելող դրույթ է նախատեսվում նաև փաթեթով ներկայացված՝ «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Գովազդի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասում, այն է՝

«5. Արգելվում է տեսալսողական ծրագրի անվան մեջ ներառել այնպիսի բառ(եր), որը նույնական է կամ շփոթելու աստիճանի նման է վերջին հինգ տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում գործող շահումով խաղի (ինտերնետ շահումով խաղի) կամ վիճակախաղի կազմակերպչի անվանմանը:

Այսինքն, փաթեթում ներառված նախագծերով ներկայացված կարգավորումներն ըստ էության նախատեսվում են կիրառել և՛ հեռարձակողի անվան, և՛ իր կողմից հեռարձակվող տեսալսողական ծրագրի անվան վրա: Այս կապակցությամբ հայտնում ենք, որ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացման մեջ անհրաժեշտ է անդրադառնալ միայն տեսալսողական ծրագրի անվանմանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ իրավաբանական կամ ֆիզիկական անձի անվանումը նշվում է միայն հեղինակազորման հայտում, հեղինակազորումից հետո վերջիններս ձեռք են բերում Հեռարձակողի կարգավիճակ և նրանց անվանումը որևէ կերպ չի կարող համարվել գովազդ, հետևաբար գտնում ենք, որ նախագծով ակնկալվող արդյունքին հասնելու համար նախատեսված արգելքը պետք է վերաբերի տեսալսողական ծրագրի անվանմանը:

Ուստի առաջարկում ենք նախագծի 1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Հոդված 1. «Տեսալսողական մեդիայի մասին» 2020 թվականի հուլիսի 16-ի ՀՕ-395-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 43-րդ հոդվածը լրացնել նոր 4-րդ և 5-րդ մասերով՝ հետևյալ խմբագրությամբ.

«4. Սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված անվանումը չի կարող համընկնել, նույնական կամ շփոթելու աստիճան նման լինել այն անձի ապրանքային նշանին կամ ֆիրմային անվանմանը, դրա գովազդներում օգտագործված կամ օգտագործվող գրաֆիկական կամ ձայնային նշաններին, որը վերջին հինգ տարում զբաղվել է շահումով խաղի (այդ թվում` ինտերնետ շահումով խաղի) կամ վիճակախաղի (տոտալիզատորի) կազմակերպման գործունեությամբ:

5. Եթե հեղինակազորման հայտը չի համապատասխանում սույն հոդվածով սահմանված պահանջներին, ապա կարգավորող պետական մարմինը վերադարձնում է հայտը այն ստանալուց հետո՝ տասնօրյա ժամկետում` այն սույն հոդվածի պահանջներին համապատասխանեցնելու համար: Հեղինակազորման հայտը վերադարձվելուց հետո մեկամսյա ժամկետում այն սույն հոդվածի պահանջներին չհամապատասխանեցվելու և կրկին չներկայացվելու դեպքում կարգավորող պետական մարմինը մերժում է հայտը:»:

Այդ կապակցությամբ՝

ա. «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Գովազդի մասին» օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 9-րդ հոդվածի 5-րդ մասն առաջարկում ենք հանել, քանի որ մի կողմից այն կրկնություն կլինի «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի համապատասխան նորմի հետ, մյուս կողմից` սա ոչ այնքան գովազդ արգելող նորմ է, որքան տեսալսողական ծրագրի անվան պահանջ, որը նախատեսվելու է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում,

բ. «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի կարգավորումների ամբողջականությունն ապահովելու համար հարկ կլինի նախագիծը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր հոդվածով՝

«Հոդված 2. Օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 9-րդ կետով.

«9) Հեռարձակողի տեսալսողական ծրագրի անվանումը չի համապատասխանում սույն օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներին:».

2) նախագծի 2-րդ հոդվածի համաձայն՝

«Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրը և տարածվում է մինչև ուժի մեջ մտնելը առաջացած իրավահարաբերությունների վրա:»:

Նախագծի ընդունման պարագայում կստացվի մի իրավիճակ, երբ նախքան օրենքի ուժի մեջ մտնելը հեղինակազորման համար հայտ ներկայացրած (հեղինակազորված) ֆիզիկական կամ իրավաբանական անձը, ում անվանումը համընկել է կամ նման է (վերջին 5 տարում) իր ապրանքային նշանին կամ անվան հետ, որի գովազդն արգելված կամ սահմանափակված է՝ այլևս իրավունք չի ունենա շարունակել իր հեղինակազորման ներքո իրականացվող գործունեությունը կամ դրա համար կենթարկվի պատասխանատվության:

Ուստի, առաջարկում ենք 2-րդ հոդվածի փոխարեն նախագծում նախատեսել «Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ» վերտառությամբ հոդված և այն շարադրել հետևյալ բովանդակությամբ.

«Հոդված 3. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

2. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը հեղինակազորված Հեռարձակողի տեսալսողական ծրագրի անվանումը պետք է համապատասխանեցվի սույն օրենքով սահմանված պահանջներին սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում: Սույն մասի պահանջները չկատարվելու դեպքում կարգավորող պետական մարմինը հեղինակազորված Հեռարձակողի նկատմամբ Օրենքով սահմանված կարգով կիրառում է Օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերով սահմանված պատասխանատվության միջոցները:

3. Եթե մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը կարգավորող պետական մարմին է ներկայացվել հեղինակազորման հայտ, որը սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին դեռևս չի ընդունվել, և որը չի համապատասխանում սույն օրենքով սահմանված պահանջներին, ապա կարգավորող պետական մարմինը վերադարձնում է հայտը այն ստանալուց հետո՝ տասնօրյա ժամկետում` այն սույն օրենքի պահանջներին համապատասխանեցնելու համար:

4. Սույն հոդվածի 3-րդ մասի համաձայն հեղինակազորման հայտը վերադարձվելուց հետո մեկամսյա ժամկետում այն սույն օրենքի պահանջներին չհամապատասխանեցվելու և կրկին չներկայացվելու դեպքում, կարգավորող պետական մարմինը մերժում է հայտը:».

3) առաջարկությունների ընդունման դեպքում նախագծի վերնագրում «ԼՐԱՑՈՒՄ» բառը պետք է փոխարինել «ԼՐԱՑՈՒՄՆԵՐ» բառով:

2. «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի՝

1) 1-ին հոդվածով «Գովազդի մասին» օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 9-րդ հոդվածի 8-րդ մասում վերանայման կարիք ունեն «հեռուստառադիոհաղորդումների ազդին», «հեռուստառադիոհաղորդման» բառերը՝ նկատի ունենալով, որ նշված բառերը չեն կիրառվում «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում: Նշվածի կապակցությամբ առաջարկում ենք նոր խմբագրությամբ շարադրվող 9-րդ հոդվածի 8-րդ մասում «հեռուստառադիոհաղորդումների» և «հեռուստառադիոհաղորդման» բառերը փոխարինել համապատասխանաբար «տեսալսողական հաղորդումների» և «տեսալսողական հաղորդման» բառերով՝ համապատասխանեցնելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում գործածվող հասկացություններին.

2) 3-րդ հոդվածի մասերի համարակալումն առաջարկում ենք տեքստից բաժանել միջակետերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասը, այն է՝ «7. (...) Հոդվածների և մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետերով, իսկ հոդվածների կետերի համարները` փակագծերով: (...)».

3) 3-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված փոփոխությունն ունի վերանայման կարիք՝ նկատի ունենալով, որ «Գովազդի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 10-րդ մասի 1-ին պարբերության մեջ «հեռուստահաղորդմամբ» բառ առկա չէ: Միևնույն ժամանակ կարծում ենք նշված փոփոխությունը վերաբերելի է 10-րդ մասի 2-րդ և 3-րդ պարբերություններին, հետևաբար առաջարկում ենք «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասում «10-րդ մասի 1-ին պարբերության» բառերը փոխարինել «10-րդ մասի» բառերով.

4) 3-րդ հոդվածի 2-րդ մասում «Արգելվում է» բառերից առաջ անհրաժեշտ է լրացնել «12.» թիվը և կետադրական նշանը.

5) 3-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված փոփոխությունն ունի վերանայման կարիք՝ նկատի ունենալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը, այն է՝

«1. Նորմատիվ իրավական ակտում փոփոխությունները կատարվում են նրա առանձին`

1) բառեր, թվեր կամ կետադրական նշաններ այլ բառերով, թվերով կամ կետադրական նշաններով փոխարինելու միջոցով.

2) բառեր, թվեր կամ նախադասություններ հանելու միջոցով.

3) բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, ենթակետեր, պարբերություններ կամ նախադասություններ նոր խմբագրությամբ շարադրելու միջոցով.

4) բաժինների, գլուխների, հոդվածների, մասերի, կետերի, ենթակետերի կամ պարբերությունների գործողությունը դադարեցնելու միջոցով:».

6) 4-րդ հոդվածը «Տեսալսողական» բառից առաջ անհրաժեշտ է լրացնել «2.» թվով և կետադրական նշանով.

7) 5-րդ հոդվածը «հաջորդող» բառից հետո անհրաժեշտ է լրացնել «տասներորդ» բառով.

8) առաջարկում ենք նախագծով սահմանել «գովազդային հատուկ հաղորդումներ» հասկացության սահմանումը:

Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ նախագծի 1-ին հոդվածով «Գովազդի մասին» օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 9-րդ հոդվածի 4-րդ մասում կատարվող փոփոխությունն անհավասար պայմաններ է ստեղծում Հանրային հեռարձակողի ծրագրերի միջև: Վերոնշյալով պայմանավորված առաջարկում ենք թույլատրել գովազդը Հանրային հեռարձակողի կրթական-մշակութային ծրագրերում ժամանցային տեսալսողական հաղորդումների հեռարձակման (գ/ֆ, վ/ֆ, հ/ս, համերգ) ժամանակ:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան